Jump to content

Ազգային վիճակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ազգային վիճակ


Հառա՛ջ, հայություն, հառա՛ջ, ազգություն,
Լուսավոր դարուս գաղափարներով.
Ատի՛ր, ազգ անգին, խավար տգիտություն,
Մի՛ տար քեզ խաբել խարդախ խոսքերով։
5 Կորի՛ր, դու խավար և տգիտություն,
Կորե՛ք գարշելի ձեր ծնունդներով.
Մինչ ե՞րբ մեր վերա այս վայրենություն
Պիտի բռնանա գոռոզ ճանկերով։
Եղբայր է նա մեզ, որ ճշմարտության
10 Զինվորված այսօր զորավոր սրով՝
Կամի քայքայել կապանք գերության,
Խավարի բանտը փլատակելով։
Բավական է մեզ, որքան բթացած,
Արհամարեցինք մարդկության բարիք.
15 Այո՛, բավական, որքան կուրացած,
Կտրեցին կյանքից մեզ անկյանք մարդիկ։
Այսուհետև Սեր դեպ ի գիտություն,
Որ առհավատչյա է բարօրության.
Այսուհետև Կամք և Աշխատություն,
20 Որ մի ծնունդ է առաքինության։
Հանդիսացեք Լույս և ճշմարտություն,
Թո՛ղ փախչի գիշեր մռայլված սրտերի.
Հաղթի՛ր, խորտակիր, բանականություն,
Մոլար կարծիքներ, որդիք խավարի։
25 Ա՛զգ բազմաչարչար, դու ա՛զգ Թորգոմյան,
Թո՛ղ անշարժություն այդ քո մահակիր.
Դե՛պ ի ասպարեզ առաքինության.
Մոտենում է քեզ ավետյաց երկիր։
Աստվածեղեն աջ մարդկության Փրկչին
30 Լինելու է քեզ առաջնորդ հզոր.
Դեպ ի կրթություն հանուն սուրբ Խաչին.
Ա՛յդ է պահանջում դարըս լուսավոր։
Մա՛հ Զոյիլներին, նախանձով վառված,
Աքսոր ու կորուստ Վեստ-Սարգիսներին.
35 Դոցա համար լույս տգիտահալած
Դարձել է մի ժանտ դահիճ դառնագին.
Դոքա անձնական օգտին պարապած՝
Իրավունքն ազգի զարկել են գետին
Եվ սուտ հայությամբ դիմակավորված՝
40 Փոսեր են փորում բարի մարդերին։
Առողջ մտածողն աղանդավոր է։
Ճշմարիտ խոսողն՝ Հայի ոխերիմ:
Ինչ որ Հային Է. այն երկ՛նքից է,
Դա՛տ արա սոցա, Տե՛ր իմ, աստված իմ։
45 Միայն կաշառվածն անարդ արծաթից
Կարող էր այդպես խորհել ու մտածել,
Միայն մոլորվածն կեղտոտ ախտերից
Կարող է այդպես յուրյան փայփայել։
Նզովյա՛լ է նա և միշտ նզովյալ,
50 Որ քարոզել է սուտ ազգայնություն,
Որ ազգի առջև դարըս լուսափայլ
Խավար է կոչել և տգիտություն։
Թունավորված են օրերս վշտալի
Ազգիս անզգա շահամոլներից.
55 Տեսնելով ձեր գործք, ով ծնունդ իժի,
Արյուն է կաթում իմ խարշած սրտից,
Սրբություն պղծած, հավատ կաշառած,
Ազգ ու հայրենիք անարգ վաճառված.
Կա՛րգ, օրե՛նք, պատի՛վի բոլորն ոտնակոխ,
60 Ամեն տեղ դժոխք, մատնություն ու ոխ:
Հուսահատության սևամած ամպեր
Ալեկոծվում են իմ սրտի վերա.
Ո՜հ, ի՜նչ դառն վիճակ, ի՛նչ տխուր ժամեր,
Անիծյա՛լ լինիր, մարդի՛կ անզգա։
65 Ո՞ւր որդիական արտասուք ու սեր,
Ո՞ւր ցավակցության դառն հառաչանքներ.
Մի՞թե ձեր խեղճ մոր գերության շղթան
Զգալի չէ ձեզ, որդի՛ք չարության։
Ա՜խ, եթե, Հայ ազգ, մի օր կամ մի ժամ
70 Աստված պարգևեր քեզ միտք խելարի,
Դու կտեսնեիր, որքա՜ն անզգամ
Մարդիկ կան քո մեջ անկյա՛նք, անհոգի՛։
Դու կտեսնեիր, որ քո չորս կողմում
Օձեր են բնակվում, դահի՛ճք կորստյան,
75 Որ անխիղճ որդիքդ արյունդ են ծծում,
Մահ քեզ խնդրելով, անբախտ Հայաստան։
Նյութապաշտությունն մահու կապանքով
Խեղդել է դոցա ծանըր լծի տակ.
Ձեռներն ու ոտներ պինդ կաշկանդելով՝
80 Վարում է անգյուտ կորստի հատակ։
Ոսկի ու արծաթ, արծաթ ու ոսկի՝
Ահա մտածմունք քո ընտրյալների.
Սոքա են նոցա էության կենդրոն,
Կյանքի նպատակ, Աստված ու Կրոն։
85 Ո՜վ ազատություն, սուրբ աքսորական,
Զոհելու եմ քեզ իմ անձս հավիտյան։
Թո՛ղ ստրկացած դարերով մարդիկ
Դնեն իմ վերա նզովքի կնիք։
Թո՛ղ սրե չար լեզուն անզոր թշնամին,
90 Թափելով վերաս թունավոր սլաքներ.
Ես պիտի խնդրեմ, ա՛զգ իմ, լալագին,
Ոտնակոխ՛ եղած քո իրավունքներ։
Ոչ ոք չէ՛ կարող հոգուս նպատակ
Ճնշել, խորտակել բռնության զենքով.
95 Ոչ սո՛ւր, ոչ արյո՛ւն, ոչ բա՛նտ, ոչ կայծա՛կ,
Ոչ նո՛ւյնիսկ գեհեն մշտավառ բոցով։
Թո՛ղ անմիտ մարդիկ փրփրան ու գոչեն՝
Անվեհեր հոգին կմնա միշտ ազատ։
Թո՛ղ ալիք ժայռը զարկեն ու կոծեն՝
100 Նա, ծաղր առնելով, կմնա միշտ հաստատ.
Բայց սպառեցե՛ք, որդի՛ք խավարի,
Կգա ձե՛ր վերա ահեղ դատաստան.
Նորան գրավելու չեն ոսկելի
Գանձերն ու պարկերն սև հարստության։
105 Կերթան, կանցանեն այս դառն օրերը,
Կգա երևան նոր ազգ, նոր կյանքով,
Նա կդատե ձեր վատթար գործերը,
Ամոթո՜ւ արձան ձեզ նվիրելով։

1861

 Խորհրդածություն բանաստեղծի▲ Վեր ▲