«Շյարք գափուսի»
«ՇՅԱՐՔ ԳԱՓՈՒՍԻ»
Լուսաբաց է:
Գնացքը դանդաղ կանգ է առնում կայարանի առաջ: Հին Նախիջևանն է, կիսավեր կայարանը, որի մի մասը նորոգել են, ներկել, մի քիլ սարք ու կարգել:
Ներս եմ մտնում կայարան:
Բեռնակիրների քնատ դեմքեր, մի քանի պաշտոնյաներ: Դահլիճում, բուֆետի տերը կոլոլված կարպետի մեջ, քնած է դեռ սեղանի վրա:
Բակից կառապանը ձեն է տալիս.
— Մի հոգի էլ...
Մոտենում եմ. կոտրատած լինեյկայի վրա տեղավորվել են յոթ հոգի, ես ութերորդն եմ: Կառք քիչ կա, ճամփորդների բաժինը լինեյկան է:
Անցնում ենք աղյուսի գործարանի մոտով. չեն աշխատում, կիսավեր դրության մեջ են:
Ահա և քաղաքի ծայրը, կամարակապ աղբյուրը և պղտոր գետը, որ վշշալով գլորվում է դեպի ջաղացները, ոռոգում դաշտը և խառնվում Արազին:
Ուղեկիցներս կառապանին իրենց իջնելու վայրի անունն են տալիս: Ես ծանոթ չունեմ և ուզում եմ իջնել մեյդանում:
Մի քանի ծուռ ու մուռ փողոցներով անցնելուց հետո, իջնում եմ մեյդանում: Խանութները դեռ գոց են:
Քայլերս ուղղում եմ դեպի քաղաքի վերին մասը: Նախիջևանում եղել եմ ես մի քանի անգամ, պատերազմից առաջ: Քաղաքի մի խոշոր մասը խանութներ էին: Նախիջևանը առուտուրական կենտրոն էր Զանգեզուրի, Օրդուբաթի, Մակվա և այլ շրջանների համար:
Հիմա չկա առաջվա եռ ու զեռը:
Պատերազմը ավերել, սրբել է շատ բան. հիշում եմ դաշնակ-մուսավաթյան անիծյալ օրերը:
Մի քանի տեղ նորոգման հետքեր կան: Պետական հիմնարկներ են գլխավոր փողոցի վրա, գույնզգույն ցուցանակներով:
Ինչո՞ւ արևելքն այդքան վառ գույներ է սիրում, նույնիսկ ցուցանակները կանաչ գույնի են, կապ-կապույտ, կարմիր ու դեղին:
Անցնում եմ մի խոշոր շենքի մոտով, ուր տեղավորված է աղահանքերի գլխավոր վարչությունը, Նախիջևանի գյուղատնտեսական բանկն ու «Նախիթթիֆագը» (կոոպերատիվների միությունը):
Մի քիչ դենը սիրուն, կոկլիկ հրապարակ է, աղյուսի, կիրի և գաջի կույտերով: Նորոգում են, նոր տներ են շինում: Հրապարակի ճակատին ժողկոմխորհրդի սպիտակ շենքն է, որ շատ դուրեկան է շրջապատի մոխրագույն ֆոնի վրա: Բակում սիրուն ծաղկանոց, միակը ամբողջ քաղաքում, ինչպես իմացա ես հետո:
Ժողկոմխորհրդի շենքի կողքին մի այլ շենք, ավելի սիրուն, արևելյան նիշերով, ճակատը բրգաձև ուռուցքներով, նեղ ու երկարաձիգ պատուհաններով: Շենքն արդեն ավարտված է, միջին մասն են պատրաստում: Նախիջևանի խաներից մեկն է շինել այդ շենքը մեչիտի համար, թերի է մնացել: Խորհրդային իշխանության հաստատվելուց հետո մեչիտի շենքը վեր է ածվել ակումբ-գրադարանի:
Մոտենում եմ բանվորներին. չնայած որ կանուխ է դեռ, բայց աշխատանքն արդեն սկսված է: Մի խումբ բանվորներ ցեխ են խառնում հարդի հետ, աղյուս պատրաստում: Ալևոր մի բաննահ, քթի տակ մի երգ մռմռալով պատ է շարում:
— Էս շենքը Աբաս խանի տղան էր ուզում շինել, հիմա տեսնում ես աստղը ճակատին, — ասում է ինձ բաննահ ծերուկը, ցեխոտ մատն ուղղելով դեպի շենքի ճակատը:
Կարմիր աստղը նախկին մեչիտի ճիշտ ճակատին:
Ծերուկը պատմեց ինձ, որ երբ կառավարությունը որոշում է շենքը ակումբի վերածել, սեյիդ Ղասում անունով մի մոլեռանդ հավատացյալ գիշերով ծածուկ մտնում է ներս, կրակ անում շենքի մեջ և սկսում բարձրաձայն աղոթել: Մյուս օրը քաղաքում լուր է տարածվում, թե մարգարեն իջել է մեչիտի մեջ և հայտնել սեյիդ Ղասումին, որ այդ մեչիտը «սուրբ» է. իհարկե «հրաշքը» պարզվում է, և սեյիդին ուղարկում են ուղղիչ տուն:
Այդ փոքրիկ հրապարակը քաղաքի ամենից սիրուն մասն է: Հրապարակից տարբեր ուղղությամբ փողոցներ են սկսվում: Հիմա շտկում են, դար ու փոս լեցնում, պատերը կոկում, սվաղում: Եթե այդպես թափով տարվի աշխատանքը, մի քանի տարուց հետո Նախիջևանը կդառնա մի սիրուն քաղաք:
Հրապարակի դիմաց այգին է, որի մոտով անցնում է սրընթաց, պղտոր գետակը, Նախիջևանի «Նեղոսը», որ իջնում է սարերից, արգավանդ տիղմ բերում և առատաձեռն փռում հարթավայրի վրա:
Բաժանվում եմ ալևոր բաննահից և դանդաղ քայլերով իջնում դեպի հրապարակ: Կանուխ է դեռ, հիմնարկները բաց չեն:
Ահա և բազարը, նեղլիկ փողոցների մի լաբիրինթոս, փոքրիկ կրպակներ՝ մսավաճառի կողքին դարբին, հացթուխի կողքին՝ կոշկակար: Ապրանքները շարել են խանութի առաջ. ներսում քիչ բան կա:
Էժանություն է, յուղ ու պանիր — որքան ասես: Առուտուրը իրար մեջ «ղռանի» հաշվով է, իսկ նորեկի կամ անծանոթ մեկի հետ՝ չերվոնեցով: Մի բան եք ուզում, նայում է նախ, մտածում, թե ի՞նչ ասի — «ղռա՞ն», թե «չերվոն»: Իրենց ծանոթ մարդկանց հետ ղռանով են խոսում ու կես ծածուկ բռի մեջ դնում ղռան կամ թուման: Առնում ու ծախում են ամեն ինչ. նպարավաճառը պղնձե ամաններ է առնում, նավթ ծախողը՝ գորգ ու կերպաս, որ հետո հարմար դեպքում կամ թանկ ծախի, կամ արտահանի Իրան: Առևտրական կապը Իրանի հետ շատ է ուժեղ. քարավաններ կան, որոնք հատուկ այդ գործով են պարապում և բերում ու տանում են, ինչ որ ձեռնտու է՝ պղինձ ու ճոթեղեն, կաշի ու միրգ և այլն:
Չայխանե եմ մտնում. աթոռներ չկան. տեղավորվում եմ գորգի վրա: Այցելուներ շատ ունի չայխանեն. նա և բորսա է, և հանդիպումների վայր, և լուրերի կայան: Երկու ջահել հազիվ են հասցնում թեյ տալ: Մոտենում է մեկը:
— Մի բաժակ թեյ, — ասում եմ:
— Քո՞ շաքարով, — հարցնում է տղան:
Ընդունված է այստեղ մի կտոր շաքար դնել գրպանում և օրը մի քանի անգամ մտնել չայխանե:
Նայում են ինձ հետաքրքիր: Ինձ զարմացնում է վարդերի առատությունը: Համարյա ամեն սեղանի վրա մի փունջ վարդ կա: Երևանում դեռ չկա, իսկ այստեղ յուրաքանչյուր ոք իր պարտիզում բացված վարդ ունի:
Գորգերի վրա ծալապատիկ նստած են, խոսում են, թեյ խմում, ծխում կամ ղայլան քաշում: Իմ գլխավերև կախված է ընկ. Կալինինի նկարը, ներքև՝ եվրոպական պատերազմի մի քարտեզ, որի վրա ճանճի աղտոտությունից ճերմակ տեղ համարյա չի մնացել:
Ներս մտավ ճպռոտ աչքերով, փսլնքոտ, պատառոտած աբան ուսերին, աղտոտ չալման գլխին փաթաթած մի մարդ, «սելյամ» տվավ և նստեց անկյունում: Երևում էր, որ շրջապատողները պատկառում են նրանից: Կողքիս նստողը շշուկով ասաց ինձ, որ եկողը «իմաստուն սեյիդն» է:
Միտս ընկավ ծերուկ բաննահի պատմածը սեյիդ Ղասումի մասին: Գուցե «նա ինքն է թագավոր փառաց»: Չգիտեմ ո՞վ Բաքվի թուրքական թերթում մի հոդված էր զետեղել չայխանեների մասին: Հոդվածագիրը շատ տեղին էր նկատել, որ չայխանեները ոչ միայն քաղաքական ասեկոսեների վայր են, այլև մի տեսակ «կլուբ» ուղղափառ հավատացյալների համար:
Դուրս եմ գալիս փողոց:
Մանուկների մի խումբ անցնում է շուկայով: Դպրոցական տղերք են, գրքերը թևի տակ. կանգնեցին մի խանութի առաջ, ուր արկղների մեջ դարսած է զանազան շաքարեղեն, կողքին էլ վանդակի մեջ մի կաքավ: Նայեցին ու անցան:
— Ճամփա տվեք, ճամփա՛, — հանկարծ ետևից լսեցի մի խրոխտ ձայն: Նեղլիկ փողոցներում ժողովուրդը քաշվեց մեկդի: Լսվեց թմբուկի ձայն ու երևաց կարմիր դրոշը, ամրացրած մի ձողի: Դրոշի ետևից ջահել մարդկանց մի ամբողջ շարան, որ քայլում էր հսկա թմբուկի զարկերի տակ:
Շարուրի զինվորացուներն են, գնում են զինվ. կոմիսարիատ ներկայանալու: Արևից սևացած ռանչպարներ, շատերը քաղաք չտեսած, զարմանքով նայում են շրջապատին, աշխատում շարքից դուրս չգալ և իրենց կեցվածքին զինվորական ձև տալ: Մի քանիսն էլ չուխաները մեջքին են կապել այնպես, ինչպես զինվորն է կապում շինելը: Յուրաքանչյուրի կրծքին կախված է կարմիր ժապավեն: Զինվորացուների ետևից գնում է մանուկների, թամաշա սիրող անձանց մի ամբողջ խումբ, որ աշխատում է ետ չմնալ: Ես էլ եմ խառնվում նրանց ու մի քանի րոպեից հետո թափորի հետ միասին հասնում զինվ. կոմիսարիատ:
Հավաքվում է ահագին բազմություն: Ահա և նվագախումբը: Ինձ ասացին, որ ընդամենը 15 օր է, ինչ կազմակերպել են նվագախումբ, որի ղեկավարը զանգեզուրցի մի եռանդուն տղա է:
Զինվ. կոմիսարիատի պատշգամբից դիմավորում են զինվորացուներին, ողջույնի խոսք են ասում զանազան ընկերներ: Զինվորացուների կողմից պատշգամբ է բարձրանում մեկը և խոստանում պաշտպանել բանվորի ու գյուղացու շահը:
— Մեզ Նիկոլայը սալդաթ չէր տանում, որ մութ մնանք, ուրիշ քաղաքներ չտեսնենք: Հիմա «Ղըրմըզը օրդուն» (Կարմիր բանակը) մեր սիրելի մայրն է, համ ուսում պիտի առնենք, համ էլ սովորենք պաշտպանել մեր երկիրը վտանգներից, թեկուզ այդ վտանգը Արազի մյուս ափի խան ու բեկերից լինի:
Ծափահարում են, «յաշասըն» կանչում, գդակները օդի մեջ նետում, նորից կանչում «ուռռա՛»: Նվագախումբը «Ինտերնացիոնալ» է նվագում. դեռ նոր են սովորել, նվագը մի քիչ խառն է, արևելյան շեշտով:
Միտինգը վերջացավ, զինվորացուների շարքերն անցան դեպի զորանոցները: Ժողովուրդը ցրվել սկսեց: Բոբիկ ոտքերով, կուրծքը բաց երկու պատանի, հազիվ 15 տարեկան, մոտեցան ինձ, ճերմակ թղթի մի կտոր ձեռքերին:
— Խնդիր գրի, որ մեզ ընդունեն Կարմիր բանակում կամավոր:
Ջահելների աչքերի մեջ կրակ ու եռանդ կա. հենց այստեղ դիմում եմ գրում. առնում են ու վազում դեպի զորանոց:
- * *
Արևն արդեն նեղում է:
Փողոցում անց ու դարձը պակասում է, մարդիկ ստվերոտ մի տեղ են փնտրում, որ մի քիչ շունչ առնեն, մինչև հովն ընկնի:
Գործ. կոմ. շենքի առաջ նստոտել են մի քանի հոգի: Ներս եմ մտնում: Հենց միջանցքում գետնի վրա ծալապատիկ նստել է մեկը և գրում է: Նրա կողքին նստել են մի քանի գյուղացի, որոնցից մեկը գրողին թելադրում է իրենց դիմումը:
Միջանցքում անց ու դարձ են անում սպասողներ: Այստեղ ամեն ինչ հասարակ է ու պարզ: Փոքր է երկիրը, պաշտոնյաների թիվը քիչ, բոլորն էլ ճանաչում են իրար, հիմնարկները համարյա իրար կից: Մի երկու ժամում կարելի է բոլոր հիմնարկներում լինել, տեսնել բոլորին, ուզած տեղեկությունն առնել ժող. կոմ. խորհրդի նախագահից մինչև հասարակ գործավարը: Պաշտոնյաների մեծ մասը տեղացիներ են, որոնց հականե հանվանե ճանաչում են գյուղացիք: Շատ անգամ հենց տեղն ու տեղը որոշում է կատարվում և խնդրին սպառողական լուծում տրվում:
Տալիս են ինձ թվական տվյալներ գավառի դրության մասին: Ամեն տեղ շինարար աշխատանք, դպրոցներ են բացվել, խրճիթ-ընթերցարան, ճանապարհներ են նորոգվում, կազմակերպվել է գյուղատնտեսական վարկի գործը, կոոպերացիան դանդաղ, բայց աջող գրավում է գյուղական շուկան և դուրս վռնդում չարչուն ու վաշխառուին: Այս տարի բամբակը ցանվել է որոշվածից ավելի:
— Եթե Ժամանակին վարկ ստանայինք, մեկին երկու ավել կցանեինք, որովհետև անցյալ տարի գյուղացիք տեսան բամբակի օգուտը, — ասում են ինձ:
Հատուկ ուշադրություն է դարձված բժշկա-սանիտարական գործին: Մի քանի կարևոր կենտրոններում մտցված են բժշկական կայաններ: Գյուղացիք իրենք ընդառաջ են գնում իշխանության շինարար աշխատանքին, տրամադրում շենքեր, բանվորներ, հաճախ ծախսի մի մասը վերցնում իրենց վրա:
Շինարար աշխատանքի մասին գիտեն և Արազի մյուս ափին ապրող խեղճ ու կրակ գյուղացիք, որոնք դարերից ի վեր տքնում են, աշխատում անդուլ և իրենց ամբողջ վաստակը խան ու սարդարի տալիս: Հողային հարցի աջող և արագ լուծումը, բեգական հողերի գրավումն ու հողահավասարեցումը լավագույն ագիտացիոն ազդակներ են այդ չարքաշ գյուղացիների համար, որոնք Արազի մյուս ափից կարոտով են նայում, թե ինչպես հալալ և ազատ ապրում է Նախիջևանի գյուղացին առանց բեգի ու խանի:
Շատ է պատահում, որ մյուս ափից փախչում են և գալիս բնակվում Նախիջևանի շրջակայքում, դառնում խորհրդային քաղաքացիներ:
Նախիջևանի շրջանը հարստանալու բոլոր պայմաններն ունի:
Հողը բերրի, կլիման նպաստավոր բարձր կուլտուրաներ մշակելու համար, հողի սակավություն չկա, հռչակավոր աղահանքերը խոշոր եկամուտ են տալիս, Պարսկաստանի հարևանությունը թույլ է տալիս արտահանման և ներմուծման:
Անցնում եմ դեպի քաղաքի ծայրամասը: Ավերակ տներ, համարյա ամեն քայլափոխի հողակույտեր աջ ու ձախ: Ջարդված աղյուսների կույտերի վրա աչքիս են ընկնում հին փալասներ, փռված արևի տակ: Մոտենում եմ մի խորշի. երևում է, որ գետնափոր տներում մարդ է ապրում: Կուզե-կուզ իջնում եմ սանդուղքներով: Գետնափոր սենյակի մեջ ապրում է մի ամբողջ ընտանիք. մի քանի աման, մի կուժ, մի երկու փալաս և իրենց վրա եղած ցնցոտիները՝ ահա նրանց սեփականությունը:
Նախկին բնիկներ են, որ ազգամիջյան կռիվների ժամանակ գաղթել են, թալանվել, հրմա նորից վերադարձել են ավերակները շենացնելու:
Անցնում եմ առաջ. ականջիս է հասնում մեքենայի անիվի ձայնը: Մոտենում եմ մի փոքր շինության, նայում եմ պատուհանից ներս:
Տպարանն է:
Ներս եմ մտնում ուրախ, որ այդ քանդված տների մեջ տեսա կենդանի մի անկյուն, ուր աշխատանք կա, աղմուկ ու երգ: Տեղական թերթի խմբագրատունն է՝ «Շյարք Գափուսի» (Արևելքի դռներ):
Ավելի հարմար անուն չկա թերթի համար: Իրոք որ Նախիջևանը Արևելքի դռներից մեկն է: Թերթը երեկոյան պիտի լույս տեսնի, շտապ երեսներն են կապում, որ հասցնեն: Օրաթերթ չէ, աշխատակից քիչ կա, գրելու ժամանակ չունեն: Բայց թերթն արդեն իր թղթակիցների խումբն ունի, ճանապարհը հարթված է, նույնիսկ հեռավոր գյուղերում է ստացվում:
Գրաշարներից մեկին հարցնում եմ նոր տառերի մասին.
— Ե՞րբ պիտի լինի, — լսել ենք դրա մասին, բայց դեռ չենք տեսել: Մի քիչ մոլլաները կնեղանան, բայց հուպ կտանք, — ասում է նա և ծիծաղում:
Լատինական շրիֆտ դեռ չկա: Նոր միայն ստեղծվել է մի հանձնաժողով այդ նպատակով: Հարց ու փորձ եմ անում թերթի տիրաժի մասին:
— Մեկ-մեկ տալիս ենք ուղտապաններին, Արազի մյուս ափն են անցկացնում մեր թերթից մի քանի հատ: Էս էլ մեր կանտրաբանտը, — ժպտալով ասում է գրաշարներից մեկը:
Հարցնում են դրսի աշխարհից: Մեկը բավական զարգացած, ինքնուս տղա է: Երբեմն թերթում հոդվածներ է տալիս:
Լրագրի հին համարներից մի քանի օրինակ նվիրում են ինձ, ցույց տալիս կարևոր հոդվածները:
— Էս էլ մեր Մեհտու գրածն է քյաբինի դեմ:
Մեհտին գրաշար է, Հակակրոնական պրոպագանդայի ակտիվ մասնակից, սեյիդ ու մոլլայի թունդ հակառակորդ:
Հեռանում եմ այդ կուլտուրական անկյունից, ուր մի քանի հոգի ռումբեր են պատրաստում՝ Արևելքի սեյիդ ու խանի մեչիտն ու քյոշքը պայթեցնելու:
Հոգնած իջնում եմ կայարան: Ցերեկվա տպավորությունները խռնվել են գլխիս մեջ, աչքիս առաջ է փոքրիկ շինությունը քանդված տների թաղում, ուր մի քանի հոգի շարում են «Շյարք Գափուստ»-ի փոքրիկ համարները, իսկ մեքենան ժիր ու աղմուկով տպում է, դարսում սուր սլաքները կարմիր, որոնք տարածվում են Արևելքի դռներից այն կողմ՝ Արազից դեն, ուր կամաց-կամաց զարթնում է Իրանի չարքաշ ռանչպարը:
Միտս ընկան շարուրցի նորակոչ զինվորի խոսքերը, թե`
— Սովորենք պաշտպանել մեր երկիրը վտանգներից, թեկուզ այդ վտանգը Արազի մյուս ափի խան ու բեգերից լինի: