«Ողջամիտը» դուրս է ողջամտության շրջանակից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
«Ողջամիտը» դուրս է ողջամտության շրջանակից

Արա Պապյան

Խոսելով հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների վավերացման հնարավոր ժակետի մասին՝ իրենց քաղաքական գործիչ համարող որոշ պաշտոնյաներ խրոխտ ձայնով հայտարարում են, որ հայ-թուրքական, ըստ իրենց, կարգավորումը պետք է տեղի ունենա «ողջամիտ ժամանակահատվածում»: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջանում պարզելու՝ արդյո՞ք միջազգային իրավունքի մեջ առկա է «ողջամիտ ժամանակահատված» հասկացության հստակեցված տևողություն:

«Ողջամիտ ժամանակահատված» եզրույթն ունի, թեև ոչ հաճախադեպ, սակայն որոշակի կիրառություն միջազգային հանրային իրավունքի մեջ: Օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (European Convention on Human Rights) 5-րդ և 6-րդ հոդվածները երաշխավորում են կալանքի կամ ձերբակալության մեջ գտնվող անձի դատավարությունը «ողջամիտ ժամանակահատվածում»: (“Everyone arrested or detained … shall be entitled to trial within a reasonable time or release pending trial”. Article 5(3). “Everyone is entitled to a fair and public hearing within a reasonable time”. Article 6(1).)[1] Ակնհայտ է, որ նման ձևակերպումն ունի բավարար ճկունություն և հնարավորություն է տալիս վերոհիշյալ բազմակողմ փաստաթուղթը դարձնել առավել ներառական և այն կիրառելի դարձնել դատական տարբեր համակարգերի համար: Այսուհանդերձ, «ողջամիտ ժամանակահատված» բառակապակցության գործածումը երկկողմ փաստաթղթերում, որտեղ ամրագրվում են միայն փոխադարձ պարտավորություններ, տրամաբանական և բնավ ցանկալի չէ: Առավել ևս, հաշվի առնելով թուրքերի սեփական պարտավորություններն ուրանալու և խոսքը դրժելու դարավոր ավանդույթը, նման բան ընդհանրապես անընդունելի է նրանց հետ հարաբերություններում:

Բելգիացի ժամանակակից մեծագույն իրավագետ Օլիվյե Քորտենը (Olivier Corten) «ողջամիտ» եզրույթի հիմնական բնութագրիչն իրավացիորեն համարում է նրա «վերացական երկիմաստությունը» (profound ambiguity):[2] Այսինքն, միջազգային հարաբերություններում նման ժամկետորոշիչի գործածումը որևէ հստակեցում չի մտցնում երկկողմ փաստաթղթի կիրարկման հարցում: ՄԱԿ-ի Արդարության միջազգային դատարանը (UN International Court of Justice) Մայրցամաքային ափեզերքի (Թունիսն ընդդեմ Լիբիայի) դատական գործի մեջ մեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ տվել է հետևյալ մեկնաբանությունը. «որևէ դատական գործում որոշելը՝ ի՞նչն է ողջամիտը և անաչառը, պետք է կախված լինի տվյալ գործի հանգամանքներից» (“what is reasonable and equitable in any given case must be depend on its circumstances”):[3] Այսինքն, ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանը միանշանակորեն ամրագրել է, որ «ողջամիտ» հասկացությունը խիստ հարաբերական է և միջազգային հանրային իրավունքի մեջ այն չի կարող ունենալ համընդգրկուն և միանշանակ մեկնաբանություն:

Այսինքն, եթե հայկական կողմի համար «ողջամիտ» ժամանակահատվածը տրամաբանորեն, օրինակ, կարող է լինել 3 ամիսը, ապա նույնքան տրամաբանորեն «ողջամիտը» թուրքական կողմի համար կարող է լինել 3 տարին:


Հղումներ և ծանոթագրություն

  1. Basic Documents in International Law (ed. Brownlie I.), Oxford, 1989, p. 323.
  2. Corten O. The Notion of “Reasonable” in International Legal Discourse, Reason and Contradictions. Int Compar Law Quart 1999;48(3):613.
  3. Continental Shelf (Tunisia/Libyan Arab Jamahiriya) I.C.J. Re. 1982, §60.


4 հունվարի, 2010թ.