Jump to content

Աղա Մարտինի պարիկը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աղա Մարտինի պարիկը

[ 155 ]

1

Աղա Մարտինը, երբ դեռ աղա չէր, այլ հասարակ մշակ և անունն էլ Մարտիրոս, ամառ-ձմեռ և գիշեր-ցերեկ գդակը գլխից չէր վերցնում, որովհետև քոսը տեղ-տեղ կերել էր նրա միանգամայն լերկ գանգի մաշկը, զզվելի սպիներ թողնելով այնտեղ, որի համար և քաչալ Մարտիրոս էին անվանում նրան: Իսկ հետո, որ իր աչքաբացության շնորհիվ կոպեկ-կոպեկ դիզելով կապալառու և աղա դառավ, էլ ոչ ոքից չէր ամաչում գդակը գլխից վերցնելու, որովհետև հիմա պարիկ (կեղծամ) էր դնում երկայն կարմրավուն փափուկ մազերով, որոնք մեջտեղից կիսված կիսաբոլոր ծածկում էին նրա լերկ գանգը՝ մի ականջի քամակից սկսած մինչև մյուս ականջի քամակը, բաց թողնելով միայն ճակատը։

Մի զարմանալի զուգադիպությամբ նրա կինն էլ քաչալ էր: Աղա Մարտինն այդ բանը հետո էր իմացել, երբ արդեն ամուսնացել էր, որովհետև նշանտուքի ժամանակ Անանիին ցույց էին տվել վրացական հագուստով — թշերի այս ու այն կողմը կախված կավիքներով, գլխին դրած թասակրավով և այլն։

Թերևս այդ զուգադիպությունն էր պատճառը, որ մարդ ու կին փոխադարձաբար ոչ մի հակակրանք չէին տածում դեպի իրենց այդ ֆիզիկական պակասությունը և, ընդհակառակը, շատ հաշտ ու սիրով էին ապրում իրար հետ։ Տարին մեկ կամ երկու անգամ գուցե, երբ որևէ պատճառով նրանք դիպչում էին իրար, և կինը լեզուն իրեն չէր պահում, մարդը հանկարծ դուրս էր գալիս համբերությունից և գոռում.

— Սուս կաց, թե չէ էդ քաչալ գլուխդ կկոտրեմ։

Կինն էլ, շատ լավ գիտենալով, որ նա ոչ քաչալ, ոչ էլ մի այլ տեսակ գլուխ կոտրելու շնորհք չունի, պատասխանում էր արհամարհանքով.

— Ի՜, հողեմ քաչալ գլուխդ։

Ու հեռանում կռվի դաշտից։

Սրանով էլ վերջանում էր ընտանեկան տրագեդիան՝ [ 156 ] առանց որևէ աղետալի հետևանքի, որից հետո մարդ ու կին էլի առաջվա պես ջան էին ասում, ջան լսում։

Աղա Մարտինը և տիկին Անանին վաղուց հաշտվել էին իրենց մազազուրկ և սպիներով այլանդակված գանգերի հետ, այնպես որ, մինչև անգամ կարծում էին, թե մարդկային գանգերն առհասարակ այդպես էլ պետք է լինեն, ուրիշ կերպ լինել չի կարող։ Ուստի շատ էին զարմացել, որ իրենց մինուճար աղջիկը և մինուճար տղան լույս աշխարհ էին եկել բոլորովին այլ տեսակ գանգերով - փափուկ, փայլուն գանգուր մազերով ծածկված, այնպես որ տեսնողը կասեր.— երանի ձեր տիրոջը, ի՜նչ լավիկներն եք։

Եվ իսկապես, շատ լավիկն էր թե՛ աղջիկը, որին Լիզոչկա էին անվանում, և թե՛ տղան, որի անունը Վանիչկա էր։ Դեռ փոքր հասակից ծնողները թողել էին նրանց իրենց ազատ կամքին. երբ ուզեին՝ դպրոց կգնային, երբ չէ՝ չէին գնա. նրանց կամքը հրաման էր ծնողների համար։ Դեռ քսան տարեկան գիմնազիստ էր Վանիչկան, որը կյանքի բոլոր հաճույքները վայելել էր, սկսած գիշերային ռեստորաններից, այգիներից մինչև կանանց ննջարանները։ «Էդ է, էլի, էշը դատի, ձին ուտի»,— ասում էր հայրը, երբ նա դանակը դնում էր հոր բկին, թե ուզես չուզես, պիտի փող տաս։ Ու երբ գիմնազիայից նրան վռնդեցին իր լավ վարքի և գերազանց ընդունակությունների համար, նա այնպիսի մի անպատում թեթևություն զգաց, որպես թե մի կարևոր ծանր բեռ ցած գցեց մեջքից։ Այժմ արդեն բոլորովին ազատ էր ինչպես ծիտը և իր նման ուրիշ ծտերի հետ քեֆ էր անում ո՛րտեղ և ի՛նչպես որ ուզում էր սիրտը։

Աղա Մարտինը տեսավ տղայի սանձն արդեն շատ է բաց թողել և ուզեց մի քիչ քաշել։ Բայց քյոհլան ձիու պես արշավող Վանիչկան այդպիսի բաների սովոր չէր, և փրփուրը բերանին, աչքերից կրակ թափելով, ծառս ելավ.

— Ասում եմ տո՛ւր, պապա։

— Չեմ տա։

— Տո՛ւր, ասում եմ, պապա։

— Էլ չեմ տա, մինչև խելքի չգաս։

— Էլի եմ ասում, պապա, տո՛ւր։ [ 157 ]

— Ուզում ես հազար անգամ ասա։ Հերիք է, ինչքան փողերս տարար քամու տվիր։

— Տուր, պապա, թե չէ կփոշմանես։

— Ղուո՞րթ։

Եվ աղա Մարտինը մի կուշտ ծիծաղեց։

— Պապա, դու ծիծաղում ես, բայց իմ ծիծաղը չի գալիս, ես լուրջ բան եմ ասում, կփոշմանես։

— Դե կո՜րի հա, շան լակոտ,— հանկարծ պայթեց պապան։— Սատկես էլ, էլ մի սև գրոշ չեմ տա, որ աչքդ կոխես։ Հերիք է, ասում եմ, դառը քրտինքով դատած փողերս տանես քեզ պես ավարեքի հետ քոռուփուչ անես։ Կո՛րի աչքիցս, թե չէ, չեմ գիտի ի՛նչ կանեմ։

Վանիչկան մի րոպե լուռ ու անսասան նայեց հոր շառագունած դեմքին, հետո մի բառ միայն արտասանեց, որքան խորհրդավոր, նույնքան և սպառնալից մի բառ.

— Լա՛վ...

Ասաց ու գնաց։ Գնաց ու կորավ։ Չերևաց ոչ այդ օրը, ոչ էլ ամբողջ գիշերը։ Այդ բանը շատ էլ չանհանգստացրեց ծնողներին, որովհետև Վանիչկան շատ հաճախ ամբողջ օրով ու գիշերով կորչում էր և լուսադեմին էր միայն տուն գալիս քնելու։ Բայց հետևյալ օրը լուսացավ, ճաշ դառավ, գիշերը վրա հասավ, էլի լուսացավ, Վանիչկան չկար ու չկար։ Այս անգամ արդեն լուրջ անհանգստություն տիրեց ծնողներին։ Մարդիկ ղրկեցին, իրենք ընկան դես-դեն, մինչև անգամ աղջկան էր ղրկեցին ծանոթ-բարեկամների մոտ հարցուփորձ անելու, Վանիչկան ոտքով-գլխով կորել էր։

Երբ որոնումները միանգամայն ապարդյուն անցան և հույսները բոլորովին կտրեցին, նոր միայն տիկին Անանին սկսեց վայ տալ որդու կորուստը.

— Վա՛յ, քոռանամ ես, անպատճառ գլխին մի բան է բերել, անպատճառ իրան Քուռն է գցել խեղդվել։ Վա՛յ, կուրանան քու մոր աչքերը, որդի ջան, էս ինչ սև՛ օրի կա նգնեցրիր ինձ։

Ասում էր ու մեկ գլխին, մեկ ծնկներին տալիս։ Հետո վրա պրծավ մարդուն.

— Ա՜խ, ա՛յ մարդ, ի՞նչ ասեմ քեզ, որ սիրտս հովանա։ Հավիտենական կրակ գցեցիր սիրտս, հավիտենական կրակով [ 158 ] էրվես դու։ Անտեր անեմ քու էդ փողերը, պահում էիր, որ քելեխ անե՞ս։ Ուզեց՝ կտայիր, է՛լի. ի՞նչդ կպակսեր, ե՞րբ չէիր տվել, որ հիմի չտվիր, և նա էլ գնաց Քուռը գցեց իրան։ Դե երբ որ որդուս մահվան պատճառը դառար, էլ քեզ ի՞նչ եմ անում, էլ դո՞ւ ինչիս ես պետք, էլ ի՞նչ սրտով նայեմ քեզ, կարոտե՞լ եմ էդ քաչալ գլխիդ...

Աղա Մարտինը սրտի խորքում, իհարկե, զգում էր, որ որդու կորստյան պատճառը ինքն է, ուստի կնոջ հանդիմանություններն ու անեծքները սկզբում լսում էր առանց ձայն-ծպտուն հանելու իբրև արժանի հատուցում, բայց հետո, երբ կինը արդեն չափից անցավ, և թվում էր, թե անվերջ պիտի շարունակեր, մանավանդ որ այդպիսի դեպքերի համար պահած «քաչալ» բառն էլ մեջտեղ նետեց, էլ չհամբերեց և մեկեն պայթեց ամպի գոռոցի պես.

— Դե հերիք է ճղճղաս, այ կնիկ, թե չէ, մեկ էլ տեսար տվի երկու կես արի էդ քաչալ գլուխդ։ Իմ դարդը հերիք չի, դու էլ մյուս կողմից ես կատաղած շան պես վրա պրծնում։

Հետո տեսնելով, որ ինքն էլ չափից անցնում է, տոնը մեղմացրեց և, մասամբ էլ կնոջը սիրտ տալու համար, ավելացրեց.

— Մի՛ վախենա, նա էն պտուղը չի, որ գնա Քուռը գցի իրան։ Ով գիտի ո՛ր ավարեքի հետ է օր ու գիշեր լուսացնում։ Խո լսել ես անառակ որդու պատմությունը, երբ որ կսկսի քաղցած զկռտալ, ինքն իրա ոտովը կգա։

Եվ իսկապես, աղա Մարտինի անառակ որդին հենց այդ օրը եկավ, բայց ոչ թե իր նախատիպի պես զղջալով, այլ քիթ ու մռութը կախ և ամենքի հետ խռով։ Ու երբ սկսեցին հարցուփորձ անել, թե ո՛րտեղ էր, ինչո՛ւ տուն չէր գալիս, ձայն-ծպտուն չէր հանում, նստած էր հնդուհավի պես փքված։ Ճաշին ինչքան կանչեցին, դուրս չգնաց ճաշելու։ Մայրը ստիպված եղավ ինքն իր ձեռքով բերելու նրա բաժինը։ Որդին կատաղեց.

— Տա՛ր, թե չէ դուրս կշպրտեմ։

— Շաշ-շաշ մի՛ խոսի, կեր,— ասաց մայրը հանգիստ կերպով և դուրս գնաց։ Հետո, որ մտավ տեսնելու՝ կերե՞լ է, թե իսկապես դուրս շպրտել, տեսավ, որ ոչ միայն կերել է, այլև ամանները լպստել։ [ 159 ]

2

Այսպես, Վանիչկան մի քանի օր խռով էր պահում իրեն, տանը ոչ ոքի հետ չէր խոսում, մանավանդ հոր հետ։ Հայրն էլ նրա մոտ այնպես էր ցույց տալիս, թե նրա երկու օրվա անհայտացումը ոչ մի անհանգստություն չի պատճառել իրեն. ուզում է՝ կարող է գնալ կորչել թեկուզ հավիտյան, բայց որ հույս ունենա, թե այդպիսի սպառնալիքներով կարող է փող կորզել իրենից, շատ կսխալվի։ Այսպես էր ցույց տալիս որդու մոտ, բայց համարյա ամեն օր մի գումար էր տալիս կնոջը, որ տանի «իրան սևցնի»։ Կինն էլ տանում տալիս էր իբր թե մարդուց ծածուկ, հետն էլ խրատում, որ գժություններ չանի։

Այսպես, Վանիչկայի բանը ինչպես կոնֆլիկտից առաջ, այնպես էլ հետո շատ լավ էր գնում, այնքան լավ, որ հոր հետ հաշտվեց և այժմ փողերն ընդունում էր ոչ թե մոր, այլ իրեն իսկ հոր ձեռքով, ինչպես առաջ։

Բայց եղավ մի ժամանակ, որ աղա Մարտինի գործերը լավ չգնացին։ Ամենից առաջ աղջիկն իր համար փեսացու էր ճարել և առանց հորը հարցնելու, այլ միայն մոր համաձայնությամբ, փեսացուի հետ պայմտնավորվել, որ իր հետ տասը հազար օժիտ կտանի։ Փեսացուն մի ջահել, սիրուն պոդպորուչիկ էր։ Մայր ու աղջիկ աղա Մարտինին դրել էին արդեն վճռված խնդրի առջև, և որովհետև այդ միջոցին աղա Մարտինը մի մեծ կապալ էր վերցրել, որից մեծ օգուտ էր սպասում, այդ բանի դեմ չառարկեց և իր կողմից հանդիսավոր խոստում տվեց փեսացուին։ Բայց կապալը աղա Մարտինի հույսը չարդարացրեց — մեծ օգուտի տեղ սպառնում էր մեծ վնաս տալ նրան, և նա չէր իմանում ի՛նչպես տակից դուրս գա։ Տրամադրությունը փչացել էր, հանգստությունը՝ կորցրել։ Օր ու գիշեր նստած իր առանձնասենյակում, դավթարներն էր թերթում և համրիչը չխկացնում։

Հոր գործերի հենց այդ խառը ժամանակ Վանիչկան մի շաբաթ երեկո ընկերների հետ պայմանավորվել էր, որ վաղը՝ կիրակի առավոտվանից, իրենց «դամոչկաներով» գնան քաղաքից դուրս՝ այգիներում մի լավ քեֆ անելու։ Այդ երեկո նա սովորականից վաղ տուն եկավ, որ, նախ, հորից փող [ 160 ] ուզի և ապա մի լավ քնի հանգստանա, թարմ ուժերով վաղվան դիմավորելու համար։

Երբ մտավ հոր առանձնասենյակը, աղա Մարտինը գրասեղանի առջև նստած՝ մեկ նայում էր անճոռնի տառերով խզբզած իր դավթարներին, մեկ համրիչը շխկացնում։ Դավթարների վրա հակված նրա գլխին կարմրագույն պարիկն պլպլում էր լամպի լույսի տակ։— Որդին որ մտավ, հայրը գլուխն անգամ չբարձրացրեց. հազիվ թե իմացավ էլ, թե մարդ մտավ — այնքան էր զբաղված և մտահոգ։

Վանիչկան սպասեց, սպասեց և տեսնելով, որ հայրն ըստ երևույթին միտք չունի գլուխը բարձրացնելու դավթարների վրայից, ձայն տվավ.

— Պապա։

Հայրը նորից ոչ գլուխը բարձրացրեց, ոչ էլ ձայն հանեց, այլ միայն ձեռքի ջղային շարժումով ավելի պինդ շրխկացրեց համրիչը։

— Պապա,— կրկնեց Վանիչկան մի քիչ ավելի բարձր՝ կարծելով, թե չլսեց։

Աղա Մարտինը էլի գլուխը չբարձրացրեց, բայց նրա տենդային շնչառությունից երևում էր, որ հետզհետե լցվում է կատաղությամբ և որտեղ որ է, պիտի պայթի։

— Պապա, փո...

Ուզում էր ասել «փող եմ ուզում», բայց խոսքի կեսը կիսատ մնաց խեղճ Վանիչկայի բերանում, որովհետև աղա Մարտինը հանկարծ վեր թռավ այնպիսի կատաղի շարժումով, որ տակի աթոռը շուռ եկավ և ահագին շրխկոցով գլորվեց հատակի վրա։

— Ո՜ւ, շուն շանորդի,— բղավեց նա ոչ մարդկային ձայնով,— էլի եկար գլխիս կանգնեցի՞ր։ Էս րոպեին կորիր աչքիցս, թե չէ, կտամ երկու կես կանեմ գլուխդ։ Մեկ իմ հալից էլ հարցրու, է՛, փո՛ւճ փճանալու։ Ժամանակ ես գտե՞լ փող ուզելու, տո անառակ, տո ավարա շանորդի։ Դե շո՛ւտ, կո՛րիր էս րոպեին աչքիցս, թե չէ, ոտներիս տակ կգցեմ և էնքան կտամ, որ ասես թե հա՜... Լսո՞ւմ ես, թե չէ։ Կորի՛ր ասում եմ։

Խեղճ Վանիչկան լսում էր, բայց չէր կորչում, որովհետև այնքան էր ապշել, որ մինչև անգամ կորցրել էր վախի զգացումը: [ 161 ] Հետո, տեսնելով, որ հայրն իսկապես կատակ չի անում, փասա-փուսեն քաշեց և դուրս գնաց։

Գնաց մոր մոտ և իր զարմանքը հայտնեց հոր վարմունքի վրա։

— Վո՜ւյ, քոռանամ ես,— ասաց մայրը,— քրոջդ բաժինքը դեռ չեմ թամամացրել, չեմ համարձակվում բերանս բաց անեմ, փող ուզեմ, որ պակաս-մակասն առնեմ, դու գնում ես փող ուզում, որ քեֆ անե՞ս։

— Ինչո՞ւ, է՜, ի՞նչ է պատահել որ։

— Ո՞նց թե ինչ է պատահել, բաս դու չգիտե՞ս, որ հայրդ փոդրաթից ահագին վնաս է կրում։

— Ես ի՞նչ գիտեմ։ Նա ինձ իր գործերին ե՞րբ է խառնում որ։

— Իհարկե, որովհետև շատ լավ որդի ես։ Դու միայն նրա փողերը խժռել գիտես, ուրիշ ոչինչ։

Վանիչկան նեղացավ։

— Լա՛վ, հիմի էլ դո՛ւ մի գելի ավետարան կարդա գլխիս։ Ես ոչինչ չգիտեմ։ Ինձ փող է հարկավոր, պետք է տաս։

— Ա՛յ որդի, ո՞րտեղից տամ։ Ես փող եմ կտրո՞ւմ։

— Փող ես կտրում, թե չէ, պետք է տաս։ Խո չե՞մ խայտառակվելու ընկերներիս մոտ։

— Ա՛յ հողեմ ընկերներիդ գլուխը, որ քեզ խելքից հանել են, առանց էն էլ խո խելք չունես, որ քու լավն ու վատը ջոկես։ Գնա, գնա քնի ու ոչ հորդ, ոչ էլ ինձ մոտ փողի մասին բերանդ բաց չանես։

Մոր մոտ անհաջողություն կրելուց հետո Վանիչկան գնաց քրոջ մոտ։ Քույրը միայն ծիծաղեց։

— Փող ունենամ,— ասաց,— մի լավ գլխարկ եմ տեսել, կգնամ կառնեմ, կծածկեմ։

Քրոջ այդ ծիծաղն էլ բավական էր, որ Վանիչկան նրանից էլ հույսը կտրեր։ Նա քաշվեց իր սենյակը և, չնայելով արդեն բավական ուշ էր, քնելու մասին չէր էլ մտածում. միտքը գործում էր բոլորովին այլ ուղղությամբ, գործում էր լարված մեքենայի պես։ [ 162 ]
3

Հետևյալ օրը առավոտյան փեսացու պոդպորուչիկն անակնկալ կերպով եկավ, ասաց, թե տնից հեռագիր է ստացել, հայրը ծանր հիվանդ է, շտապ կանչում են իրեն, արդեն արձակուրդ է վերցրել և այդ օրվա տասնմեկին գնացքով մեկնելու է, ուստի եկել է մնաք բարով ասելու։

Աղա Մարտինը իր հաշիվների վրա երկար չարչարվելուց հետո գիշերը շատ ուշ էր պառկել և, ըստ երևույթին, դեռ քնած էր։ Կինը շտապեց նրան զարթնեցնելու։ Բայց ննջարանի դուռը բանալուն պես ակամա կանգ առավ շեմքին։

— Էս ինչ է,— ասաց ծայր աստիճան ապշած։

Նրա աչքերին ներկայացավ հետևյալ տեսարանը.

Բարձերն ընկած էին մահճակալի մի կողմը, վերմակը և սավանը հատակի վրա, ներքնակը կիսով չափ կախ էր ընկած մահճակալից, աղա Մարտինի հագուստը, կոշիկները, հողաթափերը և գուլպաները թափթփված էին ցաքուցրիվ, սեղանը, աթոռներն անկարգ շարժված էին դեսուդեն, իսկ ինքը՝ աղա Մարտինը, չէր երևում։ Հետո միայն տիկին Անանին տեսավ, որ մի ինչ-որ ահագին սպիտակ բան շարժվում է մահճակալի տակ։ Դա ինքը աղա Մարտինն էր ներքնաշորերով, մերկ ոտներով ու գանգով։ Կարծես հսկայական մի գորտ ոտները տարածած փորսող է տալիս մահճակալի տակ։ Տեսարանն այնքան տարօրինակ էր, որ առաջին րոպեներին կինը կարծեց, թե մարդը կապալի անհաջողությունից խելագարվել է, և ուզում էր սարսափահար դուրս վազել օգնություն կանչելու։ Բայց այդ միջոցին աղա Մարտինը տնքտնքալով, ամբողջովին կաս-կարմիր կտրած, դուրս սողաց մահճակալի տակից և երկու ձեռքի վրա հենվելով հազիվհազ կարողացավ իր ահագին մարմինը բարձրացնել ոտների վրա։

— Այ մա՞րդ, ի՞նչ էիր շինում մահճակալի տակ,— հարցրեց կինը։

— Աստված ո՛չ գիտի սատանի գլուխն ու արևը,— ասաց աղա Մարտինը ծանր հևալով, որից նրա սարի պես ցցված փորը բարձր ու ցածր էր անում շապկի տակ։ Ասաց և արյունով [ 163 ] լցված աչքերն սկսեց ման ածել հատակի վրա, ըստ երևույթին ինչ-որ որոնելով։

— Ախր ի՞նչ է պատահել, է՛,— այլևս չկարողանալով համբերել, բացականչեց կինը։

— Զահրումար ու աստծու կրակ է պատահել,— սրտանց պատասխանեց աղա Մարտինը,— պարիկս կորել է։

Կինը ապշած նայեց նրա մազազուրկ, այլանդակ գանգին։

— Ինչպե՞ս թե կորել է, ի՞նչ ես ասում։

— Կորչելն ինչպես կլինի, պոզավոր խո չի՞ լինի։ Կորել է, է՛լի, ման եմ գալիս, չեմ գտնում։

— Ուր պետք է կորչի, ա՛յ մարդ, թե լինի, էստեղ կլինի, էլի՛։

— Դե որ էդպես է, գտիր, տեսնեմ ոնց ես գտնում,— ասաց աղա Մարտինը և սաստիկ հոգնած նստեց աթոռի վրա։

— Ամբողջ սենյակը շուռումուռ տվի, չգտա, հիմի դու ասում ես՝ էստեղ կլինի։ Դե գտիր, էլի՛, ի՞նչ ես աչքերդ չորս շինել, ինձ նայում։

Կինն սկսեց որոնել, նորից ամեն բան տակնուվրա արավ, նայեց մահճակալի տակ, էլ անկյուն ու պահարան չթողեց, նույնիսկ ձեռքերը կոխեց ամուսնու կոշիկների մեջ,— պարիկը չկար ու չկար։

Նրա ջիգրը շատ եկավ, որ չկարողացավ գտնել։

— Ով գիտե ո՛րտեղ ես դրել, ո՛րտեղ չէ, մոռացել ես,— ասաց նեղացած։— Էդ անտեր փոդրաթը խո խելք չի թողել գլխիդ։

— Ա՛յ կնիկ, փոդրաթն ի՞նչ մեղք ունի, էն անտերը քնելիս էստեղ էի դրել, ա՛յ, էստեղ,— պատասխանեց աղա Մարտինը՝ ձեռքը զարկելով փոքրիկ կլոր սեղանի երեսին։ — Բաս խո սատանեքը չտարան։

— Սատանեքը տարան թե չտարան, տեսար՝ չկա։

— Բաս հիմի ի՞նչ անենք, որ փեսեն հրեն եկել, քեզ է սպասում։

Աղա Մարտինը վեր թռավ տեղից։

— Ի՞նչ ես ասում, ա՜յ կնիկ։

— Մի ժամ է՝ եկել է։ Ոնց պետք է դուրս գաս։ [ 164 ]

— Աստված ոչ գիտի իմ գլուխն ու արևը,— ասաց աղա Մարտինը՝ երկու ձեռքով խփելով իր լերկ գանգին։— Նրան էլ ո՞ր սատանան բերեց հենց էսօր։ Ինչո՞ւ է եկել էսպես վաղ-վաղ։

Կինը պատմեց փեսայի գալու պատճառը։

— Եկել է մնաք բարով ասելու, ո՞նց կլինի, որ դուրս չգաս։

— Ա՛յ կնիկ, իսկի մտածում ե՞ս ինչ ես ասում. էս գլխով ո՞նց դուրս գամ։

— Գդակդ ծածկիր, ասա՝ մրսել եմ։

— Բա գդակի տակից չի երևա՞։ Բան ասա, բանի նման լինի։

Մարդ ու կին առժամանակ մնացին ծայր աստիճան տարակուսանքի մեջ, չիմանալով ի՜նչ հնարեն։

Հանկարծ կնոջ դեմքը պայծառացավ։

— Գիտե՞ս ինչ անենք, Մարտին ջան,— ասաց նա շտապելով,— արի գլուխդ կապի աղլուխով, պառկի անկողնում. կգնամ կասեմ տաքություն ունի, չի կարող դուրս գալ, թե կուզի, թող գա էստեղ մնաս բարով ասի։ Հը՞։

Աղա Մարտինը մի քիչ մտածեց, հետո տեսնելով, որ ուրիշ հնար չկա, հավանություն տվավ կնոջ հնարամտությանը։

— Դե դրստիր անկողինը,— ասաց նա։ Կինը սկսեց արագ-արագ կարգի դնել մահճակալը և սենյակը։ Ժամանակ չկար, շտապում էր։

Իսկ աղա Մարտինը զբաղված էր գլուխը կապելով և միևնույն ժամանակ խորասուզված էր ինչ-որ մտածմունքի մեջ։

— Տո...— հանկարծ գոռաց աղա Մարտինը, վեր թռավ տեղից և այնպես, ինչպես որ կար — ներքնաշորով և բոբիկ ոտներով — դուրս վազեց խելագարի պես։

Նրա հանկարծական գոռոցից կինը ցնցվեց և մարդու խելագար վազքը տեսնելով՝ կարծեց, թե կամ երկրաշարժ եղավ, կամ տունը բռնվել է հրդեհի բոցերով, ուստի ինքն էլ գլխապատառ դուրս նետվեց մարդու հետևից կենդանական սարսափով բռնված։

Աղա Մարտինը գնդակի պես ներս ընկավ որդու սենյակը։ [ 165 ]

Վանիչկան հանգիստ նստած էր հայելու առջև և զբաղված էր երեսը սափրելով։ Նա այնքան էլ չվախեցավ, երբ հայրը կրակ կտրած ցցվեց իր առջև. կարծես թե սպասում էր նրան։

— Շա՛ն որդի,— բղավեց աղա Մարտինը,— էս րոպեին պարիկս տուր, թե չէ, էդ ածելին կառնեմ վիզդ կկտրեմ։

— Ի՞նչ պարիկ, պապա։

— Իմ պարիկը։

— Քո պարիկը ինչի՞ս է պետք, պապա։

— Բաս դու չես գողացե՞լ։

— Ինչո՞ւ պիտի գողանայի, պապա։

Աղա Մարտինը մի րոպե լուռ ու փորձող հայացքով նայեց որդու խաժ աչքերին, որոնց մեջ վախի կամ շփոթմունքի նշույլ անգամ չկար։

— Մտի՛կ արա, Վանո,— սպառնաց նա չարագուշակ հանգիստ ձայնով,— թե որ գողացել ու թաքցրել ես, էլ ինձնից չես պրծնի, աստված է վկա։

Որդին չպատասխանեց։ Կանգնած էր անկոտրում երեխայի պես լուռ։

— Վանիչկա, տե՛ս, դու սուս ես անում,— այս անգամ մեջ մտավ մայրը,— էդ գող աչքերիցդ տեսնում եմ, որ դու ես վերցրել։ Էս րոպեին հանիր տուր։

— Բաս որ փող եմ ուզում, ինչո՞ւ չի տալիս,— պատասխանեց Վանիչկան հանդուգն կերպով։

— Էս րոպեին ինձ տասը թուման է հարկավոր։

— Վա՛յ քո ծնունդը չորանա, շանից ելած,— բղավեց աղա Մարտինը և ատամները կատաղությունից կրճտացնելով վրա ընկավ, որ որդուն խեղդի, բայց կինը պինդ բռնեց նրա թևերից։

— Վո՛ւյ, քոռանամ ես,— ասաց նա երեսը ճանկռելով,— վո՛ւյ, քոռանաս դու, Վանիչկա, էս ի՜նչ խայտառակություն ես բերում մեր գլխին։ Բաս դու չգիտե՞ս, որ փեսեն էստեղ նստած՝ մեզ է սպասո՞ւմ։ Էս մարդը ո՞նց դուրս գնա նրա մոտ առանց պարիկի։ Հանիր էս րոպեին, տուր, ասում եմ։

— Տասը թումանը տա՝ տամ,— անվրդով պատասխանեց Վանիչկան, պինդ կանգնած իր խոսքի վրա։

Աղա Մարտինը կանգնած էր կատաղությունից ինքն իրեն [ 166 ] ուտելով։ Էլ խոսք չէր գտնում արտասանելու։ Որդու հանգիստ համառությունը միանգամայն զինաթափ էր արել նրան։

— Ա՛յ մարդ, դու էլ ինչ ես սատանի ձին նստել,— դիմեց նրան կինը,— գնա բեր, իրան սևցրու, էլի՛, որ տա։

— Օ՛հ, ասում եմ, էլի՛, քու ծնունդը չորանա, քու ծնունդը,— կրկնեց աղա Մարտինը ծանր հառաչանքով և շտապով դուրս գնաց։ Մի-երկու րոպեից վերադարձավ և մի հարյուրանոց թղթադրամ շպրտեց որդու երեսին։

Վանիչկան նախ փողը վերցրեց, պահեց ծոցում, հետո մոտեցավ պատի վառարանին, բաց արեց ծխնելույզի անցքի դռնակը, այնտեղից հանեց հոր պարիկը թղթի մեջ խնամքով փաթաթած և տվավ հորը։

Պարիկը ծխնելույզի անցքի մեջ էր պահել, որ եթե սենյակը խուզարկեն, չգտնեն։

1890