Այան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Սեւ իշուկի արկածները Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ՝ Այան

Վարդան Հակոբյան

Ամանորյա բիզնես

Հեռվից չէր երեւում, որ ճամփան հատողը տատիկ է (մենք «այա» ենք ասում)։ Վարորդը վերջին պահին փորձեց մեքենան թեքել, շրջանցել այային, բայց չստացվեց։ Վթար։ Այան, գլուխը խփելով մեքենայի առաջնամասին, տեղն ու տեղը հոգին ավանդում է։ Առավոտյան թերխաշ ձվի հետ կուլ տված մի բաժակ թթի օղին հարամ դառավ Պետոյի գլխին։ Ղեկը թողնում ու գլուխը ծեծելով մոտենում է, չոքում ընկածի առաջ.

-Վա՜յ, տունս քանդվեց... Այա՜, այա...

Այան անդրդվելի է, ձեն ու ձուն չի հանում։ Մարդիկ վրա են վազում։ Ո՞վ է, ո՞վ չէ։ Պարզվում է, որ Նալբանդանց հարյուր տասնհինգ տարեկան պառավն է։ Հիվանդանոց են տանում։ Պետոն մեքենայի տակն ընկածից վատ վիճակում է, ոչ այն է՝ մեռած է, ոչ այն է՝ կենդանի։ Կբռնեն, կնստեցնեն, բա կինը, փոքր երեխան, ծեր ծնողները... ով կպահի նրանց։

Այայի թոռ-տղերքը բոթը լսելուն պես գալիս են հիվանդանոց, եղածն իմանում, մեկը մյուսի հերսն ու հարձակումը զսպելով՝ ամոթանքի ու ուշունցի խոսքեր հղում պատի տակ վիզը ծռած, ոչ այն է՝ վախից, ոչ այն է՝ իր պատճառած ցավից կուչ եկած, փոքրացած Պետոյի գլխին։ Ուզում են խփել նույնիսկ, բայց ձեռքները ետ են քաշում։ Ո՞ւր էր, թե ծեծեին, գուցե Պետոյի սիրտը մի քիչ հանգստանար։ Բայց բանը հոխորտանքից դենը չի անցնում։

Երբ տղաները կատարվածի հետ վերջապես հաշտվում են, միջնորդներ են գտնվում, Պետոյին խոնարհման, ցավակցման ու ներման խնդրանքով տանում այայի հաղթանդամ տղաների՝ Իսպետի, Նալբանդի եւ Ալբերտի մոտ։ Նրանց հաղթանդամությունն այդ պահին, Պետոյի շվարած աչքերով, բազմապատկված էր երեւում։ Էդ ինչ շան ոտք է տեսնես լուսը-լուսին ռաստ եկել Պետոյին, որ եկավ, շառի մեջ ընկավ։

-Դեպք է, պատահել է, Պետոն հո չէ՞ր ուզի, որ էդ կրակի մեջ ընկներ։ Ներող եղեք։

-Որ մամայի մահվան պատճառը ես եմ դառել,- Պետոն խոսքի համարձակություն է ստանում տղաների լռությունից եւ «մամա» բառի մեջ ինքն էլ նրա որդիների եղբայրը դառնում,- թաղման հետ կապված ծախսերը, շիրմաքարն էլ հետը, ինձ վրա եմ վերցնում։

Տղաները լռության մեջ իրենց քիթը, մեծից մինչեւ փոքրը, հերթով վեր են քաշում, սրբում արցունքները, ջարդված-ջարդված, թուլացած ձեռքները բացում տարածելու պես, թե՝ ինչ անենք, մեր ձեռքին ինչ կա, եղածը եղած է, մենք էլ դեմ չենք... Մարդու կյանքն Աստծո ձեռքին է։ Ինքը տալիս է, ինքն էլ ետ վերցնում։

Պետոն խոսքին տեր եղավ։ Ախպերացավ հոգին փչած այայի տղաների հետ, այնպես, որ քելեխահացին մի հարյուր գրամ կուլ տված Իսպետը բաժակը ձեռքն է առնում ու բերանից «մարգարիտներ» թափում. «Այսօրվանից երեք ախպեր չենք, չորսն ենք, Պետոն էլ մեր ախպերն է, մենակ թե՝ ափսոս, որ այան չապրեց այնքան, որ իր չորրորդ տղային էլ տեսներ»։ Ու փղձկում է։

Բայց ինչ էլ լինի՝ Պետոն մարդ է գցել մեքենայի տակ, օրենքից փախչել չի լինի, պիտի դատեն ու «սրոկ տան»։ Դատավորն էլ Մեհվաջուղեցի Ապետնակն է, որին Պետոն քաղցր ձեռքով է նայել, նա էլ ասել է՝ պիտի տուժողի տղաները դատի ժամանակ միաբերան ասեն, որ բողոք չունեն Պետոյից, այան ինքն է վազել, ընկել մեքենայի տակ... Վարորդն էլ խմած չի եղել...

Պետոն դեսուդեն է գցում իրեն՝ որ ընկել եմ՝ պիտի դուրս գամ, էս դուռն է բախում, էն դուռն է բախում ոտքով, ի վերջո, այայի տղաները դրան էլ են համաձայնում.

-Դե որ Պետոյին նստեցնենք բանտում, մեր այան հո չի կենդանանալու... Եղածը եղել է, ոնց պետք է՝ դատի ժամանակ էդպես էլ կխոսենք։

Գալիս է դատաստանի օրը։ «Բողոքավորների» կողմից առաջինը ձայն է վերցնում Իսպետը.

-Դեհ, որ ուզում եք ճիշտն իմանալ, ասեմ. այան համ քոռ էր՝ չէր կարող տեսնել, համ քառ էր՝ որքան էլ «սիգնալ» տային, չէր լսի, համ էլ ոտուձեռից ընկած կնիկ էր... Վարորդն ինչ աներ, խեղճը հո չէր ուզում, որ էսպես ստացվեր... Պետոն մեր ախպերն է, գիտենք, որ կյանքում բերանին խմիչք տարած չկա...

Հաջորդը ելույթ է ունենում Նալբանդը.

-Ա ժողովուրդ, ջանս ծեզ մատաղ, այան իմար չի՞, ես ըմ նրան ճընանչըմ, դե վեր տեղնա եկալ, բիդի ասիմ. վերջին օրերը խելքը կորցրած ա իլալ, հենց պեներ ա իլալ ընելիս, վեր մազերդ բիզ-բիզ վեննը կենան... Էս խեղճ Պետոն հինչ մեղք օնե... Հինչ վերաբերում ա խմելին, տա պուզավեր սոտա, այուն խմելին կըհըվատամ, ամա Պետոյեն խմելին՝ չէ...

Այայի փոքր տղային հարցրեց դատավորը.

-Դու խոսք չունե՞ս, պարոն տուժող։

-Ունեմ։

Ու վեր կացավ Ալբերտը, ամբիոնին մոտենալիս երկու եղբոր ականջին ընկավ, կամաց-կամաց շշնջաց. «Արա, օրենքյեն իրեսը սառն ա ինըմ, պատառ գիդացված խոսեցեք, հանց պատմըմըք, ասիս լիհա այան բանդիտ ա իլալ, մին էլ տեսաք՝ յեր կալին այուն սրոկ տվեն»։

Մոտիկ նստարանից շշուկը լսվում, բարձրացվում է դահլիճում։ Ու բոլորի դեմքով մի աշխույժ ալիք է անցնում։ Ալբերտը կարճ է կապում.

-Մենք Պետոյից բողոք չունենք, իմ մեծ ախպորց ասածն ինձ համար օրենք է։

Դատը վերջանում է, վճիռ են գրում՝ «պայմանական» բառը մի քանի անգամ շեշտելով։ Վարորդին ազատ են արձակում։

Պետոյի սարքած քեֆը դառնում է այայի քելեխի նոր հավելվածը, միայն թե՝ մի քիչ ավելի աշխույժ տարբերակով։ «Թող օշը ետ չինի։ Նամուսով - ղեյրաթով տղերք ա մծըցրալ։ Քաղցր հիշատակ ա թողալ։ Այան լուս ա տեռալ»։ Իսպետի «այան լուս ա տեռալ» բառերից Պետոյի դեմքը (խմիչքից էր, թե «լուսավորչական» իր բարեգործությունից) սկսում է կաս-կարմիր վառվել՝ մերթընդմերթ ընդհատումներով, ոնց որ իր մեքենայի մոռացված ու վառ թողնված «պավարոտնիկը» գիշերվա մեջ...