Ալիքների մի փունջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Եթե ուզենա Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա՝ Ալիքների մի փունջ

Վարդան Հակոբյան

Տիեզերականչ
ԱԼԻՔՆԵՐԻ ՄԻ ՓՈՒՆՋ


Ծառը ծովային պարզ ալիքների
Մի փունջ է ասես,
թե հովը դիպավ՝
Պիտի փշրվի ավազի վրա։
Իսկ ավազի մեջ,
Իսկ այդ ծառի տակ նստել է, ահա,
Ալիքներից էլ փխրուն մի աղջիկ։
Այնքան է փխրուն,
Որ առանց ճիգի
Պահվում է թեթեւ ալիքի վրա։
Արեւը ծառին
Դարձել է օրոր։
Ամբողջ մարմինս մի դող է բռնել
Եվ ես չգիտեմ՝ ինչ անել հիմա,
Ե՞րբ եմ եղել ես այսքան պատանի։
Ինչքան ուզում եմ չնայել այնկողմ,
Ուժս չի պատում.
Աղջկա երկու կրծքերի վրա
Ձիգ պտուկները ցցվել են ահա՝
անզուսպ ու սուրսայր,
Լողալիս՝ ջուրը պիտի ակոսեն.
(Աչքերս փակում
ՈՒ մեղավոր եմ դառնում կրկնակի),
Թե հանկարծ կրծքիս վրայով սահեն,
Նրանց «քերծվածքի»
Հետագծերը վրաս կերեւան։
Աղջիկը փակվում հայացքներիս մեջ
Շքեղությամբ իր
Երեսառած է դառնում ավելի։
Ես ե՞րբ եմ եղել այսքան պատանի։
Եվ ինձ ասում եմ՝
Թե նա զգեստներ ունենար հագին,
Դու կարո՞ղ էիր այնպես նայել, որ...
Որ ինքը իրեն մերկանար կամաց՝
Առանց զգալու, թե ինչ է անում...
Սակայն մերկ է նա
         ու հագին ունի
Ծովային ճերմակ մշուշից պոկված
Բարակ մի ծվեն՝
Շորը Եվայի։
Վեր կաց, խենթ աղջիկ,
Վեր, մտիր ծովը...
Թե չէ, ափսոս է,
Քեզ համար ծովը կելնի ափերից,
        կգա, որ գրկի
Քո ոտքին առած ավազները տաք
Եվ նոր ջրհեղեղ կլինի հանկարծ։
Փախչես էլ՝ ծովը
Քո հետքով կգա,
Ալիք առ ալիք, վազելով կգա։
Վեր կաց, խենթ աղջիկ,
Աշխարհը փրկիր...
Ծովափին,
Կապույտ, թանձր շոգի մեջ
Աճել է մի ծառ։
Եվ նա ծովային պարզ ալիքների
         մի փունջ է ասես,
Թե հովը դիպավ՝
Պիտի փշրվի օրերիս վրա։