Ամեն կլոր բան դեռ ընկույզ չէ կամ Նորից հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների մասին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ամեն կլոր բան դեռ ընկույզ չէ

կամ

Նորից հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների մասին

Արա Պապյան

Ես արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ հայ-թուրքական արձանագրությունները սխալաշատ և թերի փաստաթղթեր են: Ամեն անգամ ընթերցելիս մի նոր թերություն է ի հայտ գալիս:

Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության տասներորդ կետը նախատեսում է «դիվանագիտական առաքելությունների փոխանակում» (to exchange Diplomatic Missions): Առերես «անշառ» ձևակերպում է: Սակայն մասնագիտական քննությունը ցույց է տալիս, որ այն հղի է հետագա լրջագույն բարդություններով: Սույն ձևակերպումը չի հստակեցնում, թե այդ առաքելությունները ի՞նչ մակարդակի պետք է լինեն: Այս անորոշությունը, ցանկության դեպքում, հնարավորություն կտա Թուրքիային, de jure հաստատելով դիվանագիտական հարաբերություններ, de facto դրա արդյունավետությունը մոտեցնել զրոյի: Մենք հո՞ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չենք հաստատում, որ Երևանի կենտրոնում ծածանվի թուրքական դրոշը: Մենք դա անում ենք, որպեսզի երկու երկրներն ունենան հնարավորություն առկա խնդիրները միմյանց պաշտոնապես ներկայացնելու և դրանց գործնական լուծումներ տալու համար: Արձանագրության մեջ չհստակեցնելով դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը՝ մենք այդ գործընթացն էապես սահմանափակելու հնարավորություն ենք տալիս: Օրինակ, Թուրքիան կարող է «դիվանագիտական առաքելություն» բացել Երևանում և հավատարմատար նշանակել մի երրորդ քարտուղարի: Այս պարագայում մենք Երևանում կունենանք դիվանագիտական փոստի թուրքական ընդունման կետ միայն: Միևնույն ժամանակ Թուրքիան, հավատարմագրելով հայ դիվանագետ/ներ/ի Անկարայում, կարող է մերժել Հայաստանի Հանրապետության դեսպանի հավատարմագրումը, պատճառաբանելով, որ նման բան չի նախատեսված արձանագրությամբ:

Տեսնենք՝ ի՞նչ նախադեպեր ունենք այս հարցում:

Օրինակ, Ուկրաինայի հետ Թուրքիայի դիվանագիտական հարաբերություններ հաստատող արձանագրությունը [3 փետրվարի, 1992թ.] ամրագրում է «փոխանակել դիվանագիտական առաքելություններ դեսպանությունների մակարդակով» (to exchange diplomatic missions at the level of embassies):[1] Այսինքն՝ ստեղծվում է իրավական հիմք և պարտավորություն արտակարգ և լիազոր դեսպանների հավատարմագրման համար, քանի որ երկկողմ հարաբերություններում «դեսպանի կողմից գլխավորվող դիվանագիտական առաքելությունն է կոչվում դեսպանություն»:

Ամերիկայի հետ հարաբերություններում թուրքերն ավելի առաջ են գնացել: Երբ 1927թ. փետրվարի 17-ին նոտաների փոխանակման ճանապարհով ԱՄՆ և Թուրքիան հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ, ապա նաև պարտավորվեցին «հնարավորինս արագ ձեռնամուխ լինել դեսպանների նշանակմանը» (to proceed to the appointment of Ambassadors as soon as possible):[2] Սա բխում էր Թուրքիայի շահերից, քանի որ Սենատում թուրք-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ընդդիմացող մեծաթիվ խումբ կար: Այսինքն՝ Թուրքիան հեռու էր նայում և նման ձևակերպմամբ իրեն ապահովագրեց, որ ապագայում Սենատը չկարողանա մերժել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը, ինչպես նաև առարկել Թուրքիայի դեսպանի ժամանմանը Վաշինգտոն:

Եթե դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրությունը կնքվելու լիներ մեկ այլ երկրի հետ, գուցեև այդքան անհանգստանալու կարիք չէր լինի: Սակայն Թուրքիայի հետ պատմական փորձը մեզ մղում է հնարավորինս հաշվենկատ և հեռատես լինելու:

Այո՛, դեսպանությունը դիվանագիտական առաքելություն է, սակայն ամեն դիվանագիտական առաքելություն դեռ դեսպանություն չէ: Տեղին է հիշել պարսիկի խոսքը. «Գերդու գերդ ասթ, ամմա հար գերդի գերդու նիստ» (Ընկույզը կլոր է, սակայն ամեն կլոր բան ընկույզ չէ):


Հղումներ և ծանոթագրություն[խմբագրել]

  1. United States, Treaty Series, vol. 1711, I-29601, New York, 1993, p. 209.
  2. Papers Relating to the Foreign Relations of the United States, 1927, v. III, Washington, 1942, p. 794.


12 սեպտեմբերի, 2009թ.