Jump to content

Այգեքաղ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՅԳԵՔԱՂ

Սուրբ Խաչի պասից մեկ կամ երկու շաբաթ էր անցել: Լավ չէ միտս, որովհետև ես այդ ժամանակ դեռ երեխա էի։

Մեկ երեկո հայրս եկավ այգուցը՝ խաղողով ու դեղձով լիքը մի քաղլակ ձեռին, տվավ մորս, թե՝ տուր երեխաներին, հետո ավելացրեց.

— Խաղողը ձեռքից գնում է, չորս կողմի այգիքը քաղել են, միայն մերն է մնացել մեջտեղ լիքը: Ով ասես՝ ներս է մտնում։ Այգեպանն էլ դողցնում է, խեղճը չի կարողանում գողերի հախիցը գալ։ Անցյալ գիշերը չոբանները մտել են, ինչքան պոկել, տարել են, տասն այնքան էլ կոտրտել, փչացրել են։ Կարմիր խնձորին որ տեսնես, կասես արջեր են վրան կռիվս տվել, այնպես են կոտրտել բոլոր ճղները։ Իծապտկի կարգումը էլ մի ճութ խաղող չես գտնիլ, այնպես են սրբել, տարել:

— Ա՛յ կոտորվին դրանք, կուրանա՜ դրանց աչքերը,— բացականչեց մայրս,— տեսնում ես դու՝ այդ անիծածներն ի՛նչ են անո՛ւմ...

— Հիմա ինչ եղել է, եղել է,— շարունակեց հայրս:— Ես ասում էի՝ մի քիչ էլ մնա, ավելի լավ հասնի, որ գինին թթու չլինի, բայց որ չեն թողնում, ի՛նչ արած... Գողին ի՞նչ դատաստան. մեկին բռնել ես տալիս, տեղը քսանն է լույս ընկնում. թե որ առաջ խաղողդ էին գողացել, հետո գալիս են տավարդ տանում, գոմեշներդ քշում։ Դրանց պատիժն աստված պիտի տա. մարդն ի՞նչ կարող է։ Ինչ որ է, դու էգուց հաց թխիր, մեր բարեկամներին իմաց տուր, մյուս օրն սկսենք քաղելը. թե չէ՝ այս տարի ոչ թե ծախելու, այլ մեր խմելու գինի էլ չենք ունենալ։

— Դե որ այդպես է,— ասաց մայրս,— էգուց մարդ ուղարկիր, երեխեքս գան։ Կուրա՜նամ ես... առանց նրանց ի՞նչպես քաղենք բաղը։

«Երեխեք» ասելով՝ մայրս ակնարկում էր քույրերիս, որոնք մարդու էին տված զանազան գյուղերում, բայց իրարից այնքան մոտիկ էին, որ մեկ օրումը կարելի էր ամենքին էլ իմաց տալ: Միայն մեկը քաղաքումն էր, նրան էլ վաղուց էին ապսպրել որ գա։

Երբ որ քույրերս եկան, հետո մայրս ինձ ուղարկեց իմ պապոնց տուն, որ նրանց էլ իմաց տամ։ Նրանց տանն էլ այնքան հարսներ ու երեխեք կային, որ մի սուրու ոչխարից շատ: Այնտեղից ուղարկեցին մորաքրոջս մոտ. հետո մեր սանամայրերի, որ չգիտեմ տասն էին — մեղա քեզ աստված — թե քսանը: Հետո գնացի մեր կնքավորենց տուն, այնտեղից էլ հանդիպեցի Գյուլնազ տատին ու ասացի. «Տատի, մայրս ասեց՝ էգուց դու էլ, քո հարսներն ու թոռներն էլ համեցեք մեր բաղը, էգուց սկսում ենք քաղելը»։ Նա էլ պատասխանեց.

— Շատ լավ, չարդ տանեմ. դե արի քեզ մի սեր ուտացնեմ. շատ ժամանակ է մեր տուն չես եկել։ Ասացի՝ շնորհակալ եմ, պիտի գնամ ուրիշներին էլ իմաց տամ։ Բայց սուտ ասացի, գիտե՞ք. թեպետ սուտ ասելը լավ բան չէ, լավ էլ ախորժակ ունեի սերի, բայց ի՞նչ կանես, սաստիկ ամաչելուցս սուտ ասացի:

Հիմա պիտի ասեք, այդքան մարդկանցը որ կանչեցիր, հապա այդքանին ի՞նչպես պիտի կերակրեք: Մի՛ վախենաք, այդ շատ հեշտ է։ Դրանք իրենց կերակուրներն էլ իրանց հետ են բերում, դեռ մի բան էլ ավելի։

Մենք արդեն երկու մեծ ղոչ ունեինք, գիտությամբ այգեքաղի համար գիրացած, մի քանի էլ թոխլի ու այծ: Մայրս չորս թոնիր հաց թխեց, բավականաչափ էլ գաթա, նազուք։ Պանիր էլ շատ ունեինք, խաղողն ու մյուս մրգերն էլ այգին լիքը, էլ ուրիշ ի՞նչ էր հարկավոր։ Իսկ մեր հյուրերն էլ բերին ամեն մի տանից մի քանի եփած հավ, բոլ գաթա, բաղարջ, կաթնահունց։ Ամենից շատ մեր սանամայրերն էին բերել:

Հիմա էլ պիտի ասեք. այդ ի՞նչ այգեքաղ է. դա մի ուխտագնացության, սար գնալու, կամ հենց ուղիղն ասած, հարսանիքի պես բան է:

— Այո՛, հենց այդպես է. դեռ դրանցից մի բան էլ ավելի համարեցեք։

Այգեքաղի օրը բոլոր երեխեքն ու կնանիքը, բոլոր հարսներն ու աղջկերքը զուգվել զարդարվել էին իրանց տոն օրերի ամենանոր ու գեղեցիկ հագուստներովն ու զարդարանքներովը։ Տղամարդիկն էին մնացել իրանց ամենօրյա հագուստումը, միայն գդակներն էին նոր դրել։ Տղամարդիկը չէին փոխել իրանց հագուստը, որովհետև նրանք պիտի կթոց շալակեին, շալակ տային, խաղողը կխճորեին,— կոխ տային, տակառները սարքեին։ Էլ վաղուցվա պես հնձանում չէին կոխ տալիս, այլ նոր, եվրոպական ձևով ամեն սարքն ու կարգն ունեին, այսինքն մի քանի ահագին կիսատակառներ, նրանց վրա դրած՝ հատակը ծակծակոտ մեծ չան և էլի ուրիշ մի քանի տեսակ չաներ։ Խաղողն ածում են ծակծակոտ չանի մեջ, նրանում մեկը կանգնած, ոտները հանած, փոխկերքը վեր կապած, կոխոտում է և թափում կիսատակառը, որի մեջ գինին մնում է մի քանի օր, մինչև եփ է գալիս, ճաճան (չեչը) երեսին կանգնում, գինին պարզվում, այնուհետև կիսատակառի վարի ծորակր բաց են անում, գինին թափում են, ածում տակառների մեջ ու հետո տանում դնում մառանումը։ Բայց այս մանրամասնությունները հիմա թողնենք։

Առավոտը վաղ-վաղ հասանք այգին։ Ոչխարները մորթոտեցին, կրակ արին, պղնձները վրան դրին, շամփուրները շարեցին, գցեցին, որ նախաճաշիկի համար խորոված անեն։ Հետո մի-մի թաս արաղ խմեցին, մի-մի թիքա խորոված, մի-մի պատառ կաթնահունց կերան և սկսեցին իրանց գործը։

Մեծերը՝ մի-մի քաղելակ վազան տակը դրած, սուր դանակները ձեռքերին՝ կտրում էին խաղողի հասած ճութերը և գցում մեջը. փոքրերը այդ քաղլակները տանում էին մեծ կթոցներն ածում, իսկ երիտասարդները կթոցները շալակում էին տանում ածում կիսատակառի վրայի չանը։

Ամբողջ այգին իր կյանքից զրկվելիս մի նոր կյանք էր ստացել։ Ձայն էր, որ լսվում էր ամեն մի թուփի տակից, ամեն մի ծառի վրայից։ Մեկը կանչում էր.— Կթոցը լցվե՜լ է, եկեք տարե՜ք, մյուսը բղավում էր.— քաղլակները լցվել ե՜ն, շուտ արեք, կթոցը բերե՜ք։

Մանր երեխեքը փոքրիկ թռչունների պես անդադար դես ու դեն էին ընկնում, ամեն ճութից մի հատիկ պոկում, համը տեսնում, և որովհետև էլ ոչ ախորժակ ունեին և ոչ փորներումը տեղ, մյուս մրգեղենների ծառերի վրա էին մագլցում, կերածը մարսում, նրանց համն էլ տեսնում։ Մեկը բարձրանում էր խնձորենու վրա, մյուսը՝ սերկևիլի, երրորդը՝ տանձի, ավելի ճարպիկները բարձրանում էին ընկուզենու վրա և կապկի պես ճղնեճյուղն ոստոստալով՝ ուզում էին միմյանց բռնել։

Բարեսիրտ պտուղները ամենքն էլ ժպտում էին տղայոց երեսին, ամենքն էլ ձեռով անում, կանչում երեխաներին, երբեմն էլ, կարծես գիտությամբ, տերևների տակին թաք էին կենում, մեկ էլ հանկարծ երեսները բաց անում, երեխաներին «ծյուկ» անում։

Ճաշի ժամանակը հասավ։ Ամենքն էլ հավաքվեցին մեծ ընկուզենու տակը, հացը, խաշլամեն փռեցին կանաչ խոտի վրա և երկարումեկ բոլորվեցին նրա շուրջը։ Բայց ո՞վ ուներ ախորժակ հաց ուտելու։ Ծիծաղ, խնդություն, զվարթություն, հանաքներ անել — այս էր նրանց ճաշը։

Ճաշից հետո էլի մի քիչ քաղեցին և երեկոյին բոլոր քաղվորները մի-մի քաղլակ խաղողով լցրին, իրանց հետ տարան։ Այսպես շարունակվեց երեք-չորս օր և ամեն օր մի նոր ուրախություն, մի նոր զվարճություն էինք սարքում...

1884