«Մեծ մոլորեցնողը և ծանր հանցավորը»
[ 341 ] կազմակերպության ջատագովն է հայտնվել, մյուս կողմը ժողովրդական լայն իրավունքների ու սկզբունքների պաշտպանը։ Այժմ էլ նրանք գալիս են իրար դեմ այսօրվան կաթողիկոսական հարցում։ Մինը ոգևորում է նոր հոգևորականություն ստեղծելու, եկեղեցին կազմակերպելու ծրագրով, մյուսը ուզում է ժողովրդի ձայնն ու իրավունքներն ապահովի հայոց եկեղեցու գործերի և նրա միջոցով մեր կուլտուրական-դպրոցական հաստատությունների վրա։ Այսօր եկեղեցական հոսանքն ավելի է կազմակերպված ու շահագրգռված, նրա թեկնածուներն էլ ավելի են շեշտված իրենց ուղղության մեջ, այս պատճառով էլ նա հենց առաջին օրից սկսեց իր պրոպագանդան ավելի եռանդուն ու պայքարն ավելի կրքոտ, իրար ետևից մեջտեղ քաշելով իր թեկնածուներին՝ Օրմանյան, Կարապետ, Սուքիաս և Կյուլեսերյան եպիսկոպոսներին, հակառակ կողմը հրելով Սուրենյան, Դուրյան, Մեսրոպ և Մուրադբեկյան եպիսկոպոսներին ու Բագրատ վարդապետին։ Հառաջադիմական կամ ժողովրդական բանակն ավելի դաժան է ու ցրիվ, ուժերն իրարից հեռու, հեռու նույնիսկ իրենց կողմը կանգնած թեկնածուներից, դրա համար էլ ավելի շատ զբաղվել է հակառակորդի աճապարանքով առաջ բերած թեկնածուները տապալելու գործով։
Նրա հարվածներից Օրմանյան եպիսկոպոսը, որ իր բանակի կենտրոնն է կազմում, արդեն այնքան է վտանգված, որ եկեղեցականները նրանից հետո այժմ առաջ քաշելով Կարապետ եպիսկոպոսին, հավատացնում են, որ նա ոչ մի հողեղեն կամ հոգեղեն կապ չունի Օրմանյանի հետ։ Իհարկե, անհաջող է այս հավաստիացումը և հարվածներն այժմ կենտրոնանում են Կարապետ եպիսկոպոսի վրա։
Եկեղեցական հոսանքի և նրա թեկնածուների ամենաջերմ ախոյանները հանդիսացան պ․ Ս․ Չերքեզյանը, հայտնի Կատոնն ու պ. Ե. Տեր-Մինասյանը։ Կատոնը, որ առանձնապես Օրմանյան եպիսկոպոսին է առել իր պաշտպանության առարկա, ընտրել պայքարի մի այլանդակ եղանակ և շարունակ ձգտում է քաղաքական անբարեհուսության կասկած հարուցանելով լռեցնել հակառակ կողմը և կասկածելի դարձնել նրա թեկնածուներին։ Պ<արոն> Ե․ Տեր-Մինասյանը [ 342 ] գովում է Կարապետ եպիսկոպոսին։ Եվ երկուսն էլ՝ Ձերքեզյանն էլ, Տեր-Մինասյանն էլ գիրք են հրատարակել իրենց պաշտպանյալների համար, միաժամանակ անդադար շարունակելով պրոպագանդը մամուլի մեջ։
«Մշակի» մեջ հենց նոր վերջացավ Ե․ Տեր-Մինասյանի մի ընդարձակ հոդվածը «Առաջիկա հայրապետական ընտրությունների առիթով» վերտառությամբ, որ միաժամանակ տպվում էր և Պոլսի «Բյուզանդիոն» թերթում։ Պ<արոն> Տեր-Մինասյանը իր այդ հոդվածում մի քանի տեղ հավատացնում է, որ խոսում է որպես ամենքին «բարեկամ», որպես «անկուսակցական», որ միայն մի նպատակ ունի—կամենում է «ճշմարտությունը պարզել» և «մեծ մոլորություն ու ծանր հանցանք» է համարում ոչ թե արժանավորին, այլ իր կուսակցության պաշտպանածին ընտրելի համարելը։ Այսպես է երդվում մարդը, և որովհետև ինքը զարգացած մարդ է, անշուշտ հասկանում է, թե ինչ է ասում ու ինչ է անում։
Այժմ տեսնենք։
Առանձին-առանձին կաթողիկոսության ամեն մի թեկնածվի մասին խոսելիս Օրմանյան եպիսկոպոսի արժանիքներն այնքան հանրածանոթ ու բազմակողմանի է գտնում, որ խոսելն էլ ավելորդ է համարում («Մշակ», № 207)։
Կարապետ եպիսկոպոսի գերազանց կրթության պատմությունը մանրամասն անելով, չի մոռանում հիշատակելու, որ նա մինչև անգամ կարճ ժամանակով եղել է Փարիզում («Մշակ» № 211)։
Սուքիաս արքեպիսկոպոսը, որ Էջմիածնի հին ժառանգավորաց դպրոցումն է ստացել իր կրթությունը, ասում է «աչքի է ընկնում իր գիտությամբ» և այդ գիտնականությունը ավելի անկասկածելի հռչակելու համար գրում է՝ «բավական է այստեղ միայն հիշել, որ նա մեծացել, ուսումն ստացել ու զարգացել է հանգուցյալ Մակար կաթողիկոսի անմիջական հսկողության ներքո…» («Մշակ» № 206)։
Կյուլեսերյան եպիսկոպոսը, որ եղել է Արմաշի դպրեվանքում, նա էլ «գիտուն բանասեր է», հասկանում է ինչ է պատմությունն ու եկեղեցին («Մշակ» № 210)։ [ 343 ] Եվ այս երդվյալ «անկուսակցականը» մյուսներին գալով տեսեք ինչ է անում։
Մեսրոպ եպիսկոպոսի մասին խոսելիս ամենևին չի էլ հիշատակում, թե նա եղել է մի որևէ դպրոցում։ Այդ հերիք չի, անցողակի թևատակ է առնում նույնիսկ նրա մագիստրոսությունը ու ասում է՝ «Անծանոթ է նաև հայոց եկեղեցու պատմությանը, ուրեմն չի ըմբռնում նրա կատարած դերը անցյալում, և կատարելիք դերը ներկայում և ապագայում» («Մշակ» N 206)։
Այստեղ ես դառնում ու հարցնում եմ նույնիսկ պ. Տեր-Մինասյանի համախոհներին ու բարեկամներին։ Մի՞թե կարող է պատահել, որ Էջմիածնի նախկին միաբան Ե. Տեր-Մինասյանը չգիտենա, թե Մեսրոպ եպիսկոպոսը վերջացրել է Շուշու թեմական դպրոցը, Ներսիսյան դպրոցը, Ռևելի գիմնազիայի ավարտման վկայական է առել և Դորպատի համալսարանն է ավարտել։ Եվ մի՞թե այսքան միջնակարգ ու բարձրագույն կրթական հաստատությունները Արմաշի դպրեվանքի կամ Մակար կաթողիկոսի հսկողության չափ արժեք չեն կարող ունենալ։
Մուրադբեկյան եպիսկոպոսի մասին խոսելիս նույնպես չի հիշում, թե եղել է որևէ դպրոցում, ինչո՞ւ, որովհետև, ասում է, նրանով չեմ զբաղվում, բայց կարևոր է համարում հավատացնելու, թե «նրա անունը գաղտնի անկյուններում ամաչելով են տալի» և կամ թե նա «ենթակա է ամենին հաճո լինելու աննախանձելի թուլության»։
Արմաշի վանքը, որ Կյուլեսերյան եպիսկոպոսին դարձրել է «գիտուն բանասեր», այլև պատմությանն ու եկեղեցուն հմուտ հոգևորական, հենց որ բանը հասել է Դուրյան եպիսկոպոսին՝ խավարել է։ Եվ թեև Դուրյանն էլ նույն դպրոցիցն է դուրս եկել ու մինչև անգամ տեսուչ է եղել այնտեղ, հոդվածագիրը գտնում է, որ «նրա մասին ասելու շատ բան չկա», և եթե մի բան կա, որ «արդարությունը պահանջում է» ու պ. Տեր-Մինասյանն էլ «խոստովանում է» այն է, որ Դուրյանը «քաջություն է ունեցել», բայց գիտե՞ք ինչ քաջություն «պաշտոնի մեջ իր անկարողությունը խոստովանելու...» («Մշակ» N 205)։ [ 344 ] Կարապետ եպիսկոպոսը, որ Գերմանիայում է սովորել, դուրս է եկել, որ խոսում է ռուսերեն ու հիացմունք է ազդում, իսկ Մեսրոպ եպիսկոպոսը, որ Ռուսաստան է սովորել ու Պետերբուրգ է ստացել իր մագիստրոսությունը, նրա ռուսերեն գիտենալը համարում է կասկածելի։
Թուրք-հայկական ընդհարումներին Կարապետ եպիսկոպոսն է գնացել Նախիջևան կամ այլուր, «քաջ հովիվ է իր հոտի թշնամիների գնդակների առաջ աներկյուղ գնացող», իսկ եթե նույն օրերում Մեսրոպն է գնում նույն գյուղը կամ քաղաքը... պապանձում։
Կարապետ եպիսկոպոսի ցուցակ ծառայությանը կազմելիս, թվում է, թե քանի պաշտոնի մեջ է եղել ու հանձնարարություններ է կատարել սկսած ուսուցչությունից մինչև այսօրվա Ատրպատականի առաջնորդությունը, իսկ Մեսրոպի կատարած հանձնարարությունների կամ պաշտոնների մասին լռություն, բացի տեսչության պարսավանքը, և ոչ մի խոսք, թե նա վերջին երկու կաթողիկոսների կարևոր բանակցությունների ժամանակ նրանց ներկայացուցիչն է եղել Կովկասի բարձր կառավարության առաջ և կամ թե չէ այսօր Էջմիածնի Սինոդի անդամն է։
Ավելի մազալու է, երբ այս երդվյալ «անկուսակցականը» խոսում է ներբողած թեկնածուների պակասություններից։ Մյուսները կարծեմ ոչ մի պակասություն չունեն, միայն Սուքիաս եպիսկոպոսն է, որ երկու պակասություն ունի, այն էլ այսպես.
Ասում է. «Արդի ժամանակակից պահանջների հանդեպ գուցե Սուքիաս արքեպիսկոպոսը իրան անհարմար դրության մեջ զգա, հատկապես մեր պահանջած նոր հոգևորականությունը պատրաստելու խնդրում, չկարողանա անմիջապես ուղիղ ճանապարհը գտնել, բայց այդտեղ էլ նրա ուսումնասիրությունը և լայնախոհ շրջահայեցողությունը մեզ համար գրավական կարող են լինել, որ նա վերջ ի վերջո ուղիղ ճանապարհ կգտնի»։ Ուրեմն այս մի պակասությունը, որ կարող էր ունենալ և չունի։ Կարող էր ուղիղ ճանապարհը չգտնել, բայց կգտնի։ Մյուս պակասությունն էլ այն է, որ դժբախտաբար նա 74 տարեկան չլիներ, նրան անպայման [ 345 ] ամենաառաջին ընտրյալներից մինը կհամարեր պ. Տեր-Մինասյանը։ Այնուամենայնիվ, ծանոթ լինելով նրա առողջությանն ու ամուր կազմվածքին, համարում է ամենաառաջին ընտրելիներից մինը, մանավանդ նա 5 տարում ավելի շատ բան կանի, քան ուրիշները 15 տարում («Մշակ» N 206)։
Դուրյան արքեպիսկոպոսի մասին ասում է՝ գրում են, թե նա անտիպ գրվածքներ ունի։ Մենք ի՞նչ իմանանք, թե նա ինչ ձեռագիր գրվածքներ ունի սնդուկներում։ Իսկ Սուրենյան արքեպիսկոպոսի դեմ խոսելիս դիմում է անտիպ ձեռագիրների։ Հանում է հասարակության անծանոթ մի ձեռագիր, Վահան վարդապետ Բաստամյանի անտիպ ձեռագիր «Տարեգրությունը», որ միայն իրեն և ոմանց է հայտնի, ու ասում է մեջը շատ վիրավորական բաներ կան գրած Սուրենյան սրբազանի վրա, բայց առաջ չի բերում նրան անհուն վիշտ չպատճառեյու համար։ Նույն ձեռագիրն է բերում Սուրենյանի ժամանակակից պահանջների անհամապատասխան կրթությանը վկա, նույն ձեռագրին է դիմում նրա անընթերցասիրության մասին խոսելիս։ Ես գրազ կգամ, ինչով կամենաք, որ այդ նույն ձեռագրի մեջ, որի մեջ հանված են Էջմիածնի հին միաբանների կյանքը և վարքն ու բարքը, շատ բան կա ասված և Սուքիաս արքեպիսկոպոսի մասին, բայց խոսքը հենց նրան է գալիս թե չէ, այդ ձեռագիրը դարձյալ սնդուկն է մտնում ու չկա։
Պ<արոն> Ե. Տեր-Մինասյանը մի քանի անգամ գրել է, այժմ էլ կրկնում է, թե Մեսրոպ եպիսկոպոսը Մենշիկովին ասել է, թե՝ եթե հայ ու հունադավան եկեղեցիները այսօր մին չեն, պատճառը տգիտությունից առաջացած համառությունն է։ Եվ ահա այսօր էլ կրկնելով նույնը, դնում է իր խիստ որոշումը. «Այսքանը բավական է կարծեմ, որ նրան կաթողիկոս չընտրեն»։ Ասում են, ասել է, և այսպիսի դատավճիռ։ Իսկ Օրմանյան արքեպիսկոպոսի մասին խոսելիս հենց ինքը առաջ է բերում որպես փաստ, թե զատկին Օրմանյանը այցելեց հունաց պատրիարքին ու հիացրեց հույներին մի ճառով, որով նա շեշտում էր ոչ թե հայոց ու հունաց եկեղեցին իրարից բաժանող, այլ միացնող կողմերը» [ 346 ] («Մշակ» № 207)։ Եվ այսքանն էլ բավական է, որ սրան կաթողիկոս ընտրեն։ Նույն հունադավան եկեղեցին, նույն միության խոսքը և այսքան տարբեր հետևանքներ, թեև մեկն «ասում են, ասել է», իսկ մյուսը հաստատ փաստ է։
Սակայն այսքան օրինակները բավական էին ցույց տալու համար մարդը, «ճշմարտությունը պարզելու» խոստում անող մարդը, «անկուսակցականության» անունով երդվող մարդը, և շատ ծանր ու տխուր մտքեր են պաշարում ինձ։
Ես այլևս կաթողիկոսական ընտրության մասին չեմ մտածում և ոչ էլ այն է ինձ վշտացնում, թե շատ սովորական, հասարակ մահկանացուներ են եղած թեկնածուները ու լավ կաթողիկոսացուներ չկան մեջտեղը, այլ այն, որ լավ մարդիկ չեն երևում մեր կյանքում կամ շատ քիչ են երևում, իսկ վատերը շատ։ Եվ շատ են ոչ միայն խավար, գռեհիկ բազմության մեջ, այլև լուսավորված, ինտելիգենտ շրջաններում։ Եվ ահա նրանք հրապարակ են իջնում խոսելու կամ գործ տեսնելու, աշխարհքի դիմաց հանդիսավոր երդվում են ճշմարտության, անաչառության, վեհ գաղափարների անունով ու խաբում են լսողներին, մոլորեցնում են անաստված կերպով։ Եվ այդ ամենը նրա համար, որ տապալեն ու խորտակեն իրենց հակառակորդին։ Եվ տապալում ու խորտակում են, բայց ոչ թե իրենց հակառակորդին, այլ հավատը մարդկանց մեջ, հավատը դեպի մարդն ու մարդու ազնիվ խոսքը, դեպի գործիչն ու գործը, դեպի գրվածքն ու գրողը։ Եվ այս հազար անգամ ավելի լուրջ խնդիր է, քան թե ամեն մի կաթողիկոսական խնդիր։
Պ<արոն> Ե. Տեր-Մինասյանը իր հոդվածում ասում է, թե մեծ մոլորություն է ու ծանր հանցանք, եթե գովում ու առաջ են քաշում ոչ թե արժանավորին, այլ կուսակցության մարդուն։ Չէ՞ որ ինքը, պ. Ե. Տեր-Մինասյանը զարգացած ու հասկացող մարդ է և լավ է հասկանում, թե ինչ է անում ինքը։
Նա մի մեծ մոլորեցնող է և ծանր հանցավոր։