Jump to content

Ամիրյանի տրագեդիան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ամիրյանի տրագեդիան

1

Բագրատ Ամիրյանը ամառվա արձակուրդին վերադարձավ քաղաք, ուր ապրում էին նրա պառավ մայրը, քույրը և եղբոր երկու երեխաները, որոնք ծնողների մահից հետո մնացել էին նրանց խնամքի տակ։ Վերադարձի հենց երկրորդ օրը գնաց բժշկի մոտ։

Բժիշկը, տեսնելով նրա ողորմելի արտաքինը, սկզբում գործարանի հասարակ բանվորի տեղ ընդունեց նրան և, ըստ երևույթին, այդպես էլ ուզում էր վարվել նրա հետ — անփույթ, անուշադիր և մի քիչ էլ կոպիտ կերպով, բայց հետո, որ իմացավ ուսուցիչ է, զարմացավ և ավելի քաղաքավարի ու խնամքոտ վերաբերմունք ցույց տվեց։ Ամեն կերպ թրխկթրխկացրեց նրա կմախքացած կուրծքը, կողերն ու մեջքը, խողովակի միջով ականջ դրեց նրա շնչառությանը, լեզուն հանել տվավ, աչքերի ներքին կոպերը մատներով ցած քաշելով՝ խոր նայեց սպիտակուցներին, մի խոսքով՝ ամենայն բարեխղճությամբ կատարեց բժշկական զննության բոլոր ձևականությունները, գլուխը երերեց և բերնից բաց թողեց մի բառ միայն, որքան կարճ, նույնքան երկարատև և բազմախորհուրդ.

— Да-а-а...!

Հետո ձեռքերը լվաց, և այն միջոցին, երբ սրբում էր, սկսեց իր դիագնոզը հայտնել.

— Ձեր ներսը հիշեցնում է բոլոր վինտերը... Ինչպե՞ս է հայերեն վինտը։

— Պտուտակ։

— ...բոլոր պտուտակները և ռիչագները... Ինչպե՞ս է հայերեն ռիչագը։

— Լծակ։

— ...բոլոր պտուտակները և լծակները թուլացած մի մեքենա, որ հազիվ է գործում Ճռճռալով և խռխռոցով։ Ոչ մի բան տեղը չէ, բոլորը քանդվել, քայքայվել է։ Ձեր ներվերը... Ինչպե՞ս է հայերեն ներվ։

— Նյարդ, ջիղ։

— Ձեր նյարդերը, ջղերն այնպես են քայքայվել, ինչպես խոնավ տեղ ընկած սկրիպկայի... Ինչպե՞ս է հայերեն սկրիպկա։

— Ջութակ։

— ...ինչպես ջութակի թուլացած ստրունաները... Ինչպե՞ս է հայերեն ստրունա։

— Լար, սիմ։

— ...ինչպես թուլացած լարերը, սիմերը։ Կարճ ասեմ.— բժիշկը երեսսրբիչը կախեց իր տեղը և սկսեց մատները մեկ-մեկ ծալել.— ներվերի սարսափեի քայքայում, արյան սաստիկ պակասություն, մաղձի անչափ կուտակում, թոքերի թուլություն, և սիրտն էլ пошаливает։ Ես դեղեր չեմ գրի, դրանք պալիատիվ միջոցներ կլինեն, ձեզ հարկավոր է միայն սնունդ, շատ լավ սնունդ և երկարատև հանգիստ, աբսոլյուտ հանգիստ. ամենաքիչը մի տարի պետք է բոլորովին չաշխատեք։ Ամառը չպետք է մնաք քաղաքում։ Գնացեք Սև ծովի ափերը կամ Ղրիմ։ Հետո, մեծ օգուտ կտան ձեզ հանքային ջրերը — Կիսլովոդսկ, Ժելեզնովոդսկ...

Ամիրյանը ապուշ-ապուշ նայում էր բժշկի դեմքին և չէր իմանում, կատա՞կ է անում նա, թե՞ լուրջ կերպով է խոսում։ Հետո, երբ բժիշկը վերջացրեց իր բարի խորհուրդները, նա սուս ու փուս փողը դրեց սեղանի վրա, գլուխ տվեց և դուրս եկավ։

2

Ոտը նոր էր դուրս դրել բժշկի բնակարանից, որ հենց այնտեղ, մի քանի քայլի վրա, երես առ երես դեմ ելավ մի երիտասարդի։ Լավ նայեցին իրար և միաժամանակ կանգ առան երկուսն էլ։ Հին ընկերներ էին և շատ ժամանակ չէին հանդիպել իրար։

— Ամիրյա՜ն...

— Շամիրյա՜ն...

Բացականչեցին միաժամանակ երկուսն էլ և, ըստ սովորականին, մի թռուցիկ հայացք ձգեցին իրար վրա։

Երկու անտիպոդ։ Մեկը — Ամիրյանը, հիվանդագին, թախծոտ դեմքով, հնամաշ, անճոռնի հագուստը ուսերից, կարծես փայտերից կախված, մյուսը — Շամիրյանը, կատարյալ մի մսագունդ, կլորիկ, զվարթ դեմքով, շեկ հագուստը տռուզ մարմնին կիպ կպած առանց որևէ ծալքի և մի կարմիր վարդ էլ կրծքին ցցած։

— Այդ ի՞նչ է, տո, հաց չես ուտո՞ւմ,— եղավ Շամիրյանի առաջին խոսքը,— այդքան էլ լղարել կլինի՞, հազիվ ճանաչեցի։

— Մորթվելու խո չեմ, որ չաղանամ,— պատասխանեց Ամիրյանը ժպտալով և նայեց նրա ավելորդ մսին, որ փուչիկի պես կախ էր ընկել նրա կզակի տակից և ցցվել պինդ օսլայած վզնոցի մեջ։

— Թե ուզում ես ասել ինձ պես, մի ասի՛,— վրա բերեց Շամիրյանը,— որովհետև ես ինքս գոհ չեմ, որ այսպես չաղանում եմ։ Թե դու հիվանդ ես, ես էլ եմ հիվանդ, դու այս ծայրից, ես մյուս ծայրից։

— Ուրիշ խոսքով ասած՝ դու շատ ուտելուց, ես քիչ ուտելուց, հը՞,- ծիծաղեց Ամիրյանը։

— Այդպես չէ — ես ուտելուց, դու չուտելուց, որովհետև փորումդ որ բան լինի, այդպես մեջքիցդ կպած չի լինի։ Բայց լուրջ, Ամիրյան, ինչո՞վ ես հիվանդ, տեսա բժշկի մոտից դուրս եկար։

Ամիրյանը մի առ մի թվեց բժշկի դիագնոզը և վերջը ավելացրեց․

— Մի խոսքով՝ ես տառապում եմ, սիրելի բարեկամ, հայկական վարժապետական հիվանդությամբ։

— Պա՛հ, քու տունը չքանդվի,— բացականչեց Շամիրյանը,— էլի վարժապետ ե՞ս։ Ես էլ ասում եմ ախր... Դեռ լավ է, որ մինչև հիմա դիմացել ես։ Իսկ ես, գիտես, էլի, երկու տարի էլ չդիմացա, փախա, որ գլխիս ճարը տեսնեմ։ Վատ արի՞։ Ա՛յ, ինձ էլ նայիր, քեզ էլ։

Ամիրյանը իսկապես նախանձով նայեց նրա կենսաթրթիռ դեմքին, նրա տռուզ մարմնին, որը հազիվ էր տեղավորվում իր նեղ պատյանի մեջ, և կարծես նոր տեսավ, թե ինչ հսկայական տարբերություն կար իր ու նրա միջև։

— Հիմա ի՞նչ գործի ես,— հարցրեց նա։

— Շատ լավ գործի, ռուսական մի ֆիրմայի ներկայացուցիչ եմ ամբողջ Անդրկովկասի համար։ Լսիր, Ամիրյան, եկ քեզ մի լավ տեղ տամ, հանգիստ ապահով. այնքան ռոճիկ կստանաս, որ վարժապետը երազումն էլ չի տեսնի։ Թո՛ղ, վերջապես, ազգին ծառայելու քո այդ իդեալիստությունը, ազգը քեզ ռչինչ չի տա, այլ միայն կուտի քեզ առանց մնացորդի, հրեդ արդեն միսդ կերել է, չոր ոսկորներդ թողել, այդ էլ կուտի կվերջացնի։ Հը՞, ի՞նչ կասես։

Ամիրյանը իսկույն չպատասխանեց։ Մտածում էր։

— Տեսնենք,— ասաց անորոշ կերպով։

— Գնա մտածիր այս մասին։ Առայժմ ես շտապում եմ։ Ուզում ես, մի անգամ եկ ինձ մոտ, խոսենք այս մասին։ Կգա՞ս։

— Տեսնենք,— կրկնեց Ամիրյանը։

— Տեսնենք չէ, եկ անպատճառ։ Ուզում ես՝ հենց այս երեկո։ Մանրամասն կծանոթացնեմ գործի հետ։ Մի քիչ էլ կկոնծենք. շատ լավ կոնյակ ունեմ, հիանալի էլ խավիար։ Սպասե՞մ։

— Հաստատ խոսք չեմ կարող տալ։

— Է՛հ, չեմ սիրում անվճռական մարդկանց,— ասաց Շամիրյանը, համենայն դեպս տվեց իր հասցեն և հեռացավ իր ծանր մարմնից անսպասելի թեթև, փութկոտ քայլերով։

Ամիրյանը նախանձով նայեց նրա հետևից և ուժասպառ մարդու դանդաղ քայլերով բռնեց իրենց տան ճանապարհը, ծանր մտքերի մեջ խորասուզված։ Հին ընկերոջ առաջարկը դեռևս չէր խորացել նրա գիտակցության մեջ, և այդ մասին համարյա չէր մտածում, մանավանդ, որ Շամիրյանին ճանաչում էր իբրև մի ֆանֆարոն երիտասարդի, որը գիտեր միայն մեծ-մեծ բրդել և տակից գլխից դուրս տալ։ Նրա միտքը կենտրոնացած էր իր բազմապիսի հիվանդության վրա։

3

Տունը շատ հեռու չէր, բայց որ հասավ, այնպիսի հոգնածություն էր զգում, կարծես տասը վերստ ճանապարհ էր կտրել։ Նստեց դուրսը, պատշգամբում, սենյակի բաց պատուհանի առջև դրված թախտի վրա և թեք ընկավ մութաքային։ Այդ թախտի վրա մայրը տան գործերից ազատ ժամանակ սովորաբար նստում էր ծալապատիկ և զբաղվում գուլպա գործելով։ Այժմ խոհանոցումն էր, ճաշ էր պատրաստում։ Եղբոր երեխաները խաղում էին բակում մյուս երեխաների հետ։ Քույրը նստած էր ներսը, հենց պատուհանի առջև, և կար էր անում։ Լսվում էր նրա կարի մեքենայի արագ, աղմկալի չխչխկոցը։ Նա կարուձևի վարժուհի էր, շաբաթը մի-երկու անգամ հաճախում էր դպրոց, մնացած ժամանակը աշխատում էր տանը սրա-նրա պատվիրած կարն անելով։ Եղբորը որ տեսավ, դադարեց կարելուց և գլուխը դուրս հանեց պատուհանից։

— Գնացի՞ր։

— Գնացի։

— Ի՞նչ գտավ։

— Հիվանդությունների մի ամբողջ սերիա. է՛լ նյարդերի քայքայում, է՛լ մաղձի կուտակում, է՛լ արյան պակասություն, է՛լ թոքերի թուլություն, է՛լ սրտի չարաճճիություն։

— Ինչպե՞ս թե չարաճճիություն։

— Ես ի՞նչ գիտեմ, ռուսերեն ասաց — пошаливает. գնա ու բան հասկացիր։ — Հետո՞։

— Էլ ի՞նչ հետո. հերիք չէ՞ այսքանը։

— Ուզում եմ ասել՝ ի՞նչ դեղ, ի՞նչ խորհուրդ տվավ։

— Դեղ-մեղ հարկավոր չէ, ասաց, միայն լավ կուտես, ասաց, լավ կխմես, ամբողջ օրը ոչինչ չես շինի, կնստես հանգիստ և ճանճ կորսաս։

— Բագրատ, կատակ անելու ժամանա՞կ ես գտել։

— Կատակ չեմ անում, արևս վկա։ Լավ սնունդ և հանգիստ, ասաց։ Առնվազն մի տարի, ասաց, չպիտի աշխատես, ամառը քաղաքում չպետք է մնաս, պետք է գնաս Սև ծովի գեղանի ափերին զբոսնելու, Ղրիմի հրաշալի օդը ծծելու. հետո Կիսլովոդսկ, Ժելեզնովոդսկ... Այսպիսի լավ-լավ բաներ, քույրիկ ջան։ Ուզում էի հարցնեմ, թե այդ բարի խորհուրդները կատարելու համար բանկում դրած ո՞ր գումարներից պիտի ծախսեմ, վախեցա, որովհետև ինքս ինձ ասի, որ իմանա բանկում փող ունեմ, հանկարծ չվե՞ր կենա ու մի ռուբլու տեղ տասը ռուբլի չպահանջի՞։ Ու սուս ու փուս վեր կացա դուրս եկա։

Քույրն այլևս ոչինչ չհարցրեց։ Կարճ ժամանակ տխուր, մտախոհ նայում էր եղբոր ոսկրացած, դեղին դեմքին, որին ինքնահեգնական ժպիտն ավելի հիվանդոտ տեսք էր տալիս, հետո կամաց հոգոց հանեց և դարձավ իր ընդհատած գործին։

Մորն ավելի հանգստացուցիչ տեղեկություններ տվավ Ամիրյանը նրան չվախեցնելու համար։ Մինչև ճաշը պառկած էր թախտի վրա և անթարթ նայում էր երկնքին՝ ինքն իր մեջ խորասուզված։

4

Օրը տոթ էր։ Երկինքը պատած էր գորշագույն նոսր ամպի միապաղաղ շղարշով, առանց անձրևելու։

Ամիրյանին թվում էր, թե իր ամբողջ ներքինը պատած է նույնիսկ մի հեղձուցիչ շղարշով։ Մարմնի մեջ ոչ մի ցավ չէր զգում, զգում էր միայն մի ծանր, ճնշող հոգնածություն, որ ամեն ինչ, նույնիսկ ապրելու ցանկությունը մեռցրել էր նրա մեջ։ Դրա հետ միասին նրա սրտի խորքում, բույն էր դրել զզվանքի նման մի զգացում հասարակական այն հոռի կարգերի և մարդկանց դեմ, որոնց մեջ գործում էր տարիներից ի վեր։ Այդ կարգերն ու մարդիկ նրան հասցրել էին այն դրության, որ նա սկսել էր մահի չափ ատել իր պաշտոնը և անիծել այն օրը, երբ բախտը վիճակել էր նրան ուսուցիչ լինել, նետելու համար գավառական մի քաղաքից մյուսը, մի գյուղից մյուսը, առանց մի տեղ հանգիստ օթևան տալու։ Գավառական կոշտ ու կոպիտ հասարակությունից դուրս եկած, խեղճ ու կրակ գյուղացիների հաշվին ուռճացած չարչիներ և վաշխառուներ, հոգաբարձու ընտրվելով, տեղի-անտեղի խառնվում են նրա գործերին, ուզում են իրենց քմահաճույքով գործել տալ նրան, դատավոր են կանգնում ուսումնական այնպիսի գործերի, որոնց մասին ոչ մի հասկացողություն չունեն, այլանդակ վճիռներ են արձակում, ուզում են իրենց ծառան, ստրուկը դարձնել նրան, խախտում են պայմանը, ռոճիկն ուշ են տալիս, կտրում են կամ չեն տալիս, և երբ նա բողոքում է այդ բոլորի դեմ, թեմական իշխանության ուշադրությունն է հրավիրում, պատասխանը լինում է միայն քար անտարբերությունը։

Բայց մի դեպք երբեք չի հեռանում նրա մտքից, անբուժելի խոցի պես նստած էր նրա սրտում, և այժմ, երբ բժիշկն ուզեց հասկացնել նրան, թե թոքախտի նշաններ են երևում նրա մեջ, նա վերագրեց այդ դեպքին։ Իր գավառական թղթակցություններից մեկում նկարագրել էր մի շատ ուռճացած վաշխառուի արարքները և թեև անունը չէր հիշել, բայց այնպիսի մանրամասնություններ էր բերել, որ ամբողջ գավառն իմացել էր, թե խոսքն ում մասին է։ Վաշխառուն բնականաբար կատաղել էր նրա դեմ և, բացի զանազան կերպ հալածելուց, մի անգամ էլ մարդիկ էր վարձել, որոնք մութ փողոցներից մեկում դարան մտած՝ հարձակվել էին նրա վրա, չարաչար ծեծել և, համարյա կիսամեռ թողնելով նրան, անհայտացել։ Թեև նա իմացավ ո՛վ էր այդ հարձակման հեղինակը, կարող էր ապացուցել և, ուզում էր դատարան դիմել, բայց բանիմաց մարդիկ խորհուրդ տվին այդպիսի բան չանել, այլապես տուժողը կարող էր դարձյալ ինքը լինել։

Եվ ահա այժմ, այդ անբուժելի խոցը սրտում, հոգեպես և ֆիզիկապես տանջված, առողջությունը վտանգի մատնած և նյութապես զրկված, վերադարձել է տուն, իր հարազատների մոտ, ուր դառն ու սրտամաշ հիշողություննԼրով պաշարված՝ թունավորված են իր հանգստի ժամերը, հոգու խաղաղությունը, այն ամենը, որ վայելում է ամեն մի աշխատավոր, բացի միայն հայ ուսուցչից, հասարակության համար նոր սերունդ կրթող ու դաստիարակող այդ դժբախտ աշխատավորից, որը անօգնական՝ թողնված է ճակատագրի կամքին, որի վիճակի մասին մտածող ու հոգացող չկա։ Սա ի՜նչ զարհուրելի դրություն է. դեռ երկա՞ր պիտի շարունակվի այդ դրությունը և երբևիցե պիտի փոխվի՞, թե ոչ...

Ամիրյանը այլևս ոչինչ չուզեց մտածել. այդ մտածմունքները նոր ու նոր վերքեր էին բացում նրա սրտում և ամբողջապես խառնում նրա հոգու խորքում տարիներից ի վեր կուտակված մաղձը։

Նա դարձավ կողքի վրա դեպի բաց պատուհանը և հայացքն ընկավ քրոջ վրա։

Քույրը նստած էր գլուխը հակած կարի մեքենայի վրա, որի չխչխկոցը մերթ դադարում էր հանկարծ, մերթ նորից աղմկում։ Պառկած տեղից Ամիրյանը տեսնում էր նրա գլուխը միայն, ծոծրակին կծիկ արած առատ մազերով և դեմքի ինքնամփոփ, թախծալի-կենտրոնացած հայացքով։ Այդ հայացքը ցույց էր տալիս, որ այդ միջոցին նրա ուշքն ու միտքը կենտրոնացած էր ո՛չ իր կարի, այլ բոլորովին ուրիշ բանի վրա։

«Մտածում է,— ասաց ինքն իրեն Ամիրյանը, առանց աչքը հեռացնելու քրոջ դեմքից,— ինչի՞ մասին, ո՞ւմ մասին... Մի՞թե իմ... Այո, ի՛մ մասին, իմ մասին»,— մտովի պատասխանեց նա իր հարցումին, առանց մի րոպե անգամ կասկածելու, և նրա հոգու խորքում մի լար շարժվեց լացագին։

Ամիրյանը, ինչպես և առհասարակ եղբայրները, մի առանձին սեր չէր տածում դեպի քույրը, պատանի հասակում ամեն մի չնչին բանի համար կռվում էր նրա հետ և նույնիսկ ծեծում, չնայելով, որ փոքր էր նրանից, լավ հիշում էր, մի անգամ այնպես ձիգ տվեց նրա մազերից, որ մի փունջ ձեռքին մնաց։ Բայց այժմ, տեսնելով քրոջ դեմքին այդ ինքնամփոփ, թախծալի-կենտրոնացած հայացքը, մեկեն զգաց, որ ոչ ոքի այնպես մեղմ, քնքուշ սիրով չի սիրում, ինչպես նրան, որովհետև ոչ մի կասկած չուներ, որ նրա թախիծն իր համար է, իր մաշող հիվանդության համար, չնայելով, որ իր վիշտը ոչ մի խոսքով չէր արտահայտել։

5

Գիշերը Ամիրյանը դուրսը թախտի վրա պառկեց քնելու։ Մայրը և երեխաները վաղուց էին քուն մտել։ Արթուն էր միայն քույրը, որը բաց պատուհանի առջև շարունակում էր չխչխկացնել իր կարի մեքենան ճրագի լույսով. գործը շտապ գործ էր, շտապում էր այդ գիշեր վերջացնել։ Բակը, ուր ապրում էին արհեստավորների և մանր պաշտոնյաների ընտանիքներ, դեռ չէր խաղաղվել բոլորովին. այս ու այն ծայրից դեռևս լսվում էին շարժման, խոսակցության և ծծկեր երեխաների լացի ձայներ։ Սակայն հետզհետե լռեցին այդ ձայներն էլ։ Լռեց և մեքենան։ Այժմ կիսախավար բակում տիրեց կատարյալ խաղաղություն։

Քույրն իջեցրեց ճրագի լույսը և հուշիկ քայլերով դուրս եկավ պատշգամբ։ Դուրսը մի քիչ հով էր շարժվում։ Եղբայրը պառկած էր կուրծքը բաց։ Քույրը կարծեց քնած է, խոնարհվեց, որ վերմակը կրծքին քաշի, տեսավ՝ քնած չէ։

— Դեռ չե՞ս քնել,— հարցրեց։

— Չեմ կարողանում։

— Երևի մեքենայիս չխչխկոցը խանգարում էր։

— Ոչ։ Չէի էլ լսում։

— Որովհետև շարունակ մտածում ես։ Հա՞։ Մի՛ մտածիր, Բագրատ, աշխատիր քեզ հանգիստ պահել։

— Կարո՞ղ եմ։ Ամբողջ արյունս տակնուվրա է եղել։

— Լավ, մտածելով և հուզվելով ի՞նչ կօգնես։

— Հենց այդ է, է՜, որ...— մռնչաց Ամիրյանը, և նրա աչքերը կիսախավարի մեջ վառվեցին անզոր ցասումով։

Քույրը կիսանստեց նրա ոտների մոտ՝ անկողնու վրա։

— Լսիր, Բագրատ, դու պետք է կատարես բժշկի տված խորհուրդը, պետք է գնաս ջղերդ հանգստացնելու։

Եղբայրը զարմացած նայեց քրոջ լուրջ դեմքին.

— Հարցնո՞ւմ ես, թե հրամայում։

— Հրամայում եմ։ Պետք է գնաս։ — Գիտե՞ս որքան կնստի։

— Որքան որ կնստի։

— Հետո՞։ Ո՞ր միջոցներով։

— Ես կտամ։

Եղբայրը կրկնակի զարմացած նայեց քրոջ դեմքին.

— Քե՞զ ով է տվել։

— Իմ ասեղը։

— Եվ դու ուզում ես, որ քո ասեղով... Բավական չէ, հա՞, որ քո ասեղով պահում ես ամբողջ ընտանիքը և դեռ ուզում ես...

Ամիրյանը նստեց անկողնում և շատ լուրջ ու հանգիստ եղանակով ավելացրեց.

— Լսի՛ր, Վարո, մեկ անգամ այդ ասացիր ինձ, էլ չկրրկնես։ Լսո՞ւմ ես, երբե՜ք և ո՛չ մի պայմանով։

Այժմ հերթը քրոջը հասավ՝ զարմացած նայելու եղբոր դեմքին.

— Ինչո՞ւ, Բագրատ։

— Որովհետև...

Ամիրյանը չվերջացրեց ասելիքը, նորից պառկեց և ասաց.

— Արդեն ուշ է, Վարո, հոգնած կլինես, գնա քնիր, թող, որ ես էլ քնեմ։

Քույրը խոհեմություն համարեց չառարկել, կարճ ժամանակ նստած մնաց, հետո սուս ու փուս վեր կացավ, ներս գնաց և ճրագը հանգցրեց։

Առավոտյան, երբ մայրը գնացել էր շուկա և քույր ու եղբայր մնացել էին մենակ, այդ խոսակցությունը նորոգվեց նրանց միջև։

— Ես շատ եմ ուզում իմանալ, Բագրատ, ինչո՞ւ ես հրաժարվում իմ օգնությունից։

— Ինչո՞ւ։ Ասեմ պարզ— ինքնասիրությունից։

— Ես այդպես էլ կարծում էի։ Տղամարդու ինքնասիրություն։ Տղամարդը չպետք է օգտվի կնոջ աշխատանքից։ Անվայել բան է։ Հա՞։ Այդպե՞ս ես մտածում։

— Հենց այդպես։

— Բայց ո՞վ եմ ես քեզ համար։ Մի՞թե ամոթ բան է, որ եղբայրը կարիք ունեցած ժամանակ օգնություն ստանա քրոջից։

— Չգիտեմ ուրիշն ինչպես, բայց ես չեմ կարող։ Ես չափազանց հպարտ եմ։ Այն էլ ինձ համար մահ է, որ դառ ու դատարկ գրպանով եկել նստել եմ տանը։

— Ուրեմն ի՞նչ։ Դու հիվանդ ես, բժշկվելու կարիք ունես, բայց միջոց չունես, իմ օգնությունն էլ չես ընդունում, ուրեմն ի՞նչ պիտի անես։

— Ի՞նչ։ Այս րոպեիս գնալու եմ թեմական տեսչի մոտ, կասեմ՝ հիվանդ եմ, պետք է գնամ բժշկվելու, փող չունեմ, թող հեռագրով պահանջի հոգաբարձությունից ինձ հասանելիքը։ Իսկ եթե մերժի, եթե նորից հոգաբարձության կողմը բռնի և համարձակվի նորից երեսիս ասել, թե ըմբոստ վարժապետ եմ, ինչպես ասաց իր վերջին շրջագայության ժամանակ, երբ այցի էր եկել մեր դպրոցը, այն ժամանակ... ե՛ս գիտեմ։

— Ի՞նչ կանես։

— Կծեծեմ, արևս վկա, կծեծեմ,— բացականչեց Ամիրյանը վառված աչքերով։

Քույրը ժպտաց։

— Հետո՞։

— Հետո, հե՛րն անիծեմ, ինչ ուզում է, թող պատահի։

— Բայց այնքան ուժ ունե՞ս, որ ծեծես,— այս անգամ ծիծաղեց քույրը։

— Կատաղությունն ուժ է տալիս։

— Շատ լավ։ Ընդունենք, թե ծեծեցիր, ու ոչինչ էլ չպատահեց, հասանելիքդ էլ չստացար, և, իհարկե, ծեծելուց հետո էլ ի՞նչ հույս պիտի ունենաս ստանալու, հետո ի՞նչ պիտի անես։

Եղբայրը ոչինչ չգտավ պատասխանելու։

Քույրը օգուտ քաղեց այդ բանից և նորից սկսեց հորդորներն իր սովորական հանգիստ, համոզիչ ձայնով.

— Լսիր, Բագրատ, ինչ եմ ասում։ Եկ այս անգամ մի կողմ դիր ինքնասիրությունդ ու հպարտությունդ և ընդունիր առաջարկս։ Մի մոռանար, որ քո առողջությունը հարկավոր է մեզ հենց միայն նյութականի տեսակետից։ Ի՞նչ պիտի լինի մեր վիճակը, եթե դրությունդ ծանրանա, անկողին ընկնես... կրկնում եմ, ես միայն նյութական տեսակետն եմ վերցնում, մնացածի մասին խո ավելորդ է խոսել։ Կարո՞ղ եմ ես մեն-մենակ մեր ընտանիքի հոգսը քաշել, ինչքան էլ որ օր ու գիշեր չարչարվեմ. մեր ընտանիքի մի նեցուկն էլ դու պիտի լինես, ինչպես որ մինչև այժմ եղել ես։ Ներիր, որ քեզ հետ այսպես պարզ և շահադիտական տեսակետից եմ խոսում, բայց հենց դրանում էլ գործի բարոյական կողմն է, որ դու առանց իմ ասելու էլ պիտի հասկանաս։ Ասելս այն է, որ դու բարոյական տեսակետից իրավունք չունես հրաժարվելու իմ օգնությունից։

Ամիրյանը միանգամայն զինաթափ զգաց իրեն՝ քրոջ այդ պատճառաբանության հանդեպ, և նրա համառությունը մեկեն կոտրվեց։ Էլ ի՞նչ խոսք կարող էր լինել ինքնասիրության և հպարտության մասին այնտեղ, ուր բարոյական պարտականության զգացումն էր հրավիրվում նրա մեջ։ Բայց և այնպես ասաց.

— Ես դեռ հույս ունեմ, որ հասանելիքս կստանամ։

— Այդ ավելի լավ, բայց ե՞րբ։ Իսկ քեզ հարկավոր է, որ որքան կարելի է, շուտ գնաս քայքայված առողջությունդ վերականգնելու։ Գլխավորը՝ քեզ հանգստություն է պետք, իսկ դու ամեն մի չնչին բանի վրա հուզվում, գրգռվում ես։

— Չեմ գրգռվի։ Կգնամ հանգիստ կերպով կհասկացնեմ դրությունս. եթե պահանջս իրավացի համարի և հեռագիր տա, որ փողս ուղարկեն, խո լավ, թե չէ...

— Կընդունես առաջարկս,— վրա բերեց քույրը ժպտալով։

Եղբոր լռությունը նա համաձայնության նշան համարեց և վերջ տվեց այդ խոսակցությանը։

Այնուհետև, երբ Ամիրյանը գնաց թեմական տեսչի մոտ և մի քանի ժամից վերադարձավ, քույրը վախեցավ, որ նայեց նրա դեմքին — այն աստիճան հուզված էր երևում նա։

— Ես այլևս ուսուցիչ չե՛մ,— ասաց նա սրտանց, գլխարկը շպրտելով աթոռի վրա։— Ես քծնանքի սովոր չեմ և չեմ ուզում ստրուկ լինել։ Վե՛րջ։

Քրոջ հարցումին համառոտ կերպով պատմեց թեմական տեսչի մոտ ունեցած իր անհաջողությունը և վերջն ավելացրեց.

— Ինձ ուրիշ բան չի մնում, եթե ոչ գնալ Շամիրյանի ուղիով։

Քույրը շատ լավ էր ճանաչում եղբոր այդ հին ընկերոջը, որը մի ժամանակ ծածուկ սիրաբանություններ էր անում նրա հետ, բայց հետո դավաճանեց և ամուսնացավ մի հարուստ հարսնացուի հետ։ Այժմ շատ զարմացավ, որ եղբոր բերանից լսեց նրա անունը։

— Խոսքդ այն ավանտյուրիստի մասի՞ն է,— հարցրեց։

— Մի՛ ասի՝ ավանտյուրիստ, այլ իսկական կյանքի մարդ,— բացականչեց եղբայրը։

— Այո՛, որի համար վսեմ ու գաղափարական ոչինչ չկա, բացի միայն իր փորը տռզացնելուց, և որը քիթը միշտ խոթում է այնտեղ, որտեղ անձնական շահի հոտ է առնում։ Եվ դու ընդունա՞կ ես նրա ուղիով գնալու։ Կգնա՞ս։

Եղբայրը հանդիմանության ուժեղ շեշտեր լսեց քրոջ ձայնի մեջ, և նրա ցասումը հանկարծ նստեց։

— Իմ տրագեդիան էլ հենց այդ է,— ասաց նա ընկած ձայնով, նստեց և տաքացած ճակատն առավ ձեռքերի ափերի մեջ։

1891