Jump to content

Աղքատ և Ավետարան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՂՔԱՏ ԵՎ ԱՎԵՏԱՐԱՆ

Մի աղքատ մի գյուղ եկավ և մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուլ էր և անձրևակեղ: Եվ այն աղքատը անձրևաթաց էր և քաղցած և հագել էր պատառոտուն զգեստ և դողում էր և հոգնել էր ճանապարհից: Եվ ներս մտավ քահանան, սկսեց ժամ ասել: Առավ ավետարանը և կարդաց այն էջը, ուր գրված էր, թե օտարական էի՝ ընդունեցիք ինձ, մերկ էի՝ հագցրիք ինձ, քաղցած էի՝ կերակրեցիք ինձ, ծարավ էի՝ հագեցրիք ինձ: Այն աղքատը լսեց և ուրախացավ. «Այս ինձ համար է ասված, և ահա շուտով կկատարեն իմ կամքը»: Իսկ քահանան ժամն արձակեց և գնաց տուն, և աղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին: Եվ աղքատն ասաց. «Այն գիրն, որ կարդաց, նա սուտ էր»: Եվ առավ ավետարանը, վրան քար դրեց և սուզեց ջրի մեջ: Եվ քահանան եկեղեցի գալով ավետարանը չգտավ և աղքատին ասաց. «Ո՞ւր է ավետարանը»: Եվ աղքատն ասաց քահանային. «Ի՞նչ ես անում սուտ ավետարանը, և ես տարա ջուրը գցեցի»: Եվ քահանան բարկանալով սկսեց ծեծել աղքատին, և աղքատն ասաց. «Ինչո՞ւ ես ծեծում ինձ, անիրավ. եթե հավատում ես, թե ավետարանն աստծո ճշմարիտ խոսքն է, ապա ինչո՞ւ չես կատարում նրա կամքը: Որովհետև ես օտարական եմ, և ինձ չեք ընդունում, մերկ եմ, և ինձ չեք հագցնում, քաղցած եմ, և չեք կերակրում ինձ, ծարավ եմ, և ջուր չեք տալիս: Մի՞թե աստված այդ բաների պակասությունն ուներ և այդ ամենն իրեն համար ասաց»: