Jump to content

Աղվեսը (պատկերազարդ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից


Աղվեսն յեկավ բարձըր սարից,
Հարցմունք արավ լիքը թառից.
«Մեծ խորոզ ե հարկավոր ինձ».
Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն հագել քուրքը դեղին,
Պըտուտ կու գա շուրջը գեղին,
Ջուր կըտըրվեց տատիս լեղին.
Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։


Աղվեսն ասավ պառավ տատին.
«Մըտիկ չեմ տա ձեռիդ փետին,
Կարոտել եմ թմփլիկ ճուտին».
Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն յեկել, նստել դեղին,
Յերկար ագին ծըռել վըզին,
Աչք ե ձըգել մեր խորոզին.
Են գող աղվեսն, ագին ծաղիկ։


Մին ել կանչեց տատըս պառավ.
«Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ...
Գըլխիս ես ի՞նչ փորձանք բերավ
Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կու գայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ վողջ դար ու փոս
Են չար աղվեսն, ագին ծաղիկ»։


Աղվե՛ս, աղվե՛ս, փոքրիկ գազան,
Վոտներըդ կարճ ու խիստ վազան,
Շըներդ ամեն քեզ չը հասան,
Ճարպիկ աղվես, ագին ծաղիկ։