Jump to content

Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՆԱՍՆԱԲՈԻԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Հոկտեմբերյան հեղափոխության 11-րդ տարեդարձին[1], ունի կարևոր նշանակություն Անդրկովկասի, մասնավորապես Հայաստանի անասնապահության համար։

Դեռ ցարական կառավարության օրոք Անդրկովկասի անասնապահությանը գիտակ անասնաբույժներից մի քանիսը, որպես համեստ պահանջ, առաջադրում էին Անդրկովկասյան քաղաքներից որևէ մեկում բացելու անասնաբուժական գոնե միջնակարգ դպրոց, ի նկատի ունենալով Անդրկովկասի տեղական պայմանները, նրա՝ անասնապահության էպիզոդիկ հիվանդությունների մշտապես ենթակա լինելը, քոչի գոյությունը, ինչպես և Պարսկաստանին ու Տաճկաստանին սահմանակից լինելը: Բայց այդ պահանջը նույնիսկ պատշաճ ձևակերպում չստացավ և մնաց լոկ խոսակցություն, որ արվում էր մերթընդմերթ գումարվող գյուղատնտեսական և անասնաբուժական խորհրդակցություններում: Ծիծաղելի է մտածելն անգամ, որ դաշնակցական տիրապետությունը կարող էր հանդուրժել Երևանում անասնաբուժական ինստիտուտի գոյությունը և այն էլ՝ անդրկովկասյան մասշտաբով: Ո՛չ միայն օբյեկտիվ հնարավորություններ չկային, այլև ներքնապես դաշնակցության ռեժիմը չէր կարող կենսաբեր լինել այդպիսի հսկա կուլտուրական ձեռնարկության համար:

Մեզանում առաջին անգամ անասնաբուժական ինստիտուտ հիմնելու առաջարկ է արվում 1926 թ. Անդրկովկասյան անասնաբուժական խորհրդակցության կողմից[2]: Կարճ ժամանակից հետո, խորհրդակցության ցանկությունը քննության է հանձնվում համապատասխան մարմիններին: Խնդիրը տեղափոխվում է միութենական օրգանները, և, վերջապես, այս տարվա հունիս 30-ին Անդրկովկասյան ժողկոմխորհը որոշում է հանում ինստիտուտի հիմնադրման մասին, շեշտելով որ ինստիտուտի համար ամենից հարմար վայրը Երևանն է:

Այդ որոշումից քիչ հետո կազմակերպվում է այն կոմիտեն, որի վրա է ծանրանում նախապատրաստական բոլոր աշխատանքները՝ նախահաշվի և ընդունելության պայմանների կազմելը, ուսումնական ծրագրի, ինստիտուտի շինության, լաբորատորիաների կահավորման, ուսանողական հանրակացարանի և այլ նման անհրաժեշտ խնդիրներ։

Եթե նկատի ունենանք այն, որ հոկտեմբերի ll-ից արդեն պարապմունքներն ընթանում էին նորմալ կարգով, և ինստիտուտում վերջացել էին ընդունելությունները[3], կազմված էր նախահաշիվը, ուսումնական ծրագիրը, հրավիրված էին դասախոսները, շենքի և ուսանողական հանրակացարանի խնդիրը լուծված էր, ապա պարզ կլինի, որ կազմակերպչական կոմիտեն համեմատաբար կարճ ժամանակամիջոցում կարողաավ գլուխ բերել գործը: Պաշտոնական բացման ժամանակ ինստիտուտն արդեն մի ամսվա նորմալ աշխատանքի պատմություն ուներ։ Ի՞նչ ունի ինստիտուտը և ի՞նչպես է կազմակերպվել:

Ուսանողության հիմնական կադրը Անդրկովկասյան բոլոր հանրապետություններից են և ներկայացնում են գլխավոր չորս ազգությունները՝ թուրք, վրացի, հայ և ռուս։ Ընդունելության ժամանակ հոգ էր տարվում, որ Անդրկովկասի բոլոր գավառներից ու շրջաններից ուսանողներ լինեն։ Սակավ բացառությամբ այդ հաջողվել է։ Հայաստանի և Վրաստանի բոլոր գավառներից ու ավտոնոմ շրջաններից ուսանողներ կան։

Համաձայն սկզբնական ծրագրի՝ ուսանողների ընդհանուր թիվը՝ առաջին տարվա համար սահմանված էր 130-ի չափ։ Այդ թիվն ըստ հանրապետությունների բաշխվել էր այս կերպ. Ադրբեջանին՝ 35 տեղ, Վրաստանին՝ 30, Հայաստանին՝ 25, Դաղստանին և Հյուսիսային կովկասին՝ 10 տեղ, Թուրքեստանին և Միջին Ասիայի հանրապետություններին՝ 10 տեղ, և խորհրդային մյուս հանրապետություններին՝ 10 տեղ։ Կովկասյան կարմրադրոշ բանակին հատկացված էր 10 տեղ։

Ըստ ընդունելության տախտակի՝ ուսանող չեն ուղարկել Թուրքեստանն ու խորհրդային մյուս հանրապետությունները, ծանուցումն ուշ ստանալու և պայմաններին լավ տեղյակ չլինելու պատճառով։ Ընդունված ուսանողների թիվը 112 է, որոնք ըստ հանրապետությունների հետևյալ կերպ են բաշխվում. Ադրբեջան՝ 30, Վրաստան՝ 33, Հայաստան՝ 30, Հյուսիսային Կովկաս՝ 4, այլ վայրերից՝ 5 և կովկասյան կարմրադրոշ բանակից՝ 10 հոգի։

Դիմում տվողների թիվը անց էր 230֊ից։ Անհամեմատ ավելի շատ էին դիմումներ Հայաստանի զանազան վայրերից։ Ադրբեջանից և Վրաստանից, ինչպես և բանակից եկողները նախնական ստուգման են ենթարկվել տեղերում, այնպես որ, եթե հաշվենք և այն անձանց, որոնք ինստիտուտի համար դիմում են տվել հանրապետական լուսժողկոմատներին, ապա դիմում տվողների թիվը կհասնի 300-ի։

Իրենց սոցիալական ծագմամբ ընդունված ուսանողները դասավորվում են հետևյալ կերպ. բանվորներ՝ 15 %, գյուղացիներ՝ 60 %, ծառայողներ՝ 25 %: Ըստ ազգության. թուրք՝ 21 անձ, վրացի՝ 26, ռուս՝ 15, հայ՝ 48, այլք՝ 4 (ուկրաինացի, լատիշ, լեզգի, լեհ)։ Հայերի բարձր տոկոսը բացատրվում է նրանով որ, նախ՝ մնացած հանրապետություններից ևս ուղարկվում էին հայեր (Վրաստանից՝ 4, Ադրբեջանից՝ 6), և ապա՝ հեռու վայրից եկողները մեծ մասամբ հայեր էին: Այսպես օրինակ՝ Հյուսիսային Կովկասից գործուղած 10 հոգուց 3-ը հայ էին։ Այդ վայրից եկած 10 հոգուց ընդունված են միայն 3 հոգի, 2֊ը՝ հայ:

Ըստ կուսակցականության՝ կոմկուսի անդամ և թեկնածու են 23 հոգի, կոմերիտական՝ 41 հոգի, անկուսակցական՝ 46 հոգի: Ըստ տարիքի՝ ուսանողության 85%֊ը 20—25֊ի մեջն է։ Տարբեր էին ուսանողների պատրաստության մակարդակն ըստ հանրապետությունների։ Առաջին տեղը պատկանում է Ադրբեջանից գործուղվածներին, որոնց պատրաստությունը բարձր էր թե՛ Վրաստանից և թե՛ Հայաստանից եկածների համեմատությամբ։

Ուսանողների մեծ մասը (մոտ 90 հոգի) տեղավորված են ուսանողական հանրակացարանում։ Մնացածները կա՛մ քաղաքից են և կա՛մ թե Երևանում ունեն ազգականներ, որոնց մոտ և իջել են։ Մոտ ապագայում հնարավոր կլինի հանրակացարանի տեղավորվածների թիվը հասցնել 100֊ի։ Թոշակների խնդիրը դեռ առկախ է։ Սակավ բացառությամբ՝ ուսանողները առայժմ սննդադրամ են ստանում, մինչև թոշակառուների ցանկի վերջնական հաստատումը։

Ինչ վերաբերում է ուսանողական օժանդակ հիմնարկներին՝ ընթերցարան, գրադարան, ֆիզկուլտուրայի գործ, բժշկական օգնություն, ճաշարան և այլն, ապա հենց իրենց՝ ուսանողների անմիջական մասնակցությամբ այդ խնդիրների մեծ մասն արդեն լուծված է: Հիմք է դրված գրադարանի և ընթերցարանի, ֆիզկուլտուրայի և սպորտի համար հատկացված է որոշ գումար, այժմ հոգ է տարվում ուսանողական ճաշարան ունենալու Հայաստանի պետհամալսարանի ուսանողության համար ևս։

Անասնաբուժական ինստիտուտի պարապմունքների մի մասը պետհամալսարանի շենքումն է տեղի ունենում, իսկ գործնական պարապմունքները և դասախոսությունների մի մասը՝ Հողժողկոմատի բակտերիոլոգիական ինստիտուտում։ Կազմած նախահաշվով՝ առաջիկա գարնանը ձեռնարկվելու է անատոմիկումի, ընդարձակ հանրակացարանի և այլ շենքերի կառուցման։

Առաջին կուրսի դասախոսությունները հետևյալ առարկաներից են՝ անատոմիա, քիմիա, բուսաբանություն, ֆիզիկա։ Կենդանաբանության ամբիոնն առայժմ թափուր է։ Հասարակագիտական առարկաներից առայժմ ավանդվում են քաղաքատնտեսություն և կուսպատմություն: Լեզուներից են՝ լատիներեն և ռուսերեն: Թեպետ մյուս ինստիտուտներում, որպես պարտադիր առարկա, ավանդվում է լատիներենը, բայց ի նկատի ունենալով ուսանողների մի մասի թույլ պատրաստականությունը ռուսերենից, կազմակերպչական կոմիտեի որոշմամբ այդ առարկան ևս պարտադիր է ռուսերենից թույլ ուսանողների համար: Օտար լեզուներից ավանդվում են գերմաներենն ու ֆրանսերենը։

Դասախոսների և մյուս գիտական աշխատակիցների մեծ մասը պետհամալսարանի ուժերից են։ Դրսից հրավիրված են առայժմ 3 պրոֆեսոր և մի գիտական աշխատակից։ Թե՛ դրսից հրավիրվածները և թե՛ տեղական ուժերն ամեն ջանք ու եռանդ գործադրում են կահավորելու ինստիտուտի լաբորատորիաները և մյուս աշխատանոցները, կրելով այն բոլոր անհարմարությունները, որ անխուսափելի են նոր հիմնած բարձրագույն դպրոցի աոաջին տարում։ Այն ընկերական և աշխատանքային մթնոլորտը, որ ստեղծվել է դասախոսների և ուսանողների միջև, մեծ գրավական է հենց առաջին տարում պարապմունքները կանոնավոր և արդյունավետ տանելու։

Այս թեթև տեղեկությունը ցույց է տալիս, որ կարճ ժամանակում ահագին աշխատանք է թափված այն բոլոր մարմինների կողմից, որոնք այս կամ այն առնչությունն ունեն ինստիտուտի հետ։ Իսկ այդ հիմնարկության նշանակությունը թե՛ Անդրկովկասի և թե՛, մանավանդ, Հայաստանի համար խոշոր է։ Ծրագրի համաձայն, ինստիտուտի 5 կուրսը պիտի ունենա հինգ հարյուր ուսանող։ Ամեն տարի կառուցումներ են արվելու, լայնացվելու է աշխատանքը, գալու են գիտական նոր ուժեր, և ինտերնացիոնալ միջավայրում դաստիարակություն են ստանալու բազմալեզու և բազմատեղ Անդրկովկասի բանվորա֊գյուղացիական երիտասարդությունը։

Յուրաքանչյուր անդրկովկասյան բարձրագույն կրթական հիմնարկ Միության մյուս համանման հիմնարկից մի գլխավոր տարբերություն ունի։ Ընդհանուր գիտելիքներ և մասնագիտություն տալուց բացի, անդրկովկասյան բարձրագույն դպրոցը տալիս ՝ այնպիսի աշխատակիցներ, որոնք կարող են աշխատել Անդրկովկասի բոլոր շրջաններում։ Այդպիսի բարձր դպրոցի ներսում ուսանողությունը ստանում է և՛ գիտություն, և՛ կռում ու կոփվում, որպես խորհրդային դպրոցի սան՝ միջազգային ոգով։ Այդ տեսակետից, Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտի դերը շատ խոշոր է։ Անդրկովկասի գյուղին անասնաբուժական օգնություն ցույց տալուց բացի, այս դպրոցի շրջանավարտն ընթացիկ աշխատանքում պիտի ստեղծի այն տրադիցիան, առանց որի բարձրագույն դպրոցը աշխատունակ լինել չի կարող։ Իսկ այդ տրադիցիան այն քաղաքականության հետևանքն է, որպիսին բոլշևիկյան կուսակցությունը տարել է և տանելու է Անդրկովկասի խայտաբղետ պայմաններում։

Անհրաժեշտ է բոլոր միջոցները ձեռք առնել, որպեսզի մեր առաջին շրջանավարտները թե՛ իրենց պատրաստությամբ և թե' իրենց ոգով միանգամայն հարազատ լինեն և արդարացնեն այն հույսերը, որ ունի կուսակցությունն ու խորհրդային իշխանությունը։

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՆԱՍՆԱԲՈԻԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

Երևանում բացվել է անասնաբուժական ինստիտուտ[4], որտեղ մի ամսից ավել է, ինչ սովորում են հարյուր ուսանող, որոնք եկել են թե՛ Անդրկովկասյան հանրապետություններից և թե՛ Միության այլ երկրներից։

Մինչև հիմա այդպիսի ինստիտուտ Անդրկովկասը չուներ, այնինչ անասնաբույժների կարիքը մեզանում շատ մեծ է։ Ամեն տարի պատահում են վարակիչ հիվանդություններ։ Բացի այդ, մեր անասունները վնասվում են և այլ հիվանդություններից։ Անասնաբույժներ չունենալու պատճառով հնարավոր չէր ամեն գյուղի բժշկական օգնություն հասցնելու։

Ահա այդ նպատակով էլ բացված է ինստիտուտը։ Անդրկովկասի բոլոր ազգություններից էլ ուսանողներ կան[5]։ Ինստիտուտի համար Ռուսաստանի զանազան քաղաքներից հրավիրված են մի քանի պրոֆեսորներ և մասնագետներ[6]։

Համարյա բոլոր ուսանողներն էլ թոշակ են ստանալու մինչև ուսումն ավարտելը։ Ուսանողները ապրում են հանրակացարանում։ Բացի այդ, պետությունն է հոգալու նրանց դասագրքերի ծախքը:

Ինստիտուտի շենքերը

Իհարկե, այդպիսի մի խոշոր գործ, ինչպիսին համալսարան հիմնելն է, առանց համապատասխան շինությունների չի լինի։ Ինստիտուտն առայժմ տեղավորված է հողժողկոմատի կողմից նոր կառուցված բակտերիոլոգիական կայանի շենքում։ Այս տարի եղած շինությունները միանգամայն բավարար են։ Բայց արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում գարնանը նոր շինությունների կառուցման համար։

Կանոնադրության համաձայն, ինստիտուտում պիտի սովորեն հինգ տարի։ Ուրեմն՝ հինգ տարուց հետո ուսանողների թիվը հինգ հարյուրից պիտի անցնի։ Եվ դրա համար էլ ամեն տարի շինություններ են շինվելու, որպեսզի պարապմունքները կանոնավոր գնան։

Ինչ նշանակություն ունի ինստիտուտը Անդրկովկասի համար

Մեզանում անասունների մեջ հիվանդություններ կան, որոնց պատճառները դեռ ուսումնասիրված չեն։ Ամառվա սկզբին, երբ սար են բարձրանում, անասունները հիվանդանում են։ Անդրկովկասը, սահմանակից լինելով օտար պետությունների, հաճախ ենթակա է ժանտախտի, որից անասունները կոտորվում են, և, բացի այդ, ժանտախտի շնորհիվ մեր երկրի կաշին հնարավոր չի լինում արտահանել։

Ահա այդ բոլոր խնդիրները դրված են ինստիտուտի առաջ։ Ուսանողներն ու պրոֆեսորները պիտի ո՛չ միայն սովորեն և ուսումնասիրեն մեր անասուններին, այլև ծանոթանան եղած հիվանդությունների հետ, պայքարեն համաճարակի ժամանակ և գործնական օգնություն ցույց տան գյուղացուն։

Ինստիտուտի հիմնադրումը Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակներից մեկն է

Ինստիտուտի բացումը լինելու է Հոկտեմբերյան հեղափոխության 11-րդ տարեդարձին[7]։ Ուրիշ ոչ մի պայմաններում հնարավոր չէր այդպիսի համալսարանի բացումը։

Ցարական կառավարությունը Անդրկովկասում նույնիսկ ֆելդշերների դպրոց չուներ։ Իսկ դաշնակցության օրոք մտածել էլ չէր կարելի Երևանում հիմնելու մի համալսարան, որտեղ սովորեն թուրքերը, վրացիները, ռուսները, հայերը, հրեաները և ուրիշ ազգություններ։

Միայն Հոկտեմբերյան հեղափոխությունը և նրա ստեղծած Խորհրդային կառավարությունը կարող էր հիմնադրել այդպիսի գործ։ Ահա թե ինչու՛ ինստիտուտի հիմնադրումը Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակներից մեկն է։

«Մաճկալը» համոզված է, որ հինգ տարուց հետո, երբ առաջին խումբը կավարտի, մեր ինստիտուտի անասնաբույժները ծանոթ կլինեն Անդրկովկասյան ժողովրդների անասնապահությանը և ամբողջ եռանդը կթափեն մեր անասնապահության զարգացման համար։

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 1
  5. 2
  6. 3
  7. 4
 Կոլեկտիվ տնտեսությունների հողերը կենտրոնացրել են▲ Վեր ▲Բերքի բարձրացման համար