Jump to content

Ագրոսեկցիաների քարտուղարության համամիութենական պլենումի աշխատանքներից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ագրոսեկցիաների քարտուղարության համամիութենական պլենումի աշխատանքներից

ԱԳՐՈՍԵԿՑԻԱՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԼԵՆՈՒՄԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ

Այս տարվա հունիսի վերջերին Մոսկվայում գումարված գյուղանտառի ագրոսեկցիաների քարտուղարության համամիութենական պլենումը քննության առավ մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են ագրոնոմների աշխատավարձին և կենցաղի բարելավման, ագրոսեկցիաների աշխատանքների աշխուժացման, գիտական գործուղումներին և այլն։ Պլենումին մասնակցում էին միության նահանգային և հանրապետական ագրոսեկցիաների քարտուղարներն ու ներկայացուցիչները։

Առաջին խնդիրը, որով պլենումը զբաղվեց, սեկցիաների կանոնադրության հաստատումն էր։ Մինչ այժմ սեկցիաները հատուկ կանոնադրություն չեն ունեցել, և այդ հանգամանքը քիչ չէ ազդել նրանց աշխատանքների վրա։ Տեղերի զեկուցումներից երևաց, որ ագրոսեկցիան մի տեղ բացառապես զբաղվել է արհեստակցական բնույթ կրող խնդիրներով, մի տեղ՝ զուտ գիտական խնդիրների ուսումնասիրությամբ, չհոգալով աշխատավարձի, աշխատանքի ընթացքում եղած թերությունների վերացման մասին։ Պլենումի ընդունած կանոնադրությունն առանձին ուշադրություն է դարձնում սեկցիաներում արհեստակցական բնույթ կրող խնդիրների վրա և ապա, երկրորդ հերթին, ուշադրության առնում գիտական-ուսումնասիրական խնդիրները։

Նոր կանոնադրության համաձայն, ագրոսեկցիան սերտ կապ է հաստատելու մյուս արհեստակցական միությունների սեկցիաների հետ (ինժեներների և այլն)՝ լուծելու համար ընդհանուր բնույթ կրող հարցերը։ Սեկցիան իր անդամների աշխատանքի և կենցաղի խնդիրների շուրջը բանակցելու է զանազան հիմնարկների հետ, մասնակցելու է այն կոնֆլիկտներին, որոնք առաջանում են ագրոնոմների և տնտեսական հիմնարկների մեջ, կազմակերպում է պետական-տեխնիկական խմբակներ, մասնակցում է խրճիթ֊ընթերցարանների աշխատանքներին, հիմնում է գյուղանտառ միության մասնագետների համար ակումբ, գիտական ընկերություններ, փոխադարձ օգնության դրամարկղ, նաև հատուկ ֆոնդեր՝ իր անդամների մեջ գիտական-կուլտուրական աշխատանք տանելու համար։


Ագրոսեկցիաների միջոցներն ուժեղացնելու համար անդամներից գանձվելու է աշխատավարձի 1 %-ը։ Այգ գումարները բացառապես հատկացվելու են մասնագիտական գրականություն ձեռք բերելու, հրատարակչական նպատակների, սեկցիայի անդամների համար էքսկուրսիաներ կազմակերպելու և միանվագ օգնություն ցույց տալու իր անդամներին։ Մնացած աշխատանքների համար նյութական միջոցներ տալու է գյուղանտառ միությունը՝ սեկցիայի վարձու պաշտոնյաներին ռոճիկ տալու, հանգստյան տներ հիմնելու, պարբերաբար պլենումներ գումարելու, կուրորտային օգնության, գիտական գործուղման նպատակով և այլն։ Այդ նպատակին են ծառայել մինչև այժմ սեկցիայի միջոցները։

Աշխատավարձի խնդիրն ևս պլենումի քննության առարկա դարձավ։ Տեղերի զեկուցումներից պարզվեց, որ զանազան նահանգներում ու հանրապետություններում նույն աշխատանք կատարող ագրոնոմը տարբեր ռոճիկ է ստանում։ Համեմատաբար ավելի վատ դրության մեջ են շրջանային ագրոնոմները։ Որովհետև գյուղատնտեսության վերելքը հրամայական ձևով դրել է բարձր որակ ունեցող ագրոնոմների անհրաժեշտությունը, պլենումը որոշեց լավացնել ագրոնոմների նյութական վիճակն ու կենցաղը, հարմարություն ստեղծելու մասնագիտական որակը բարձրացնելու համար։ Թեկուզ 26 թ. մասնակի լավացում է նկատվել, բայց այդ քիչ է եղած կարիքը մեղմելու։

Պլենումը նոր քարտուղարությանը հանձնարարեց Միության գծով այս տարի ուշադրություն դարձնելու՝ 1. աշխատավարձի, 2. փոխադրական միջոցների, 3. բանվորական նորմալ օրի, 4․ շրջանային ագրոնոմների իրավունքների և պարտականությունների և 5. գյուղում ապրող ագրոնոմի բնակարանային պայմանները լավացնելու վրա։ Առաջին հերթին պիտի ավելացնել շրջանային ագրոնոմների ռոճիկը, աշխատավարձի խնդրում պլենումը հանգավ այն եզրակացության, որ կրթական ցենզից բացի պիտի նկատի առնել և ստաժը, տեղական պայմանները: Մի ամսվա արձակուրդի խնդիրը, թեկուզ լուծված է դրական իմաստով, սակայն շատ տեղերում չի կիրառվում: Պլենումը կտրուկ որոշում հանեց այն իմաստով, որ միամսյա արձակուրդ պիտի ստանան մյուս մասնագետների շարքում և ագրոնոմները։ Բավական տաք վիճաբանության նյութ դարձավ և նորմալ բանվորական օրվա խնդիրը։ Անշուշտ, դժվար է գյուղական պայմաններում խստորեն կիրառել 8 ժամը, երբ ինքը՝ գյուղացին, աշխատում է շատ ավելի։ Բայց և անարդար է այն, որ ագրոնոմին ծանրաբեռնում են զանազան ընթացիկ աշխատանքներով (հանձնաժողովներ, վիճակագրություն և այլն), որ նրա անմիջական պարտականությունը չէ։ Նորմալ բանվորական օրվա մասին պլենումի որոշումը պիտի հասկանալ հենց այդ իմաստով էլ, այսինքն՝ նման ընթացիկ աշխատանքներով ագրոնոմին չծանրաբեռնելով։

Ագրոնոմներին հեռացնելու դեպքում ագրոսեկցիայի կարծիք հարցնելը, պլենումի որոշմամբ՝ համարվում է անհրաժեշտ։ Բացի այդ, մասնակցելով զանազան տնտեսական հիմնարկների աշխատանքներին, ագրոսեկցիան, նոր կանոնադրության համաձայն, Միության գծով կարող է այս կամ այն պաշտոնի համար իր անդամներից թեկնածու առաջարկել, առաջ քաշելով ընդունակ և գործունյա ագրոնոմներին, որովհետև գյուղանտառի մեջ կան և այնպիսի անդամներ (օրինակ՝ բատրակները), որոնց մեջ ամենից շատ կուլտուրական աշխատանք տանելու կարիք կա, ուստի և պլենումը որոշում հանեց այդ մասին, հանձնարարելով ագրոնոմներին տանել որոշ աշխատանք և գյուղատնտեսական բանվորների մեջ։ Տեղերի հետ կապն ավելի ուժեղացնելու համար պլենումը որոշեց հատուկ ուշադրություն դարձնել «Ագրոնոմ» ժուռնալի[1] հրատարակությանը, քանի որ այդ ամսագիրը, լինելով համամիութենական քարտուղարության օրգանը, արծարծում է այնպիսի խնդիրներ, որոնք անմիջական առնչություն ունեն ագրոնոմների կենցաղի, աշխատավարձի և աշխատանքի պայմանների հետ։ Նոր կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր տարի գումարվելու է ագրոաշխատավորների կոնֆերանս, քննելու այն խնդիրները, որոնք կապված են ագրոսեկցիաների անմիջական անելիքների հետ։

Եթե համեմատության ենք դնում մեր երկրի ագրոաշխատավորների ընդհանուր վիճակն ու աշխատանքի պայմանները մյուս հանրապետությունների ու նահանգների ագրոնոմների դրության հետ, տեսնում ենք, որ մենք էլ որոշ հաջողությունների և առավել կողմերի հետ ունենք և ընդհանուր պակասություններ։ Եթե մեզանում աշխատավարձն ընդհանուր առմամբ տարբեր է (ռուսական մի քանի նահանգներում շրջանային ագրոնոմները ստանում են 40— 50 ռ.), փոխադրական միջոցների պակասն էլ նույն չափի է, ինչպես և մյուս նահանգներում։ Փոխադրական միջոցների պակասի մասին գանգատվում էին այնպիսի նահանգների ներկայացուցիչներ, ինչպիսին են՝ Մոսկվան, Կիևը, Խարկովը, որտեղ հարուստ նյութական միջոցների կողքին կան և մի քանի հազար անդամ ունեցող ագրոսեկցիաներ։ Բնակարանային պայմաններն էլ համարյա նույնն են, գյուղում կուլտուրական միջավայր չկա, հարմար շենք չկա, շատ անգամ ագրոնոմն ինքն է իր կերակուրը եփում, շատերը լրագիր չեն ստանում, տարիներ շարունակ կտրված մնալով մասնագիտական գրականությունից, գիտական նորություններից՝ ետ են մնում, որից տուժում է նրա և՛ պատրաստականությունը, և՛ մասնագիտական որակը։ Թույլ է և բժշկական օգնության գործը։ Մի քանի նահանգներում հազիվ են կարողացել շրջանային ագրոնոմների համար ձեռք բերել արտահագուստ։ Ընդհանուր բացերից է և այն, որ մնացած մասնագետների կողքին ամենից քիչ կուրորտային օգնություն է ստանում ագրոնոմը, մանավանդ գավառակներում աշխատողը, որ աշխատանքի ծանր պայմաններում արագորեն հյուծվում է, հոգնում և առողջության վերականգնման կարիքն զգում։

Սովորաբար, տարածված կարծիք է այն, որ ագրոնոմը աշխատում է «բնության գրկում, ծառերի ու ծաղիկների մեջ», հետևաբար կազդուրվելու կարիք չունի։ Սակայն պլենումի աշխատանքներից երևաց, որ այդ սխալ է, որ ագրոաշխատավորների մեջ էլ կան բավական մեծ տոկոս թոքախտավորներ, կուրորտի կարիք ունեցող մարդիկ։ Այդ նպատակով՝ պլենումն որոշեց համապատասխան հիմնարկների միջոցով հիմնել իր սանատորիան՝ բոլոր ագրոնոմների համար, իսկ տեղերում՝ հանգստյան տներ։

Պիտի ասել, որ թեկուզ ագրոսեկցիաները 24 թվից են աշխատում. սակայն չեն կարողացել ընդգրկել ագրոաշխատավորների բազմությանը:

Եվ այդ պիտի բացատրել ոչ միայն նյութական միջոցների պատճառով, այլև ծրագրային անորոշությամբ։ Ոչ բոլոր նահանգներում ու հանրապետություններում կան սեկցիաներ, մի քանի տեղերում միայն 26 թվից են կազմվել։ Բայց այս տարի նկատելի է ընդհանուր աշխուժություն։ Սեկցիաների աշխատանքն ավելի խորանում է, սեկցիաներ են կազմվում և գավառներում։ Մի քանի նահանգներում կնքել են կոլեկտիվ պայմանագիր, ուսումնասիրել են կենցաղը, ունեն իրենց փոխադարձ օգնության դրամարկղը, մասնակցել են տնտեսական և պլանավորման հիմնարկների ու հանձնաժողովների աշխատանքներին։ Պլենումից հետո վերջանում է ագրոսեկցիաների կազմակերպչական շրջանը, քանի որ որոշակի ծրագիր կա, գծված է իրավունքների և պարտականությունների սահմանը, հայտնի է այն փոխհարաբերությունը, որ կա սեկցիայի և գյուղանտառ միության, ինչպես և մյուս սեկցիաների (հողաշինարարական և անտառային աշխատավորների) միջև, և, վերջապես, գանձվում են նյութական որոշ միջոցներ թե 1 տոկոսային մուծումներից և թե գյուղանտաոի միանվագ նպաստներից։

Այդ բոլորը գրավական են ագրոսեկցիաների խորացրած աշխատանքի հաջողության, որպիսի համոզումով և տեղերը վերադարձան ագրոսեկցիաների քարտուղարության համամիութենական պլենումի պատգամավորները։

  1. 1