Ամոթով հարսը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ամոթով հարսը

Հայկական ժողովրդական հեքիաթ

43. ԱՄՈԹՈՎ ՀԱՐՍԸ

Կըլնի չիլնի մի աղջիկ։ Էս աղջիկը զարիր տեղ հարս գնացած ա ըլնում։ Զատկի շարթին էս հարսի աղպերը գալիս ա քվորը տանի հերանց, որ մի քանի օր ընդե կենա, հորնըմոր հեննա, բարեկամների հեննայ ես ինչ գիտամ՝ տես ու ճանանչի հեննա ուրախանա, էլ եդ գա կեսառանց գեղը։ Չունքի հերանց գեղը մոտիկ ա ըլնում, ընդուր հմար էլ ձի չի նիլում, վեր ա կենում աղպոր հեննա ոտով ընկնում ճամփա։ Ինքն էլ էդ վախտերքը էրկուֆոգիս ա ըլնում, որ ըսօր, էգուց պտի ազատվեր։

Գալիս են գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, խելի տեղ գալիս են, մի դաֆիլ քվոր ցավը բռնում ա։

Ի՛նչ անի, ի՛նչ չանի, աղպորն ասում ա.— Դու աղաք֊աղաք գնա՛, ես գալիս եմ։

Նրա բախտիցը ըտերանք մի էր ա ըլնում, էթում ա էդ էրի միջին ինքն իրան ազատվում, բերում մի սիրուն, նաշխուն, դըմբըռճիկ, լխտիկ-մխտիկ էրեխա: Գոգնոցը եդ ա անում, ճոճ կապում էրի միջին, էթում ծառի լեն տերևներ պոկոտում, բերում էրեխին տոտաշոր, թաթաշոր շինում, էրեխին լավ լազաթին փաթթում, դնում ճոճը: Ինքն իրան բերում ա էրեխի անումը դնում Օրսագյուլ, նստում ըտե ճոճն օրորում, ասում.

Նանի՛կ, նանի՛կ, Օրսագյո՛ւլ,
Օրդ թամամ, Օրսագյո՛ւլ.
Լենատերև տոտաշոր,
Նեղատերև թաթաշոր.
Ջեյրանը քեզ ծիծ կտա,
Քամին կգա, կօրորա։

Ասում ա՝ օրորում, ասում՝ օրորում, ընչանք էրեխի քունը տանում ա։ Եննա էրեխի ջուխտ թուշը պաչում ա, ըտե օխտը բեռը արտասունք լափում, լաց ըլնում, թողում գալի աղպոր եննուցը հասնում։ Աղպորիցն էլ ամանչում ա, բան չի ասում նրան, ընչանք հասնում ա հերանց գեղը, մորը թաքուն անկաջին ասում, թե. «Ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան, ֆլա՛ն էրումը ազատվել եմ, մի էրեխա բերե, ընդե ճոճ շինե, միշին քուն դրե, էկե»:

Նո՛ր մերը մարդ ա ղրկում, էրը սալըղ տալի, որ էթան բերեն։ Էթում են ման գալի, էրը գտնում, նի մննում տենում՝ ղո՛րթ որ էրեխեն ճոճի միջին, մի ջեյրան էլ էկել ա, նրան ծիծ ա տալի։ Վեր են ունում էրեխին սաղ-սալամաթ բերում տուն։

Էլ ի՛նչ ասիլ կուզի, մերը էրեխին որ տենում ա, ուրախանում, աշխարով մին ա ըլնում։ Նո՛ր բերում են էրեխին կնքում, անումը էլի դնում Օրսագյուլ, ոնց որ մերը դրել էր։