Վարդան Օսկանյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 61-րդ նստաշրջանին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վարդան Օսկանյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 61-րդ նստաշրջանին

Վարդան Օսկանյան

Տիկին նախագահ,

Ես ուրախությամբ եմ շնորհավորում Ձեզ և մաղթում ճգնաժամերից ու աղետներից զերծ տարի։ Այլ խոսքով, ոչ այնպիսի տարի, որով մենք անցանք, որի ընթացքում իմ լավ ընկեր Յան Էլիասոնը հաջողությամբ նավարկեց փոթորկոտ ջրերում։

Ցնցումներով լի տարին, ինչպես ինքը կոչեց այն, ներառում էր հակամարտություններ, թե՛ բնական, և թե՛ արհեստածին աղետներ, որոնք հավաքական արձագանքի կարիքն ունեին։ Մեր միասնական կամքի առջև ծառացող այս մարտահրավերները առավել բազմաթիվ, առավել դժվարին ու ավելի խրթին են դառնում։

Անցյալ տարվա բոլոր իրադարձություններից որպես ամենաողբերգալի կարելի է առանձնացնել պատերազմը Լիբանանում։ Այդտեղ մեր հանդեպ առկա հավատը մեծապես կոտրվեց աշխարհի ժողովուրդների աչքում, ովքեր իրավունք ունեին ակնկալելու, որ քաղաքական նպատակահարմարությունը չի գերիշխի։ Մենք մեծ հուսահատությամբ ու վրդովմունքով էինք հետևում Անվտանգության խորհրդում տեղի ունեցող քաղաքական քաշքշուկին և անմիջապես զինադադար հաստատելու չկամությանն անգամ այն դեպքում, երբ առանց խտրականության ռումբերը շարունակում էին ընկնել։ Երբ համաշխարհային որևէ մարմին կամ ուժ կորցնում է իր բարոյական հեղինակությունը, հավաքական արձագանք պահանջող մարտահրավերներին դիմակայելու արդյունավետությունն է ընկնում։

Այլ ոլորտներում միասնականորեն գործող միջազգային համայնքը հաջողության հասավ։ Այն իր աջակցությունն է ցույց տվել այն քաղաքակիրթ գործընթացին, որի արդյունքում այսօր այս մարմնում է Մոնտենեգրոն։ Միասին մենք ստեղծեցինք և ուժ հաղորդեցինք Խաղաղարարության հանձնաժողովին ու Մարդու իրավունքների խորհրդին. երկու մարմին, որոնք խոստանում են խաղաղության կառուցմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ համաշխարհային համայնքի համար առավել խորքային ու նպատակային ներգրավում ապահովել։

Աղքատությունն ու հուսահատությունը շարունակում են համարվել աշխարհում ամենատխուր և վտանգող մրցահայտերը։ Երբ աշխարհի առաջնորդները հանդիպեցին վեց տարի առաջ, նրանք որոշեցին, որ ՄԱԿ-ը մեր հասարակությունների առջև ծառացած սոցիալական չարիքներին դիմագրավելու իդեալական մեխանիզմն է, և հասարակավ ընդունեցին իրենց հավաքական պատասխանատվությունը՝ հասնելու արագացված ու առավել հավասար սոցիալական ու տնտեսական զարգացման։ Նրանք աշխարհին հայտարարեցին, որ միասնաբար մենք միջազգային գործընթացներն ու բազմազգ միջոցները կուղղորդենք ամենահիմնարար մարդկային այս կարիքների բավարարմանը։ Այսպիսով, նրանք միասնաբար գործելու սկզբունքն ու ներուժը դատողությունների հիմքում դրեցին։ Վեցը տարի անց աշխարհը շարունակում է բաղձանքով ակնկալել, որ առանձին ու տարածաշրջանային շահերը միասնական հունի մեջ հղվեն ի նպաստ ընդհանուր բարիքի։

Տիկին նախագահ,

Մենք նույն խնդիրների առջև ենք կանգնած։ Հայաստանում մեր լայնածավալ բարեփոխումները մեզ խրախուսում ու ոգևորություն են պատճառում։ Այս բարեփոխումներն անշրջելի են և արդեն նշանակալից արդյունքներ են տալիս։ Մենք այժմ նախաձեռնում ենք բարեփոխումների երկրորդ շարքը, որպեսզի շարունակենք արձանագրել անցած կես տասնամյակի հաջողությունները՝ առաջխաղացում օրենսդրական ու վարչական ոլորտներում, բաց, ազատական տնտեսություն, երկնիշ աճ։

Ոգևորված մեր հաջողություններով` այս տարի մենք որոշեցինք, հիմնվելով մեր տնտեսական վերականգնման վրա, նպատակամղված աշխատանք տանել գյուղական վայրերի աղքատության ուղղությամբ։ Մենք հիշում էինք այն առանձնահատուկ խոստումը, որ տրվել էր աշխարհի աղքատության զոհերին 2000թ.-ին` «Ազատել տղամարդկանց, կանանց ու երեխաներին ծայրահեղ աղքատության խղճալի ու անմարդկային ճիրաններից»։ Մեր տանը դրան հասնելու համար մենք կգրավենք միջազգային կազմակերպությունների ու բարեկամ կառավարությունների բարեգործական ջանքերը մեր սփյուռքի ավանդական առատաձեռնության հետ մեկտեղ՝ ենթակառուցվածքները կառուցելու և վերականգնելու նպատակով, որոնք կենսական են տնտեսական զարգացման հնարավորություններ ընձեռելու և խթանելու համար։

Բայց ենթակառուցվածքներով աղքատություն չի նվազեցվի և անարդար անհավասարությունները չեն վերացվի։ Տնտեսական հնարավորություններ ստեղծելը, անհրաժեշտ հմտությունները սովորեցնելը կարևոր են զարգացման խորքային անհավասարությունները վերացնելու համար, որոնք այսօր առկա են քաղաքային ու գյուղական վայրերի միջև։

Տիկին նախագահ, մենք մեր սահմանային համայնքներից կսկսենք, քանի որ, ի տարբերություն այլ երկրների, որտեղ սահմանները փոխգործակցության ու գործունեության կետեր են հանդիսանում, սահմանները Հայաստանի արևելքում ու արևմուտքում շարունակում են փակ մնալ։ Արդյունքում տուժում է տարածաշրջանային տնտեսական զարգացումը։

Սակայն Թուրքիայի պարագայում ավելին է տուժում, քան միայն մեր տնտեսությունները։ Մեր երկու ժողովուրդների միջև երկխոսությունն է տուժում։ Թուրքիայի համառությունը սահմանները փակ պահելու հարցում, ուղիղ հարաբերություններն ու հաղորդակցությունը կանխելու հարցում սառեցնում է անցյալի հիշողությունները՝ նոր փորձառություններ ձեռք բերելու փոխարեն, որը նոր հիշողություններ կկերտեր։ Մենք շարունակում ենք հույս տածել, որ Թուրքիան կգիտակցի, որ հարաբերություններն արգելափակելը մինչև ներդաշնակություն ու փոխադարձ ընմռնում ձևավորվի, իրատես քաղաքականություն չի ներկայացնում իրենից։ Հակառակը, դա աճող համաշխարհային նշանակության տարածաշրջանում ու ժամանակներում տարածաշրջանային համագործակցությամբ առաջ գնալու պատասխանատու քաղաքականությունից խուսափել է։

Տիկին նախագահ, ես մի րոպե կցանկանայի կանգ առնել Կոսովոյի հարցի վրա, ինչպես շատերն են արել։ Մենք Կոսովոյի ինքնորոշման գործընթացին ուշի-ուշով ենք հետևում։ Մենք ինքներս խստագույնս պաշտպանում ենք Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման գործընթացը։ Այնուհանդերձ, մենք զուգահեռներ չենք անցկացնում այս երկու կամ որևէ այլ հակամարտության միջև։ Մենք հավատացած ենք, որ հակամարտությունները բոլորը տարբեր են, և յուրաքանչյուրի վերաբերյալ որոշում պիտի կայացվի՝ ելնելով նրա սեփական առանձնահատկություններից։ Մինչ մենք Կոսովոյի ելքը որպես նախադեպ չենք դիտում, մյուս կողմից Կոսովոյի վերաբերյալ որոշումը չի կարող և չպետք է տեղիք տա խոչընդոտների այլոց ինքնորոշման համար, որպեսզի կանխվի նախադեպի մեղադրանքը։ Այպիսի հետադարձ արձագանքն՝ ուղղված կանխելու կամ կանխարգելելու մյուսներին հասնելու վաստակած ինքնորոշման, անընդունելի է։

Ջանքերն ուղղված հենց դրան՝ տարածքային ամբողջականությունը բոլոր մյուս սկզբունքներից գերադասելուն, արդեն իսկ ընթացք են ստացել, հատկապես, այս սրահում։ Բայց սա հակասում է պատմության դասերին։ Պատճառաբանված է այն, որ Հելսինկիի եզրափակիչ ակտը ինքնորոշման իրավունքը հավասար հիմքերի վրա է դիտարկում մյուս իրավունքների հետ։ Միջազգային հարաբերություններում, ինչպես մարդկային հարաբերություններում, չկան բացարձակ իրավունքներ։ Կան նաև պարտականություններ։ Պետությունը պետք է վաստակի առաջնորդելու ու կառավարելու իրավունքը։ Պետությունները պատասխանատվություն են կրում իրենց քաղաքացիների պաշտպանության համար։ Ժողովուրդն ընտրում է իշխանություն, որն իրեն է ներկայացնում։

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաղուց ընտրություն է կատարել ներկայացված չլինելու Ադրբեջանի կառավարության կողմից։ Նրանք պետական բռնության զոհ են եղել, պաշտպանել են իրենց և հաջողության հասել հակառակ ամեն ինչի, միայն այն բանի համար, որպեսզի այդ պետությունը լուտանքներ թափի ու ինքնիշխանություն ու տարածքային ամբողջականություն պահանջի։

Սակայն Ադրբեջանի կառավարությունը կորցրել է նրանց անվտանգությունն ու ապագան ապահովելու վերաբերյալ առաջարկ ներկայացնելու բարոյական իրավունքն անգամ, ուր մնաց, խոսի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խնամակալության մասին։ Ադրբեջանը պատասխանատու կերպով կամ բարոյապես չվարվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, ովքեր իր քաղաքացիներն էին համարվում։ Նրանք քաղաքային վայրերում, Լեռնային Ղարաբաղից շատ հեռու, ջարդեր թույլ տվեցին իրականացնել, նրանք ռմբակոծության ու տեղահանման ենթարկեցին ավելի քան 300 հազար հայերի, նրանք սանձազերծեցին զինվորականությանը, իսկ երբ պարտություն կրեցին պատերազմում ու ընդունեցին զինադադարը, նրանք սկսեցին հայերի բոլոր հետքերը վերացնել իրենց տարածքներում։

Նման անպատասխանատվության ամենացինիկ դրսևորմամբ, ռազմական գործողությունների ավարտից մեկ տասնամյակ հետո, նրանք ավարտին հասցրեցին հազարավոր ձեռակերտ խաչքարերի՝ հմտորեն փորագրված ու նախշազարդված միջնադարյան հայկական գերեզմանաքարերի իսպառ ոչնչացումը։ Այսպիսի ոչնչացումը մի վայրում, ուր ոչ մի հայ չկա, Լեռնային Ղարաբաղից ու հակամարտության ցանկացած այլ վայրից մեծ հեռավորության վրա, դաժան դրսևորումն է նրա, որ Ադրբեջանի վերաբերմունքը հանդուրժողականության, մարդկային արժեքների, մշակութային գանձերի, համագործակցության ու անգամ խաղաղության հանդեպ չի փոխվել։

Որևէ մեկը չի կարող մեղադրել մեզ այն համոզմունքի մեջ, որ Ադրբեջանը պատրաստ չէ կամ հետաքրքրված չէ բանակցային գործընթացում։ Այնուհանդերձ, մերժելով նախորդ երկու լուծման փոխզիջումային առաջարկները, որոնք ներկայացվել են վերջին 8 տարիների ընթացքում, նրանք չեն ուզում կրել այսօր սեղանի վրա դրված խաղաղության հաստտման ծրագիրը մերժած լինելու մեղադրանքը։ Այս իսկ պատճառով նրանք օգտագործում են հնարավոր բոլոր միջոցները՝ պետական բռնություններից մինչև միջազգային խուսանավում, փորձելու ստիպել, որպեսզի այն մերժվի հայերի կողմից։

Սակայն Հայաստանը հստակ է արտահայտվել. մենք համաձայնել ենք այսօր սեղանի վրա դրված փաստաթղթի յուրաքանչյուր հիմնարար սկզբունքի հետ։ Այնուհանդերձ, այս կամ որևէ այլ փաստաթուղթ կյանքի կոչելու համար Ադրբեջանը չի կարող մտածել կամ ձև անել, թե մտածում է, որ դեռևս ռազմական տարբերակ ունի ձեռքի տակ։ Չկա՛ այդպիսի տարբերակ։ Ռազմական տարբերակը փորձված ու ձախողված տարբերակ է։ Փոխզիջումն ու իրատեսությունն են միակ իրական տարբերակները։

Ճանապարհը, որն ընտրել է Լեռնային Ղարաբաղն իր համար այս երկու տասնամյակների ընթացում, անշրջելի է։ Դրանով հաջողվել է ապահովել իր ինքնապաշտպանությունը, իր ինքնակառավարման մեխանիզմն է ստեղծել և վերահսկում է իր սահմաններն ու տնտեսությունը։ Այս գործընթացին պաշտոնական բնույթ տալը անհրաժեշտ պայման է տարածաշրջանում կայունության հասնելու համար։ Անտեսելով այն, ինչ տեղի է ունեցել վերջին 20 տարիների ընթացում, ինչն Ադրբեջանն է անում, և նեղացկոտ կերպով պնդելով, որպեսզի իրերը վերադառնան իրենց նախկին հունը, ոչ միայն պարզապես անիրատեսական է, այլև անազնիվ։

Տիկին նախագահ,

Լեռնային Ղարաբաղը դատ չէ։ Այն վայր է, մի հնադարյան վայր, գեղեցիկ պարտեզ՝ բնակեցված մարդկանցով, ովքեր վաստակել են խաղաղ ու առանց վախի ապրելու իրավունքը։ Մենք ավելին չենք պահանջում։ Եվ մենք ոչինչ պակաս չենք ակնկալում։

Շնորհակալություն։


25 սեպտեմբեր, 2006

Աղբյուր[խմբագրել]

[1]