Կարսի պայմանագիր
← Կատեգորիա:Պայմանագրեր | ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-Ի, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՍՀ-Ի ՈՒ ՎՐԱՑԱԿԱՆ ՍՍՀ-Ի` ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ, ՌՍՖՍՀ-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՍՈՒՄ ԿՆՔՎԱԾ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ [Հատվածներ] |
Հայաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետության, Ադրբեջանի Սոցիալիստական Սովետական Հանրապետության և Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետության կառավարությունները մեկ կողմից, և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ մյուս կողմից, ընդունելով ազգերի եղբայրության և ժողովուրների ինքնորոշման սկզբունքները, առաջնորդվելով նրանց միջև մշտական ջերմ փոխհարաբերություններ և փոխադարձ շահերի վրա հիմնված անխախտ, անկեղծ բարեկամություն հաստատելու ցանկությամբ խանդավառված՝ որոշեցին բարեկամության պայմանագիր կնքելու նպատակով Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության մասնակցությամբ սկսել բանակցություններ և դրա համար որպես իրենց լիազորներ նշանակեցին.
Հայաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետության կառավարությունը՝ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Ասքանազ Մռավյանին, Ներքին գործերի ժողովրդական կոմիսար Պողոս Մակինցյանին.
Ադրբեջանի Սոցիալիստական Սովետական Հանրապետության կառավարությունը՝ Պետական վերահսկողության ժողովրդական կոմիսար Բեհբուդ Շահթախթինսկուն.
Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետության կառավարությունը՝ Ռազմական և Ծովային գործերի ժողովրդական կոմիսար Շալվա Էլիավային, Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար և ֆինանսների ժողովրդական կոմիսար Ալեքսանդր Սվանիձեին.
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ Ադրիանապոլսի կողմից Ազգային մեծ ժողովի դեպուտատ, Արևելյան ռազմաճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշային, Բուրդուրի կողմից Ազգային մեծ ժողովի դեպուտատ Վելի բեյին, Հանրային աշխատանքների պետական քարտուղարի նախկին օգնական Մուխթար բեյին, Ադրբեջանում Թուրքիայի լիազոր ներկայացուցիչ Մեմդուհ Շևքետ բեյին.
Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը՝ Լատվիայում լիազոր ներկայացուցիչ Յակով Գանեցկուն,
որոնք իրենց լիազորագրերը փոխանակելով, դրանք գտան պատշաճ և օրինական ձևի ու համաձայնվեցին ներքոհիշյալի շուրջը.
Հոդված 1. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը և Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի Սոցիալիստական Սովետական Հանրապետությունների կառավարություններն անվավեր և ուժը կորցրած են համարում այն պայմանագրերը, որոնք կնքվել են ներկայումս պայմանավորվող կողմերի տարածքի մեջ մտնող տարածքում առաջներում իրենց սուվերեն իրավունքները իրականացրած պետությունների միջև, և որոնք վերաբերում են վերոհիշյալ տարածքներին, անվավեր և ուժը կորցրած են համարվում նաև երրորդ տերությունների կողմից կնքված և Անդրկովկասի հանրապետություններին վերաբերող պայմանագրերը։
Համարվում է որոշված, որ սույն հոդվածը չի վերաբերում 1921 (1337) թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրին։
Հոդված 2. Պայմանավորվող կողմերը համաձայնում են չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որևէ այլ ակտ, եթե կողմերից մեկին ուժով են հարկադրում այն ընդունել։
Այդ պատճառով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ՍՍՀ-ների կառավարությունները համաձայնում են չճանաչել որևէ միջազգային ակտ, որը վերաբերում է Թուրքիային և ճանաչված չէ այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնող Ազգային կառավարության կողմից։
(Սույն Պայմանագրում Թուրքիա հասկացության տակ հասկացվում են այն տարածքները, որոնք մտցված են 1920 թ. (1336թ.) հունվարի 28-ի թուրքական Ազգային ուխտի մեջ, որը Կ.Պոլսում մշակել և հռչակել է Դեպուտատների օսմանյան պալատը և հաղորդել մամուլին ու բոլոր պետություններին)։
Իր կողմից Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի կառավարությունը համաձայնում է չճանաչել որևէ միջազգային ակտ, որը վերաբերում է Հայաստանին, Ադրբեջանին ու Վրաստանին և ճանաչված չէ այդ հանրապետությունների համապատասխան կառավարությունների կողմից, որոնք ներկայումս ներկայացված են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Սովետական կառավարություններով։
Հոդված 3. Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Սոցիալիստական Սովետական հանրապետությունների կառավարությունները, ընդունելով, որ կապիտուլյացիաների ռեժիմը համատեղելի չէ որևէ երկրի ազատ ազգային զարգացման, ինչպես նաև նրա սուվերեն իրավունքների լիակատար իրագործման հետ, գտնում են, որ այդ ռեժիմին որևէ ձևով առնչվող բոլոր ֆունկցիաներն ու իրավունքները կորցրել են իրենց ուժը և համարվում են վերացված։
Հոդված 4. Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանը (ըստ ռուսական Գլխավոր շտաբի 1/210000 մասշտաբով քարտեզի, 1 մատնաչափում՝ 5 վերստ) որոշվում է այն գծով, որն սկսվում է Սև ծովի ափամերձ Սարպ գյուղի մոտից, անցնում է Խեդիս-մթա սարի վրայով, Շավշետ սարի-Կանիդաղ սարի ջրբաժան գծի երկարությամբ, այնուհետև առաջ է գնում Արդահանի և Կարսի սանջակների նախկին հյուսիսային վարչական սահմանագծերի՝ Արփաչայի և Արաքս գետերի հնահունի օգնությամբ մինչև Ստորին Կարա-սուի գետաբերանը։ (Սահմանների մանրամասն նկարագրությունը և դրան առնչվող հարցերը սահմանված են 1-ին և 2-րդ հավելվածներում առդրվող քարտեզի վրա, որն ստորագրել են պայմանավորվող երկու կողմերը։ Պայմանագրի տեքստի և քարտեզի տարբերության դեպքում վճռական նշանակությունը տրվում է տեքստին)։
Բնության մեջ պետական սահմանի մանրամասն որոշումը և անցկացումը, ինչպես նաև սահմանանշանների տեղադրումը կատարելու է խառը սահմանային հանձնաժողովը՝ Պայմանավորվող կողմերի հավասար թվով անդամների և ՌՍՖՍՀ-ի ներկայացուցչի մասնակցությամբ։
Հավելված IV
Հոդված 5. Թուրքիայի կառավարությունը և Սովետական Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայնում են, որ սույն պայմանագրի 3-րդ հավելվածում նշված սահմաններում Նախիջևանի մարզը կազմի ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության ներքո։
Հոդված 6. Թուրքիան համաձայնվում է Վրաստանի զիջել Բաթում քաղաքի և նավահանգստի և սույն պայմանագրի 4-րդ հոդվածում նշված սահմանագծից դեպի հյուսիս ընկած և Բաթումի մարզի բաղադրիչ մասը կազմող տարածքի սովերենությունը, պայմանով որ՝
1) սույն հոդվածում նշված վայրերի բնակչությունը վարչական առումով կօգտվի տեղական լայն ինքնավարությունից, որը յուրաքանչյուր համայնքին կապահովի մշակութային և կրոնական իրավունքներով, և բնակչությունը հնարավորություն կունենա հիշյալ վայրերում սահմանելու իր ցանկություններին համապատասխանող հողային օրենք.
2) Թուրքիային կտրվի Բաթումի նավահանգստի վրայով Թուրքիա կամ այնտեղից ուղարկվող ամեն տեսակ ապրանքների ազատ, անմաքս տրանզիտի իրավունք, տեղի չեն ունենա խափանումներ, ապրանքների վրա չի դրվի ոչ մի տեսակի տուրք: Թուրքիային կտրվի Բաթումի նավահանգստից օգտվելու իրավունք և դրա համար նրանից չեն գանձվի հատուկ տուրքեր:
Այս հոդվածը կյանքում կիրառելու համար սույն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո շահագրգռված կողմերի ներկայացուցիչներից կկազմվի հանձնաժողով:
Հոդված 7. Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետության կառավարությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը պայմանավորվում են սահմանամերձ գոտու բնակիչների համար դյուրացնել սահմանի անցումը, պայմանով, որ կպահպանվեն մաքսային, ոստիկանական և սանիտարան կանոնները, որոնք այդ առթիվ կսահմանվեն խառն հանձնաժողովի կողմից:
Հոդված 8. Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետության կառավարությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը, նկատի առնելով երկու երկրների սահմանամերձ վայրերի բնակիչների համար սահմանից անդին գտնվող ամառային և ձմեռային արոտավայրերից օգտվելու անհրաժեշտությունը, պայմանավորվեցին այդ բնակիչներին տալ իրենց նախիրների հետ սահմանի վրայից անցնելու և սովորական արոտավայրերից օգտվելու իրավունք:
Սահմանի վրայից անցնելու համար մաքսային կանոնները, ինչպես նաև ոստիկանական, սանիտարական և մյուս միջոցառումները կսահմանի խառն հանձնաժողովը:
Հոդված 9. Նեղուցների բացումը և նրանց միջով բոլոր ժողովուրդների առևտրանավերի անցման ազատությունն ապահովելու համար Թուրքիան և Վրաստանը պայմանավորվում են Սև ծովի և նեղուցների միջազգային ստատուսի վերջնական մշակումը հանձնել ափամերձ պետությունների ներկայացուցիչների կոնֆերանսին, պայմանով, որ նրա ընդունած որոշումները չեն վնասի Թուրքիայի լիակատար սովերենությանը, ինչպես նաև Թուրքիայի և նրա մայրաքաղաք Կ.Պոլսի անվտանգությանը:
Հոդված 10. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց տարածքներում արգելել այնպիսի կազմակերպությունների կամ խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի կամ նրա տարածքի մի մասի կառավարության դերը ստանձնելու հավակնություն, ինչպես նաև այնպիսի պարտավորվում են իրենց տարածքներում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարել պայմանավորվող մյուս կողմի դեմ։
Համարվում է որոշված, որ սույն հոդվածում հիշատակված թուրքական տարածքի տակ հասկացվում է այն տարածքը, որը գտնվում է Թուրքիայի Ազգային մեծ Ժողովի կառավարության զինվորական և քաղաքացիական անմիջական կառավարման ներքո։
Հոդված 11. Պայմանավորվող երկու կողմերի այն քաղաքացիների վրա, որոնք գտնվում են մյուս կողմի տարածքում, կտարածվեն հյուրընկալող երկրի օրենքներից բխող բոլոր իրավունքներն ու պարտականությունները, բացառությամբ ազգային պաշտպանության պարտականությունների, որոնցից նրանք կազատվեն։
Պայմանավորվող կողմերի քաղաքացիների ընտանեկան իրավունքին, ժառանգության իրավունքին և գործունակության վերաբերող բոլոր հարցերը նույնպես բացառվում են սույն հոդվածի որոշումներից։ Դրանք կորոշվեն հատուկ համաձայնությամբ։
Հոդված 12. Պայմանավորվող կողմերը համաձայն են պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տարածքում գտնվող մյուս կողմի քաղաքացիների նկատմամբ կիրառել առավելագույն բարենպաստման սկզբունքը։
Սույն հոդվածը չի կիրառվում այն իրավունքների նկատմամբ, որոնք Սովետական Հանրապետությունները իրենք տարածքում փոխադարձաբար տվել են դաշնակից Սովետական Հանրապետությունների քաղաքացիներին, ինչպես նաև այն իրավունքների նկատմամբ, որոնք Թուրքիան վերապահել է Թուրքիային դաշնակից մուսուլմանական պետությունների քաղաքացիներին:
Հոդված 13. Մինչև 1918 թվականը Ռուսաստանի մի մասը կազմած և այժմ Թուրքիայի սուվերենության տակ գտնվող տարածքների յուրաքանչյուր բնակիչ, եթե ցանկանա, ունի թուրքական քաղաքացիությունից դուրս գալու, Թուրքիայից ազատորեն հեռանալու և սեփական իրերը, գույքը կամ դրանց արժեքը իր հետ վերցնելու իրավունք։
Հավասարապես, բոլոր բնակիչներն այն տարածքի, որի նկատմամբ Թուրքիան սովերենությունը զիջել է Վրաստանին[1], ունեն, եթե ցանկանան, վրացական քաղաքացիությունից դուրս գալու, Վրաստանի տարածքից ազատ հեռանալու և սեփական իրերը, գույքը կամ դրանց արժեքն իրենց հետ վերցնելու իրավունք:
Վերոնշյալ հոդվածում հիշատակվող բնակիչները, երբ պատշաճ ձևով կհայտարարեն հիշյալ տարածքներից հեռանալու իրենց ցանկության մասին, այդ պահից սկսած կստանան զինապարտությունից ազատվելու միամսյա իրավունք:
Հոդված 14. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են սույն պայմանագրի ստորագրման օրից հաշված 6 ամսվա ընթացքում կնքել 1918-1929թթ. պատերազմների հետևանքով գաղթածներին վերաբերյալ հատուկ համաձայնագրեր:
Հոդված 15. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է սույն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո հայտարարել մյուս կողմի քաղաքացիների լիակատար ներում այն հանցանքների և զանցանքների համար, որոնք բխել են Կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցած պատերազմական գործողություններից։
Հոդված 16. Պայմանավորվող կողմերը համաձայն են սույն պայմանագրի ստորագրման օրից հաշված 2 ամսվա ընթացքում վերադարձնել պայմանավորվող կողմերից մեկի և մյուսի տարածքում գտնվող նախկին ռազմագերիներին և քաղաքացիական գերիներին:
Հոդված 17. Պայմանավորվող կողմերն իրենց երկրների միջև հաղորդակցությունների անընդհատությունն ապահովելու համար պարտավորվում են փոխադարձ համաձայնությամբ ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի պահպանվեն և հնարավորինս արագ զարգանան երկաթուղային, հեռագրական և հաղորդակցության մյուս միջոցները, ինչպես նաև այն նպատակով, որպեսզի առանց որևէ կասեցման ապահովվեն մարդկանց և ապրանքների ազատ փոխադրումները։
Սակայն համարվում է, որ ճանապարհորդների և ապրանքների փոխադրման, մուտքի և ճանապարհման վերաբերմամբ լիովին կգործադրվեն պայմանավորվող երկրներից յուրաքանչյուրում այդ մասին սահմանված կանոնները։
Հոդված 18. Առևտրական հարաբերություններ հաստատելու և բոլոր տնտեսական, ֆինանսական ու պայմանավորվող երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար անհրաժեշտ մյուս հարցերը կարգավորելու նպատակով սույն Պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո Թիֆլիսում կստեղծվի շահագրգռված երկրների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով։
Հոդված 19. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են սույն Պայմանագրի ստորագրման օրից հաշված 3 ամսվա ընթացքում կնքել հյուպատոսական կոնվենցիաներ։
Հոդված 20. Սույն Պայմանագիրը, որ կնքված է Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունների միջև, ենթակա է վավերացման։
Վավերագրերի փոխանակումը տեղի կունենա Երևանում հնարավոր մոտ ապագայում։
Սույն Պայմանագիրն ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակման պահից, բացառությամբ 6,14,15,16,18 և19 հոդվածների, որոնք ուժի մեջ կմտնեն անմիջապես պայմանագրի ստորագրումից հետո։
Ի վավերացումն շարադրյալի՝ հիշատակված լիազոր անձինք ստորագրեցին սույն Պայմանագիրը և հաստատեցին իրենց կնիքներով։
Կազմված է հինգ օրինակով Կարսում 1921 (1337) թվականի հոկտեմբերի 13-ին։
Ա. ՄՌԱՎՅԱՆ, Պ. ՄԱԿԻՆՑՅԱՆ, Բ. ՇԱԽԹԱԽԹԻՆՍԿԻ, Շ. ԷԼԻԱՎԱ, Ա. ՍՎԱՆԻՁԵ, ԳԱՆԵՑԿԻ, ՔՅԱԶԻՄ ԿԱՐԱԲԵՔԻՐ, ՎԵԼԻ ՄՈԻԽԹԱՐ, ՄԵՄԴՈՒՀ ՇԵՎՔԵԹ
Տողատակեր
[խմբագրել]- ↑ Նկատի է առնվում Բաթումի մարզը