Աներեւոյթ հողագործ
Ա
Արար-աշխարհում հազար ու մի օգտակար և շահաւէտ բաներ կան, որոնց մասին մենք կամ ամենևին տեղեկութիւն չունինք և կամ ա՛յնքան քիչ են մեր ունեցած տեղեկութիւնները, որ բոլորովին անօգուտ են մնում թէ՛ մեզ համար, թէ՛ մեր ապրուստի ու կենցաղավարութեան համար: Այն ինչ՝ եթէ հնար եղածի չափ ճիշտ, մանրամասն և հարկաւոր ծանոթութիւնները ձեռք բերէինք այդ տեսակ շահաւետ բաների վերաբերյալ, մենք շատ ու շատ օգուտներ կարող էինք քաղել մեր իմացածներից: Բայց ցաւալին այն է որ մեզանից շատերս՝ անգէտ ու անտեղեակ մնալով դրանց մասին՝ ո՛չ միայն չենք օգտւում այդ շահաւետ բաներից, այլ դեռ շատ անգամ մենք ինքներս ենք վնաս պատճառում մեզ՝ կամ բոլորովին աչքաթող անելով այն ամենը, ինչի մասին որ մենք ինքներս պէտք է դեռ մի առանձին խնամք ու հոգ տանէինք, հոգացութիւն ցոյց տայինք:
Ահա՛ հէնց այդպիսի բազմաթիւ շահեկան և օգտակար բաներից մէկի մասին է հետևեալ զրոյցը, որ կարդալու էք այս գրքոյի մէջ:
Ի հարկէ դուք ամենքդ էլ տեսած կլինիք կարմիր-ճիճու[1], և ուրեմն գիտէք, թէ այդ փոքրիկ կենդանին իւր տեսքով ի՛նչ զզուելի և անդուր բան է: Եւ անշուշտ ձեզանից շատ քչերը կըհամաձայնեն ձեռը տալ մի այդպիսի գանելու բանի․ իսկ շատերդ հօ ո՛վ գիտէ՝ ինչ թթու դէմք էք ցոյց տալիս ու զզուանք արտայայտում այդ տգեղ արարածի լոկ միայն անունը մտաբերելով:
Եւ ճշմարիտ որ՝ ո՞ւմ պիտի հետաքրքրի և կամ ու՞մ պիտի հրապուրի այդ խեղճ-ողորմելի կարմիր ճիճուն. շատ-շա՜տ՝ կարթով ձուկ բռնողներին, որոնք որոնելով գտնում հանում են գետնի միջից, որպէսզի անգթօրէն տանջեն խեղճ կենդանուն՝ միամիտ ձկներին հրապուրելու նպատակով իրենց կարթի ծայրին ամրացնելով: Բայց և այնպէս կան արարածներ, որոնց համար կարմիր-ճիճուն թէ՛ հետաքրքիր, և թէ՛ հրապուրիչ է ճիշտ այնպէս, ինչպէս որ ձեր համար հրապուրիչ են շաքարահացերն ու շաքարեղէնները, որ ի ցոյց դրած են լինում քաղցրեղէն վաճառողները իրենց խանութների լուսամուտներում, դարակների վրայ:
― Այդ ո՞վքեր են այդ քաղցրասէրները, հիմա կ՚ասեք դուք:
― Դրանց թիւը ա՛նչափ շատ է: Փորձի համար մէկ հարցրէք ճիճուին, թէ պատճառն ի՞նչ է, որ ամբողջ օրը մնում է նստած գետնի տակ, իւր բնի մէջ, և միայն գիշերով՝ երբ արդէն մութը բոլորովին պատում է, սիրտ է անում դուրս սողալ բնից, որ նոր կարողանայ Աստծու ստեղծած աշխարհը տեսնել և մաքուր օդ ծծել: Ինչ ասել կ՚ուզի՝ որ եթէ նա այդպէս վախենում է ցերեկուայ լոյսից, պատճառն այն չէ, որ ամաչում է իւր մերկ ու անդուր արտաքինի համար, այլ իսկապէս այն, որ նա երկիւղ է կրում իւր համար խելքահան լինողներից:
― Խելքահան լինողնե՜ր… Ինչե՞ր էք ասում… Խելքահան են լինում և այն էլ այդ զզուելի ճիճուի—լպրտուկի համա՞ր։
— Այո՛, ի՞նչ է որ։ Հապա ի՞նչ էք կարծում. դուք այնպէս իմանում էք թէ կարմիր-ճիճուն հաւանողներ չունի՞. սխալւում էք, սիրելիք, այդպէս կարծելով։ Այո՛, նա էլ ունի հաւանողներ, և այն էլ ինչպէս ժիր, աշխոյժ, կայտառ ու տաքսիրտ հաւանողներ։
— Ո՞վքեր են այդ տարօրինակ ճաշակի տէրերը։
— Նախ և առաջ՝ ի՛մ սիրելիք, թռչունները, որոնք ոչ մի առիթ, ոչ մի յաջող դէպք կամ յարմար րոպէ ձեռքից բաց չեն թողնում, որ կարողանան իրանց բերանները քաղցրացնել մեր փոքրիկ հերոսի համեղ մսով, վրայ երկրորդ՝ խլուրդները, որոնցից ազատուելու համար խեղճ անասունը շատ ու շատ անգամ է ստիպում յական թօթափել, այսինքն աչքի մի ճպելում դուրս սողալ իւր բնից երկրի երեսը. վրայ երրորդ՝ բնագէտները, որոնք նաև կարմիր-ճիճուի ուսումնասիրութեամբ են պարապում. վրայ չորրորդ՝ ձեր խոնարհ ծառան— ճիճուների վերաբերմամբ ձեզ հետ զրուցողը, որ պիտի պատմի ձեզ համար այն զարմանալի բաները, ինչ որ մեր դարու ամենանշանաւոր բնագէտ հանգուցեալ Չարլզ Դարվինն իմացել է կարմիր-ճիճուների մասին, իսկ վրայ հինգերորդ՝ դուք, սիրելի ընթերցողներ։
— Մենք էլ...
— Խօսքս մի՛ք ընդհատիլ... Այո՛, դուք ևս. որովհետև եթէ ուշադրութեամբ կարդաք այս գրքոյկը և մօտիկից ծանօթանաք մեր հերոսի կեանքի ու կենցաղավարութեան հետ, անկասկած դրանից յետոյ դուք ևս շատ կհաւանէք նրան և մտաբերելիս այլևս թրթու դէմք չէք ցոյց տալ, էլ զզուանք չէք արտայայտիլ. բացի դրանից ձեզ պատահած ժամանակն էլ խլուրդների ու թռչունների նման թշնամաբար չէք վարուիլ խեղճ անասունի հետ, ոչ մի վնաս չէք հասցնիլ նրան։
Բ
Արդէն ասացինք որ մեր զրոյցի առարկայ հերոսը շատ էլ գեղեցիկներից չէ։ Ահա նկարագրեմ ձեզ նրա արտաքինը.
Կարմիր-ճիճուի մարմինը մօտ 100-200 օղակներից է բաղկացած. նրա մարմնի վրայ ո՛չ գլուխ է նկատւում, ո՛չ թաթիկներ, ո՛չ տոտիկներ, ո՛չ աչիկներ և ոչ էլ ականջներ, մէկ խօսքով՝ և ոչ մի գործարան։ Միայն եթէ խոշորացուցով ուշադրութեամբ դիտենք, կըտեսնենք որ այդ օղակները պատած են շատ բարակ մազերով, որոնք թեքուած են դէպի յետ։ Այդ բարակ մազերի օգնութեամբ է որ կարմիր-ճիճուն կարողանում է առաջ շարժուել։ Մարմնի մի ծայրի վրայ մի փոքրիկ բացուածք է նկատւում. այդ էլ նրա բերանն է, որ ուժեղ մկաններով սրածայր շևեր—ընձիւղներ ունի, որոնցով նա կարողանում է իրան հանդիպած առարկաները բռնել: Այդ բացուածքը ճիճուի համար թէ շրթունքներ են և թէ թաթիկներ։ Իսկ մարմնի միւս ծայրին էլ մի ուրիշ բացուած կայ այդտեղից էլ ճիճուն արտաթորում է իւր մարմնի մէջ եղած անպէտք նիւթերը։ Ահա հէնց այդ է, ինչ որ կարելի է նկատել ճիճուի արտաքինը դիտելով։ Հա՛, մէկ էլ այն, որ նրա ամբողջ մարմինը ծածկուած է լորձանիւթով, որի պատճառով է երևի որ նաև լպրտուկ է կոչւում։
Առաջ այնպէս էին իմանում թէ կարմիր-ճիճուները բոլորովին կոյր են։ Ղորդ է, որ ճիճուները աչիկներ չունին, բայց նրանց բոլորովին կոյր անուանել նոյնպէս չի կարելի։ Ահա թէ ինչ է պատմում այդ մասին վերոյիշևալ նշանաւոր բնագէտ Չարլզ Դարվինը, որ քանի մի անքուն գիշերներ լուսացնելով՝ փորձեր է արել ճիճուների տեսողութեան վերաբերեալ։ Նա դրանցից մի քանիսին բռնոտել դրել է հողով լիքը ծաղկամանների մէջ և բերանները ծածկել ապակեայ կափարիչներով—ծածկոցներով։
Չմոռանամ ասելու որ ճիճուները ցերեկով վախկոտ են և շատ զգոյշ, այն ինչ գիշերներով բաւական համարձակ են լինում։ Ցերեկները նրանք թաքնւում են գետնի տակ և առանց դուրս սողալու մնում են նստած իրանց բներում։ Բայց հէնց որ մութն ընկնում է, կարծէք ճիճուների օրը նոր է բացւում. անմիջապէս դուրս են գալիս իրանց բներից՝ միայն պոչիկները թողնելով ներսը. իսկ մարմնի այն մասը, որ բնից դուրս են բերել, սկսում են շնորհաշուք կերպով ծածրուբարակ տարուրերել և այդ կերպով զուարճանալ թարմ օդով։
Փորձելու համար թէ արդեօք ճիճուները կարո՞ղ են տեսնել, Դարվինը գիշերով վառած լապտերն զգուշութեամբ մօտեցրել է նրանց։ Ճիճուներն սկզբում ամենևին ուշադրութիւն չեն դարձրել այդ անսպասելի լուսավառութեան վրայ, բայց յետոյ՝ երբ մի քանի րոպէ շարունակուել է լապտերի լոյսը, նրանք սկսել են դեռ անհանգստութիւն ցոյց տալ և ապա շտապել են մտնել իրանց բները։ Սակայն միշտ էլ այդպէս չէ եղել. օրինակ՝ երբ նրանք եռանդով զբաղուած են եղել ընթրելով և կամ որևէ գործով, այդ միջոցին նրանք ամենափոքր ուշադրութիւն անգամ չեն դարձրել լապտերի լոյսի վրայ։
ԱյդպԷս՝ համոզուելով որ կարմիր-ճիճուները բոլորովին էլ կոյր չեն, ինչպէս որ ենթադրում էին, Դարվինը կամեցել է նաև փորձել, թէ արդեօք լսում է՞լ են։ Այդ մասին նա պատմում է հետևեալը.
«Կարմիր-ճիճուները իսպառ զուրկ են լսողութիւնից, որովհետև նրանք ամենաաննշան ուշադրութիւն իսկ չդարձրին այն մետաղեայ սուլոցի սուր ձայներին, որ քանի մի անգամ կրկնեցի նրանցից շատ մօտիկ. նմանապէս անտարբեր մնացին թէ՛ ամենացածր ձայներին և թէ ամենաբարձր բամբերին (ֆագօտի ձայներին): Աղաղակի վրայ ևս բոլորովին ուշադրութիւն չեն դարձնում, եթէ միայն զգուշացուի որ աղաղակելիս բերանի հուրքը-շունչը չդիպչի նրանց։ Երբ ճիճուներին դնում էի սեղանի վրայ և սեղանը մօտեցնում դաշնամուրին, նրանք կատարելապէս հանգիստ էին մնում նոյնիսկ ամենազօրեղ դաշնակահարութեան միջոցին»:
Բայց դրա հակառակ՝ մեր գետնաբնակ բարեկամները շատ լաւ են զգում իրանց բնակած գետնի նոյն իսկ ամենաթոյլ տատանումը: Դարվինը՝ բազմաթիւ փորձեր անելուց յետոյ այդ բանում ևս համոզուել է: Ահա նրա կատարած բազմատիւ փորձերից մինը.
«Մէջը ճիճուներ դրած ծաղկամանը, ասում է Դարվինը, դրի դաշնամուրի վրայ և սկսեցի նուագել: Դաշնակահարութեան հէնց առաջին ձայնից ծաղկամանի բնակիչներն սկսեցին թաքնուել հողի մէջ»:
— Ի՞նչ էք կարծում, ի՞նչից թաքնուեցին:
— Ի հարկէ դաշնամուրի ձայնից:
— Ո՛չ. այլ որովհետև նուագելիս դաշնամուրի ծածկն սկսեց դողդողալ: Ծաղկամանին ամենափոյլ կերպով հմումն—կամաց ձեռք տալ ևս ստիպում է ճիճուներին պահ մտնել:
Բայց լաւ է զարգացած կարմիր-ճիճուների շօշափողութիւնը. փչած ամենաբարակ հովը և կամ շատ թոյլ հուրքն իսկ զգում են լորձանիւթով պատած մաշկով և իսկոյն շտապում են մտնել իրանց բները:
Սակայն նրանց հոիտառութիւնը շատ թոյլ է: Դարվինը՝ ամենաընտիր տեսակի հոտաւէտ իւղեր է մօտեցրել իւր սանիկներին—կարմիր-ճիճուներին, սակայն այդ տարօրինակ արարածները ո՛չ մի բանով չեն ցոյց տուել, թէ իրանք որևէ հոտ զգում են։ Այն ինչ շատ լաւ են զգում սոխի, կաղամբի հոտը, որ անչափ մեծ բաւականութիւն է պատճառում ճիճուներին, որոնք անմիջապէս վրայ են ընկնում և ուտում նրանց համեղ թերթերը։ Դարվինը փորձի համար կաղամբի թերեր է պահել հողի մէջ. ճիճուները որոնել գտել են այնպէս լաւ, ինչպէս որ որսկանի շունը գտնում է որսը: Բացի կաղամբից ու սոխից, ճիճուները սիրում են նաև քրէն, նեխուր և ստեպղինի—գազարի թերեր. լաւ ուտում են նաև շաքար, օսլա, ճարպ, իսկ երբ ուտելու ուրիշ բան չի լինում, կարիքից ստիպուած նրանք բաւականանում են միմիայն հողով և փտած տերևներով։
Գ
Այդ ամենն իմանալուց յետոյ եթէ գոնէ մէ քիչ համակրութիւն զարթեց ձեր մէջ դէպի մեր գետնաբնակ բարեկամները, ապա ուրեմն կարելի է մի փոքրիկ առաջարկութիւն անել ձեզ։ Մի քանի կարմիր-ճիճու գտէք և դրէք հողով լի ծաղկամանների մէջ, որոնց բերանները ծածկեցէք ապակեայ ծածկոցով և ուշադրութեամբ դիտեցէք ձեր գիշերօթիկների կեանքը։ Հաւատացած եղէք, նրանք կվարձատրեն ձեր այդ աշխատանքը՝ լիուլի բաւականութիւն տալով ձեր հետաքրքրուլթեանըն ու հարցասիրութեանը:
Սակայն նախքան արդ՝ դեռ պէտք է ծանօթանալ ճիճուի տնակի—բնի հետ։Բայց դրա համար անհրաժեշտ է, որ գնաք այգի կամ բանջարանոց, ուր աւելի շատ կան դրանցից։ Երբ գնաք, ուշադրութեամբ նայէք գետնին. այդտեղ ձեր աչքին կ՚ընկնեն բադի փետուրի լայնութեամբ բազմաթիւ անցքեր, որոնցից մի քանիսը կցուած կըլինին տերևներով, իսկ միւսների վրայ հող կըլինի ածուած։ Այդ հողը եթէ թիակով զգուշութեամբ վերցնէք, կընկատէք որ այդ անցքը տանում է դէպի մի բաւականին խոր բոյն։ Ահա՛ հէնց այդ է կարմիր-ճիճուի տնակը, որի մէջ, ինչպէս ասացինք, ամբողջ օրրը մնում է նստած՝ վախենալով դուրս գալ Աստծու լոյս աշխարհ։
— Ի՞նչ է շինում այնտեղ։
— Ուղիղն ասած՝ իսկապէս ոչինչ, այլ այդ րոպէին միայն ձեզանից փախչելու հոգսը կըքաշէ. նա կըսկսի յական թօթափել խոր մտնել հողի մէջ։ Իսկ դրանից մի քիչ առաջ՝ քանի որ դուք չկայիք, նա ամենևին բան չէր անում, թէ միայն գործ չհամարենք տերևներք տերևները ծոյլ-ծոյլ լամլամելը[2]), որոնցով փակուած էր բնի անցքը։ Ինչպէս երևում է այդ տերևները ճիճուի համար թէ՛ կերակուրի տեղ են բռնում և թէ դռան տեղ ծառայում։ Գիշերով եթէ մօտենաք կարմիր-ճիճուի բնին, ինչպէս որ ասացինք, կըտեսնէք որ տանտէրը՝ պոչը թողնելով ներսը, մարմնի դուրս բերած մասը մի ներքին բաւականութեամբ ու նազկըթելով տարուբերում է աջ ու ձախ՝ ներշնչելով գիշերային թարմ օդը։ Այդ դիրքով նա մի քանի ժամ զուարճանում է, քանի դեռ բոլորովին մութն է լինում, բայց հէնց որ նախազգում է լուսանալու առաջին նշանները, անմիջապէս սկսում է աշխատանքի կենալ։ Եւ լաւ է անում. եթէ ոչ՝ շուտով կըծագի արեգակը, իսկ նրա հետ էլ կըզարթեն նաև թռչունները, և այնուհետև վա՜յը կըգայ կըտանի այն ճիճուին, որ չկարողանայ իւր ժամանակին փախչել ու թաքնուել։ Բացի դրանից ցրտի վերաբերմամբ ճիճուն շատ դիւրազգաց է. իսկ յայտնի է թէ առաւօտներն աւելի ցուրտ է լինում։
Բայց պէտք է ասած՝ շատ լաւ աշխատել է իմանում։ Եթէ ուշադրութեամբ դիտէք, կըտեսնէք որ նա ամենայն եռանդով և մեծ հմտութեամբ տերևներ է քաշ տալիս դէպի իւր բոյնը, որոնցով նա դռնակ է շինում իւր տնակի համար, որպէսզի թէ ցրտից պաշտպանւած լինի և թէ առաւօտեան պատրաստի նախաճաշիկ ունենայ։ Իսկ տերևներ չեղած ժամանակ դռնակը շինում է ուրիշ միջոցով, որի համար շատ կարելի է թէ տնազ անէք, եթէ իմանաք։ Սակայն լաւ վերահասու որ լինիք, փոխանակ տնազ անելու, կըզարմանաք նրա այդ խելացի հնարագիտութեան վրայ։ Այդ նպատակի համար նա մարմինը թեքում է՝ գլուխ դէպի վայր, և սկսում է ամենայն եռանդով աշխատել իւր զօրեղ մկանունքներով. մի րոպէից յետոյ ճիճուի գլուխը բնի մէջ կըլինի, իսկ միւս մասը կըմնայ բնից դուրս, ահա հէնց այդ րոպէից է նա ձևռնարկում իւր տնակի դուռը շինելուն։ Եւ ճիճուն սկսում է մեծ ջանասիրութեամբ հող կուլ տալ, որ մտնելով նրա ստամոքսը և անցնելով աղիքներով՝ բոլոր սննդարար մասերը ծծւում են ու տարածւում նրա մարմնի մէջ, իսկ անպէտք մնացորդները նա դուրս է թափում գետնի երեսը այն անցքով, որ կայ իւր ետևի մասի վրայ։ Այդ անպէտք մասերը՝ որ բոլորովին հողի նման են ու հողի պէս էլ սևագոյն, իրար վրայ դարսում է ուղղակի բնի անցքի առաջ և... դուռն արդէն պատրաստ է։ Դրանից յետոյ նա շուռ է գալիս բնի մէջ և գլուխը դարձնում դէպի վեր։ Հէնց այդ դիրքի մէջ էր, որ դուք տեսաք նրան։ Ահա՛ այդ պարզ կերպով է անցկացնում ճիճուն իւր օրերը։
Բայց այդ երկար չի տևում։ Անցնում է ամառը. գալիս է աշունքը. ծառերը մերկանում են իրանց տերևներից. թռչունները երամ-երամ չւում են դէպի հարաւ՝ աւելի տաք երկիրներ. և այդպէս ամեն բան անցնում գնում է. վրայ է հասնում ալևոր պապին—ցուրտ ձմեռը, հետը բերելով՝ ինչպէս ամենքիս, այնպէս էլ խեղճ կարմիր-ճիճուի համար հազար ու մի հոգս ու կարիք։ Դ
Ինչպէս ամենքդ էլ գիտէք, գետնի վերին շերտում շատ աւելի ցուրտ է, քան ներքին շերտում. ուստի երբ ձմեռը վրայ է հասնում, կարմիր-ճիճուներն աշխատում են որքան կարելի է խոր մտնել գետնի մէջ, ուր նրանք ընդարձակում լայնացնում են իրանց տնակը, պատերը սիրուն սուաղում իրանց իսկ արտաթորութեամբ, և մէջը պառկում ու քուն մտնուիմ և այդպէս մնում մինչի գարուն։ Այդտեղ նրանց համար թէ աւելի տաք է և թէ ամեն բանով յարմար. իսկ ուտելիքի կարիք չեն զգում, քանի որ թմրած են։ Շատ անգամ մի քանի ճիճու իրար են փաթաթւում, մի ընդհանուր կծիկ կազմում ու այդպէս ճիտ արած—փաթաթորուած խոր քուն մտնում, այսինքն թմրում։ Խոր քուն մտնելիս այդպէս ճիտ անելու պատճառն այն է, որ այդ դիրքով թէ աւելի տաք և թէ աւելի փափուկ է լինում:
Կարմիր-ճիճուները երբեմն մէկ սաժէնից աւելի խորն են մտնում գետնի մէջ։
Հէնց որ գարունը հասնում է, գետինն սկսում է տաքանալ ու նոր կանանչով ծածկուել, ճիճուներն իրանց թմրութիւնից դուրս են գալիս—արթնանում են և դուրս սողում բներից։ Ահա ույդ րոպէից նորից սկսւում է նրանց կեանքը, որ լի թէև է ծանր աշխատանքով ու հոգսերով, բայց որ զուրկ չէ նաև քաղցրութիւններից։
— Ի՞նչպէս թէ... Այդ չնչին, փոքրիկ արարածը մի՞թէ այնքան խելք ունի, որ կարողանայ կեանքի քաղցրութիւններն զգալ։
— Ճիշտ է, սկզբում անհաւատալի է թւում, որ այդպիսի մի չնչիւն արարածը ևս կարող է մտաւոր ընդունակութիւն ունենալ, մանաւանդ որ ոչ լսում է, ոչ էլ տեսնում, և մինչև իսկ մեծ դժուարութեամբ է զանազանում լոյսը մութից. սակայն Դարվինը՝ ուսումնասիրելով կարմիր-ճիճուների կեանքն ու սովորութիւնները, եկել է այն եզրակացութեան, որ ճիճուն ևս մի որոշեալ չափով խելք ունի: Եւ նշանաւոր բնագէտին այդ եզրակացութեան բերողը հետևեալ փաստերն են եղել.
Կարմիր-ճիճուների վրայ փորձեր անելիս Դարվինը նկատել է որ նրանք սովորութիւն ունին իրանց բների անցքը ծածկել փոքրիկ առարկաներով: Այդ նպատակի համար նրանք սովորաբար տերևներ են գործ դնում, իսկ տերև չեղած ժամանակ՝ մանր ղռեճ—փոքրիկ քարեր, և կամ թղթի կտորտանք։ Դժուար է ասել՝ թէ յատկապէս ինչո՞ւ համար են ծածկում իրանց բների անցքերը. բայց կարելի է ենթադրել, որ նրանք այդպէս են անում՝ ինչպէս վերև էլ ասուեց, ցրտից պաշտպանուելու համար։
Բների անցքն սկսում են ծածկել սովորաբար գիշերներով։ Այդ աշխատութեան միջոցին ճիճուները երբեմն բաւական ծանր առարկաներ են բարձրացնում. այոպէս օրինակ՝ բոյնը ծածկող այդ մանր քարերից ամեն մէկը պատածում է որ 14 մսխալ ծանրութիւն է ունենում։
Այդ բանից պարզ երևում է, թէ կարմիր-ճիճուն այնքան էլ չնչին չէ, ինչպէս որ սովորաբար կարծում են, և որ նա՝ իւր հասակի համեմատ, շատ ուժեղ է։ Սակայն խնդիրը միայն կոպիտ ոյժ ունենալը չէ. այլ Դարվինն ուզեցել է նաև իմանալ, թէ արդեօք կարմիր-ճիճուն խելք էլ ունի՞ թէ ոչ։ Եւ նա ինքն իրան այսպիսի հարց է տուել՝ — Արդեօք ի՞նչպէս կըվարուէր մի բանաւոր արարած, եթէ որ կամենար մի նեղլիկ անցքով ներսողանցել այնպիսի առարկաներ, ինչպէս որ տերևներն են։ Եւ սկսել է այսպէս դատել — Օրինակ՝ եթէ մինը կամենար գլանաձև փոքրիկ խողովակի բերանը խցել այնպիսի առարկաներով, ինչպէ որ են տերևները և նրանց կոթերն ու ոստիկները, անշուշտ նա պիտի ներս տանէր այդ առարկաները նախ և առաջ նրանց սրածայր կողմից. իսկ թէ այդ առարկաները շատ բարակ լինին խողովակի լայնութիւնից,այդ դէպքում հաւանական է թէ այդ առարկաներից մի քանիսը նա ներս կըտանի նաև հաստ կամ լայն ծայրերից: Իսկ ով այդպէս վարուի, այդ հաստատ նշան կլինի, թէ նրան այդպէս անելու դրդողն ու թելադրողը իւր մտաւոր ընդունակութիւնն է:
Եւ հէնց այդ պատճառով էլ Դարվինը սաստիկ հետաքրքրւում էր իմանալ,թէ արդեօք կարմիր-ճիճուներն ի՞նչ կերպով են ներս տանում տերևներն իրանց բոյնը: Այդ իմանալու համար նա երկու հարիւրից աւելի թառամած տերև է հանել նրանց բնից և ուշադրութեամբ զննել: Քննութիւնից երևացել որ այդ տերևների շատը սրածայր կողմերից են ներս տարուել բոյնը: Այդ ներս տարածների մեծ մասը լորու տերևներ են եղել, որոնց հիմքը այսինքն սրածայր, ինչպէս որ նկարից էլ երևում է: Պարզ է որ այդ տեսակ տերևը նեղլիկ անցքով աւելի հեշտութեամբ ներս կըտարուի սրածայր կողմով, քան թէ նրա լայն հիմքովը: Բայց եթէ ճիճուներն ուզենային այդ տեսակ տերևները ներս տանել կոթի կողմից,
այն ժամանակ տերևի լայն հիմքը դէմ կ՚ընկնէր բնի անցքի բերանին: Եւ Դարվինը նկատել է որ ճիճուները լորու տերևները ներս են տարել միշտ ել սրածայր կողմից. իսկ այդ բանն ապացոյց է որ կարմիր-ճիճուները ևս խոհականութիւն ունին, այսինքն նրանք ևս մտաւոր ընդունակութեան—խելքի տէր են։
Բայց Դարվինը չի բաւականացել միայն այդքանով, այլ նա ցանկացել է հաստատ համոզուել որ կարմիր-ճիճուները չնայած իրանց ողորմելի արտաքինին, այնուամենայնիւ օժտուած են մտաւոր ընդունակութեամբ։
Ե
Կարմիր-ճիճուն՝ զուրկ լինելով որևէ արտաքին գործարանից, իւր համար տնակ փորելիս հարկադրուած է շատ աշխատել։
Եթէ գետինը փափուկ է, ճիճուն ուղղակի գլխի կողմով ծակում է հողը՝ տեղնուտեղը արագ-արագ պտըտուելով գչիրի նման։ Այդ ձևով նա բաւական շուտ է փորում, այն է՝ մի քառորդ կամ կէս ժամում։ Սակայն մեր պստլիկ հերոսի աշխատանքն այդպէս հեշտութեամբ չի յաջողւում, եթէ գետինը կարծր է, այսինքն շատ է պինդ։ Վերջին դէպքում ճիճուն հետևեալ ինքնուրոյն միջոցն է գործ դնում, նա սկսում է ամենայն եռանդով հող կուլ տալ, մինչև որ աղիքները լաւ լքցուին, որից յետոյ մեր փոքրիկ գետնափորը դուրս է սողում և այդտեղ արատթորում կուլ տուածն ու կրկին վերադառնում նոր բեռի համար. և այդպէս փորուածքի համեմատ նա հետզհետէ աւելի ու աւելի խորն է մտնում գետնի մէջ:
— Դէ՛ հիմա ուղիղն ասացէք, այդ կերպով ու այդ ձևով իւր համար ճանապարհ հարթելով բոյն շինելը մի՞թէ հետաքըրքիր չէ:
— Խաչը վկայ որ հետաքրքիր է։
— Հապա ուրիշ ի՞նչ անեն խեղճ անասունները, քանի որ փորելու համար բացի բերանից ու աղիքներից էլ ուրիշ բան չունին՝ ո՛չ թաթիկներ և ո՛չ տոտիկներ։ Բայց այն էլ պէտք է ասած, որ այդ կերպ վարուելով նրանք երկու նպատակի են հասնում. մին՝ որ իրանց համար բոյն են պատրաստում, մէկ էլ՝ որ գետնի մէջ գտնուած պէտքական նիւթերից սնունդ են ստանում։
Դաշտում, այգու մէջ կամ բանջարանոցում տեղ-տեղ հողի բաւական մեծ կոյտեր են լինում, որոնց բարձրութիւնը երեք բթաչափից աւելի է, իսկ տրամագիծը, այսինքն լայնութիւնը՝ մօտ մի բթաչափ։ Այդ կոյտերը կարմիր-ճիճուների արտաթորութիւններն են, որոնք սովորաբար փոքրիկ աշտարակի տեսք են ունենում։ Ահա այդ տեսակ կոյտից մինն է այս նկարը (եր. 28), որ պատկերացրած է լուսանկարով հանածից՝ իւր բնական մեծութեամբ։
Այդ կոյտի ներսից մի ճանապարհ է անցկացրած, որ վերջաւորւում է աշտարակի վերև, մի բացուածքով: Կարմիր-ճիճուն ահա այդ ճանապարհով է դէպի վեր կրում իւր աղիքների մէջ ժողոված հողը։ Աշտարակի գլխից այդ ուղին ձգւում է մինչև ճիճուի ստորերկրեայ բոյնը։
Ինչպէս արդէն ասացի, ճիճուի բունը մի սաժէն և երբեմն էլ դրանից աւելի խորնէ լինում շինուած, հետևապէս կարող էք երևակայել, թէ որքան չարքաշ աշխատանք, ինչ ոյժ և որքան եռանդ պետք է գործ դնէ այդ չնչին արարածը, որ կարողանայ այդքան խորութեան մէջ իւր համար բոյն շինել:
Կարմիր-ճիճուները երբ իրանց բները փորում պրծնում են, այնուհետև սկսում են այդ բների պատերը մեծ խնամքով սուաղել կերմակ —բոլորովին մանր, հողի շերտով, որ նրանք արտաթորում են իրանց մարմնից։
— Ա՞յդ ինչու համար են այդպէս անում։
— Որովհետև այդպէս սուաղած—սրած, պատերն աւելի դիմացկուն են, և նրանց քնքուշ մորթին ազատ է մնում փոքրիկ սուր-սուր քարերից ճանկռուելուց, որոնցից շատ կայ գետնի մէջ։ Երբեմն էլ սուաղելուց յետոյ պատերին տերևներ են փակցնում, որ ճիճուի համար նոյնն է, ինչ որ մեզ համար մեր սենեակների պաստառները։
Ճիճուների բների բոլորովին ներքին մասը, այսինքն ամենախոր տեղը, աւելի ընդարձակ է լինում. այդ մասը բնակիչների ննջարանն է և միևնոյն ժամանակ նաև ձմերանոցը։ Իսկ մենք գիտենք, որ ձմեռն սկսուելուն պէս ճիճուներն այդտեղ են խորասուզւում և քոյր ու յեղբօր պէս ճիտ արած—փաթաթորուած խոր քուն մտնում՝ թմրում մինչի գարուն:
Կարմիր-ճիճուներն իրանց ննջարանը սովորաբար սալայատակում են մանրիկ քարերով և կամ ամրացնում զանազան բոյսերի սերմերով: Երևի այդ էլ նրանց համար նոյնըն է, ինչ որ մեզ համար մեր տների տախտակամածը, որ մեզ պաշտպանում է գետնի խոնաւութիւնից։
— Ի՜նչ խելօքն են այդ պստլիկ արարածները։
— Այո, ճշմարիտ որ խելօք են, և չնալելով նրանց այդպէս պստիկ լինելուն ճիճուները իրանց այդ գործերով ահագին օգուտ են բերում նաև մարդկանց:
Սաղմոսերգու Դաւիթ մարգարէն՝ կամենալով մարդուս ոչնչութիւնը ցոյց տալ, իւր երգերից մեկի մեջ ասում է՝ «Ես մի չնչին որդն եմ»։
Բայց որդը՝ կարմիր-ճիճուն այնքան էլ չնչին չէ, ինչպէս որ կարծում են շատերը. որովհետև եթե ճիճուները չլինեին, շատ կարելի է թէ մարդիկ սովից մեռնէին և մեր բոյսերով ծածկուած մարգագետինները, դաշտերն ու խոտաւէտ արօտատեղիները մերկ անապատներ դառնային՝ զուրկ ամեն տեսակ բուսականութիւնից։
Այո, այդ ասածներս կարող են զարմանալի թուալ ձեզ, բայց և այնպես շատ ճշմարիտ են։ Եւ ահա թէ ինչո՛ւ։
Մի կողմը թողնելով ուրիշ ազգութիւնները, մեր Հայ ազգը, որ հիմա մօտ հինգ միլիօն է, դրա փոքրամասնութիւնն է միայն վաճառականութեամբ, արհեստներով և այլ աշխատանքներով, պարապում, այն ինչ ազգիս մեծամասնութիւնը պարապում է հողագործութեամբ—երկրագործութեամբ, այսինքն հացաբոյսեր և առաւելապէս ցորեն մշակելով է ձեռք բերում իւր ապրուստը՝ գլխաւորապէս հացը, որ նաև ամենքիս անհրաժեշտ սնունդն է կազմում։ Այդ հացն ստացւում է ալիւրից, այսինքն աղացած ցորենից, իսկ ցորենը բուսնում է երկրի վրայ։ Բայց որպէսզի հարկաւոր բանակութեամբ ցորեն աճէ, պէտք է հերկել—երկիրը վարել։
— Իսկ գիտէ՞ք արդեօք, թէ ո՞վ է գլխաւոր և ամենաժրաջան հերկողը։
— Ի՛նչպէս չգիտենք. երկրագործը։
— Ղորդ է, երկրագործն է, բայց նա մենակ ինքը չէ, այլ նա մի ուրիշ ընկեր ևս ունի, որ իրանից աւելի լաւ հողագործ է։
— Ո՞վ է այդ։
— Ո՞վ, կարմիր-ճիճուն։
— Բայց մի՞թե այդ կարմիր-ճիճուն, այդ լպրտուկը... — Այո՛, այո՛, ուրիշ ո՛չ ոք, այլ այդ՝ ըստ երևութին չնչին, տեսքով անճոռնի ու զզուելի ճիճուն, որին ամենքն արհամարհում են, որից ամենքը՝ չգիտեմ թէ ինչո՛ւ, զզւում են. և նոյն իսկ ինքներդ ևս մեղք չեք համարում՝ ձկներին հրապուրելու համար ձեր կարթի ծայրին անցկացնել, և շատ անգամ էլ ձեր ոտի տակ ընկած ժամանակ, առանց խղճահարուելու, տրորել ու անցել, մի րոպէ անգամ չմտածելով, որ դուք ձեր այդ անխիղճ արարքով նախ վնասում էք խեղճ երկրագործին՝ սպանելով նրա ամենաընտիր օգնականին, և երկրորդ՝ ձեզ, քանի որ երկրագործի արիւն-քրտինքով մշակած հացն է, որ վայելում էք ամեն օր։
Զ
Աչքի առաջ ունենալով բոլոր վերի ասածները, ես հաւատացած եմ որ դուք այժմ շատ էք հետաքրքրւում գիտենալ, թէ այդ չնչին արարածն ի՞նչպէս կարող է հերկել։
Բայց ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը տալուց առաջ, ես կըփափագէի դեռ ձեզ հարցնել, թէ արդեօք երկիրը հերկել կամ հողը վարել ասելով ի՞նչ էք հասկանում, և թե ինչու համար են հերկում երկիրը...
— Չգիտէ՞ք... Բան չկայ. ուրեմն լսեցէք, ես ասեմ թե ինչո՛ւ.
— Երկիրը հերկում են, որպէսզի հողը փափկի ու փխրուն դառնայ և նրա վերին ու ներքին շերտերն իրար խառնուեն. որովհետև այդ տեսակ խառնխտուած, փափուկ ու փխրուն հողի մէջ աւելի հեշտութեամբ է ծծում ջուրը և օդն աւելի լաւ է թափանցում։ Իսկ դուք էլ գիտեք, որ օդն ու ջուրը ամենաանհրաժեշտ և ամենակարևոր բաներն են ինչպէս ամենքի ու ամեն բանի համար, այնպես էլ սերմերի համար. առանց օդ ու ջրի սերմերը ոչ կծլեն, ոչ կըծաղկեն և ոչ էլ մեր ցանկացած պտուղը կտան։
— Ուրեմն երկիրը նրա համար են հերկում, որ հողը իրար խառնխտուելով փափկի ու փխրունանայ, որպեսզի առատ բերք տայ:
— Այո՛, հէնց դրա համար։
— Բայց չէ՞ որ երկիրը հերկելու համար գութան կամ արօր է հարկաւոր։
— Ի հարկէ. բայց հօ ճիճուի խելքն այնքան չի կտրում, որ իւր համար գութան կամ արօր շինի. և նոյն իսկ եթէ խելքը հասնէր էլ այդ բանին, առանց ոտ ու ձեռն ունենալու ինչպէս պիտի շինէր այդ գործիքնները և ինչպէս գործադրէր։ Բայց հետաքրքիրը և էլ հէնց այդ է որ՝ չնայելով մեր չափազանց մեծութեանը համեմատելով մեզ ճիճուի հետ, մենք առանց գութան-արօրի չենք կարողանում ե օ լա-գնալ, այն ինչ այդ չնչին արարածը եօ լա է գնում ո՛չ միայն առանց գութան-արօրի, այլև առանց ոտ ու ձեռի։
Ճշմարիտ է ասած, թէ կարիքը մարդուս հնարագէտ է դարձնում: Ճիճուների ամբողջ կազմուածը շատ պարզ լինելով, նրանք շատ հասարակ կերպով են վարւում նաև. այս դէպքում. իսկ թէ ի՞նչպէս, այդ ձեզ մասամբ յայտնի է վերևի պատմածից:
Կարմիր-ճիճուները երբ կամենում են իրանց համար բուն շինել, նրանք՝ ինչպէս տեսաք, սկսում են ամենայն եռանդով հող կուլ տալ, որ մարսելով՝ միջի սննդարար մասերը իւրացնում են, իսկ անպէտք մնացորդը դուրս բերում երկրի երեսը և այդտեղ իրար վրայ դարսոտում, որ յետոյ շաղ է անցնում, այսինքն ցրիւ է գալիս։ Ահա՛ այդպիսով երկրի ներքին շերտը խառնւում է վերին շերտի հետ: Այս էլ կայ որ նրանց աղիքներով անցկացած հողը շատ է մանրւում և փխրունանում, որով աւելանում է նաև հողի աճեցողութիւնը: Բայց դեռ այդ բոլոր չէ:
Կարմիր-ճիճուներն ուտելով վայր թափուած տերևները, մարսում են և փոխարէնն իրանցից արտաթորում բոլորովին պատրաստի և ամենաբերրի սևահող, սրի վրայ շատ լաւ են աճում ամեն տեսակ բոյսեր և մանաւանդ հացահատիկներ ցորեն, գարի, հաճար և այլն:
Դիտուած է որ ինչ տեղ շատ կայ կարմիր-ճիճու, այնտեղ հողը միշտ բերրի ու առատաբեր է լինում, եթէ որ բնական պատահար երաշտութիւն, կարկուտ, մորեխ և այլն չի պատահում:
Ամեն տեսակ հող՝ նախ քան արգաւանդ, այսինքն բերրի դառնալը և բուսականութեամբ ծածկուիլը, ոչ թէ մի կամ երկու, այլ շատ և շատ անգամ է մտնում ճիճուների ստամոքսը և աղիքների միջով անցնելով դուրս գալիս:
Ի հարկէ թէ զարմանալի է և թէ անհաւատալի, որ ճիճուի պէս փոքրիկ, շնչին կենդանին կարողանայ այդպէս օգտակար գործ կատարելով մարդկանց մեծ ծառայութիւն մատուցանել. բայց այս կայ, որ երկրի մէջ գտնուած կարմիր-ճիճուների թիւն այնքան մեծ է, որ կարծէք ստորերկրեայ մի զօրաբանակ լինի։
Դաշտի իւրաքանչիւր քառակուսի արշին տեղի վրայ բնակւում են քչիցը երեք հատ ճիճու. այգում երկու անգամ աւելի է դաշտում եղածից։ Մի դեսեատին (2400 ք. ս. կամ մօտ 1¼ օրավար) դաշտի վրայ ապրում են մօտաւորապէս 75-հազար ճիճու, որոնք մի տարուան ընթացքում ամեն մի դեսեատին դաշտի վրայ հազար փթից աւելի հող են դուրս ձգում, որ իւրաքանչիւր քառակուսի արշին տեղին երկու գրվանքայ է գալիս։
Դարվինը հաշուել ու իմացել է որ կարմիր-ճիճուների արտաթորութիւններից ամեն հինգ տարում մի բթաչավ (դիւիմ) հաստութիւն ունեցող հողի շերտ է գոյանում երկրի վրայ, որ չորանալուց յետոյ հիանալի սևահող, այսինքն՝ լաւ վարելահող է դառնում։
Մի դարում կամ 100 տարուան ընթացքում ճիճուների արտաթորութիւններից կազմւում է արգաւանդ հողի մի շերտ, որի հաստութիւնը հաւասար է երեք քառորդ արշինի։ — Բայց ճիճուները ո՞րտեղից են վերցնում այդ արգաւանդ հողը, որ նրանք դուրս են բերում երկրի երեսը:
— Էլի միևնոյն հողից, որ ասել է թէ նրանք հողի քանակութիւնը չեն աւելացնում, այլ միայն նրա վերին ու ներքին շերտերն են իրար խառնխտում, որ նոյն է թէ հերկում են, այսինքն փափկացնում ու փխրունացնում են հողը:
Է
Ասացինք որ կարմիր-ճիճուների արտաթորութեան միջոցով ամեն հինգ տարէնը մէկ անգամ ներքևից վերև բերուած հողի հաստութիւնը հաւասար է մի բթաչափի (դիւիմ)։ Այդ նշանակում է հարիւր տարուան ընթացքում այնքան հող է կրւում ներքևից վերև, որ երկրի ամենաստորին շերտերը խառնխտւում են ամենավերին շերտերի հետ. ասել է թէ 100 տարուան ընթացքում կարմիր-ճիճուները շատ և շատ անգամ են երկիրը հերկում ճիշտ այնպէս, ինչպէս որ գութանով մենք կարող ենք հերկել միայն մի անգամ, եթէ որ հնար լինէր գութանով պատառել հողի կուրծքը երեք քառորդ արշինաչափ խորը։ Բայց ընդհանրապԷս գութանը մտնում է հողի մԷջ ընդամենը մի քառորդ արշին և կամ դրանից մի քիչ աւելի: Այդպիսի հաստութեամբ հողի մի շերտ կարմիր-ճիճուները կարող են հերկել 34 տարուան ընթացքում:
Իսկ այդ բաները շատ պարզ ապացոյց են, թէ գլխաւոր հերկողը—գետինը վարողը ոչ թէ երկրագործն է, այլ այն չնչին արարած կարմիր-ճիճուները, որրնց անարդարացի կերպով, կամ աւելի ուղիղն ասած՝ մի թիւրիմացութեամբ սխալ հասկացողութեամբ ամենքդ էլ արհամարհում էր։
Ես ուղիղ որ՝ աշխատասէր երկրագործը իւր գութան-արօրով երբէք չէր կարող ասնել այնպիսի խորութեան, որին հասնում են կարմիր-ճիճուները, թէպէտև վերջինների համար անհրաժեշտ է ամբողջ դարեր աշխատել անդադրում:
Դրանից էլ այն է դուրս գալիս, որ եթէ հարկաւոր լինէր 34 տարէնը մէկ անգամ ցանել, սպա ուրեմն երկրագործը կարող էր հողը չհերկել, այլ ամենայն վստահութեամբ իւր յոյսը դնել կարմիր-ճիճուների վրայ: Հետևապէս եթէ արդարութեամբ դատէք, կխոստովանուէք, որ ճիճուների նման փոքրիկ արարածների համար այդ էլ շատ և շատ է, և որ բոլորովին ի զուր և անարդարացի կերպով արհամարհուած այդ չնչին կենդանիները՝ դատարկ, անմիտ ու աննպատակ բաների վրայ չեն գործ դնում իրանց ժամանակը, ինչպէս որ մարդկանցից շատերը։
Ի հարկէ դուք ամենևին չէիք էլ երևակայում, որ կարմիր-ճիճուներն այդպէս լաւ նեցուկ, այսինքն ընտիր օգնականներ են երկրագործին։
Սակայն բացի վերև ասածներից էլի շատ զարմանալի բաներ կարելի է պատմել կարմիր-ճիճուների կատարած գործերից։
Օրինակի համար տարէք մի քար դրէք արօտի համար որոշուած մի մարգագետնի վրայ և թողէք մնայ այնտեղ, միայն թէ դրած տեղը միտներդ պահեցէք որ չմոռանաք։
Եթէ դուք մի քանի տարուց յետոյ գնաք նոյն տեղը, ձեր դրած քարը չէք գտնիլ, որ քիչ զարմանք չի պատճառիլ ձեզ, քանի որ քարը ոչ թևեր ունէր որ թռչէր և ոչ ոտներ որ փախչէր, ուրեմն ուր կարող էր կորչել: Բայց գուցէ դուք աւելի զարմանաք, եթէ ասեմ որ ձեր դրած քարը ո՛չ թռել է և ո՛չ փախել, այլ մտել է հողի մէջ, կամ աւելի ճիշտն ասած՝ կարմիր-ճիճուները նրան թաղել են հողի տակ. իսկ քարը դրած տեղի վրայ միայն մի փոքրիկ թմբիկ է գոյացել, որ ծածկուած է սիրուն կանանչ խոտով։
— Կարմիր-ճիճուներն ինչպէս կարող էին քարը թաղել հողի տակ, որ կարելի է իրանցից շատ էլ շատ ծանր է։
— Այդ հարցի պատասխանը Դարվինն արդէն տուել է։ Ահա՛ թե ինչ է ասում նա այդ մասին.
«Եթե որ անհարթ ձևի մի քար ձգուի գետնին, նա կըյենուի երկրի մակերևոյթի վրայ անպատճառ, իւր աչքի ընկնող մասերով։ Մի կարճ ժամանակամիջոցից յետոյ կարմիր-ճիճուներն իրանց արտաթորութեամբ կլքցնեն քարի ներքին մակերևոյթի բոլոր դատարկ տեղերը—փոսիկները, որովհետև ճիճուները շատ են սիրում քարի պաշտպանութեան տակ ապրել։ Երբ այդ փոսիկները լքցւում են, այնուհետև ճիճուներն սկսում են իրանց կուլ տուածա—կլանած հողն արտաթորել նաև քարի սահմաններից դուրս. ահա այդպիսով քարի շրջապատի, այսինքն չորս կողմի տարածութիւնը, հետզհետէ սկսում է բարձրանլ: Եւ որովհետև ճիճուների բներն ուղակի քարի տակին են,ուստի ժամանակի ընթացքում հողը վայր է նստում—խոր է գնում, որից և քարը նոյն չափով խոր է գնում,այսինքն նոյնպէս վայր է նստում»:
Դարվինի այդ ասածներից կարծեմ հասկանալի է, թէ վերջն ի՞նչ պիտի լինի:
Քարը իւրաքանչիւր տարի հետզհետէ քիչ-քիչ վայր նստելով, աւելի և աւելի խոր կ՚երթայ, իսկ վերևից և կողքերից կըծածկուի ճիճունների արտաթորութեամբ, որից և՝ մի որոշեալ ժամանակամիջոցից յետոյ, կըկազմակերպի այն բերի հողի թմբիկը,ուր քարն էր դրուած:
Կարմիր-ճիճուները՝ բացի քարից, ճիշտ այդ միևնոյն կերպով են վարւում նաև ամեն տեսակ մեծ ու փոքր առարկաների հետ, որ ընկած են լինում երեսին։ Գետինը պեղելիս—փորելիս շատ է գտնւում քարեղեն գործիքներ, այն է՝ քարեայ կացիններ, նետերի ծայրեր և այլն։ Այդ գիւտերից շատերն ով գիտէ թե մեզանից քանի հազար տարի առաջ ապրած մարդկանց թողած բաներ են, որ ճիճուները՝ իրանց բնածին սովորութեամբ թաղել են գետնի մէջ, որպես մեր նախնիքներից մնացած յիշատակ յետնորդներիս, այսինքն մեզ։
Դուք ամենքդ էլ գուցե նկատած լինեք, թէ ինչպես շուտ վայր են նստում ու գետնին հաւասարւում գերեզմանաքարերը և յաճախ էլ բոլորովին ծածկւում ու անյայտանում։ Փորձի համար եթէ մի այդպիսի քար հանեք գետնից, իսկոյն կիմանաք, թե ո՛վքեր են եղել այդ քարի անյայտանալու պատճառը։
— Չլինի՞ թե էլի կարմիր-ճիճուները:
— Այո՛, էլի նրանք։ Այդպես թաղուած քարը երբեմն ծածկուելով հողի շերտով, վրան սիրուն խոտ ու ծաղիկներ են բսնում, այնպես որ շատ անգամ դժուարանում ենք մեր սիրելի հանգուցեալների գերեզմանները գտնել։ Բայց դեռ այդ այնքան էլ ոչինչ, որ կարմիր-ճիճուները հողը փորելով ու հետզհետէ վայր նոտեցնելով թաղում են գերեզմանաքարեր, կացիններ, նետեր ու զանազան մանր-մունր բաներ, այլ նրանք կարողանում են գետնի մէջ թաղել ու անյայտացնել մինչև, անգամ ամբողջ շինութիւններ։
— Ամբողջ շինութիւննե՜ր:
— Այո՛, ամբողջ շինութիւններ... Իրաւ որ զարմանալու է։ Եւ ահա՛ թէ ինչ է պատմում Դարվինը կարմիր-ճիճուների կատարած այդ տեսակ քաջագործութիւնների մասին.
— 1876 թուականի աշնան վերջերին էր. մի հին դաստակերտի—սիրուն շէնքերով կալուածքի գաւթում պեղումներ կատարելիս, այսինքն գետինը փորփրելիս աշխատող բանուորների բահերի ու թիերի տակից հետզհետէ սկսեցին զանազան առարկաներ երևան գալ։ Այդ գիւտերը շարժելով կալուածատիրոջ հետաքրքրութիւնը, ուստի նա հրամայեց այդ տեղին մօտիկ գտնուած և դեռ ևս չվարած տափի մէջ մի մեծ ջրանցք փորել։ Այդտեղ էլ բանուորները բետօնի[3] շերտի են հանդիպել որ տեղ տեղ ծածկուած է եղել փոքրիկ ու կարմիր կղմինտրներով և երկու կողմից սահմանափակուած կիսափուլ աւերակ պտերով։
Հաստատ է որ, խօսքը շարունակում է Դարվինը, այդ գտնուած շինութիւնը մի վիլլայի, այսինքն ամարանոցի ընդունարանի մէկ մասն է, որ կառուցել են մեզանից 1500 տարի առաջ այդտեղ ապրող հռոմայեցիները։ Պեղումը շարունակելով՝ դարձեալ երևան են եկել մի երկու-երեք սենեակի պատեր, բազմաթիւ ամանեղէն ու զանազան առարկաների բեկորներ—կտորներ, ինչպէս նաև Հռոմայեցոց կայսրների ժամանակուան կտրած դրամներ, և այլն, և այլն: Այդ դրամների վրայ փորագրուած թուականներից հաստատապէս կարելի է ենթադրել, որ գտնուած շինութիւնը երկար տարիներ անբնակ է եղել, և հաւանական է թէ վերջնականապէս աւերուել ու աչքաթող է արուել մեզանից 1400 կամ 1500 տարի առաջ։
Կամենալով իմանալ ահագին շինութեան խորհրդաւոր կերպով անյայտանալու պատճառը սկսել են ուշագրութեամբ հետազօտել այդ շէնքի յատակը և գտել են կարմիր-ճիճուների անթիւ ու անհամար բներ, որոնց բնակիչները կղմինտրների տակից սկսել են դուրս հանել իրանց գլուխները. ասես թէ մեր այդ հետաքրքրական հնախոյզները այդ կերպով կամեցել են իրանց զարմանքն արտահայտել, որ մարդիկ՝ իրանց խաղաղ ճանապարհով ընթացող կեանքի դէմ խոչընդոտներ են հանում:
Կամ շատ կարելի է այդ ձևով նրանք ուղղակի բողոքելիս են եղել, որ չար մարդիկ՝ այս կամ այն նպատակի համար խանգարում են իրանց կանոնաւոր ընթացող կեանքը: Երևի կարմիր-ճիճուները ևս իրանց չնչին տեղովը հասկանում են, որ ամեն մի անարդարութեան դէմ անհրաժեշտ է բողոքել:
Այդպէս ուրեմն՝ մենք տեսանք, թէ ի՛նչ հրաշքներ են գործում այդ չնչին համարուած կարմիր-ճիճուները, որոնք իրանց համար ահագին դահլիճներ են կառուցանում, փոքրիկ քարերով էլ սալայատակում, նախասենակներ շինում, տան պատերը սիրուն սուաղելուց յետոյ վրան պաստառներ կպցնում, և առանց ծուլութեան, անդադրում աշխատելով էլ փորում են հողը և զանազան մեծութեան առարկաներ անյայտացնում, նոյն իսկ ամբողջ շինութիւննեը թաղում գետնի մէջ։ Իսկ այդ բոլորն անելով նրանք հիանալի կերպով փխրունացնում են հողը, այսինքն հերկում են գետինը և արգաւանդ ու բերրի դարձնում մեր վարելահողերը, մեր այգիներն ու բանջարանոցները, որոնցից այնքան և այնքան օգուտ ենք ստանում ամենքս էլ։
—Դէ՛ հիմա ճշմարիտն ասացէք, սիրելի ընթերցողներ, կարմիր-ճիճուների մասին վերի բոլոր ասածներն իմանալուց յետոյ արդեօք էլի՞ կ’արհամարհէք նրանց, և չէ՞ք ամաչիլ, չէ՞ք կարմրիլ՝ պարծենալով նրանց մօտ ձեր կատարած այս կամ այն գործով։
Եթէ մինչև այսօր այդպիսի մեծամտութիւն եղել է ձեր կողմից, յուսալի է թէ էլ այսուհետև չի՛ կրկնուիլ, քանի որ դուք ինքներդ տեսաք և համոզուեցիք, թէ ինչ ու ինչ գործերի են ընդունակ այդ չնչին համարուած փոքրիկ արարածները, և թէ ինչ հաստատուն և յուսալի նեցուկ ու օգնականներ են մեր աշխատասէր երկրագործներին, որոնք արիւն-քրտինք թափելով մեզ համար հաց են մշակում ամեն տարի։ Բայց միայն այդքանը բաւական չէ ձեր կողմից, այլ դուք պարտաւոր էք ձեր այդ բոլոր գիտեցածները պատմել ու բացատրել նաև չիմացողներին, որպէսզի նրանք ևս դադարեն կարմիր-ճիճուներին արհամարհելուց ու անգթօրէն հալածելուց, որ նրանք ևս սիրեն, քաղցր աչքով նայեն այդ օգտակար կենդանիների վրայ և միշտ էլ բարեկամաբար վարուեն հետները:
- ↑ Տեղ-տեղ դրան ասում են նաև անձրևային-ճիճու և կամ միայն ճիճու, բոտոտ, լպրտուկ, որդն և այլն։ Ծած․ Փոխ․
- ↑ Անատամ մարդու ծամելը կամ ծամծմելը՝լամլամել է ասում:
- ↑ Բետօնը մի խառնուրդ է խճիից—մանր քարերից կամ խոշոր աւազից ու կրից շինած: Հին ժամանակ տների յատակը այդ զանգուածով էին ծածկում փոխանակ սալ-քարերի: