Jump to content

Անդարձ աշխարհի վարդագույն միգում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անդարձ աշխարհի վարդագույն միգում

ԱՆԴԱՐՁ ԱՇԽԱՐՀԻ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՄԻԳՈՒՄ



Անդարձ աշխարհի վարդագույն միգում.
Կյանքի հեռավոր, երազ օրերում,
Մի խորհրդավոր թախիծ էր հսկում,
Մի կարոտ էր իմ սիրտը դեգերում,
Կյանքի հեռավոր, երազ օրերում…

Եվ խավար կյանքի արտուղիներում,
Օտար կողմերի դաշտերում մեռած
Ժպտացին հոգուս՝ դեմքըդ երերուն
Եվ քո խոսքերը — արծաթե երազ,—
Օտար կողմերի դաշտերում մեռած…

Եվ դժգույն կյանքի տխուր երգերում
Իր ցոլքն է նետել քո հոգին պայծառ,
Քո անհաս փայլն է իմ հոգին այրում
Եվ գիշերներիս խավարում անծայր
Կանչում է դեպի անհայտ քո հեռուն…

1909