Jump to content

Անասնապահության ամիսը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՄԻՍԸ

[1]

Կուլակը կոլեկտիվի դեմ ագիտացիա էր անում ցանքերի կրճատման ճանապարհով։ Այդ նրան չհաջողվեց. կոլեկտիվների ցանքերն ավելի ընդարձակ են, քան կուլակի սպասածն էր։

Տեսնելով, որ այդ նրան չհաջողվեց, կուլակն ագիտացիայի ձևը փոխեց. «Մորթե՛ք ձեր կովերն ու եզները, ոչխարն ու խոզը, ծախե՛ք, կերե՛ք, փչացրե՛ք, միայն կոլեկտիվին մի՛ հանձնեք»։

Այսպես էր ասում նա։

Շատերը հետևեցին նրան։ Նույնիսկ եղան կուսակցականներ և կոմերիտականներ, որոնք մորթերին ծանրած կովերը։ Բայց երբ գյուղացիները հասկացան, թե ինչո՞ւ է կուլակն այդպիսի պրովոկացիա անում, սկսվեց պայքարը անասնապահության զարգացման, անասունների խնամքի համար։

Տեղերում արդեն տարվում է այդ պայքարը։ Անասուններին անխնա ոչնչացնողների դեմ կիրառվում են կտրուկ միջոցներ։ Անասուն ծախողը կամ մորթողը կոլեկտիվ չի ընդունվում։ Անասնապահության ամսվա նշանակությունն էլ հենց այն է, որ մենք կարողանանք կոլեկտիվներում անասունների խնամքի, նրանը պահպանման գործը ա՛յն բարձրության հասցնենք, ինչ որ ցանքերի ասպարեզում։

Ի՞նչ տոկոսով պիտի անեն կոլեկտիվների անասունները

Անասնապահությունը դանդաղ է աճում։ Մսի, կաթի և յուղի խնդիրը սուր է դրված։ Գործարանները պահանջում են բուրդ, կաշի, ճարպ։ Ահա թե ինչո՞ւ մենք անասնապահությունը պիտի ավելի բարձր տոկոսով աճեցնենք, քան մինչև այժմ էր։

Այս տարվա համար որոշված են հետևյալ տոկոսները. ձիերն աճելու են 10 տոկոսով, կովերը՝ 10 տոկոս, խոզերը՝ 30, ոչխարները՝ 4, և այլն։

Ձիերի կարևորությունը մեծ է, դրա համար էլ մեր կոլեկտիվներն ու խորհրդային տնտեսությունները դրսից էլ են գնում թե՛ նստելու և թե՛ լծկան ձիեր։ Բացի այդ, այս գարնանիը աշխատելու են բեղմնավորման կայաններ։

Ձիերի համար լինելու է բեղմնավորման 18 կայան, որից 8-ը՝ բնական կայան, 10-ը՝ արհեստական։ «Մաճկալի» ընթերցողները գիտեն, որ մեզանում ահա երրորդ տարին է, հաջողությամբ գործադրում ենք արհեստական բեղմնավորումը։ Առաջին տեսակի կայանում բեղմնավորվելու են 480 մադյան, երկրորդում՝ 4800, ընդամենը՝ 5280 մադյան, մի տարում։

Խորհրդային տնտեսություններում կովերի թիվը հասնելու է 2000-ի, ոչխարներինը՝ 8000-ից ավելի։ Բացի այդ, թե՛ խորհրդային և թե՛ կոլեկտիվ տնտեսությունները պիտի պահեն նորմայից ավելի մատղաշ անասուններ (հորթեր, գառներ, քուռակներ և այլն)։ Ո՛չ մի դեպքում լի թույլատրվում մատղաշ անասունը մորթել, մանավանդ, երբ նա տեղական է։

Ի՞նչ կառուցումներ պիտի արվեն այս տարի

Օրինակելի անասնապահության համար թե՛ խորհրդային և թե՛ կոլեկտիվ տնտեսությունները, վարկավորման կարգով, այս գարնանից պիտի շենքեր շինեն անասունների համար։ Խորհրդային տնտեսություններում պիտի կառուցվեն 8 ընդարձակ գոմ, 2 փարախ, եզան 1 գոմ, 2 խոզանոց և 3 թռչնանոց։

Կոլեկտիվներում՝ 19 ընդարձակ գոմ, եզան 5 գոմ, բեղմնավորման 10 կայան, 19 հորթանոց, 31 խոզանոց և 25 թռչնանոց։

Այս թվերի մեջ չեն մտնում այն կառուցումները, որ կարող են անել կոլեկտիվները սեփական միջոցներով։

Բոլոր շենքերի նախագծերը պատրաստելու են Հողժողկոմատում և համաձայն գիտության ու տեխնիկայի վերջին խոսքի։

Կերի խնդիրը

Միշտ էլ սուր է եղել կերի հարցը։ Շատ տարիներ, մանավանդ գարնան սկզբին, մեր անասունները քաղցած են մնում։

Դրա համար էլ այս տարի կերի հարցին ավելի մեծ ուշադրություն է դարձված։

30 թ. պիտի կառուցվեն 7 հսկա սիլոս, որից 5-ը՝ կոլեկտիվներում, 2֊ը՝ խորհրդային տնտեսություններում։ Ամեն մի սիլոս պիտի ունենա մոտ 30 հազար փութ խտացրած կեր։

Կոլեկտիվներին պատկանող 20 հազար հեկտար արոտներն ու մարգագետինները պիտի բարելավենք, ավելի շատ խոտ ստանալու համար։

Այն շրջաններում, որտեղ ձմեռվա ընթացքում խոտի կարիք է զգացվում, կենտրոնացվելու են խոտի պահեստները, յուրաքանչյուրը՝ մինչև 50 հազար փութ։ Այս տարի ունենալու ենք 2 մեծ պահեստ Սարդարապատ և Ալագյազ կայարաններում։ Ցանովի խոտերի տարածությունը պիտի ընդարձակենք և հասցնենք 9135 հեկտարի, արմատապտուղների տարածությունը՝ 740 հեկտարի, իսկ խոտհարքը հասցնելու ենք 90 հազար հեկտարի։

Որովհետև շատ սուր է նաև խոտաբույսերի սերմացվի հարցը, ուստի այս տարվա խոտաբույսերի տարածության 2 տոկոսը թողնվելու է սերմացուի համար, որպեսզի հաջորդ տարին մենք միանգամայն ապահով լինենք սերմացվով։

Անասունների որակը պիտի լավացնենք

Պետք է կոլեկտիվի անասնապահությունը ո՛չ միայն քանակով բարձր լինի, այլև որակով։ Պիտի խնամել և կերակրել այնպես, որ կովն ավելի շատ կաթ տա, ոչխարը՝ բուրդ ու միս, հավը՝ ձու։ Ավելի շատ, քան մինչև այժմս էր տալիս, երբ անասունը անհատական տնտեսության գոմումն էր կապած։

Ահա թե ո՞ր ճանապարհով պիտի զարգանա կոլեկտիվի անասնապահությունը։

Այն շենքերը, որ կառուցվում են, այն միջոցները, որ գործադրվելու են շատ խոտ, բազուկ ցանելու, միայն մի նպատակ ունեն՝ բարձրացնել կոլեկտիվների անասնապահության արդյունքը։

30 թվին մեր կովերի կաթնատվությունը պիտի ավելացնենք 7 տոկոսով։ Որպեսզի կովերի ցեղը լավացնենք, ուրեմն և՝ որակը բարձրացնենք, կոլեկտիվի նախիրից պիտի ավելի շատ բուղաներ ջոկենք և նրանց լավ պահպանենք։

Այդ նպատակով հիմնվելու են 20 կոնտրոլ կոլեկտիվներ, որոնց անասնապահությունը ամենից օրինակելին պիտի լինի և օգնության հասնի շրջանի մյուս անասնապահական կոլեկտիվներին։

Լոռվա գավառում մոտ 5000 կով պիտի քաշվեն շվից և սիմենտալի բուղաներով։ Որոշված է առաջին հերթին այդ գավառում զարկ տալ անասունների ցեղի ազնվացմանը։ 3 հազար մաքի պիտի քաշվեն բալբազի խոյերով, իսկ 4 հազար էլ ռամբուլիե տեսակի։ Այսպիսով՝ կարճ ժամանակում մեր ոչխարների տեսակը լավացրած կլինենք։

Հասարակական միջոցները

Ամենաարագ թափով տարվելու է մատղաշների կոնտրակտացիան: Կոլեկտիվները պիտի բոլոր միջոցները գործադրեն հավաքելու հորթեր, գառներ, քուռակներ։ Այդ նպատակի համար վարկ չի պակասի։

Պանրի և յուղի խոշոր գործարանների շուրջը կենտրոնացվելու են անասնաբուծության կոմպլեքսները, որպեսզի այդ գործարանները հարկավոր չափով կաթ ստանան։ Այդ գործարանները պիտի դառնան օրինակելի անասնապահության կենտրոններ։

Մեծ անելիքներ ունեն անասնաբուծության ասպարեզում այն լիազորները, որոնց ընտրել է կոլեկտիվի կամ գյուղի ընդհանուր ժողովը։ Նրանք պիտի հսկեն և հետևեն կոլեկտիվի արտադրական ծրագրի կատարմանը և բոլոր միջոցները գործադրեն, որպեսզի կարճ ժամանակում մեր կոլեկտիվ անասնապահությունը հսկա քայլերով առաջ գնա։ Դրանով մենք կհզորացնենք կոլեկտիվը, կջարդենք կուլակի և նրա ստորադրյալների պրովոկացիան և քաղաքին ու նրա արդյունաբերությանը կտանք թե՛ սննդամթերք և՛ թե՛ հում նյութեր։

  1. 1