Jump to content

Աբգարենց Իվանի դատը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԲԳԱՐԵՆՑ ԻՎԱՆԻ ԴԱՏԸ

1

Գյուղում Աբգարենց Իվանից հարուստը չկա։ Ձիեր ունի, եզներ, բաղ ու բոստան, տարին 2 բատրակ է պահում, իսկ գարունքին մի չոբան էլ ավել է վարձում` ոչխարը սար տանելու համար։

Ձմեռն էլ պարապ չի նստում, ուշքը փողի վրա է, մի քանի մանեթ աշխատելու։ Ձեռաց փող է տալիս, առանց մուրհակ, մանեթին քսան-երեսուն կոպեկ էլ վրա դնում։ Ոչխար է մորթում, եզ ու կով առնում, ծախում, մի խոսքով, մի ձեռքը միշտ փողի հետ է խաղում, մյուսը՝ ամբարների բանալիների հետ։

Աբգարենց Իվանի ավել անունը դրել են «քյասիբ ուտող»։

— Էդ կայքդ ո՞վ ա ուտելու, Իվան, ժառանգ էլ չունես,— հարցնում էին գյուղացիք, երբ աշխատանքից ազատ ժամերին զրույց էին անում պատի տակ։

Իվանը խեղճ էր ձևանում, վիզը ծռում և կամաց ասում.

— Է՜, ինչ ունեմ, որ է… Երկու լղար եզ, մի քանի կով։ Էն ա, ծախում եմ, տուրքը տամ…

— Դե լավ, լաց մի լինի, մեզ էլ չես խաբելու, Իվան,— ասում էին գյուղացիք։

Իվանը մի հոգս ուներ՝ ժառանգ ունենալ։ Եվ երբ այդ հարցը տալիս էին նրան, թե կայքդ ով պիտի ուտի, խեղճանում էր, մտքում նզովում իր չբերք կնոջը, տուն դառնալիս ուշունց տալիս դարդից դեղնած կնոջը։

Իվանը մտքում դրել էր ժառանգ ունենալ, թեկուզ ուրիշ կնոջից։

2

Մի ուրիշ հոգս էլ ուներ Աբգարենց Իվանը, նոր տուն շինել։

Նստել, հաշիվ էր արել, թե ի՞նչ պիտի նստի տունը. հաշվել էր և ձեռքի փողը, բայց ոչ ոքի չէր ասել, թե ինքը իր տունը կշինի ունեցած փողով։

Մի քանի օր հետո Իվանը, իրիկնադեմին, իր կալի մոտ խոսեց հարևան Սրապի հետ։ Սրապն աղքատ էր, կայքը վառեիր՝ ծուխ էլ չէր բարձրանա։

— Սրապ, ուզում ե՞ս հարստանաս,— ասաց Իվանը։ Սրապը զարմացած նայեց։

— Էգուց կացինն առ, գնա անտառում գերաններ պատրաստի տանս համար, գիշերով բեր։

— Բա բիլե՞թ,— հարցրեց Սրապը.

— Առանց բիլեթ, ծածուկ բեր.

— Բա որ բռնե՞ն,— էլի հարցրեց Սրապը։

— Ա, տնաշեն, բռնեն, քեզ ի՞նչ պիտի անեն, ինչ ունես, որ ի՞նչ տանեն։ Չես իմացե՞լ, որ էս կառավարությունը աղքատի համար է հոգս քաշում, դու էլ աղքատ ես էլի…

Սրապը մինչև միտք կաներ, Իվանը նրա ձեռքում մի քանի արծաթ դրեց, արծաթից Սրապը տաքացավ։ Տանը հաց չկար, շոր չկար։

— Լավ,— ասաց։ Եվ գիշերով կացինն առավ, գնաց անտառը։

3

Սրապը տասներկու գերան կտրել էր, վեր գցել, կլպել։ Երեքն էր մնացել։ Քրտինքը փրփուր էր դառել, Սրապը չէր բեզարում։

Երբ վերջին ծառը ընկավ, Սրապը կռացավ, որ ճյուղերը կտրատի, ոտնաձայնի վրա ետ նայեց։ Ծառի մոտ անտառապահն էր կանգնել։

Սրապը գունատվեց, կացինը ձեռքից վեր ընկավ։ Երկու օր հետո, անտառապետի կազմած արձանագրությունը դատարան գնաց։ — Իվան, տունս քանդեցիր, խայտառակ արիր,— ասում էր Սրապը։

— Բան չկա, կասես, որ քեզ համար ես կտրել։ Աղքատ ես, բան չեն առնի, կներեն,— սիրտ էր տալիս Իվանը։

Դատարան գնալուց առաջ Աբգարենց Իվանը գիշերով Սրապի տունը երկու փութ ցորեն ուղարկեց, նոքարին պատվիրեց թե՝

— Ասա, որ կալին էլ կտա…

4

Դատավորը հարց ու փորձ էր անում Սրապին։

— Ինչո՞ւ ես բերել, քեզ համար է, թե չէ։ Ասում եմ, սուտ որ ասես, օրենքը քեզ խիստ կպատժի,— ասաց դատավորը։

Սրապը հանկարծ հետ նայեց։ Իվանը նստել էր առաջին շարքում, որպես թամաշա անող։ Սրապը նայեց Իվանին, Իվանը աչքով արեց.

— Պիտի ասեմ, Իվան, պիտի ասեմ։ Հոգուս վրա մեղք մի դնի, ես անմեղ եմ։

Եվ բոլորը պատմեց։ Հետո մոտեցավ դատավորին.

— Ահա չորս աբասին, երկու փութ էլ ցորեն կա տանը, ձեռք չեմ տվել…

Դատավորը, թե՝

— Ապրե՛ս, Սրապ։

Երկու օր հետո Իվանին պիտի դատեին։

Ժառանգ ունենալուց ավելի ծանր հոգս թվաց Աբգարենց Իվանին դատը, որ երկու օր հետո պիտի լիներ։