Jump to content

«Դավաճանություն»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Դավաճանություն»
Հրապարակվել է «Արեգ» (Բաքու)՝ 1915, № 15 (մայիսի 12): Հեղինակն օգտագործել է Ա. ծածկանունը: Հրապարակվում է ժամանակակից ուղղագրությամբ: Ներկայացված է «Թատրոն և Երաժշտություն» խորագրի տակ:

Ամսիս 10-ին Կուլտուրական Միության թատրոնական սեկցիայի դերասանական խումբը եղբ. Մայիլյանների թատրոնում խաղաց Սումբատովի «Դավաճանություն» լեգենդան:

Ներկայացմանը մասնակցում էին մեր բեմի լավագույն ուժերը: Դերասանների այդօրինակ խմբավորումն ամենավատ պարագաներում իսկ կարող է որոշ չափով բավարարել թատրոնասեր հասարակության գեղարվեստական ճաշակը և գոհացնել նրանց:

Այդ իսկ պատճառով ներկայացումը բավականաչափ հասարակություն էր գրավել թատրոնը:

Դերերը բաժանված էին միանգամայն համապատասխան խմբի անդամների ուժերին, նրանց ձիրքերին ու կարողությանը:

Պ. Աբելյանը (Օթար-բեգ) և տ. Սիրանույշը (Զեյնաբ) իրենց տաղանդների իրահատուկ նրբություններով ուրվագծեցին պիեսայի գլխավոր հերոսների բնական դեմքերը: Տիկ. Սիրանույշը վերջին տեսարանում ստեղծագործեց իր դերը. այնպես որ բեմի վրա պատկերացավ լեգենդական Զեյնաբի փոխարեն մի իրական, ավելի մատչելի մի Զեյնաբ, չափազանց թափանցիկ և դյուրըմբռնելի, իր հոգեկան հախուռն փոթորիկներով և ծանր վշտի ապրումներով:

Պ. Թաշճյանն անհաջող Սուլեյման խան էր, բայց տիպիկ Անանիա Գլախա:

Տ, Արուս-Ոսկանյանը շնորհալի Գայիանե էր:

Պ. Փափազյանին այս անգամ հաջողվեց Դաթո խաղալ. այդ հաջողությունը պիտի վերագրել այն հանգամանքին, որ պարոնը, ինչպես երևում է, առանձին ուշադրություն է դարձրել վրաստանցու բնավորության հատուկ շարժումների և արտահայտության ձևերի վրա:

Պ. Օվի-Ահարոնյանը և Ժասմեն իրենց դերերումն էին:

Պ. Կոստանյանը (Հերակլե) իր արհեստական շարժումներով, ձևերով և ձայնի կեղծ ելևէջներով աններդաշնակ մի գիծ էր մտցնում ընդհանուր ներդաշնակության մեջ:

Ներկայացումն սկսվեց և վերջացավ սովորական ժամից ուշ, սակայն ինչպես տեղեկացանք, ուշ սկսվելու հանգամանքները տեղի են ունեցել թատրոնական սեկցիայից և դերասանական խմբից անկախ պատճառներով:

Ա.

Կուլտուրական Միության թատրոնական սեկցիայի դերասանական խումբը առաջիկա ներկայացմանը խաղալու է Շիրվանզադեի «Նամուս» պիեսը: