Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արդեն ամառ է շոգ, ջերմին,
Արդեն հասել է բերքը բորբ,
Ծաղկել է վառ պարտեզը իմ. —
Ինչո՞ւ եմ ես անօգ ու որբ:
Տվել է ինձ արևն ամռան
Ինչ որ միայն կարող էր տալ.
Սերմերն հասան ու չկորան. —
Ինչո՞ւ ես չե՛մ կարող խնդալ...
Ամառը ինձ բերք է բերել,
Տունս լցվի պիտի բերքով. —
Բայց սիրտս մութ ու զուրկ է դեռ
Եվ չի՛ լցվում ամռան երգով...
Ո՞վ գիտե, սի՜րտ, ուղին քո մութ
Ու խորհուրդները քո խավար.
— Սի՜րտ իմ, անհաս կյանքի խորհուրդ,
Սի՜րտ իմ խավար...
|
|