Jump to content

Աղվեսագիրք/Ծանոթագրություններ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աղվեսագիրք

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. «Արաբերեն թարգմանության կողքին պետք է դնել վրացերեն թարգմանությանը Վարդանի հատկապես այն ժողովածուի, որ կոչվում է «Աղվեսագիրք» (Ն. Մառ, «ժողովածոյք», էջ 574): Վրացերեն թարգմանության հայտաբերամը պարտական ենք գիտնական Ե. Տակայիշվիլուն: Վրաց թարգմանչի «Աղվեսագիրքը» ավելի մոտիկ է հայ տպագիր հրատարակության տեքստին, քան այս բնագրին, որի վրա աշխատել է արաբ թարգմանիչը: Նույն էջի ծանոթության տակ Ն. Մառը գրում է, որ ըստ Ե. Տակայիշվիլու ենթադրության «Աղվեսագիրքը» վրացերեն թարգմանված է XIX դարում: Ն. Մառը ենթադրում է, որ առաջին թարգմանությունը կարող է եղած լինել XVIII դարում: Այդ կապակցությամբ հետաքրքիր է նաև Ն. Մառի դիտողությունը «Աղվեսագրքի» և Սաբա Սուլխան Օրբելիանու «Գիրք իմաստության և կեղծիքի» մասին, գրված 1719 թվից հետո, երբ Օրբելիանին վերադարձել էր Եվրոպայից, և «Աղվեսագիրքն» արդեն չորս անգամ տպագրված էր, «գուցե և թարգմանված վրացերեն»: (Ն. Մառ, § 54):

2. «Գարու հաշիվ». — Առակն ունի մի քանի վարիանտ: Վերնագիրն է «Կոզեոն և ավանակ և խոզք»: Օգտվել ենք Ստեփաննոսի ժողովածուի մեջ եղած վարիանտից: Առակն սկսվում է այսպես. «Ասի յոլոմբիական, թէ այր մի կրէր գրաստով...»: Սակայն Ոլիմպիանոսի անվան հիշատակությունը դեռ ապացույց չէ, որ սկզբնաղբյուրը նրա ժողովածուն է: Մի վարիանտ ունի առակի այսպիսի մեկնություն. «Խոզերը մարմնասեր մարդիկ են և փափկասերները և անդարձ մեղավորները և իշխանները, իսկ քուռակները` աղքատները»:

3. «Այրի կին և որդի». — Սկսվում է «ասի յառակաց» բառերով: Այրին կաթը «խափ» է տալիս, որ փոխադրել ենք «հարևանին փոխ տալ»: Մեզանում մինչև վերջերս դեռ մնում էր «խափի» սովորությունը, ըստ որի հարևաններն իրար հերթով փոխ էին տալիս օրվա կաթը՝ մի անգամ մերան անելու համար:

4. «Միայնակյաց և գամփռ շուն». — Բնագրում միայնակյացը զղջում է «և նույն ժամին պոռնկության դևը թողնում է նրան, որովհետև նա զղջաց»:

5. «Այծեր և գայլեր». — Առակն ունի մի քանի վարիանտ: Նման է «Ապաշխարող գայլը» առակին, որ դարձյալ Վարդանի առակներից է: Ն. Մառը 1893 թվին, Արագածի վրա պեղումների ժամանակ ձեռք է բերում մի ձեռագիր՝ 1320 թվի: Այդ ձեռագրի մեջ կա այս առակը, գրված դիվանագիտական գրությունների բարձր ոճով. օրինակ՝ գայլերը, այծերին ուղղած իրենց թուղթն սկսում են այսպես. «Առ ամենիմաստ երջանիկ աստվածասեր և այծերի սուրբ ազգին գրում ենք մենք, գայլերի չարաբարո և մեղավոր և լիրբ ազգս...»: »Նման առակ ունի նաև Եզոպոսը:

6. «Երկու նկարիչ». — Այս առակը գտնվել է Դավիթ Ղրիմեցու ձեռագրի մեջ, Վարդան Այգեցու այլ առակների հետ, որոնց սկզբում կան այս տողերը. «Այս առակները հավաքեցի և գրեցի («ժողովեալ գրեցի») ես մեղավորս Վարդան, մենակյացների ձորում իմ հոգևոր որդիների համար»: «Ժողովեալ գրեցի», — ճիշտ բնորոշումն է Վարդանի, իբրև առակագրի Աև նյութի, որ մինչ այդ անգիր զրույց էր:

7. «Առյուծ և աղվես». — Ունի նաև Եզոպոսը: Լոհմանն ունի «Նապաստակ և առյուծ» վերնագրով: Այս առակն աննշան տարբերությամբ կա նաև սիրիական առակների ժողովածուների մեջ:

8. «Իմաստուն դատավոր». — Առակը սկսվում է «ասի ՛ի պատմութեանց» բառերով: Բուն Վարդանի առակների մեջ չկա: Վերագրվում է Վարդանին՝ Ստեփասնոսի ժողովածուի հիման վրա:

9. «Առյուծ և գայլ և աղվես». — Առակն ունի մի քանի վարիանտ՝ տարբեր ժողովածուների մեջ: Նման առակ ունի Եզոպոսը, արաբական «Աղվեսագիրքը», սիրիական առակների ժողովածուն: Եզոպոսի մոտ գայլի փոխարեն էշն է. կա առակի հայերեն մի վարիանտը, ըստ որի արջս է ստանում «առյուծի բաժինը»:

10. «Գինի». — Առաջին անգամ հրատարակել է Ղևոնդ վ. Հովնանյանը («Հանդես ամսօրյա», 1890, XI): Այս առակը մեջ է բերված «Գիրք առակաց ասացեալ վարդապետին Վարդանայ ի պէտս հոգւոյ և մարմնոյ պիտանի» ձեռագիր մատյանում, գրված 1617 թվին: Տեքստի լեզուն և ոճը ևս վկայում են, որ այս առակը Վարդանին վերագրել են հետագայում:

11. «Իմաստուն ավագէշ». — Այս առակն աննշան տարբերությամբ կա թե Վարդանի ժողովածուների և թե «Բարոյախոսի» մեջ: Իմաստուն ավագէշի առակին կցված մեկնությունից հայտնի է անում, թե «մարդկային ազգը փառասիրությունից և ագահությունից հիմարանալով չի մտածում այն ահագին տանջանքի մասին, որ նրան սպասում է «յետ այս կենաց...»:

12. «Միամիտ գողեր». — Առակ Ստեփաննոսի ժողովածուից: Ըստ Ն. Մառի՝ ժոդովածուն կազմողին ծանոթ է եղել «Աղվեսագիրք» անունը («հիշեցեք...Ստեփաննոս վարդապետին, որ ժողովրդին (խրատելու համար գրել տվեց առակներ, որոնց մեջ աղվեսը մարդկանց օգուտի համար է): Ընդունելով, որ «գրել տվեց» («ետ գրել») կնոսնակի արտագրել տվեց, — կարելի է ենթադրել, որ գոյություն է ունեցել անհայտ մի ձեռագիր, որից Ստեփաննոսի պատվերով 1669 թվին կազմել են այս նոր ժողովածուն:

13. «Եղեգն և ծառեր». — Ըստ մի վարիանտի՝ «թագաւորն հնդկաց ել ի զբօսանս շրջել...»: Այդ հիման վրա կարելի է ասել, որ «հայկական այս առակը համառոտումն է արևելյան առակի» (Ն. Մառ): Նման սյուժե հայտնի էր դեռևս Սոֆոկլեսին: Վարդանին վերագրած ամենահին ժողովածուների մեջ այս առակը մեջ է բերված հետևյալ մեկնաբանությամբ. «Ցուցանե առակս, թե պարտ է սիրել խոնարհություն, հեզություն և համբերություն և հնազանդվել. շատերն են սատակել հպարտությամբ»: Ավելորդ է ասել, թե ինչ հնազանդություն էին պահանջում եկեղեցու ներկայացուցիչները «հավատացյալ հոտից»:

14. «Իշխան և այրի կին».— Այս առակը վերագրել են Հովհան Ծործորեցուն: Ն. Մառը հավանական հեղինակ համարում է Մխիթար Գոշին: Այն սակավաթիվ առակներից է, որ զերծ են մնացել բարոյախոսական մեկնությունից: Առակն ունի միայն մի վարիանտ՝ Հովհան Ծործորեցուն վերագրած «Քարոզ գրքի» մեջ:

15. «Թագավոր և օձ». — Հրատարակել է Ղ. վ. Հովնանյանը, 1890 թ.: Նման սյուժե ունի նաև «Կալիլա և Դիմնան»: Դրանով պիտի բացատրել, որ հայերեն տեքստը՝ «Թագավոր և օձ և որդի թագավորին» սկսվում է «ասի յառակաց» բառերով: Բացի Ամստերդամի «Աղվեսագրքի» (1668) վարիանտից, կան և հայերեն այլ վարիանտներ: Մենք հիմք ընդունել ենք Ստեփաննոսի ժողովածուի վարիանտը, որ ավելի կենդանի լեզվով է և ընդարձակ: Այդ առակը վերջանամ է հետևյալ խրատով. «Հին թշնամին նոր սիրելի չի լինիր, և ճար չկա, որ այլ լինի. ով միտս ունի, իմասցի»:

16. «Առյուծ և աղվես և արջ». — Առակը հայտնի է չորս վարիանտով: Առակի վերջի գռեհկությունները կրճատել ենք: Նման առակ ունի նաև Եզոպոսը. այս առթիվ Ն. Մառը հետևյալ միտքն է հայտնել. «Հայկական տեքստը հաճախ ներկայացնում է հունարենում անհայտ խմբագրություն, և այս դեպքում հայ այլաբանական գրականությունը մեզ համար կարող է պահած լինել Եզոպոսի առակի կորած վարիանտը» (Ն. Մառ, 478):

17. «Կաթ մեղու պատճառ պատերազմի». — Զետեղել ենք նաև իբրև սկզբնաղբյուր Հովհ. Թումանյանի «Մի կաթիլ մեղրի»: Ավելի սեղմ ունի «Պանչանտրա», սանսկրիտ մատյանը, ըստ որի որսորդն է գտնում մեղրի խորիսխը և ուզում է ծախել, մի կաթիլ կաթում է գետնին և այլն: Անհավանական համարելով սանսկրիտից անմիջապես հայերենի փոխադրելը, Դ. վ. Հովնանյանը ենթադրում է, որ արաբ թարգմանաթյունից է մտել Ոսկեփորիկի և Վարդանի առակների ժողովածուների մեջ: Ըստ Ն. Մառի՝ «Աղվեսագրքի» մեջ անցել է «Կալիյա և Դիմնայից»:

18. «Կտակ վասն գանձի», — «Ցուցանե առակս, թե աշխատանքը մեծ բարիք է և շատ օգուտ թե այս և թե այն կյանքում»: Ամենատարածված առակներից մեկն է մեզանում, և մինչև այժմ, մանավանդ այգեգործական շրջաններում, պատմում են, ակնարկելով այցին խոր փորելուց ստացվող օգուտը՝ առակի գանձը:

19. «Ուղտ և գայլ և աղվես». — Այս առակն ունի մի քանի խմբագրություն, տարբեր բարոյախոսական մեկնությամբ: Այսպես, ըստ մի վարիանտի՝ «ցուցանե առակս, թե աղքատը չպետք է ձգտի մեծատան հետևից և ոչ էլ կռվի մտնի նրա հետ»: Մյուսի մեկնությունը՝ «ցուցանե, թե մեծատունները և առաջնորդները ծծում են ժողովրդի ուղեղը, և շատերն են աղքատանում»: Տարբեր սոցիալական խավեր նույն առակը մեկնել են՝ յուրաքանչյուրն ըստ յուր աշխարհայեցողության: Մեծատունները և եկեղեցին քարոզել են, որ աղքատը չպիտի կռվի նրանց դեմ և պիտի հաշտվի իր վիճակին. իսկ աղքատն արդեն գիտակցել էր, որ մեծատունները և հոգևոր առաջնորդներն են յուր թշվառության պատճառը:

20. «Եզն և ձի». — Առակն արտացոլում է սոցիալական անհավասարության գիտակցությունը գյուղացիական խավերում՝ վաղնջական ժամանակ և նրանց բողոքը՝ ֆեոդալների դեմ: Այս կարգի առակ է նաև «Եկեղեցին և ջրաղացը», որով եկեղեցին համարվում է պորտաբույծ և «ջրաղացի», այսինքն՝ գյուղացիության քրտինքով ապրող: Առաջին առակի մեկնությունը՝ «ցուցանե առակս, թե մարդ կա, որ աշխատում է եզան նման և մարդ կա, որ միշտ ձի է հեծնում և ավերում է աշխարհը: Եվ եթե աշխատավորը եզան նման չաշխատի, ապա կմեռնի ձին և ձիավորը». այս մեկնությունն ապացույց է այդ գիտակցության զարթոնքի, և դեռևս երկար ժամանակ այդ առակն ավանդվել է, ինչպես հաստատում է աստապատցիներից գրի առած նույն առակի հետևյալ վարիանտը (Նավասարդյան, Հայ. ժող. հեք., 7):

«Ոսկե թամբով ձին բեռնած եզան ասավ. — Ես ձի ամ ձիավորին — Ոսկի աթոռ ամ թագավորին. Եզն ասավ. — Ես եզ ամ եզնավորին. Ոսկե աթոռ ամ ռըշպարին, Ես չդատեմ արտն ու գարին, Ղառղառնին պոչիդ տակին կշարվին»:

21. «Հիմար և ձմերուկ».-Մի վարիանտն ունի «ասի յառակաց» ձևը, որից կարելի է ենթադրել առակի մուտքը հայերեն ժողովածուների մեջ՝ գրավոր այլ աղբյուրից: Մխիթար Գոշն ունի այսպիսի առակ, բովանդակությամբ մի քիչ տարբեր (անփորձ մարդը սեխն ընդունում է ջայլամի ձվի տեղ և այլն): Հայ ժողովրդական բանահյուսությանը հայտնի են նման առակներ և ասացվածքներ:

22. «Աղքատ և ավետարան». — Մի ձեռագրի մեջ՝ «Աղքատ և յերեց և ավետարան»: Կագմել ենք երկու վարիանտից: Բնագրում առակն այսպես չի վերջանում, ըստ մեկի՝ «քահանան ամոթալի եղավ», իսկ ըստ մյուս վարիանտի աղքատը քահանային մեկնաբանում է ավետարանի նշանակությունը, ինչպես մի ջերմեռանդ հավատացյալ: Այդ մասը համարելով բարոյախոսական կցան, որ վարպետությամբ ժամանակին միացրել են առակին, — զատել ենք բուն առակից:

23. «Հայր ու որդի». — Բնագիրը չունի «և այժմ դո՞ւ ես խրատում ինձ» բառերը: Առակը վերջանում է հոր խրատով՝ ամուսնությունը «սրբությամբ գործելու մասին»:

24. «Մարդ և ընկույզ և ձմերուկ». — Աննշան տարբերությամբ այս առակը կա մի քանի ժողովածուների մեջ:

25. «Եկեղեցի և ջրաղաց». — Տե՛ս ծան. 20: Առակին կցված է հետևյալ մեկնությունը. «ցուցանե առակս, թե կան աշխարհի մարդիկ, որոնք միշտ աշխատում և դատում են, ինչպես մեղու, և թագավորները և իշխանները և ամենայն մարդիկ ուտում են նրանց վաստակը և ապա եկեղեցի գնալով աղոթում են աստծուն և հիշում»:

26. «Ամենատգետ մարդ». — Սկսվում է «ասի յառակաց» բառերով: Արևելյան ծագումն ակներև է:

«Ջրմի և թոնի» մարդ (մի ձեռագրում՝ «ջմրի և նոթի») կարելի է հասկանալ իբրև «ջրմուրի և թոնի մարդ» — խիստ ծարավ և թաթավ մարդ: Գուցե ակնարկում է այդպիսի մարդու անկարելիությունը, և ուրեմն հովիվը ծաղրում է թագավորի գիտուններին: Կարելի է հասկանալ, որ հենց ինքը՝ ամենատգետը՝ արտասովոր մարդ էր՝ և խիստ ծարավ և թաթավ ու թաց:

27. «Աղվես և որսորդ». — Բնագիրը՝ «Աղուէս և որսորդք». աղվեսին հալածում են որսորդները: Աղվեսը կարծում է, որ իրեն ուզում են նշանակել «ճիտանոցի հայրապետ»: Աղվեսի բերանով առակագիրը ծաղրում է վանահայրերին և եկեղեցականներին ընդհանրապես:

28. «Իշխանավոր և իմաստուն». — Երկու վարիանտն ունեն «Մելիք և կարդացող» վերնագիրը, թեև տեքստի մեջ սուլթանն է, որ ղադիից ֆեթվա է ուզում ամուսնության համար: Առակը նաև ծաղր է բազմակնության սովորության: Խմբագրելու ընթացքում դուրս ենք թողել այդպիսի բասերը: Առակը վերջանում է սուլթանի զղջումով («և եկեալ սուլտայն ի զղջումն»): Այդ մասը չենք թարգմանել, իբրև առակի միտումնավոր վերջավորության, որի նպատակն է ցույց տալ կրոնի զորությունը:

29. «Աղվես և թղթատար գայլ». — Օգտվել ենք Ամստերդամի «Աղվեսագրքի» վարիանտից, որի վերջը տարբեր է և թույլ: Երբ գայլն ընկնում է շների բերանը, աղվեսին խնդրում է բերել թուղթը: Աղվեսը հեռվից կանչում է. «Ո՛վ գայլ, այդ գյուղում կարդացող չկա, լսող չկա. ի՜նչ կա որ թուղթը բերեմ»: Եվ շները գայլին սպանում են: Ավելի հաջող համարելով առաջին վարիանտի վերջը, մենք այն կցել ենք Ամստերդամի «Աղվեսագրքի» վարիանտին:

Առաջին վարիանտը վերջանամ է հետևյալ իմաստությամբ, որ բերում ենք առանց թարգմանելու, «ցուցանէ առակս, թէ մի վիճիր և մի անկանիր ի մէջ վիճողաց և բազում տգիտաց և աներկեղաց, այլ իմաստաթեամբ փախիր ի դիւաց և ի նոցին կամակատարաց և յանիրաւաց»:

30. «Հալալ մարդ». — Առակից հանել ենք հետևյալ նախադասությունները. «Զի գրած է ի հաքմաթն, թէ յանօթէց զխնծորն ուտելն գաւուրն տրտմութիւն տանի», նաև՝ «և աստուած էրետ ինձ և արախացեալք յոյժ և փառս ետուն աստուծոյ»: Վերջին նախադասության տեղ ավելացրել ենք. «և ահա դու եկար»:

31. «Առյուծ և մարդ». — Այս առակի մասին Ն. Մառը գրել է. «Առակն ունի երեք խմբագրություն, որոնցից մեկի համար բնորոշ են ժողովրդական ձևերը և դարձվածքները և ավելի մանրամասն է...Մեզ համար միանգամայն հավանական է Եզոպոսի առակի հունական տեքստի գոյությանը, միանգամայն համապատասխան հայկական վերսիային» (Ն. Մառ, 483): Մենք հիմք ընդունել ենք «ժողովրդական ձևերով» հարուստ վարիանտը:

32. «Արվեստ կնոջ». — Բնագրում՝ «Արուեստք կնոջ»: Այս մանրավեպի մեկնությանը գրված է «գեղջուկ բառով», որ բերում ենք ընթերցողին ծանոթացնելու այդ լեզվին. «Ցուցանե առակս, թե մարդ հետ ֆելվոր կնոջ հուն ոչ կարե յելներ («Ի հուն ելանել = գլուխ հանել» — Ա. Բ.), որպես ասեն գեղջուկ բառով, թե կնկայն ֆելն բեռնելով է և հաղթե մարդկան. և մարդ ոչ կարե դիմանալ կնկայն ֆելին»...

33. «Անզգամ կին». — Այս մանրավեպի սկիզբը՝ ուր պատմվում է ծովային թագավորի և մարդու բարեկամության մասին, և թե ինչպես այդ մարդը սովորում է կենդանիների լեզուն՝ կրճատել ենք և ավելացրել հետևյալ պարբերությանը. «Եվ մարդուն հարցրին, թե ինչո՞ւ նա տրտում նստել է: Եվ մարդն ասաց, որ տրտում է, որովհետև աղքատ է: Ծտերն ասացին. «Կխոստանա՞ս երբեք չասել ոչ ոքի, եթե քեզ ոսկու տեղ ցույց տանք», և մարդը խոստացավ և երդվեց, և ծտերն ասացին. «Այդ քարի տակ յոթ կարաս ոսկի կա թաղած, հանի և տուն տար և եթե ասես մեկին, թե որտեղից է ոսկին, իսկույն կմեռնես»: Եվ մարդը ուրախացավ»...

34. «Դրախտ և գեղջուկ մարդ».-Կոչվում է «Քրիստոնեայ և այլազգի, այլև օրինակ վիճի յաղագս հաւատոյ», որի մեջ «այլազգին» պատմում է մի «օրինակով բան», որի վերնագիրն է «Աղն կսկծի»: Որովհետև Ամստերդամի «Աղվեսագրքի» մեջ կար այդ առակն առանց ներածության և ավելի գրավիչ (տե՛ս նաև Ղ. վ. Հովնանյան, «Հետազօտ. նախնեաց ռամկօրէնի վրայ», Մասն Ա., տետր Բ., 282), — մենք գերադասեցինք այդ վարիանտը, վերամշակելով առակի վերջին մասը: