Jump to content

«Գրական դիրքերումի» խմբագրության

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Գրական դիրքերումի» խմբագրության

Դուք հարցնում եք ինձ՝ «Ի՞նչ նվաճումներ է ունեցել պրոլետգրականությունը տասնամյակում»։

Եթե ընդունենք, որ մի 10—13 տարին շատ կարճ ժամանակամիջոց է այն գրանդիոզ հեղափոխության մեջ, որ առայժմ ընդգրկել է աշխարհիս միայն մեկ վեցերորդ մասը և իր հաղթական ընթացքով սպառնում է իր հուժկու հորձանքի մեջ առնելու մնացած հինգ վեցերորդ մասը ևս, ապա պետք է ապուշ կտրել ստեղծագործական այն ունակությունների հանդեպ, որ հանդես է բերել պրոլետարիատը, ի միջի այլոց, գրական ասպարեզում։

Այս տեսակետից ուսանելի է համեմատությունը նախահեղափոխական և ետհեղափոխական ժամանակների միջև։ Ես չեմ հիշում այս հեղափոխությունից առաջ մի տասնամյակ կամ հենց թեկուզ մի հիսնամյակ, որի ընթացքում գրականությունն այնպիսի նվաճումներ լինի կատարած (եթե չհիշենք հատ ու կենտ մեծ տաղանդները), որպիսիք կատարել է պրոլետգրականությունը ԽՍՀՄ մեջ ընդհանրապես և մեզնում մասնավորապես այս 10—13 տարում։

Եվ ուրիշ կերպ չէր էլ կարող լինել։

Ի՞նչ պայմանների մեջ էր գրականությունն առհասարակ հեղափոխությունից առաջ։ Նա մենաշնորհ էր անհայտ ընտրյալների համար։ Հրատարակչական գործը կենտրոնացած էր մասնավոր կապիտալի ձեռքում, որը գործին մոտենում էր շահի տեսակետից: Գրողի վրա ծանրացած էր ցարական ցենզուրայի քմահաճույքը։ Ազատ խոսքը մեռած էր։ Գրողը ստիպված էր եզոպոսյան լեզու բանեցնել։ Ընթերցանությունը նույնիսկ համարյա թե միայն ընտրյալների մենաշնորհն էր։ Ուսումից, գիտությունից և նույնիսկ հասարակ գրագիտությունից հեռու պահված ժողովրդի հսկա զանգվածի համար գրականությանը մի անհայտ աշխարհ էր։ Այսպիսի պայմաններում գրականության աճի և նվաճումների մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Գրականությունը մնացել էր կղզիացած, քարացած դրության մեջ. տասնյակ տարիներով չէր տալիս և ոչ մի նոր անուն, նոր հեղինակություն. տիրակալը մնում էին միշտ միևնույն խոշոր տաղանդները, որոնք որքան էլ մեծ լինեին, այնուամենայնիվ, չէին կարող մեն-մենակ առաջ շարժել գրականության ծանր անիվը։

Այս բոլորը վերաբերում էր հարկավ և մեր գրականությանը։ Պրոֆեսիոնալ գրողներ մենք համարյա թե չունեինք, որովհետև գրականությունը գրողին չէր ապահովում։ Մենք ունեինք միայն ի միջի այլոց գրողներ։ Սրանով պիտի բացատրել այն հանգամանքը, որ մեր գրողներից շատերն այնքան չեն գրել, որքան որ կարող էին։ Հրատարակչական գործը մեզնում դարձել էր մի տեսակ «բարեգործություն»։ Հեղինակը դիմում էր այս կամ այն «ազգասեր» հարստին, որը երկար չեմ ու չում անելուց հետո վերջապես համաձայնում էր հոգալ գրքի տպագրության ծախքերը՝ ոչ թե «ազգասիրությունից», այլ զահլա տանող հեղինակին գլխից ռադ անելու համար։ Հեղինակն էլ ի նշան «երախտագիտության» գիրքը նվիրում էր նրա անվան և գրքի ճակատին գրում՝ «Ծախյուք մեծապատիվ այս-ինչի»։ Ունեինք երկու հրատարակչական ընկերություն, մեկը Թիֆլիսում «Կովկասյան» անունով, մեկը Բաքվում տեղական Մարդասիրական ընկերության կից, և մի-երկու էլ գրավաճառ, որոնք տարեկան հազիվ մի քանի անուն գիրք էին հրատարակում պատահական կերպով, առանց որոշ ծրագրի և ուղղության։

Ահա այն ողբալի դրությունը, որ տիրում էր հեղափոխությունից առաջ ԽՍՀՄ մեջ ընդհանրապես և մեզնում մասնավորապես։

Խորհրդային իշխանությունը, որի գլխավոր նպատակներից մեկն էլ կուլտուրական հեղաշրջումն է, եկավ մի անգամ առմիշտ վերջ տալու այս դրությանը. հրատարակչական գործը կենտրոնացրեց պետության ձեռքը և լայն ասպարեզ բաց արեց ամեն մեկի համար, ով շնորհք և ցանկություն ուներ իրեն նվիրելու գրական գործունեությանը։ Գրականությունը դուրս եկավ իր լճացած դրությունից, ծավալվեց, դարձավ մասսայական. պրոլետարիատի ծոցից սկզբում երերուն քայլերով և ապա ավելի ու ավելի վստահորեն ու համարձակ հանդես եկան բազմաթիվ նոր գրողներ իրենց մինչ այդ չլսված նոր խոսքով, իրենց մինչ այդ չտեսնված գրչի նոր թափով և կյանքի այնպիսի անկյունների լուսաբանությամբ, որ նախահեղափոխական գրողներից շատ քչերի հայացքն էր թափանցել, և, ոչ այնպիսի սրատեսությամբ, ինչպես նորերի։

Խորհրդային Հայաստանում և հարևան հանրապետությունների մտավոր կենտրոններում (Թիֆլիս, Բաքու), ուր հայության խոշոր զանգվածներ կան, պրոլետգրականության նվաճումներն այս տասնամյակում մեր աչքի առջևն են և անվիճելի։ Եվ եթե մեր պրոլետգրողները դեռևս չեն կարողացել ասպարեզից հեռացնել մեր հին, այսպես կոչված բուրժուական գրողներին, այդ միայն այն պատճառով, որ նրանք համարյա թե բոլորը սկսնակներ են և դեռևս շատ բան ունեն սովորելու, ուսումնասիրելու, վարժվելու և մարզվելու արժեքավոր և մնացյալ գործեր արտադրելու համար։ Այդ բանի համար մի տասնյակ տարին շատ քիչ էր։ Բայց որ ապագան նրանցն է, որ նրանք վերջ ի վերջո մեր գրականության հեգեմոնը պիտի դառնան, դա անվիճելի է։ Ուրիշ կերպ չի էլ կարող լինել, պրոլետարական երկրի մեջ ինչպես ամեն բանում, այնպես և գրականության մեջ տիրակալը պրոլետարիատը պիտի լինի։

Պրոլետգրականության նվաճումները պիտի որոշել ոչ միայն նրա արտադրանքի քանակով ու որակով, այլև այն հետաքրքրությամբ, որ նա զարթեցրել է դեպի գրականությունը ժողովրդի խոր ու խուլ խավերում։ Այս օրերս Թիֆլիսում ես ներկա եղա գրական մի դիսպուտի, որ սարքել էր Վրաստանի պրոլետասոցիացիայի հայկական սեկցիան։ Դիսպուտը տեղի ուներ մի ետ ընկած թաղի կարմիր անկյունում, որ առաջ գինետուն է եղել։ Դիսպուտի առարկան տեղական պրոլետգրողներից մեկի գրվածքն էր գործարանային կյանքից։ Դահլիճը լեփ-լեցուն էր հասարակությամբ։ Ես հասարակություն եմ ասում, դուք հասկացեք բանվորներ, բանվորուհիներ, հետո թաղի երեխաներ՝ տղա-աղջիկ, կանայք՝ պառավ ու ջահել, ոմանք ծծկեր երեխաները գրկներին՝ հագնված տնավարի։ Ո՛չ մի աղմուկ, ո՛չ մի անկարգություն։ Ձանձրույթի ոչ մի նշան։ Լռություն և մտառու ուշադրություն։ Ես համոզված եմ, որ շատերը եկել էին իբրև թամաշաչի, բայց թամաշա անելու ոչինչ չկար, բացի գրական բանավեճից, և դիսպուտի նյութը այնքան հետաքրքրեց նրանց, որ նրանք ակամա գամված մնացին իրենց տեղերում մինչև վերջը։

Ահա՛ ձեզ մի ցայտուն օրինակ պրոլետգրականության նվաճումների շարքում։

Գալով ուղեկցային գրականության նվաճումներին, պիտի ասեմ, որ եթե այսպես կոչված ուղեկիցները որևէ նվաճում ունեցել են այս տասնամյակում, ապա այդ ևս պետք է համարել պրոլետգրականության նվաճում՝ այն չափով, որ պրոլետգրողները կարողացել են գրականության մեջ բացած իրենց նոր ուղիով իրենց հետ տանել նախահեղափոխական գրողներից շատերին։ Խորհրդային կարգերում և սոցիալիզմ կառուցող պրոլետարական պետության մեջ գրողը եթե չի ուզում ասպարեզից դուրս մնալ, ուրիշ ելք չունի, եթե ոչ միայն համընթաց քայլել պրոլետարիատի հետ դեպի սոցիալիզմի վերջնական հաղթանակը։ Դարձ չկա։

Ձեր երրորդ հարցն է, թե ի՞նչ «պահանջներ» կառաջադրեի ես մեր գրականությանը հետագայում։ «Պահանջների» մասին խոսք չի կարող լինել. ես միայն ցանկություն կարող եմ հայտնել։ Հինը հնանում է, նորը զարգանում, բայց վատ չի լինի, եթե նորը մի քիչ ուսանի հնից. այդ վնաս չի տա, եթե օգուտ չտա։ Ես կցանկանայի, որ մեր սկսնակ արձակագիրներից, առանձնապես բանաստեղծներից ոմանք երբեք աչքաթող չանեն իրենց աուդիտորիան, չընկնեն վերացականության գիրկը, մի քիչ, եթե կարելի է այսպես ասել, քիչ բանաստեղծություն անեն, թողնեն ոչինչ չասող փքուռույց բառերը, գրեն հասկանալի լեզվով, գրելուց առաջ լավ մտածեն, թե ինչ են ուզում ասել, և ապա թե գրեն։ Գեղեցկությունը կուտակված պաճուճանքի մեջ չէ, գեղեցկությունը պարզության մեջ է։ Հետո, խորհուրդ կտայի հիշել Վոլտերի խոսքերը. «Բոլոր տեսակները լավ են, բացի ձանձրալիից»։

Ի՛նչ ձևով և ինչի՛ մասին ուզում են, թող գրեն, միայն թե գրածը ձանձրալի չլինի։

Ինչ վերաբերում է ձեր վերջին հարցումին մեր գրական քննադատության մասին, իմ ցանկությունն է, որ նա հեռու մնա խմբակայնությունից, անձնական-բարեկամական նկատառումներից, միանգամայն անկախ դիրք բռնի և ավելի ընդարձակ ծավալ ստանա։ Քննադատությունը գրականության զարգացման խթանն է։ Գրողն առանց քննադատի նման է հիվանդ ծառի, որի պտուղները թափվում են չհասունացած։ Մի Բելինսկի 40-ական թվականներին գրողների մի ամբողջ փառավոր սերունդ կրթեց ու դաստիարակեց։ Կցանկանայի մի հայ Բելինսկի մեր գրողների նոր սերնդի համար։

X—15—30. Թիֆլիս