Jump to content

Ահա թե ինչու

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ահա թե ինչու
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 369
ծ. ― էջ 628

կգա կոտորածի առաջ կարեկցություն ու պաշտպանություն աղերսող հայ ժողովրդին։

Էսպես գիտեմ ես մեր արյունոտ պատմությունից, էսպես է ասում ինձ Փոքր Ասիայի ու Կովկասի զարհուրելի տարեգրությունը, էսպես է խոսում ինձ հետ հայոց գրականությունն ու իրականությունը, էսպես է թելադրում ինձ իմ հասկացողությունն ու խիղճը։

Արդ, «Հովիտ» շաբաթաթերթի 38 №-ում, պ. Գ. Ենգիբարյանը, ինձ «մեր սիրելի բանաստեղծն» անվանելով հանդերձ, էնպես է դուրս բերում, իբրև թե ես տաճկահայերին ապստամբության եմ դրդել իմ հոդվածում, կասկածի է ենթարկում իմ անկեղծությունը ու շատ է նեղանում, որ ես էս տեսակ մտքեր ու դատողություններ եմ արտահայտում։

Այո՛, սխալ, և շատ սխալ կարող են լինել իմ մտքերը, ինչպես կարող են սխալ լինել և իրեն, պ. Ենգիբարյանի մտքերը, բայց ո՞րտեղ է տաճկահայերի ապստամբության ակնարկն իմ հոդվածում, և կամ ի՞նչն իրավունք տվեց «Հովիտի» աշխատակցին անկեղծության ու ստի խոսք հարուցանելու։

Մի՞թե էդպես են խոսում «սիրելի բանաստեղծների» հետ…

Հիրավի, էս ի՞նչ այլանդակ սովորություն է մեր աշխարհքում․ մարդկանց դեմ խոսելիս, պարզ ասածը խեղաթյուրել, ստեր փաթաթել դիմացինի վիզը, ապա մի անգամ փաթաթած զրպարտությունը զարգացնելով հակառակորդին դուրս բերել ոչ թե էնպես, ինչպես որ կա, այլ էնպես, ինչպես որ իրենք են ուզում։

Եվ էս տգեղ սովորությունը վերջին տարիներս մեր կյանքում իրեն շատ հարմար մի նյութ է գտել— հեղափոխությունն ու ապստամբությունը։

Տարիներից ի վեր մենք լսում ենք հայ մարդկանցից, կարդում ենք հայոց մամուլի մեջ, հենց «Հովիտի» վերև հիշած №-ում էլ նույն բանն են գոռում, թե տաճկահայերի կոտորածները հայկական ապստամբության արդյունք են։

Օտարները աղաղակում են, Տաճկաստանում պաշտոնավարող եվրոպացիք ապացուցանում են, որ էդպես բան չի եղել ու չկա, որ հայկական ապստամբությունն առասպել է, սուտ է, «…армянское восстание — миф» (Ролен Жермен, член Института международного права. «Армения, армяне и трактаты», стр. 153), որ էդ մեղադրանքը ոչ մի քննադատության չի դիմանում ― Обвинение, будто бы армяне были зачинщиками возбуждения, не выдерживает критики (Мак Коль, «Султан и Державы», стр. 263, телеграмма британского посланника в Константинополе к Лорду Солсбёри от 13 дек. 1895 г.)։ Նրանք ցույց են տալի, որ էդ կոտորածները սարքովի են, եղել են միշտ, և միտք ունին, որ հայ ժողովուրդը ջնջեն, հայկական հարցը ջնջեն, եթե ջնջել չկարողանան, գոնե թիվը կրճատեն, որ միանգամ ընդմիշտ զրկվի ու ընկնի հարց դառնալու իրավունքից ու կարողությունից։ Նրանք հրատարակում են, թե կոտորածներից հետո մեծ վեզիրը սուլթանին հայտագիր ներկայացրեց Հայաստանի դրության մասին, նրան հավաստիացրեց, որ էլ չանհանգստանա հայկական ռեֆորմների ծրագրի պատճառով, որովհետև այժմյանից արդեն ամեն տեղ մահմեդական տարրը մեծամասնություն է կազմում (Там же, стр. 264. Депеша итальянского посланника в Константинополе итальянскому министру иностр. дел)։ Վերջապես, հինգ տերություն միասին վեր են կենում, քննություն են կատարում ու հայտարարում, թե ամեն մի բողոք անիրավության դեմ, ինչքան էլ նա սուր բնավորություն ունենա — ապստամբություն չի, թե հայկական ապստամբություն չի եղել ու չկա… Էդ միևնույն է, սրանք իրենցն են շարունակելու։

Եվ ահա ես էլ էսօր ստիպված եմ հերքելու, թե իմ հոդվածում ապստամբության չեմ գրգռում թուրքահայերին, այլ ասում եմ կոտորվում են, տանջվում են, և Ռուսաստանը կօգնի էդ կարեկցություն ու պաշտպանություն աղերսող ժողովրդին։

Ես, իմ աշխարահայացքով, հայոց թագավորության կարոտով մաշվողը չեմ։ Ինձ համար լիուլի հերիք է հայ ժողովրդի կուլտուրական ազատությունը կուլտուրական ժողովուրդների եղբայրության մեջ։ Սակայն, էսօր իմ առաջուց գրածին ավելացնում եմ հետևյալ խոսքերը։ Պարոն Ենգիբարյանը պատրաստ պետք է լինի, չպետք է զարմանա ու չպետք է ուշաթափվի, եթե երբևէ մի օր էլ էդ տեսակ երկրում լսի ապստամբության գոչը։ Ամեն մի ժողովուրդ, ինչքան էլ նա ռայա լինի (որ հոտ կնշանակի), բաղկացած է կենդանի մարդկանցից, հորից, մորից, քրոջից, եղբորից, ամուսնուց, որդուց… Դրանք հավիտյան չեն կարող տանել թե՛ իրենց և թե՛ իրենց հարազատների տանջանքն ու անպատվությունը։

Մարդկային կարողությունն ու համբերությունը, ինչքան էլ մեծ լինի, մի սահման ունի։ Իսկ էն հարցին, թե էդ տեսակ դեպքում Ռուսաստանը դուրս կգա կռվի դաշտը թե չէ, կօգնի հայերին թե չէ, մի հարց, որի պատասխանը հենց տեղն ու տեղը ինքը պ. Ենգիբարյանն էլ տալիս է բացասաբար, առարկելով, թե Ռուսաստանը պատերազմ չի ուզում, ես դրան էսպես կպատասխանեմ։ Ռուսաստանը 1877 թվականին էլ ամեն կերպ աշխատում էր խաղաղ ճանապարհով վերջացնել բոլգարական խնդիրը, էն ժամանակ էլ պատերազմ չէր ուզում, էսպես էլ հայտարարում էր մինչև պատերազմի նախօրյակը և պատրաստ էլ չէր իսկի, բայց ստիպված եղավ պատերազմի դուրս գալու․ հետևաբար՝ չի ուզում, ուրիշ բան է, չի գնալ՝ ուրիշ։

Այնուհետև պ. Ենգիբարյանը իմ դեպի Ռուսաստանը տածած հույսերի վերաբերությամբ անկեղծության ու շիտակության հարց է հարուցանամ, և ես ինձ զգում եմ ավելի ամուր դիրքի մեջ։ Նա հարցնում է՝ մի՞թե ես հավատում եմ, որ ռուսները եթե հարյուր տարի առաջ հայերին օգնեցին, էսօր էլ կօգնեն։

Ես պատասխանում եմ՝ այո՛, էսօր էլ մեզ ռուսները կօգնեն, ինչպես օգնեցին 100 տարի առաջ և նրանից հետո էլ շատ անգամ։

1878 թվականին էլ մեզ կօգնեին ռուսները և էսօրվա դրությունը չէր լինի, եթե չլիներ Անգլիան և եվրոպական պետությունների կոնցերտը։ Նա դուրս չէր բերում իր զորքերը տաճկական վիլայեթներից, մինչև սուլթանը չիրագործեր հայկական բարենորոգումների ծրագիրը, բայց նրան ստիպեցին, զորքը դուրս բերին, մեջտեղը մնացին դատարկ խոսքերն ու խոստումները, որոնց չկատարելու համար Տաճկաստանը ավելի ևս եռանդով կպավ հայն ու հայկական հարցը մեջտեղից վերացնելու դժոխային գործին։ Նրանից հետո էլ, 90-ական թվականների կոտորածներից հետո էլ, եվրոպացի դիվանագետները ասում էին՝ հայկական ռեֆորմների հարցը ձգձգելը կնշանակի էդ հարցը լուծելու գործն ապագայում հանձնել Ռուսաստանին։ Նրանցից շատերն էն ժամանակ էլ գտնում էին ու խոստովանում, որ միայն Ռուսաստանն էր լավ վճռում և նրան պետք է թողած լինեին վճռելու հայկական հարցը։ Ասացեք խնդրեմ, եթե եվրոպացի քաղաքագետները կարող էն էդքան հույս ունենալ Ռուսաստանի վրա, ի՞նչ զարմանալու բան կա կամ ի՞նչ հանցանք, որ մի հայ մարդ ու հայ գրող էլ նույնպես էդ հույսն ունենա ռուսների վրա։ Մի հայ գրող, որ գոնե եվրոպացիների չափ կարող է գիտենալ իր ժողովրդի պատմությունն ու դրությունը։

Եվ մեզ զբաղեցնող հարցի վերաբերությամբ միշտ ես ունեցել եմ մի հայացք ու մի համոզմունք, հիմնած մեր պատմության ու իրականության վրա, ու ոչ մի տեղ և ոչ մի ժամանակ էլ չեմ թաքցրել իմ կարծիքն ու իմ զգացմունքը։

Սրանով էլ պետք է բացատրել էն վրդովմունքը, որ ես ունեցա ու հրապարակով հայտնեցի, երբ Պոլսում, Թուրքիայի հողի վրա, էն հողի վրա, ուր երբեք չի ցամաքել մարդկանց արտասուքն ու արյունը և էն օրերն էլ դեռ ծովացած էր 20 հազար ադանացիների արյունը, միտինգ էին անում ու խոսում Ռուսաստանի դեմ։ Մի՞թե ես չգիտեի թե ուրիշ նեղացող եթե չլինի, գոնե էն միտինգ անողները կնեղանան ինձանից։

Դրանից մի քանի տարի առաջ էլ, թուրք-հայկական ընդհարումների ժամանակ, երբ հարկադրված, հայի պատմական ինքնապաշտպանությանը դիմելով հանդերձ, աշխատում էի իմ հայրենիքում հաշտություն ու խաղաղություն հաստատել հայ ու թուրքի մեջ, առանց խտրելու, թե որինն է էս սարսափածն երեխան կամ էս դալկացած կինը, էն ժամանակ էլ, թե՛ ինքնապաշտպանության գործում, թե՛ խաղաղության, եղել եմ միշտ ռուսաց պետական մարդկանց հետ, հաստատ համոզված լինելով, որ էդ պետությունն է միայն մեր երկրում եղած կարգը հաստատողն ու պահպանողը, որ նրա բացակայությունը Կովկասից կվերադարձնի էն դժոխքը, որի մեջ դարերով էրվել են բոլոր ազգերն ու ցեղերը հավասար․ էն դժոխքը, որ տեսել ենք անցյալում և որ տեսանք մեր օրերում, մեր աչքով ռուս պետության ժամանակավոր խառնակության ու թողության օրերում։

Տրամաբանորեն էս հայացքից ու համոզմունքից էլ առաջ գալով ես «Հորիզոնում» տպած իմ հոդվածը գրել եմ ամենայն հետևողականությամբ ու անկեղծությամբ։

Բայց շարունակենք։

Շատ սառն ու օբյեկտիվ հարցրել եմ կյանքին ու պատմությանը, թե ինչո՞ւ էր տաճկական պետությունը կոտորում հայերին և ինչո՞ւ է կոտորում։ Ինչո՞ւ է Ռուսաստանը պաշտպանել հայերին և ինչո՞ւ պետք է պաշտպանի։

Չէ՞ մարդիկ կան, որ կարծում են, թե Աբդյուլ Համիդը կոտորում էր հայերին, որովհետև արյունռուշտ մի բռնակալ էր և սիրում էր կոտորել… Տաճկահայերն էլ մի երգ ունեն, ասում է՝ մկները քրդերի արտերը կերան, քրդերը որ տեսան մկներին չեն կարողանում հաղթել՝ ետ դառան հայերին կոտորեցին…

Այո՛, աշխարհքին հայտնի մի պարզ ճշմարտություն է, որ Տաճկաստանում կոտորում են հայերին։ Բայց պետք է գտնել սրա ետևը թաքնված մյուս ճշմարտությունը — պատճառը, որը կարող է շատ բարդ լինել։

Ինչո՞ւ է Տաճկաստանը, Համիդյան թե ժյոն թուրքական, բռնապետական թե սահմանադրական, հալածում ու կոտորում հայերին և թույլ տալիս կոտորելու նույնիսկ մկների ջգրու, ինչպես ասում է ժողովրդական երգը։

Էս մի հարցին մի քանի պատասխան են տալի։ Ասում են՝ որովհետև հայերը քրիստոնյա են… որովհետև տնտեսական խնդիր կա… որովհետև հեղափոխականներ կան… որովհետև վրեժ կա… որովհետև անկարգ կառավարություն է, խավար է…

Էդ ամեն որովհետևներն էլ կարող են լինել և կան, սակայն մի որովհետև կա, որ ինձ թվում է, թե ամենալուրջ պատճառն է հայկական կոտորածների։

Վերցրեք Թյուրքիայի քարտեզն ու մտիկ արեք։ Դա մի նոր պետություն է, որ դրսից եկել է ու կոպիտ ուժով նստել հին կուլտուրական ազգերի ու նրանց հայրենիքների վրա։ Եվ էդ երկիրներից մինը թե կա, որ նա համարում է ու դարձրել է իր հայրենիքը, ոչ Բալկանյան թերակղզին է, ոչ Աֆրիկայի հյուսիսը, այլ Անատոլիան, Փոքր Ասիան, էն երկիրը, ուր հայ ժողովուրդն էլ հնագույն ժամանակներից նստած պաշտում է իր Մեծ Հայաստանը, իր ազգային նվիրական վայրերն ու սրբությունները ու էն հողի վրա էլ հարուցանում ու զարգացնում է հայկական հարցը։ Էս տեսակետից էլ հայկական հարցը Տաճկաստանը հուզող ամենածանր ցավերից մինն է, և հետզհետե թերևս դառնա ավելի ու ավելի ծանր, քանի թուրքն ստիպված լինի սեղմվել դեպի էս կողմերը։ Եվ ահա էս հարցից ազատվելու հնարը էսպես է վճռել թուրքի պետական հանճարը՝ հայերին կոտորել կամ հալածել, քշել, գաղթեցնել։ Այո՛, վայրագ ու անօրեն է էս ճանապարհը, այլև խելագար, սակայն հաստատ։ Եվ էս ճանապարհով էլ նա արդեն հասել է մեծ հետևանքի։ Թե՛ եվրոպական մեծ պետությունների հյուպատոսների ու դեսպանների, թե՛ գիտնական ճանապարհորդների, թե հայոց պատրիարքարանի տված ստատիստիկական տեղեկություններով Տաճկաստանի ինը հայաբնակ վիլայեթներում հայ ժողովողի պրոցենտը (տոկոսը) տատանվում է 14—24-ի մեջ, իսկ ոչ մի վիլայեթում հայը չի կազմում ազգաբնակության 50 տոկոսը։ Էս դեռ 80-ական թվականների ստատիստիկան․ իսկ նրանից հետո ի՜նչքան ժողովուրդ կոտորվեց, ի՜նչքան ժողովուրդ գլուխն առավ փախավ, գաղթեց, ի՜նչքան ժողովուրդ պակասեց…

Վանի ռուսաց հյուպատոս Մայեվսկին իր «Ванский вилает» ուսումնասիրության մեջ ասում է՝ Վանի վիլայեթից 15—20 տոկոս պակասեց հայ ժողովուրդը միայն 1895 թվի կոտորածով։ Ասում է գյուղեր ու տեղեր կան, ուր ժողովրդի կիսից ավելին ջարդվեց ու գաղթեց։

Եվ էս ջարդին ու գաղթին վերջ չկա։ Էսպեսով էլ ստեղծվել է մի դրություն, որ նշանավոր գիտնական Էլիզե Ռեկլյուին տրամադրում է լուրջ կերպով կարծիք հայտնելու, թե հայ ժողովուրդը ոչնչանալու ճանապարհի վրա է, և շատ չի քաշիլ որ, Արևելքի մի քանի անհետացած կուլտուրական ազգերի նման, նա էլ կիջնի պատմության ասպարեզից։

Մի դրություն, որ մանավանդ երբ տեսնում եք չի փոխվում, և որի վրա ձեր հիշողության մեջ երբ գալիս ավելանում են հենց միայն վերջին դարիս նախճիրները՝ 1822 թվի հույների կոտորածը, 1850 թվի նեստորականների կոտորածը, 1860 թվի մարոնիտների ու սիրիացիների կոտորածը, 1876 թվի բուլղարների կոտորածը, 1892 թվի եզիդների կոտորածը, կարծեք արդարացնում է Գլադստոնի կարծիքը, թե էն սև օրվանից ինչ հայտնվեց էդ ժողովուրդը, հայտնվեց ինչպես մարդկության թշնամի։ Որ կողմը հայտնվեց, իր ետևից թողեց արյան լայն հետք, և ուր մտավ նրա իշխանությունը, ամեն տեղից չքացավ քաղաքակրթությունը, անհետացավ միանգամայն։ Ամեն տեղ մտցրեց կոպիտ ուժի իշխանությունը և երբեք չհասկացավ ու չունեցավ օրենքի վրա հիմնած կառավարություն…

Վերջապես, մի դրություն, որ կարծեք ուզում է հաստատել էդ ժողովրդի զարհուրելի ասածի ճշմարտությունը, թե՝ որտեղ թուրքի ձիու ոտը կոխեց, էնտեղ էլ խոտ չպիտի բուսնի (сб. Шинаси)։

Էս պատճառով էլ Ֆր. Գրինն ասում է. «Երբ Տաճկաստանից Կովկաս ես անցկենում, էդ միևնույն է, թե անապատից պարտեզ ես մտնում, անապահովությունից կատարյալ ապահովության էս անցնում, կարիքից ու ցավից լիության ու բարեկեցության մեջ ես ընկնում («Положение армян в Турции», 268)։ Այո՛, միանգամայն ուրիշ պատկեր է Ռուսաստանում։ Դրա համար էլ բոլորովին ուրիշ հարաբերություններ են եղել էստեղ և ուրիշ հարաբերություններ էլ պետք է լինեն։ Էդ պատճառով էլ մենք Ռուսաստանի համար ոչ այլ ինչ ենք, եթե ոչ ավանգարդ, ինչպես ասում են սովորաբար։ Եվ հավատարիմ ավանգարդ, որովհետև էստեղ կոտորածներից ազատվել ենք, թվով բազմապատկվել ենք, տնտեսականապես հարստացել ենք, կուլտուրապես առաջ ենք գնացել, և դեռ սպասում ենք ավելի լավ օրերի։ Ռուսաստանն էլ մեզանից ոչ մի վատություն չի տեսել անցյալում, ապագայում էլ ոչ մի երկյուղ չունի։ Էս 25—30 տարվա սառնությունն էլ, որ սկսվում է հայոց Գեորգ IV թուրքասեր կաթողիկոսի ու Դոնդուկով-Կորսակով հայատյաց կառավարչապետի օրերից, հեշտ կարող է վերջանալ Գեորգ V-ի կաթողիկոսության ու կոմս Վարանցով-Դաշկովի փոխարքայության օրով։ Ռուսական սահմանադրությունն էլ, որ ծանր երկունքով հասունացած կյանքն է ծնել, ինչ ուզում է լինի, ինչքան էլ տատանվի, դեպի առաջ է գնալու, դեպի ավելի լայն հորիզոններ ու պայծառ օրեր, թուրքական սահմանադրությունը չի որ, անակնկալ ու օտարոտի, Պոլսին տիրող բարձունքներից ընկել է թնդանոթի ռումբի հետ, հար և նման 76 թվականի Համիդյան սահմանադրության և ճիշտ նույն հանգամանքներում ու միևնույն նպատակով, մինը Տաճկաստանն ազատելու բոլգարական փորձանքից, մյուսը մակեդոնական, ուրիշ ոչինչ։ Եթե մի ժամանակ մարդիկ կային, որ չէին հավատում, այժմ էդ տեսակ մարդիկ էլ չպետք է լինեն։

Ռուսաստանում մենք ունեցել ենք և կարող ենք ունենալ կուլտուրական մաքառում։ Եվ ես համաձայն չեմ էն ողբերի ու ողբասացների հետ, թե մենք կորչում ենք էդ մաքառման մեջ: էդ տրտունջները պետք է բացատրել գլխավորապես ավելի առաջ գնալու տենչանքով: Ընդհակառակը, մի հետադարձ հայացք կհամոզեր, որ հենց ազգային տեսակետից երբեք էնքան ուժեղ չենք եղել, ինչպես էսօր։

Խոսքս եզրափակելով ասում եմ՝ մենք Ռուսաստանում գտնվում ենք աշխարհիս լավ ժողովուրդներից մեկի և լավ գրականություններից մեկի ազդեցության տակ, Տաճկահայաստանն էլ կազմում է Ռուսաստանի արևելյան ազդեցության մերձավոր շրջաններից մինը, և գրեթե միմիայն Ռուսաստանի։ Էնտեղ էլ անցյալում նա է կամեցել և այժմ էլ նա կկամենա ու կկարողանա վերջ դնել էս ծանր դրությանը։

Հարկավ, մարդիկ կլինեն, որ կառարկեն, թե էդ ամենը Ռուսաստանը արել է, կանի, որովհետև էդպես են պահանջում