Աղվեսն ու գայլը
Աղվեսն ու գայլը
(Նոր առակ)
Աղվեսն ու Գայլը շատ մտերմացան
Եվ ընկերացան,
Եվ ահա մեկ օր սրանք կամեցան,
Որ գնան դառնան
Մեկը՝ ոչխարած,
Մյուսը՝ սագարած։
Ու պետք էր հովվի հագուստ հագնեին,
Բայց ո՞ւր գտնեին։
Խելոք աղվեսը չհուսահատվեց,
Գայլ ընկերոջ հետ նա այսպես խոսեց.
— Սիրելի ընկեր, իմացած կենաս,
Որ ինչ չուլ-փալաս
Հագիդ ունենաս,
Հովիվ կըդառնաս,
Մենք գազաններս մեր բունակներով,
Կերակուրներով
Մեկս մեկէլից չենք զանազանվում,
Իսկ մարդ ասածդ իր ոչ մի բանում
Մեզ չի նմանում։
Մարդկանց մեկն ունի սարի նման տուն,
Իսկ մյուսը չունի գետնափոր մի բուն.
Մեկը լափում է հազար տեսակ բան,
Մյուսը չի ճարում ոչ մի շերեփ թան.
Մեկը ծփում է զառ ու ղումաշում,
Մյուսը մերկ, բոբիկ, ոտներն է մաշում.
Այս խեղճերիցն է սարի հովիվն էլ,
Հագուստ ու կապուստ նրան ո՞վ է տվել,
Մի հին թաղիք է վիզն անցկացըրած,
Մի մոթալ փափախ՝ բուրդը դուրս պրծած.
Իսկ այդ ի՜նչ է, որ մենք ձեռք չըբրերենք,
Հովիվից էլ լավ մեզ չըզարդարենք…
Հենց այս խոսելում
Մեկ էլ էն տեսնեմ՝
Ահա գալիս է մի ձի չափ ընկած,
Չուլը փորն ընկած…
Սրանց որ տեսավ՝ ավելի խրտնեց,
Չուլը վայը գցեց,
Իսկ ինքը փախավ։ գլուխն ազատեց,
Գայլն ուզեց վազել, որ ձիուն հասնի,
Իր բանը տեսնի,
Աղվեսը նրան չթուլյլատրեց,
Այլ խորհուրդ տվեց,
Թե՝ «ահա մեզ լավ յափնջացուներ,
Էլ ժամանակդ զուր մի՛ կորցներ.
Թաղիքն արա երկու կտոր,
Որ գյուղ չերթանք այսպես տկլոր.
Յափնջու մեջ որ փաթաթվենք,
Էլ ո՞վ կասի որ մենք մարդ չենք»։
Եվ ձևեցին,
Կապկըպեցին
Մի-մի յափնջի, մի մոթալ փափախ,
Բայց փաչեքնին բաց, պոչերնին կախ-կախ ․․․
Իրիկվա մթին այս նոր տարազով,
Նազով ու սազով
Գայլն ու Աղվեսը որ գյուղ չըմտա ՜ն,
Մեկ էլ ի՜նչ տեսան…
Ահա երկու շուն՝ Զանգի-Զրանգի
Առյուծի հանգի…
Սրանց առաջը կտրում են, հաչում,
Հետն էլ կլանչում,
Բոլոր շները մի տեղ հավաքում։
Գազանահաչ էր, գեղացոց ծանոթ,
Ինչպես անգուման տրաքած թնդանոթ,
Ամենքին հանկարծ ոտքի կանգնեցրեց
Եվ ամեն զենքով սպառազինեց.
Որը վեր առավ մի քրդի նիզակ,
Որը՝ մի եղան կամ հաստ, դագանակ.
Մեկը՝ մի բհիր չափարից հանած,
Մչուսը՝ մի կացին երկայն կոթ արած,
Որը՝ մի հին թուր
Ածլու նման սուր,
Որը՝ մի դաշույն կամ երկայն շամփուր,
Բոլորն էլ հանկարծ
Ոտքի են կանգնած,
Թե մարդ, թե կնիկ,
Թե մանչ, թե աղջիկ։
Եվ ի՜նչ ճղավոց, ի՜նչ գոռյուն-գոչյուն,
Այստեղ չէր լսված այսպես դղրդյուն,
Մեկ մարդ մոտ գնաց,
Տեսավ ու գոռաց.
— Մեկն աղվես է, մեկը գե՜լ,
Բայց դառել են մարդագե՜լ…
— Վա՜յ, մարդագե՜լ, մարդագե՜լ,—
Բղավեցին ամենքն էլ,
Եվ շատերը վախեցան,
Մութ տեղերում թաք կացան։
♦♦♦
Աղվեսն ու Գայլը շատ շշկլվեցին,
Ապուշ կտրեցին,
Բայց էլի շուտով ուշքի եկան
Ու ետ-ետ փախան,
Շներին տալով նոր յափնջիքը,
Մոթալ փափախնին ու պոչերնիքը…
♦♦♦
Այդ անցքից դեսը
Գայլն ու աղվեսը
Իրար տեսնելիս՝
Բարև չեն տալիս։
Մարդ թե գազան իրար նման
Ենթարկվելով դժբախտության
Մեղադրում են մեկը մյուսին—
Հայկն՝ Ամոյին,
Գայլն՝ Աղվեսին…