Անիի կործանումը
Ա ՄԱՍՆ
[խմբագրել]Ա
[խմբագրել]ԱՆԽԻՂՃ ՎԱՃԱՌՔ
Քնած էր Անի քաղաքը…
Նորահարսի նման սպիտակ, արծաթագույն մշուշով էր քողարկվել և ընկնելով երազների քաղցր գիրկը` սլացել էր վե՛ր, վեր դեպի երկինք ու ամենի աչքից թաքնվել: Ախուրյան գետն էր միայն, որ օձի նման գալարվելով քերում էր Անիի ստորոտները և յուր պղտոր, ուռճացած ալիքներով զարկվելով դուրս ցցված ժայռի կտորներին, փրփրում, կատաղում, ինքն իրեն շփոթվում էր և ապա, գլուխն առնելով, կորչում հեռո՜ւ…
Բայց ժամանակը անցնում էր առաջ, երբ մի բարակ զեփյուռ շշնջալով շոյեց Անիին և գորովագութ մոր նման վեր բարձրացնելով նրա քողը յուր անուշ, մեղմիկ համբույրը դրոշմեց Անիի հազար ու մի եկեղեցիների գմբեթներին ու ինքը, կարծես վախվխելով, փախավ հեռու, դեպի ազատն Մասիս… Այն ժամանակ սիրուն էր Անին: Լուսնի ցուրտ ճառագայթները ընկան նրա աշտարակների բուրջերի, գմբեթների ու պալատների վրա ու նրան տվին դյութական մի սիրուն տեսք: Դյութական մի պատկեր էր ներկայացնում Հայոց թագավորության խնամակալ Վեստ Սարգսի պալատը, որի ստորոտում Ախուրյանը շառաչում էր, փոթորկվում, զարկվում, որպեսզի դուրս պոկի հրվանդանի այդ կտորը և հանդարտ ու ազատ հոսի առաջ: Բայց նրա ճիգը ի դերև էր անցնում: Ժայռը, որի վրա կառուցված էր այդ պալատը, խիստ ամուր և անսասան էր: Այդ իսկ ժամանակն էր, որ Վեստ Սարգիս իշխանը, վերջացնելով իր գիշերվա ընթրիքը, բարձրացրեք պատուհանի թանձր վարագույրը և դուրս նայեց: Նա նայեց իր ոտքերի տակ տարածված քաղաքին ու հուզվեց: Ի՞նչը հուզեց նրան` հայտնի չէր: Այդ պահին քաղաքում տիրում էր խոր լռություն. երբեմն միայն լսվում էր պահապանների ոտնաձայները, որոնք չափավոր, բայց դանդաղ քայլերով շրջում էին պարիսպների ու աշտարակների վրա ու հեռուն դիտում: Այդ ժամանակ շինականն ու քաղաքացին, իշխանն ու ազնվականը իրենց անդորր քնի մեջ էին ընկղմված, և ոչինչ բան չէր հուզում նրանց սիրտն ու հոգին. իսկ խաշնարածի հոտերն ու ջոկերը ագահությամբ պոկում էին կանաչ խոտը և երփներանգ ծաղիկները: Գամփռներն անգամ անուշ քնած էին, և նրանց քունն էլ չէր վրդովում ո՛չ հարամին և ո՛չ վայրենի գազանը: Գիշերվա այդ պահին ամեն ինչ խաղաղ էր ու անդորր և այդ խաղաղության իբրև կենդանի վկաներ Անիի 1001 եկեղեցիների գմբեթներն էին, որոնք այնպես գեղեցիկ փայլում էին լուսնի արծաթագույն ճառագայթների տակ…
Վեստ Սարգիս իշխանը այնպես հրապուրվեցավ Անիի դյութիչ, կախարդական տեսարանով, որ նրա աչքերից կայծակներ թռան և լայն բանալով աչքերը կանչեց.
— Հրաշալի՜դ իմ Անի… ո՜հ, ե՞րբ արդյոք դու ինձ պիտի պատկանես, և ե՞րբ արդյոք իմ գլուխը պիտի պսակվի արքայական թագով… Ա՜խ, ես ոչինչ չեմ խնայի, ոչի՛նչ, միայն թե իղձերս կատարվին և գոռոզ Անին իմ հրամանով միայն շարժվի… Գա՛հը… բայց ո՞վ կարժանացնի ինձ այդ գահին ու թագին: Գագիկը` իսկական ժառանգը, կենդանի է, իսկ նրա պաշտպան Վահրամ Պահլավունի իշխանը` արթուն: Մի՞թե թույլ կտան ինձ այդ բանը գլուխ բերելու…
Վեստ Սարգիսը լռեց և ընկավ մտածմունքի մեջ:
Վրդովալից էր նրա մտածմունքը: Վրեժխնդրության և բարկության կայծակներ էին թռչում նրա աչքերից, իսկ նրա խրոխտ դեմքը երբեմն գունատվում էր, երբեմն` այլայլվում, իսկ երբեմն` դառն հուսահատվում… Ո՞ւմ դեմ էր նա բարկանում կամ ո՞ւմ հետ ժպտում, — հայտնի չէր. միայն թե այդ Ժամանակ նրա գլխով անցնում էին փոթորիկներ, ավելի զարհուրելի, քան օվկյանի ահեղ ալեկոծությունը, որոնք հառաչելով զարկվում էին իրար, փշրվում, ետ նահանջում ու տեղի տալիս անդորր խաղաղության:
Հանկարծ Վեստ Սարգիսը ցնցվեց և յուր լայն բացած աչքերը հառեց դեպի Անիի մի փողոցը, ուր մի սև կետ էր երևում: Այդ սև կետը շտապ դեպի յուր պալատն էր ընթանում:
— Այս ի՞նչ բան է, — մռմռաց Վեստ Սարգիսը, — արդեն կես գիշեր է և փողոցում կրկին մարդ է երևում: Այստեղ անպատճառ մի բան կա:
Սև կետը, հետզհետե մոտենալով պալատին, կանգ առավ և շփոթված սկսեց աջ ու ձախ նայել:
Դռան մոտ կանգնած պահապանը նրա առաջը կտրեց ու խրոխտ ձայնով հարցրեց.
— Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում:
— Ցանկանում եմ իշխանին տեսնել, — պատասխանեց նա հազիվ լսելի ձայնով:
— Բայց այս մեջ գիշերի՞ն…
— Այո՛, խիստ կարևոր գործ ունիմ նրան հայտնելու:
— Սպասի՛ր ուրեմն, — ասաց պահապանը և երեք անգամ զարկեց դռան կոչնակը:
Վեստ Սարգիսը շատ զարմացավ այդ անակնկալ հյուրի համար և հրամայեց ընդունել նրան:
— Տեսնենք ի՞նչ է ուզում ինձանից անակնկալ այցելուն, — ասաց ու ներս մտնելով սկսեց անհամբերությամբ անց ու դարձ անել սենյակում:
Մի քանի րոպեից հետո ներս մտավ գիշերային այցելուն և շփոթված կանգ առավ դռների մոտ:
Վեստ Սարգիսը սուր, թափանցող հայացքը ձգեց նրա վրա ու զարմացավ:
Իր առջև կանգնած էր միջին հասակով մի մարդ քահանայական զգեստով:
Նրա դեմքը գունատ էր ու այլայլված. կարծես նա հենց նոր մի ոճիր էր գործել:
— Նստեցե՛ք, տեր-հայր, ինչպես երևում է դուք շատ հոգնած եք, — ասաց իշխանը:
Քահանան նստեց առաջարկած գահավորակին: Նա աշխատում էր հանգիստ երևալ, բայց սրտի բաբախյունը թույլ չէր տալիս: Նա դեռ լուռ էր և ոչ մի բառ չէր կարողանում արտասանել:
Վեստ Սարգիսը խոր զննում էր նրան և մտածում: Այցելուի դեմքը ծանոթ էր իրեն, նա տեսել էր այդ քահանային, բայց թե ո՞րտեղ` չէր կարողանում մտաբերել:
— Իշխա՛ն, — վերջապես ասաց քահանան և երկյուղով աջ ու ձախ նայեց, — ես մի կարևոր բան պիտի հաղորդեմ քեզ, սակայն այդ բանը խոր գաղտնիք պիտի մնա իմ և քո մեջ:
Վեստ Սարգսի աչքերը մի տեսակ փայլ ստացան, նրա հոգին գուշակում էր, որ այդ իսկ րոպեին նա պիտի մի զարհուրելի լուր լսի:
— Կարող ես վստահ լինել, տե՛ր հայր, — ասաց Վեստ Սարգիսը:
— Բայց մեզ ոչ ոք չի՞ լսի:
— Ո՛չ ոք: Զգուշության համար ես կփակեմ բոլոր դռները և կիջեցնեմ վարագույրները, — ասաց իշխանը և, վեր կենալով տեղից, փակեց դռները և իջեցրեց թանձր վարագույրները:
Նրանք մնացին միայնակ ճրագի աղուտ լուսավորության տակ: Իշխանը նստեց քահանայի կողքին և լուռ նրան էր նայում, իսկ քահանան դեռ լուռ դիտում էր սենյակի թանկագին զարդարանքները, որ հունական ճաշակով էր զարդարված:
— Խոսի՛ր, ես պատրաստ եմ քեզ լսելու, — ասաց խորհրդավոր ձայնով իշխանը:
— Իշխա՛ն, երդվիր Անիի 1001 եկեղեցիների վրա, որ այս բանը մեր մեջ գաղտնիք կմնա, — պատասխանեց քահանան:
— Երդվում եմ:
— Լսիր ուրեմն, — ասաց քահանան այնքան ցածր ձայնով, որ հազիվ լսվում էր: — Դու ինձ պետք է որ տեսած լինես և ճանաչես: Ես Կիրակոս քահանան եմ, կաթողիկոսի դռան հյուրընկալը:
— Ա՜… հիշում եմ, ես տեսել եմ քեզ:
— Չորս տարի է, ես հեռացած էի հայրենիքից և մի քանի ամիս է ինչ վերադարձել եմ:
— Բայց ո՞ւր էիր գնացել:
— Կոստանդնուպոլիս, Հոռոմոց թագավորի մոտ:
— Հոռոմոց թագավորի՞… բայց ի՞նչ էիր շինում այնտեղ, — հարցրեց Վեստ Սարգիսը զարմացած և իր աչքերը հառեց Կիրակոս քահանայի վրա:
— Ես գնացել էի բոլորովին մասնավոր գործով, երբ բախտը ինձ մի այնպիսի բանի հանդիպեցրեց, որ տակնուվրա պիտի անի իմ կյանքը, եթե դու չօգնես ինձ:
— Ասա, ես պատրաստ եմ օգնել քեզ, եթե կարողանամ:
— Օ՜, միայն քեզ ճանաչեցի այդ գործին հարմար, որովհետև քո մասին Հունաստանի մայրաքաղաքում լավ լուրեր են պտտվում:
— Ինչպե՞ս:
— Նրանք գովում են քեզ և իրենց մարդը համարում, իսկ ինձ էլ այդ տեսակ մի մարդ էր պետք:
— Ի՞նչպես, վերջապես ասա՛ և համբերությունից մի հանիր ինձ:
— Շտապել պետք չէ, իշխա՛ն, ես քեզ այս րոպեիս մի այնպիսի գաղտնիք պիտի հայտնեմ, որից դու կսարսափես:
— Զարմանալի մարդ ես, տերտե՛ր, ասա՛ վերջապես գաղտնիքը:
— Լսի՛ր, քեզ հայտնի է, որ մեր Հովհաննես-Սմբատ թագավորը Պետրոս կաթողիկոսի ձեռքով Անին յուր շրջակայքով իր մահվանից հետո հանձնում է հույներին: Հետևապես, նրա տված այդ թղթի զորությամբ Անին յուր շրջակայքով պատկանում է հույներին, բայց…
— Բայց… — շարունակեց Վեստ Սարգիսը, որ այրվում էր անհամբերությունից:
— Բայց հույները այդ չեն պահանջում, որովհետև Անին յուր շրջակայքով…
— Ի՞նչ…
— Ինձ է պատկանում, — ասաց Կիրակոս քահանան և շեշտակի նայեց ուղիղ իշխանի աչքերին:
— Ինչպե՞ս, — խուլ ձայնով հարցրեց Վեստ Սարգիսը և շանթահարի նման վեր թռավ տեղից և, աչքերը հառելով քահանայի երեսին, ուզում էր կարդալ նրա աչքերի մեջ, թե այդ քահանան հո չի խելագարվել:
— Հանդա՜րտ, իշխա՛ն, հանդա՜րտ, ես խելագարված չեմ:
— Պարզիր միտքդ, տե՛ր հայր, ես դեռ չեմ հասկանում, թե ինչպես է, որ Անին քոնն է:
— Շատ պարզ: Այն թուղթը, որով հանձնում էր Հովհաննես թագավորը Անին և յուր շրջակայքը հույներին… ինձ մոտ է:
— Ո՞ւր է, ո՞ւր է այդ թուղթը, ցույց տուր ինձ, — համարյա գոռաց Վեստ Սարգիսը և խելագարի նման վեր թռչելով տեղից նախ շուրջը նայեց, ապա ձեռքը տարավ դեպի յուր սրի երախակալը: Նրա գլխում մի չար միտք ծնվեց` սպանել Կիրակոս քահանային և տիրանալ այդ թանկագին թղթին, բայց զսպեց իրեն, երբ նկատեց, որ քահանայի փարաջայի տակ նույնպես մի սուր փայլեց:
— Հանդարտ, իշխա՛ն, մեր աղմուկը կարող են լսել և զուր կասկածի տակ ձգել:
Վեստ Սարգիսը զինաթափ եղավ և ավելի մեղմ հարցրեց.
— Պատմի՛ր, տե՛ր հայր, թե ինչպես այդ թուղթը քո ձեռքն ընկավ:
— Ես մայրաքաղաքումն էի, երբ Կոնստանդին թագավորը իր մահվան ժամանակ կանչեց ինձ յուր մոտ և տալով ինձ այդ թուղթը` ասաց. «Տա՛ր, հայ քահանա, այս թուղթը տուր քո թագավորին և ասա նրան իմ կողմից, թե ինչպես ամեն մահկանացու, ես էլ հավիտենականության շեմքի վրա եմ կանգնած և չեմ կամենում ուրիշի սեփականությունը հափշտակել, թող ուրեմն ետ առնե իր թագավորությունը և յուր որդոցը տա» (1029 թ.): Կոնստանդին թագավորը մեռավ, և ես այդ թուղթը ինձ մոտ պահեցի մինչև այսօր: Այժմ քո խորհրդին եմ դիմում, թե ինչպես վարվեմ այդ թղթի հետ, որ կարող է մեծ ապահովություն տալ ինձ, ես կրկի՞ն այն վաճառեմ հունաց նոր կայսեր վրա, թե հանձնեմ մեր թագավորին:
— Վաճառե՞լ… Անին վաճառե՞լ, — բացականչեց Վեստ Սարգիսը խորին մտմտանքով և ապա, մի վայրկյան լուռ մնալուց հետո, շարունակեց.
— Իսկ ո՞ւր է թուղթը, այժմ մո՞տդ է:
— Ո՛չ, նա պահված է ապահով տեղ:
Տիրեց լռություն: Երկուսն էլ մտածում էին, երկուսն էլ մտքով սլանում էին փառքի ու հարստության ետևից և այն` փարթամ Անիի փրկանքով, հայրենիքի վաճառքի գնով…
— Այո, ես համաձայն եմ, — վերջապես ասաց Վեստ Սարգիսը, — այդ բանը կնպաստե նպատակիս հասնելուն, և ես ու դու ապահով կլինենք:
— Ուրեմն դու էլ համաձա՞յն ես ինձ հետ, որ Անին վաճառվի մեր հանգստության ու փառքի համար, — հարցրեց վերստին Կիրակոս քահանան և նրա սրտից ծանր բեռն իջավ, երբ լսեց Վեստ Սարգսի դրական պատասխանը:
Կիրակոս քահանան գտել էր յուր համախոհին: Մենակ ծանր էր կատարել այդ վատթար վաճառքը:
— Համաձայն եմ, և վաղն ևեթ դու պիտի գնաս Կ. Պոլիս, հունաց նոր կայսեր` Միխայելի մոտ և հանձնես այդ թուղթը նրան: Նրանք մեծ փրկանք կտան այդ թղթին և
դրանով մեր ճանապարհը կհարթվի: Ես կտամ այդ մասին հարկավոր նամակներ:
— Ապրի՛ս, իշխան, ես չեմ սխալվել իմ ընտրության մեջ, — պատասխանեց Կիրակոս քահանան ոգևորությամբ:
Այնուհետև երկար խոսեցին երկու այդ անարժան մարդիկ` հոգևորական և աշխարհական և բաժանվեցին իրարից այն ժամանակ միայն, երբ Անին ուզում էր նոր զարթնել յուր անուշ քնից:
Կիրակոս քահանան աննկատելի կերպով դուրս եկավ Վեստ Սարգսի պալատից և կորավ Անիի փողոցների մեջ…
Բ
[խմբագրել]ԽԵՆԹԸ
Անին զարթնում էր…
Բարձրադիր կաթողիկեները թոթափում էին իրենց գիշերային մթության քողը և հպարտությամբ վեր պարզելով իրենց ճակատը, սպասում էին ողջունելու առավոտվա անդրանիկ ճառագայթներին:
Հազար ու մի եկեղեցիներից արդեն դղրդում էր առավոտվա «երրորդի» ձայնը, իսկ Անիի շրջականերից` ոչխարների մայունը, կովերի բառաչյունը, ձիերի խրխնջոցը և հովիվների սրնգի ու երգի ձայները, որոնք միախառնվելով եկեղեցիների զանգերի ձայներին, մարդկային հոգին լցնում էին մի տեսակ կենդանությամբ, մի առանձին աշխուժությամբ, որից հետո ամեն մարդ լիառատ շրթունքով աղոթք էր մրմնջում և համբուրելով եկեղեցու դռները` գնում իր գործին: Փողոցները կամաց-կամաց լցվում էին մարդկանցով: Կյանքը սկսում էր եռ գալ, իսկ եկեղեցիների մեջ սկսվում էր քաղցրանվագ «ալելուն»: Իշխանն ու զինվորը, ծերն ու երիտասարդը, կինն ու երեխան եկեղեցիներում ծնկաչոք աղոթում էին և գոհություն մատուցում տիրոջը, իսկ հետո սկսվում էր տնեցիների առօրյա կյանքը, ծխնելույզներից բարձրանում էր ծուխը, մատաղահաս աղջիկները կուժը ուսներին դեպի աղբյուրներն ու Ախուրյանն էին շտապում, դարբինը փչում էր յուր փուքսը և երկաթը շիկացնում, վաճառականը յուր առևտուրն էր սկսում, զինվորը` յուր զինվորական վարժությունը, իսկ մանրիկ երեխաները, փոքրիկ աղջիկներն ու տղաները լցվում էին իրենց դռների առաջ` փողոցներում ու սկսում իրենց մանկական զվարթ խաղերը:
Մի խումբ բոկոտն տղաներ խաղում էին փողոցի մեջ, երբ նրանցից մեկը, ուշադրությունը դեպի փողողի ծայրը դարձնելով, կանչեց.
— Խե՛նթը, Խե՛նթը գալիս է:
Մանուկները մի վայրկյանում դադարեցրին իրենց ուրախ գոռում-գոչյունը և սլացան դեպի փողոցի ծայրը, ուր երևաց Խենթը մի խումբ մանուկներով շրջապատված:
Խենթը միջին հասակի մի մարդ էր` մազերը գզգզված, երկար մորուսը անկանոն թափթփված, շորերը պատառոտուն և բոկոտն: Նա ձեռքին մի երկար, ծուռումուռ փայտ ուներ, վրա երբեմն-երբեմն հենվում էր ու կատաղությամբ, լի աչքերը դարձնում շուրջը, ուշադրությամբ դիտում ամեն անցորդի, կանգ առնում, խոսում ու խոսեցնում: Երեխաներից շատերը ծաղր էին անում նրան, քաշում էին նրա պատառոտված հանդերձներից, իսկ մի քանիսը լուռ հետևում էին նրան և երկյուղածությամբ նայում նրա օտարոտի շարժմունքներին: Իսկ հասակավոր մարդիկ, մանավանդ ստոր դասին պատկանողները թե՛ կին և թե՛ մարդ նրան «սրբի կապած» էին անվանում և ամեն հարգանքներ ցույց տալիս: Ո՞վ էր այդ Խենթը, ո՞րտեղացի էր, ո՞րտեղից էր գալիս առավոտները և կամ ո՞ւր էր գնում — ոչ ոքի հայտնի չէր: Բոլոր քաղաքացիք նրան ճանաչում էին Խենթ անվան տակ, որն առավոտները խիստ կանուխ հայտնվում էր Անիի փողոցներում և ուշ գիշերին` չքանում…
Ահա նա, ձեռքի փայտը ճոճելով, անցնում է առաջ դեպի Վեստ Սարգսի պալատը և տեղ-տեղ կանգնելով կանչում.
Ինձ մի հարցնեք` ով եմ ես, Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, Սիրուն ու շեն Անին եմ ես, Վա՛յ ինձ, վա՛յ ինձ…
Կանայք ու հարսները դռների արանքներից նայում էին Խենթին, գլուխները շարժում և զանազան ենթադրություններ անում: Նրանք հավատում էին, որ սրբերն են խոսեցնում Խենթին և թե Անիին մեծ չարիք կա գալու:
Շատ տեղ, ուր կանգ էր առնում Խենթը և յուր «վա՛յ ինձ, վա՜յ ինձ»-ն ասում, կանայք խաչակնքում էին երեսները և Խենթին հաց, պանիր, ձու և այլն առաջարկում. սակայն Խենթը նայում էր նրանց, գլուխը շարժում ու ճոճելով իր փայտը` առաջ գնում:
— Է՜յ, թողե՛ք ինձ, թողե՛ք, հե՜յ, հե՛յ, հե՛յ…
— Աղջի՛, Խաթուն, լսո՞ւմ ես Խենթին, նա էլի մի չարիք է գուշակում Անիի գլխին, ինչպես որ անցած գիշեր գուշակում էր մեր դրկից Մարոն, — դարձավ մի կին իր հարևանուհուն, որ մտամոլոր նայում էր Խենթի ետևից:
— Հա՛, Եղսո ջան, ճիշտ է, աշխարհի վերջը եկել է, ժամանակներս փչացել են, էլ ոչ մեծ կա, ոչ փոքր, աստծո բարկությունը շուտով պիտի իջնի Անիի գլխին, — պատասխանեց նա խոր հոգոց հանելով:
— Իհարկե՛ աստծո բարկությունը պիտի իջնի. Աստված ինչպե՞ս կարող է համբերել այն անզգամություններին, որ մեր ջահելները գործում են: Մի՞տքդ է անցյալ օրվա դեպքը Մայր տաճարում, թե ինչ օյին հանեցին խեղճ հայր սուրբի գլխին: Նրանք հայր սուրբի կարճ հասակի վրա ծիծաղելու համար ահագին գրքակալ էին դրել նրա առաջ, որ խեղճը չկարողանա ավետարան կարդալ ու իրենք վրան խնդան: Հա, լավ խնդացին, նրա անեծքը զուր չի անցնի անեցիների գլխին:
— Թո՛ղ տե՛րը փրկե մեզ, — պատասխանեց Եղսոն և ներս գնաց:
Մինչդեռ երկու հարևանուհիները խոսում էին, Խենթը, Դարբնոցի փողոցից ծռվելով, մտավ Բուն փողոցը, և յուր փայտը շարժելով` կանգ առավ Արքունի պալատի մոտ, ուր ապրում էր այդ ժամանակ Վեստ Սարգիս իշխանը: Նայեց վերև, նայեց ցած ու կարծես հիացավ նրա նուրբ քանդակները և պատերին հագցրած դեղին ու սև քարերից կազմած զարդերը տեսնելով, բայց հանկարծ նրա գույնը նետվեցավ, աչքերը կատաղությամբ լցվեցին և համարյա խեղդվող ձայնով կանչեց.
Ինձ մի հարցնեք` ով եմ ես, Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, Սիրուն ու շեն Անին եմ ես…
ասաց, փայտը ամուր գետին խփեց, մի քանի հիմար ոստյուններ արավ և ապա դիմելով Վեստ Սարգիս իշխանի ծառաներին` գոռաց.
— Ի՞նչ եք կանգնել, Խենթին գինի՛ տվեք, գինի՛…
— Արի՛, Խենթ, արի գինի՛ տանք քեզ, — կանչեցին ծառաները:
— Հո՛, հո՛, հո՛, — ասաց Խենթը, փայտով ետ քշեց երեխաներին և անցնելով սյունազարդ սրահից` մտավ խոհանոց, ուր ծառաները անուշահամ կերակուրներ էին պատրաստում իշխանի համար: Խենթին գինի տվին, նա առնելով գավաթը դատարկեց, մի քանի ծամածռություններ արավ ու ծիծաղեցրեց ծառաներին:
— Խե՛նթ, գինի էլի կուզե՞ս, — հարցնում էին նրանք:
— Տո՛ւր, մի գավաթ էլ, — ասաց նա ու, նորից դատարկելով, սկսեց ավելի խենթություններ անել ու զվարճացնել ծառաներին:
Կարճ ժամանակ անցավ, և Խենթը հանկարծ ձեռքով գլխին խփեց, փայտը դեն շպրտեց և առանց մի խոսք ասելու պառկեց մի անկյունում: Քիչ հետո նրա խռմփոցը լսվեց:
Ծառաները ոչ մի ուշադրություն չդարձրին նրա վրա, նրանք ճանաչում էին Խենթին և այդ առաջին անգամը չէր, որ նա մի երկու գավաթ գինի խմելուց հետո քնում էր խոհանոցում: Նրանք արդեն մոռացան Խենթին և այժմ սկսեցին իրար հետ կատակել ու զրույց անել:
— Կարո՛, գիշերս ո՞վ էր, որ մեր իշխանի մոտ եկավ, — հարցրեց մի ծառա դռնապանին, որ հենց նոր մտավ յուր բաժին կերակուրը ստանալու:
— Չգիտեմ, մի ինչ-որ քահանա էր: Եվ, գիտե՞ս, լույսը բացվում էր, որ հեռացավ: Այդ գիշեր մեր իշխանը քուն չունեցավ:
— Ի՞նչ կար որ: Մի՞թե կարևոր գործ էր:
— Չգիտեմ: Ախոռապանին արդեն հրամայված է չորս ընտիր ձիեր պատրաստել այս գիշերվա համար: Կարծեմ որ այդ քահանային պիտի Հոռոմոց երկիրը ուղեկցեն:
Խենթը, որ ամենևին քնած չէր, այլ դիտմամբ քնած էր Սևանում, մի տեսակ ցնցվեց, երբ այդ խոսքերը լսեց, բայց շուտով զսպեց իրեն, որ ծառաները գլխի չընկնեն ու անուշ քնած ձևացնելով յուր խռմփոցը շարունակեց:
— Զարմանալի՛ բան, մեր իշխանը հոռոմներին շատ է սիրում, միշտ նրանց հետ է գրագրություն անում:
— Հա՛, բայց աստված վերջը բարի անի, — ասաց դռնապանը և դուրս գնաց: Խոսակցությունն ընդհատվեց:
Խենթը մի քանի անգամ դարձավ կրակի վրա խորովվողի նման, ապա հանկարծ վեր թռավ տեղից, վայրենաբար չորս կողմը նայեց և կանչեց.
— Է՜յ, հե՜ յ… ջո՛ւր տվեք ինձ, սիրտս այրվում է, ջո՜ւր… Նրան ջուր տվին. խմեց, փայտը կրկին ձեռքն առավ և, դուրս գալով խոհանոցից, կրկին կանչեց իր հին երգը:
Բայց այս անգամ նրա ձայնը դողում էր ու սրունքները ծալվում էին: Իսկ ուշադրությամբ նայողը կտեսներ, որ նրա աչքերից առատապես թափվում էր արտասուքը և, գլորվելով նրա գզգզված մորուսի վրայով, ընկնում գետին:
Խենթը լալիս էր…
Գ
[խմբագրել]ՓՈԹՈՐԿԻ ՄԻՋՈՎ
Բնության տարերքը կատաղել էր…
Սպառնալից ամպերը կծկվել էին նրա շրջակայքի գլխին ու ամեն ինչ կորցրել խորին, անթափանցելի խավարի մեջ:
Զարհուրելի փոթորիկ էր սկսվում Անիի գլխին, մրրիկը ամենայն կատաղությամբ փչում էր և բուռն ուժով հարձակվելով Անիի պարիսպների վրա` ուզում էր նրանց խորտակել, հիմնահատակ անել, բայց դիմադրության հանդիպելով` ետ էր նահանջում դեպի արձակ ու ազատ դաշտերն ու ձորերը և այնտեղ սկսում յուր հուսահատ ոռնոցը…
Անիի շրջակայքում քամին ոռնում էր ու լալիս, նա լաց լինելով կորչում էր հեռու և անհետանում լեռների մթին խորշերում: Բնության տարերքի այդ արհավիրքի ժամանակ չորս ձիավոր, ոտից գլուխ զինված, մոտեցան Անիի Կարուց դռանը և կանգ առան: Այդ դուռը փակ էր և պահապանը չէր երևում:
— Անիծված պահապանը չէ երևում, ո՞վ պետք է մեզ համար դուռը բանա, — մռմռաց ձիավորներից մեկը:
— Հա, խնդիրն էլ հենց այդ է, թե չէ մեզ պետք չէր նրա թթված դեմքը տեսնել, — պատասխանեց մյուսը:
Նրանք առաջ անցան և սկսեցին դուռը ծեծել: Իսկույն հայտնվեց պահապանը և յուր երկար նիզակի վրա հենված կանչեց.
— Ո՞վ է այնտեղ:
— Բա՛ց դուռը, — կանչեց ձիավորներից մեկը և հանդուգն կերպով ձին առաջ քշեց:
— Սպասեցե՛ք, չի կարելի, նշանաբա՛նը ասացեք:
— Կեցցե՛ Գագիկը, — ասաց ձիավորը:
— Հա՛, այդպես է, անցե՛ք, բայց լավ օր չեք տեսնի այս փոթորկին, — ասաց պահապանը և դուռը բանալով բաց թողեց ձիավորներին Անիի պարիսպներից և քիչ հետո, շռնչյունով նորից փակելով, մռմռաց.
— Զարմանալի մարդիկ կան, որ այս տեսակ փոթորկի ժամանակ էլ հանգիստ չեն մնում և մտածում են ճանապարհ գնալ: Ի՞նչ է, միթե չէին կարող սպասել, որ առավոտը բացվի:
Մինչդեռ պահապանը փակում էր դուռը և ինքն իրեն մռմռում, ձիավորները շտապով սլանում էին դեպի Կարին տանող ճանապարհը:
— Աստվա՛ծ վկա, լավ ժամանակ ընտրեցինք: Մեզ ոչ ոք չի նկատի, — ասաց ձիավորներից մեկը:
— Այո՛, լավ ժամանակ ընտրեցինք, բայց մրրիկի ձեռքից չենք ազատվելու, տեսնո՞ւմ ես, թե ինչպես է փչում, կարող է մեզ ձորը ձգել կամ ժայռից ցած գլորել, — պատասխանեց մյուսը:
— Չէ՛, քամին ոչինչ չի կարող անել, եթե դևերը մեզ չմոլորեցնեն,— սրախոսեց մյուսը:
— Դևերն այստեղ գործ չունեն, — մռմռաց մյուսը և վախեցած ձեռքը դեպի ծոցը տարավ, ուր շոշափեց մի թուղթ: Նա կարծես վախենում էր, որ դևերը հափշտակեն այդ թանկագին թուղթը, որի բովանդակության հետ միայն ինքն էր ծանոթ:
Ձիավորները լռելյայն առաջ էին գնում: Մրրիկը հետզհետե կատաղում էր, և հեռվից արդեն լսելի էր լինում որոտման խուլ դղրդյունը, քիչ հետո պիտի սկսվեր հեղեղը: Եվ, հիրավի, գիշերային ճանապարհորդները դեռ մի քանի մղոն չէին հեռացել, երբ առաջին փայլակը, դողդողալով, մի վայրկյան միայն լուսավորեց շրջակայքը, ապա, հանգչելով, կրկին խորին խավարի մեջ ընկղմեց այն:
Այդ ժամանակ առաջ գնացող ձիավորը հանկարծ քաշեց ձիու սանձը և կանգնեցրեց երիվարը:
— Ի՞նչ կա, տե՛ր հայր, ինչու՞ ձին կանգնեցրիք, — հարցրին մյուս ձիավորները` շրջապատելով առաջ գնացող ձիավորին, որը մեզ ծանոթ Կիրակոս քահանան էր:
— Փայլակի լույսի տակ մի մարդ անցավ մեր ճանապարհի մի կողմից մյուսը և թաքնվեց խրամատի մեջ: Վախենում եմ, որ մեզ լրտեսողներ լինեն:
— Օ՜, այդ անկարելի է, իշխանից մենք հրաման ունենք, որ ամեն մի լրտեսի կամ մեզ արգելք եղողի սպանենք, — պատասխանեց մյուսը:
— Պետք է մի փոքր էլ սպասել և կրկին փայլակի լույսով դիտել շրջակայքը, ապա թե ոչ ծուղակի մեջ կընկնենք:
Փայլակը նորից շողաց, ավելի երկար ու ավելի ահարկու, բայց շուրջը ամայություն էր տիրում և ո՛չ մի շարժուն կետ չէր երևում: Կիրակոս քահանան լայն բացած աչքերով ուզում էր ամեն մի քար, ամեն մի թուփ խուզարկել, սակայն վայրկենական լույսով ոչինչ չէր կարողանում աներ:
— Չէ՛, տե՛ր հայր, ոչինչ չկա, ինչպես երևում է գազան կամ մի ուրիշ կենդանի է եղել, որ շտապով անցել է մեր ճանապարհից, թե չէ ո՞վ կհամարձակվի այս տեսակ եղանակին դուրս գալ: Մի՞թե նրանք մտադիր են գազաններին կերակուր դառնալու:
— Այո՛, էլ ոչ ոք չի երևում, բայց ես սխալված չպիտի լինեմ, կարծեմ մի մարդ էր, որ անցավ,— մտախոհ ասաց Կիրակոս քահանան:
— Դաշտը ընդարձակ է, մենք կարող ենք շեղվել մեր ճանապարհից և փոխանակ ուղիղ ճանապարհով գնալու` դաշտի միջով գնալ և ապա կրկին ճանապարհ ընկնել:
— Չէ՛, այդ անկարելի է: Գիշերը մութն է և մենք կարող ենք ճանապարհը կորցնել կամ խրամատների հանդիպել:
— Վախեցող մարդը գիշերը տանից չպետք է դուրս գա,— ասաց մեկը և ձին քշեց: Նրան հետևեցին մյուսները: Մի քանի քայլ դեռ չէին արել, երբ հանկարծ, քարերի տակից, մի մարդ դուրս թռավ և կանգնեց ձիավորի առաջ:
— Անձնատո՛ւր եղեք, ապա թե ոչ ձեզ մահ է սպառնում, — գոռաց նա մի այնպիսի խրոխտ ձայնով, որ մեր ճանապարհորդների մարմնով սառը դող անցավ: Նրանք միառժամանակ քարացածի նման անշարժ մնացին և ապա, երբ փայլակի լույսի տակ նկատեցին, որ իրենց շրջապատողը միայն մի հետիոտն մարդ է, խելքները գլխները ժողովեցին և սրերը հանելով հարձակվեցին նրա վրա:
— Ի՞նչ, դուք կռվել եք ուզում, — կանչեց նույն ձայնը և յուր ձեռքի ահագին փայտով խփեց մի ձիավորի, որ տեղն ու տեղը շունչը փչելով, ցած գլորվեց ձիուց: Մյուս ձիավորները նկատեցին իրենց ընկերոջ մահը և ավելի կատաղությամբ հարձակվեցան, սակայն իրենց թրերով ոչինչ վնաս չկարողացան տալ երկար փայտին, որ աջ ու ձախ հարվածներ էր հասցնում և մինը մյուսի ետևից կիսամեռ ցած գլորում: Այդ խառնակության ժամանակ ձիավորներից մեկը, շեղելով ճանապարհը, կորավ թմբի ետևը, երբ դարան մտնող մարդը յուր փայտով մի այնպիսի հարված հասցրեց վերջին ձիավորին, որ նա չկարողացավ անգամ մի ձայն հանել և ինչպես մի փայտ գլորվեցավ գետին: Դարան մտած մարդը փայտը դեռ աջ ու ձախ էր պտտեցնում ու ինքն իրեն ասում…
— Ո՞ւր եք, էլ չկա՞ք, էլ չկա՞ք…
Տեսնելով, որ մարդ չկա, որի հետ կարող էր կռվել, դարան մտած մարդը փայտը մի կողմ նետեց և մոտենալով կիսամեռ մարդուն, որի բերանից փրփուր ու արյուն էր դուրս գալիս գոռաց.
— Է՛յ, անիծի՜ց արմատ, ասա, ո՞ր սատանի քամին էր տանում ձեզ և ո՞ւր:
Ընկած մարդը մահամերձ խռխռոց էր հանում և մի քանի անկապ, կցկտուր խոսքեր արտասանում: Կարծես նա յուր լայն բացած աչքերով ուզում էր տեսնել, թե ո՞վ է իրեն հետ խոսողը: Եվ երբ փայլակի լույսի տակ նկատեց իրեն վրա թեքված մարդուն, սոսկալի մի ցնցյուն արավ, ճիգ արավ գլուխը բարձրացնելու, բայց նորից գլուխը վայր ձգելով` կանչեց.
— Խե՜նթը…
— Հա՜, Խենթը, լա՜վ ճանաչեցիր: Ասա, ո՞ւր էիք գնում, թե չէ մաս-մաս կանեմ քեզ:
Բայց վիրավորը մի քանի անկապ խոսքեր էլ ասաց և հանկարծ մորթած հավի նման մի քանի ցնցյուն անելով, մնաց անշարժ: Նա արդեն մեռած էր: Մեր Խենթը, երբ այդ նկատեց, թողեց նրան և մոտեցավ մյուսներին: Ճանապարհին երեք դիակ միայն տեսավ, որոնց շորերը և գրպանները քրքրելուց հետո, ուզեց չորրորդ ձիավորին խուզարկել, բայց նրա դիակը չգտավ: Խենթը սոսկաց:
— Ո՞ւր է չորրորդը: Նրանք չորսն էին, չորս ձի, չորս մարդ: Վա՜յ ինձ, նա փախավ, նա տարավ, — ասաց նա և երկու ձեռքով գլխին տվեց:
Այդ ժամանակ հենց յուր գլխին ամպը կարծես ճայթեց, լսվեց որոտման ահռելի դղրդյունը և խոշոր անձրև սկսեց թափվել Խենթի գլխին…
Խենթը պահ մի կանգ առավ, խոր ախ քաշեց և յուր փայտն առնելով անցավ առաջ ու կորավ խորին մթության մեջ:
Գ
[խմբագրել]ԿԻՐԱԿՈՍ ՔԱՀԱՆԱՆ
Բոսֆորի գեղատեսիլ ափերին 1044 թվականին ծաղկում ու բարգավաճում էր Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը: Մի կողմից` Պոնտական (Սև ծով), իսկ մյուս կողմից` Միջերկրական ծովերի ափերից վաճառականական նավերը շտապում էին դեպի հունաց այդ քաղաքը և վաճառականության հետ միասին ծաղկեցնում նաև այդ քաղաքի ճարտարապետությունը: Առավոտյան ժամը տասն էր: Կ. Պոլիսը խիստ մեծ շարժողության մեջ էր, կյանքը եռ էր գալիս և ամեն դասակարգի մարդիկ մրջյունների նման անց ու դարձ էին անում զանազան փողոցներում: Բեռնակիրները նավահանգիստներում ցած էին բերում նավերից զանազան ապրանքներ կամ դեպի նավերն էին կրում հակերի բեռները: Փոքրիկ նավակներով անցնում էին իշխաններն ու իշխանուհիները Բոսֆորի մի ափից մյուսը, իսկ զինվորականները զարդարված զենք ու զրահով, փայլուն զգեստներով և նժույգների վրա արագապես սլանում էին Կ. Պոլսո փողոցներով: Այդ միջոցին Հունաց Միքայել կայսեր պալատն էլ դղրդում էր պալատականներով, իշխաններով ու զինվորականներով: Թեև մի խումբ պահապաններ հսկում էին պալատի մուտքը, սակայն ամեն դասակարգի մարդիկ անց ու դարձ էին անում պալատի շքեղ աստիճաններով` ներկայանալու Միքայել կայսեր: Ընդհանուր դահլիճի մեջ արդեն հավաքված էին շատ խնդրատուներ և պալատի սենեկապետը մեկ-մեկ հրավիրում էր նրանց կայսեր առանձնասենյակը, ուր ինքը կայսրը գահին բազմած ընդունում էր այցելուին և լսում նրա խնդիրքը:
Դահլիճի այցելուների մեջ գտնվում էր նաև մի հայ քահանա, որ եկել էր ներկայանալու կայսեր` մի կարևոր գործի համար, որ դեռ գաղտնիք էր ամենքի համար, և այդ էր պատճառը, որ դեռ նրա վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում:
Իբրև մի աննշան հայ և այն էլ քահանա, նա կարգից դուրս դեռ շատ պիտի սպասեր, մինչև որ արժանանար կայսեր տեսությանը, որովհետև ամենից առաջ ընդունվում էին պաշտոնական և զինվորական անձինք, որոնք մեծ հարգանք էին վայելում այդ ժամանակ թե՛ պալատում և թե՛ քաղաքում:
Միջին հասակի տեր մարդ էր այդ քահանան, ճաղատ և խորամանկ աչքերով, որոնք թաքնված էին նրա դուրս ընկած հոնքերի տակ: Մորուսը ցանցառ և շեկ, իսկ դեմքի արտահայտությունը` խրոխտ և հանդուգն: Արդեն մի քանի ժամից ավելի էր, ինչ նա սպասում էր, բայց դեռ իրեն չէին հրավիրել: Երևում էր, որ անհամբերությամբ սպասում էր այն րոպեին, երբ իրեն ներս կհրավիրեն և իր գործը կվերջացներ:
Ըստ երևույթին այդ «գործը» նրան մեծ անհանգստության մեջ էր գցել: Նա մինչև անգամ մի քանի անգամ մտածեց դուրս գնալ պալատից, թողնել իր մտադրությունը, բայց կրկին զսպում էր իրեն, սպասում էր հետևանքին, սպասում էր վերջացնել իր գործը, որից կախված էր իր ապահովությունն ու երջանկությունը: Այդպես էր նա կարծում, այդպես էր համոզված:
Վերջապես հերթը նրան հասավ, և նրան ներս հրավիրեցին: Առաջին անգամ նրա սիրտը դող ընկավ, բայց հետո ինքն իրեն հավաքեց և ներս մտավ կայսեր առանձնասենյակը: Երկյուղածությամբ նա բարձրացրեց աչքերը և տեսավ, որ ինքը Հունաց հզոր կայսեր առաջն է գտնվում: Իսկույն ծունկ չոքեց և համբուրեց կայսեր զգեստների ծայրը:
Կայսրը խրոխտ էր և դեռ չէր արժանացնում յուր հայացքն ուղղելու դեպի մի ողորմելի քահանա:
Վերջապես նա խոսեց:
— Ո՞վ ես, ի՞նչ ես ցանկանում, — ասաց նա:
— Կիրակոս հայ քահանա կասեն ինձ, ամենահզո՛ր կայսր, — ասաց դողդոջուն ձայով քահանան և մեկնեց դեպի կայսրը թղթի մի փաթեթ:
Միքայել կայսրը կարդաց թուղթը և գունատվեց: Ուրախությա՞ն, թե բարկության վրդովմունք էր, որ անցավ կայսեր դեմքով, հայտնի չէր: Միայն թե թղթի ընթերցումը խոր տպավորություն գործեց նրա վրա: Ըստ երևույթին նա այդպիսի բան չէր սպասում: Նոր միայն նա յուր զինվորականների հետ խոսում էր Հայաստանի մասին, ծրագրեր էր կազմում Հայաստանը ձեռք ձգելու և, հանկարծ, բախտի բերումով, նրա ձեռքն են տալիս հայոց Հովհաննես-Սմբատ թագավորի առ իր նախորդն ուղղած կտակի թուղթը, որով նա Հայաստանը հույներին էր հանձնում:
— Ո՞վ տվեց քեզ այս թուղթը, — հարցրեց կայսրը:
— Ձեր նախորդ Կոնստանդին կայսրը, տե՛ր, նա մահվան անկողնում կանչեց ինձ և, տալով այդ թուղթը, հրամայեց ետ տալ Հայոց Հովհաննես-Սմբատ թագավորին, սակայն ես…
— Սակայն դու՞…
Ես պահեցի ինձ մոտ, որպեսզի հանձնեմ Ձերդ Մեծությանը:
Կայսրը լուռ, ապուշ կտրած աչքերով նայում էր դավաճանին ու կարծես մտքում ասում` «Հայրենիքիդ ստոր և ցած դավաճան»: Նա սոսկումով լսում էր Կիրակոս քահանայի խոսքերը և զարմանում, որ այդ ասողը հայ է և այն էլ հայ քահանա:
— Ի՞նչ ես ուզում սրա փոխարեն, — հարցրեց կայսրը մի փոքր լռությունից հետո:
— Ահա այս նամակի մեջ հիշված է ամեն ինչ, — պատասխանեց Կիրակոս քահանան և հանձնեց կայսրին մի ուրիշ գրություն: Կայսրը կարդաց և՛ այդ նամակը գոհունակության ժպիտը փայլեց նրա դեմքին: Այդ նամակն էլ հայ իշխան Վեստ Սարգսիցն էր, որ Հայաստանը հույներին էր խոստանում տալ, միայն թե վարձատրեն իրեն: Նա ամեն պատրաստակամություն էր հայտնում օգնել Հայաստանը հույների ձեռքը տալու:
— Ասա՛, խնդրիր ինձանից, ինչ որ ցանկանում ես, ես կկատարեմ քո խնդիրքը, ես տեսնում եմ, որ դու հավատարիմ ծառա ես ինձ, — ասաց կայսրը ժպիտը երեսին:
— Ես Ձերդ Մեծության առողջությունն եմ ցանկանում և խնդրում եմ վարձատրել ինձ, որպեսզի ապահով անցկացնեմ կյանքիս վերջին մնացորդը, — ասաց Կիրակոս քահանան խոր գլուխ տալով:
Միքայել կայսրը ցավակցաբար գլուխը շարժեց: Նա զգաց, որ անպիտան քահանան յուր ապահովության համար ծախում է յուր հայրենիքի ազատությունը, ուստի դառնալով դեպի պալատականները ասաց.
— Ամենալավ պատիվներ տվեք այս քահանային և մեծ քանակությամբ ոսկով վարձատրեցեք: Սա մեծ ծառայություն է անում մեզ, — ապա, դառնալով Կիրակոս քահանային, ավելացրեց.
— Հայտնեցեք իմ համակրանքը հայոց թագավորության խնամակալ իշխան Վեստ Սարգսին և ասացեք, որ նա էլ կվարձատրվի ինձանից և շուտով իմ զորավարներից մեկին կուղարկեմ Հայաստանը գրավելու, այն ժամանակ, ես վստահ եմ, որ հայերը ազատ շունչ կքաշեն զանազան բախտախնդիր իշխանների բռնություններից և բարբարոսների հարձակումից:
Կիրակոս քահանան խոր գլուխ տվեց, կրկին համբուրեց կայսեր զգեստի փեշի ծայրը և գոհ սրտով դուրս գնաց:
Ամեն ինչ կատարվել էր…
Ե
[խմբագրել]ԾԵՐՈԻՆԻ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ
1040 թվականին վախճանվեց Հովհաննես-Սմբատ Հայոց թագավորը, և Հայաստանը երերուն դրության մեջ ընկավ: Վերջին օրհասը մոտ էր, և Բագրատունյաց շառավիղը պիտի հանգչեր ընդմիշտ: Այդ էր թուլամորթ թագավորի կտակ, այդ էր նրա թողած հիշատակը: Նա, մեռնելով, ժառանգ չթողեց: Ո՛չ, թողեց, բայց ոչ կենդանի, խոսուն արարած, որը կարողանար լվանալ յուր խայտառակ թուլամորթությունը, այլ մի թուղթ, մի կտակ, որով իր նախնիներից սրբագործված երկիրը յուր մահից հետո հանձնում էր հույներին: Շատ թանկ ծախեց իրեն, հազարավորների և տասնյակ հազարավորների արյունով ու տանջանքով ապահովեցրեց յուր վերջին օրերը և, ազգի ազատությունը կորցնելով, գերեզման իջավ:
Սև՜ հիշատակ: Ճիշտ այդ ժամանակն էր, և դեռ թուլամորթ թագավորի հոգին պտտվում էր Անիի վրա, երբ հայ իշխաններից մեկը` Վահրամ Պահլավունին, սև սուգի մեջ էր մտել: Նա սուգ էր պահում ոչ թե թագավորի համար, այլ ազգի, Անիի 1001 եկեղեցիների համար: Նա զգում էր, որ նրանք պիտի կործանվեն, որ Հայաստանը պիտի կործանվի յուր իսկ ազգից և օտարներին ոտնակոխ լինելով պիտի տանջվի, չարչարվի և անեծք միայն պիտի կարդա յուր թագավորին:
Վահրամ Պահլավունուն հայտնի էր թագավորի կտակի գոյությունը, և այդ բանը խիստ հուզում ու կսկծեցնում էր նրա սիրտը: Երեք օր էր նա դուրս չէր եկել, ոչ ոքի երես չէր ուզում տեսնել, ոչ ոքի չէր ուզում ընդունել, այլ փակված յուր սենյակում ընկել էր մտածության ծոցը և մի ելք էր փնտրում` Հայաստանը այդ անելանելի դրությունից ազատելու, բայց ոչ մի բանի վրա չէր կարողանում կանգ առնել: Մտքերն ահարկու կերպով պաշարում էին նրան և տակնուվրա անում նրա սիրտը: Երբեմն-երբեմն նրա մտքերը վիթխարի գազանների նման գլուխները վեր էին բարձրացնում և հուզում էին նրա սիրտը, ճնշում, տակնուվրա անում նրան, կարծես պիտի ցամաքեր նրա արյունը երակների մեջ կամ ցնդեր ուղեղը: Այդ ժամանակ մի վայրենի մռնչյուն միայն դուրս էր թռչում նրա բերանից և նրա աչքերից բոց ու կրակ ցայտում: Վա՜յ այն թշնամուն, ով այդ ժամանակ նրա առաջ դուրս գար, նա պատրաստ էր նրա արյունը անգամ խմելու: Իսկ երբեմն մտքերը նրան գուրգուրում էին, փայփայում և իրենց թևերի վրա տանում նրան ո՞վ գիտե ուր: Այդ ժամանակ միայն նրա աչքերի մեջ երևում էին արտասուքի վճիտ կաթիլներ, որոնք գլորվելով նրա ալեզարդ մորուքի վրայից, ընկնում էին ցած: Ի՞նչ արցունքներ էին դրանք, ուրախությա՞ն, թե տրտմության, վշտի՞, թե բերկրանքի — հայտնի չէր, միայն թե այդ ժամանակ նրա սրտից դուրս էր թռչում մի այնպիսի հառաչանք, որ խորին կսկծի արտահայտություն էր նշանակում: Եվ այդ հառաչանքները միայն քիչ թե շատ ամոքում էին ծերունի հայրենասերի սիրտը…
Հենց այդ տեսակ դրության մեջ էր ծերունի Վահրամը, երբ յուր սենյակի դուռը բացելով շեմքի վրա երևաց նրա աղջիկը, որ տասնևվեց տարին տեսած մի գեղանի օրիորդ էր: Ծերունին շփոթվեցավ: Նա ուզեց յուր արցունքները, յուր վիշտը թաքցնել աղջկանից, բայց ուշ էր:
— Հա՛յր, դու լալի՞ս ես, — կանչեց օրիորդը և փաթաթվեց հոր վզով:
— Գոհա՜ր, սիրելի՛ աղջիկս, ինչու՞ եկար վրդովելու քո հոր խաղաղությունը, — պատասխանեց Վահրամը և համբուրեց աղջկա ձյունափայլ ճակատը:
— Ա՜խ, հայր, դու արտասվում ես, առանց հարցնելու, թե ինչպե՞ս է բաբախում սիրտս և ինչպես շփոթվում հոգիս, երբ ես քո արցունքներն եմ տեսնում: Մի՞թե դու քո Գոհարին չես ճանաչում, որ թաքցնում ես ինձանից քո վիշտը, քո տրտմությունը: Ասա՛ ինձ, հայր, ի՞նչ փոթորիկ է սպասում հայրենիքին, ի՞նչ վտանգ է սպառնում Հայաստանին, որ քեզ ստիպում են լալու և արտասվելու:
— Չէ՛, Գոհարիկ, քո զգայուն սիրտը չի դիմանա այն հարվածին, որ պատրաստվում է հայրենիքին: Ես գիտեմ, որ դու հորդ պես սիրում ես հայրենիքդ, ուստի և վախենում եմ քեզ հայտնելու այն գույժը, որ պտտվում է մեր Անիի գլխին:
— Ի՞նչ է, հայրի՛կ, դու ինձ սարսափեցնում ես:
— Այո՛, աղջիկս, սարսափելի է, խի՛ստ սարսափելի:
— Ի՞նչ, մի՞թե կրկին ապստամբություն կամ մի որևէ իշխանի ստորություն ես լսել:
— Ո՛չ, ո՛չ, հորդ երակների մեջ վախկոտի արյուն չի վազում, որ երկյուղ կրե մի որևէ իշխանի դավաճանությունից, բայց այժմ դրանից սոսկալի բան է սպառնում մեզ:
— Հա՛, հասկանում եմ, կրկին Վեստ Սարգսի խարդախությունները կլինեն քեզ վրդոված:
— Անին ձեոքներիցս գնում է, աղջի՛կս, թագավորը, ո՜հ, այն թուլամորթ թագավորը յուր կտակով Անին հանձնում է հույներին յուր մահից հետո, այժմ մենք թագավոր չունենք, գլուխ չունենք: Անիի գահը թափուր է և այդ գահի համար ո՞վ գիտե ինչեր է ծրագրում մեր խնամակալը` իշխան Վեստ Սարգիսը:
— Ի՞նչ պիտի ծրագրի, մի՞թե դու և մեր իշխանները թույլ կտաք, որ Վեստ Սարգիսը ոտնատակ անի օրինավոր ժառանգի իրավունքը: Չէ՞ որ Գագիկը կենդանի է:
— Այո՛, կենդանի է, բայց ո՞ւր է պահված նա: Անմեղ գառը ի՞նչ պիտի անի գայլի ճանկերում: Վեստ Սարգսի երեսից փախել են պատանի Գագիկը և մեր հայրենասեր իշխանները, իսկ մի քանի իշխաններ Վեստ Սարգսի ձեռքում կույր գործիք են դարձել: Հայաստանը ներկայումս գտնվում է այդ խաբեբա իշխանների ձեռքին, որը թև առած հույներից, կարծես ձգտում է գահը ձեռք բերել, թեկուզ քանդվի Հայաստանը: Ահա թե ինչն է սարսափեցնում ինձ…
— Հա՛յր, մի՞թե քնած են բոլոր իշխաններն էլ, մի՞թե չի գտնվում նրանց մեջ պարտաճանաչը, հայրենիքի վշտին ամոքողը, որ թույլ են տալիս Վեստ Սարգսին յուրն անելու…
— Չէ՛, դեռ ամեն բան վերջացած չէ: Դեռ մեռած չէ Վահրամը, որ թույլ տա Վեստ Սարգսին գահը հափշտակելու, սակայն ես վախենում եմ, որ Վեստ Սարգիսը հույների օգնությամբ մեծ վնաս պատճառի հայերին: Չէ՞ որ ըստ Հովհաննես-Սմբատ թագավորի կտակի այժմ Անին հույներին է պատկանում: Մի՞թե նրանք այս համեղ պատառը ձեռքներից բաց կթողնեն, առանց առիթից օգտվելու:
— Անիծվե՛ն դավաճանները, անիծվի՛ Վեստ Սարգիսը, որ Հայաստանը արյան ասպարեզ պիտի շինի, — կանչեց Գոհարը և նրա աչքերում արցունքներ երևացին:
— Մի՛ վրդովվիր, Գոհարի՛կ, ես գիտեմ, որ դու սիրում ես հայրենիքդ, որ դու կյանքդ էլ չես խնայի սիրուն Անիի համար, ուր մնաց, որ դու մտածեիր քո Հարպիկի համար: Չէ՞ որ, եթե քո նշանած Հարպիկն ընկնի պատերազմի մեջ, այդ քո անվան համար փառք է:
— Ո՛չ թե նա, այլ ե՛ս, ե՛ս եթե ընկնեմ Անիի փլատակների տակ` մեծ երանություն է ինձ համար: Ես սիրում եմ այն տղամարդին, որը յուր հայրենիքի համար կուրծքը դեմ կտա պաշտպանելու և ոչ թե անարգ զինվորի նման փախուստ կտա կռվի դաշտից: Հարպիկին ես ճանաչում եմ, նա վախկոտներից չէ, և վա՛յ նրան, ով նրա սրի բերանն ընկնի:
— Այո՛, Գոհարիկ, այո՛, իմ հույսն էլ Հաբելի որդոց վրա է: Ես գիտեմ, որ նրանք, բոլորն էլ, չորս եղբայրն էլ, որոնց թվում քո Հարպիկը, քաջ և հայրենասեր տղաներ են: Նրանք փախուստ չեն տա կռվի դաշտից, եթե իրենց կյանքն էլ դնելու լինեն. իսկ Հարպիկը` այդ ազնիվ, հայրենասեր տղան, արժանի փեսացու է քեզ:
— Այո՛, նրանք արժանի են քո գովասանքին, հայրի՛կ, և կտեսնես, որ քո աղջիկն էլ ետ չի մնա նրանցից, — պատասխանեց Գոհարիկը, և նրա աչքերը փայլեցին մի տեսակ ոգևորությամբ:
Վահրամը հուզվեց: Նա գրկեց աղջկան, մի համբույր դրոշմեց նրա ճակատին, սակայն Վահրամ իշխանի սիրտը հանգիստ չէր: Նա զգում էր, որ մի ինչ-որ չարագուշակ բան պտտվում է Անիի գլխին:
Զ
[խմբագրել]ՊԱՅՏԻՑ-ՍՈՒՐ
Տաղտկալի աշունն էր սկսվել…
Թռել էին ծիծեռնակները, դաշտերն ու լեռները գունատվել, երկինքը գորշ գույն ստացել, որի վրա միշտ սողում էին անվերջ վհատեցուցիչ ամպեր… Բնությունը մեռնում էր… Մեռնում օրեցօր` գարնանը կրկին արթնանալու, կրկին զվարթանալու հույսով, այնինչ մարդկանց սրտերին պատում էր մի տեսակ թախիծ, մի տեսակ կսկիծ, որ անջնջելի կերպով դրոշմում էր այնտեղ մի խոր ակոս… Մարդիկ զգում էին, որ ձմեռն էլ գլորվում է հավիտենականության գիրկը, որ նրանք մի տարով էլ մոտենում են դեպի անդառնալի կորուստը…
Աշնանային ցուրտ քամին փչում էր Անիի դաշտավայրում և մաղում անձրևի կաթիլներ: Անի քաղաքի մեջ այդ միջոցին դադարել էր շարժումը, դադարել էին մանուկների ճչյունը, փողոցների աղմուկն ու ժխորը: Ամեն տեղ լուռ էր և խաղաղ, չորս կողմ արդեն տիրում էր խավարը, տեղ-տեղ առկայծում էին լույսի թույլ ցոլմունքներ:
Այդ միջոցին Անիի պարիսպներից դուրս, մի առանձնացած փոքրիկ խուղում վառ կերպով առկայծում էր կանթեղի լույսը: Գետնափոր էր այդ խուղը, որի առաջ ընկած էին փայտեր և մի քանի պայտելու գործիքներ: Այդ խուղը, որի մեջ բնակվում էր դարբին Ղևոնդը և յուր աղջիկ Լուսիկը, գտնվում էր Անի քաղաքը տանող ճանապարհի վրա, ուր, արևի ծագելուց մինչև մուտքը դարբին Ղևոնդը պայտում էր անցորդ եզների և ձիերի ոտքերը, իսկ այնուհետև, մինչև խոր գիշեր, նա պայտեր էր կռում և ապա խոնջացած մարմնով քուն մտնում: Մինչդեռ նրա աղջիկը հոգում էր տան պիտույքները: Մի քանի տարի էր, ինչ վախճանվել էր դարբին Ղևոնդի կինը, և տան բոլոր հոգսերը ծանրացել էին Լուսիկի վրա: Նա էր լվանում կտավիքը, կտրում, կարկատում հանդերձները, կթում իրենց ունեցած միակ կովը և յուղ ու պանիր պատրաստում:
Հանգիստ ու խաղաղ էր անցնում ծերունի դարբնի կյանքը և նա միշտ, գործը վերջացնելուց հետո, դիմում էր իր սիրուն աղջկան ու ասում.
— Լուսի՛կ ջան, բեր տեսնենք ի՞նչ ես պատրաստել հորդ համար:
Իսկ Լուսիկը ժպիտը երեսին, վառվռուն աչքերով շտապով փռում էր թախտի վրա կապույտ սփռոցը, շարում այնտեղ բոքոնն ու լավաշը ու թանե տաք ապուրը և ապա երկուսն էլ նստելով կողք-կողքի, ուտում էին աստծո տված կերակուրը և ապա, ճրագը հանգցնելով, քնի հրեշտակը տարածում էր իր հովանի թևերը մինչև կենարար լույսի առաջին ցոլմունքները:
Սակայն այս գիշեր այդպես չէր դարբին Ղևոնդի խուղը: Դարբին Ղևոնդի դեմքը մռայլ էր և խիստ: Նա շտապ-շտապ երկաթը կրակն էր կոխում, շիկացնում և ապա այն զնդանի վրա դնելով, մուրճով ծեծում էր, կրկին հանում ու դարձյալ ծեծում: Եվ զարմանալի բան: Մուրճի տակ երկաթը փոխանակ պայտի ձև ստանալու, երկար ու տափակ ձև էր ստանում, որ ամենևին պայտի նմանություն չուներ: Այս գիշեր կարծես ինքն էլ չէր հասկանում, թե ինչ է շինում: Նկատելի էր միայն, որ նա խիստ վրդովված, խիստ հուզված էր, և մտքերը կրծում էին նրա սիրտն ու հոգին:
Գործը վերջացնելու սովորական ժամն արդեն անցել էր, բայց դարբին Ղևոնդը տեղից չէր շարժվում. նա հնոցը ավելի էր շիկացնում և կարծես ամենևին մտադրություն չուներ գործը ընդհատելու, այսինչ Լուսիկը ընթրիքը պատրաստել էր և հոր վեր կենալուն էր սպասում: Մի քանի անգամ նա մոտեցավ հորը և զարմացավ նրա օտարոտի դեմքի արտահայտությունից: Յուր հոր դեմքը առաջվա նման հեզ և բարի չէր, այժմ խրոխտ և սպառնալից էր: Ի՞նչ բան էր արդյոք վրդովել յուր հորը, ո՞վ էր արդյոք բարկացրել նրան` չգիտեր, բայց այս անգամ, երբ նկատեց, որ հայրը փոխանակ պայտի, ուրիշ բան է շինում, սարսափեց:
— Հայրի՛կ, սիրելի՛ հայրիկ, — կանչեց Լուսիկը սրտատրոփ:
Դարբինը չլսեց աղջկա ձայնը, նա ուժգնությամբ մուրճը զարկում էր սալին և շիկացած երկաթը փափկացնում:
— Հայրի՛կ, մի՞թե ինձ չես լսում, — ասաց Լուսիկը և քաշեց նրա փեշը:
Դարբինը դադարեցրեց մուրճ զարկելը, դեմքը շուռ տվեց դեպի աղջիկը և մի քանի վայրկյան լուռ, անմիտ աչքերով Լուսիկին նայեց: Կարծես նա այդ վայրկյանին չէր ճանաչում յուր աղջկան, կարծես յուր սիրելի աղջիկը չլիներ առաջը կանգնած:
— Հայրի՛կ, ի՞նչ է պատահել քեզ, — սարսափած կանչեց Լուսիկը:
Դարբին Ղևոնդը ցնցվեց, նա կարծես ետ մղեց իրենից մռայլ մտքերը, և նրա դեմքը մի վայրկյանում կրկին ստացավ իր սովորական արտահայտությունը: Նրա դեմքը այժմ հեզ էր ու բարի, և այդ հեզ ու բարի դեմքին փայլեց երանության մի ժպիտ:
— Ի՞նչ է, Լուսի՛կ, իմ աննմա՛ն աղջիկ, — պատասխանեց դարբինը:
— Դու հիվանդ չե՞ս, հայրի՛կ:
— Օ՜, ո՛չ, աղջիկս, ես հիվանդ չեմ, թող տերը պահե ինձ հիվանդությունից:
— Այդ ի՞նչ ես շինում, հայրի՛կ, դու ինձ վախեցնում ես:
— Հը՛մ, ինչ եմ շինում, մի՞թե չես տեսնում, իմ աննմա՛ն Լուսիկ, թե ինչ եմ շինում: Ի՞նչ էր շինում հայրդ մինչև հիմա:
— Պայտեր: Բայց դրանք պայտեր չեն, հայրի՛կ:
— Այո՛, պայտեր չեն, աղջի՛կս, սրեր են, սրեր: Պայտերը սրերի փոխվեցան: Այժմ հայրդ էլ պայտեր չէ շինում չորքոտանիների ոտքերը պայտելու, այլ սրեր է շինում թշնամիների սիրտը մխելու, — ասաց դառն ժպիտով դարբին Ղևոնդը և վերջին շիկացած երկաթն էլ տափակացնելով շպրտեց մի կողմ և, մուրճը ցած դնելով, ասաց.
— Այսօր բավական է, այժմ պետք է ընթրիք անել և հանգստանալ:
— Դու ինձ սարսափեցնում ես, հայրի՛կ, այդ ի՞նչ սրեր են և ինչու՞ համար:
— Ամեն բան կիմանաս, դուստրս, համբերություն ունեցիր, միայն ցավում եմ, որ մեր այսօրվա հյուրը չեկավ: Ես հարկավոր լուրեր ունեի նրան հաղորդելու:
— Ո՞վ չեկավ, հայրի՛կ:
— Գոհարիկը: Մի՞թե չգիտես, որ նա միշտ այցելում է:
— Երևի այս գիշեր անձրևը արգելք եղավ նրա գալուն: Լուսիկը էլ ոչինչ չհարցրեց: Նրանք սեղան նստեցին և սկսեցին վայելել ընթրիքը: Անձրևը կրկին մաղում էր, և աշնանային քամին յուր նվագը ածում: Հենց այդ ժամանակ դրսից ոտնաձայներ լսվեցին և ապա քիչ հետո` հետևյալ խոսքերը.
Ինձ մի՛ հարցնեք` ո՞վ եմ ես, Սիրուն ու շեն Անին եմ ես:
— Խե՛նթն է, — կանչեցին հայր ու դուստր և աչքերը դեպի դուռը ձգեցին:
Հիրավի, մի քանի վայրկյանից հետո, խուղի դռներում երևաց մեզ ծանոթ Խենթի աժդահա կերպարանքը յուր մեծ փայտը ձեռքին:
— Ողջո՛ւյն բարեկամներիս, — ասաց նա, փայտը մի կողմ դրեց և մոտեցավ նրանց: — Ինչպես երևում է, լավ ժամանակ հասա և արժանի կլինեմ Լուսիկի քնքուշ մատներով պատրաստած անուշ ապուրը ուտելու:
— Համեցե՛ք, համեցե՛ք, մեր գլխի վրա տեղ ունես, — ասաց դարբինը ուրախացած, տեղ տալով նրան:
Խենթը նստեց, փայտյա գդալով մի քանի ումպ ապուր խպշտեց և ապա, ետ նստելով, ասաց.
— Ո՛ւֆ, օրհնվես դու, Լուսի՛կ, սիրտս հովացավ:
— Քո սիրտը շատ շուտ է հովանում, Խե՛նթ, իսկ իմը` օ՜… Քո տված լուրը ինձ այրում, խորովում է, — պատասխանեց Ղևոնդը:
— Է՜հ, վարպետ, այդ տեսակ փոթորիկներ շատ են եկել ու գնացել, այդ էլ կանցնի: Բայց ափսոս, որ այն մեկին բաց թողի և նա տարավ յուր հետ սև Մարդու թուղթը: (Այսպես էր անվանում Խենթը Վեստ Սարգսին):
— Հա՛, տարավ, բայց ո՞վ գիտե` ինչ թուղթ էր:
— Սատանան նրա հետ, մեր Վահրամ իշխանը մեռած չէ, որ Վեստ Սարգիսը կարողանա մի բան անել: Բայց ցավում եմ, որ Գոհարի սիրտը կվրդովվի:
— Այսօր նա պիտի գար, չեկավ: Դու հայտնեցի՞ր նրան եղելությունը, Խե՛նթ, — հարցրեց դարբինը:
— Չէ, դեռ չեմ հայտնել: Վաղը, անշուշտ, ես ամեն բան կհայտնեմ:
— Իսկ ի՞նչ են ասում նրա որդեգիրները:
— Օ՜… նրանք օրհնում են Գոհարի կյանքը: Թող այդ տեսակ օրիորդների թիվը բյուրապատիկ դառնա: Հարյուրավոր որբեր և աղքատներ օգտվում են նրա բարիքներից:
— Այդ մենք գիտենք, Խե՛նթ, բայց տեսնենք ի՞նչ կասի օրիորդը Վեստ Սարգսի վարմունքի մասին: Տեսնենք նա կրկին յուր բարությամբ ուշադրություն չի՞ դարձնի, թե նշանակություն տալով կզգուշանա: Չէ՞ որ Վեստ Սարգիսը գործում է ուղղակի Վահրամի, յուր հոր դեմ:
— Այդ թողնենք, վարպե՛տ, Խենթը խիստ հոգնած է, այսօր հարյուր տուն է շրջել և բաժանել օրիորդի տված դրամները: Նա քնել է ուզում, — ասաց Խենթը և վեր կացավ տեղից:
Լուսիկը սփռոցը ժողովեց, իսկ Խենթը, մի երգ մռմռալով, սկսեց քայլել խրճիթի մեջ, երբ նկատեց հնոցի մոտ թափված սրերը:
— Այս ի՞նչ ես շինում, վարպե՛տ, — ասաց նա` դիմելով Ղևոնդին:
— Չե՞ս տեսնամ` սրեր:
— Իսկ պայտե՞րը:
— Պայտերը էլ ձեռք չեն տալիս: Այժմ սրեր են պետք մեր Վահրամին պաշտպանելու:
— Հա՛… հա՛… հա՛… Ապրի՛ս, վարպետ, երևում է, որ փորձված մարդ ես: Վաղօրոք սրեր ես պատրաստում թշնամիների կուրծքը մխելու:
Անցավ կարճ ժամանակ, և խորին լռությունը տիրեց այդտեղ:
Է
[խմբագրել]ՍԵՎ ՄԱՐԴԸ
Երկու ձիավոր, Անի քաղաքից դուրս գալով, բռնեցին դեպի Սուրմառուի բերդը տանող ճանապարհը և դանդաղությամբ առաջ էին գնում: Ձիավորներից մեկը Հայոց թագավորության խնամակալն էր` գոռոզ իշխան Վեստ Սարգիսը, իսկ մյուսը` նրա հավատարիմ ծառա Եղոն:
Մռայլ էր իշխանի դեմքը, մռայլ էր ծառայի դեմքը: Ու՞ր էին նրանք գնում և ինչո՞ւ երկուսն էլ տխուր էին` հայտնի չէր: Սակայն երկուսի դեմքից էլ նկատելի էր, որ նրանց հոգին հուզվում է, որ նրանք վրդովված են, անհանգիստ և ինչ-որ բան տանջում էր երկուսին էլ: Չէր խոսում տերը, չէր խոսում ծառան: Նրանցից ամեն մեկը յուր մտքի հետ ընկած առաջ էր գնում, մինչև որ հասան մեզ ծանոթ դարբին Ղևոնդի խուղի առաջ և կանգնեցրին ձիերը: Դարբին Ղևոնդը նստած էր յուր զնդանի առաջ և մի ինչ-որ երկաթի կտոր դրած սալին մրճում էր: Նա չէր նկատել, թե ինչպես երկու ձիավոր կանգնել էին առաջը և իրեն էին նայում:
— Եղո՛, ցած իջիր, պետք է ձիուս ոտքը պայտել, թե չէ նա ինչ-որ սկսում է կաղալ:
Եղոն ցած թռավ և, բռնելով Վեստ Սարգսի ձիու սանձը, օգնեց իշխանին իջնելու:
Դարբին Ղևոնդը դեռ ապշած նայում էր իշխանին, երբ Եղոն գոռաց նրա վրա.
— Է՜յ, տխմա՛ր, ի՞նչ ես ապուշի նման նայում, իշխա՛նն է, պետք է նրա ձին պայտել:
Դարբինը ակամայից գլուխ իջեցրեց իշխանին և ապա նստելու տեղ ցույց տալով նրան, ինքը գործի անցավ:
«Հը՜մ, լավ բանի համար չեք լինի գնալիս, — մտածեց Ղևոնդը, — ես ձեր ձիերը այնպես պայտեմ, որ կես ճանապարհին մնաք»:
Նա վերջացրեց գործը և ապա, դառնալով իշխանին, ասաց.
— Պատրաստ է, տե՛ր:
— Լա՞վ պայտեցիր, վարպե՛տ:
— Հրաշալի, տե՛ր, ամբողջ տարին բավական է, — ասաց դառն ժպիտով Ղևոնդը:
— Ապրի՛ս, վարպետ, — ասաց իշխանը և հեծնելով ձին, մի ոսկի շպրտեց վարպետին: Բայց Ղևոնդը, շտապով բարձրացնելով դրամը, դիմեց իշխանին` ասելով.
— Տե՛ր, ես այս ոսկին չեմ կարող ընդունել:
— Ինչու՞, վարպե՛տ, ինչու՞ չես կարող ընդունել, — զարմացած հարցրեց իշխանը` ձիու սանձը քաշելով:
— Այս ոսկին, տե՛ր, այս ոսկին…
— Ի՞նչ այդ ոսկին:
— Մեր մեծ իշխանից դրամ չենք վերցնում, — ասաց Ղևոնդը և երեսը շուռ տվեց:
— Լա՛վ, — ասաց Վեստ Սարգիսը և մտրակեց ձիուն:
Նրանք առաջ գնացին, այնինչ Ղևոնդը երկար ժամանակ նայում էր նրանց ետևից և ինքն իրեն մռմռում.
— Որովհետև քո ոսկու մեջ թույն կա, իշխա՛ն, թո՜ւյն, օձի թույնից էլ զորավոր:
Ղևոնդը կրկին գործի անցավ, այնինչ իշխանն ու ծառան սլանում էին առաջ: Երբ նրանք բավական առաջ գնացին, երբ նրանք շրջապատվեցին լուռ դաշտերով, այն ժամանակ Վեստ Սարգիսը դանդաղեցրեց ձիու ընթացքը և մոտ կանչեց ծառային:
— Եղո՛, — ասաց նա, — մոտ արի, մեր անելիքի մասին խոսենք: Գիտեմ, դու հավատարիմ ես ինձ, ուստի ես քեզանից գաղտնիք չեմ պահում: Այս բնության ծոցում մենք ազատ ենք և ոչ ոք չի կարողանա լրտեսել մեզ:
— Հրամայիր, տե՛ր, ես պատրաստ եմ լսելու: Եղոն, իշխա՛ն, քո ստրուկն է և կյանքը պատրաստ է քեզ համար զոհելու:
— Գիտեմ: Բայց, լսիր, ինձ մանրամասն մեկ էլ պատմիր, թե որտեղ է թաքնված պատանի Գագիկը, կամ ավելի լավ է ասել, որտե՞ղ են թաքցրել նրան:
— Նա անապատի վանքումն է ապաստանած, տե՛ր, ես և Մարկոսը լավ լրտեսեցինք նրա տեղը: Վահրամյանք ամեն կերպ աշխատում են գաղտնի պահել և նրա հետքը ծածկել, սակայն նրանք չգիտեն, որ ասեղ չի թաքնվի իմ աչքերից:
— Ապրիս, Եղո՛, բայց, ասա ինձ, ի՞նչ կյանք է վարում նա վանքում, մի՞թե վանականների նման նա էլ աղոթքի է ապավինած:
Եղոն ժպտաց:
— Ո՛չ, տեր, վանականների մեջ նա ապրում է արքայի պես: Հագին ունի ընտիր արքայական զգեստ, և չնայած նրա 14-ամյա հասակին, զենք ու զրահի մեջ է կորած և երբեք չի բաժանվում այդ զենքերից:
— Ի՞նչպես: Մի՞թե նա հույս ունի արքայական գահը բարձրանալու, — ասաց Վեստ Սարգիսը դառն ժպիտով և նրա աչքերում երևացին վրեժխնդրության մոլի կայծակներ:
— Ինչպես երևում է, տե՛ր, նա այդ միտքն էլ ունի, որովհետև գիշեր-ցերեկ զինավարաժությամբ է զբաղվում:
— Կտեսնենք, Եղո՛, կտեսնենք, թե նա ինչպես կժառանգի այդ արքայական գահը: Միամի՜տ պատանի…
— Այդ պատանին մեղք չունի, իշխա՛ն, նրան դրդում են Վահրամյանք, որպեսզի նրան թագավորեցնելով իրենց գաղտնի նպատակներին հասնեն: Նրանք չեն ուզում քեզ նման լավ խնամակալ ունենալ, որովհետև գիտեն, որ դու նրանց պակասությունը երեսներով կտաս և թույլ չես տա, որ ազգը կործանվի դրանց խարդախությամբ, — պատասխանեց Եղոն` շողոքորթելով իր տիրոջը, որին միշտ դուր էին գալիս այդ տեսակի խոսքերը:
— Բայց այդ ծերունի աղվեսը չի հասնի յուր նպատակին: Նա կտեսնի, թե ինչպես կջախջախվեն յուր նպատակները, երբ յուր փայփայած Գագիկը այլևս չի լինի: Այն ժամանակ տեսնենք ո՞ւմ կառաջարկի թափուր մնացած արքայական գահի վրա:
Եղոն ապուշ կտրած նայեց յուր տիրոջ դեմքին: Այդ դեմքը զարհուրելի և դաժան էր, որից Եղոն անգամ սոսկաց: Դժոխքը արտացոլվում էր իշխանի աչքերում:
Նրանք մի փոքր լուռ առաջ անցան, երբ Վեստ Սարգիսը, դիմելով Եղոյին, խուլ գերեզմանային ձայնով ասաց.
— Եղո՛:
— Հրամայիր, տե՛ր:
— Պետք է մի ծանր գործ կատարես և հարթես իմ ճանապարհը: Պատանի Գագիկին պետք է ճանապարհից հանել: Նա արգելք է ինձ:
Եղոն հասկացավ տիրոջ միտքը և ցնցվեց:
— Ի՞նչպես, — հարցրեց նա` նորից տիրոջ դեմքին նայելով:
— Ի՞նչպես, այդ քո գիտենալու բանն է: Բայց թե պատանի Գագիկը այլևս գոյություն չպետք է ունենա այս աշխարհում: Նա պիտի մեռնի:
— Իշխա՛ն…
— Ո՛չ մի բառ, — ընդհատեց Վեստ Սարգիսը խրոխտ ձայնով, — նա պիտի մեռնի: Իսկ երբ կկատարես այդ, այն ժամանակ մեծամեծ պարգևների կարժանանաս: Ասա՛, համաձա՞յն ես:
Տիրեց մի վայրկյան լռություն: Տեր և ծառա իրար աչքերի էին նայում: Նրանք կարծես ուզում էին թափանցել իրար հոգու խորքը:
— Պատրաստ եմ կամքդ կատարելու, իշխա՛ն, — վերջապես ասաց Եղոն:
Մի վայրկյան, և Վեստ Սարգսի մռայլն անցավ դեմքից: Անհուն ուրախության ժպիտ փայլեց նրա դեմքին և, մոտեցնելով յուր ձին Եղոյին, գրկեց նրան, համբուրեց և պինդ սեղմելով` ասաց.
— Ապրե՛ս, Եղո՛, դու արժանի ես իմ վստահության: Մենք մանրամասնության մասին հետո կխոսենք:
Երկուսն էլ մտրակեցին ձիերին և առաջ անցան:
Երեկո էր, երբ հասան Սուրմառուի բերդը, ուր իշխան ու ծառա փակվեցին առանձնասենյակում:
Ը
[խմբագրել]ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խրամ գետը կատաղել էր: Պղտոր ալիքներով քշում տանում էր քար ու փայտ և կատաղած գազանի նման փրփուրը բերանին վազում առաջ… Խրամ գետից մի փոքր վեր, Շամշուլդե բերդից ոչ հեռու, մի ժայռի գլխին փայլում էր ս. Անապատ վանքի կաթուղիկեն: Այդ վանքի մեջ լսվում էր սաղմոսերգության տխուր մեղեդին: Երեկոյան պահին էր: Արևը արդեն թեքվում էր դեպի յուր մուտքը, իսկ աշխարհային գծուծ գործերից հեռու փախած կրոնավորները իրենց երեկոյան աղոթքն էին մրմնջում: Քսանից ավելի կրոնավորներ, ծունկ չոքած սեղանի առաջ, աղոթում էին աստծուն և փառաբանում նրան…
Սրբոց պատկերների առաջ վառվում էին կանթեղներ և անուշահոտ խնկի ծխով խնկարկում նրանց: Մի տեսակ աստվածային, վեհանձն երկյուղած տպավորություն էր թողնում օտարի վրա այդ վայրկյանը, ս. Անապատի վանքը յուր աղոթող կրոնավորներով: Այն ամենը, ինչ աշխարհային է, մոռացվում էր այդտեղ և մի տեսակ դյութական զորությամբ լցնում մարդու հոգին:
Այդ կրոնավորների հետ ահա ծունկ չոքած Աստվածամոր պատկերի առաջ, լուռ աղոթում էր և մի տասնչորսամյա պատանի, որը տարբերվում էր կրոնավորներից յուր մատաղ հասակով և զգեստներով: Այդ պատանին կրոնավորների նման, սևազգեստ չէր, այլ փայլուն արքայական զգեստի հետ միասին զենք ու զրահի մեջ էր կորած: Այդ զենքերից նա աղոթելու ժամանակ անգամ չէր բաժանվում: Չնայած մատաղ հասակին, նրա բաց, ազդող հայացքի տակ կարծես թաքնված լիներ մի խորին վիշտ, որը կարծես կրծում էր նրա սիրտը: Ի՞նչն էր արդյոք վշտացրել նրա մատաղ հոգին, ինչու՞ նրա սիրուն դեմքին դրոշմված էր վշտի անողորմ կնիքը, քանի որ այդ հասակում աշխարհային հոգսերը գոյություն չպիտի ունենան և նա միշտ պիտի ժպտա, փայլի արևի պայծառ ճառագայթների պես: Կամ ինչո՞ւ նա սևազգեստների մեջ է գտնվում, մի՞թե կյանքի դառն արկածները հենց կյանքի առաջին աստիճաններում ստիպել են նրան թողնել սիրուն կյանքը և խստակյաց կրոնավորների հետ միասին հանդերձյալ աշխարհի մասին մտածել… Հայտնի չէր: Միայն երևում էր, որ բոլոր կրոնավորներն էլ երկյուղածությամբ և պատկառանքով էին վերաբերվում դեպի այդ պատանին:
Աղոթքը վերջացրին: Կրոնավորները քաշվեցին դեպի իրենց խուցը, այնինչ պատանին դուրս եկավ եկեղեցուց և կանգնելով պարիսպների վրա, մռայլ դեմքով ցած նայեց: Նրա ոտքերի տակ ս. Անապատի վանքից մի փոքր հեռու, գոռում էր Խրամը և փրփրալով վազում առաջ:
Պատանին նայում էր գետին, նայում էր նրա փրփրած, կատաղած ալիքներին և նրա մատաղ սիրտը հուզվում էր: Նա տեսնում էր, թե ինչպես գետը կատաղել էր և յուր կատաղությամբ զոհում էր ամեն ինչ և՛ թուփ, և՛ ծառ, և՛ քար: Առանց խնայելու նա ոչնչացնում էր յուր արգելքները, ճանապարհ հարթում և յուր ցանկացած ճանապարհով գնում… այնինչ ինքը ի՞նչ էր անում…
— Օ՛… դառն է ինձ համար այս կյանքը. ես ազատ, լայն ասպարեզ եմ ցանկանում, ուր կարողանամ սրիս զորությունը փորձել, այնինչ ստիպված, ինչպես մի կալանավոր, անց եմ կացնում օրերս այս սևազգեստների մեջ: Ինչո՞ւ, ի՞նչ պատճառով: Անօրեն Վեստ Սարգսի ձեռքից, որը ձեռքն առնելով թագավորության ղեկը, ուզում է ոչնչացնել Բագրատունյաց տոհմը և ինքը թագավորել… Չէ՛, Գագիկը, գահի իսկական ժառանգը դեռ կենդանի է, թեև փոքր է, բայց առյուծի սիրտ կա նրա մեջ:
Գագիկը` թուլասիրտ Հովհաննես-Սմբատ թագավորի եղբոր որդին լռեց և հուզված սրտով կրկին նայեց Խրամի պղտոր ջրերին: Այդ ժամանակ նրա միտքն ընկավ Անին յուր գիժ Ախուրյան գետով, յուր հազար ու մի եկեղեցիներով, պալատներով ու շինություններով: Նա հիշեց յուր տունը, հիշեց հորը` Աշոտին և մորը, որոնք պալատի շքեղ սենյակներում գուրգուրում և շոյում էին իրան և ապա թագավոր անվանում… Իսկ հիմա ո՞ւր են յուր ծնողները — չկան: Նրանք հանգան, չքացան երկրիս երեսից, Հայաստանի գահը հանձնելով գայլերից մեկին, որը յուր փառասիրության համար պատրաստ է ամեն բան ոտնատակ անել, ամեն իրավունք ոչնչացնել…
Գագիկը խորին մտքի մեջ ընկղմված դեռ մտածում էր: Յուր պատանի, բայց խելոք խելքով դատողություն էր անում, Հայաստանի ապագան գուշակում, այնինչ մութը հետզհետե տարածվում էր չորս կողմ, և ամեն ինչ ընկղմում խորին խավարի մեջ: Հանկարծ Գագիկը ցնցվեցավ և ակամայից յուր ուշադրությունը դեպի մի թուփը դարձրեց, որտեղ կարծես ինչ-որ բան շարժվեց, և ապա ամեն ինչ անշարժության մեջ մնաց: Գագիկը նորից նայեց դեպի այդ թուփը և սոսկաց: Նա նկատեց, որ ճյուղերի միջից փայլում էին երկու արյունալից աչքեր, որոնք ուղղված էին դեպի ինքը և հեռվից անգամ կամենում էին կլանել իրեն: Գագիկը ակամայից ձեռքը դեպի յուր սրի երախակալը տարավ, ապա շփեց ճակատը և շոյելով գանգուր մազերը, ինքն իրեն խոսեց.
— Այս ի՞նչ էր, մի՞թե երազի մեջ էի, թե հիրավի արյանս ծարավի մարդիկ պտտվում են շուրջս… բայց մի՞թե նրանք չգիտեն, որ Գագիկը քնած չէ:
Գագիկը նորից նայեց դեպի այն կողմը, բայց էլ ոչինչ չնկատեց: Չորս կողմը ամեն ինչ խաղաղ էր և լուռ, բացի Խրամ գետի որոտալուց էլ ոչինչ չէր լսվում:
Գագիկը շուռ եկավ և ուղղվեցավ դեպի յուր բնակարանը: Նա ժպտաց, երբ մի քանի քայլ առաջ տեսավ յուր հավատարիմ Լևոնին` Հարպիկ իշխանի երրորդ որդուն, որը ձեռքը սրի վրա դրած հսկում էր յուր տիրոջը:
— Լևոնի՛կ, գիտե՞ս ինչ տեսա, — ասաց նա` բռնելով նրա ձեռքը:
— Ի՞նչ, տե՛ր իմ:
— Ինձ թվաց, որ լրտեսում են այստեղ, որ գայլերը մեր հոտն առել են, վաղ թե ուշ պիտի մտնեն այստեղ և ով գիտե ինչեր անեն:
— Բայց, տե՛ր, մի՞թե նրանք չգիտեն, որ քեզ պահպանում է Հարպիկ իշխանի որդին, որ գիշերները մի աչքով քնում է, իսկ մյուսով հսկում յուր տիրոջը: Չէ՞ որ Վահրամ իշխանը քեզ ինձ է հավատացել: Միամիտ մնա, տե՛ր, և հանգիստ քո բնակարանը մտիր, իսկ եթե տեսնես, որ նրանք մեր տեղը իմացել են, Հայաստանում տեղ շատ կգտնվի, մինչև որ փոթորիկը անցնի:
— Այդ այդպես է, Լևոնի՛կ, սակայն այս գիշեր պետք է զգույշ մնալ: Գագիկի աչքերը սուր են և նրան չեն խաբի: Թող թշնամին գա և մեզ պատրաստ գտնի:
— Համբերիր, տե՛ր, ես այս րոպեիս կթռչեմ խուզարկելու բոլոր թփերը և վա՛յ նրան, ով իմ սրի բերանն ընկնի:
— Ո՛չ, Լևոնի՛կ, ես հավատում եմ, որ դու քաջ ես, սակայն մենք մեր թշնամուն չպիտի ցույց տանք, որ մեզ հայտնի է նրա ներկայությունը: Հրամայիր` վանքի դռները փակեն և ինքդ արթուն կաց, մինչև անգամ չարժե վանականների խաղաղությունը վրդովել և հայտնել մեր կասկածը:
Գագիկը մտավ յուր բնակարանը և ճրագի լուսավորության տակ երկար ժամանակ խոսում էր ծերունի վանականի հետ Հայաստանի երերուն դրության մասին, մինչև որ վանահայրը հեռացավ նրանից:
Գագիկը ո՛չ մի խոսք, ո՛չ մի բառ չասաց վանահորը յուր կասկածի մասին, այնինչ յուր սրտից չէր հեռանում այն աչքերի արտահայտությունը, որոնք ուղղված էին յուր վրա:
Գագիկը չէր վախենում մահից, ամենևին չէր էլ մտածում, թե կարող են իրեն սպանել, թե նա թշնամիներ շատ պիտի ունենա, քանի որ ինքը միակ ժառանգն է թափուր մնացած գահի, սակայն նա զզվում էր այն տեսակ մարդկանցից, որոնք գաղտագողի լրտեսում են իրեն: Նա երկար ժամանակ շրջում էր սենյակում, մինչև որ քունը կամաց-կամաց հաղթեց նրան: Նա հանվեց, պառկեց փափուկ անկողնի մեջ և ապա, հառելով իր մեծ աչքերը դեպի առաստաղը, կրկին ուզեց քունը փախցնել իրանից, սակայն ֆիզիկական հանգստությունն իրենն էր ուզում: Մատաղ մարմնին հանգստություն էր պետք, երիտասարդ հոգուն` խաղաղություն:
Հետզհետե Գագիկի աչքերը ծանրացան և քնի հրեշտակը նրան յուր գիրկն առավ: Նա քնեց: Հանգիստ բարձրանում, ցածրանում էր նրա կուրծքը, այնինչ նրա մատաղ դեմքին փայլում էր անհուն երանության ժպիտը: Ի՞նչ էր նա երազում այդ րոպեին — հայտնի չէր, սակայն նա ժպտում էր, մի ժպիտ, որը հատուկ է միայն պատանի հասակին:
Վաղուց արդեն խոր գիշերը տարածվել էր ամեն կողմ, սփռել էր խորին լռություն: Գագիկի հավատարիմ Լևոնիկն էլ զինված ու զրահավորված թիկն էր տվել Գագիկի ննջարանի դռների առաջ, քարե պատվանդանին և արթուն հսկում էր տիրոջը: Նա չէր մոռացել Գագիկի խոսքերը. թե §Լևոնի՛կ, պետք է այս գիշեր արթուն մնալ, մեզ լրտեսում են. թե չէ ո՞վ գիտե ինչ կարող է պատահել¦: Ծերունի Վահրամը Գագիկի պաշտպանությունը միայն իրեն հավատաց: Նա լավ է հիշում, թե ինչպես Վահրամ իշխանը համբուրեց իրեն և ասաց. «Լևոնի՛կ, Գագիկին պահպանիր քո աչքի լույսի պես, գիշերը չորս աչքով դիտիր, ցերեկը` երկու և վա՛յ քեզ, եթե նրա մազին դիպչող լինի»: Այդ խոսքերը հիշեց Լևոնիկը և ապա միտքը թռավ, գնաց դեպի իր հայրենի երկիրը, լեռնոտ Պաղին գավառը, ուր լեռների ծերպերում բարձրանում են իրենց հայրենի բերդերը, ուր անմատչելի ծերպերում և ձորերում վազում էր ինքը որսի ետևից և նիզակի մի հարվածով գլորում որսը, և ապա ուրախ-ուրախ վերադառնում ամրոց ու հպարտությամբ ցույց տալիս հորը: Նա հիշում էր, թե ինչպես հայրը` ծերունի Հաբելը, ախորժակով ուտում էր որսի միսը և միշտ գովում իրեն ու ասում. «Ապրի՛ս, Լևոնի՛կ, դու էլ քաջ ես ինչպես և մյուս եղբայրներդ. բոլորդ էլ արժանի եք իմ որդիքս կոչվելու»: «Վա՜հ, մի՞թե ես քնում եմ», — հանկարծ ասաց Լևոնիկը և ցնցվեց: Հիրավի սա նկատեց, որ յուր աչքերը ծանրացել են, որ քունը տանում է, որ նա չի կարողանում արթուն պահել իրեն:
— Չէ՛, ո՛չ մի ժամանակ ես ինձ թույլ չեմ տա քնելու: Այս ի՞նչ հիմարություն է, չէ՞ որ ես խոսք եմ տվել արթուն մնալ, այս ի՞նչ փոքրոգություն է իմ կողմից, — ասաց Լևոնիկը և դուրս գալով սկսեց աջ ու ձախ նայել, ականջ դնել, թե չի լսվում արդյոք քայլերի ձայն, կամ չկա՞ արդյոք կասկածելի մի բան: Բայց Լևոնիկը կասկածելի ոչինչ չնկատեց: Նրա ուշադրությունից վրիպեց միայն այն, որ նա վանքի պատերի տակ չնկատեց երկու մարդկային մարմին, որոնք արյունածարավ աչքերով իրեն էին նայում:
— Չէ՛, Գագիկը սխալվել է, կասկածավոր ոչինչ չի երևում, — ասաց Լևոնիկը և կրկին ներս մտնելով թիկն տվեց Գագիկի ննջարանի առաջ:
Անցավ մի փոքր ժամանակ: Լևոնիկի մտքի մեջ կրկին հանդես եկավ յուր հոր ամրոցը, հայրենի խնջույքը և ուրախությունը: Ա՛խ, ինչպես նա կցանկանար թռչել այնտեղ, ինչպես նա ուզում էր գոնե մի վայրկյան լինել այնտեղ և քաշել յուր եղբոր որդու` չարաճճի Պողոսի ականջները, որ միշտ կանգնում էր յուր առաջ և նետը ձեռքին կանչում. «Հորեղբա՛յր, ի՞նչ կընծայեիր ինձ, եթե նետով ահա այս նշանին խփեմ»: Մի համբույր, — պատասխանում էի նրան… Եվ հիրավի, այդ չարաճճին խփում էր նշանին և յուր վարդագույն այտերը դեմ անելով ասում. «Դե, հորեղբա՛յր, նշանին խփեցի, համբուրիր, միայն ինձ համար մի սուր գնիր, ես էլ եմ ուզում մեջքիս սուր կրել, ինչպես պապս և դու կրում եք»: Եվ Լևոնիկը, փայփայվելով այդ մտքով, չէր զգում, որ թեև յուր աչքերը բաց են, բայց նրա միտքը հետզհետե քնում է, հետզհետե կորցնում զգաստությունը և կոպերը կամաց-կամաց ծանրանում:
— Ա՛խ, Եսթե՜րս… Եսթե՜րս… Ինչքա՛ն ժամանակ է նրան չեմ տեսել, — մտածեց դարձյալ Լևոնիկը և չնկատեց, թե ինչպես այդ ժամանակ աչքերը փակվեցին և մի վայրկյանում ամեն ինչ թռավ մտքից: Նրա ուղեղը դադարեց գործելուց և հանգիստ անվրդով նինջ պատեց նրան…
Լևոնիկի ականջները չլսեցին անգամ, թե ինչպես դրսից լսվեց զգուշավոր քայլերի ձայներ, թե ինչպես դուռը բացվեց և մի մարդ սուրը հանած կանգնեց յուր գլխին:
Մարդասպանը կանգնած էր նրա գլխին և օրորում էր սուրը: Նա մտածում էր, սպանի՞, թե ոչ: Այդ չէր յուր նպատակը: Լևոնիկի կյանքը նրան պետք չէր: Նրան հարկավոր էր ավելի թանկագին կյանք: Նա պիտի վերջ դներ Գագիկ իշխանի կյանքին, որ ստանար Վեստ Սարգսից` թանկ գնով ձեռք բերած ոսկիները: Եվ մարդասպանը վճռեց առաջ սրան սպանել, հետո` մյուսին: Սա արգելք էր նրա նպատակին: Եվ մարդասպանը սուրը բարձրացրեց և ուզեց մխել Լևոնիկի կուրծքը, երբ մի անորոշ խուլ շշունջ լսեց դրսից: Մարդասպանը կանգ առավ և դեպի դուռը նայեց, ուր դանդաղ, զգուշավոր քայլերով ինչ-որ մեկը մոտենում էր:
Այդ միջոցին Լևոնիկը աչքերը բաց արավ և տեսավ մարդասպանին` մերկ սուրը ձեռքին: Մի վայրկյան և Լևոնիկը վեր թռավ տեղից ու սկսվեց կռիվը երկուսի մեջ:
— Է, հե՛յ, լավ ժամանակ գտար Լևոնիկին սպանելու,— գոռաց նա, — անձնատուր եղիր, թե չէ մաս-մաս կկտրատեմ:
Մարդասպանը յուր հարվածով վիրավորեց Լևոնիկի ուսը: Լևոնիկը ցավից կսկծաց, բայց ավելի կատաղեց, երբ տեսավ, որ դուռը բացվելով մի ուրիշ չարագործ էլ ներս մտավ և հարձակվեց յուր վրա:
— Ա՛… անիծվածնե՛ր, դուք երկո՞ւսն եք, թե էլի կաք: Մի՞թե դուք չգիտեք, որ Լևոնիկին տասն էլ հերիք չէ:
Կռիվը երկար չտևեց: Չարագործներից մեկը շուտով վայր ընկավ, իսկ մյուսը տեսնելով այդ, խույս տվեց և անհետացավ:
Այդ միջոցին պատանի Գագիկը վեր կացավ և, տեսնելով վիրավոր չարագործին, գլուխը շարժեց, չարագործը հեծում էր մահու տագնապի մեջ:
Աղմուկն ընկավ վանքի մեջ, և շուտով ամեն կողմ ճրագներ վառվեցան: Նրանք ամեն կողմ փնտրեցին մյուս չարագործին բռնելու, սակայն նրա հետքն էլ չգտան: Ո՞րտեղից էին այդ մարդասպանները ներս եկել, և ո՞րտեղից փախուստ տվեց նրանցից մեկը. այդ անհայտ մնաց: Սակայն, երբ նայեցին վիրավորվածի դեմքին, սոսկացին, դա վանքի ծառաներից մեկն էր` Մարկոսը:
— Դավաճա՛ն, այդ ո՞ւմ էիր ուզում սպանել, — կանչեց վանահայրը բարկությունից դողացող շրթունքներով:
— Ների՜ր… վանահա՛յր, ես մեղք չունեմ… Եզոն… — խոսքը կիսատ մնաց վիրավորի բերանում, և նա շունչը փչեց:
— Նա կաշառված էր Եղոյից, բայց թե ո՞վ է այդ Եղոն, ահա՛ գաղտնիքը, — ասաց Լևոնիկը և սառնասրտությամբ յուր վերքը բացեց կապելու…
Թ
[խմբագրել]ՀՈՒՍԱՀԱՏ ՍԻՐՏԸ
Լուսիկի մատաղ կյանքը ծաղկում էր և ուրախ թռչնիկի նման թրթռում: Դեռափթիթ վարդի նման նա օր ավուր բացվում էր ու գեղեցկանում: Գարնանային արևի անդրանիկ ճառագայթները սփռվել էին աշխարհի վրա, երբ Լուսիկն արդեն ոտքի վրա էր: Նա նոր էր յուր կովը կթել և դեպի դաշտ թողել իսկ ինքը բոկոտն մտել յուր փոքրիկ պարտեզը, ուր նարգիզն ու շուշանը, ռեհանն ու սուսամբարը բուրում էին անուշահոտությամբ: Նա նայում էր ամեն մի մարգ, ամեն մի ծաղիկ առանձին հոտոտում և ապա ջրում յուր ծաղիկները… Լուսիկը սիրում էր այդ փոքրիկ պարտեզը, որ յուր ձեռատունկն էր և ուր ազատ ժամերը անց էր կացնում ծաղիկների և վարդերի հետ զրույց անելով: Այդ վարդերի թփերի վրա ամեն առավոտ նստում էր բլբուլը և յուր սիրուն երգը երգում: Բլբուլը երգում էր… Նրա ձայնը խիստ դուրալի, խիստ քնքուշ էր, որ շարժում էր Լուսիկի սրտի ամենանուրբ թելերը և նրան լացացնելու չափ հուզում… Ո՜հ, բլբուլը սեր էր երգում, սեր մատաղ կյանքին, սեր նոր բացվող վարդի կոկոնին: Լուսիկի սիրտն էլ կարոտ էր այդ սիրույն, կարոտ յուր գիժ Ստեփանիկի սիրուն դեմքին, բայց ահա ամիսները գլորվում էին իրար ետևից, սակայն նա չկար ու չկար… Ա՛խ… թռի՛ր, բլբո՛ւլ, թռի՛ր, հեռացիր իմ ձեռատունկ վարդերից, քո երգը քաղցր է, քան մեղրը և թունալից, քան օձի թույնը: Դու և՛ կրակ ես թափում սրտիս մեջ ու այրում նրան, և՛ թույն ես թափում, սպանում ինձ, և մեղեդիներ երգում, որոնք քաղցր են, քան նույն ինքն երջանկությունը… Ա՜խ, քո երգերից խաբված մոռանում եմ ամեն ինչ և նրա գրկում կարծում. բայց սուտ է ամեն ինչ, դատարկ ցնորք, սնոտի երազ, Ստեփանիկը ինձ խաբեց և նա էլ չի վերադառնա…
Այսպես մտածում էր Լուսիկը և ամեն օր բլբուլի երգը լսելուց հետո ջրում պարտեզը, ծաղիկներից մի փունջ կազմում և յուր խուղը զարդարում, ապա, դիմելով հորը, շարունակ հարցնում.
— Հայրի՛կ, Հարպիկ իշխանից լուր չունե՞ս, երբ պիտի գա Ստեփանիկը:
— Ի՞նչ է, աղջի՛կս, ինչու՞ թառամում են այտերդ և խավարում աչքերդ: Չէ՞ որ գիժ Ստափանիկը խոսք տվեց վերադառնալու… ինչու՞ դու համբերություն չունես…
— Ա՛խ, հայրի՛կ, օրերն անցնում են, բայց ո՛չ Հարպիկ իշխանն է երևում և ո՛չ Ստեփանիկը, իսկ ես մաշվում եմ…
— Համբերությունը լավ բան է, Լուսի՛կ, չէ՞ որ ես ինքս օրհնեցի երկուսիդ նշանադրությունը և ինքը` Հարպիկ իշխանը խոստացավ խաչդ բռնելու: Մի՞թե Հարպիկ իշխանը կդրժի յուր խոսքը, մի՞թե կմոռանա յուր տված խոստմունքը: Չէ՛, նա ուր որ է կերևա, որովհետև նրա սիրտն էլ կապված է մեր Գոհարիկի հետ… Բայց այս ի՞նչ եմ տեսնում: Լուսի՛կ, նայիր ճանապարհի ուղղությամբ, կարծես փոշու ամպեր են բարձրանում, — խոսքը հանկարծ փոխեց դարբին Ղևոնդը և, ձեռքը ճակատին դնելով, ուշադրությամբ սկսեց դեպի փոշու ամպը նայել:
— Այո՛, հայրիկ, կարծես մի խումբ ձիավորներ են գալիս, — պատասխանեց Լուսիկը, և նրա սիրտը կարծես կանգ առավ ուրախությունից: Նա այդ կողմից Հարպիկ իշխանին ու յուր գիժ Ստեփանիկին էր սպասում:
— Անպատճառ Հարպիկ իշխանն է, — ասաց Ղևոնդը:
— Չեմ կարծում, հայրի՛կ, Հարպիկ իշխանը չի սիրում մի խումբ ձիավորներով շրջել: Չե՞ս տեսնում, հայրի՛կ, ինչպես փայլում են զենքերը արևի ճառագայթների տակ, ով որ է` նշանավոր իշխաններից մեկն է լինելու — ասաց հուսահատ ձայնով Լուսիկը:
— Հա՛, հասկանում եմ, մեր թագավորության խնամակալ Վեստ Սարգիսը կլինի: Օ՜, եթե նա է, մենք շուտով պիտի հեռանանք դռներից: Ես չեմ ցանկանում նրա երեսը տեսնել:
Մինչդեռ հայր ու աղջիկ խոսում էին, ձիավոր խումբը մոտեցավ նրանց և սրարշավ անցավ նրանց առջևից դեպի Անի քաղաքը: Հայր և աղջիկ զարմացած դեռ նայում էին նրանց ետևից: Այդ խումբը բաղկացած էր մոտ հարյուր ձիավորից և մի քանի իշխաններից, որոնց առջևից գնում էր մի հույն իշխան:
— Պատգամավոր հոռոմներից… Այս ի՞նչ բան է, — ասաց Ղևոնդը:
— Այո, հույն իշխան էր առաջին ձիավորը, բայց ի՞նչ բան ունի մեր երկրում:
— Անշուշտ մի նոր վիշտ, մի նոր տառապանք է բերում հայերիս համար, թե չէ հոռոմոց թագավորը օգուտի համար մեզ մոտ պատգամավոր չի ուղարկի: Երևի մի փորացավ ունի:
— Բայց տեսա՞ր, հայրի՛կ, ինչ գոռոզ կերպարանք ուներ, նա այնպես էր իրեն պահում, կարծես մեր Հայաստանի տերը լիներ: Չէ որ մեր թագավորներն էլ այդպես գոռոզ կերպարանք չունեն, ինչպես այդ հույն իշխանը:
— Է՜հ, աղջի՛կս, հիմա դրանց գոռոզանալու ժամանակն է, քանի որ մենք թագավոր չունենք. ա՛յ, երբ Գագիկ իշխանը թագավոր օծվի, այն ժամանակ դրանք չեն համարձակվի այդպես գոռոզ դիրք բռնել:
— Իսկ ո՞ւր է Գագիկը, հայրի՛կ, ինչու՞ նրան չեն օծում թագավոր:
— Նա դեռ փոքր է, աղջի՛կս, հազիվ 15 տարեկան և անպիտան Վեստ Սարգսի ձեռքից ծածկված: Ա՛յ, թող մի փոքր նրա թևերը ամրանան, այն ժամանակ նա ցույց կտա Վեստ Սարգսին, թե ինքը ինչ տեսակ կորյուն է:
— Լա՛վ, ինչու՞ Վեստ Սարգիսը թշնամություն է անում Գագիկին:
— Ինչո՞ւ. նրա՛ համար, որ գահն ինքը ժառանգի և ո՛չ թե Գագիկը: Հարցրու Խենթին, տես ինչեր կպատմի Վեստ Սարգսի կյանքից: Նա յուր փառասիրության համար ամեն ինչ կզոհի և ես կարծում եմ, որ այս հույն իշխանին էլ նա է հրավիրել, ո՞վ գիտե ինչ սատանություններ նյութելու համար:
— Իսկ Հարպիկ իշխանը ո՞ւմ կողմն է, մի՞թե նա կպաշտպանի Վեստ Սարգսին, եթե հարկը ստիպի:
— Եթե հարկը ստիպի… Եթե հարկը ստիպի, նա Վեստ Սարգսի արյունը կխմի, ինչպես և Վահրամը, բայց ինչ անես, որ Վեստ Սարգիսը ներկայիս ուժեղ է և թագավորության ամբողջ գանձը յուր ձեռքումն է: Այդ է պատճառը, որ Վահրամյանք հեռվից մռմռում են, բայց դեռ ոչինչ չեն կարողանում անել նրան:
— Աստված վերջը բարի անե, հայրի՛կ, լավ չէ, որ մեր իշխանները փոխանակ իրար ձեռք-ձեռքի տալու, իրար դեմ են գնում:
— Հը՜ մ… հենց այդ է, որ մեր տունը քանդում է, է՛… այդ անմիաբանությունը որ չլիներ, հո մեր ազգի նման ուժեղ և զորավոր ազգ մեկն էլ չէր լինի: Բայց ինչ անես, որ արտաքին թշնամին հենց այդ բանից է բռնում և մեր աչքը հանում, թե չէ ինչպես կհամարձակվեր հույնը կամ արաբը մեր աշխարհն ավերել ու ոտնատակ տալ:
— Բայց Վեստ Սարգիսը ի՞նչ կօգտվի, հայրի՛կ, յուր անմիաբանությունից:
— Այդ արդեն մեր բանը չէ: Կօգտվի, թե չի օգտվի, չգիտեմ, բայց որ Հայաստանը տակնուվրա կլինի, այդ լավ գիտեմ: Է՛յ, աղջի՜կս, կմեծանաս, դեռ շատ բան կիմանաս: Այժմ գնա, քո ապուրը պատրաստիր, ով գիտե, գուցե հենց հիմա երևա քո Ստեփանիկը և յուր գժությունները բանեցնե ու քեզանից շուտով ապուր ուզե: Չէ՞ որ նա սիրում է քո եփած ապուրը:
Լուսիկը խոր ախ քաշեց ու հեռացավ, այնինչ դարբին Ղևոնդը սկսեց մտազբաղ խուղի առաջ շրջել: Թե ի՞նչ էր մտածում, հայտնի չէր, երևում էր միայն, որ նրա սրտի մեջ ինչ-որ մի ներքին կռիվ կար, ինչ-որ մի անհայտ որդ բույն էր դրել նրա մեջ և անողորմաբար կրծում էր նրա սիրտը և տակնուվրա անում նրա հոգու խաղաղությունը…
Ժ
[խմբագրել]ՓԱՐԵՑԵՔ ԽԱՉԻՆ, ՎՏԱՆԳԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է
Եվ հանկարծ բոթաբեր գույժը ցնցեց Հայաստանը մի ծայրից մյուսը…
Հույները պահանջում են Հայաստանը: Նրանք տեր են մի թղթի, որով թուլամորթ թագավորը` Հովհաննես-Սմբատը, յուր կնիքով և ստորագրությամբ վավերացնելով, յուր մահից հետո Հայաստանը կտակում է հույներին… Հեշտ է ասել` կտակում է… Բայց չէ՞ որ դա մի տուն, այգի, ամայի երկիր չէր, որ այդպես հեշտ անցներ մեկի ձեռքից մյուսը: Չէ՞ որ Հայաստանը մեռած չէր և չպիտի մեռներ Հովհաննես թագավորից հետո… Նա ապրում էր ազատ, ինքնագլուխ և պիտի ապրեր:
Հայաստանը ստրկական կյանքի սովոր չէր և յուր ազատությունը այդպես հեշտ, մի թղթի զորությամբ չէր տա հույներին: Եվ չտվեց էլ:
Հույն պատգամավորը պահանջում էր.
— Ձեր թագավորի տված թղթի զորությամբ մերն է Անին և շրջայքը, տվեք մեզ և այն ժամանակ դուք մեծապես կվարձատրվեք ու կարժանանաք մեծազոր կայսեր ողորմությանը:
— Չէ՛, մենք մեր ձեռքով մեր տունը չենք քանդի, չենք ուզում ո՛չ ձեր ոսկիները, ո՛չ ձեր այստեղ գալը, հեռացեք մեզանից և մենք խաղաղ կապրենք ձեզ հետ, — ասացին մի քանի իշխաններ, իսկ մի քանի իշխաններ էլ գլուխները կախեցին ու մտածեցին.
— Ի՞նչ շահ, եթե Գագիկը թագավոր լինի, ավելի լավ է մեծազոր կայսեր ծառայությունն ընդունել, նա մեզ առատ կվարձատրի:
Հույն պատգամավորը և՛ ճարտար էր, և՛ խորամանկ: Նա ցույց տվեց նրանց փայլուն ոսկիներ, և հայ իշխաններից շատերը հրապուրված դրանից հրաժարվեցին իրենց համոզմունքից: Վրա հասավ և Վեստ Սարգիսը, որ ծածուկ գրգռում էր տալ Անին հույներին: Սակայն մեռած չէր Վահրամ իշխանը: Նա բեկյալ սրտով իշխաններին ժողովի հրավիրեց և հույն պատգամավորի անիրագործելի պահանջը բացատրեց:
— Բարեկամնե՛ր, — ասաց նա, — լավ կշռեցեք, ինչ որ անելու եք, որպեսզի ապագայում ամոթով չմնանք և մեր հետնորդները մեզ անեծքով չհիշեն: Գիտե՞ք, արդյոք, թե ի՞նչ է պահանջում մեզանից հույնը: Նա պահանջում է մեր ազգի կործանումը, մեր թագավորության քայքայումը: Նա ուզում է, որ մենք մեր ազատությունը ծախենք անարգ գերության և ստրկության, որ մենք մեր սուրը վայր դնենք և վիզներս դեմ տանք մեր թշնամիներին, որ նա կտրի այն և բնաջինջ անի մեզ… Ասացե՛ք, համաձա՞յն եք:
— Ո՛չ, ո՛չ, — լսվեցին խուլ ձայներ այս ու այն կողմից:
— Եթե ոչ, ուրեմն թող հույն իշխանը մեր մոտից գնա խաղաղությամբ և հայտնի յուր կայսեր, որ նրա պահանջը անիրագործելի է, որ նա զուր մեր արյունն է պղտորում, որ ցնորք պիտի համարել մեզանից Անին առնելը, իսկ եթե նա համարձակվի կրկին ոտք դնել Հայաստան այդ պահանջներով, այն ժամանակ երդվեցեք այս խաչի վրա, որ մինչև արյան վերջին կաթիլը պիտի պահպանենք մեր հայրենիքը և մեր ազատությունը: Թող կայսրը իմանա, որ մենք կապավինենք մեր պահապան, մեր զորավոր խաչին և զենքը ձեռքներիս կկռվենք մինչև մեր վերջին շունչը, և նա մեր դիակների կույտերի վրայով միայն կառնի Անին ու իր շրջակայքը… Ասացեք, իշխաննե՛ր, համաձա՞յն եք, — ասաց Վահրամ իշխանը, և նրա ձայնը դողդողաց, այնինչ աչքերից կայծակներ էին դուրս թռչում և սարսռեցնում ժողոված իշխանների մարմինները:
— Համաձայն ենք, Վահրա՛մ իշխան, մենք մինչև վերջին շունչը կկռվենք մեր հայրենիքի ազատության համար, — ասացին մի քանի իշխաններ:
— Իսկ ինչ կասես դու, մեծազոր խնամակալ Վեստ Սարգիս, — դարձավ Վահրամը և մի այնպիսի հայացք ձգեց նրա վրա, որ նա իսկապես պիտի սարսռար: Սակայն Վեստ Սարգսի մի մկանն անգամ չշարժվեց: Նա փորձված և խորամանկ էր: Այդպիսի դեպքերում նա գիտեր իրեն պահել:
— Ո՜հ, Վահրա՛մ իշխան, քո բերնով աստված ինքն է խոսում և ես էլ անեծք եմ թողնում այն իշխանի գլխին, որ յուր ձեռքով յուր տունը կքանդի և Անին յուր 1001 եկեղեցիներով հույներին կհանձնի: Վատ և անարգ է այն հայը, ով կդավաճանի յուր հայրենիքին:
— Իսկ դու, վեհափա՛ռ տեր, ի՞նչ կասես մեր վճռին, — դարձավ Վահրամ իշխանը Պետրոս Գետադարձ կաթողիկոսին, որ ներկա լինելով ժողովին, լուռ լսում էր իշխանների խորհուրդը:
— Իշխաննե՛ր, այդ թուղթը, որի զորությամբ հույները պահանջում են Անին և յուր շրջակայքը իմ ներկայությամբ է գրված և ես մեղավորս ոչ մի կերպ չկարողացա մեր հանգուցյալ թագավորին համոզել, որ դա ազգակործան մի թուղթ է: Նա գրեց այդ թուղթը և յուր կարճամյա հանգստությունը շատ թանկ գնեց: Բայց այժմ լավ պիտի մտածեք, որ հույները այլևս ձեռք չեն վերցնի այդ պահանջից: Ուստի և եթե դուք ձեր մեջ զգում եք մի ուժ, եթե ձեր մեջ կլինի հույներին դիմադրելու անքակտելի միաբանություն, այդ դեպքում ես համաձայն եմ ձեր վճռին և օրհնում եմ ձեր միաբանությունը: Իսկ եթե ձեր մեջ ընկնելու է երկպառակության չար որոմը, և ոտնատակ է լինելու Հայաստանը, այդ դեպքում մնում է ինձ լռել և ձեր հանցանքը ձեր վզովը փաթաթել:
— Դավաճանը յուր արժանավոր պատիժը կստանա, վեհափա՛ռ տեր, և քանի Վահրամ իշխանը կենդանի է, հույնը Անիի տերը չի դառնա: Մեր գահը թեև թափուր է, բայց տեր ունի: Գագիկը նրա օրինավոր ժառանգն է և պիտի ժառանգի այդ գահը, — ասաց Վահրամը և հրամայեց հույն պատգամավորին ժողովի հրավիրել:
Անցավ մի փոքր ժամանակ և հույն իշխանը խորհրդարան մտավ ու մի տեսակ գոռոզ արհամարհական հայացք ձգելով չորս կողմը` հարցրեց.
— Ինչու՞ համար են ինձ կանչում հայ իշխանները:
Վահրամ իշխանի դեմքի գույնը թռավ, բարկության շանթեր անցան նրա դեմքի վրայով ու բարկությունից ատամները կրճտացրեց.
— Դուք մեզանից պահանջում եք Անին, այդպես չէ՞:
— Պահանջում ենք, որովհետև մերն է, մի՞թե կհանդգնեք դեմ կենալ մեծազոր կայսեր հրամանին:
— Հույները Անիին չեն տիրանա: Հայտնեցեք կայսերը, որ այդ ցնորքը հանի յուր մտքից, — պատասխանեց Վահրամը:
— Ինչպե՞ս… դուք անարգ իշխաններդ հանդգնում եք մեր կայսեր դե՞մ գնալ, — ասաց հույն իշխանը արհամարհական ժպիտ արձակելով դեպի Վահրամ իշխանը:
— Իշխա՛ն, լեզվիդ չափ դիր, ճանաչիր, թե դու որտեղ ես գտնվում, — պատասխանեց Վահրամ իշխանը մինչև ականջները կարմրելով:
— Ի՞նչ, ես պիտի վախենամ անարգ հայերի՞ց…
— Լռի՛ր, ապա թե ոչ շանսատակ կանեմ քեզ, — գոռաց Վահրամը և սուրը պատյանից հանելով ուզում էր հարձակվել իշխանի վրա, որը համարձակվում էր անարգ լեզու բանեցնել դեպի հայերը, սակայն այդ միջոցին մեջ ընկավ Վեստ Սարգիսը և նրանց բաժանեց: Հույն իշխանը, որ երկյուղից թաքնվել էր Վեստ Սարգսի ետևը, այժմ սիրտ առած յուր սուրն էր մերկացրել և գոռում էր:
Բայց Վեստ Սարգիսը նրան դուրս տարավ և քիչ ժամանակից հետո ժողովն էլ փակվեցավ:
Հայաստանի դրությունը տագնապալից էր… Վտանգը մոտենում էր…
ԺԱ
[խմբագրել]ԼԵՌՆԵՐԻ ԱՎԱԶԱԿԸ
Հայաստանի Չորրորդ Հայք նահանգում, Տավրոս լեռներից դեպի հյուսիս, Պաղին կամ Բաղնատուն գավառում, անմատչեչի լեռների գլխին բարձրանում էին մի քանի անմատչելի բերդեր, ուր իշխում էին Հաբել իշխանը և յուր որդիք` Հարպիկ, Դավիթ, Լևոն և Կոնստանդին: Շրջակա թշնամիներից ոչ մեկը չէր համարձակվում խանգարել այդ քաջերի անդորրությունը: Թաթարն ու հույնը խույս էին տալիս նրանց երեսից, լսելով նրանց արյունածարավ գործերը և դևեր համարելով նրանց, անուններից անգամ դողում: Վա՛յ նրան, ով կընկներ այդ չորս եղբայրների սրերի բերանը, էլ նրան ազատում չկար և սրի մի հարվածը վերջ էր դնում նրա կյանքին:
Մթին անտառներում և լեռների խոր ձորերում ու ծերպերում առատությամբ թաքնվում էին վայրի կենդանիները, որոնք չէին համարձակվում Հաբելի որդիների ահից գլուխները դուրս բերել: Նրանք գիտեին, որ մահաբեր նետը վերջ պիտի դներ իրենց կյանքին: Թռչունները միայն ազատ երգում էին անտառների մեջ և իրենց ճռվողյունով թնդացնում օդը: Նրանք ազատություն էին վայելում այդտեղ: Նրանք գիտեին, որ Հաբելի որդիք իրենց ձեռք չեն տա, և ուրիշներն էլ չեն համարձակվի խանգարելու իրենց հանգստությունը: Եվ հիրավի, Հաբելի որդիք որքան արյունածարավ էին, նույնքան` բարի և խղճով: Նրանք անխնա կոտորում էին վայրի գազաններին, բայց ձեռք չէին տալիս անմեղ թռչուններին: Այդպես էլ վարվում էին մարդկանց հետ: Հայ շինականներին հոգու չափ սիրում ու պաշտպանում էին, իսկ հույներին և թաթարներին` ատելով ատում: Նրանք ծարավի էին դրանց արյան, բայց ավելի ծարավի այն հայ իշխանների արյանը, որոնք դավաճանում էին իրենց ազգին: Եվ այդ էր պատճառը, որ նրանց որքան սիրում էր գեղջուկը, նույնքան ատում էին հույները, թաթարները և հայ դավաճան իշխանները, որոնք դրանց «ավազակներ» էին հռչակել:
Եվ ահա այնտեղ, լեռների ծերպին բարձրանում են Արղնո ամրոցի հսկա պարիսպները, որի գլխին պտտվում էր բարձրաթռիչք արծիվը և յուր սրատես աչքերով որս փնտրում:
Հաբել իշխանը կանգնած է աշտարակներից մեկի վրա և գոհ սրտով հեռուն է դիտում, այնինչ յուր երեք որդիք Հարպիկը, Դավիթը և Կոնստանդինը խորին ակնածությամբ կանգնած իրենց հորից մի փոքր հեռու, լուռ նրա հրամանին են սպասում: Բավական է մի փոքրիկ նշան, մի ակնարկ, որ երեքն էլ որդիական ակնածությամբ իրենց ցած գլորեն աշտարակի բարձրությունից: Հաբելը նայում է բավականությամբ դեպի ոտքերի տակ տարածված ծերպերը, ուր խոխոջալով վազում են լեռնային առվակները և իբրև մի սպիտակ ժապավեն ոլորվում լեռների չորս կողմը: Հաբելը գոհունակությամբ շփում է յուր ալեզարդ մորուսը և ապա ակամայից հայացքը վեր բարձրացնում, ուր դեռ պտտվում էր արծիվը: Հանկարծ նրա դեմքը ցնցվում է, և նրա խրոխտ դեմքի վրա անցնում ժպիտի նման մի բան, ապա, դառնալով դեպի յուր որդիք, ասում է.
— Որդի՛ք, մոտ եկեք:
Երեքն էլ մի ակնթարթում մոտ են վազում և ձեռքները կրծքին, խորին անկնածությամբ գլուխ տալիս հորը:
— Նայեցեք վեր, տեսնո՞ւմ եք այն արծվին, որ մեր գլխին է պտտվում, նա որս է փնտրում: Հաբելի որդոց ներկայությամբ նա ուզում է հափշտակություն անել, բայց չէ որ նրան այդ իրավունքը չի տրված:
— Այո՛, հայրի՛կ, նա չի համարձակվի, — պատասխանում է Հարպիկը` մեծ որդին և կրկին գլուխ տալիս:
— Հը՛մ, բայց նա մեզ չի ճանաչում, մեր իրավունքները ուզում է ոտնատակ անել և թռցնել մեզանից մի որս:
— Նա կպատժվի, հա՛յր, եթե իրավունք կտաս, — խոսեց կրկին Հարպիկը:
— Այո, պետք է պատժել, պետք է սովորեցնել, թե ո՞վ է ապրում այս աշտարակում, — ասաց Հաբելը և հեգնական կերպով դիմելով բոլորին` ավելացրեց.
— Բայց ո՞վ արդյոք ձեզանից մի նետի հարվածով ցած կգլորի նրան իր բարձրությունից:
— Ես, հայրի՛կ, — ասաց Հարպիկը` աչքով չափելով արծվի հեռավորությունը:
— Եվ ես, — պատասխանեց միջնակը:
— Եվ ես, — ետ չմնաց փոքրիկը և նրա սիրտը թունդ առավ, թե արդյոք կբախտավորեցնի՞ հայրը` այդ գործը իրեն հանձնելով:
— Ինչպես տեսնում եմ, բոլորդ էլ պատրաստ եք և եթե Լևոնիկս էլ այստեղ լիներ, նա էլ ետ չէր մնա, բայց նա լավ գործի է: Դե, Կոնստանդի՛ն, սկսիր, այդ պատիվը քեզ եմ տալիս, որպես ամենափոքրի: Ես տեսնում եմ, որ աչքերդ անհամբերությունից փայլում են, — ասաց Հաբելը:
Կոնստանդինն էլ սպասեցնել չտվեց: Նա վերցրեց նետը, դրեց աղեղի մեջ և մի վայրկյան դիտեց արծվի պտույտի ձևը: Հայր և որդիք հետաքրքրությամբ նայում էին, թե արդյոք չի՞ վրիպի նա նշանից: Արծիվը բավական բարձր էր:
Հանկարծ Կոնստանդինը հաստատուն ձեռքերով քաշեց լարը, նշան դրեց և բաց թողեց նետը: Նետը սլացավ վեր և մի քանի վայրկյանից հետո հայր և որդիք տեսան, որ թռչունների թագավորը տատանվեց, երերաց և ուժգնությամբ ցած սլացավ: Մի քանի վայրկյան էլ և նա ընկավ Հաբելի ոտքերի տակ…
Հաբելը տեսավ, որ արծվի կրծքին մխված է Կոնստանդինի արձակած նետը և նրա կրծքից բխում է արյուն:
— Ապրե՜ս, զավա՛կս, դու արժանի ես իմ որդին կոչվելու, — ասաց հայրը:
Կոնստանդինը մոտեցավ հորը, ծունկ չոքեց և համբուրեց հոր ձեռքը, իսկ հայրը` նրա ճակատը:
Տիրեց մի փոքր լռություն: Հաբելը կարծես առժամանակ մոռացավ արծվին, և նրա դեմքի վրայով մի մթին ամպ անցավ: Երևում էր, որ մի ինչ-որ բան անհանգստացնում էր նրան, որ մի ինչ-որ բան հուզում էր նրա սիրտը:
— Հարպի՛կ, բավական ժամանակ է մենք տեղեկության չունենք Շիրակից. այդ բանը շատ է անհանգստացնում ինձ. արդյոք ի՞նչ է պատահել այնտեղ, — ասաց Հաբելը` դիմելով որդուն, սակայն առանց երեսը դեպի նա դարձնելու:
— Այո, հայրի՛կ, մի քանի ամիս է, ինչ ես վերադարձել եմ և դրանից հետո դեռ լուր չունենք, թեև Վահրամ իշխանը խոստացավ շուտ-շուտ տեղեկություն տալ մեզ:
— Երևում է, որ այնտեղ կարևոր բաներ են պատահել, և Վահրամ իշխանը միջոց չունի մեզ տեղեկացնելու: Բայց դու չե՞ս կարոտում Գոհարիդ, — դարձավ Հաբելը և շեշտակի նայեց ավագ որդու աչքերին:
Հարպիկը ամոթխածությունից մինչև ականջները կարմրեց:
— Ա՜… տեսնում եմ, որ սրտիդ լարերից խոսեցի, բայց համբերություն ունեցիր և ամեն բան լավ կերթա:
— Շտապելու բան չկա, հայրի՛կ, դեռ կարևոր գործեր կան:
— Ի՞նչ գործեր, — զարմացած հարցրեց հայրը:
— Հույները կրկին հանգիստ չեն մնում, նրանք նորերս ձեր կալվածքների վրա հարձակում գործեցին:
— Ի՞նչպես… հետո՞…
— Հետո նրանք ստացան իրենց արժանի հատուցումը:
— Հը՛մ… ինչ Հովհաննես թագավորը վախճանվել է, դրանք երես են առել, պետք է դրանց դաս տալ, ինչպես երևում է նախկին դասերից չեն խրատվել:
— Այո, հայրի՛կ, եթե նայենք լուրերին, հույները մտադրվում են հարձակվել նաև մեր բերդերի վրա և, ինչպես ասում են, այդ բանին օգնում է հայ իշխաններից մեկը:
— Ո՞վ:
— Թլպաղտո բերդի իշխան Թորոսիկը:
— Թորոսի՞կը… և ի՞նչ է ուզում դա. մի՞թե ցանկանում է, որ մեր բերդերը հույներին տանք և նրանք մեզանից առնելով իրեն հրամցնեն:
— Նա հիմարացել է, հայրի՛կ, և ուզում է վասակներին, մեհրուժաններին դասակից լինել: Նրանց դափնիները Թորոսիկին հանգստություն չեն տալիս:
— Իսկ նրա որդին` Ստեփանիկը, չէ՞ որ նա մեզ մոտ պատանդ է:
— Որդին հոր արյունից չէ, Ստեփանիկը ամենահայրենասեր երիտասարդներից մեկն է և ատում է հորը:
— Ատո՞ւմ է… Այդպես էլ պետք է, բայց հարկավոր է զգույշ մնալ: Ո՞վ գիտե, ինչ կարող է պատահել:
— Ես երաշխավոր եմ Ստեփանիկի համար, հա՛յր, նա չի ուզում մինչև անգամ յուր հոր երեսը տեսնել, նրան դավաճան է անվանում:
— Լավ, բայց ահա ինչ-որ մեկը մեր ամրոցն է բարձրանում:
Հրամայեց բանալ դռները և ընդունել:
Կրկին լռություն տիրեց: Հաբելի որդիներից մեկը իսկույն հեռացավ և կարճ ժամանակից հետո դարձավ մի հաղթանդամ մարդու ուղեկցությամբ: Անծանոթ մարդը դեռ հեռվից նկատելով Հաբել իշխանին կանչեց.
— Ինձ մի հարցնեք` ով եմ ես…
— Խենթն է, — ասաց Հաբելը և ժպտաց:
Խենթը մոտեցավ Հաբել իշխանին, ձեռքերը կրծքին դրեց և խոր գլուխ տվեց:
— Բարև՛, Խե՛նթ, բարև՛. հը՛, կրկին խե՞նթ ես, թե խելոքացել ես:
— Տեղ կա` խենթ, տեղ կա` խելոք, իսկ տեղ կա` ո՛չ խելոք, ո՛չ խենթ… բայց ստացեք Վահրամ իշխանի նամակը:
Հաբել իշխանը կարդում էր նամակը, և դեմքը հետզհետե գունատվում էր: Բարկության ալիքները անցնում էին նրա դեմքի վրայով, և աչքերը կատաղության շանթեր էին արձակում:
Հարպիկ իշխանը նայում էր հոր դեմքին, և նրա սիրտը փուլ էր գալիս: Նա զգում էր, որ օտարոտի անցքեր են պատահել Հայաստանում: Արդյոք Գոհարիկի հետ ոչինչ չի՞ պատահել:
Հաբել իշխանը վերջացրեց կարդալը, և, դառնալով որդուն, ասաց.
— Հարպի՛կ, որդիս, դու պետք է իսկույն ևեթ սլանաս Անի: Գործերը խիստ ծանրանում են, հույներն ուզում են Հայաստանի տերը դառնալ, իսկ Վեստ Սարգիս իշխանը` Հայոց թագավորության խնամակալը, գաղտնի օգնում է նրանց, հուսալով, որ նրանք Հայաստանի թագը կդնեն նրա գլխին: Բայց վա՜յ դավաճաններին…
— Իսկ դո՛ւ, Դավի՛թ, — դարձավ Հաբելը մյուս որդուն, — ամրացրու մեր բերդերը և գնդերդ պատրաստ պահիր հարկավոր դեպքում օգնության գնալու Վահրամ իշխանին: Հայաստանի սիրտը Անին է, եթե Անին խլվի մեզանից, ամեն ինչ կվերջանա: Սիրտը դադարելուց հետո մարդը չի կարող գոյություն ունենալ: Լավ տեղից են բռնել անպիտան հույները:
Հաբել իշխանը, վեր կացավ և, դառնալով Խենթին, ասաց.
— Լավ լուրեր չես բերել, Խե՛նթ, հետևիր ինձ, պետք է այդ մասին մանրամասն խոսել:
Նրանք հեռացան աշտարակից, իսկ փոքր Ժամանակից հետո երկու ձիավոր դուրս գալով Արղնո ամրոցից, ձիերի գլուխները դարձրին դեպի Անիի ճանապարհը և սլացան առաջ:
Ձիավորներից մեկը Հարպիկ իշխանն էր, իսկ մյուսը Ստեփանիկը` դավաճան Թորոսիկ իշխանի որդին:
ԺԲ
[խմբագրել]ԴԱՎԱՃԱՆԸ ՀՐՃՎՈՒՄ է
Վեստ Սարգիս իշխանը մտազբաղ նստած էր յուր սենյակում: Նա թիկն էր տվել թանկագին օթոցին և աչքերը մի կետի հառած մտածում էր: Ծանր էր դավաճանի դրությունը… Նրա սև սրտի մեջ խիղճը երբեմն-երբեմն թույլ կերպով շանթում էր, բայց անհետ, առանց նշան թողնելու կորչում, չքանում: Նրա հոգու մեջ բույն էր դրել սև փառամոլությունը, որը խեղդում, ոչնչացնում էր ամեն լավ զգացմունքի նշան: Բայց դավաճանի սիրտն էլ մարդու սիրտ է, այնտեղ էլ գոյություն ունեն արտասուքն ու ուրախությունը, խիղճն ու անխղճությունը: Նա էլ երբեմն լալիս է, երբ տեսնում է անմեղ զոհի տանջանքն ու չարչարանքը և նրա հետ տանջվում ու ուրախանում: Վիշտը նրա սիրտն էլ է կրծում և դառն մտածությունները նրա արյունն էլ են սառցնում երակների մեջ…
Վեստ Սարգիսը այդ իսկ րոպեին յուր անելիքի, յուր դերի մասին էր մտածում: Նրա գլխում մտքերն ահարկու կռիվ էին մղում, իսկ կամքը ծփում էր այդ մտքերի մեջ: Նա դեռ չարագործության առաջին աստիճանի վրա էր կանգնած: Դեռ մի քայլ էր արել, մի փոքրիկ քայլ դեպի դավաճանությունը, դեպի վատությունը և այդտեղ կանգ առնելով տեսնում էր երկու ճանապարհն էլ: Նա զգում էր, որ դեռ հնարավորություն կա ետ դառնալու, դեռ կարելի է մյուս ճանապարհով գնալ, այնինչ, եթե մի քայլ էլ դներ, արդեն ուշ կլիներ: Նա տեսնում էր, որ մի ճանապարհը տանում է դեպի համեստ, բայց պատվավոր կյանքը, այնինչ մյուս ճանապարհը` դեպի փառքը, թագավորական գահը: Բայց… բայց առաջին ճանապարհին փռված էին երփներանգ ծաղիկներ, իսկ երկրորդ ճանապարհին` դիակների կույտեր, որոնց կոխկրտելով նա պիտի հասներ այն գահին, որ փայլում էր հեռվում… Ո՞րն է լավ: Գնալ դեպի ծաղկազարդ ճանապարհը և հանգիստ, պատվով վերջ դնել յուր մարմնավոր կյանքին, թե՞ կոխկրտել արյունաթաթախ դիակներ, լսել վիրավորների դառն, աղեկտուր հառաչանքները և արյունոտ զոհերի գնով բազմել փայլուն գահին… Ահա թե ինչն էր տանջում այդ րոպեին Վեստ Սարգսին և շփոթում նրա միտքն ու հոգին…
Եվ երկար ժամանակ բուռն կերպով ընդհարվում էին այդ մտքերը այնպես, ինչպես օվկիանի ահեղ ալիքները ծփում են, դիպչում իրար, ոչնչանում և կրկին ժանտ օձի նման գլուխները վեր բարձրացնում…
— Ո՛չ, մի քայլ առաջ եմ գնացել և ետ դառնալ անհնարին է: Հիմարություն կլինի, որ ետ դառնամ: Հայաստանի գահը ինձ պիտի պատկանի կամ ոչ ոքի: Ես դիակներից ինձ համար պատվանդան պիտի շինեմ և հասնեմ այդ գահին: Եվ իմ անհողդողդ կամքը չի ընկճվի երբեք, եթե տեսնեմ, որ ամբողջ Հայաստանը մոխրի և ավերակների կույտ է դարձել: Վեստ Սարգիսը թույլ չի տա, որ խելացնոր պատանին ժառանգի գահը, իսկ ինքը դառնա նրա ստորադրյալը: Ես պիտի գնամ առաջ, պիտի հասնեմ նպատակներիս դանդաղ, բայց հաստատուն քայլերով: Արտաքուստ` գահին պաշտպան, իսկ ներքուստ` գահը ժառանգող: Ահա իմ ծրագիրը, ահա իմ նպատակը: Եվ վա՛յ նրանց, ովքեր իմ ճանապարհին կկանգնեն: Նրանց փրկություն չկա: Շուտով կանհետանան իմ ճանապարհից Գագիկը և Վահրամը, և այն ժամանակ, երբ կհասնեմ ցանկացած նպատակիս, վա՛յ այն իշխաններին, որոնք պաշտպանում էին Վահրամին ու Գագիկին:
Վեստ Սարգիսը վեր կացավ և սկսեց շրջել սենյակում: Այդ ժամանակ սենյակի դռան վարագույրը ետ քաշվեց և մի գլուխ երևաց, որը հետաքրքրությամբ Վեստ Սարգսին էր նայում, սակայն վերջինս յուր մտքերի հետ ընկած չէր նկատում նրան:
Իշխա՛ն, — ասաց այդ մարդը և ներս մտավ:
Վեստ Սարգիսը կանգ առավ ու նայեց նրան: Մի րոպեում նրա կնճիռները բարձրացան և նա իրեն հանգիստ դեմք տվեց:
— Եղո՛, բարի ես եկել, նստիր տեսնենք` ի՞նչ նոր լուր ես, բերել:
Լրտեսը և իշխանը նստեցին:
— Վահրամ իշխանը մեծ պատրաստության մեջ է, տե՛ր. կարծես հոտ է քաշել, որ դու ձգտում ես գահը ժառանգել:
— Ի՞նչպես:
— Վահրամ իշխանը, մի քանի իշխանների և Պետրոս կաթողիկոսի հետ խորհրդակցելով, ուզում է Գագիկին Անի բերել և թագավոր օծել:
— Այդ անմիտ տղայի՞ն…
— Նրանք այդ անում են, որ գահը թափուր չհամարվի և ոչ ոք աչք չունենա այդ գահի վրա:
— Իսկ ո՞ւր է այժմ Գագիկը:
— Հայտնի չէ: Մեր սպանության անհաջող փորձից հետո նրան ս. Անապատի վանքից հեռացրել են, բայց թե ո՞ւր հայտնի չէ: Նրանք այժմ խիստ զգույշ են և ամեն
միջոց ձեռք են առել գաղտնի պահելու Գագիկ Բագրատունուն:
— Հը՛մ… Այդ երեխային թագավոր են ուզում օծել… Բայց Վահրամը այդ չի կարող անել: Ես կխանգարեմ նրան, մինչև հունական զորքերը վրա կհասնեն: Չէ՞ որ Վահրամը անպատվեց հունաց պատգամավորին: Մի՞թե կայսրը հանգիստ կթողնի Անին և չի պատժի Վահրամին:
— Այո, իշխա՛ն, եթե հունաց զորքերը շուտ հասնեն, Վահրամն իր նպատակին չի հասնի: Նա, որպես գահի պաշտպան, նախ պիտի հույների դեմ կռիվ մղի, նրանց հեռացնի, ապա նոր մտածի Գագիկին թագավոր օծելու մասին:
— Բայց ո՞վքեր են Վահրամին համամիտները:
— Շատ իշխաններ, որոնց թիվը մոտ երեսունի է հասնում:
— Հա՛, հասկանում եմ, բոլորն էլ յուր ազգականներն են:
— Չէ՛, իշխա՛ն կան և ո՛չ ազգականներ, մինչև անգամ հեռու Տավրոսի լեռներից էլ համամիտներ կան Վահրամին:
— Ո՞վքեր:
— Պաղին գավառի իշխանը` Հաբելը յուր որդիների հետք:
— Այդ ավազակնե՞րը:
— Այո՛, որոնք պատրաստ են իրենց կյանքը դնելու գահը պաշտպանելու համար:
— Լավ, դրանց դատաստանը հույներին կտամ: Նրանք գիտեն, թե ինչպես պետք է պատժել ավազակներին, շուտով նրանց ամրոցները մոխրակույտեր կդառնան:
— Այդպես էլ պետք է, մենք մեր ձեռքով ոչինչ չպիտի անենք, պետք է զգույշ լինենք, որպեսզի չիմանան, որ քո մատը խառն է այդ գործում: Վահրամ իշխանը շրջապատել է իրեն լրտեսներով:
— Ո՞վքեր են այդ լրտեսները, — արհամարհանքով հարցրեց Վեստ Սարգիսը:
— Շատերը, մինչև անգամ օրիորդներ…
— Ի՞նչ օրիորդներ:
— Հիշո՞ւմ ես, իշխա՛ն, որ մենք ձիերով գնում էինք Գագիկին մյուս աշխարհ ուղարկելու և ճանապարհին, Անիի դռներից մի փոքր հեռու, կանգ առանք դարբնոցի առաջ: Հիշո՞ւմ ես, երբ քո ձին պայտեց ծերունի դարբինը, քեզանից փող չէր ուզում վերցնել և բացի դրանից, մի քանի քայլ չարած քո ձիու պայտը վայր ընկավ: Ահա այդ խուղը իսկապես մի լրտեսարան է, որը հսկում է, թե ո՞վ է գնում-գալիս Անի և իսկույն տեղեկացնում Վահրամ իշխանին: Այդ ծերունի դարբինը մի աղջիկ ունի, որը գաղտնի հարաբերության մեջ է Վահրամի դստեր` Գոհարիկի հետ:
— Հասա՞ծ աղջիկ է:
— Հասած և սիրուն:
— Հը՛մ, դա պետք կգա հույն իշխանին նվիրելու համար: Պետք է կրակ տալ դրա խուղը և օրիորդին մեր բանտերից մեկը փոխադրել` մինչև որ կերևան հույն իշխանները:
— Բայց պետք է շտապել, տե՛ր:
— Այո, պետք է շտապել և այդ գործը դու պիտի կատարես: Վերցրու հինգ ձիավոր և զգույշ մոտեցիր խուղին. նախ օրիորդին կապեցեք և ապա կրակ տվեք խուղը:
— Իսկ հո՞րը:
— Հորը դանակի մի հարվածով սատկեցրեք: Թող նա իմանա, որ Վահրամն այնքան անզոր է, որ իրեն չի կարողանում օգնել:
Եղոն վեր կացավ:
— Բայց, Եղո՛, զգույշ կաց, գործը շինելու տեղ, չքանդես: Գագիկին չկարողացար սպանել, գոնե տեղը իմացիր: Դե՛հ, գնա, հույս ունեմ, որ առանց աղմուկի շուտով օրիորդին կտեղափոխես մեր ներքին նկուղներից մեկը:
— Վստահ եղիր, տե՛ր, — ասաց Եղոն և շուտով անհետացավ այնպես, ինչպես հայտնվել էր:
ԺԳ
[խմբագրել]ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ
Անիի և յուր շրջակայքի վրա խորին խավար էր տիրում: Ամեն տեղ հանգցրած էին ճրագները, ամեն տեղ դադարել էր շարժումը: Քաղցր նիրհը պատել էր ամենքին և նրանց տարել երազական այն աշխարհը, ուր տիրապետում են և՛ սարսափներ, և՛ անուշ երջանկություն… Քնած չէր միայն Լուսիկը, որը ճրագի աղոտ լուսավորութլան տակ նստած, ձեռքը դրել էր ծնոտին և յուր սև-սև մեծ աչքերով նայում էր դուրս, դեպի խավարը, ուր տիրում էր խաղաղություն: Բայց խաղաղ չէր նրա հոգին: Մատաղ սիրտը կարծեք մոտալուտ փոթորիկներ էր գուշակում և խռովում նրա հոգին: Հայրը` դարբին Ղևոնդը վաղուց քնած էր, այնինչ ինքը քնել չէր կարողանում: Երազի նման աչքի առջևից անցնում էին յուր մանկության ուրախ պատկերները, երբ նա անհոգ թռչունի նման վազվզում էր կանաչապատ դաշտերով, ծաղիկներից փնջեր կազմելով տալիս էր մորը և կամ պսակներով զարդարում իրենց սիրելի կովի գլուխը… Անցան այդ երջանիկ օրերը, երազի նման չքացան, և ինքը հասունանալով ճաշակեց կյանքի համը: Ա՛խ, այդ համը շատ դառն էր և վշտալից, խոր կսկիծներ են պատճառում յուր մատաղ կյանքին և ընկղմում իրեն մտածմունքի ծովը… Բայց ինչու՞, ի՞նչ պատճառով, երբ նա փոքր էր, չգիտեր վշտանալ, ցավել ու տրտմել… Մի՞թե վարդը բացվում է միայն տրտմելու և ցավելու համար, մի՞թե կուսական սիրտը, հասունանալով, միայն պիտի տրտմի և ցավի, և խորին վիշտը կեղեքի նրան…
— Ո՛հ, ինչո՞ւ չեմ կարողանում քնել, ուզում եմ քնել, բայց քունը փախչում է աչքերիցս, ուզում եմ մոռանալ աշխարհը, և՛ վիշտ, և՛ տրտմություն, սակայն դրանք նոր ուժով են վրդովում սիրտս… — Ասում էր Լուսիկը, և նրա սիրուն աչքերը հեղում էին արտասուքի առատ կաթիլներ:
Լուսիկը լալիս էր, ո՞վ գիտե ինչու: Յուր գիժ Ստեփանիկի՞ն էր կարոտել, թե մորն էր հիշում — հայտնի չէր, միայն խիստ տրտում, խիստ հուզված էր երևում, զգում էր, որ յուր սիրտը այս գիշեր խիստ արագ էր բաբախում:
— Ո՛հ, աստվա՛ծ իմ, ի՞նչ պիտի պատահի ինձ, — ասաց ինքն իրեն Լուսիկը և բռնեց սիրտը, որ կարծես փախչելիս լիներ յուր նեղ կապանքներից:
Անգիտակցաբար նա յուր ուշադրությունը մի կետի վրա դարձրեց և սարսռեցավ: Կարծես սիրտը կանգ առավ: Նա իրենց խուղից մի քանի քայլ հեռու ստվերներ նկատեց, որոնք լուռ խորհրդակցում էին իրար հետ: Լուսիկը պարզ լսեց, թե ինչպես նրանցից մեկը ասում էր մյուսին:
— Զգո՛ւյշ կացեք, օրիորդին վնաս չհասցնեք, նա պետք է ողջ հասնի մեր իշխանին:
Լուսիկը տեղն ու տեղը սառած մնաց: Մի վայրկյան երկյուղը պաշարեց նրան և քիչ մնաց խելքը կորցներ, ապա մի ոստյուն գործեց դեպի հոր անկողինը և հրելով նրան կանչեց.
— Հայրի՛կ, հայրի՛կ, վե՛ր կաց, վտանգը մոտ է մեզ… Քնաթաթախ վեր թռավ դարբին Ղևոնդը և դեռ շփոթված կանգնած էր սենյակի մեջ, երբ դուռը ահագին ճարճատյունով ջարդուփշուր եղավ և մի քանի մարդ ներս մտան: Ճրագը հանգավ, և մթության մեջ սկսվեց կռիվը:
Բայց անզեն, քնաթաթախ դարբինը ոչնչով չկարողացավ դիմադրել չորս թե հինգ մարդու, որոնք սրի մի քանի հարվածով վայր գլորեցին նրան: Դարբինն ընկավ արյունի մեջ շաղախվելով և սկսեց փորսող տալով անգիտակցաբար դուրս սողալ, այնինչ ավազակները հարձակվել էին Լուսիկի վրա և ուզում էին կապկապել նրան, որն ամբողջ ուժով դեռ կռվում էր ավազակների հետ: Նա կծում էր ատամներով, չանկռոտում նրանց երեսները և աքացի տալիս: Բայց ուժը իրանն արավ: Չարագործները Լուսիկի բերանը թաշկինակ դրին, որ ձայն չհանի, ապա, պինդ պարաններով կապկպելով նրա ձեռքն ու ոտքը, դուրս տարան նրան սենյակից:
Լուսիկն արդեն ուշաթափվել էր: Նրա վերջին խոսքը Ստեփանիկի անունն էր, որ ակամայից դուրս թռավ նրա սրտի խորքերից, իսկ թե այնուհետև ի՞նչ պատահեց` ոչինչ չիմացավ: Նա չտեսավ մինչև անգամ, թե ինչպես չարագործները իրեն խրճիթից հեռացնելով, դրին կանաչ խոտի վրա, իսկ մի քանիսը ետ դառնալով կրակ տվին յուր տունն ու օջախը, ուր անցրել էր յուր մանկության քաղցր օրերը: Ապա, երբ բոլորակ դաշտի վրա իրենց տունը կրակե փունջ կազմելով լուսավորեց շրջակայքը, այդ ժամանակ միայն Լուսիկին դրին ձիու վրա և ուր որ շտապով հեռացան:
Իսկ երբ բացեց յուր աչքերը, նա տեսավ, որ ինքը գտնվում է մի կամարակապ սենյակում, ուր չեն թափանցում մինչև անգամ արևի ճառագայթները:
ԺԴ
[խմբագրել]ՀՈԻՆԱՑ ԲԱՆԱԿՈՒՄ
Եվ հանկարծ Հայաստանի արևմտյան կողմից երևացին հունական լեգիոնները և ճանապարհին պատահած գյուղերն ու շենքերն սկսեցին մոխրի ու ավերակների կույտեր դարձնել…
Անի քաղաքը ցնցվեց: Նա զգում էր, որ այդ լեգիոնները իր վրա են գալիս, որ մի հարվածով երկրի երեսից ջնջեն իրեն և այդպիսով պատժեն այն հանդուգն հայերին, որոնք համարձակվում են մեծազոր կայսեր դեսպանին անպատվությամբ ետ դարձնել: Եվ գոռոզ հույները անողորմաբար կոտորում էին հայերին, ոչնչացնում պատահած շենն ու գյուղը և առաջանում դեպի Հայաստանի սիրտը, դեպի գոռոզ Անին, որն արհամարհում էր նրանց:
Հույները վստահ էին իրենց հաղթության վրա, որովհետև գիտեին, որ Հայաստանը տեր չունի, գլուխ չունի, որի թևերի տակ ժողովվելով կարողանար դիմադրել իրենց: Ո՞վ կհանդգներ իրենց առաջ դուրս գալ, քանի որ գահը թափուր է, իսկ տերության խնամակալ Վեստ Սարգիսը` իրենց ձեռքին կույր գործիք:
Եվ երբ դավաճանը լսեց հունաց լեգիոնների Հայաստանի սահմանները մուտք գործելը, նրա սիրտը թունդ առավ և փառասիրության կրակը բորբոքվեց հոգում: Նա զգում էր, որ յուր իղձերը կատարվում են, որ յուր ծրագրերը հետզհետե իրականանում են և մոտ է այն ժամը, երբ արքայական թագը կդնի յուր գլխին և կբազմի Բագրատունյաց գահին:
Այն ժամանակ վա՛յ յուր հակառակորդներին…
Եվ Վեստ Սարգիսը, տնեցիների աչքին թոզ փչելով, հայտնեց նրանց, թե Անիից գնում է յուր կալվածքները և իբր անտեղյակ է հույների Հայաստան մտնելուն, հեծավ յուր նժույգը և սլացավ Անիից դուրս:
Եվ երբ դուրս թռավ Անիի դռներից, նրա դեմքի գծագրությունը փոխվեց, ուրախության ու ցնծության ալիքներ անցան նրա երեսի վրայով և ուժգին մտրակելով ձիուն, երեսը շուռ տվեց դեպի Հայաստանի արևմտյան սահմանները, ուր արդեն ծխում էին հայ գյուղերը:
Նրա ոտքերի տակ կարծես հող չլիներ, կարծես օդի մեջ էր նա սլանում, նրա սիրտը ճաքում էր անհամբերությունից, աշխատում էր որքան կարելի է շուտ հասնել հունաց բանակը:
— Թռիր, իմ ձի՜, իմ անուշիկ նժո՜ւյգ, այժմ դու ինձ Անիից դուրս ես բերում որպես մի սոսկ իշխանի, շուտով ներս կբերես իբրև թագավորի, իբրև բովանդակ Հայաստանի միահեծան տիրոջը, — ասում էր Վեստ Սարգիսը և ավելի շտապեցնում ձիուն:
Անցավ մի քանի օր: Ցերեկը գիշեր էր դառնում, իսկ գիշերը` ցերեկ, սակայն Վեստ Սարգսի համար հանգստություն չկար: Նա դեռ սլանում էր առաջ, երբ մի երեկո, հեռու հորիզոնի վրա կրակե բոցեր նկատեց, որոնք երբեմն բոցավառվում էին, երբեմն` հանգչում:
Վեստ Սարգսի դեմքը պատեց անիմանալի մտահոգություն և նա քաշեց ձիու սանձը, առանց աչքը հեռացնելու այդ բոցերից: Նա կարծես զգաց, որ այդ բոցերի մեջ կատարում են մարդկային բարբարոսություններից ամենասոսկալի պատկերներ, նա կարծես իմացավ, որ այնտեղ այրում են հայկական գյուղեր ու կրակին մատնելով հայոց կովերն ու ոչխարները, անդ ու անդաստանը, անխնա կոտորում են յուր իսկ հայրենակիցներին ու ազգականներին…
Վեստ Սարգիսը տխրեց: Նրա սրտի մեջ անցավ մի տեսակ անբացատրելի հույզ, որն առժամանակ հեղաշրջեց նրա մտքերը, նրա հոգու բոլոր տրամադրությունները:
— Այդ ի՞նչ կրակներ են, — դարձավ նա իրենից միշտ անբաժան Եղոյին, որը նույնպես հետաքրքրությամբ նայում էր կրակներին:
— Տե՜ր, այնտեղ հունաց բանակն է տեղավորված, — պատասխանեց Եղոն` շեղվելով ուղիղ պատասխանից:
Վեստ Սարգիսն ավելի մռայլվեց: Նա ուզում էր լսել, որ այդ կրակներն ուրիշ բան են գուշակում և ոչ թե հրդեհ, ավերածություն, այնինչ Եղոն այդ մասին ոչինչ չասաց, թեև գիտեր նրանց նշանակությունը: «Մի՞թե Եղոն էլ է սարսափում այդ բոցերին նայելիս», մտածեց Վեստ Սարգիսը և կրկին դիմեց նրան.
— Եղո՜, ես քեզ հարցնում եմ` այդ ի՞նչ կրակներ են, որ լուսավորում են խավար շրջակայքը:
— Հունաց բանակի խարույկներն են, տե՜ր, որի վրա նրանք տաքացնում են իրենց սառած մարմինները, — պատասխանեց Եղոն` մի տեսակ զարհուրելի ժպիտ արձակելով:
Վեստ Սարգիսը նայեց նրան և սարսռեց: Յուր զինակցի դեմքը զարհուրելի էր:
Նրանք լուռ կրկին առաջ անցան: Բոցերը հետզհետե պարզվում էին և նրանց մեջ նկատվում շարժումներ:
— Իշխա՜ն, մի փոքր էլ որ առաջ գնանք, կերևա հունաց բանակը: Չե՞ս տեսնում, ահա, բլրի ստորոտում արդեն երևում են հունաց տաղավարները: — Ասաց Եղոն և մատով ցույց տվեց մոտակա բլրի ստորոտը:
Վեստ Սարգիսը ոչինչ չպատասխանեց, և նրանք կրկին առաջ էին գնում, երբ հենց իրենց ոտքերի տակ ստվերների նման բաներ նկատեցին, որոնք, ճանապարհից աջ ու ձախ շեղվելով, շտապով թաքնվում էին թփերի ու մացառների մեջ:
Նրանցից մի քանիսը մինչև անգամ խելագարների նման առաջ վազելով, չնկատեցին ձիավորներին և ուղղակի ձիերի ոտքերի տակ ընկնելով` կանգնեցրին Վեստ Սարգսի ձիուն:
— Ո՞վ ես,— կանչեց իշխանը յուր ձիու ոտքերի տակ թավալվող հառաչող կնոջը, որն ամուր գրկել էր յուր ծծկեր երեխային: Հուսահատված կինը, երբ նկատեց իշխանական զգեստը և լսեց հայ լեզուն, ուրախությունից փաթաթվեց ձիու ոտքերին և հառաչելով կանչեց.
— Տե՜ր, ազատեցեք մեզ, խղճացեք, մեզ կոտորում են…
— Ո՞վ է կոտորում, — հարցրեց խեղդված ձայնով Վեստ Սարգիսը:
— Հույները, տե՜ր, նրանք կրակ տվին մեր գյուղը և անխնա կոտորում են մեզ:
— Իշխա՜ն, թողեք դրանց և մենք շտապենք առաջ, չե՞ս տեսնում, ահա մի խումբ հունաց զորքերից դեպի մեզ է գալիս, — ասաց Եղոն և ցույց տվեց իրենց մոտեցող զինվորների փոքրիկ խումբը:
Վեստ Սարգիսը ցնցվեց, թափ տվեց ձիու սանձը և յուր ձիու ոտքերի տակ կոխկրտելով հառաչող կնոջը` սլացավ առաջ: Նա լսեց, թե ինչպես կինը սուր, սիրտ կտրատող ձայնով ծղրտաց ու մորմոքվող ձայնով կանչեց.
— Անիծյալ լինես դու, սպանեցիր իմ ծծկեր մանկանը…
«Անիծյալ լինես», մռմռում էր ինքն իրեն Վեստ Սարգիսը և սլանում առաջ, մինչդեռ այդ խոսքերը անջնջելի կերպով դրոշմվում էր նրա հոգու մեջ:
Վեստ Սարգիսը և Եղոն մի փոքր էլ առաջ գնացին, երբ հույների զինված խումբը կանգնեցրեց նրանց:
— Ո՞վ եք դուք և ո՞ւր եք գնում, — հարցրեց խմբապետը` սուրը մերկացնելով և կտրելով իշխանի առաջը:
— Զենքդ ցա՜ծ դիր, մենք թշնամիներ չենք, այլ բարեկամներ, — ասաց խրոխտ ձայնով Վեստ Սարգիսը, արյունը բորբոքվեց նրա երակներում: Նա զգում էր, որ բախտը յուր հետ կատակներ է անում և հասարակ զինվորն անգամ յուր դեմ զենք է բարձրացնում:
— Ուրեմն ձեզ կտանենք մեր բանակը, և այնուհետև ինքը հրամանատարը գիտե, թե ինչպես կվարվի ձեզ հետ, — պատասխանեց խմբապետը:
— Ո՞րտեղ է ձեր հրամանատարի վրանը, ցույց տվեք ինձ, — ասաց իշխանը:
— Այս րոպեիս մենք ձեզ կտանենք, — ասաց խմբապետը և, յուր խմբով շրջապատելով իշխանին և յուր զինակցին որպես գերիների, մտավ հունաց բանակը:
Վեստ Սարգիսը, երբ աջ ու ձախ նայեց, տեսավ, որ ամբողջ հունաց բանակը խինդ ու ուրախության մեջ է: Հունաց բանակում սկսվել էր կերուխումը, հայ շինականների արյուն քրտինքի ավարով…
ԺԵ
[խմբագրել]ԼԵՌՆԵՐԻ ԱՎԱԶԱԿԸ ԳԱԼԻՍ է
Երկու ձիավոր Կարին քաղաքից նոր դուրս եկան և ձիերի գլուխները դարձնելով դեպի Շիրակ, դանդաղությամբ առաջ էին գնում: Տխուր և մռայլ էին նրանք: Ո՜չ մի ժպիտ, ո՜չ մի ուրախության նշան չէր երևում նրանց դեմքերին և բնության շքեղությունն անգամ չէր ազդում նրանց վրա, այնինչ Հայաստանի սիրուն բնությունը ժպտում էր ու հրճվում:
Լեռներն ու դաշտերը ծածկված էին գույնզգույն ծաղիկներով, և կանաչ թավշապատ բուսականությունը շլացնում էր մարդու աչքը:
Ձորերի միջով և ժայռերի վրայով թռչում էին սառնորակ աղբյուրների ջրերը, գահավիժում էին ցած ու բյուրավոր կաթիլներ գոյացնում և ադամանդների նման պսպղալով արևի ճառագայթների տակ, ուրախ կարկաչով վազում էին առաջ: Բլբուլը ձայնակցում էր նրանց խոխոջին, իսկ արտույտը, սլանալով վեր, այնտեղից մրցում էր նրանց հետ, հնչեցնելով յուր զիլ ու մետաղյա մեղեդին…
Բայց այդ բոլորը ճանապարհորդների սրտին ոչ մի հետք չէր թողնում, ոչ մի տպավորություն չէր գործում: Քար էին կտրվել կարծես նրանց սրտերը և մռայլության հաստ քողով պատել նրանց հոգիները:
Նրանք երկուսն էլ զինված ու զրահավորված էին, հաղթանդամ էին ու լայնաթիկունք:
Երկար ժամանակ լուռ առաջ էին գնում, երբ նրանցից մեկը ընդհատեց լռությունը.
— Ստեփանի՜կ, տեսնո՞ւմ ես արդյոք, թե ինչեր է կատարվում մեր շուրջը:
— Այո՜, իշխան, տեսնում եմ: Զգում եմ, որ Հայաստանը նորից ավերմունքների ասպարեզ է դառնում, — պատասխանեց Ստեփանիկը Հաբելի որդի Հարպիկին:
— Բայց ի՞նչ են ուզում հույները մեզանից, ինչու՞ նրանք մեզ հանգիստ չեն թողնում:
— Հը՛մ, ի՞նչ են ուզում… Հայաստանի գահը ոչնչացնել:
— Հետո՞, դրանով ի՞նչ կօգտվեն: Չէ՞ որ Հայաստանը Հունաստանի համար մի պատնեշ է կազմում և բարբարոսների ամեն մի հարված առաջ հայերն են իրենց ուսերի վրա կրում, այնինչ, եթե Հայաստանը չլինի, այդ հարվածները իրենք պետք է կրեն:
— Այդքան հեռուն հույները չեն մտածում, իշխա՜ն, նրանք փառասեր մարդիկ են և ցանկանում են միայն, որ իրենց տերության սահմանները ձգվի մինչև աշխարհի
վերջը:
— Շատ բան կարող են ցանկանալ, Ստեփանի՜կ, բայց տվողն ո՞վ է: Հայաստանը մեռած չէ, որ հույները նրան հեշտ գրավեն: Եթե ծանոթ չեն լեռների ավազակին, կծանոթանան և համը կտեսնեն:
— Բայց մինչև ծանոթանալը նրանք ավերում են Հայաստանը և հետզհետե նրա սրտին մոտենում:
— Թո՜ղ մոտենան… բայց ահա ինչ-որ խումբ է երևում: Ստեփանի՜կ, ես կարծում եմ, որ դրանք բարեկամներ չեն, այլ թշնամիներ, և վա՛յ նոցա, եթե հիրավի հունական գնդերից լինեն, — ասաց Հարպիկը և վահանը առաջ քաշելով կռվի պատրաստվեց:
Ստեփանիկն այն կողմ նայեց և հիրավի նկատեց մոտ քսան-քսանհինգ զինված մարդ, որոնք ուղղակի դեպի իրենց են գալիս:
— Լավ ես անում, Հարպի՜կ իշխան, դրանք հունական լեգիոններից են երևում, պետք է կոտորել դրանց, բայց…
— Ի՞նչ բայց, մի՞թե վախենում ես նրանց շատությունից:
— Չէ՜, Հարպիկ իշխան, Ստեփանիկը վախկոտներից չէ, բայց պետք է իմանալ, որ նրանց ետևից մեծ գունդ կլինի և մեր ուժերից վեր կլինի նրանց դիմադրել:
— Լեռների ավազակը հետոյի միասին չի մտածում, պատսպարվի՜ր, նրանք մոտենում են, — ասաց Հարպիկը և սուրը պատյանից հանելով մղվեց հունաց խմբի մեջ:
Նրան հետևեց և Ստեփանիկը:
Հունաց խումբը մի վայրկյան սառածի նման կանգ առավ: Նա երազ էր համարում և չէր կարողանում բացատրել, թե ինչպես կպատահի, որ երկու մարդ հանդգնեն մի խմբի վրա հարձակվելու. սակայն, երբ նկատեց, որ դա երազ չէ, այլ իրականություն, երբ նկատեց, որ իրենցից մի քանիսը դիաթավալ ընկան, այն ժամանակ նրանք սրերը հանած շրջապատեցին մեր քաջերին:
— Անիծյալնե՜ր, ու՞մ դեմ եք սուրը բարձրացնում, մի՞թե չեք ճանաչում լեռների ավազակին, — ասաց Հարպիկը և յուր սուրը վրա բերելով ճղեց երկուսի գլուխը և ապա հարձակվեց մյուսների վրա: Նույն հունձն էր անում նաև Ստեփանիկը, և հույները մեկը մյուսի ետևից արյունաթաթախ վայր էին գլորվում ձիերից, երբ նրանցից մեկը ձիու երեսը շուռ տվեց և փախավ: Նրան հետևեցին և մյուս ողջ մնացածները:
Հարպիկը քա՛հ-քա՛հ ծիծաղեց և ետևներից կնչեց.
— Վախկո՜տ շներ, ու՞ր եք փախչում, մի՞թե այդքանդ երկու մարդու ուժ էլ չունեք:
— Հը՛մ, իշխա՜ն, լավ որս էր, մեր համն առան, ամեն մեկիս բաժինը վեց-վեց ընկավ: Ափսո՛ս, շատ ափսոս, որ մնացածները փախան, — ասաց Ստեփանիկը և արյունոտ սուրը սրբելով ընկած հույնի շորերի վրա, պատյանը դրեց և նրանք կրկին լուռ սկսեցին առաջ գնալ, թողնելով դիակները գիշակեր ագռավներին կերակուր:
Մութն ընկավ և նրանք ճանապարհին մի իջևան հասան, ուր ձիերից ցած իջնելով, ընթրիքի նստան: Այսօր բավականին գործ էին շինել և բավականին երկար ճանապարհ կտրել, Հարպիկն ու Ատեփանիկը մեծ կարիք ունեին հանգստության:
— Բեր, Ատեփանի՜կ, տեսնենք ի՞նչ ունես, հարկավոր է շուտ ստամոքսներիս բավականություն տալ, հանգստանալ, — ասաց Հարպիկը:
— Իշխա՜ն, այս իջևանատանը ոչինչ չգտա ուտելու, միայն մի գառ են խորովում և շուտով կբերեն: Անիծված հույները ամեն բան սպառել են:
— Է՛, հոգ չէ, քչով բավականանանք, գինի ու գառ կա, այսօր դա էլ բավական է, — ասաց Հարպիկը և քիչ հետո ամբողջ գառը առաջները դնելով սկսեցին անուշ-անուշ ուտել և գավաթներով գինին խմել: Կարճ ժամանակ անցավ և նրանց առաջ դրված գինին և գառը անհետացավ: Երբ վերջացրին իրենց ընթրիքը, Հարպիկ իշխանը թիկն տվեց, և սկսեցին երկու բարեկամ զրույց անել: Իջևանատունը հետզհետե լցվում էր հյուրերով, որոնց խոսակցությունը հույների մասին էր, որոնք վերջին օրերը հեղեղել էին այդ կողմերը:
— Հույները սաստիկ կատաղած են հայերի վրա, — ասում էր մի հաստափոր մարդ, որ հենց նոր էր ներս մտել իջևանատուն և սփրտնած դեմքով պատմում էր իրեն խոսակից մի ուրիշ հայի:
— Ինչու՞, ի՞նչ է պատահել, — հարցրեց մյուսը:
— Նրանց առաջապահները, թվով քսան, քսանհինգ հոգի, որոնք այսօր հենց այստեղից վերադառնալիս են եղել դեպի գլխավոր բանակը, ճանապարհին պատահում են երկու մարդու, որոնք հարձակվելով դրանց վրա, կոտորում են տասներկու մարդու, իսկ մյուսներին փախուստի են մատնում, և ահա այդ պատճառով նրանք սպառնում են բոլոր հայերին սրի անց կացնել:
— Մի՞թե ճիշտ է, որ երկու մարդ կարող են այդքան մարդ կոտորել:
— Ես ինքս տեսա սպանվածների դիակները, բարեկա՜մ, չհավատալ անկարելի է, — ասաց հաստափոր մարդը:
— Եվ ո՞վքեր են եղել այդ քաջ մարդիկ, — հարցրեց մյուսը:
— Անունները հայտնի չեն, բայց ասում են, որ լեռների ավազակներ են եղել:
— Հա՜, հասկանում եմ, Հաբել իշխանի որդիք կլինեն, ես լսել եմ նրանց մասին, — մեջ ընկավ իջևանատերը:
— Բայց գիտեք, բարեկա՜մ, հունաց բանակը հենց այս գիշեր կարող է այստեղ երևալ, և վա՜յ քեզ, եթե պատրաստություն չես ունենա նրանց հյուրասիրելու:
— Տերը մի՜ արասցե, որ նրանք կրկին այս կողմերը երևան, ես ի՞նչ ունեմ, որ ինչ պատիվ տամ, — ասաց իջևանատերը և վախվխելով ետ քաշվեց:
Հարպիկն ու Ստեփանիկը լուռ լսում էին հյուրերի խոսակցությունը և քմծիծաղ տալիս: Երևում էր, որ հյուրերից ոչ ոք չէր ճանաչում իրենց և ոչ ոք էլ չէր հետաքրքրվում իրենցով: Երբ այդ խոսակցությունները վերջացան, Հարպիկն ու Ստեփանիկը մեկնվեցին թախտին և իրենց թիկնոցը վրաները ձգելով` անուշ քուն մտան:
Կարճ Ժամանակ էին քնել, երբ իջևանատանը խիստ մեծ իրարանցում ընկավ: Գոռում-գոչյունը, հայհոյանքը և ձիերի դոփյունները խառնվեցին իրար:
Երբ Հարպիկն ու Ստեփանիկը աղմուկից իրենց գլուխները վեր բարձրացրին, դահլիճը, ուր իրենք անուշ քուն էին մտել, հույներով լիքը գտան: Նրանցից մեկը բռնել էր իջևանատիրոջ օձիքից և շարունակ թափահարելով` գոռում էր.
— Անիծվա՜ծ հայ, այս րոպեիս մեզ համար ընթրիք պատրաստիր, թե չէ գլուխդ կթռչի:
Իջևանատերը երկյուղից գլուխը կորցրել էր և դողդոջուն ձայնով կանչում էր.
— Ողորմացե՜ք, տյա՛րք ես ամեն ինչ կպատրաստեմ:
— Դե, գնա իսկույն պատրաստիր, — ասաց հույն իշխանը և նրա վզին հրելով` թողեց նրան:
Իջևանատերը մի րոպեում անհետացավ, այնինչ հույները գավերով գինին առաջները քաշելով, սկսեցին ագահությամբ խմել և հայհոյական երգեր երգեր: Նրանք մինչև անգամ չնկատեցին Հարպիկին և Ստեփանիկին, որոնք թիկն տված դեռ լսում էին և սպասում, թե ինչ պիտի լինի վերջը:
Նրանք տեղից շարժվելու մտադրություն անգամ չունեին, թեև հասկանում էին, որ եթե ճանաչեն, որ լեռների ավազակներն իրենք են, այն ժամանակ նրանց փրկություն չկար:
Զոյա՛, քաշիր գինին գլուխդ և խմիր, քեֆ անելու տեղեր են, այստեղ որքան կարելի է պետք է քեֆ անել, թե՜ գինին է ձրի և թե՜ սիրուն օրիորդները: Չէ՞ որ մեր հրամանատարը իրավունք է տվել սրտներս ուզածները գործադրել հայերի վրա,-ասում էր մի հույն իշխան մյուսին:
— Հա, դրա մասին խոսք չունեմ, մենք ավելի լավ ավար կունենանք, երբ Անի քաղաքը հասնենք, բայց թե մինչև այնտեղ հասնելը, ես վառվում եմ վրեժխնդրության կրակով: Այսօրվա անպատվությունը, որ հասցրին ինձ երկու ավազակները, մոռանալ չեմ կարող: Թե նրանք մի անգամ էլ ճանկս ընկնեն, էլ նրանց ազատում չկա, — պատասխանեց մյուսը և գինու ամբողջ գավաթը գլուխը քաշեց:
Հարպիկը և Ստեփանիկը իրար երես նայեցին: Նրանց աչքերը վառվեցին կատաղությամբ և հանկարծ ոտքի կանգնելով, սրերը մերկացրին:
— Ո՞վ էր, որ լեռների ավազակին ուզում էր կրկին պատահել, ես այստեղ եմ, անօրե՜ն հույնի գլուխ:
Հույները երկյուղից կարկամեցին. նրանցի մի քանիսը միայն սրերը մերկացրին, սակայն, գլուխները գինուց այնքան տաքացել էին, որ պղտոր աչքերով չէին էլ նկատում, թե ինչպես Հարպիկի և Ստեփանիկի սրերը իրենց հունձն էին անում և դանդաղությամբ դեպի դուռը գնում:
Հույներն ուշքի եկան այն ժամանակ, երբ նկատեցին, որ իջևանատանը էլ չկան լեռների ավազակները, այլ նրանք այդտեղ էլ մի քանիսին կոտորելով` անհետացել էին…
ԺԶ
[խմբագրել]ՎԻՐԱՎՈՐՎԱԾԸ
Դարբին Ղևոնդը մի քանի տեղից վիրավորված, փորսող տալով սողում էր առաջ, դեպի ու՞ր` ինքն էլ չէր հասկանում: Նա չգիտեր, թե իրեն հետ ի՞նչ է պատահել, կամ ի՞նչ է կատարվում, զգում էր միայն, որ աչքերը հետզհետե մթնում են, գիտակցությունը խավարում և ինչ-որ մի խոր կսկիծ ցնցում է մարմինը: Նա ձեռքը տանում էր դեպի վիրավորված տեղերը և երբ զգում էր թացություն, ինքն իրեն զարմանում էր, թե ո՞րտեղից է այդքան ջուր, և ինչու՞ յուր ձեռքերը թաց են լինում… Խեղճը չէր հասկանում, որ ինքը յուր սեփական արյան մեջ է լողում…
Նա արդեն հասել էր յուր նազելի աղջկա` Լուսիկի ձեռատունկ պարտեզը, ուր, վարդի մի թփի տակ, դադար առնելով, դարբինը մի խոր հառաչանք արձակեց և ցավից կուչ եկավ: Այստեղ նա զգաց, որ այլևս չի կարողանում առաջ գնալ, ու ցավը սոսկալի կերպով նեղացնում է իրեն: Համարյա թե անզգա դարբինը ցավի կսկծից սկսեց հողը ճանկռոտել և վարդի ճյուղերը կոտրատել. այդ այն վարդի թուփն էր, որից Լուսիկը ամեն առավոտ անուշահոտ փունջ էր կազմում և զարդարում սենյակը, իսկ այժմ հենց նույն թփի տակ կիսամեռ ընկած էր դարբին Ղևոնդը և անօգնական-անտեր, ամենքից մոռացված մեռնում էր: Կտրվում էր նրա կյանքի թելը: Ո՞ւր է Լուսիկը, ո՞ւր է յուր սիրած, փայփայած աղջիկը, մի՞թե մոռացավ հորը…
— Ո՛հ, մի կաթիլ ջուր, ես պապակում եմ, — կանչեց նա և ցավից կծկվելով շուռ եկավ և մեջքը դեպի գետին անելով յուր խավարած աչքերը դարձրեց դեպի անհուն երկնակամարը, ուր ջինջ եթերում այնպես սիրուն փայլփլում էին աստղերը:
Եվ դարբին Ղեոնդը նայում էր երկնքին, նայում յուր պաղ, անթարթ, սարսափով լցված աչքերով և դիտում աստղերը: Նա ճիգ էր թափում իմանալ, թե այդ ի՞նչ ճրագներ են և ինչու՞ այդքան շատ, ո՞վ է վառել այդքան ճրագներ, ինչու՞, ինչի՞ն է պետք, չէ՞ որ յուր խրճիթի մեջ միայն մի ճրագ է վառվում, որն աղոտ կերպով լուսավորում էր շուրջը… այնինչ ճրագները և՜ շատ են, և՜ խիստ լուսավոր, որոնց լույսը խտղտեցնում է յուր աչքերը… Դարբին Ղեոնդը ճիգ է անում փակել աչքերը, չնայել այդքան բազմաթիվ ճրագներին, սակայն բոլորը զուր է անցնում, նա զգում է, որ յուր աչքերը չեն փակվում, այնինչ ճրագները ավելի ու ավելի պայծառ են փայլում…
Հանկարծ դարբնի տանջված դեմքին մի ժպիտ է երևում, մի ժպիտ, որ առժամանակ մոռացնել է տալիս ամեն ինչ, և նրա հոգին ցնծում է: Այդ ժամանակ նա միտն է բերում յուր Լուսիկին և բազմաթիվ ճրագներ վառելու պատճառն իմանում: «Հըմ, — մտածում է նա, — Լուսիկիս հարսանիքն է, այժմ ես հասկանում եմ, թե ինչու Լուսիկը այսքան ճրագներ է վառել»:
— Է՛յ, Լուսիկ, սիրելի՜ աղջիկս, չե՞ս տեսնում, ձեռքերս մրոտ են, երեսս` կեղտոտ, ջուր բեր, որ մաքրվեմ, զարդարվեմ և սկսեմ իմ պարը, իմ յայլին… չէ՞ որ իմ միակ ուրախությունը դու ես, իմ աչքերի լույս, իմ ազիզ աղջիկ… բայց փեսան ինչու՞ է ուշանում, ինչու՞ չի գալիս… Է՛հ, կրկին նա յուր գժությունները միտքն է բերել… բայց այս ի՞նչ է, հանգան ճրագները, սրտիս վրա էլ ծանրանում է մի ծանր բեռ, աչքերս մթնում են, աղջի՜կս: Լուսի՛կ, Լուսի՛կ, ո՞ւր գնացիր, ինչո՞ւ ինձ միայնակ թողիր, մի՞թե ինձ չես խղճում… խղճա՜, ո՛հ, խղճա՜, կրծքիս ծանր բեռը վերցրու և վառիր ճրագները:
Խավարեց դարբնի միտքը և ամեն ինչ անհետացավ նրա աչքերից: Նրա աչքերը թեև բաց էին, բայց ոչինչ չէին տեսնում, նրանք կորցրել էին իրենց տեսողության կարողությունը: Նա մինչև անգամ չլսեց ձիերի դոփյունները, որոնք լսելի էին լինում Անիի կողմից: Դարբին Ղևոնդը չզգաց մինչև անգամ, թե ինչպես մի խումբ ձիավորներ կանգ առան հենց յուր գլխի մոտ և զգուշությամբ բարձրացրին նրան:
Այդ խմբի մեջ կար մի դեռահաս օրիորդ, որ շատ անգամ յուր հետ զրույց էր արել, շատ անգամ իրեն մխիթարել, Գոհարիկն էր այդ օրիորդը, Վահրամի դուստրը, որն Անիից նկատելով հրդեհի ցոլմունքները, շտապել էր օգնության հասնել: Արտասվալից աչքերով Գոհարիկը ծունկ էր չոքել դարբնի առաջ և յուր ձեռքերով լվանալով նրա վերքերը, աշխատում էր դադարեցնել արյունահեղությունը: Դարբինը չէր տեսնում և չէր զգում: Օ՛, եթե նա տեսներ, թե ո՞վ է իր մոտ գտնվում, խորին ակնածությամբ ոտքի կկանգներ և կասեր.
— Բարի ես եկել, իշխանուհի՜, տունը քոնն է, հրամայիր ինչ որ ուզում ես: — Սակայն, այժմ լուռ էին նրա շրթունքները, անշարժ նրա դեմքի մկանները: Մեռելային գունատությունը արդեն պատել էր նրա տանջալից դեմքը:
— Հայրի՜կ, հայրի՜կ, ձայն տուր, քո իշխանուհին է կանչում, — ասում էր Գոհարիկը և աչքերից հոսեցնում արտասուքի առատ աղբյուրներ:
— Ջո՛ւր, մի՜ կաթիլ ջուր, — կանչեց հանկարծ դարբինը և ցավից սկսեց կրկին հողը ճանկռտել:
Գոհարիկը ջուր տվեց նրան և նրա մեջ հույսը կենդանացավ: Նա զգաց, որ պետք է փրկվի դարբինը, որի վերքերը թեև ծանր, բայց մահացու չէին: Դարբին Ղեոնդը միայն արյունաքամ էր եղել:
Վերքերը կապելուց հետո Գոհարիկը հրամայեց զգուշությամբ տեղափոխել նրան մոտակա հովվի խրճիթը, ապա, դիմելով իրեն հետ եկող մարդկանց, հարցրեց.
— Չգտա՞ք օրիորդին:
— Ո՛չ, իշխանուհի՜, նրա հետքն էլ չկա:
— Լուսիկիս գտեք, թե չէ ես կցնորվեմ, — ասաց Գոհարիկը սրտակտուր ձայնով:
— Իշխանուհի՜, մենք ամեն տեղ ման եկանք, ո՜չ մի տեղ չգտանք նրան` ո՜չ մեռած, ո՜չ կենդանի:
— Մոխրի և փլատակների տակ տեսեք, գուցե նա այրվում է:
— Մենք ամբողջ տունը շուռ տվինք, ոչ մի տեղ չի երևում:
— Ա՛խ, ուրեմն չարագործները, սպանելով հորը, հափշտակել են աղջկան, — ասաց խելակորույս Գոհարիկը և հայացքը շուռ տալով, աղեկտուր ձայնով կանչեց.
— Լուսի՛կ, Լուսի՛կ, ու՞ր ես դու, ձայն տուր, քո քույրիկն է քեզ կանչում:
Բայց Լուսիկը չկար: Գոհարիկի հարցին գերանները պատասխանեցին իրենց ճարճատյունով:
— Մի քանի հոգի հետևեցեք չարագործներին, գուցե ետ դարձնեք Լուսիկին, — հրամայեց Գոհարիկը, հուսահատությամբ կոտրատելով յուր ձեռքերը:
Ձիավորները թռան զանազան կողմեր` Գոհարիկին թողնելով վիրավորվածի մոտ: Այդ ժամանակ հորիզոնից յուր գլուխը հանեց մաշված և դժգույն լուսինը և թույլ լույսով լուսավորեց սգապատ տեսարանը…
ԺԷ
[խմբագրել]ՍՐՏԱՃՄԼԻԿ ՊԱՏԿԵՐ
Ստեփանիկի սիրտը թունդ առավ, երբ մոտեցավ Անիի տափարակի վերջին բլրին: Երիտասարդական արյունը սկսեց բորբոքվել նրա երակների մեջ և աչքերը լցվեցին անհամբերության կրակով: Նա զգում էր, որ այդ բլուրը անցնելուց հետո պիտի երևա դարբին Ղևոնդի խուղը և յուր նազելու ձեռատունկ անդաստանը: Սակայն նույն ոգևորությունը չէր տիրում նրա ընկերակցի դեմքին: Հարպիկը մռայլ էր ու տխուր: Նրա սիրտը չէր թնդում, չէր տրոփում Ստեփանիկի սրտի նման, թեև ինքն էլ պիտի տեսներ յուր սիրելի Գոհարիկին: Հարպիկն, ընդհակառակը, ցուրտ էր և սառն, նրա դեմքին երևում էին մի տեսակ ցնցումներ, որոնք կարծես վրեժխնդրության ու կատաղության ցոլմունքներ լինեին: Այդ միջոցին նա չէր մտածում Գոհարիկի մասին, չէր փափագում տեսնել նրա լուսաթաթախ դեմքը, խոսել նրա հետ, այլ այդ իսկ րոպեին նրա գլխում բոլորովին հակառակ մտքեր էին անցնում, որոնք ստիպում էին նրան այլայլվելու: Այդ միջոցին Հարպիկի գլխում արյան և կոտորածի տեսարաններ էին անցնում, ուր ինքը վրեժխնդրության ծարավի` մղվում էր թշնամիների մեջ և կոտորում նրանց: Նա կոտորում էր անխնա, առանց հոգնելու կոտորում էր, իսկ թշնամիները մեկը մյուսի ետևից սունկի պես նորից բուսնում էին և ոտնատակ տալիս յուր հայրենիքը:
— Ա՛խ, ի՞նչ են ուզում նրանք խեղճ Հայաստանից, ինչու՞ հանգիստ չեն թողնում: Մի՞թե աստծո առաջ հայն այն տեսակ հանցանք է գործել, որ նա նրան դատապարտել է հավիտյան տանջվել, հավիտյան ոտնատակ լինել… Ո՛հ… աստված, ինչու՞ հայերին ջարդում են և նրանց շենն ու քաղաքը մոխրի կույտեր դարձնում: Մի՞թե բավական չէր պարսիկների, արաբների, թաթարների և հազար ու մի ազգերի արշավանքները, որ այժմ հույնն էլ է ոտքի տակ տալիս մեզ: Ի՞նչ է ուզում նա մեզանից — մեր հայրենիքը, մեր պապերի արյան քրտինքով պահած ու մեզ հասցրած ազատությունը,.. Հը՛մ, քավ լիցի, այդ երբեք չի ստանա հույնը, եթե ամբողջ յուր լեգիոնները Հայաստան ուղարկի: Հայաստանում դեռ ապրում են մարդիկ, որոնք իրենց հայրենիքի համար կկռվեն մինչև իրենց արյան վերջին կաթիլը և վա՜յ հույներին, որոնք լեռների ավազակների սրի բերանը կընկնեն, — ասաց Հարպիկը, ոտքերով խթեց ձիու կողերին և սուրը պատյանից հանեց: Նրա ձին մի թռիչք արավ և սլացավ առաջ: Ստեփանիկը, որ նույնպես մտածության մեջ էր ընկած, երբ տեսավ Հարպիկի սուր հանելը, ինքն էլ հանեց սուրը և սլացավ Հարպիկի ետևից: Նա կարծեց, թե վտանգ է սպառնում իրենց:
Բայց այդ ժամանակ նրանց առջև բացվել էր տափարակը, Անիի հրաշալի տափարակը, որի մեջ, նազելի հարսի նման, նստած էր Անին յուր հազար ու մի եկեղեցիներով, աշտարակներով, բրջերով և հաստ ու պինդ պարիսպներով:
Երկու երիտասարդի սրտերը թունդ առան և նրանք, կանգնեցնելով ձիերը, գլխարկները վերցրին, երեսները խաշ քաշեցին և պահ մի սկսեցին լուռ աղոթք մրմնջալ:
Անիի հրաշալի տեսարանը ցնցեց երկուսի սիրտն էլ:
Հիրավի բան կար ցնցվելու: Անին այդ ժամանակ հրաշալի էր: Արևի վերջին կարմրածիրանագույն ճառագայթները ընկել էին նրա վրա և աննման տեսք տվել նրան: Եվ երկու երիտասարդներին թվում էր, թե նրանք գտնվում են դյութական աշխարհում, ուր աներևույթ զորությունը նրանց առաջ էր դրել մի հրաշալի, աննման քաղաք, որի աշտարակները, անթիվ եկեղեցիների գմբեթները, պալատներն ու դիտարանները շրջապատվել էին բոցերով և իրենց աչքի առաջ հուրհուրատին էին տալիս:
Եվ ձիավորները մտածում էին. «Մի՞թե սա իրականություն է, մի՞թե սա ցնորք չէ… Մի՞թե, տե՜ր, կգտնվի այսքան փարթամ, շեն և հրաշալի քաղաք, ինչպիսին Անին է… Որի՞ ձեռակերտն է դա, հողեղենի ձեռքերո՞վ է շինված, թե երկնային մի ուժ է այդ աշտարակների և եկեղեցիների գմբեթները բարձրացրել…»:
Բայց ցնորք չէր դա, նրանք Անիի, Բագրատունյանց թագավորության աթոռանիստ քաղաքի առաջ էին կանգնած:
— Եվ հույներն այս քաղաքը ուզում են իրենց ձե՞ռքը գցել, — մռմռաց Հարպիկը և ձին մտրակեց:
— Բայց սպասիր, Հարպի՜կ իշխան, խուղը, խուղը չի երևում, մի՞թե աչքերս խաբում են, թե՞ ես չեմ տեսնում, — ասաց Ստեփանիկը` աչքերը հառելով:
— Ի՞նչ խուղ,— հարցրեց Հարպիկը մեքենաբար:
— Դարբին Ղևոնդի խուղը չկա, իմ Լուսիկը…
— Ա՛… իրավ որ, այնտեղ միայն մոխրի կույտ եմ տեսնում. արդյոք ի՞նչ է պատահել նրանց:
Նրանք մոտեցան և կանգնեցան դարբին Ղևոնդի խրճիթի առաջ:
Այնտեղ, ուր առաջ դարբինը յուր զնդանի առաջ կանգնած ծեծում էր երկաթը, ամեն ինչ քարուքանդ էր արված, իսկ այն խրճիթը, պարտեզը, ուր Լուսիկը ուրախ թռչնիկի նման ոստոստում էր, այժմ մոխրի և ավերակի կույտ էին ներկայացնում:
— Այս ի՞նչ եմ տեսնում, մի՞թե սրան էի սպասում, — ասաց հուսակտուր ձայնով Ստեփանիկը, և նրա աչքերում հուսահատության արցունքներ երևացին:
— Մի՜ հուսահատվիր, Ստեփանի՜կ, մենք ամեն բան կիմանանք և կգտնենք Լուսիկին: Ոչինչ իմացած չպետք է հուսահատվել,— պատասխանեց Հարպիկը, և նրանք ձիերի երեսը շուռ տալով` դեպի Անի սլացան:
Քիչ հետո նրանք անցան Անիի դռներով, մտան քաղաք:
ԺԸ
[խմբագրել]ԴԱՎԱՃԱՆԸ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է
Վեստ Սարգիսը և Եղոն, հունաց բանակը մտնելով, մեծ շուքով ընդունվեցին հունաց հրամանատարից: Նա այդ ժամանակ զբաղված էր կեր ու խումով, երբ հայտնեցին, որ հայոց իշխան Վեստ Սարգիսը ցանկանում է ներկայանալ իրեն: Հրամանատարը ուրախությունից վեր թռավ ճոխ սեղանից և դեպի վրանի մուտքը դիմեց, ուր նկատելով Վեստ Սարգսին, ձեռք մեկնեց և ներս հրավիրեց: Գինու շոգիներով լիքն էր հրամանատարի գլուխը և յուր ներքին ցնծությունը չկարողացավ թաքցնել Վեստ Սարգսին տեսնելով: Նա գիտեր, որ այդ հայ իշխանը դյուրություններ պիտի տա Հայաստանի մեջ ավելի ավերմունքներ, ավելի կոտորածներ ասելու: Նա հասկանում էր Վեստ Սարգսի տենչանքը, ուստի ամեն կերպ աշխատում էր շոյել նրա ինքնասիրությունը:
— Բարո՛վ, հազար բարին ես եկել, իշխա՜ն, մենք քեզ Վաղուց էինք սպասում, — ասաց հրամանատարը կեղծ ժպիտով` նստեցնելով իրեն մոտ:
— Հա՜, ես գիտեմ, որ ուշացա, բայց վնաս չկա, մեղքերս կքավենք, — պատասխանեց Վեստ Սարգիսը:
— Հոգ չէ, իշխա՜ն, լավ ժամանակ հասար, այժմ մենք քեֆ կանենք, իսկ վաղը մեր անելիքի մասին կմտածենք: Է՛յ, երգիչներ, երգեցեք ուրախ երգեր, իսկ դուք հնչեցրեք ձեր փողերը և զարկեցեք թմբուկները, թող ամենքն իմանան, որ մեր մեծազոր կայսրը պատվել գիտի այն հայ իշխանին, որ հնազանդ է նրան, — ասաց հրամանատարը և ձեռքով նշան արեց:
Այդ միջոցին փողերը հնչեցին և տավիղները սկսեցին ածել, իսկ երգիչները սկսեցին երգել, որպեսզի ուրախացնեն նոր հյուր եկած հայ իշխանին:
Սկսվեց քեֆը: Հունաց իսկական զեխ քեֆը, գինու գոլորշիներն արդեն ազդում էին սեղանակիցներին, ազդում էր և Վեստ Սարգսի ուղեղին: Նա զգում էր, որ գլուխը հետզհետե շշմում է, մտքերը պղտորվում են, իսկ գիտակցությունը նոսրանում: Նա պղտոր աչքերով առաջ էր նայում, բաժակ բաժակի ետևից դատարկում, երբ հանկարծ նկատեց, որ մի խումբ կիսամերկ աղջիկներ ներս մտան և սկսեցին պարել: Վեստ Սարգիսը քիչ մնաց խելքը կորցներ: Նա կարծում էր, թե ինքը այդ րոպեին երկրի վրա չի ապրում, այլ` երկնքի, ուր անմարմին ոգիները շրջան կազմած պարում են մի այնպիսի եղանակով, այնպիսի նազով ու կոտրատվելով, որ ամենապաղարյուն մարդկանց սրտերն էլ կհալեցնեին:
— Ինչպե՞ս ես հավանում իմ հուրիներին, — հարցրեց հույն հրամանատարը, երբ Վեստ Աարգսի աչքերի մեջ նկատեց մի առանձին ոգևորության փայլ:
— Հրաշալի՛ է, իշխա՜ն, հրաշալի՛, — պատասխանեց Վեստ Սարգիսը` աչքը չհեռացնելով հուրիներից:
— Սա հունական պար է, այս պարը շատ են սիրում մեր իշխանները, և հունաց մայրաքաղաքում առանց այս պարի ոչ մի զվարճություն չի կարող լինել:
— Հրաշալի՛ է, աննմա՛ն է, իշխա՜ն, — կրկնեց Վեստ Սարգիսը խելքը կորցրածի նման:
Նույն քեֆն անում էին նաև զինվորները: Նրանք էլ հետևելով իրենց հրամանատարի օրինակին, ցերեկով կողոպտում, թալանում էին հայոց գյուղերն ու քաղաքները, գիշերով` մատնվում զեխ ու անառակ կյանքի: Եվ հունաց բանակը յուր ցոփ կյանքով նման չէր ամենևին օրինակելի բանակի, ուր տիրապետում է զինվորական կարգ ու կանոնը, այլ ավելի նման էր մի բանակի, որը մտածում էր միայն խրախճանալ և ուրախանալ:
Այդ դեպքերից հետո հունաց բանակը, հանվելով յուր տեղից, առաջ շարժվեց դեպի Հայաստանի ներսը` նպատակ ունենալով հասնել Անի: Այդ բանակին առաջնորդում էր Վեստ Սարգիսը և ամեն քայլափոխում ցույց տալիս ճանապարհը, հայտնում, թե ով է դեմ գնում և ով է համամիտ իրեն:
Եվ նրանք առաջ էին գնում քանդելով, ավերելով ու կոտորելով, այնինչ Վեստ Սարգսի սիրտը, քանի մոտենում էին Անիին, թունդ էր առնում: Նա մոխրի և ավերակների կույտեր էր թողնում յուր ետևը և շտապում Անի, որ դափնյա պսակների արժանանա:
Հենց այդ ժամանակ էր, երբ հունաց հրամանատարին լուր բերին, թե յուր առաջապահ խումբը վերադառնալու ժամանակ ջարդ է կրել ինչ-որ երկու ավազակներից:
Գոռոզ հույնը վրդովվեց, և բարկությամբ լցվեցին նրա մանր, բայց խորամանկ աչքերը, ապա, դառնալով Վեստ Սարգսին, ասաց.
— Իշխա՜ն, ո՞վքեր են այդ հանդուգն մարդիկ, որ համարձակվում են հարձակվել իմ առաջապահ խմբի վրա, մի՞թե դրանք չգիտեն, թե ինչպես կպատժեմ իրենց:
— Դա լեռների ավազակներն են անշուշտ, իշխա՜ն, որոնք անհանգիստ են անում շրջակայքը: Պետք է պատժել այդ հանդուգններին:
— Ո՞վքեր են այդ լեռների ավազակները:
— Պաղին գավառի իշխան Հաբելի որդիք, տե՜ր, նրանք վաղուց է, որ հանգիստ չեն մնում իրենց տեղը:
— Ավազակներ և հարձակում գործեն բանակի՞ վրա, այդ ի՞նչ խաղ է, Վե՜ստ Սարգիս, որ անում են, մի՞թե կարծում են, թե դրանով մեզ ետ կդարձնեն… հա՛, հա՛, հա՛, — հեգնորեն խնդաց հրամանատարը:
— Եվ դրանցով է ահա շրջապատված Վահրամ իշխանը, որ ցանկանում է Հայաստանի գահը հաստատուն պահել և ընդդիմանալ կայսեր, — ասաց Վեստ Սարգիսը:
— Լավ, եթե այդպես է, մենք առաջ նրա կողմնակից ավազակների երկրները մոխիր կդարձնենք և ապա իրեն կհասնենք:
— Այդպես էլ պետք է, տե՜ր, իմացեք, որ առաջին ավազակը և Վահրամի կողմնակիցը Հաբել իշխանն է, պետք է ոտնատակ տալ նրա երկիրը:
— Մենք մոտ ենք Պաղին գավառին, ուրեմն պետք է շտապ ոչնչացնել նրա երկիրը, քանի նա պատրաստություն չի տեսել:
— Այո, պետք է շտապել, բայց միևնույն ժամանակ պետք է զգույշ մնալ: Հաբելը խորամանկ աղվես է և նա մեր հոտը վաղուց է առել ու դարան մտել:
— Է՛հ, բան ասացիր, իշխա՜ն, դարան մտնել… չեմ հասկանում, ի՞նչ նշանակություն ունի մի խումբ ավազակների դարան մտնելը: Եվ դու կտեսնես, թե ինչպես այդ ավազակները կարճ ժամանակից հետո ոտքերս կլիզեն և թողություն կխնդրեն, բայց, իսկապես ասած, այժմ այդ մանր բաներով զբաղվելու ժամանակը չէ, պետք է շտապել Անի, — ասաց մեծամիտ հույնը ինքն իրեն գովելով և հրամայեց բանակին շարժվել:
Հունաց բանակը դեռ առաջին իջևանատեղիս նոր էր հասել, երբ Վեստ Սարգիսը և հույն հրամանատարը հեռվում, ճանապարհի վրա, փոշու ամպ նկատեցին: Երևում էր, որ մի խումբ դեպի իրենց բանակն է սլանում, բայց թե ո՞վքեր են դրանք, թշնամի՞, թե բարեկամ, անհայտ էր:
— Թմբուկ զարկիր և հրամայիր պատրաստ լինել դիմադրելու, — ասաց հույն հրամանատարը և զենքի կոչեց զինվորներին: Բայց նրանց զարմանքը մեծ եղավ, երբ իրենց առաջ մի փոքրիկ խումբ նկատեցին, որոնց առաջնորդը հեռվից կանչում էր:
— Է՛յ կայսեր քաջ զինվորներ, ցած դրեք զենքներդ, ձեր թշնամին չենք, այլ բարեկամը:
Հունաց բանակը միամտվեց և ներս թողեց այդ փոքրիկ խմբին, որի առաջնորդը շուտով ներկայացավ հույն հրամանատարին:
— Ո՞վքեր եք դուք և ի՞նչ եք կամենում, — ասաց գոռոզությամբ հույն հրամանատարը առանց նայելու յուր առաջ կանգնած իշխանին:
— Տե՜ր, մենք մեծազոր կայսեր հլու հպատակներն ենք և եկել ենք հայտնելու մեր հպատակության զգացմունքները նրա քաջ հրամանատարին:
Հույն հրամանատարի դեմքը ցնցվեց ուրախությունից:
— Ի՞նչ է քո անունը, իշխա՜ն, — ասաց նա ավելի քաղցր ձայնով:
— Թլպաղտո բերդի իշխան Թորոսիկ, քո ծառան, — պատասխանեց հայ իշխանը խոնարհ գլուխ տալով:
— Ուրեմն բարի, դու կվարձատրվես մեր կայսրից:
— Ես միշտ նրա ստրուկն եմ, տե՜ր, և այժմ էլ պատրաստ եմ գործով ցույց տալու:
— Ապրիս, Թորոսի՜կ իշխան, բայց ասա, ի՞նչ է անում այդ ավազակը` Պաղինի տերը:
— Տե՜ր, նա յուր գնդերը պատրաստել է և դարան մտել, նա չի ճանաչում կայսեր իրավունքը:
— Մենք շուտով կհասկացնենք նրան, թե ու՞մ հետ գործ ունի, իշխա՜ն, հոգ մի անեք, շուտով նրա դիակը շներին պիտի տամ, — ասաց հույն հրամանատարը:
— Այո, պետք է, պետք է նրանց դիակները շներին տալ, բայց դրանով սիրտս չի հովանա: Եթե ձեռքս ընկնի այն ծեր աղվեսը, ես նրա արյունը կխմեմ:
Հույն հրամանատարը ցնծում էր ներքուստ ուրախությունից:
— Ինչու՞, մի՞թե նա քեզ այդքան ցավեցրել է, — հարցրեց Վեստ Սարգիսը, որ մինչ այդ լուռ լսում էր նրանց խոսակցությունը:
— Այո, իշխա՜ն, նա խլել է մինչև անգամ որդուս և զինել իմ դեմ: Որդուն հոր դեմ զինե՞լ… մի՞թե այդ տանելի է, մի՞թե այդ դառն հարվածը կարող է մոռանալ Թորոսիկ իշխանը:
— Համբերությո՛ւն, իշխա՜ն, ամեն բան լավ կերթա, և մենք շուտով Պաղինը մոխիր կդարձնենք, — ասաց հույն հրամանատարը և հրամայեց պատիվներ տալ Թորոսիկ իշխանին:
Վեստ Սարգիսն էլ ցնծում էր յուր սրտում, նա իրեն դաշնակից գտավ, և մի դավաճանը երկուսի փոխվեց…
Թշվա՛ռ Հայաստան…
ԺԹ
[խմբագրել]ԽԵՆԹԸ ԼԱԼԻՍ Է
Խենթը, յուր վրա դրված պարտավորությունը կատարելով, Հաբելի մոտից վերադառնում էր Անի: Այժմ նա բոլորովին փոխվել էր և ամենևին խենթի նմանություն չուներ: Նա նստած էր յուր կարմիր ձին և զինված ու զրահ հագած արագ արշավում էր: Նրա դեմքն այդ միջոցին խիստ մտախոհ էր և տխուր: Երևում էր, որ ծանր, սրտամաշ մտքերը կեղեքում ու ալեկոծում էին նրա սիրտը: Հայաստանի վերջին դեպքերը խիստ վրդովել էին նրա սիրտը և նա զգում էր, որ Հովհաննես թագավորի մահից հետո, Հայաստանի գլխին ինչ-որ մի չարագուշակ բան է պտտվում, որը սարսռեցնում էր նրա մարմինը: Այդ բանն զգում էր թե՜ ինքը և թե՜ նրա տերը` Վահրամ իշխանը:
Այո, նա լավ հիշում էր այն օրը, երբ Վահրամ իշխանը, մոտենալով իրեն, շեշտակի նայեց յուր վշտալից ու թախծալից աչքերով և դառնագին սրտով ասաց.
— Ներսե՜ս, ի՜մ Ներսես, սիրու՞մ ես ինձ:
Ես զարմացա և նրա դեմքը դիտեցի, կարծես հենց այս րոպեիս լիներ: Իմ տիրոջ դեմքը մռայլ էր ու գունատ, իսկ աչքերը` արտասուքով լի: Ես հուզվեցի, ընկա Վահրամ իշիանի ոտքերը և ասացի.
— Ի՞նչ ես հրամայում, տե՜ր, քեզ որ չսիրեմ` ո՞ւմ պիտի սիրեմ, քո տան մեջ եմ ծնվել և սնվել:
Նա կրկին հարցրեց.
— Ներսե՜ս, ի՜մ Ներսես, սիրու՞մ ես ինձ:
Ես կրկին նայեցի նրա երեսին, տեսա, որ նա կատակ չի անում, որ նա ինքն է հարցնում, այնպես, ինչպես Հիսուսը հարցնում էր յուր աշակերտին. «Սիմովն Հովնանու, սիրու՞մ ես ինձ»: Աստված իմ, մտածեցի ես, մի՞թե իմ տերը անհավատարմության մի բան է տեսել իմ մեջ, որ ուզում է փորձել ինձ, մի՞թե չգիտե, որ ես յուր դռան հավատարիմ շունն եմ և պատրաստ եմ իմ արյան վերջին կաթիլը թափել նրա համար:
Նա դարձյալ կմկմաց.
— Ներսե՜ս, ի՜մ Ներսես, սիրու՞մ ես ինձ:
Ես վրդովված ընկա նրա ոտքերը և, արտասունքներովս լվանալով նրա ոտքերը, ասացի.
— Տե՜ր, մի՞թե չգիտես, որ ես քո հավատարիմ շունն եմ:
— Ուրեմն, եթե այդպես է, վեր կաց և լսիր ինձ, — ասաց նա և մոտը նստեցնելով ավելացրեց.
— Այսուհետև քո անունը Ներսես չի լինելու, այլ Խենթ, հասկանու՞մ ես, Ներսեսը մեռավ և Խենթը ծնվեց:
Ես սոսկացի. քրտնքի խոշոր կաթիլները դուրս ցոլացին ճակատիցս և սարսափով նրա դեմքը դիտեցի՝ «Ի՞նչ է ասում իշխանը, մի՞թե նա խելքը կորցրել է»:
— Մի՜ զարմանա, Ներսե՜ս, այսուհետև քեզ Խենթ կանվանենք և դու էլ Ներսես չես կոչվի: Եթե սիրում ես տիրոջդ, եթե սիրում ես հայրենիքդ, այդպես պիտի անվանվես:
Ես հասկացա նրա միտքը և առանց երկար մտածելու պատասխանեցի.
— Համաձայն եմ, իշխա՜ն, հրամայիր, թե ի՞նչ պիտի անեմ:
— Լսիր ինձ, քեզ հայտնի է, որ իմ ծառաներից մեկը մեռել է: Ես կհայտարարեմ, որ Ներսեսն է մեռել և նա այլևս չկա աշխարհիս երեսին, իսկ դու փոխելով քո հանդերձները, դեմքիդ արտահայտությունը, խենթություններ պիտի անես Անիի փողոցներում և ապա գազանի կերպով ամեն ինչ տեղեկացնես ինձ: Կարճ ասած, դու Խենթ անվան տակ իմ լրտեսը պիտի լինես: Հայաստանի գլխին փոթորիկ է պտտվում և Հայոց խնամակալը` իշխան Վեստ Սարգիսը ձգտում է Հայաստանի գահը հափշտակել և դու գլխավորապես պիտի լրտեսես նրա ամեն մի քայլը, թե նա ի՞նչ է անում, ո՞վ է գալիս նրա մոտ, ո՞վ գնում:
Ես խոստացա Վահրամ իշխանին և այն օրից Անիի փողոցներում հռչակվեցի ինչպես Խենթ: Ամենքը ինձ Խենթ են ճանաչում, ամենքը բացի դարբին Ղևոնդից և Լուսիկից, որոնք ճանաչում են, թե ո՞վ եմ ես և ինչու՞ խենթ: Բայց մինչև ե՞րբ պիտի շարունակվի այս տաղտկալի վիճակը, մինչև ե՞րբ իմ իշխանը` ծերուկ Վահրամը պիտի տանջվի դառն մտքերով: Օրավուր դրությունը ծանրանում է, և այժմ հույներն են գլուխ բարձրացրել: Տե՜ր, դու փրկիր մեր Անին, մեր Գագիկ Բագրատունուն, որը դեռ մատաղ հասակում փոթորիկների է հանդիպում:
Եվ Խենթը երեսը խաչ քաշելով, խթեց ձիու կողերը և առաջ գնաց: Մի ամբողջ շաբաթ էր, ինչ նա ճանապարհին էր և հոգնածությունը խիստ նկատելի էր նրա վրա: Նա շտապեցնում էր յուր ձիուն, որ շուտով հասնի դարբնի խրճիթը և Լուսիկի պատրաստած ապուրը ուտի, սակայն նա որքա՛ն զարմացավ, երբ այդ խրճիթը քարուքանդ գտավ: Ի՞նչ էր արդյոք պատահել նրանց, ու՞ր էր դարբին Ղևոնդը, նրա աղջիկը` Լուսիկը:
Եվ Խենթը կանգնած այդ խրճիթի առաջ ապուշ աչքերով նայում էր քարուքանդ խրճիթին և յուր աչքերին չէր հավատում:
Խենթը զգում էր, որ յուր հետ ինչ-որ մի բան է կատարվում, որ իր սիրտը բաբախում է արագ-արագ, որ աչքերը մթնում են և գլուխը սկսվում է պտտվել:
— Լուսի՜կ, աղջիկս, ու՞ր ես, — կանչեց Խենթը մի այնպիսի աղիողորմ ձայնով, որ քարերն էլ կարտասվեին:
— Լուսի՜կ, Լուսի՜կ, ձայն տուր, Խենթն է, մի՞թե ապուրը չես պատրաստել, — կանչեց դարձյալ Խենթը և զգաց, որ կսկծից իսկապես ինքը խենթանում է:
Կանգ առավ Խենթը, շատ կանգ առավ և հանկարծ, իջնելով ձիուց, խելագարի նման ամայի պատերը գրկեց և արտասուքները սկսեցին հեղեղել նրա ցամաքած աչքերից:
Խենթը լալիս էր…
Եվ հիրավի բան ուներ արտասվելու: Նա այնպես չէր սիրում յուր Լուսիկին, որ այդպիսի գույժը չցնցեր նրա ուղեղը: Յուր ընտանիքը կորցնելուց հետո հոգու բոլոր զորությամբ սիրում էր Լուսիկին` յուր եղբոր աղջկան…
Դարբին Ղևոնդը Խենթի հարազատ եղբայրն էր:
Իսկ այժմ ո՜չ Ղևոնդը կար և ո՜չ եղբոր աղջիկը: Աշխարհիս երեսին միայն դրանց մոտ էր բանում յուր սիրտը, հայտնում յուր վիշտն ու ուրախությունները… Իսկ այժմ ու՞ր են դրանք:
Հանկարծ Խենթը ցնցվեց, նրա խենթությունը միտքն ընկավ ու գոռաց.
Է՛յ, է՛յ ինձ մի՜ հարցնեք` ո՞վ եմ ես… Վա՜յ ինձ, վա՜յ ինձ…
— Կգտնեմ քեզ, Լուսիկ, եթե մեռած չես, կգտնեմ, և վա՜յ նրան, ով քո սիրուն պարտեզը ոտնատակ տվեց,— ասաց հենթը և կրկին ձի նստելով Անի մտավ:
Բ ՄԱՍՆ
[խմբագրել]Ա
[խմբագրել]ԴԱՎԱՃԱՆԻ ՈՐԴԻՆ
Հույն պատգամավորին ժողովից վռնդելուց հետո Վահրամ Պահլավունին հանգստություն չուներ: Նա զգում էր, որ Հայաստանի գլխին կուտակվում են սպառնալից ամպեր և թե այդ ամպերը առանց սոսկալի հետք թողնելու չեն անցնի Հայաստանից: Բայց թե ի՞նչ կլինի Հայաստանի ապագան, ինչո՞վ կվերջանա այդ բոլորը — ահա դրանք սարսափեցնում էին ծերունի Վահրամին և ցավեցնում նրա հայրենասեր սիրտը:
— Ո՛հ, մի՞թե Հայաստանը յուր ազատությունը պիտի կորցնի, մի՞թե չարանենգ մարդիկ պիտի հասնեն իրենց նպատակներին և ջախջախեն Հայաստանի գահը, մի՞թե ես իմ աչքով պիտի տեսնեմ Բագրատունյաց գահի անկումը… Բայց մի՞թե իմ սիրտը կտանի այդ հարվածը, — ասում էր ծերունին, և խոր կսկիծը ցնցում էր նրան:
— Ո՜չ, ես իմ ծերունի կուրծքը պատնեշ կշինեմ և կպաշտպանեմ հայրենիքս, այն ժամանակ թող թշնամիները կոխկռտեն դիակս և այնպես մեր ազատությունը խլեն: Թող գոնե մեր հետնորդները անեծքով չհիշեն իմ անունը, թե Վահրամ Պահլավունին ձեռքերը ծալած չէր նստած, երբ թշնամիները ուզեցան խլել հայրենիքի ազատությունը:
Վահրամ Պահլավունին այդպես խոր մտքերի մեջ էր ընկղմված, երբ ներս եկավ նրա սպասավորներից մեկը և հայտնեց Հարպիկ իշխանի գալուստը: Վահրամի կնճիռները բացվեցին, հրամայեց ներս հրավիրել նրան: Երբ ներս եկավ իշխանը, Վահրամը նայեց նրա հաղթանդամ կազմվածքին և մի տեսակ գոհունակության ժպիտ անցավ նրա դեմքի վրայով, կարծես նրա մտքով անցավ «Հայաստանը չի՜ մեռնի, ո՜չ, չի՜ մեռնի, քանի այսպիսի զավակներ ունի». ապա, դառնալով Հարպիկին, ասաց.
— Բարի ես եկել, Հարպի՜կ իշխան, դու քաջի պես ես սլացել:
— Այո՜, իշխան, պետք էր շտապել. քո նամակը ստանալուն պես, անկարելի էր մի րոպե էլ ուշանալ, թեև անիծված հույները ճանապարհին մի քիչ զբաղեցրին, — պատասխանեց Հարպիկը` առանց համարձակվելու նստել:
— Նստի՜ր, իշխան, և պատմիր, թե ի՞նչպես հույները քեզ զբաղեցրին: Հույս ունեմ, որ նրանք քեզ խնջույքի չէին հրավիրի:
— Օ՛… ո՜չ, լեռների ավազակին նրանք խնջույքի չէին հրավիրի, այդ կողմից միամիտ մնա, բայց թե նրանց մի խմբին փոքրիկ դաս տվի և ծանոթացրի լեռների ավազակի հետ: Նրանք լսել էին գուցե անունս, բայց ինձ հետ անձամբ ծանոթ չէին, — ասաց Հարպիկը և պատմեց առաջապահ խմբի ջարդը:
— Ապրիս, Հարպի՜կ, այդպես էլ պետք էր, բայց թողնենք այդ, դու լավ ժամանակ հասար, շուտով իշխանները կժողովվեն և մենք մեր անելիքի մասին կխորհենք, — ասաց Վահրամը և ապա երկար իրար հետ խոսելով Հայաստանի ներկա տագնապալի դրության մասին, միջոցներ էին որոնում առաջն առնելու, երբ մեկը մյուսի ետևից ժողովվեցան մոտ երեսուն իշխան և խորհրդի նստան: Բոլոր իշխաններն էլ Վահրամին լավ ծանոթ և ազգականներ էին: Այդ ժողովին ներկայացավ և Ստեփանիկը, որը առանց համարձակվելու առաջ գնալ, դահլիճի մի անկյունում կանգ էր առել և ձեռքը յուր սրի դաստակին դրած լուռ լսում էր ժողովականներին:
— Ո՞վ է այդ պատանին, — դարձավ հանկարծ Վահրամը, երբ աչքը նրան ձգեց:
Իշխանները բոլորն էլ Ստեփանիկին նայեցին, որն ամոթից կաս-կարմիր էր կտրել և ոչինչ չէր պատասխանում:
— Տե՜ր, դա ինձ հետ է եկել, Թլպաղտո ամրոցի Թորոսիկ իշխանի որդին է, — ասաց Հարպիկ իշխանը:
— Ո՞ր Թորոսիկի, այն որ հույների հետ հարաբերություն ունի և յուր ազգը ծախու՞մ է, — հարցրեց իշխաններից մեկը` ոտքի կանգնելով.
— Ներեցեք, իշխաննե՜ր, դուք իրավունք ունիք զարմանալու, որ ես` դավաճան Թորոսիկ իշխանի որդին, ձեր ժողովում ներկա եմ լինում, բայց մեղքը իմս չէ, այլ Հարպիկ իշխանինը, որն ինձ այս ժողովին ներկայացրեց: Ես գիտեի, որ իմ ներկայությունը ձեր սրտերը պիտի վրդովի, պատճառը` գայլը գառան հետ չի ընկերանա, այդպես էլ դավաճանը հայրենիքի պաշտպանների հետ չի կարող մնալ. նրանք միմյանց պիտի ոչնչացնեն, որովհետև նրանց հայացքները բոլորովին տարբեր են իրարից: Սակայն խոսք կխնդրեմ ձեզանից, տյա՜րք, և կհարցնեմ, թե ի՞նչ մեղավոր է որդին, երբ հայրը դավաճան է, ստոր է և խաբեբա, մի՞թե ես մեղք ունեմ, որ իմ հայրը դավաճան է: Միայն ձեզ հայտնում եմ, որ հորս ամոթալի արատը ես պիտի քավեմ, ես պիտի ջնջեմ մեր տոհմի անունից այն սև բիծը, որ դնում է հայրս և պիտի ջնջեմ սուրը ձեռքիս մինչև իմ արյան վերջին կաթիլը, պաշտպանելով հայրենիքս: Իսկ եթե դեմ առ դեմ հայրս դուրս գա, այն ժամանակ, երդվում եմ այս սրովս և իմ պատանի պատվովս, որ այս իսկ սուրը պիտի մխեմ հորս կուրծքը և դուրս թափեմ նրա լերթ ու թոքը, այն ժամանակ թող ասեն, թե Թլպաղտո բերդի իշխան Թորոսիկը դավաճան էր, բայց նրա որդի Ստեփանիկը ջնջեց այդ արատը, որովհետև դուրս թափեց յուր հոր այն անարգ սիրտը, որի մեջ ամրացած էին դավաճանության անարգ արյունը: Կրկին երդվում եմ սրիս վրա, երդվում Անիի 1001 եկեղեցիների վրա, որ այդ այդպես էլ պետք է լինի, — ասաց Ստեփանիկը, և նրա ձայնը դողդողաց, բարկությունից աչքերից կայծակներ թռան և դեմքը բոցավառվեց:
Իշխանները լուռ լսում էին նրան և երբ վերջացրեց ու դուրս հանեց յուր սրտի կրակը, յուր մաղձը դեպի հայրը, այն ժամանակ Վահրամ իշխանը, դառնալով նրան, ասաց.
— Ապրի՛ ս, Ստեփանի՜կ իշխան, հայրենիքի առաջ ծնող և որդի չկա և նա, ով ծնողին վեր է դասում, քան հայրենիքը, դավաճան է,— ապա, դառնալով իշխաններին,
ավելացրեց.
— Իշխաննե՜ր, ձեզ հայտնի է Հայաստանի տագնապալից դրությունը, ձեզ արդեն հայտնի պիտի լինի, որ մեր այստեղ ժողովվելու պատճառը հայրենիքի պաշտպանությունն է: Բագրատունյաց գահը թափուր է, իսկ խնամակալը անհետացած: Նա հեռացել է, ո՞վ գիտե, ինչ նպատակներով, բայց ձեզ արդեն հայտնի է, որ Վեստ Սարգիսը ծուռ աչքով է նայում ամեն բանին և այդ գահը ինքն է ուզում հափշտակել: Մենք չպետք է թույլ տանք նրան այդ անիրավություններն անելու և գահը օրինական ժառանգին պիտի հանձնենք, իսկ այդ օրինական ժառանգը պատանի Բագրատունի Գագիկն է:
— Կեցցե՜ Գագիկ թագավորը, — գոռացին մի քանիսը:
— Բայց, սպասեցեք, իշխաննե՜ր, — ընդհատեց մեկը, — նախքան գահը պաշտպանելը, մենք պիտի հեռացնենք մեր երկրի սահմաններից վտանգը, հույներն արդեն ոտնատակ են տալիս Հայաստանի արևմտյան սահմանները:
— Այո՛, այդ այդպես է, այդ հոգսը մենք կհանձնենք Հարպիկ իշխանին: Նա մի քանի գնդերով կպաշտպանի երկիրը հույներից, մինչև, որ մենք Գագիկին Անի կբերենք և թագավոր օծել կտանք:
— Այդ շատ դժվար խնդիր է, Վահրա՜մ իշխան: Գագիկը դեռ պատանի է, իսկ Վեստ Սարգիսը` նրա հակառակորդը և, բացի դրանից, նրա ձեռքումն է տերության թե՜ գանձը և թե՜ բերդերից շատերը: Եվ ես երկյուղ եմ կրում, թե միգուցե իշխաններից շատերը նրա կողմը պահեն:
— Եվ այդ շատ հավանական է, իշխա՜ն, բայց մեր ջանքն էլ այն պիտի լինի, որ գահը թափուր չթողնենք, որ Վեստ Սարգիսը աչքը հեռացնի այդ գահից: Չէ որ նրա ձգտումն էլ հենց այն է, որ Գագիկին արգելք դառնա թագավոր օծվելու: Նա մի ստոր փորձ էլ արավ պատանու կյանքի դեմ, բայց անհաջող: Տերը փրկեց Գագիկին և նա էլ կօգնի նրան ժառանգելու յուր գահը, — ավելացրեց Վահրամը:
— Լա՜վ, թող այդպես լինի: Մենք նախ աշխատենք հեռացնել հույներին և հարմար ժամանակ Գագիկին Անի բերել տանք թագավոր օծելու, որպեսզի փշրվեն Վեստ Սարգսի հույսերը, — համաձայնվեցին իշխանները և ցրվեցին, որոշելով, որ ամեն մեկը յուր գնդերը պատրաստի և մինչև վերջին շունչը կռվի հույների դեմ և ոչ մի դեպքում Անին չհանձնեն նրանց:
Այդ որոշումը կայացնելուց մի քանի օր հետո Հարպիկը և Ստեփանիկը մի գնդի գլուխ անցած արդեն պատրաստ էին Անիից դուրս գալու և դեպի Հայաստանի արևմտյան սահմաններն արշավելու:
Բ
[խմբագրել]ԼՈՒՍԻԿԸ ԲԱՆՏՈՒՄ
Խենթը Անի մտնելուց հետո արդեն տեսնվել էր դարբին Ղևոնդի հետ, որը թեև վիրավոր, բայց ամեն վտանգից ազատ ծառայում էր մահճին: Բայց Խենթը նրանից ոչ մի տեղեկություն չկարողացավ ստանալ, թե ո՞վ էր հարձակվողը և թե ի՞նչ եղավ Լուսիկը: Խենթի համար պարզ էր, որ Լուսիկը հափշտակված է, բայց թե ո՞վ էր հափշտակել և ինչու՞, այդ նրա համար դեռ մութն էր:
Խոր մտքերի մեջ ընկղմված նա անցնում էր Անիի փողոցներով, երբ պատահեց Ստեփանիկը և նրա թևից քաշելով ասաց.
— Խե՜նթ, Լուսիկիս գտիր, ու՞ր է նա…
— Հը՛մ, Ստեփանի՜կ իշխան, այդ դու՞ ես, — ասաց Խենթը և կարեկցաբար դիտեց նրա դեմքը:
— Ես եմ, Խե՜նթ, բայց ես կխելագարվեմ, եթե Լուսիկիս չգտնես: Ա՛խ, ես այդ օրին չէի սպասում:
— Գնա՜, — ասաց Խենթը հրամայողաբար:
— Ու՞ր գնամ, Խենթ:
— Գնա՜, — կրկնեց Խենթը:
— Իսկ Լուսի՞կս:
— Գնա՜:
— Հա՜, հասկանում եմ քեզ, Խե՜նթ, և վստահում: Ես անում եմ, որովհետև հայրենիքս ինձ կանչում է:
— Գնա և վստահ եղիր Խենթի վրա: Նա կգտնի Լուսիկին, — ասաց Խենթը և յուր երկար փայտը շարժելով առաջ գնաց առանց ուշք դարձնելու Ստեփանիկին, որը դեռ սառած նրա ետևից էր նայում:
— Իսկական խենթ է, ո՞վ կասի, թե սա դիտմամբ է խենթ ձևանում: Վստահ եմ, որ կգտնի Լուսիկիս,— ասաց Ստեփանիկը և շուտով անհետացավ: Քիչ հետո նա մի գնդի գլուխ անցած Հարպիկի հետ միասին դուրս եկավ Անիից, այնինչ Խենթը յուր փայտը օրորելով, գզգզված մազերով և յուր վայերն ասելով անցնում էր Անիի մի փողոցից մյուսը և ամեն տեղ կանգ առնելով աջ ու ձախ նայում, լսում էր մարդկանց խոսակցությունները և կրկին առաջ գնում: Եթե նայողը լավ ուշադրություն դարձներ, կտեսներ, որ Խենթի աչքերից երբեմն արտասունքներ են գլորվում և կորչում նրա մորուքի մեջ:
— Չէ, չկա Լուսիկը, Անիում ոչ մի տեղ չէ երևում, ով գիտե այժմ որտե՞ղ է հեծեծում և յուր Խենթին ձայն տալիս: Իսկ Խենթը ուժ չունի նրան ազատելու… բայց չէ, ես կրկին պետք է սև մարդու պոչից բռնեմ, սիրտս գուշակում է, որ այդ նրա գործն է և Լուսիկը ահա այս պատերի մեջն է: Ո՛հ, եթե հնար ունենայի քարուքանդ անել այս պատերը, այն ժամանակ Լուսիկիս կգտնեի, — ասաց նա և կատաղության հայացք գցեց դեպի Վեստ Սարգսի պալատը:
Նա առաջ գնաց և մտավ Վեստ Սարգսի պալատը:
— Է՛յ, հե՛յ, գիտեք` ով եմ ես կանչեց նա օրորվելով:
— Օհո՛, Խե՜նթ, այս ու՞ր էիր, — ասացին ծառաները և շրջապատեցին Խենթին: Նրանք այսօր կարծես տրամադիր էին շատ ուրախանալու:
— Աստծու մոտ, — ասաց Խենթը:
— Աստծու մո՞տ, հետո ի՞նչ տեսար:
— Մեռելնե՛ր, մեռելնե՛ր, մեռելնե՛ր…
— Հա՛, հա՛, հա՛, — հռհռացին ծառաները:
— Հետո մեռելների մոտ ի՞նչ էիր շինում:
— Վա՛հ, ես էլ մեռած էի,— ասաց Խենթը և սկսեց պարել, զանազան ծամածռություններ անել, որ խելագարեցնելու չափ ծիծաղ էր պատճառում ծառաներին: Հետո նա սկսեց վազ տալ գավթի զանազան կողմը և բախելով մի դուռ կանչեց.
— Այստեղ ո՞վ է ապրում:
— Ես, Խե՜նթ, ի՞նչ ես ուզում:
— Իսկ այստե՞ղ:
— Իշխանը:
— Իսկ գետնի՞ տակ, մութ բանտու՞մ:
— Մի սիրուն աղջիկ, — ասաց հանկարծ ծառաներից մեկը:
Խենթի գույնը թռավ: Նա զգաց, որ աչքերը մթնում են` սրունքները դողդողում:
— Է՛յ, հիմարնե՜ր, ինչ եմ անում աղջիկ, ինձ գինի՜ տվեք, գինի՜, ահա հենց այստեղ, այս պատի տակ, — ասաց նա և ծալապատիկ անշարժ նստեց: Ծառաները քիչ-քիչ հեռացան նրանից, երբ տեսան, որ Խենթը այլևս չի ծիծաղեցնում իրենց, այլ գլուխը պատին հենած ուզում է ննջել:
Անցավ մի փոքր ժամանակ: Խենթը տեղից չէր շարժվում. ինչպես մի արձան անշարժ էր, անձայն: Նրա դեմքի ոչ մի մկանը չէր շարժվում, աչքերը բաց, անթարթ, իսկ դիրքն` անփոփոխ: Տեսնողը կասեր, թե Խենթի մեջ այդ միջոցին հոգի, շունչ չկա: Հիրավի, այդ միջոցին նրա հոգին այդտեղ չէր, կարծես բաժանվելով մարմնից թռել գնացել էր նա ով գիտե ուր, դեպի որ աշխարհը… Այո, Խենթը այդ միջոցին թմրած էր, քարացած, բայց եթե սրատես աչքեր լինեին և կարողանային թափանցել մինչև նրա սրտի խորքը, կտեսնեին, որ նրա սրտի ամենամութ խորշերում, նրա հոգին կաշկանդված տանջվում է ու հեծծում… Սոսկալի է նրա հոգու տանջանքը: Հեշտ է ասել հոգու տանջանք, դա մարմնական տանջանք չէ, երբ մենք ցավ ու կսկիծ ենք զգում ու գոռում, ախ ու վախ քաշում, արտասվում և թեթևացնում մեր ցավը: Իսկ հոգեկան տանջանքի ցավն ու կսկիծը այդպես չէ, նա արտասուք չունի, որ գոռա, աղաղակի, այլ լուռ ու անձայն կրծում է մեր սիրտը, շամփրում սրտի ամենաքնքուշ տեղերը, ցամաքեցնում արտասուքները աչքերի մեջ և գեհենը վառում հոգու մեջ… Եվ Խենթն էլ այդ իսկ վայրկյանին տանջվում էր հոգեպես: Դառն մտքերը վիթխարի գազանների նման իրար հետ կռիվ էին մտել, իրար արյուն էին ծծում, և սոսկալի մռնչյունով խորտակվում, ոչնչանում, նրանց տեղ նոր մտքեր էին բարձրանում օվկիանի ալիքներից էլ բարձր, գրկվում իրար հետ, փրփրում և խորտակվում… Եվ Խենթի գլխի մեջ այդ իսկ րոպեին լսվում էին և՜ որոտմունքի գոռ ձայներ, և՜ գազանների կատաղի մռնչյուն, և՜ թնդյուն, և՜ սուլոց, և՜ ահեղ դժոխային ձայներ… Այդ ժամանակ մարդուս մարմինը թեկուզ կտոր-կտոր արա, ասեղներով ծակծակիր, հավատացած եղիր, որ նրանից չես լսի հառաչանքի ո՜չ մի ձայն, ցավի ո՜չ մի կսկիծ, դեմքի մկանունքի և ո՜չ մի շարժում…
Եվ Խենթն էլ երկար ժամանակ չէր զգում այն աքացիները, որ շարունակ հասցնում էր նրա մոտը կանգնած մի մարդ:
— Է՛յ, Խե՜նթ, չե՞ս զգում, վեր կաց, այստեղ մնալ չի կարելի, — ասում էր այդ մարդը` շարունակ աքացի տալով նրան: Բայց Խենթը չէր զգում, չէր իմանում:
— Մեռա՞ր, ի՞նչ է, — ասաց մարդը նորից և նրա թևից այնպիսի ուժգնությամբ քաշեց, որ Խենթը շփոթված ոտքի կանգնեց և ապուշի նման նայեց այդ զինված և իր մոտ կանգնած մարդուն:
— Հը՛, կորի՜ր այստեղից, սա խենթերու տեղը չէ, թե որ իշխանը քեզ այստեղ տեսնի, ինձ էլ արևի երես ցույց չի տա:
— Ինչու՞, ի՞նչ է պատահել, — ասաց Խենթը լուրջ կերպով, դուրս գալով խենթության դերից:
— Ինչու՞… Բայց մի՞թե ես պարտավոր եմ հաշիվ տալ:
— Ի՞նչ կա, որ ես էլ իմանամ:
— Գնա՜, — ասաց մարդը հրամայողաբար:
Խենթը զգաց, որ հեռու գնալ չի կարելի: Նա փայտը օրորեց, մի քանի խենթական ոստյուններ արեց և հենց ուզում էր ետ դառնալ, երբ մի սուր ծղրտոց, լսեց և Խենթին սարսափահար տեղն ու տեղը մեխեց:
Խենթը մի վայրկյան քարացած մնաց: Կսկիծը նորից ցնցեց նրա ուղեղը և սառեցրեց արյունը: Այդ ձայնը, ծղրտոցը ծանոթ էր Խենթին, դա կարծես Լուսիկի ձայնը լիներ, որ տեսնելով Խենթին, սոսկալի ծղրտոց էր արձակել և ո՞վ գիտե ուշագնաց եղել: Բայց թե ու՞ր էր Լուսիկը և որտեղի՞ց լսվեց նրա ծղրտոցը, այդ չկարողացավ իմանալ Խենթը և դեռ քարացածի նման կանգ էր առել, երբ պահապան զինվորը հրեց նրան և, դիմելով ծառաներին, ասաց.
— Է՛յ, տարեք Խենթին այստեղից, թե չէ նիզակիս համը կտեսնի:
Ծառաները մոտ վազեցին և, համարյա շալակելով Խենթին, դուրս տարան այդ տեղից, ուր մնաց նրա սիրտն ու հոգին…
Գ
[խմբագրել]ՀՈՒՆԱՑ ԶԱՐԴԸ
Հունաց բանակը հետզհետե մոտենում էր Անիին՝ յուր ետևից թողնելով ավերի և մոխրի կույտեր: Այդ բանակի հետ էր Վեստ Սարգիսը, որ խորհուրդներ էր տալիս, հայերի թույլ կողմերը նշում, որպեսզի հույներն ավելի հեշտ տիրեն Հայաստանին, հեշտ ձեռք ձգեն Անի քաղաքը: Նա տվեց յուր խորհուրդները և ասաց, որ եթե Վահրամյանք Անիի դռները փակեն, ինքը խոստանում է գաղտնի աջակցել հույներին: Եվ ապա որպեսզի յուր սև գործերը ոչ ոք չտեսնի, որպեսզի յուր անամոթ դավաճանությունը հայերը չիմանան, թողեց բանակը և հեռացավ ուր որ:
Հունաց հրամանատարը մեծ պատվով նրան ճանապարհ ձգեց, սակայն երբ անհետացավ Վեստ Սարգիսը, հեգնական ժպիտ արձակեց նրա ետևից և ասաց.
— Հայի խե՜լք, յուր ազգը մատնելով ուզում է իշխանություն ձեռք ձգել, բայց չի հասկանում թշվառականը, որ յուր համար էլ է հոր փորում:
Եվ հունաց բանակը, կանգ առնելով մի կանաչապատ դաշտավայրում, սկսեց յուր հանգստության վրա մտածել, որպեսզի մյուս օրը մեծ հանդեսով մուտք գործի Շիրակի դաշտավայրը, ուր գտնվում էր և հռչակավոր Անին:
Շուտով մութը պատեց, և աջ ու ձախ սկսեցին խարույկներ վառվել, որոնք հետզհետե սկսում էին բազմանալ և մի տեսակ կենդանություն տալ ամայի դաշտավայրին: Իշխաններն սկսեցին իրենց քեֆը, իսկ զինվորներից ոմանք կերակուր էին պատրաստում, ոմանք էլ, թիկն տալով խարույկների մոտ, տաքանում էին և քաղցր զրույց անում մինչև որ իրենց ընթրիքը պատրաստվեր: Փչում էր սառը, հյուսիսային քամին, որը սարսռեցնում էր զինվորների մարմինները: Թեև եղանակը գարուն էր, բայց Հայաստանի ցուրտ քամին գիշերները անպակաս էր այն կողմերում: Երկինքը պարզ էր ու անամպ, և այդ անհուն մուգ-կապույտի մեջ լողում էին անթիվ աստղեր և ինչպես ադամանդներ փայլփլում: Լուսին չկար, նրա վերջին չքման ժամանակն էր, ուստի և աստղերը երևում էին երկնակամարի վրա իրենց ամբողջ պերճությամբ, իրենց ամբողջ շքեղությամբ, այնինչ Հայաստանի զով ու սառն քամին ով գիտե որտեղից գալով, սուլելով անցնում էր հունաց բանակի միջով` հանգցնում նրանց խարույկները և կորչում հեռու՛-հեռո՛ւ…
Ընթրիքը վերջացավ: Զինվորներից շատերը, հոգնածությունից նեղացած, քաշվեցին իրենց վրանները, փաթաթվեցին իրենց լայնածավալ վերարկուների մեջ, և շուտով լսվեց նրանց անուշ խռմփոցը, այնինչ մի քանիսը դեռ շարունակում էին իրենց զրույցը: Միայն պահապանները արթուն հսկում էին բանակի շուրջը և, իրենց չափավոր քայլվածքը երբեմն դադարեցնելով, խմբվում էին երկուսը կամ երեքը միասին և սկսում իրար հետ զրույց անել, որպեսզի մոտեցող քունը կարողանային իրենցից փախցնել:
Ահա բանակի մի կողմում երկու պահապան կանգ են առել և խոսում են:
— Ցուրտ է, ցուրտ, — ասում է նրանցից մեկը, որի բեղերը նոր էին ծլել նրա արևակեզ դեմքին:
— Հա՜, ճիշտ է, փչում է հյուսիսային սառը քամին, այնինչ, եթե քամին դադարեր, տաք կլիներ:
— Բայց քամին դադարելու ամենևին միտք չունի, իսկ ես սառչում եմ:
— Պետք է դիմանալ, մինչև լույս մեզ իրավունք չկա շարժվելու:
— Ս՛ս… մեր հրամանատարը շրջում է, նա աչք է անցնում բանակը, պետք է ամեն մի պահապան յուր տեղում կանգնի, — ասաց երիտասարդ հույնը և, նիզակը ձեռքն առնելով, սկսեք նշանակված տեղում անց ու դարձ անել:
Քիչ հետո, հիրավի, հույն հրամանատարը, մի քանի իշխաններով շրջապատված, բանակն էր դիտում և պահապաններին ստուգում: Նա մոտեցավ երիտասարդ հույն պահապանին էլ, որ զինվորական պատիվ տվեց իրեն: Եվ հրամանատարը տեսնելով, որ ամեն ինչ կարգին է, որ պահապանները լուրջ կերպով հսկում են բանակը, միամիտ յուր վրանը մտավ: Բանակի մեջ հետզհետե տիրեց խոր լռություն և խարույկներն էլ կամաց-կամաց սկսեցին հանգչել, չքանալ, և բանակը ընկղմվեց խավարի մեջ:
Շարժումը դադարեց, և մեռելությունը տիրեց ամեն տեղ: Աստղերի թույլ լուսավորության տակ երևում էին միայն պահապանների սև ուրվագծերը, որոնք ինչպես գիշերային վհուկներ` դանդաղ, բայց չափավոր քայլերով շրջում էին մի տեղից մյուսը: Երիտասարդ հույն պահապանը, որ նույնպես շրջում էր, հանկարծ կանգնեց և լայն բաց արած աչքերով նայեց իր առջև: Բայց այնտեղ ոչինչ չկար, մութ էր ու խավար: Նա լույս ժամանակից հիշում էր, որ իրենից քիչ առաջ տարածվում էր մի փոքրիկ ձոր, որի միջով վազում էր փոքրիկ առվակը, իսկ այժմ այնքան մութ էր, որ այդ առվակը, այդ ձորը չէր երևում, թեև պարզ լսվում էր առվակի խոխոջը:
— Ո՛հ, ինչ հիմար բան է գիշերը պահապան լինել անծանոթ տեղ, օտար երկրում, ուր չես իմանում, թե ինչ կա, ինչ չկա: Հիմա ես ի՞նչ անեմ, որ այստեղից, հանկարծ մի գունդ դուրս գա և վրա տա մեր բանակին… Դոքա առաջ ինձ կսպանեն, իմ մատաղ կյանքը կխավարեցնեն` առանց հնար ունենալու ընկերներիս ձայն տալու. բայց ես ի՞նչով եմ մեղավոր, մի՞թե մեղք չեմ, — ասում էր պահապանը ինքն իրեն և միևնույն ժամանակ զգում, որ քունը ամեն կերպ հաղթահարում է իրեն: — Է՛հ, գոնե շուտ լուսանար, ես իմ հերթից պրծնեի, վաղը անուշ քնեի… Բայց այս ի՞նչ բան է, — ասաց նա և աչքերը սկսեց տրորել: Նրա աչքին երևաց, որ ինչ-որ մի սև կետ երբեմն բարձրանում է ձորի միջից, երբեմն անհետանում: — Զարմանք բան, այժմ ոչինչ չկա, մի՞թե ես խաբվում եմ… այս կողմերը գազաններ էլ շատ կլինեն, ի՞նչ կլինի, եթե մի խումբ գայլեր հանկարծ վրաս թափվեն… Օ՛… սարսափելի է գայլերի ատամների տակ. անպիտանները մի վայրկյանում ինձ կուլ կտան, ոսկորներս անգամ չեն թողնի… բայց քունս սաստիկ տանում է, ի՞նչ կլինի, եթե այս կանաչ խոտի վրա պառկեմ և քիչ, շատ քիչ քնեմ, գոնե մի րոպե, ո՞վ կտեսնի ինձ, կամ ի՞նչ վտանգ կարող է սպառնալ բանակին` ոչի՜նչ: Ես հավատացած եմ, որ ոչինչ. հայերը չեն համարձակվի մեր բանակի վրա արշավել, — ասաց զինվորը և կիսաթեք ընկավ գետնին` գլուխը դնելով ձեռքերի վրա:
— Այս անպիտան քամին էլ հոգիս հանեց. ես դողում եմ ամբողջ մարմնովս, ու՛ֆ, — ասաց դարձյալ պահապանը, կոլոլվեց վերարկուի մեջ, նրա աչքերը ծածկվեցան, և անուշ նիրհը պատեց նրան: Չնկատեց էլ, թե ինչպես ձորի միջից մի գլուխ երևաց, որն աջ ու ձախ նայելուց հետո, փորսող տալով առաջ եկավ դեպի պահապան զինվորը: Այդ մարդը մերկ սուր ուներ ձեռքին` պատրաստ յուր հակառակորդի կուրծքը մխելու:
Փորսող տալով նա մի փոքր առաջ եկավ և կանգ առավ, կարծես շունչը ետ բերելու և դիտելու, թե ոչ ոք հո չի տեսնում իրեն: Երբ համոզվեց, որ ամեն ինչ շուրջը խաղաղ է, որ պահապանները բոլորն էլ քնած են, կրկին առաջ սողաց և վայրենի աչքերով դեպի քնած պահապանը նայեց, ապա նա կզեց և սուրը պատրաստեց մի ոստյուն անելու դեպի յուր զոհը, բայց հենց այդ միջոցին պահապան զինվորը շարժվեց և բաց արավ աչքերը: Նա իրենից մի քայլ այն կողմ երկու փայլուն աչքեր տեսավ, որոնք ուղղված էին իրեն, կարծես ուզում էին կլանել իրեն: §Ի՞նչ է այդ, մի՞թե աչքերս խաբում են ինձ», — մտածեց զինվորը և մի վայրկյան փակելով աչքերը` նորից բաց արավ և սարսափեց… Նա տեսավ հենց յուր առջև չոքած մի մարդ, որի ձեռքի սուրը մի ակնթարթ միայն փայլեց, ապա զգաց սուր ցավ, որից իմացավ, որ սուրը մխվեցավ յուր կոկորդի մեջ:
Երիտասարդ պահապան զինվորը մահվան մի քանի ցնցումներ արավ և մնաց անշարժ, այնինչ ձորից դուրս եկող մարդը կրկին փորսող տալով ետ-ետ գնաց և կորավ մթության մեջ…
Անցավ շատ կարճ ժամանակ. այն կողմից, որտեղից առաջ երևացավ փորսող տվող մարդը, այժմ խումբ-խումբ մարդիկ երևացին, որոնք, մի փոքր կանգ առնելով, զգուշությամբ դիմեցին դեպի բանակը:
— Ստեփանի՜կ, քո գունդը աջ կողմից տար, իսկ ես կաշխատեմ նրանց փախուստը արգելել, — ասաց մի մարդ, որ ձեռքին ահագին սուր էր ճոճում:
— Լավ, Հարպի՜կ իշխան, միամիտ մնա, հույներին լավ դաս կտանք, նրանց պահապանները բոլորն էլ մորթված են և մեր ճանապարհը հարթված է, մինչև նրանք զարթնեն, մենք նրանց գլուխները կկտրենք, — ասաց Ստեփանիկը և յուր գունդը դեպի աջ տարավ:
Սկսվեց կոտորածը լուռ, առանց աղմուկի, երբ հանկարծ, կեսգիշերին, հունաց բանակից բարձրացավ վայնասունի, ճիչ ու գոռոցի ձայներ: Քնած զինվորները ոտքի կանգնեցան. նրանցից ո՜րը զենք առավ, ո՜րը ուզեցավ փախուստ տալ, բայց հայ կտրիճների սուրը ամեն տեղ հասնում էր նրանց և յուր հունձը անում:
Կոտորածը դեռ շարունակվում էր, երբ բացվեցավ արշալույսը և լուսավորեց պատերազմի դաշտը: Սոսկալի էր այդ դաշտը: Մի խումբ կտրիճ հայերից կոտորվել էր հունաց բանակի մեծ մասը, իսկ մնացածը լեղապատառ փախուստ էր տալիս, ո՜րը ձիով, ո՜րը ոտքով:
Այդ ժամանակն էր, որ Հարպիկ իշխանը յուր արյունալի սուրը ձեռքին պտրում էր մեկին և գտավ նրան: Հարպիկ իշխանը տեսավ, որ հույն հրամանատարը հույն գնդի առաջ ընկած քաջությամբ կռվում է և ուզում է ճանապարհ բանալ Ստեփանիկի կտրիճների միջից:
— Անիծյա՜լ հույն, մի՞թե չես ճանաչում լեռների ավազակին, — գոռաց նա և մղվեցավ կռվողների մեջ:
Հույն հրամանատարը նայեց նրան և սոսկաց: Նա ուզեց ետ դարձնել յուր ձիու գլուխը և փախուստ տալ, բայց ուշ էր: Հարպիկի սուրը կես արեց նրա գլուխը, և նա արյունաթաթախ ցած գլորվեց:
Երբ հույները նկատեցին իրենց հրամանատարի ընկնելը, շտապեցին փախուստ տալ կռվի դաշտից: Եվ Հարպիկ իշխանը արգելք չեղավ նրանց: Նա տեսավ, որ հունաց այդ բանակը բոլորովին ջախջախվեցավ և թե նա այլևս պետք էլ չի կարող գալ:
— Այդ ջարդը լավ դաս էր հույներին, թող հունաց կայսրը նոր բանակ կազմի և Հայաստան ուղարկի, — ասաց Հարպիկը յուր արյունոտ սուրը սրբելով…
Դ
[խմբագրել]ԴԱՎԱՃԱՆԻ ԱՐՏԱՍՈՒՔԸ
Հունաց բանակի ջարդվելու լուրը Անի հասավ և ցնծությամբ լցրեց հայերի սիրտը: Ամբոխն սկսեց ջերմեռանդ աղոթքներ առաքել առ Ամենաբարձրյալը, որ նա հովանի կացավ Հայաստանին և չձգեց հույների ձեռքը, այնինչ իշխաններն էլ մյուս կողմից ցնծության խրախճանք կազմեցին և տոնեցին հայոց գնդի այդ մեծ հաղթությունը: Այդ ժամանակն էր, որ Վեստ Սարգիսն էլ մուտք գործեց Անի և երբ տեսավ անեցվոց ուրախությունները, երբ լսեց նրանց զվարթ հաղթական երգերը, մռայլվեցավ, հուզվեց նրա սիրտը և խռովեց հոգին:
«Ի՞նչ է արդյոք պատահել, — մտածում էր նա, — ինչու՞ անեցիք այդպես ուրախ են և հաղթական երգեր են երգում. մի՞թե դրանց հայտնի չէ, որ հունաց բանակի քաջ լեգեոնները ուր որ են կերևան և մոխրի ու կրակի կույտեր կդարձնեն Անին…
Խելացնորներ, ի՞նչ են ուրախանում, ի՞նչ են երգում, չէ՞ որ Վեստ Սարգիսը սպասում էր, որ տեսնի անեցիներին մռայլ, հուսահատ… Այս ի՞նչ է պատահել», — մտածում էր Վեստ Սարգիսը և մռայլված առաջ գնում դեպի յուր պալատը:
Վեստ Սարգիսը դեռ չգիտեր Հունաց բանակի ջարդը:
— Եղո՜, ի՞նչ է պատահել անեցիներին, ինչու՞ նրանք ուրախ են, — դարձավ Վեստ Սարգիսը մռայլ դեմքով իրենից անբաժան Եղոյին: Եղոն ոչինչ չպատասխանեց: Նա էլ մռայլ էր, նա էլ հուսահատ. երևում էր, որ դժվարանում էր յուր տիրոջը ուղիղ պատասխան տալ. չէ՞ որ դրանով կվշտացներ յուր տիրոջը:
— Եղո՜, մի՞թե ճիշտ է, որ անեցիք ուրախ են, թե այդպես է թվում միայն ինձ, — հարցրեց նա դարձյալ:
— Այո, տե՜ր, չեք սխալվում, — պատասխանեց Եղոն:
— Բայց ինչու՞, ի՞նչ է պատահել:
— Մի ցավալի բան, տե՜ր:
— Ի՞նչ… մի՞թե Գագիկը…
— Ո՜չ, տե՛ր, ո՜չ, Գագիկը չի համարձակվի Անի մտնել,— ընդհատեց Եղոն շշնջալով:
Վեստ Սարգիսը մի փոքր հանգստացավ:
— Ուրեմն ի՞նչ է պատահել, խելագարվել են, ի՞նչ է, ինչո՞ւ են նրանք ուրախանում, երբ մի քանի օրից հետո պիտի կոտորվեն հունաց բանակի ձեռքով: Մի՞թե այդ չեն հասկանում:
— Հը՛մ, դա անցավ, — ասաց Եղոն` մի հեգնական ժպիտ արձակելով:
— Ի՞նչպես թե անցավ:
— Այնպես անցավ, որ հունաց բանակի հետքն էլ չի մնացել, մինչդեռ մենք ոլորուն ճանապարհներով ժամանակ էինք վատնում և սպասում հունաց բանակին, որ Անի հասնի, անեցիք քնած չեն եղել: Հարպիկ իշխանը Վահրամյանց գնդերի գլուխ անցած մեծ ջարդ էր տվել նրանց հենց այնտեղ, ուր մենք թողինք նրանց:
— Բայց մի՞թե այդ ճշմարիտ է, Եղո՜, մի՞թե ահեղ հունաց բանակը մի ավազակից ջարդվեց:
— Կատարելապես ճշմարիտ: Ես այդ բոլորը ստուգեցի հենց որ Անիի դռներին հասանք:
— Եվ այդ հաղթության վրա՞ են ուրախանում անեցիք, — հարցրեց Վեստ Սարգիսը գունատ դեմքով:
— Հե՜նց դրա վրա:
— Լավ, այդ առաջինը ջարդվեց, բայց տասն ուրիշ բանակներ կգան, քնած չէ Վեստ Սարգիսը, — պատասխանեց նա սրտի կսկիծից գունատված դեմքով և ձին առաջ քշեց: Երբ նա հասավ ս. Լուսավորչյա մայր եկեղեցու մոտ, ուր խմբված էին իշխաններ, հոգևորականներ և ժողովուրդ, մի րոպեում նրա դեմքի մռայլը անհետացավ և մի այնպիսի գոհունակության և ուրախության արտացոլումն ստացավ, որ ժողովուրդը նայելով նրա դեմքին` փսփսաց իրար մեջ.
— Ահա խնամակալը եկավ, տեսեք ինչքա՛ն նա ուրախ է:
— Կեղծ է նրա ժպիտը, — ասաց կանգնածներից մեկը:
— Ո՜չ, կեղծ չի կարող լինել, նայեցե՜ք, — ասաց նրա խոսակիցը և մատով ցույց տվեց դեպի Վեստ Սարգիսը:
Ամենքը դեպի Հայաստանի գահի խնամակալը նայեցին: Վեստ Սարգիսը ձիուց ցած էր իջել և համբուրելով եկեղեցու դռները, ուրախության առատ արտասուքներ էր թափում և բարձր, լսելի ձայնով ասում.
— Ո՛հ, ամենակա՜լ տեր, դու չկորցրիր որբացած հայերին և նրա թափուր գահը պահպանեցիր: Տե՛ր, ընդունիր իմ գոհունակության անարժան աղոթքը և հաստատ պահիր Բագրատունյաց գահը մինչև հավիտյան:
Ապա նա դառնալով իշխաններին, հոգևորականությանը, սեղմում էր նրանց ձեռքերը և Հուդայի համբույրներ տալիս:
— Կեցե՛ք և իմ անկեղծ ուրախությունը ձեր ուրախությանը: Վեստ Սարգիսը հոգով ուրախ է հայերի քաջության և հաղթության համար: Թող խորտակվեն հույները, թող կորչեն մեր թշնամիները, — ասում էր նա և աչքերից թափում ուրախության արցունքներ:
— Տեսնու՞մ ես, բարեկա՜մ, ինչքա՛ն նա ուրախանում է, — ասաց ժողովրդի միջից առաջին բարձրահասակ մարդը:
— Տեսնում եմ, տեսնում: Ես նկատում եմ, որ Վեստ Սարգիսը ուրախությունից արտասվում է,— պատասխանեց խոսակիցը մտամոլոր:
Բայց չէ՞ որ ասում էին, թե Վեստ Սարգիսը դավաճան է:
— Հա՜, ասում են:
— Բայց մի՞թե դավաճանը այդպես կուրախանա հունաց բանակի ջարդվելուց կամ մի՞թե նա այդպիսի խոսքեր կասի…: Դու լսեցի՞ր` նա ինչ ասաց:
— Լսեցի, բարեկա՜մ:
— Ուրեմն նա դավաճան չէ, ինչպես ասում են:
— Չգիտեմ, — պատասխանեց խոսակիցը, — գուցե նա դավաճան չէ և զուր մեղադրում են:
— Չէ, ես հավատում եմ, որ մեր թագավորության խնամակալը բարի մարդ է, շատ բարի և դավաճան չէ, — ասաց առաջին խոսակիցը:
— Ո՞վ գիտե, բարեկա՜մ, մեր խելքը հեռու չի կտրում, ո՞վ գիտե` ի՞նչ կա նրա սրտի մեջ թաքնված, իսկ դա մեզ այդպես է ցույց տալիս, — ասաց երկրորդ մարդը և շուտով խառնվեցավ ամբոխի մեջ:
Այդ ժամանակ իշխաններն արդեն ցրվել էին և Վեստ Սարգիսն էլ հեռացել դեպի յուր պալատը:
Բայց ամբոխը դեռ խումբ-խումբ կանգնած խոսակցում էր, երբ հանկարծ փողոցի ծայրում մի մարդ երևաց, որ գրավեց բոլորի ուշադրությունը:
— Խե՛նթը, Խե՛նթը գալիս է, — կանչեցին մի քանի ձայներ:
Հիրավի Խենթն էր, որ երևաց փողոցի ծայրին յուր անբաժան երկար փայտը ձեռքին: Նա մոտեցավ ամբոխին և աչքերը վայրենաբար աջ ու ձախ պտտեց: Ամբոխը տեղ բացեց և շրջապատեց Խենթին: Ամբոխը տրամադիր էր այսօր ուրախանալու և լսելու Խենթին:
— Հե՛յ, հե՛յ, ճանապարհ տվեք, ինձ ճանապարհ տվեք, — կանչեց նա և բարձրանալով մի քարի վրա, նայեց շուրջը և ապա խիստ սրտակտոր ձայնով ասաց.
— Ինձ մի հարցնեք` ո՞վ եմ ես,
Վա՛յ ինձ, վա՛յ ինձ…
Սիրուն ու շեն Անին եմ ես,
Վա՛յ ինձ, վա՛յ ինձ…
— Խե՜նթ, ինչո՞ւ ես վայ կանչում, չէ՞ որ այսօր ուրախանալու օր է: Չե՞ս տեսնում` ամենքը ուրախ են, որովհետև հույներին ջարդել են հայերը, — ասաց ամբոխից մի ծեր մարդ:
— Սուտ է այդ բոլորը, ամենքը ուրախ չեն, — պատասխանեց Խենթը:
— Ամենքը ուրախ են, Խե՜նթ, թե՜ իշխան, թե՜ ռամիկ. միայն դու ես, որ կրկին վայ ես կանչում, — պատասխանեց նույն մարդը:
— Ես պիտի կանչեմ վա՛յ, մինչև որ նա կա և ապրում է:
— Ո՞վ, Խե՜նթ, ո՞վ կա և ապրում է, — հետաքրքրությամբ հարցրեցին զանազան կողմերից:
— Նա, նա, ով լալիս է և ուրախանում, ով ժպտում է և տրտմում, ով աղոթում է և անիծում:
— Ի՞նչ ես ասում, Խե՜նթ, մենք ոչինչ չենք հասկանում: Ասա՜, ո՞վ է այդ մարդը, որ ուրախության ժամանակ տրտմում է, իսկ տրտմության ժամանակ ուրախանում, — պատասխանեց նույն ծերունին և հետաքրքրությամբ Խենթին նայեց:
— Վա՛հ, մի՞թե դուք աչքեր չունեք, որ տեսնեք, ականջ չունեք, որ լսեք: Օձը թույն է պատրաստում և յուր քաղցր խոսքերով ձեզ քնեցնում:
— Ո՞վ է այդ մարդը, Խե՜նթ, մի՞թե Վեստ Սարգիսն է, որ այսօր լիասիրտ արտասվում էր և գոհունակության մաղթանքներ ուղղում հայոց հաղթության համար:
Խենթի աչքերում ուրախության կայծակներ շողացին: Նա հասել էր յուր նպատակին և ամբոխը արդեն գլխի էր ընկնում:
— Սուտ է, նա դավաճան չէ, — լսվեց հանկարծ մի ձայն ամբոխի միջից: Ամենքը այն կողմ նայեցին և տեսան մի բարձրահասակ մարդ, որ յուր փոքրիկ աչքերը դեպի Խենթն էր դարձրել և ուշադրությամբ լսում էր նրան:
— Դու ի՞նչ գիտես, որ սուտ է, — պատասխանեց ծերունին:
— Սուտ է: Եթե դավաճանը եկեղեցու դուռը համբուրի, իսկույն գետինը կպատռվի և նրան կուլ կտա:
— Երեխա՞ ես, բարեկա՜մ, աստված յուր դատաստանը այդպես շուտ չի անում, դեռ ժամանակ է տալիս նրան ապաշխարելու, — պատասխանեց մեկը:
— Բայց ես չեմ հավատում, որ Վեստ Սարգիսը վատ մարդ է:
— Այո՛, ես էլ չեմ հավատում, ոչինչ չեմ տեսել, բայց շատ բան լսել եմ: Ասում են, որ նա մինչև անգամ ուզում է թագավոր դառնալ և այդ պատճառով ուզեցել է Գագիկ Բագրատունուն սպանել տա:
— Ո՜չ, այդ անկարելի է: Ով կհամարձակվի նրա մի մազին դիպչել: Մենք կխորտակենք Վեստ Սարգսի պալատը և իրեն էլ կտոր-կտոր կանենք:
Ամբոխի միջից վիճաբանությունը հետզհետե տաք կերպարանք էր ստանում: Խենթը կայծը գցել էր և կռթնած յուր փայտին լուռ կացել. նա տեսնում էր, թե ինչպես այդ կայծը հետզհետե բորբոքվում ու աճում էր:
— Մարդի՜կ, դատարկ-դատարկ խոսել պետք չէ, — ասաց նույն ծերունին, — մենք ավելի լավ կանենք, որ շուտով Գագիկին թագավոր օծել տանք:
— Բայց նա փոքր է:
— Ի՞նչ անենք, որ փոքր է. բայց նա քաջ է և խելոք:
— Ու՞մ դիմենք, տղե՜րք:
— Վահրամ իշխանին, մեր անգին Վահրամ իշխանին խնդրենք: Նա սիրում է մեզ և մեր խնդիրը ոտքի տակ չի ձգի:
— Կեցցե՛ Գագիկ թագավորը, ապրի՛ Վահրամ իշխանը, — գոռաց ամբոխը, և նրա ձայնին արձագանք տվին Անիի շքեղ պալատներն ու շինությունները:
— Գնա՛նք, գնա՛նք Վահրամ իշխանի մոտ, — կանչեց ամբոխից մի ձայն, — պետք չէ ուշացնել երկաթը տաք-տաք կծեծեն:
— Գնա՛նք, գնա՛նք, — կանչեց ամբոխը և շարժվեց դեպի Վահրամ Պահլավունու պալատը, ճանապարհին շարունակ գոռալով.
— Կեցցե՛ Գագիկ թագավորը, ապրի՛ Վահրամ իշխանը…
Ամբոխին առաջնորդում էր Խենթը:
Ե
[խմբագրել]ՍԵՎ ՁԵՌՔԸ
Վեստ Սարգիսը լսում էր ամբոխի գոռ ձայնը և նրա սիրտը կսկծում էր: Ամեն անգամ, երբ ամբոխը «կեցցե՜ Գագիկ, ապրի՜ Վահրամ» խոսքերն էր ասում, նրա մարմինը փշաքաղվում էր և արյունը սառչում երակների մեջ: Բայց լուռ նայում էր այդ ամբոխին, և կատաղի վրեժխնդրության ալիքներն անցնում էին նրա մռայլ դեմքի վրայով: Սա նայում էր ամբոխին, նայում և սեղմված բռունցքով սպառնում նրան:
— Դու, ցնորամի՜տ ամբոխ, մոռացած մի ուժեղ առյուծ, լամուկին քեզ համար թագավոր ես հռչակում և սողում ծեր աղվեսի ոտքերի տակ, բայց կգա ժամանակ, երբ դու նույն կեցցեները ինձ համար կկանչես և կսողաս ոտքերիս տակ ինչպես մի թույլ, անզոր մրջյուն… Բայց լավ իմացիր, որ այն ժամանակ քեզ փրկություն չի լինի, և Վեստ Սարգիսը, Հայաստանի օծյալ թագավորը միայն անիծյալ տնեցիների ոսկորների վրա պիտի թագավորի, միայն այն ժամանակ հոգիս կհանգստանա և կմոռանա այն վերքերը, որ այժմ հասցնում ես ինձ… Այն ժամանակ, երբ տեսնեմ, որ այդ ամբոխը սողալով գալիս է ինձ մոտ և ոտքերս ընկնում, դրան ոտքերիս տակ տրորելով միայն կառնեմ վրեժխնդրության ծարավս… Օ՛, կգա այն ժամը, երբ կկոխկրտեմ այդ գարշելի ամբոխի արնաթաթախ դիակները և իմ թագավորության գահը նրա ոսկորների վրա կկանգնեմ: Վնաս չկա, հունաց մի բանակը չարգվեցավ, բայց Հունաստանը չկործանվեց: Այնտեղ շատ լեգեոններ կան և այդ լեգեոնները գունդ-գունդ Հայաստանի վրա կարշավեն, իսկ եթե դրանք էլ չեն օգնի, թաթարաց գնդերը կգրգռեմ և գործ կդնեմ իմ խորամանկության ու խաբեության բոլոր հնարները մինչև որ ինձ հաջողվի Հայաստանի գահը բարձրանալ, կամ կործանել նրան… Միայն երկու ճանապարհ եմ ընտրել. կամ պիտի կործանվի Հայաստանը և ամայի անապատ դառնա, կամ ես պիտի ժառանգեմ այդ գահը: Իսկ նպատակիս հասնելու համար չեմ խնայի ո՜չ մի միջոց, ո՜չ հարազատիս արցունքը, ո՜չ հայրենիքիս սերը և ո՜չ աստծուն: Թույն և մահ պիտի սփռեմ Հայաստանի մի ծայրից մյուսը և ավերակների ու մոխրի կույտեր պիտի դարձնեմ շեն քաղաքներն ու գյուղերը… Ահա թե ինչ է ցանկանում Վեստ Սարգիսը:
Եվ Վեստ Սարգիսը սկսեց պղտոր հայացքով նայել ամբոխին, որ ծովի ալիքների նման ալեկոծվում էր և հառաջանում դեպի Վահրամ Պահլավունու շքեղ պալատը:
Նա տեսավ մինչև անգամ, թե ինչպես դուրս եկավ ամբոխի առաջ ծերունի Վահրամը և ինչ-որ բան ասաց ամբոխին. իսկ ամբոխը ինչպես մի մարմին կրկին հնչեցրեց յուր գոռ ձայնը և շուտով ցրվեցավ Անիի փողոցներում:
— Ի՞նչ ասաց ծեր աղվեսը, երևի խոստացավ նրանց, թե շուտով Հայաստանի թափուր գահի վրա կբարձրանա մանուկ Գագիկը… հա՛, հա՛, հա՛, խելացնո՜ր Վահրամ, մի՞թե չգիտես, որ Հայաստանի գահը այժմ թափուր չէ, այլ գտնվում է «Սև Մարդու» երկաթե ճիրանների մեջ, որի ձեռքից ո՜չ ոք, ո՜չ Գագիկ, ո՜չ Վահրամ և ո՜չ աստված չեն կարող խլել…
Վեստ Սարգսի խոսքերն ընդհատվեցան, նա ետ նայեց ու տեսավ յուր սիրելի Եղոյին, որը քրտնած, շունչը հազիվ ետ բերելով, ասաց.
— Իշխա՜ն, մեր գործը հետզհետե դեպի վատն է գնում:
— Ի՞նչ կա, Եղո՜, ի՞նչ է պատահել, — հարցրեց Վեստ Սարգիսը, իբր թե ոչինչ տեղեկություն չուներ:
— Տե՜ր, ամբոխը Գագիկին կեցցե է կանչում և, դիմելով Վահրամ իշխանին, խնդրում է շուտով Գագիկին Անի բերել և բազմեցնել թագավորության գահին:
— Հետո՞, ի՞նչ պատասխանեց Վահրամ իշխանը:
— Նա խոստացավ շատ շուտով այդ բանը գլուխ բերել, հասկացնելով, թե ինքն էլ նույն կարծիքին է, որովհետև Հայաստանը տանջվում է «Սև Մարդու» երկաթե ճիրանների մեջ:
— Ինչպե՞ս, նա համարձակվեց հայտնի կերպով իմ դեմ խոսել:
— Այո, տե՜ր, Սև Մարդ ասելով քեզ էր ակնարկում և ամբոխն էլ կարծես համամիտ էր նրան: Մի կայծ, փոքրիկ մի կայծ էր պետք, որ ամբոխը բորբոքվեր քո դեմ: Միայն այդ ժամանակ նա, յուր տրտունջը հայտնելով, բավականացավ և ցրվեց, բայց երկյուղ կա, որ մյուս անգամ այդպես թեթև չի անցնի:
— Այդ ամբոխը չի համարձակվի շշունջ հանել, իսկ եթե հանդգնի, ես կխեղդեմ նրան իմ ճիրանների մեջ: Բայց այդ թողնենք, Եղո՜, ասա ինձ, ու՞ր են թաքցրել Գագիկին: Պետք է մինչև հույների Անի մտնելը նրան ուղարկել յուր պապերի մոտ: Սուրը չհաջողեց, այժմ կարելի է թույն գործածել:
— Առայժմ ինձ անհայտ է, տե՜ր, սատանան միայն գիտե, թե ուր են նրան թաքցրել, — ասաց Եղոն:
— Լավ, մենք շուտով կգտնենք: Լուսիկի բերանից ամեն ինչ կարելի է իմանալ, հետևիր ինձ, — ասաց նա և Եղոյի հետ միասին գնաց յուր պալատի ներքնատներից մեկը, ուր խոնավ, մութ պատերի մեջ փակված էր Լուսիկը:
Նա պառկած էր հարդի վրա լուռ, անձայն, որ կարծես կենդանության նշույլ չունենար վրան:
Եղոն լուսավորում էր ջահով նրա գունատ, մեռելային դեմքը:
— Նա կարծես քնած է, — ասաց Եղոն` մոտեցնելով ջահը Լուսիկի դժգույն դեմքին:
— Եթե քնած է, պետք է զարթեցնել, — ասաց խրոխտ ձայնով Վեստ Սարգիսը:
— Է՛յ, օրիո՜րդ, վեր կաց, իշխանը քեզ հետ ուզում է խոսել, — ասաց Եղոն հրելով օրիորդին:
Լուսիկը սարսափահար վեր թռավ յուր հարդե անկողնից և վայրենաբար շուրջը նայեց: Խեղճը երկար արթուն մնալուց հետո նոր էր քուն մտել, նոր էր փակել հոգնած արտասվալից աչքերը և ընկղմվել երազների մեջ: Տանջալից և սոսկալի էին այդ երազները, երբ զարթեցրեց նրան Եղոն:
— Ա՛հ, հա՜յր, մի՞թե դու ես, բայց ինչու՞ քո վրայից կաթկաթում է արյունը, այդ ի՞նչ է, ես սարսափում եմ, — ասաց Լուսիկը` սարսափահար դիտելով Վեստ Աարգսի դեմքը:
— Խելքի արի, օրիո՜րդ, հայրդ չէ քո առաջ կանգնած, այլ իշխան Վեստ Սարգիսը: Հայրդ վաղուց ոգիների աշխարհն է գնացել: Զառանցանքներով մի՜ ապրի, այլ լսիր, թե ի՞նչ են հարցնում քեզ և ուղիղ պատասխանիր:
Լուսիկը նայեց խոսակցին, նայեց և հիշեց դառն իրողությունը: Նա զգաց, որ ինքը բանտարկված է, միայնակ, անօգնական, անտեր յուր բանտի մեջ, ուր տանջում են դահիճները: Բայց նա իրեն չկորցրեց. թափահարեց իրանից թուլասրտության հոգին և խրոխտ կերպարանք առնելով հարցրեց.
— Ի՞նչ է պահանջում ինձանից Հայաստանի գահի խնամակալը:
Վեստ Սարգսի դեմքը ավելի խոժոռվեց: Նա զգաց, որ օրիորդը հեգնում է իրեն, որ նա ծիծաղում է խնամակալ բառի վրա:
— Այս րոպեիս կիմանաս, թե Հայաստանի գահի խնամակալը քեզանից ի՞նչ է ուզում իմանալ: Ասա, խելա՜ռ աղջիկ, թե դու և քո հայրը ի՞նչ հարաբերության մեջ էիք իրար հետ և ի՞նչ էիք նյութում իմ դեմ:
— Միայն այդքա՞ն, իշխա՜ն, էլ ուրիշ ոչինչ չե՞ս պահանջում, — ասաց Լուսիկը և մի այնպիսի արհամարհական հայացք ձգեց Վեստ Սարգսի վրա, որ վերջինիս համբերությունը հատնում էր:
— Բացի դրանից, — շարունակեց Վեստ Սարգիսը, — դու ինձ պիտի հայտնես, թե որտե՞ղ է թաքնված Գագիկ Բագրատունին` Հայաստանի գահի ժառանգը: Եթե դու այդ երկու հարցիս ճիշտ պատասխան տաս, այս խոնավ բանտից կազատվես և առ ժամանակ ապահով տեղ տեղափոխվելուց հետո ազատություն կստանաս:
— Իշխա՛ն, զուր նեղություն ես կրել այդ բանի համար ինձ այցելելու, զուր ես աշխատում քո սև հոգին ներշնչել իմ մեջ և կեղտոտել իմ մաքուր հոգին: Ինձ ազատություն ես խոստանում, որ ես հայրենիքիս ազատությունը քո ձեռքը մատնեմ, որ ես գաղտնիքները քեզ հայտնեմ և օրինական թագավորի բախտը քո անգութ ճիրանների մեջ ձգեմ, սակայն իմացիր, որ իմ հոգին սև չէ, ինչպես քոնը: Կտանջվեմ, կչարչարվեմ, բայց հայրենիքս չեմ մատնի, չեմ դավաճանի, ինչպես դու…
— Լռի՛ր, անզգա՜մ աղջիկ, թե չէ քեզ կսովորեցնեմ, թե ում հետ գործ ունես:
— Գիտեմ այդ, իշխա՜ն:
— Ի՞նչ գիտես:
— Որ մի ստոր դավաճանի հետ գործ ունեմ, որը զուրկ է և՜ գութից, և՜ խղճից…
— Ես քո լեզուն կկտրեմ, — ասաց Վեստ Սարգիսը գունատված և սուրը պատյանից հանեց: Այդ ժամանակ Եղոն մեջ մտավ:
— Իշխա՜ն, ինձ բաշխիր սրա կյանքը, և թույլ տուր ինձ խոստովանեցնել սրան: Ես գիտեմ սրա լեզուն:
Վեստ Սարգիսը սուրը պատյանը դրեց և դուրս գնաց Եղոյի հետ: Լուսիկը մնաց միայնակ:
Զ
[խմբագրել]ՔԱՄՈՒ ՀԱՌԱՉԱՆՔԸ
Մինչ այս, մինչ այն վրա հասավ Հայաստանի ցուրտ և սարսռալից ձմեռը:
Դաշտերն ու ձորերը ամայացան և շարժումը դադարեց: Ճչեցին ցուրտ քամիները և ամայի դաշտերի ու ձորերի վրա սկսեցին իրենց վայրենի պարը պարել ու տաղտկալից մեղեդին երգել…
Անին և յուր շրջակայքն էլ հագան ձմռան վերարկուն ու ծածկվեցան թանձր ձյունով: Կարծես թե մեռած էր բնությունը, կարծես թե Անիի վրա իշխելիս լիներ միայն սառը քամին և ձմռան մեռելությունը, որն անարգել բախում էր հարստի ու աղքատի, ռամիկի ու իշխանի դուռը, ինչ-որ բան փսփսում դռների արանքներից և ապա, խելագարի նման դուրս թռչելով, կորչում, հեռանում Անիից և անհետանում ո՞վ գիտե ուր, ո՞վ գիտե որ լեռան կամ ձորի ծոցում… Ինչու՞, ի՞նչ էր տեսնում նա դռները արանքից, որ այդպես հուզվում, այդպես ալեկոծվում էր: Մի՞թե նրան դուր չէին գալիս այն տեսարանները, ուր կյանքը եռում էր և ուր մայրը յուր բալիկին նանիկ էր ասում. ծերունի պապը յուր նախնյաց քաջագործությունը պատմում շուրջը ժողոված կարմրերես հարսներին, սիրուն կույսերին և լայնաթիկունք պատանիներին, որոնց դեմքերը փայլում էին ներքին ոգևորությունից և ցանկանում, որ անվերջ, անծայր շարունակվի պապի պատմածները, որ նրանք միշտ լսեն նախնյաց քաջագործությունները և որոնց հետ իրենք էլ լան և ուրախանան… Եվ քամին նայում էր ամեն տուն, ականջ դնում և շտապ հեռանում: Դարձյալ գալիս էր, դարձյալ հեռանում: Նա տեսնում էր ամեն բան, իմանում ամեն գաղտնիք, լսում էր ամեն խոսակցություն, շշունջ, ծիծաղ ու խնդություն, հառաչանք ու հեծկլտանք և, ապա, ինքն էլ մի հառաչանք, մի ճիչ, մի շվվոց արձակելով, անհետանում…
Եվ քամին, այդ ազատ դաշտերի ազատ որդին զարմանում էր ու մտածում. §Ինչո՞ւ մի տեղ լալիս են, մյուս տեղ` ուրախանում, մի տանը հրճվում են, մյուս տանը` ախ ու վուշ անում: Եվ ինչու՞ տնեցիների մեծ մասի դեմքերին չի երևում ժպիտի և ոչ մի նշան, այլ մի տեսակ վհատություն է պատել նրանց սիրտը: Ինչու՞, ի՞նչ էր պատահել, մի՞թե նրանք վհատ են և տխուր ձմռան ներկայությունից: Բայց մի՞թե նրանք չգիտեն, որ շուտով կանցնի այդ տաղտկալից ձմեռը և կբացվի սիրուն ու զվարթ գարունը…»: Բայց չէ, նրանց վհատեցնում և տխրեցնում է մի ուրիշ բան. կարծես մի սև թաթ ճնշում է բոլոր տնեցիների սրտերը և գցում նրանց հուսահատության մեջ: Նրանք կարծես զգում են, որ ինչ-որ բան է կատարվում Անիի գլխին, որ ինչ-որ բան է պատրաստվում նրա համար և թե այդ պատրաստողը, չարիքի այդ ստեղծողը ձեռք է ձգել բոլորին էլ և յուր անգութ ճիրաններով խեղդում, շնչասպառ է անում նրանց` չթողնելով անգամ մի փոքր ազատ շնչելու… «Անարդար է, տե՜ր, քո սուրբ դատաստանը», կարծես մրմնջում էր քամին ամեն անգամ և ուժգին հառաչելով մի քանի պտույտ անում և անհետանում…
Բայց անեցիք քամու հառաչանքից ավելի հուսաբեկված, ավելի սաստիկ էին զգում Սև Մարդու ահռելի շնչառությունը և դողում, իսկ այդ Սև Մարդը շատ զորավոր, շատ ուժեղ էր, և ոչ ոք չէր համարձակվում դեմ կենալ նրան, հակառակվել:
Դա հայոց թագավորության գահի խնամակալ Վեստ Սարգիսն էր:
Եվ Վեստ Սարգիսը քնած չէր:
Նա տենդագին եռանդով գործում էր ձմեռը և փորում գահի շուրջը: Նա վախենում էր, գոռում, որ այդ գահը կխլեն իրենից, չեն տա իրեն, ուստի և խոր խրամատներ էր փորում, իբր թե գահը տանող ճանապարհն էր պաշտպանում, առանց կասկածելու, որ այդ գահը կարող է խորտակվել և իրեն էլ ոչնչացնել նրա փլատակների տակ…
Եվ խելացնորի նման գիշեր-ցերեկ փորում էր, փորում ու չար օձի խինդը պատում էր նրա մռայլ դեմքը: Նա արդեն այդ գահը իրենն էր համարում և երևակայում, որ ինքը արդեն բազմել է Բագրատունյաց գահին, և փայլուն թագը զարդարում է յուր դավաճան գլուխը…
Սնոտի՛ երազ…
Փառասիրության տենչը կուրացրել էր նրան: Ո՜չ մի բան նրա աչքին չէր գալիս: Ո՜չ մի ազնիվ զգացմունք չէր շարժվում խնամակալի սրտում: Նա ուզում էր մոխիր և ավերակ դարձնել Հայաստանը, սուր և մահ սփռել չորս կողմը և վայնասունի ու հառաչանքի միջից անցնելով` բազմել գահին…
Այդ էր Սև Մարդու` դավաճան Վեստ Սարգսի փափագը, նրա սրտի ցանկությունը, նրա ամբողջ էությունը…
Եվ նա իր ցանկությանը հասնելու համար անում էր ամեն բան, դավաճանում էր յուր ազգին, հայրենիքին…
— Ինչո՞ւ…
— Փառքի, սնոտի անցողական փառքի համար:
— Իսկ անտո՞ւնը, պատի՞վը…
Դավաճանը այդ չէր հարցնում: Այդ հարցերը ետ էին մղվել դավաճանի գիտակցության մեջ, և փառքից կուրացած, նա ուզում էր միայն մի օր, մի ժամ, գոնե մի րոպե բազմել գահին, որ աշխարհը տեսնի, թե Վեստ Սարգիսը տարավ հաղթանակը, թե նա թագավոր է հայոց… Եվ նա գիշեր-ցերեկ մտածում էր յուր նպատակին հասնելու մասին, իսկ դրան հասնելու համար պետք էր ջարդեր, խորտակեր, ոչնչացներ յուր արգելքները, գահի օրինական ժառանգներին և նրանց պաշտպաններին: Եվ նա ոչնչացնում էր ու անխնա ջարդում: Թույն և սուր կար յուր ձեռքին, և այդ թույն ու սրով ոչնչացնում էր հակառակորդներին:
Հունական առաջին բանակը ջարդվելուց հետո Վեստ Սարգիսը հանգստություն չուներ: Նա, ինչպես տերության խնամակալ, բոլոր գանձերը ձեռքն առավ, բերդերը ամրացրեց և աղավնու տեսքով, բայց օձի բնավորությամբ սկսեց հայ իշխանների սիրտը պղտորել, նրանց յուր թակարդը ձգել և զինել Գագիկի ու Վահրամ իշխանի դեմ: Իշխաններից շատերը, ոմանք կուրացած Վեստ Սարգսի ոսկիներից, ոմանք էլ վախենալով նրա ուժից, միացան նրան և որոշեցին կամ տապալել գահը, կամ բազմեցնել այնտեղ Վեստ Սարգսին: Եվ Վեստ Սարգիսը օրավուր զորանում էր, այնինչ հակառակ կուսակցությունը` Վահրամյանք, որոնք գահի օրինական իրավունքներն էին պաշտպանում, հետզհետե թուլանում էին և միայնակ մնում:
Վահրամյանք տեսնում էին այդ բոլորը, զգում Վեստ Սարգսի մեքենայությունները և պատրաստվում կյանքները վայր դնելու գահը դավաճանների ձեռքը չձգելու համար:
Ամբոխը դեռ լուռ էր: Նա տեսնում էր, բայց դեռ լուռ էր: Այդ լռությունը նման էր ծովի այն խաղաղությանը, երբ նա պատրաստվում է ահեղ փոթորկի… Բայց թե երբ նա պիտի հուզվի, երբ պիտի փրփրի, այդ տերը գիտե… Վեստ Սարգիսը տեսնում էր այդ բոլորը և հեգնորեն ժպտում: Թեև Հայաստանի ուժը և գանձը յուր ձեռքին էր, բայց նա դեռ վստահ չէր այդ ուժի և գահի վրա: Նրան օտարի ուժ էլ էր պետք, և ահա նա նորից ոտքի կանգնեցրեց հունաց ուժը: Գիշեր-ցերեկ գրություններ էր ուղարկում հունաց կայսեր և գրգռում հույներին նորից արշավեղու, նորից ոտնատակ անելու Հայաստանը` խոստանալով, որ ինքն էլ կաջակցի հույներին Անի մտնելու:
Եվ հույները ուրախացած գնդեր էին պատրաստում ու բանակներ կազմում, որ գարնանը վերջին հարվածը հասցնեն Հայաստանին, իսկ Վեստ Սարգիսը պատրաստվում էր հարթելու նրանց ճանապարհը…
Եվ սև ժպիտ երևաց դավաճանի դեմքին, երբ նրան լուր բերին, թե հունաց ահեղ լեգեոնները գարնանը կմտնեն Հայաստան գրավելու Անին յուր շրջակայքով…
Է
[խմբագրել]ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ
Ձմեռն էլ անցավ: Եկավ գեղածիծաղ գարունը: Ձյունը հալվեց, դադարեց բուքն ու բորանը, և դաշտերը զուգվեցան երփներանգ ծաղիկներով: Արտույտը յուր երգը սկսեց հնչեցնել, բլբուլը յուր տաղերը ասել, իսկ հոտն ու խաշինքը` մայել ու բառաչել: Ուրախ էր բնությունը, սակայն ուրախ չէր Հայաստանը: Վեստ Սարգսի դրդմամբ Հայաստանի արևմտյան կողմից հունական գնդերը արդեն ներս էին մտել և ավերում ու մոխիր էին դարձնում ամեն ինչ և հետզհետե մոտենում էին Անիին, այնինչ արևելյան կողմից թաթարներն էին իրենց սրերն ու նիզակները սրում: Նրանք էլ անտեր պատառ էին գտել և հարմար ժամանակ էին համարում հարձակվել Հայաստանի վրա, իսկ մյուս կողմից հույների դրդմամբ Աղվանից Դավիթ Անհող թագավորն էր ոտնատակ տալիս Հայաստանի հյուսիսային սահմանները:
Հայաստանը տագնապի մեջ էր: Բայց, չնայած դրան, ծերունի Վահրամ իշխանը քնած չէր: Նա արթուն հսկում էր թե վտանգը ո՞ր կողմից է և, իսկույն գնդեր կազմելով, հարձակվում էր թշնամիների վրա:
Երբ առաջին անգամ հույները ջադվեցան, Վահրամը հասկանում էր, որ դրանով չի վերջանա, որ դա կռվի առաջին քայլն է, որ վերջը ավելի սարսափելի կլինի, ուստի և պատրաստություն էր տեսնում: Եվ նա չսխալվեցավ: Նա տեսավ, որ հունաց բանակը այս անգամ ավելի զորավոր էր, որոնք ողողելով Դերջան, Մանանաղ և Պաղին գավառները, պատրաստվում էին անցնելու Բասյան գավառը, իսկ այնտեղից` Շիրակ:
Հարպիկ իշխանը և Ստեփանիկը, ձմեռը Անիում մնալով, գարնան դեմ, լսելով, որ հունաց բանակը ողողում է Պաղինն ու յուր հայրական ամրոցները, պաշարելով սպառնում է ոչնչացնել, Վահրամ իշխանից պատվեր ընդունելով` մի փոքրիկ գնդի գլուխ անցան և սլացան դեպի Պաղին, ուր թշնամին արդեն ոտնատակ էր տալիս հայրենի երկիրը:
Ճիշտ այն ժամանակ, երբ Հարպիկը և Ստեփանիկը դուրս եկան Անիից, Հաբել իշխանը` Հարպիկի հայրը, յուր բերդի աշտարակներից մեկի գլուխը բարձրացած հորիզոնն էր դիտում: Նրա մոտ այս անգամ կանգնած էին միայն երկու որդիները` Դավիթը, որի բեղերը նոր էին ծլել, և Կոնստանդինը, որի աչքերը փայլփլում էին վրիժառությամբ: Հաբելը այս անգամ խիստ տխուր էր ու մռայլ: Չորս որդուց միայն երկուսն էին մնացել մոտը, իսկ մյուսների մասին դեռ տեղեկություն չուներ, թե ո՞ւր են նրանք և ի՞նչ են անում: Նա երկար ժամանակ դիտեց հորիզոնը, այն ճանապարհը, որտեղից պետք է երևար Հարպիկը, բայց նա չկար ու չկար: Ճանապարհին ոչ ոք չէր երևում:
— Դավի՜թ, եղբայրդ ուշացավ, մի լուր էլ չուղարկեց, որ իմանայինք, թե ինչ դրության մեջ են հայոց գործերը, — դարձավ Հաբելը յուր որդուն:
— Դաժան ձմռանը անկարելի է լուր ուղարկել, հա՜յր, բայց Հարպիկը ուր որ է կերևա, ճանապարհները բացվել են:
— Հա, ես հավատում եմ, որ կերևա, չի ընկնի թշնամու ձեռքը, սակայն ինձ անհանգստացնում է, թե ի՞նչ եղավ Վեստ Սարգսի դավադրությունը: Չէ՞ որ Թլպաղտո բերդի իշխան Թորոսիկն էլ միացավ նրան և նրանք աշխատում են ոչնչացնել մեր բերդերը:
— Այո, հա՜յր, դեռ մի քանի օր առաջ Թորոսիկը յուր գնդով նորից դուրս եկավ Թլպաղտո բերդից:
— Եվ ո՞ւր գնաց:
— Ասում են, որ հունաց բանակին միանալու: Նրանք կրկին երևացել են և սկսել իրենց ավերմունքը:
— Հը՛մ, անիծյա՜լ դավաճան, — ասաց դառնությամբ Հաբելը և քիչ լռելուց հետո ավելացրեց.
— Դավի՜թ, բերդերը ամրացնել տուր և մարդոցը կարգի բեր: Թորոսիկ իշխանը յուր առաջին հարվածը մեզ կհասցնի, իսկ մենք այնքան մարդ չունենք նրանց դիմադրելու համար: Այո՛, եթե մեր ուղարկած գունդը Հարպիկի հետ միասին ետ դառնար, այն ժամանակ երկյուղալի ոչինչ չկար թեկուզ հունական բանակն էլ հետը բերեր:
— Բայց, հայրի՜կ, նայեցեք, հորիզոնի վրա փոշու ամպեր են երևում, — ասաց Դավիթը և մատով ցույց տվեց դեպի հորիզոնը, ուր հիրավի փոշու ամպեր ու փայլուն կետեր էին երևում:
— Գալիս են, որդի՜ս, վերջապես Հաբելը գործ կունենա, — ասաց հեգնորեն Հաբելը և անթարթ դեպի այն կետը նայեց, ուր փոշու միջից երևում էր ձիավոր զորք, որի զենքերը փայլում էին արևի ճառագայթների տակ:
— Մի՞թե Հարպիկը գալիս է, — ասաց փոքր որդին` Կոնստանդինը, երկյուղածությամբ մոտենալով հորը:
— Ո՜չ, զավակս, հունաց բանակն է գալիս մեր դեմ կռվելու: Մենք պետք է կռվենք թե՛ դավաճանի և թե՛ հունաց զորքերի դեմ:
— Գուշակությունը կատարվում է: Թորոսիկը առաջին հարվածը մեզ է ուզում հասցնել: — Ապա, դառնալով միջնակ որդուն, ասաց.
— Տուր, որդի՜ս, զենք ու զրահս և հրամայիր փողը հնչեցնել, թող իմանան, որ Հաբելի մեջ վախկոտի արյուն չի հոսում, ինչքան էլ ահավոր գունդ գա նրա դեմ:
— Հայրի՜կ, ինձ էլ տար կռվելու, ես էլ եմ ուզում թշնամիների մի քանի գլուխ թռցնել:
— Չէ, որդի՜ս, դու դեռ անփորձ ես և պատանի:
— Հայրի՜կ, մի՞թե ես չէի, որ արծվին ցած գլորեցի:
— Ապրե՜ս, գիտեմ, որ քաջ ես, իրավունք եմ տալիս աշտարակից նրանց նշան դնելու, իսկ ցած գնալ թույլ չեմ տա, — ասաց Հաբելը և հեռացավ: Այնինչ Կոնստանդինը դժգոհ էր հորից, դեռ նայում էր հունաց բանակին, որ հետզհետե մոտենում էր բերդին:
Այդ ժամանակ լսվեց փողերի ձայն թե՜ բերդի ներսից և թե՜ դրսից և սարսռեցրեց Կոնստանդինի մարմինը: Նա առանց հորը հարցնելու տուն վազեց, յուր զենք ու զրահը կապեց: Կարճ ժամանակ անցավ, և հունաց զորքը շրջապատեց Հաբելի ամրոցը, բանակը դրեց և ասպատակ սփռեց դեպի շրջակա հայ գյուղերը:
Վրա հասավ գիշերը, և Հաբելը նկատեց, թե ինչպես շրջակա հորիզոնը լուսավորվեց կրակե փնջերով ու լուսավորեց խավար շրջակայքը: Հաբելի սիրտը կսկծաց, տեսնելով թե ինչպես ավերվում են յուր գյուղերը, իսկ այն կողմը, ուր գտնվում էր Թորոսիկ իշխանի Թլպաղտո ամրոցը, խավար էր ու հանգիստ: Երևում էր, որ հույները առաջնորդվում էին Թորոսիկ իշխանով և նրա գյուղերին ձեռք չէին տալիս:
— Օ՜, ստո՜ր դավաճան, դու ոչնչացնում ես հայ գյուղերը լոկ միայն ինձ վիրավորելու համար, բայց հասկացիր, որ շուտով կստանաս արժանավոր հատուցումը, — ասաց Հաբելը և բարկությունից ատամները կրճտացրեց:
Նրա շուրջը քիչ-քիչ զինված մարդիկ էին հավաքվում, երևում էր, որ Հաբել իշխանը մտադիր էր գիշերային մի հարձակում գործելու, օգտվելով, որ հույները հոգնած, չեն կարող այն դիմադրությունը տալ, ինչ որ հանգստանալուց հետո:
Երբ մութ խավարը պատեց, և ամեն ինչ լռեց չորս կողմը, Հաբել իշխանը մի քանի լրտեսներ ուղարկեց դեպի նրանց բանակը, իսկ ինքը անհամբերությամբ սկսեց շրջել աշտարակի վրա: Անցավ բավական երկար ժամանակ, երբ լրտեսները երևացին և մոտեցան Հաբելին:
— Հը՞, ինչպե՞ս գտաք, — հարցրեց:
— Տե՜ր, երևում է, որ հույները քնած չեն և Թորոսիկ իշխանը իրանց լավ դաս է տվել: Ամեն մի գաղտնի անցք բռնված է հունական ուժեղ պահապաններով և կարծես նրանք ինչ-որ նոր բան են մտածում մեզ համար, — ասացին լրտեսները` խոր գլուխ իջեցնելով:
— Վնաս չկա, թեև մենք ծուղակի մեջ ենք բռնված, բայց Թորոսիկ իշխանը թող լավ իմանա, որ Հաբելը հաղթվող չէ և երկար կդիմադրե թե՜ իրեն, և թե՜ հույներին:
— Բայց, տե՜ր, մեր ամրոցի հյուսիսային կողմի գաղտնի անցքը դեռ ազատ է պահապաններից, թեև այն կողմը խիստ երկյուղալի ճանապարհներ են և գիշերով անցնել անկարելի է:
— Ի՞նչ է, մի՞թե իմ քաջերը վախենում են գահավեժ լինել դեպի անդունդը,— հարցրեց Հաբելը և նրա դեմքը փայլեց ուրախությունից: Նա մի փոքրիկ կետ էր գտել, որտեղից կարող էր գիշերով դուրս գալ և հարձակվել հունաց բանակի վրա:
— Ոչ, տե՜ր, մի՞թե չգիտես, որ Հաբելի քաջերը մարդիկ չեն, այլ դևեր: Նրանք գիշերն էլ ժայռերի ու անդունդների վրայով կանցնեն և կհասնեն թշնամուն:
— Լավ, ուրեմն մենք հենց այդ ճանապարհով դուրս կերթանք և մի փոքր պտույտ կանենք հունաց բանակում, — ասաց Հաբելը և նշան արավ հիսուն հոգուց բաղկացած զինված խմբին հետևել իրեն:
Խումբը լռիկ-մնջիկ հետևեց նրան և կանգ առավ այն պարսպի առաջ, որի տակ տարածվում էր ահռելի անդունդը: Հաբելը փոքր անցքով փորսող տալով առաջ անցավ և կատվի դյուրաշարժությամբ մագլցելով մի ժայռից մյուսը, անցավ նաև մացառների ու թփերի միջով և կանգ առավ բերդի պարսպի տակ, ուր հետզհետե ժողովվեցան և մնացած զինվորները: Երբ բոլորն իջան, Հաբելը աչքի անցուց զինվորներին և «ապրիք, տղե՜րք» ասելով նշան արավ, նրանք լուռ առաջ անցան:
Հունաց բանակում տիրում էր խորին լռություն, իսկ պահապանները անվրդով շրջում էին աջ ու ձախ: Նրանք վստահ իրենց զորության վրա, չէին էլ մտածում, թե Հաբելը խենթություն կանի իրանց վրա հարձակվելու: Բայց Հաբելը յուր խելքն ուներ. նա առանց աղմուկի մոտեցավ բանակին, հանկարծ գրոհ տվեց և այնպիսի իրարանցում ձգեց նրանց մեջ, որ հունաց ամբողջ բանակը դղրդաց և սարսափից չգիտեր ինչ աներ: Նա կարծում էր, թե մի մեծ բանակ է հարձակվել յուր վրա, չհասկանալով, որ միայն մի բուռ քաջեր են իրենց կոտորում: Մինչ այս, մինչ այն հունաց քնած բանակը ոտքի կանգնեց և ուզեց դիմադրել թշնամուն, սակայն այլևս յուր առաջ թշնամի չտեսավ: Թշնամին, բավական ավերմունք գործելով բանակի մեջ, անհետացել էր այնպես, ինչպես և հայտնվել:
Առավոտը լուսացավ, և հույները փչեցին իրենց փողերը: Նրանք գունդ-գունդ մոտենում էին բերդին, որ մի ակնթարթում խորտակեն պարիսպները և պատժեն Հաբելին: Սակայն Հաբելը և յուր քաջերը կանգնած էին աշտարակների վրա և միայն հեգնական ժպիտ էին արձակում թշնամիների վրա: Նրանք գիտեին, որ իրենց բերդը անառիկ է, որ թշնամիները իրենց գործիքներով անգամ ոչինչ չեն կարող անել, դրա համար էլ արհամարհանքով էին պատասխանում հույների սպառնալիքներին ու հայհոյանքներին: Բայց հույները հանկարծ գրոհ տվին և հարձակվեցան պատերի վրա: Նրանք երկար ճանկերով բռնում Էին պատերից և սանդուղքներ դնում վեր բարձրանալու, սակայն Հաբելի զորքերը նրանց գլխին թափում Էին նետերի տարափ և ահագին քարի կտորներ, որ գլորվելով ցած, ջախջախում էին բարձրացողների գլուխը և ցած գլորում նրանց:
Հայերը կռվում էին քաջությամբ, այնինչ հույները մեկը մյուսի ետևից կոտորվում և ցած էին գլորվում: Երբ նրանք տեսան, որ բերդն առնելու հնար չկա, ատամները կրճտացնելով ետ նահանջեցին, որպեսզի նորից, նոր ուժերով հարձակվեն բերդի վրա: Եվ այս փորձերը նրանք մի քանի անգամ արին, բայց` անհաջող, մինչև որ օգնության հասավ Թորոսիկ հայ իշխանը յուր խորհրդով:
Արդեն մի ամբողջ շաբաթ էր, ինչ պաշարված էր բերդը, բայց նա դեռ անվնաս կանգնած ժայռի գլխին ժպտում էր հունաց անզորության վրա, երբ Թորոսիկ իշխանը, որ լավ ծանոթ էր բերդի բոլոր անկյուններին, մի սոսկալի ծրագիր կազմեց: Նա ցույց տվեց հույներին բերդի գաղտնի անցքը, որ անտես էր թողնված Հաբելի կողմից:
Թորոսիկը յուր հայկական խմբով պիտի մուտք գործեր այն ճանապարհից, որտեղից ել ու մուտ էր անում Հաբելի զորքը հարձակման ժամանակ, իսկ հունական գունդը պիտի նեղեր մյուս կողմից: Այսպիսով, երբ Հաբելը յուր ամբողջ ուժը կկենտրոնացներ հունաց կողմը, ինքը աննկատելի կերպով գաղտնի անցքից պիտի ներս մտներ բերդը և սկսեր կոտորածը:
Այսպես էլ արին: Հենց որ մութը, պատեց, Թորոսիկ իշխանը յուր գնդով դարան մտավ այդ գաղտնի անցքի մոտ, որ բոլորովին պահպանված չէր, վստահ այն բանից, թե թշնամին չգիտե այդ ճանապարհը և չի համարձակվի այդ ահռելի ճանապարհով մուտք գործելու: Հունաց բանակը հանկարծ գրոհ տվավ և ճանճերի նման փաթաթվեցավ ամրոցի վրա: Հաբելը չէր սպասում այդ հարձակմանը, բայց քաջությամբ ետ մղեց նրանց պատերից: Հույները նոր հարձակում արին: Եվ ամեն անգամ, երբ մի գունդ ետ էր մղվում, մի նոր գունդ էր գալիս ու նորից հարձակվում: Հաբելը նկատեց, որ այս անգամ կռիվը խիստ տաք կերպարանք է ստանում և հույները թեև ջարդվում են, բայց համառ կերպով նորից են հարձակվում:
— Ի՞նչ պիտի լինի սրա վերջը, — մտածում էր Հաբելը և սոսկալով նկատում, որ յուր քաջերը թեև դևերի նման են կռվում, բայց հետզհետե ուժից ընկնում են:
— Քաջ կացեք, ընկերնե՜ր, մի՜ վհատիք, — կանչում էր նա և մի աշտարակից մյուսը թռչում:
Բայց հանկարծ նա սոսկալով նկատեց, որ բերդի ներսից էլ թշնամյաց մի գունդ է երևում, որոնք մերկացրած սրերով դեպի յուր քաջերն են սլանում:
— Էհէ՛… — մռմռաց Հաբելը, և նրա սիրտը ցավից կսկծաց. ապա կատաղության կայծեր թռան նրա աչքերից, երբ տեսավ, որ այժմ ամեն բան յուր ձեռքից գնաց, որ նա այլևս ուժ չունի դիմադրելու թշնամուն, բայց վճռեց կենդանի չընկնել թշնամու ձեռքը:
— Թողե՜ք պարիսպները, ի՜մ քաջեր, և խմբվեցեք շուրջս, — ձայն տվեց Հաբելը և սուրը մերկացնելով մղվեց թշնամիների մեջ: Սկսվեց կատաղի կռիվը: Այդ միջոցին երկու դռներն էլ ճռնչալով բացվեցան, և ներս խուժեց հունաց զորքը և մի բուռ քաջերին, մեջտեղ գցելով, սկսեց կոտորել: Բայց Հաբելը և յուր փոքրաթիվ գունդը գազանի նման էին կռվում: Նրանք մեկը մյուսի ետևից կոտորվում էր, երբ ամբողջ բերդը և շրջակայքը լուսավորվում էին հրեղեն բոցով: Հույները արդեն բերդը մի քանի տեղից կրակ էին տվել, երբ Հաբել իշխանը կռվողների մեջ նկատեց Թորոսիկ իշխանին: Կատաղության փրփուրը բերանին, թողնելով յուր խումբը, միայնակ առաջ մղվեցավ դեպի Թորոսիկ իշխանը և գոռաց նրա վրա.
— Թորոսի՜կ իշխան, թեև դու դավաճանությամբ հասար նպատակիդ, բայց պիտի մեռնես:
Թորոսիկ իշխանը նայեց նրա կատաղի հայացքին և մի քանի քայլ ետ-ետ գնաց: Այդ միջոցին էր, որ Հաբելը շրջապատվեց թշնամիներով, մի քանի սրի հարված ստացավ և ինքն էլ վերջին անգամ, յուր ահագին սուրը վրա բերելով, ջախջախեց մի հույնի գլուխ և ցած գլորվեց: Հաբելը քաջի պես փչեց յուր շունչը…
Թորոսիկ իշխանը տեսավ այդ և դեմքին մի դիվական ժպիտ փայլեց: Նա մոտ վազեց և քաջի դիակի վրա ոտքը դնելով մխեց յուր սուրը նրա կուրծքը և դառնագին վրեժխնդրությամբ ասաց.
— Սատկիր, ավազա՜կ, այժմ ես կարող եմ հանգիստ ապրել…
Թորոսիկ իշխանի բերանում խոսքը սառած մնաց և նա, աջ ու ձախ նայելով, տեսավ, որ հունաց և յուր զորքերը սարսափահար փախչում են, այնինչ բերդի մի բուռ քաջերը հալածում են նրանց:
— Ի՞նչ պատահեց, մի՞թե մերոնք վախենում են այդ մի բուռ մարդկանցից, բայց մի՞թե նրանց իշխանի դիակը չէ նրանց ոտքերի տակ… —Ու Թորոսիկ իշխանը, կասկածելով, նորից նայեց յուր ոտքերի տակ փռված դիակին ու նրա կասկածը բոլորովին փարատվեց:
— Չէ, Հաբելի դիակն է, — մռմռաց նա և ապա, դառնալով դեպի յուր զինվորներից մեկը, հարցրեց.
— Է՛յ, ի՞նչ եք խելագարի նման փախչում, ի՞նչ պատահեց:
— Տե՜ր, նայեցեք, նոր թշնամին մեզ է մոտենում, փախե՜ք այստեղից:
— Ո՞վ է այդ նոր թշնամին…
— Հարպիկը, լեռների ավազակը…
Թորոսիկ իշխանը նայեց այն կողմ և երկյուղից մնաց սառած:
Նա տեսավ, թե ինչպես մի գունդ, կոտորելով հունաց և յուր զորքերին, մոտենում էր իրեն:
— Զարկեցեք, մի՜ վախենաք: Ահա Հաբելի դիակն ընկած է այստեղ, Հարպիկինն էլ կընկնի, — ասաց Թորոսիկը խրախուսելով յուրայիններին և կատաղությամբ հարձակվեց նոր թշնամիների վրա:
Բայց Թորոսիկը սարսափեց, երբ տեսավ, որ յուր մարդիկ հետզհետե կոտորվում են, որ ինքն արդեն շրջապատված է թշնամիներով: Կատաղած առյուծի նման նա սուրը վրա բերեց և ջախջախեց իրեն մոտեցող զինվորներից մեկի գլուխը: Զինվորն ընկավ և արյան հեղեղով ողողեց Թորոսիկի ոտքերը: Հարազատի արյունը կարծես բողոքում էր Թորոսիկի անիրավության դեմ, սակայն, երբ նա նորից բարձրացրեց սուրը, նրա ձեռքը չիջավ, այլ սոսկալի գունատությունը պատեց նրա դեմքին և սարսռալից դողը ցնցեց մարմինը:
Նրա առաջ, նույնպես սուրը բարձրացրած, կանգնած էր յուր հարազատ որդին` Ստեփանիկը:
— Որդի՜ս, ի՞նչ ես անում,— մռնչաց Թորոսիկը:
— Դավաճա՜ն, պատրաստվիր մեռնելու, — կանչեց Ստեփանիկը` սուրը ճոճելով:
— Որդին հոր դե՞մ:
— Դավաճանը չի կարող իմ հայրը կոչվել, պատրաստվիր մեռնելու, — կրկնեց Ստեփանիկը, և հոր ու որդու սրերը զարկվեցին իրար և կայծակներ հանեցին:
Նրանք կռվում էին մի քանի վայրկյան բուռն, ահավոր կռվով, մինչև որ երիտասարդ ուժը գերակշռեց և Ստեփանիկի սուրը մխվեցավ դավաճանի կուրծքը:
Թորոսիկ իշխանը գետին գլորվեց և մարող աչքերով, հազիվ լսելի ձայնով շշնջաց.
— Այդ ի՞նչ արիր, որդի՜ս, դու սպանեցիր հորդ…
— Արժանի էիր, — ասաց Ստեփանիկը և, կոխկրտելով հոր դիակը, առաջ անցավ…
Ը
[խմբագրել]ԱՆԻԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ
Մինչդեռ Հարպիկը քշում էր հունաց զորքերին Պաղինի շրջակայքից, Վահրամյանք էլ մեծ ջարդ տվին հունաց գլխավոր բանակին և քշեցին Հայաստանի սահմաններից: Սակայն հույները այդ անհաջողությունից չվհատվեցին: Նրանք նոր բանակ կազմեցին, կրկին մտան հայոց երկրի սահմանները, բայց կրկին ջարդվեցին: Վերջապես մի մեծ բանակ էլ կազմելով, բաղկացած 100. 000 մարդուց, նրանք չորրորդ անգամ մտան Հայաստան և անցած ճանապարհները մոխրի ու ավերակի կույտեր դարձնելով` պաշարեցին Անի քաղաքը:
Անեցիք ցնցվեցան: Խուլ դղրդյուն ընկավ ամբոխի մեջ, որ քանի գնաց սաստկացավ: Նրանք թագավորության խնամակալին էին պտրում, իսկ նա չկար Անիում այն ժամանակ, երբ քաղաքը վտանգի մեջ էր, երբ Անին շրջապատված էր ահեղ բանակով և պատրաստություններ էր տեսնում այդ հրաշալի քաղաքը կործանելու…
Ո՞ւր էր Սև Մարդը, ի՞նչու էր նա հեռացել… հայտնի չէր ամբոխին: Բայց թե այդ ամբոխը զգում էր Սև Մարդու արարմունքի վատությունը և լուռ քրթմնջում. Անիի բարձր աշտարակների և ամուր երկկարգ պարիսպների վրա արդեն շրջում էին հայ պահապանները և լուռ դիտում թշնամու բանակը: Նրանք տեսնում էին նրանց բազմությունը, լսում նրանց սպառնալիքն ու հայհոյանքը և տխրությամբ գլուխները շարժում… Ի՞նչ պիտի անեն մի բուռ զինվորները ահեղ բանակի դեմ, որոնք բաբանները շարելով պարիսպների առաջ, սպառնում էին քարուքանդ անել Անիի հաստ պարիսպները: Լուռ էին պահապանները, լուռ էր ամբոխը, բայց այդ լռության մեջ ամբարվում էր մի այնպիսի կրակ, որ մի փոքրիկ կայծի էր սպասում, որ բռնկի, բորբոքվի և յուր առաջ մոխիր դարձնի ամեն ինչ… Ահա Անիի փողոցներով մի ծերունի մարդ է անցնում գրկին սեղմած մի ինչ-որ կապոց: Նա գնում է տխուր և մռայլ դեմքով, որի վրա զգացվում է հոգեկան և ֆիզիկական տանջանքի խոր դրոշմը: Նա անցավ մի քանի ծուռ փողոցներ, մոտեցավ Անիի մայր եկեղեցուն և կանգ առավ այնտեղ, ուր կանգնած էին մի խումբ մարդիկ: Նրանցից մեկը, ճանաչելով եկողին, դարձավ նրան ու ասաց.
— Այդ ի՞նչ է գրկիդ, վարպե՜տ Ղևոնդ:
Եկողը, որ մեզ ծանոթ դարբին Ղևոնդն էր, ապուշի նման իրեն դիմողին նայեց:
— Ի՞նչու ես ինձ այդպես նայում, վարպե՜տ, մի՞թե չես ճանաչում, — հարցրեց խոսակիցը և զարմացած նրան նայեց: Նա տեսավ, որ դարբնի հետ ինչ-որ բան է կատարվում, որ նրա աչքերը դուրս են թափված և մազերը փշաքաղված:
— Ո՛վ ժողովուրդ, ո՛վ բարեկամներ, խղճացե՜ք ինձ, աղջկանս գտեք, — ասաց դարբինը, և արտասուքը հեղեղվեց նրա աչքերից: Ամբոխը լուռ էր և մտահույզ: Նա հասկանում էր ծերունի հոր վիշտը, զգում էր նրա կսկիծը և ինքն էլ հուզվում:
— Լուսիկի՛ս, Լուսիկի՛ս գտեք, մի՞թե դուք խիղճ չունեք, մի՞թե դուք գութ չունեք: Սիրտս այրվում է, լերդ ու թոքս դուրս թափվում, ջիգյարս խորովում…
— Աստված մխիթարե քեզ, վարպե՜տ Ղևոնդ, Լուսիկը կենդանի է և շուտով կգտնվի, — ասաց ամբոխից մի մարդ մխիթարելով նրան: Նրանք արդեն գիտեին ծերունի Ղևոնդի վիշտը:
— Չէ, չէ, նա տանջվում է, մեռնում է: Նոր բացվող վարդի պես թառամում է, մեռնում և չորանում: Ա՛խ, այս ի՞նչ վիշտ է, տե՜ր, այս ի՞նչ տանջանք է… Ես այրվում եմ, տանջվում եմ, իսկ նա չկա ու չկա…
— Աստված փարատե վիշտդ, ծերո՜ւկ, — ասաց դարձյալ նույն մարդը և փեշով աչքի արտասուքը սրբեց: Այդ միջոցին երևաց Խենթը և յուր փայտը օրորելով առաջ եկավ, ուր կիտվում էր ամբոխը: Ամբոխը նրա համար ճանապարհ բացեց, և դարբին Ղևոնդին ու Խենթին շրջապատեց: Խենթը նայեց վարպետ Ղևոնդին, նայեց ու հանկարծ դեղնեց, սփրթնեց: Նա յուր եղբորը այդ դրության մեջ չէր տեսել: Մի՞թե կսկիծը ցնցել է նրա ուղեղը:
— Վարպե՜տ Ղևոնդ, ի՞նչ ես անում, այդ ի՞նչ է գրկիդ մեջ:
— Սրե՛ր, սրե՛ր, իմ շինած սրեր, իմ ձեռքով կոփած սրեր, որ թշնամիների կուրծքը մխենք, ահա առեք, — ասաց նա ու վայր ձգեց իր բեռը, որ հիրավի յուր շինած սրերն էին:
— Ի՞նչ ես անում, վարպե՜տ:
— Ի՞նչ եմ անում, մի՞թե չգիտես, ահա ես պարում եմ, Լուսիկիս հարսանիքն է, դուք էլ պարեցեք, — ասաց դարբինը և սկսեց խելագարի ցնցումներ անել:
Ամբոխը սառած, ապշած կանգնած էր Ղևոնդի շուրջը: Նա այդ րոպեին մոռացել էր յուր վիշտը, հոգսը և միայն տանջվում էր վարպետ Ղևոնդի վշտով:
— Վա՛յ ինձ, վարպե՜տ, վա՛յ իմ աչքերիս, մի՜, մի՜ անիր այդպես, ես կգտնեմ Լուսիկիդ, անպատճառ կգտնեմ, — կանչեց Խենթը` գլխին տալով:
— Ո՜չ, ո՜չ, նրան տանջեց, նրան սպանեց Վեստ Սարգիսը, նա էլ չի ազատվի սև ձեռքից, նա էլ չի փրկվի…
— Ո՞վ, ո՞վ է սպանել Լուսիկին, — լսվեցան ամբոխի միջից մի քանի ձայներ:
— Վեստ Աարգիսը` խնամակալը, — պատասխանեցին մյուսները:
— Հա՜, խնամակալը… պետք է որ այդ այդպես էլ լինի: Նա անեցիներին էլ թողել է այս նեղ դրության մեջ և ինքը կորել, — ասաց մի ձայն:
— Տեր չունենք, տիրական չունենք, բարեկա՜մ, — ասաց մի ուրիշը:
— Ի՞նչպես չունենք, իսկ Վահրամ իշխա՞նը…
— Հա, ապրի Վահրամ իշխանը, էլի նրան պիտի դիմենք, էլի նրան պիտի խնդրենք, որ մեզ անտեր չթողնի:
— Իրավ, մինչև ե՞րբ պիտի այդպես պաշարված մնանք: Գնանք մեր Վահրամի ոտքերն ընկնենք, ասենք, որ մեր կյանքը յուր ոտքերի տակ է, թող մեզ առաջնորդի դեպի պատերազմը և մենք ցույց կտանք հույներին, որ հայի մեջ չէ մեռած քաջության հոգին:
Այդպես շատ հարց ու պատասխաններ եղան ամբոխի մեջ, շատ երկար վիճաբանություններ տեղի ունեցան, բայց ոչ մի վճռի վրա կանգ չառան, ոչ մի բան չձեռնարկեցին, երբ հանկարծ Խենթը, որ մինչ այդ լուռ էր, կանչեց.
— Բարեկամնե՜ր, էլ ի՞նչու եք սպասում: Չե՞ք տեսնում, որ մեր խնամակալը մեզ անտեր է թողել, որ նա հեռանում է հենց այն ժամանակ, երբ թշնամին մեզ շրջապատում է: Էլ ի՞նչ ենք սպասում, մեր Վահրամը այստեղ է, նա չի թողնի մեզ անտեր, անտիրական, նա մեզ համար կյանքն էլ չի խնայի, բայց ինչ կարող է անել միայնակ, պետք է նրան ուժ տանք, իսկ այդ ուժը մենք ենք:
— Խենթը լավ է ասում, Խենթը, գնանք Վահրամ իշխանի մոտ, նա մեզ կփրկի, նա մեզ կազատի, — գոչեցին մի քանի ձայներ:
— Գնա՛նք, գնա՛նք, — կանչեց ամբոխը և սկսեց շարժվել, ալեկոծվել:
Խենթը առաջ ընկավ և առաջնորդեց նրանց դեպի Վահրամ իշխանի պալատը, այնինչ վարպետ Ղևոնդը դեռ շարունակում էր յուր վայրենի պարը և տխուր ձայնով Լուսիկին կանչում…
Թ
[խմբագրել]ԵՂՈՆ ԵՎ ԼՈՒՍԻԿԸ
Մինչդեռ Անին պաշարված էր հունաց զորքերով, այդ միջոցին Սուրմառու բերդաքաղաքի մեջ, մթին ու խոնավ բանտում տանջվում էր Լուսիկը, ուր, իբրև ապահով տեղ, տեղափոխված էր նա Վեստ Սարգսի հրամանով: Լուսիկը օր օրի վրա մաշվում էր և գերեզմանին մոտենում, այնինչ դուրսը պայծառ ու հրաշալի օր էր և բնությունը յուր հրաշալիքներն էր թափում: Այնտեղ, ազատ օդի մեջ, ճռվողում էին թռչունները, շարժվում էր կյանքը, իսկ Լուսիկը շրջապատված խոնավ պատերով, զրկված էր նաև աստծո պարգևած արևի լույսից: Ախ, ինչքա՛ն չար են մարդիկ, ինչքա՛ն անգութ են, որ զրկում են նրան աստծո տված բարիքները վայելելուց:
Եվ Լուսիկը մտքերի ծովն ընկած, տխուր ու տրտում նայում է դեպի յուր նեղ բանտի միակ փոքրիկ լուսանցքը և խոր ախ քաշում: Նա հիշում է յուր սիրուն պարտեզը, այն երջանիկ ժամերը, երբ ինքը վարդի թփերից քաղում էր նոր բացվող անուշահոտ վարդեր և լսում բլբուլի երգերը, որը սեր էր երգում և յուր կուսական սիրտը թրթռացնում: Ախ, ո՞ւր ես, բլբուլ, ո՞ւր ես, սոխակ, եկ, թռիր դեպի Լուսիկի բանտի պատուհանը և այնտեղից կրկին հնչեցրու քո երգը, քո անուշ դայլայլիկը: Լուսիկն այժմ կարոտ է քո երգին, կարոտ է լսելու քո սիրո երգերը, որ վերարտադրի յուր սրտի մեջ յուր սիրուն Ստեփանիկին, յուր ծերունի հորը…
Բայց ամեն ինչ լուռ է և հուսահատ:
Չի լսվում բլբուլի ձայնը, չի հնչում նրա անուշ երգը, այնինչ Լուսիկի սիրտը քաղվում է և հոգին մաշվում: Աղբյուրի նման արտասուքները դուրս են թափվում նրա աչքերից և թրջում առանց այն էլ թաց ու խոնավ գետինը:
— Ստեփանի՜կ, հասիր ինձ, օգնիր, մի՞թե ինձ մոռացար, — ասում էր Լուսիկը և խոր հառաչում:
— Ձայն տուր, Ստեփանի՜կ, որ լսեմ քո անուշ ձայնը և ապա մեռնեմ, — հառաչեց Լուսիկը, և նրա սիրտը կարծես կտոր-կտոր եղավ:
Նա չնկատեց մինչև անգամ, թե ինչպես բանտի դուռը կամաց բացվեցավ և ներս մտավ Եղոն, որի աչքերը վայրենի կատաղությամբ լցվեցան, երբ լսեց նրա վերջին խոսքերը:
— Ստեփանի՜կ, հասիր ինձ, — դարձյալ կրկնեց խեղճ աղջիկը ու հեկեկանքը խեղդեց նրան:
Հանկարծ մի տեսակ սարսուռ անցավ Լուսիկի ամբողջ մարմնով և նա սարսափահար ցնցվեցավ. նրա ականջին մի խուլ քրքիջ դիպավ, որ կարծես գեհենից լիներ դուրս գալիս, ի՞նչ էր այդ, երա՞զ, թե իրողություն: Մի՞թե գեհենի դևերն անգամ ծաղրում են Լուսիկին և սարսռեցնում նրան: Բայց ո՜չ: Լուսիկը ետ նայեց և քարացածի նման արձանացավ: Նա տեսավ յուր առջև կանգնած Եղոյին, որ դիվական քրքիջ արձակելով, վայրենի աչքերը հառել էր յուր վրա:
— Հա՛, հա՛, հա՛, խելա՜ռ աղջիկ, այդ ո՞ւմ անունն ես տալիս, մի՞թե չգիտես, որ դու Ստեփանիկին չես կարող պատկանել, — ասաց Եղոն մոտենալով Լուսիկին:
Լուսիկը ոչինչ չպատասխանեց, դեռ ապուշի նման նայում էր նրան:
— Լսիր, խելա՜ռ աղջիկ, — շարունակեց Եղոն, — ուզում եմ քեզ մի քանի առաջարկություններ անել, եթե համաձայնվես, փրկված ես:
— Հեռացիր ինձանից, — ասաց Լուսիկը խուլ ձայնով և կրկին սարսռեց: Նա տանել չէր կարող Եղոյի ներկայությունը:
— Չէ, Լուսի՜կ, լսիր ինձ, եթե ուզում ես ազատվել այս նեղ ու խոնավ բանտից: Չէ՞ որ սա քո տեղը չէ:
Լուսիկը լուռ նայում էր Եղոյին:
— Անին արդեն պաշարված է հունաց զորքերով, ուր գտնվում է քո Ստեփանիկը: Մի քանի օր կամ մի քանի շաբաթ չի անցնի, և Անին մոխրի կույտ կդառնա, և այդ մոխրի մեջ կթաղվի քո Ստեփանիկը, հետևապես…
— Լռիր, անամո՜թ ստախոս, — գոռաց Լուսիկը` ընդհատելով Եղոյի խոսքերը: Եղոն կարծես չլսեց նրան և կրկին շարունակեց.
— Հետևապես դու պիտի մոռանաս Ստեփանիկին և պատկանես նրան, ով քո կյանքն է ազատում և քո ազատության մասին մտածում: Առաջուց հայտնում եմ, որ դու նշանակված ես որպես ընծա հունաց հրամանատարին, սակայն քեզ սիրող մարդը այդ բանը պիտի խանգարե և քեզ ազատություն պիտի տա: Ասա, համաձա՞յն ես լսել նրա խորհուրդները, — ասաց Եղոն, և նրա աչքերը փայլեցին ոգևորության կրակով:
— Եվ ո՞վ է այդ մարդը, որ իմ ազատության մասին է մտածում, — ասաց սառն կերպով Լուսիկը:
— Ո՞վ է. մի՞թե չգիտես, որ հարցնում ես: Այդ մարդը, որ ցանկանում է քեզ ազատել… դու ճանաչում ես նրան:
— Ո՞վ է վերջապես, ասա նրա անունը, — ասաց Լուսիկը և սիրտը բռնեց: Նա այդ խոսքերից վատ բան էր գուշակում:
— Ես եմ, Լուսի՜կ: Ես ցանկանում եմ ազատել քեզ, — պատասխանեց Եղոն:
— Դո՞ւ:
— Այո, ես: Ես սիրում եմ քեզ, Լուսի՜կ, դու լավ աղջիկ ես…
— Ո՛հ, աստված իմ, խնայիր ինձ, — ասաց Լուսիկը և արտասուքները կրկին դուրս վիժեցին նրա աչքերից:
— Սիրիր ինձ, և մենք երջանիկ կլինենք, — շարունակեց Եղոն և ուզեց բռնել Լուսիկի ձեռքը, սակայն Լուսիկը ձեռքով հրեց իրեն մոտեցող Եղոյին և խելագարի նման կանչեց.
— Կորի՛ր, կորի՛ր ինձանից:
— Բայց լսիր ինձ, Լուսի՜կ, իմացիր, որ ես քեզ սիրում եմ, իսկ այդ սերս ատելության մի՜ փոխիր: Վա՛յ քեզ, եթե ատելության փոխվեց սերս, — ասաց Եղոն կանգ առնելով Լուսիկից մի քանի քայլ հեռու:
— Հեռացի՛ր, կորիր կամ սպանիր ինձ: Ախ, ո՞ւր է մահը, ի՞նչու նա չի գալիս, որ ինձ այս հրեշից ազատի:
— Կրկնում եմ, խելա՜ռ աղջիկ, լավ մտածիր անելիքդ, թե չէ սարսափելի կլինի վախճանդ: Հիշիր, որ ես ազատեցի քեզ իշխանի վրեժխնդրությունից: Եթե ես չլինեի, այժմ դու կույր և համր կլինեիր:
— Գեհենի՜ որդի, սպանիր ինձ, եթե ցանկանում ես, բայց չկրկնես քո խելառ առաջարկությունը:
— Լավ, տեսնենք, — ասաց Եղոն և, մի քայլ դեպի դուռը գնալով, կրկին կանգ առավ: — Լուսի՜կ, վերջին անգամ դիմում եմ քեզ, խնայիր քո մատաղ կյանքը:
— Մա՜հ, մա՜հ եմ ցանկանում, — ասաց Լուսիկը և ձեռքերով ծածկեց դեմքը:
— Լավ, միայն իմացիր, որ դու չես ստանա քո ցանկացած մահը, այլ կապրես, սակայն այդ կյանքդ կլինի մի սոսկալի տանջանք: Եղոն գիտե յուր հակառակորդի համար տանջանքներ ստեղծել, — ասաց Եղոն և դուրս գնաց բանտից:
Լուսիկը մնաց միայնակ և ծունկ չոքելով` յուր աղաչավոր ձեռքերը բարձրացրեց դեպի բարձրյալը:
Լուսիկն աղոթում էր. աղոթքը միայն թեթևացնում էր նրա սրտի վիշտը, հոգու այլայլությունը…
Ժ
[խմբագրել]ԿՌԻՎԸ
Հայաստանը վտանգի մեջ էր:
Հույները ամուր օղակով շղթայել էին Անին և բաբաններ կանգնեցրել պարիսպների մոտ, որպեսզի խորտակեն դրանք և ապա, ներս խուժելով, ավերեն և կոտորած սփռեն Անիի մեջ: Եվ հույները վստահ իրենց հաղթության վրա, սպառնալիքներ էին ուղարկում անեցիներին և ծաղրում ու ծիծաղում էին այն մի բուռ հայերի վրա, որոնք հանդգնում էին պահպանել իրենց քաղաքը: Բայց հայ պահապանները լուռ էին և մտահույզ: Նրանք հույների սպառնալիքներին չէին պատասխանում, նրանց ծաղրին ուշադրություն չէին դարձնում, սակայն իրենց սրտի մեջ բորբոքվում էր մի այնպիսի կատաղության բոց, որ կրակ էր տալիս նրանց սիրտն ու հոգին: Եվ նրանցից ամեն մեկը մտմտում էր յուր մտքի մեջ` «Կռվել, մեռնել և ապա միայն քաղաքը հանձնել հույներին. թող նրանք մեր դիակները կոխկրտելով միայն անցնեն»: Եվ այդ մտքերով տոգորված նրանք հրամանի էին սպասում, որ ամեն մեկն ընդունի նահատակության պսակը և հայրենիքի սիրո համար յուր կյանքը զոհի: Եվ այդ հրամանը չուշացավ, հեռվից արդեն երևաց ծերունի Վահրամ իշխանը շրջապատված հայրենիքին հավատարիմ իշխաններով: Ծերունի Վահրամը մռայլ էր ու գունատ: Նա, չկարողանալով անեցիների խնդիրքը մերժել, անցավ զորքի գլուխը և ստիպվեցավ նրանց դեպի պատերազմ առաջնորդել: Ծանր պատասխանատվություն… Եվ ծերունի Վահրամը զգում էր այդ պատասխանատվության ծանրությունը յուր վրա: Նա հասկանում էր, որ այդ կռիվը պիտի ճակատագրական լինի Անիի համար և դրանից միայն կախված պիտի լինի նրա ազատությունը, իսկ ինքը մի բուռ քաջերով ի՞նչպես համարձակվի վճռական պատերազմ տալ: Յուր 30. 000 զինվորներով, ինչպե՞ս դիմադրել հունաց 100. 000 զինվորներին…
Բայց դառնության բաժակը լցվել էր, և հայրենիքը վտանգի մեջ էր:
Երկար պետք չէր մտածել, կա՛մ փրկություն, կա՛մ մահ: Եվ ծերունի Վահրամը գնում էր մեռնելու յուր հայրենիքի փրկության համար: Եվ Վահրամ իշխանը գնաց, շրջեց բոլոր պահակակետերը, բոլոր աշտարակները, հրամաններ տվեց և կարգադրություններ արավ: Ուր որ անցնում էր, հոգի ու սիրտ էր ներշնչում նրանց մեջ, և նրանք ոգևորվում էին ծերունի Վահրամի վեհ պատկերը տեսնելով:
— Իշխա՜ն, պարիսպների մոտ բաբաններ են բարձրացնում և սպառնում պատերը քանդելու, — ասաց իշխաններից մեկը` դառնալով Վահրամին:
Վահրամը նայեց այն կողմ և հիրավի նկատեց, որ հույները մեծ գործի մեջ են և աշխատում են մի ահագին բաբան կանգնեցնել, որի ուժին չպիտի դիմանար Անիի պարիսպը:
— Մենք կայրենք դրանց բաբանները, — պատասխանեց Վահրամ իշխանը:
— Բայց ինչպե՞ս, իշխա՜ն, ո՞վ կհամարձակվի մտնել հունաց բանակը և այրել այդ բաբանը: Չե՞ք տեսնում, որ նրանք բաբանների առաջ հակերով բամբակներ են դարսել, որպեսզի մեր ձգած քարերը ոչինչ վնաս չտան նրանց:
— Մենք կայրենք նրանց բաբանները, — կրկնեց Վահրամ իշխանը վճռական ձայնով, որի դեմ ոչինչ չկարողացավ ասել նրա հետ խոսող իշխանը:
— Բայց մինչև այրելը դեռ մի վճռական կռիվ պիտի տանք, — շարունակեց Վահրամը` աչքը հունաց բանակից չհեռացնելով:
— Ե՞րբ, իշխա՜ն, ե՞րբ պիտի այդ ճակատագրական կռիվը տեղի ունենա, մենք անհամբեր սպասում ենք այդ ժամին, — ասաց խոսակիցը:
— Հենց այս գիշեր, երբ կեսգիշեր լինի: Ես իսկույն կհրամայեմ, որ այդ միջոցին բոլորը պատրաստ լինեն հարձակում գործելու հունաց բանակի վրա, — ասաց Վահրամը և իջավ աշտարակից:
Գիշերը վրա հասավ, հույների բանակի խարույկները վառվեցան և այնտեղ լսվեցան նրանց խինդի և ուրախության աղաղակները: Իսկ անեցիք լուռ, անձայն պատրաստվում էին գունդ-գունդ դուրս գալու Անիից: Նրանք միայն վերջին հրամանին էին սպասում, այնինչ այդ հրամանը ուշանում էր, դեռ Վահրամ իշխանը չէր երևում, դեռ իրենց հրամանատարը չկար: Ո՞ւր էր նա արդյոք և ինչի՞ էր սպասում, ոչ ոքի հայտնի չէր, միայն եթե սրատես աչքեր լինեին, եթե ուշադրություն դարձնող լիներ, կտեսներ, որ ծերունի Վահրամը այդ միջոցին ս. Լուսավորիչ եկեղեցու բեմի առաջ ծունկ էր չոքել և բազկատարած աղոթում էր առ Ամենաբարձրյալը: Նա, ինչպես արձան, լուռ էր և անշարժ: Բայց այդ լռության ու անշարժության մեջ նրա վեհ հոգին տանջվում էր, այրվում և յուր միակ հույսը Բարձրյալի վրա դրած, աղոթում էր ու ասում.
— Տե՜ր, անցրու ինձանից այս դառն բաժակը, տե՜ր, պատասխանատվությունը ծանր է թե՜ քո և թե՜ ազգի առաջ: Դու հոգի ու սիրտ ներշնչիր մի բուռ քաջերիս և հալածիր թշնամիներին…
Եվ այդ աղոթքը թեթևացնում էր 86-ամյա ծերունի Վահրամի սիրտը, և նրա փառահեղ դեմքը` լուսավորված կանթեղի թույլ լույսով, հետզհետե բորբոքվում էր աստվածային կրակով:
Հանկարծ նա, կարծես մի ինչ-որ բանից թեթևացած, երիտասարդի նման վեր թռավ տեղից, համբուրեց ս. խաչելությունը և ապա աննկատելի կերպով դուրս եկավ եկեղեցուց: Նա դիմեց դեպի բանակ, որ կազմ ու պատրաստ վաղուց սպասում էր իրեն:
Հենց այդ միջոցին մի մարդ կարծես գետնիցը բուսավ նրա առջև և խոր գլուխ տալով` ասաց.
— Իշխա՜ն, ես այստեղ եմ:
— Խե՜նթ, վաղուց քեզ սպասում էի, բայց կարծում էի, թե հույները արդեն կաշիդ քերթել են, — ասաց իշխանը ուրախացած:
— Ո՛չ, իշխա՜ն, նրանք ինձ էին ուզում հիմարացնել, բայց ես նրանց հիմարացրի ու ամեն բան լավ տեսա:
— Ի՞նչ կա, Խե՜նթ: Ասա, կարո՞ղ ենք մեր մի բուռ քաջերով դիմադրել նրանց ահեղ բանակին, — հարցրեց իշխանը մտազբաղ:
— Տե՜ր, եթե նրանք արբած չլինեին ինքնավստահությամբ, դժվար էր, բայց նրանք արբած են սնոտի ուրախությամբ, Անին յուր հարուստ ավարով իրենցն են համարում, ուստի անհոգ իրենց բավականությամբ են զբաղված, — պատասխանեց Խենթը:
Ծերունի Վահրամի մռայլը պարզվեցավ: Այդ տեղեկությունները յուր ծրագրին խիստ հարմար էին գալիս:
— Իսկ ե՞րբ է նրանց վրա արշավելու հարմար ժամանակը:
— Հենց հիմա, եթե ցանկանաք: Այժմ նրանք քաղցր երազների մեջ են:
— Լավ, ապրիս, Խե՜նթ, քո խենթությունները զուր չեն անցնում, — ասաց Վահրամ իշխանը և հեռանալով նրանից, հրաման տվեց գնդերին բանալ Անիի դռները և արշավել դուրս:
Հայոց զորքը, որ բաղկացած էր 30. 000 հոգուց, առաջ անցավ ծերունի Վահրամի առաջնորդությամբ, և քիչ հետո սկսվեց սոսկալի կռիվը: Կռիվ մահու և կյանքի: Կռիվ հայրենիքի ազատության:
Հույները, վստահ իրենց թվի վրա (100. 000), նույնպես հարձակվեցան հայերի վրա, և երկուստեք սկսվեց կոտորածը: Բայց հայերը կռվոււմ էին հուսահատ, նրանք գիտեին, որ իրենց ետև էլ նահանջի ճանապարհ չկա, որ իրենք կամ պիտի հաղթեն հույներին, կամ մեռնեն, հակառակ դեպքում պիտի տեսնեն Անիի ավերվելը և իրենց որդոց ու կանանց ճիչն ու վայնասունը:
Այդ աչքի առաջ ունենալով, հայերը ոգևորված նաև ծերունի Վահրամի խրախուսանքներից, այնպես գրոհ տվին հունաց բանակի վրա, որ հույները առժամանակ մնացին սառած, կարկամած: Նրանք հայերից և այն էլ մի բուռ հայերից այդպիսի քաջություն չէին սպասում: Հայերը անխնա կոտորում էին, երբ հանկարծ հունաց շարքերը խանգարվեցան և նրանց զորքը սկսեց տատանվել, շարժվել և, նկատելով յուրայինների սոսկալի կոտորածը, սարսափահար սկսեց ետ նահանջել և, մեջքը ցույց տալով, դեպի փախուստ աճապարել:
— Օրհնյա՛լ է աստված, հաղթությունը մերն է, — կանչեց ծերունի Վահրամը:
— Կեցցե Վահրամը, կեցցե՛ Գագիկը, հաղթությո՛ւն, — կանչում էին ոգևորված հայերը և հալածում փախչողներին: Արյունը արդեն հոսում էր աղբյուրի պես և Անիի տափարակի վրա միայն հույներից արդեն ընկած էին մոտ 20. 000 հոգի, երբ հայերը դադարեցրին հալածանքը և սկսեցին գոհաբանական մաղթանքներ վեր առաքել առ Ամենաբարձրյալը իրենց փայլուն հաղթության համար:
Հունաց գոռոզ ու ահեղ բանակը այլևս չկար Անիի պարիսպների տակ և հայերի հաղթությունը կատարյալ էր…
ԺԱ
[խմբագրել]ԴԻԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՎ
Անիի պայծառ առավոտը լուսացավ և լուսավորեց դիակների դաշտը: Սոսկալի էր այդ դաշտը: Անթիվ ու անհամար դիակներ և մարդկային վիրավոր մարմիններ փռված էին այդտեղ, ուր անողորմ մահը կարծես դյութական զորությամբ, մի վայրկյանում, կարճացրել էր նրանց կյանքը…
Սոսկալի էր տեսնել ընկածների դեմքի արտահայտությունը և սառած աչքերի մեջ դեռ մնացած զարհուրանքի տպավորությունը: Այդ աչքերը, այդ արտահայտությունը սոսկալի ու զարհուրելի էին և փշաքաղում էին տեսնողին:
Բայց անշարժ չէին բոլոր ընկածները: Նրանց մեջ շատերը շարժվում էին, քարշ գալիս մի տեղից մյուսը, բարձրանում մի դիակից մյուսը և իրենց ձեռքերով ճանկռոտում հողը և սրտակտուր հառաչանքներ արձակում: Դրանք մահամերձ վիրավորներ էին, որոնք չկարողանալով պատերազմի դաշտից հեռանալ, մնացել էին դիակների կույտերի մեջ և զարհուրելի տանջանքներ կրելով` սպասում էին իրենց վերջին րոպեներին. իսկ այդ վերջին րոպեները կարծես հավիտենականություն լինեին, նրանք կարծես դիտմամբ ուշանում էին ավելի տանջելու, ավելի չարչարելու թշնամիներին… Եվ այդ վիրավորները, չդիմանալով սոսկալի տանջանքներին, վերջին ճիգն էին թափում, մի քանի քայլ քարշ գալիս, թաթախվում արյան գբերի մեջ և ապա սոսկալի հառաչանքներ արձակելով մի քանի ցնցումներ անում ու մնում անշարժ…
Անիի երփներանգ ծաղիկներով ծածկված դաշտը այդ միջոցին արյան դաշտի էր փոխվել և դիակների կույտերով ծածկվել: Լսվում էին մեռնողների մահամերձ հառաչանքները և ագռավների երամների կռնչյունները, որ երամներով պտտվում էին դիակների կույտերի վերևում: Արեգակն էր միայն, որ կրկին հանգիստ, կրկին պայծառ փայլում էր այդ սգապատ տեսարանների վրա:
Հենց այդ միջոցին էր, որ Անիից դուրս եկավ մի մարդ և դիմեց դեպի պատերազմի դաշտը: Նա գնում էր լուռ ու անձայն և խորին մտածմունքի մեջ ընկղմված: Նրա աչքերը ընկած էին խոր ակնակապիճների մեջ, այտի ոսկորները դուրս էին ցցված, գլխի ճերմակ մազերը` գզգզված: Նա նմանվում էր կմախքի և եթե նրա փայլուն աչքերը չլինեին, տեսնողը նրան կենդանի արարած չէր համարի, այլ ոսկորներից կազմված մի զանգված, որ պատած էր մորթով: Բայց նրա աչքերը վայրենի կերպով փայլում էին և աջ ու ձախ շրջում: Երևվում էր, որ նրա հոգին այդ րոպեին տանջվում էր, խիստ տանջվում, իսկ սիրտը` մաշվում:
Ահա նա հասավ պատերազմի դաշտ, ուր փռված էին դիակները, և ոտքը դրեց մի փռված դիակի կրծքին ու լուռ նրա սարսափահար դեմքը դիտեց: Այդ դեմքը սառն էր ու ցուրտ, այնպես սառն, ինչպես այն ծերունի մարդու դեմքը, որ նայում էր այդ դիակին և ոչ մի տպավորություն չէր թողնում նրա հոգում, կարծես յուր ոտքի տակ տարածված չլիներ մարդկային մի դիակ, որը մի պահ առաջ յուր նման շարժվում էր, խոսում, ծիծաղում, իսկ այժմ անշունչ առարկայի նման ընկած է դաշտի մեջ և յուր կրծքին ծերուկներն անգամ անխնա ոտք են դնում և արհամարհում իրեն… Սա ինչ բախտի խաղալիք է, բնության սա ի՞նչ ծաղր է, որ դեռ երեկ նա կենդանի էր, իսկ այսօր` մեռած…
Բայց ծերունին ապուշ-ապուշ դեռ նայում էր դիակին և ցուցամատն էլ դեպի յուր ճակատը տանելով, կարծես ինչ-որ բան էր ուզում մտաբերել, բայց չէր կարողանում: Կարծես նա ճիգ էր թափում ազատվել իրեն պաշարող մտքերից և գտնել տանջող միտքը, սակայն չէր հաջողում:
Հանկարծ ծերունին ժպտաց, երևացնելով յուր դեղնած և սևացած ատամները: Այդ ժպիտը խիստ տարօրինակ էր և ահաբեկ:
— Հը՛մ… հը՛մ… լավ է, այդպես էլ պետք էր: Եվ ես էլ պետք է կոխկրտեմ այս դիակները ու այնպես անցնեմ, — ասաց ծերուկը և ոտքը դնելով մյուս դիակի կրծքին` անցավ առաջ:
Հետզհետե դիակները շատանում էին և ծերունին, կոխկրտելով ամեն մի դիակ, առաջ էր գնում և ինքն իրեն ասում.
— Այս մերը չէ, պետք է սրանց ոտնատակ տալ, պետք է սրանց կոխկրտել:
Հանկարծ ծերունին կանգ առավ և դեպի ագռավների երամը նայեց, որ իջավ մի կույտի վրա:
Ծերուկը նախ չէր հասկանում, թե ի՞նչ է կատարվում այնտեղ, ապա, հանկարծ, կարծես գլխի ընկավ և նրա աչքերը դուրս թափվեցան ակնակապիճներից, բարկացած նա մի քար վերցրեց և շպրտելով դեպի ագռավները` գոռաց.
— Է՛յ, չի կարելի, սպասեցեք, մերոնց պետք է ջոկել: Մի՞թե չգիտեք, որ այստեղ հայ էլ կա, հույն էլ: Հույնը եկել էր մեզ ջարդելու, բայց մենք նրանց ջարդեցինք: Խի՛, խի՛, խի՛, — արձակեց ծերուկը մի վայրենի քրքիջ, երբ ագռավների թռիչքը տեսավ, ապա սկսեց դիակները կոխկրտելով մի պար պարել ու կանչել.
— Ամենքդ ուրախացեք, Լուսիկիս հարսանիքն է սա… Երգեցեք, պարեցեք, չե՞ք լսում… — ասում էր նա և հետզհետե յուր խելագար ոստյուններն արագացնում:
Թշվառ ծերուկը Լուսիկի հայրն էր, դարբին Ղևոնդը, որ չգիտեմ ինչու պատերազմի դաշտն էր իջել և կոխկրտում էր դիակները…
Հենց այդ ժամանակ հեռվից երևացին երկու ձիավոր, որոնք շտապ առաջ էին գալիս դեպի դարբին Ղևոնդը: Ղարբին Ղևոնդը դեռ յուր պարն էր պարում, երբ նկատեց այդ ձիավորներին և թափանցող հայացք գցելով նրանց վրա` սառածի նման կանգ առավ և սկսեց սարսափահար ցնցվել: Կարծես այդ ձիավորների մեջ նկատում էր մի զարհուրելի բան, որ սառցնում էր նրա արյունը և ստիպում դողացնելու:
Անթարթ, ապուշ կտրած աչքերով նայում էր խելագար Ղևոնդը ձիավորներին և դողում. այնինչ ձիավորները արագ-արագ մոտենում էին նրան: Մի քանի քայլ էլ և այդ ձիավորները մոտեցան նրան և այն է ուզում էին առաջ գնալ, երբ դարբին Ղևոնդը սոսկալի մռնչյուն արձակեց ու կանչեց.
— Ա՛…
Ձիավորները լսեցին այդ մռնչյունը և մեխվածի նման կանգ առան: Նրանք նայեցին դարբին Ղևոնդին և զարհուրեցան: Սառը դողը ցնցեց երկուսի մարմինն էլ և քրտինքի խոշոր կաթիլները դուրս ցոլացին նրանց ճակատին:
Անցան մի քանի զարհուրելի վայրկյաններ, և հանկարծ ձիավորները խելքի գալով` ուզեցին առաջ սլանալ, բայց այդ միջոցին խելագար Ղևոնդը մի ոստյուն արավ և բռնելով առաջինի ձիու սանձը` կանչեց.
— Ողջո՛ւյն քեզ, արյա՜ն թագավոր:
Ապա խելագարի մի քրքիջ արձակեց, որ ցնցեց ձիավորի մարմինը: Ձիավորը աշխատեց խույս տալ դրանից, բայց դարբինը ամուր բռնել էր սանձը և քարարձանի նման առաջը տնկվել:
Այդ ժամանակ երկրորդ ձիավորը առաջ անցավ և ասաց.
— Իշխա՜ն, մի՞թե չեք ճանաչում, սա դարբին Ղևոնդն է, որը ինչպե՞ս է, որ կենդանի է մնացել, չգիտեմ: Պետք է սպանել սրան:
— Հա՛, պետք է սպանել, — կրկնեց իշխանը և սուրը պատյանից հանեց:
— Ողջո՛ւյն քեզ, դիակների թագավոր, — կանչեց դարձյալ խուլ ձայնով դարբին Ղևոնդը և սառն աչքերով նայեց ձիավորի աչքերին, որ ինքը Վեստ Սարգիսն էր:
— Մեռի՜ր, անամոթ, — ասաց Վեստ Սարգիսը և սուրը ուղղակի դարբին Ղևոնդի կուրծքը մխեց, — իմացիր, որ արյան թագավորը արյուն է սիրում:
Դարբին Ղևոնդի աչքերում կարծես փայլակներ թռան: Նա չնկատեց մինչև անգամ, թե ինչպես սուրը մխվեցավ յուր կուրծքը և թե ինչպես սեփական արյունը սկսեց սրի վրայից վազել: Նա այդ ժամանակ չէր զգում ո՜չ ցավ, ո՜չ կսկիծ, չնկատեց մինչև անգամ, թե ինչպես ինքը բաց թողեց ձիու սանձը և գետին գլորվելով` գերեզմանային ձայնով գոռաց.
— Անիծյա՛լ լինես, արյա՜ն թագավոր…
Բայց ձիավորները չլսեցին նրա վերջին խոսքերը և սրարշավ դեպի Անի գնացին:
Վեստ Սարգիսը կրկին գնում էր յուր ուրախությունները միացնելու անեցիների ուրախությանը, նրանց տարած մեծ հաղթության վրա:
Բայց անեցիք էլ չէին խաբվի…
ԺԲ
[խմբագրել]ԳԱԳԻԿ Բ. ԹԱԳԱՎՈՐԸ
Պատանի Գագիկը յուր կյանքի դեմ անհաջող փորձ կատարվելուց հետո է՜լ հանգստություն չուներ: Գիշեր-ցերեկ նա մղվում էր առաջ, ուզում էր զենքը ձեռքն առնել և հայտնի կերպով, կանգնել յուր թշնամիների առաջ, դեմ առ դեմ, սակայն ծերունի Վահրամը թույլ չէր տալիս: Նա դեռ վաղ, շատ վաղ էր համարում պատանու կյանքը փոթորիկների մեջ գցել, առանց գիտենալու, թե ինչ սիրտ, ինչ հոգի կա թաքնված մատաղ հասակի մեջ: Բայց պատանի Գագիկը օր ավուր աճում էր ու զարգանում: Նրա երակների մեջ եռում էր երիտասարդական արյունը և սրտի մեջ բորբոքվում պատանեկան անհամբերությունը: Գագիկը կրակ ու մոխիր էր ուզում, որ ցույց տա աշխարհին, թե ինքը վախկոտներից չէ, թե յուր երակներում հոսում է յուր անվախ պապերի արյունը…
Եվ այդ օրը շուտով հասավ:
Երկու ձիգ տարիներ էին անցել այն օրից, երբ նա թողեց Անապատի վանքը, ուր յուր կյանքի դեմ փորձ էին արել և այդ ժամանակից, Վեստ Սարգիսի երեսից փախուստ տալով, գտնվում էր Վայոց ձորի Հիրհեր ամրոցում: Այդտեղ էր նա, երբ լուրեր էր ստանում հունաց դեպի Անի արշավելու մասին և սիրտը քաղվում էր:
Հույներն իրենց վերջին ջարդն էին կրել Անիի պարիսպների տակ: Մի պայծառ օր, երբ Գագիկը յուր Հայրենիքի մասին մտածելով, լուռ հեռուն էր դիտում, մի խումբ զինյալ մարդիկ շտապաքայլ դեպի յուր բերդն էին գալիս: Ո՞վքեր էին նրանք, թշնամի՞, թե բարեկամ. նա դեռ չգիտեր և կասկածանքով հեռուն էր նայում. այդ խումբը մոտեցավ, և պատանի Գագիկի սիրտը թունդ առավ, երբ խմբի մեջ նկատեց ծերունի Վահրամին ու մի քանի ուրիշ իշխանների, որոնց վաղուց ճանաչում էր: Ի՞նչ էր նշանակում նրանց գալուստը, մտածում էր պատանի, 17 տարեկան Գագիկը և տարակուսանքով նրանց նայում:
Բայց խումբը արդեն մոտեցել էր բերդին և շուտով ներս կմտներ:
— Լևոնի՜կ, նայիր, Վահրամ իշխանը ինքն է անձամբ մեզ մոտ գալիս: Ի՞նչ է նշանակում այդ, երևի մի կարևոր բան է պատահել Անիի գլխին, — ասաց Գագիկը` դառնալով մոտը կանգնած Լևոնիկին:
— Այո, տե՜ր, անշուշտ մի կարևոր բան կա: Իշխանների մեջ ես տեսնում եմ նրան և եղբորս` Հարպիկին և Ստեփանիկին, — պատասխանեց Լևոնիկը` անթարթ աչքերով նայելով խմբին:
— Գնա, Լևոնի՜կ, հրամայիր ամրոցի դռները բանալ և ընդունիր մեր իշխաններին, ինչպես հարկն է:
Լևոնիկը գլուխ տվեց և հեռացավ: Քիչ ժամանակից հետո խումբը ամրոց մտավ: Գագիկը ներս մտավ բերդի ընդունարան և այնտեղ սրտատրոփ սպասում էր իշխաններին: Երբ նրանք ներս մտան, բոլորն էլ ծունկ չոքեցին պատանի Գագիկի առաջ և կանչեցին.
— Ողջո՛ւյն քեզ, հայո՜ց թագավոր:
Գագիկի աչքերը փայլատակեցին և մի տեսակ շառագունումն անցավ նրա դեմքին, որը գեղեցկացրեց ու մի տեսակ վեհ արտահայտություն տվեց նրան:
Գագիկը շփոթմունքից թե հուզմունքից մի վայրկյան լուռ կացավ, ապա, մոտենալով Վահրամ իշխանին, ոտքի կանգնեցրեց, համբուրեց նրան և դիմելով իշխաններին` ասաց.
— Ոտքի՜ կանգնեցեք, իմ իշխաններ և պատմեցեք իմ սիրած Հայրենիքի դրությունը: Ի՞նչ դրության մեջ է արդյոք Անին:
— Թագավո՛ր, Անին րոպե առ րոպե սպասում է քեզ: Բագրատունյաց թափուր գահը քեզ է սպասում, որպեսզի նենգ մարդիկ այլևս աչք չունենան այդ գահին, որը ըստ օրինի քեզ է պատկանում: Ահա այս սրերը քո ոտքի տակ ենք դնում ու երդվում՝ հավատարիմ լինել քեզ և մեր կյանքը զոհել քո Հայրենիքի փրկության համար, — ասաց Վահրամը և սուրը մերկացնելով խոնարհեցրեց Գագիկի ոտքերի տակ: Սույնն արին և մյուս իշխանները և ապա միաբերան ասացին.
— Երդվո՛ւմ ենք:
— Ես հավատում եմ ձեզ և ընդունում ձեր առաջարկությունը: Թող աստված ինձ ուժ ու կարողություն տա տանելու այդ ծանր լուծը, որպեսզի ամոթապարտ չմնամ թե՜ աստծո և թե՜ Հայրենիքիս առաջ:
— Եվ թող աստված պահե քո կյանքը, թագավո՜ր, Հայաստանը այս վայրկյանին խիստ երերուն դրության մեջ է, և կարող է կործանվել մեր պապերից ավանդած գահը:
Հույնը և ներքին թշնամին աշխատում են քարուքանդ անել այդ գահը և ավերել Անին: Հույնը այնքան սարսափելի չէ, որքան ներքին թշնամին, որ անտեսանելի ցեցի նման աշխատում է գահի հիմքերը փչացնել: Ազգը Հովհաննես-Սմբատ թագավորի մահից հետո անգլուխ էր մնացել և հուսահատ տատանվում էր:
Այժմ նա, էլ չի ուզում Բագրատունյաց գահը թափուր տեսնել և խնդրում է քեզ, որ բազմես այս գահին: Ժողովրդի հետ միաբանված մենք` իշխաններս, Պետրոս կաթողիկոսի հետ միաբանված, համոզվեցինք, որ ժողովրդի պահանջը արդարացի է, անհետաձգելի: Ուստի Անիի հազար ու մի եկեղեցիները քեզ սպասում են, որ տեսնեն քո ճակատը զարդարված թագավորական թագով և ուսերիդ ձգված արքայական ծիրանին: Այ՛դ է ահա ժողովրդի և մեր խնդիրը, — ասաց Վահրամ իշխանը:
— Թող լինի ազգի կամքը, — պատասխանեց Գագիկը:
Այդ դեպքից հետո մի քանի շաբաթ անցավ, և Գագիկը յուր շքախմբով Անի մտավ և Անիի ս. Լուսավորիչ եկեղեցում հանդիսավոր կերպով թագավոր օծվեց Պետրոս Գետադարձ կաթողիկոսից Գագիկ Բ. կոչումով (1042 թվին): Ժողովուրդը ցնծում էր ուրախությունից, բայց չէր ցնծում Վեստ Սարգսի սիրտը: Նա զգաց, որ հաղթությունը տարան Վահրամյանք, որ յուր ձեռքից փախչում է ցանկացած գահը և յուր սրտի մեջ սկսեց ավելի թույներ պատրաստել, մի օր էլ, հանկարծ, թագավորական բոլոր գանձերը հափշտակելով, մտավ Անիի միջնաբերդը և փակվեցավ այնտեղ, սպասելով թե ահա ուր որ է Գագիկը կհարձակվի յուր վրա, և այդ ժամանակ կսկսվի իշխանների մեջ ներքին գժտությունը: Բայց Վեստ Սարգիսը սխալվում էր յուր հաշիվներում:
Այդ գործողությունից մի քանի օր անց, երբ Վեստ Սարգիսը մտքերի մեջ ընկղմված անց ու դարձ էր անում Անիի միջնաբերդի սենյակներից մեկում, հանկարծ դռների վարագույրները ետ քաշվեցին և այնտեղ երևաց պատանի Գագիկը: Երբ Վեստ Սարգիսը տեսավ նրան` սարսափեց, դողաց և սառը դողը ցնցեց նրա մարմինը: Պատանի Գագիկը` հայոց թագավորը, միայնակ էր յուր առաջ կանգնած, առանց ուղեկցի, առանց զորքի: Այդ ի՞նչ էր նշանակում: Չէ՞ որ ինքը րոպե առ րոպե սպասում էր, որ ահա Գագիկը յուր գնդով գրոհ կտա միջնաբերդի վրա և կսկսի յուր դեմ պատերազմը: Մի՞թե այս երազ էր, մի՞թե այս ցնորք էր…
— Ողջո՛ւյն հայոց իշխանին, — ասաց Գագիկը և մի այնպիսի հայացք գցեց Վեստ Սարգսի վրա, որ վերջինիս աչքերը մթնեցան և գլուխը սկսեց պտտվել: Նա զգում էր, որ ինքը հաղթվում է պատանու վեհ հայացքից, որ յուր անհողդողդ կամքը ընկճվում է Գագիկ Բ. հայոց թագավորից: Մի քանի րոպե Վեստ Սարգիսը չէր կարողանում աչքերը վեր բարձրացնել և հանցավորի նման լուռ կանգնած էր Գագիկի առաջ:
Նրա դեմքը երբեմն գունատվում և երբեմն կարմրում էր: Հանկարծ նա ինքն իրեն ժողովեց և նայեց Գագիկին…
Աստված իմ, ի՞նչ հրաշալի դեմք, ի՛նչ վեհ նայվածք ուներ հայոց թագավորը, որի առաջ ընկճվեց Վեստ Սարգիսը և հանկարծ, ընկնելով Գագիկի ոտքերի տակ, կանչեց.
— Թագավո՜ր, ներիր ինձ, ես մեղավոր չեմ, ես իմ ամբողջ էությամբ նվիրված եմ թե՜ քեզ և թե՜ հայրենիքիս:
Գագիկը մի վայրկյան նայեց յուր ոտքերի տակ թավալվող իշխանին, որ արտասվալից աչքերով թողություն էր խնդրում իրենից և ապա, բարձրացնելով Վեստ Սարգսին, ասաց.
— Վեր կաց, իշխա՜ն, ես ներում եմ քեզ և հավատում, որ դու քո թագավորին և քո Հայրենիքին չես դավաճանի:
— Թող երկնքի բարկությունը գլխիս թափվի, եթե դավաճանեմ քեզ և հայրենիքիս, — ասաց Վեստ Սարգիսը և տերության գանձերը հանձնեց Գագիկին, իսկ ինքը, հեռանալով Անիից, գնաց յուր սեփական Սուրմառուի բերդաքաղաքը:
ԺԳ
[խմբագրել]ԽԵՆԹԸ ԱԶԱՏՈՒՄ է ԼՈՒՍԻԿԻՆ
Անիի պարիսպների տակ հայերի փառավոր հաղթությունից հետո, Խենթը յուր երկար փայտը ձեռքն առած մտահույզ անցնում էր Անիի փողոցներով, երբ մեկը թևից քաշեց: Խենթը ետ նայեց և ապուշի նման աչքերը հառեց նրան:
— Հը, ի՞նչ ես իսկական խենթի նման նայում, մի՞թե ինձ չես ճանաչում, — ասաց այդ մարդը:
— Ա՛խ, ներիր, ես մտքերի մեջ ընկղմված չճանաչեցի քեզ, բայց, ասա, ի՞նչ ես ուզում ինձնից, ի՞նչ հրաման է ուղարկել Գոհարիկը:
— Դու իսկույն պիտի տեսնես Գոհարիկին: Նա կարևոր լուրեր ունի քեզ հաղորդելու, միայն պիտի աշխատես, ամեն զգուշություն պիտի ձեռք առնես, որ քեզ այնտեղ ոչ ոք չնկատի:
— Լավ, դու գնա, — ասաց Խենթը:
Երբ խոսակիցը հեռացավ, Խենթը շուրջը նայեց և փողոցի ամայությունը տեսնելով, շտապ քայլերով առաջ անցավ դեպի Վահրամի պալատը: Այդտեղ նա կանգ առավ և զարմացած դեպի իշխանի պալատի դուռը նայեց, ուր մեկ-մեկ ներս էին մտնում իշխանները: Երևում էր, որ Վահրամ իշխանը այդ երեկո խորհուրդ ուներ, բայց թե ի՞նչ խորհուրդ և ի՞նչի համար, այդ հայտնի չէր Խենթին և նրա բոլորովին հոգն էլ չէր իմանալու:
— Իմ իշխանը կրկին խորհուրդ ունի, ո՞վ գիտե էլ ինչ չարություններ է արել Վեստ Սարգիսը: Սակայն այդ իշխանի գործն է, իսկ իմ գործն է միայն Լուսիկիս գտնել, որը չկա ու չկա: Ա՛խ, եթե ես իմանայի նրա տեղը, այն ժամանակ նրան հեշտ էր ազատելը: Անիրավ Վեստ Սարգիսը շատ շուտ իմացավ, որ ես նրա տեղը գտել եմ և իր պալատի ներքնատնից հեռացրեց նրան ով գիտե ո՞ւր… Բայց անցնենք առաջ, տեսնենք ի՞նչ է ասում Գոհարիկը, — մտածեց Խենթը և շրջելով Վահրամի պալատի գլխավոր մուտքի ետևը` գաղտնի դռնով ներս մտավ պալատ, որի սենյակներից մեկում գլուխը ձեռքերի մեջ դրած, մտահույզ նստած էր Գոհարիկը:
Երբ Գոհարիկը տեսավ Խենթին, ուրախացած դիմեց նրան.
— Ներսե՛ս, իմ Ներսե՛ս, վերջապես եկար դու:
— Ես միշտ պատրաստ եմ կյանքս զոհելու քեզ համար, իշխանուհի՜, հրամայիր:
— Ես գիտեմ, Ներսե՜ս, թե ինչ դժվարություններ դու հանձն ես առել, բայց մեր կորուստը դեռ չգտնվեց:
— Ա՛խ, իշխանուհի՜, գիշեր-ցերեկ Լուսիկի վրա եմ մտածում, բայց նրա հետքն անգամ չեմ գտնում… Օ՛, եթե իմանայի, թե նա ո՞ւր է…
— Ինձ հայտնի է, սիրելի՜ Ներսես, և հենց դրա համար էլ շտապով կանչեցի քեզ: Դու պիտի շտապես ազատել նրան:
— Մի՞թե այդ ճշմարիտ է և դու գիտես նրա տեղը, մի՞թե նա կենդանի է, — ասաց Խենթը, և նրա աչքերից ուրախության կայծեր թռան:
— Այո՛, նա կենդանի է, բայց մաշվում է խոնավ ու ցուրտ բանտի մեջ: Դու պիտի հասնես շուտով և ամեն հնար գործ դնես նրան ազատելու:
— Ո՞ւր է նա, իշխանուհի՜, ես իսկույն կթռչեմ այնտեղ: Ա՛խ, եթե նրա հայրը կենդանի լիներ և գոնե մի անգամ տեսներ յուր Լուսիկին:
— Ո՞ւմ հայրը, — հարցրեց Գոհարիկը սարսափահար:
— Լուսիկի հայրը, իշխանուհի՜, դարբին Ղևոնդը էլ չկա:
— Ի՞նչպես թե չկա, ի՞նչ պատահեց նրան:
— Քեզ արդեն հայտնի էր, որ նա վշտին չկարողանալով դիմանալ` խելագարվել էր: Այնուհետև միշտ Լուսիկին ձայն տալով շրջում էր փողոցներում և երբ տեղի ունեցավ հունաց ջարդը, նրան Անիից դուրս, դիակների մեջ սպանված գտանք, բայց թե ո՞վ էր նրան սպանել, հայտնի չէ,— ասաց Խենթը` արտասուքը սրբելով:
— Խե՛ղճ ծերուկ, — պատասխանեց Գոհարիկը հուզված:
— Բայց թողնենք այդ, օրիո՜րդ, ցավելով ոչինչ չենք օգնի, հայտնիր թե որտե՞ղ է Լուսիկը:
— Լուսիկը գտնվում է Սուրմառուի բերդում, Վեստ Սարգսի բանտերից մեկում:
— Ինչպե՞ս, այժմ նրան Սուրմառու են տարել, իբրև ապահով տեղ, հա՛… բայց դա էժան չի նստի Վեստ Սարգսին:
— Բայց լսիր, Ներսե՜ս, քեզ հայտնի է, որ այժմ Վեստ Սարգիսը Անիումն է: Որպեսզի մենակ չչարչարվես Լուսիկին ազատելու համար, ես դրա ճարն էլ եմ մտածել:
— Ի՞նչպես, իշխանուհի՜, — հարցրեց Խենթը և ապուշ-ապուշ օրիորդին նայեց: Այդ բոլորը Խենթը երազ էր կարծում:
Նա չէր հավատում, որ Լուսիկը կենդանի է, և եթե կենդանի է, այդպես հեշտությամբ չի կարելի նրան ազատել Սև Մարդու իշխանությունից, ինչպես օրիորդն ասում է: Չէ՞ որ Սև Մարդը երկաթե ճիրաններ ունի…
— Դու պիտի գնաս Սուրմառու և ներկայանաս այնտեղի իշխանին, որպես Վեստ Սարգսից ուղարկված մարդ:
— Բայց նրանք ինձ չեն հավատա:
— Կհավատան: Ահա, տեսնո՞ւմ ես այս նամակը, լավ նայիր, սա կնքված է Վեստ Սարգսի կնիքով և երբ ներկայացնես, նրանք քեզ կհավատան, ներս կթողնեն ու, բացի դրանից, պահանջդ կկատարեն. այս նամակի մեջ գրված է, որ Լուսիկին անմիջապես քեզ հանձնեն:
— Իսկ ո՞րտեղից ձեռք ձգեցիր Սև Մարդու կնիքը, — հետաքրքրվեց Խենթը, որ ուրախությունից քիչ էր մնացել խելքը թռցներ:
— Այս կնիքը կեղծ է, բայց այնքա՛ն նման, որ իսկականից չի ջոկվի:
— Տուր ինձ, դու կատարյալ հրեշտակ ես և թող տերը պահպանե քեզ, — ասաց Խենթը և առնելով նամակը` ծոցը դրեց:
— Բայց զգույշ, շատ զգույշ պիտի լինես, Ներսե՜ս, և խենթության նշան անգամ չպիտի ցույց տաս: Դու ամեն կերպ պիտի խուսափես, որ քեզ չմատնես, թե չէ դու էլ, Լուսիկն էլ կորած եք հավիտյան:
— Այդ իմ գործն է, իշխանուհի՜,— ասաց Խենթը և վեր կացավ:
— Չմոռանաս, որ Լուսիկին ազատելուն պես սենյակս բերես, նա այստեղ կմնա մինչև Ստեփանիկի գալը:
— Այո՛, Խենթը այդ խոստանում է, նա կտեսնի յուր եղբոր աղջկա հարսանիքը, — ասաց Խենթը և խոր գլուխ տալով դուրս գնաց սենյակից:
— Աստված տա այդպես լինի, — ասաց Գոհարիկը և նրա աչքերը լցվեցին արտասուքներով:
Խե՛ղճ Գոհարիկ. նրա սիրտն էլ էր տրոփում, նրա հոգին էլ էր սպասում Հարպիկին, սակայն չարաբաստիկ հանգամանքները հեռացնում էին սրտերը և արգելք լինում նրանց միացմանը…
Խենթը, Գոհարիկի սենյակից դուրս գալով, շտապ քայլերով հեռացավ: Մութը նոր էր իջնում, երբ նա յուր շորն ու կերպարանքը փոխած, նժույգ նստած, գնում էր դեպի Սուրմառուի բերդաքաղաքը: Նա անհամբերությամբ մտրակում էր ձիուն, թեև խեղճ կենդանին սլանում էր որքան ուժ ուներ, իսկ Խենթը դեռ կարծում էր, որ ձին շատ կամաց է գնում: Երբ Խենթը բավականին հեռացավ Անիից, հանկարծ ձիու ընթացքը դանդաղեցրեց և սկսեց յուր անելիքի մասին մտածել: Ամեն բանի, ամեն միջոցի ճարն ուներ, հնարքը գիտեր, միայն մի բան նրան երկյուղ էր ազդում ու սարսափեցնում և այդ բանը Լուսիկին տեսնելու րոպեն էր, երբ Լուսիկը իրեն ճանաչելուն պես ճիչ կարձակի և կփաթաթվի յուր վզով, այդ ժամանակ ամեն ինչ կպարզվի և անշուշտ կասկածի տակ կընկնի թե՜ ինքը և թե՜ յուր բերած նամակը… Ինչպե՞ս անի, ինչպե՞ս հասկացնի Լուսիկին, որ նա զգույշ մնա, ձայն-ծպտուն չհանի, երբ իրեն տեսնի… Ահա այդ բաները վրդովում էին Խենթին և հուզում նրա մտքերը:
— Է՛հ, ինչ լինում է թող լինի, տերը ինձ օգնական կլինի, — ասաց Խենթը և առաջ գնաց: Եվ երբ մի քանի օրից հետո մտավ Սուրմառուի բերդաքաղաքը, նրա սիրտը թունդ առավ, բայց իրեն զսպեց և ներկայանալով բերդաքաղաքի իշխանին` նամակը հանձնեց նրան:
Սուրմառուի բերդաքաղաքը պատկանում էր Վեստ Սարգսին, ուր նա նեղ ժամանակները ապաստան էր գտնում: Այստեղ նա յուր նման մի ժանտ, անպիտան մարդու տեղակալ էր կարգել, այնպես, որ երբ Խենթը նամակը նրան հանձնեց, նա մի խոր, թափանցող հայացք գցեց Խենթի վրա և ապա առավ նամակը:
Խենթը յուր դեմքի և ոչ մի մկանունքը չշարժեց, այլ անհոգ կերպով դիտում էր Սուրմառուի բերդի իշխանին:
Երբ իշխանը կարդաց նամակը, դարձավ դեպի Խենթը և ասաց.
— Դու ե՞րբ ես ուզում վերադառնալ:
— Վաղը, լույսը բացվելուն պես, — պատասխանեց Խենթը:
— Լավ, ես կհանձնեմ քեզ Լուսիկին, բայց զարմանում եմ, թե ինչո՞ւ իշխանը Եղոյի փոխարեն քեզ է ուղարկել:
— Եղոյին ուղարկեց հունաց հրամանատարի մոտ խիստ կարևոր գործի համար, — ասաց Խենթը առանց կարմրելու:
— Հա, երևի շատ կարևոր գործ է եղել, թե չէ նա կգար Լուսիկի համար: Գիտե՞ս` Եղոն Լուսիկի սիրուց գժված է և գիշեր-ցերեկ քուն չունի և մինչև հիմա Լուսիկի հետ մի բան կպատահեր, եթե Եղոն չլիներ:
— Եվ Վեստ Սարգիսն էլ Լուսիկին Եղոյի համար է Անի բերել տալիս, որպեսզի վերադառնալուն պես պսակի նրա հետ, թե չէ Եղոն հանձնառու չէր լինում հունաց հրամանատարի մոտ գնալու:
— Հա, երևի այդպիսի բան է եղել: Բայց արի դու հանգստացիր, — ասաց իշխանը և Խենթին ներս տարավ:
Խենթը կերավ, խմեց, կշտացավ, բայց գործը դեռ չէր վերջացրել. նա մի ամբողջ գիշեր ուներ մինչև Լուսիկին տեսնելը և այդ գիշերը զուր չպիտի անցկացներ, պետք էր իմաց տալ Լուսիկին, որ նա զգույշ մնա իրեն տեսնելու ժամանակ, և այդ բանն էլ շուտ գլուխ բերեց: Խենթը շուտով իմացավ նրա տեղը և կես-գիշերին զգույշ մոտեցավ նրա պատուհանին: Լուսիկը նրա ձայնը լսելուն պես սարսռեց, դողդողաց. նա չէր հավատում, թե Խենթն է, բայց Խենթը ամեն բան զզուշացրեց և հայտնելով յուր գալու պատճառը` հանգիստ սրտով յուր սենյակը քաշվեց ու սպասեց լուսանալուն:
Դեռ արևի ճառագայթները նոր էին տարածվել երկրի վրա, երբ նա ոտքի կանգնեց և սկսեց պատրաստություններ տեսնել ճանապարհվելու: Այդ ժամանակ երևաց Սուրմառուի բերդի իշխանը և առաջնորդեց Խենթին դեպի Լուսիկի խուցը: Երբ բացվեց խցիկի դուռը, Խենթը յուր սիրտը բռնեց, որ կարծես հարյուրավոր տեղից խոցվեց. յուր առաջ կարծես Լուսիկը չլիներ կանգնած, այլ նրա ուրվականը: Ինչ օրն էր գցել սև ձեռքը խեղճ Լուսիկին:
— Օրիո՜րդ, մեծ իշխանի հրամանով քեզ Անի պետք է տանեմ, համաձա՞յն ես ինձ հետ գալու, — ասաց Խենթը դողդոջուն ձայնով:
Իշխանը Խենթի երեսին նայեց. նրա սրտի մեջ կասկած մտավ` նկատելով Խենթի ձայնի դողդողալը: Բայց այդ միջոցին խոսեց Լուսիկը և համարյա փարատեց իշխանի կասկածը:
— Տարեք ինձ, ուր կամենում եք, եթե այդ Վեստ Սարգիս իշխանն է հրամայել, — պատասխանեց Լուսիկը առանց Խենթին նայելու:
— Այո՛, մեծ իշխանը քո վիճակը պետք է բարվոքի և այսուհետև դու լավ կապրես:
— Շնորհակալ եմ, ես այսուհետև կլսեմ նրան և նրա խորհրդի համաձայն կպահեմ ինձ, — պատասխանեց Լուսիկը:
Այնուհետև նրանք դուրս եկան խցից և երբ պատրաստ էին ձի նստելու ու ճանապարհ ընկնելու, Սուրմառուի բերդի իշխանը դիմեց Խենթին և, սուր հայացք գցելով նրա վրա, հարցրեց.
— Դու առաջուց ճանաչում էիր Լուսիկին:
— Ո՜չ, իշխան: Ես առաջին անգամն եմ տեսնում սրան:
Ինչպես երևում էր, իշխանի կասկածը դեռ չեր փարատվել, և վա՜յ երկուսին էլ, եթե կամ Լուսիկը, կամ Խենթը մի անզգույշ խոսք կամ քայլ անեին:
Բայց Խենթը շուտով մնաս բարև ասաց Սուրմառուի բերդի իշխանին և Լուսիկի հետ առաջ ընթացավ: Երբ բավականին հեռացան, Խենթը գրկեց յուր եղբոր աղջկան և երկար ժամանակ բաց չէր թողնում գրկից: Երկուսի աչքերն էլ լրցվեցին և միայն այդ արցունքներն էին ամոքում երկուսի վիշտը:
Այնուհետև Խենթը Լուսիկին ապահով Անի տարավ և հանձնեց Գոհարիկի պաշտպանությանը:
ԺԴ
[խմբագրել]ՉԱՐ ՀՈԳԻՆ
Դավաճանի հույսերը փշրվում էին, նպատակը խորտակվում: Դառնացած սրտով նա շրջում էր Սուրմառուի բերդաքաղաքի մեջ, յուր պալատում և սոսկալի մտքերը կրծում էին նրա սիրտը: Վեստ Սարգսի գոռոզ սիրտը չէր հաշտվում այն պարտությանը, որ կրեց ինքը: Ինչպե՞ս կարող էր տանել այդ ստոր պարտությունը: Չէ որ նա արդեն իրեն պսակյալ թագավոր էր համարում, իսկ Գագիկին` յուր ձեռքին իբրև մի խաղալիք, մի մրջյուն, որին յուր մատների մեջ կարող էր ճզմել, ջարդել, տրորել…
— Ո՛հ, դառն է իմ դրությունը, — կանչեց Վեստ Սարգիսը և երեսը ծածկեց ձեռքերով, — դառն է, բայց այդ դառնությանը պիտի վերջ դրվի, պիտի մի սահման դրվի, կամ պիտի փչանա, կորչի, ջնջվի աշխարհիս երեսից Վեստ Սարգիսը, կամ այդ վերջը պիտի քաղցրանա Վեստ Սարգսի համար: Ինչպե՞ս թողնել, որ իմ երկաթե կամքը խորտակվի, իմ նպատակները օդում ցնդեն: Օ՛, ինչքա՛ն անքուն գիշերներ եմ անցկացրել այդ նպատակներիս համար, ինչքա՛ն տանջանքներ կրել, և այդ ամենը զո՛ւր, բոլորովին զո՛ւր պիտի անցնեն: Բայց չէ՞ որ քանի միտքս եմ բերում այդ անհանգիստ գիշերները, քանի հիշում եմ կրածս տանջանքները, մարմինս սարսռում է և մազերս` փշաքաղվում…
Թողնեմ ցնորքները… կանգ առնեմ իմ արյունով լի ճանապարհի վրա… հետո՞… ի՞նչ կդառնամ ես — մի անպետք արարած, մի չնչին մարդ, որին ամենքը պիտի արհամարհեն, որից ամենքը պիտի երես դարձնեն և թքեն վրան: Չէ՞ որ այդ ժամանակ իմ եղկելի զոհերը լեզուները կբարձրացնեն և հանդուգն կերպով կծաղրեն այն մարդուն, որի ձեռքից նույնիսկ Հովհանես-Սմբատ թագավորն էր դողում… Ո՜չ, ո՜չ, այդ դրության մեջ ես չեմ կարող ապրել, ահա սա վերջ կդնի կյանքիս և…
Եվ Վեստ Սարգիսը մոլեգնաբար վեր թռավ տեղից, սուրը պատյանից հանելով ուզեց մխել յուր կուրծքը, բայց այդ միջոցին նրա ձեռքը կանգ առավ և աչքերը փայլատակեցին մի այնպիսի զարհուրելի կրակով, որ տեսնողը ակամայից քար կկտրեր:
Վեստ Սարգիսը սուրը իջեցրեց, կրկին նստեց փափուկ գահավորակին և կանչեց.
— Չէ՛, հիմարություն է իմ արածը, այս սրով և թույնով դեռ շատերին պետք է երանելիների աշխարհն ուղարկել և ես դեռ պիտի գնամ դարձյալ իմ ընտրած ճանապարհով:
«Զղջում» խոսքը գոյություն չունի Վեստ Սարգսի համար: Նրա սիրտը սառն է և անհողդողդ. ուստի, դու, չա՜ր ոգի, զորացրու ինձ, թափիր երակներիս մեջ դժոխքի սասանեցուցիչ կրակը, մի՜՛ թողնիր ինձ հուսահատվելու, այլ բազմացրու քո սև հոգու զոհերը, միայն թե արժանացրու ինձ նպատակներիս իրագործմանը: Եկ, չա՜ր ոգի, Վեստ Սարգիսը դաշինք է կապում քեզ հետ, ծախում յուր հոգին, միայն թե գահը ինձ տաս…
Այդպես ասաց Վեստ Սարգիսը և հիրավի, կարծես թե չար ոգին բուռն ուժով ցնցեց նրան, և նա նոր ուժ ստացավ: Դաժան ու սև մտքերը մեկը մյուսի ետևից պաշարեցին նրա հոգին, և նա, Վեստ Սարգիսը, այդ դիվական մտքերը յուր ուղեղում ամրապնդելով, ժպտում էր, երևացնելով յուր սևացած ատամները: Այդ միջոցին խինդն ու ուրախությունը պատել էին Վեստ Սարգսին, և նրա դեմքին այլևս չէր երևում մի րոպե առաջ եղած հուսահատությունը, երբ նա սուրը ձեռքին պատրաստվում էր անձնասպանություն գործել:
— Դեպի գո՛րծ, դեպի գո՛րծ,— կանչեց Վեստ Սարգիսը և ուրախացած նստեց սեղանի մոտ և սկսեց զանազան թղթեր գրել:
Երբ վերջացրեց յուր գրությունները, հոգնած թիկն ընկավ գահավորակին և մի քանի րոպե այդ գրության մեջ մնալուց հետո վեր թռավ տեղից և մոտենալով լուսամուտներից մեկին` բարձրացրեց ծանր վարագույրը և դուրս նայեց:
Մութը արդեն անցել էր, և արշալույսի կենարար լույսը տարածվել. սկսվում էր մի սիրուն, Հայաստանի պայծառ առավոտներից մեկը, երբ հեռու, արևելյան հորիզոնի երկնակամարը ծածկվել էր ծիրանագույն շերտերով, ուր արևի ճառագայթները գնդակների նման լույսի փնջեր էին արձակում և մի քանի կույտ ամպերի հետ խաղում, այդ ամպերը երբեմն կարմրում էին, երբեմն ծիրանի հագնում, իսկ երբեմն կրակի նման շիկանում: Հրաշալի էր այդ երկինքը, հրաշալի էր բնությունը, կանաչապատ լեռներն ու ձորերը: Այդ միջոցին էր, որ բարձրաթռիչ արծիվը օդի մեջ էր սավառնում, ճնճղուկը տանիքի վրա ճռվողում, ծիծեռնակը յուր երգը երգում, իսկ սոխակը վարդի թփին նստած դայլայլում… Բայց բնության այդ հրաշալիքը ոչ մի ազդեցություն չունեցավ Վեստ Սարգսի մռայլ հոգու վրա: Նրա դեմքը ամպոտ էր ու գունատ: Նա կարծես բնության հրաշափառության վրա զարմացած կրկին ցած թողեց վարագույրը և սկսեց անց ու դարձ անել սենյակի մի ծայրից մյուսը: Երկար նա շրջում էր առանց դադար առնելու, երբ հանկարծ կանգ առավ և կանչեց յուր ծառաներին: Երկու ծառա նրա հրամանը լսելուն պես ներս եկան և քարացածի նման կանգ առան դռների մոտ:
— Կանչեցեք այստեղ Եղոյին, — հրամայեց Վեստ Սարգիսը:
Ծառաները հեռացան և քիչ հետո ներս մտավ Եղոն և լուռ կանգնեց դռների մոտ: Եղոյի դեմքը նույնպես մռայլ էր ու գունատ: Կարծես նա էլ յուր տիրոջ նման մի քանի անքուն գիշերներ էր լուսացրել:
— Եղո՜, ի՞նչ է պատահել քեզ, դու գունատ ես և դժգույն:
— Ոչինչ, տե՜ր, — պատասխանեց Եղոն:
— Բայց դու տխուր ես, հուսահատ:
— Այդ կանցնի, տե՜ր, Լուսիկին կորցնելուց հետո ես հիրավի տանջվում եմ:
— Շուտով դու կստանաս քո Լուսիկին, Եղո՜, մի՜ վհատիր:
— Ինչպե՞ս, տե՜ր, — պատասխանեց Եղոն, և նրա աչքերից ուրախության կայծեր թռան:
— Դու դեռ չես հասկանա թե ինչպես, սակայն վստահ եղիր: Երկար ժամանակ չի անցնի և Հայաստանի գահին Գագիկի փոխարեն քո տերը կլինի բազմած: Այժմ լսիր, ինչ եմ ասում: Եղո՜, դու գիտես, որ միայն քեզ վրա եմ վստահում: Ահա այս նամակները վստահելի ձեռքով պիտի ուղարկես մեկը հունաց հրամանատարին, որ նա հանձնե Կոստանդին Մոնամախոս կայսեր, իսկ մյուսը` Դվինի Աբուսվար էմիրին: Երկու նամակն էլ շատ կարևոր են և հետևանքն էլ խիստ ծանր կլիկի Գագիկի ու Վահրամյանների համար. թող Հայաստանը մնա երկու սրի մեջ, և այն ժամանակ տեսնենք Գագիկը ի՞նչ պիտի անի: Իսկ եթե այդ դրությունից էլ դուրս գա Գագիկը, այն ժամանակ ուրիշ միջոցներ կգտնենք նրան պատժելու:
— Տե՜ր, ո՞րն է ամենից կարևոր նամակը, հունա՞ցը, թե էմիրինը: Դուք գիտեք, որ դրանցից մեկը արևմուտք է գտնվում, իսկ մյուսը` արևելք:
— Նախ` հունացը, այդ ավելի կարևոր է:
Եղոն գլուխ տվեց և հեռացավ, Իսկ դավաճանը ուժասպառ անկողին մտավ ու քնեց` հրամայելով ոչ-ոքի չընդունել: Նա, ըստ երևույթին, վախենում էր լույսից. գիշերը յուր չար խորհրդի վրա էր մտածում, իսկ ցերեկը ուզում էր յուր խոնջացած մարմնին հանգստություն տալ. սակայն հեռու էր նրանից այդ ցանկալի հանգստությունը…
ԺԵ
[խմբագրել]ՑԱՆՑԻ ՄԵԶ
Մինչդեռ օձը դարաններ էր լարում Գագիկ թագավորի ու Անիի դեմ, անեցիք միամիտ նստած հրճվում էին իրենց պատանի թագավորի վրա և նրա անունով երդվում: Նրանք տեսնում էին, որ իրենց թագավորը, թեև պատանի, բայց քաջ է, խելոք և համարձակ: Նրանք զգում էին, որ այդ պատանի թագավորի ձեռքի տակ կարողանում են ազատ շունչ քաշել, որովհետև Գագիկ Բ-ի երակներում հոսում էր յուր քաջ նախահայրերի արյունը և նա չէր թույլ տալիս ո՜չ հույներին և ո՜չ ուրիշ թշնամիների հարձակվելու Հայաստանի վրա ու ավերելու այն: Բայց ժողովուրդը շատ միամիտ էր դատում: Նա առժամանակ մոռացել էր Վեստ Սարգսին, նրա երկաթյա ճիրանները, մոռացել էր, թե հույնի հարձակմունքը և թե Վեստ Սարգսից կրած նեղությունները: Այդպես է ժողովուրդը, վտանգն անցնելուն պես անձնատուր է լինում անհոգության և զբաղվում յուր առօրյա հոգսերով, առանց ապագայի մասին մտածելու, առանց յուր գլխին գալիք չարիքի մասին հոգալու: Սակայն այդպես չէին մտածում ծերունի Վահրամը և յուր միաբան իշխանները: Նրանք տեսնում էին Վեստ Սարգսի չարանենգ դիտավորությունները և գուշակում ազգին հասանելիք վտանգը, սակայն նրանց լսող չկար: Պատանի Գագիկը որքան քաջ, համարձակ և խելոք էր, այնքան էլ անփորձ, իսկ այդ անփորձության հետ ինքնավստահ: Ամեն անգամ, երբ ծերունի Վահրամը զգուշացնում էր Վեստ Սարգսից, պատանի Գագիկը ուսերն էր թոթափում և ինքնավստահությամբ ասում. «Ո՜չ, Վեստ Սարգսից ես չեմ վախենում»:
Բայց Վահրամ իշխանը դեռ չէր հուսահատվում, դեռ հույս ուներ, որ այսպես թե այնպես ազդեցություն կունենա Գագիկի վրա և այդ հույսով կխորտակի Վեստ Սարգսի բոլոր որոգայթները: Սակայն մինչև այդ, հունական զորքերը, դրդված Վեստ Սարգսից, կրկին մոտեցան Անիին, իսկ մյուս կողմից Դվինի Աբուսվար էմիրն էլ յուր գնդերը շարժեց Անիի վրա, և այդպիսով Գագիկ թագավորը մնաց երկու սրի մեջ: Ի՞նչ պիտի աներ յուր մի բուռ քաջերով երկու ահեղ բանակին: Նա մնացել էր շվարած: Բայց շուտով այդ կրիտիկական դրությունից էլ դուրս եկավ: Գագիկը շտապեց Դվին Աբուսվար էմիրին ընծաներ ուղարկել և հաշտություն խնդրել Աբուսվարը զիջեց Գագիկի խնդրին և յուր գնդերը կրկին ետ քաշեց: Այդ ժամանակ Գագիկը յուր բոլոր ուժով հարձակվեց հունաց գնդերի վրա, որոնք Ասիդ և Նիկողոս զորապետերի հրամանատարությամբ արդեն պաշարել էին Անին, և մի այնպիսի ջարդ տվեց, որ նրանք սարսափահար փախուստ տվին Անիի պարիսպների տակից և երկու տարի շարունակ դադարեցին Անիի մասին մտածել:
Այնուհետև, երբ Գագիկը հաստատապես իմացավ, որ այդ բոլորը Վեստ Սարգսի գործն է, որ նա կրկին չի դադարում յուր դեմ գործելուց, բորբոքվեց, վառվեց, բռնկվեց ու մի քանի մարդով անսպասելի կերպով ներս մտավ Սուրմառուի բերդաքաղաքը` Վեստ Սարգսի մոտ և գոռաց.
— Իշխա՜ն, մինչև ե՞րբ դու պիտի այդ վատ և զազրելի ճանապարհով գնաս:
Վեստ Սարգիսը կրկին նեղն ընկավ, նա զգաց, որ հաղթվում է, որ չի կարողանում դիմադրել, հակառակել նրան, ուստի ավելի լավ համարեց դիմել խորամանկության և ներումն խնդրել պատանի թագավորից, ծունկ չոքեց նրա առաջ և արտասվաթոր աչքերով ասաց.
— Թագավո՜ր, ես արդար եմ…
— Ո՜չ, այլևս ինձ չես կարող խաբել, — պատասխանեց Գագիկը:
— Ներիր ինձ, տե՜ր, — ասաց Վեստ Սարգիսը մի այնպիսի սոսկալի ձայնով, որ ներկա եղողների մարմնով մի տեսակ սարսուռ անցավ:
Գագիկը նայեց նրան, նայեց յուր ոտքերի տակ սողացող իշխանին և խղճահարվեց, արդեն պատրաստվում էր ներել, երբ յուր և Վեստ Սարգսի հայացքներն իրար հանդիպեցան:
Գագիկը սարսռաց: Վեստ Սարգսի աչքերի մեջ մի այնպիսի կրակ կար, որ պատանու մարմինը ցնցեց, և նրա հոգու մեջ գտնված խիղճը մի րոպեում ցնդեց. հիրավի այդ վայրկյանին Վեստ Սարգսի աչքերում փայլում էր ատելության մի այնպիսի մոլի կրակ, որ կարծես գեհենի միջից լիներ արտավիժելիս… Վեստ Սարգիսն արտաքուստ իրան ձևացնում էր խղճալի, ողորմելի մի արարած, որ յուր հզորի ոտքերն ընկած, աղերսագին թողություն էր խնդրում, իսկ ներքուստ, նրա հոգու մեջ, ատելության մի այնպիսի կրակ էր բորբոքվում, որ եթե հնար ունենար, կխմեր պատանի Գագիկի արյունը…
— Ներիր ինձ, թագավո՜ր, ես մեղավոր չեմ, — կանչեց նա դարձյալ և նրա աչքերից կրկին ցայտեցին արտասուքի առատ աղբյուրներ, ի՞նչ արտասուքներ էին դրանք, թողությա՞ն, թե կատաղի վրեժխնդրության, այդ ոչ ոք չիմացավ, միայն թե Գագիկը այս անգամ չխաբվեցավ և հրամայեց բռնել Վեստ Սարգսին ու տանել Անի բանտարկելու, ապա, նրա ձեռքից առնելով բոլոր բերդերը, դարձավ Անի:
Բայց Վեստ Սարգիսը Անիում երկար բանտարկված չմնաց, կրկին սկսեց յուր ճարպիկ լեզուն բանեցնել, հասկացավ, որ գինու զորությամբ Գագիկին ընկճել չէր հաջողվում, ուստի հարկ համարեց մի ուրիշ ճար գտնել, այդ ճարն էլ գտավ, որ սոսկալի ազդեցություն ունեցավ թե՜ Գագիկի և թե՜ Հայաստանի վիճակի վրա:
Վեստ Սարգիսը նախ մտածեց բանտարկությունից ազատվել, որը և շուտով հաջողվեց: Գագիկը ընկճվեց նրա ճարտար լեզվից և նրան բանտարկությունից ազատեց: Եվ դրանով էլ չբավականանալով` նա Վեստ Սարգսին մեծ պատիվների հասցրեց:
Վեստ Սարգիսը հրճվեց: Նա նոր հասկացավ յուր ուժը, այն ուժը, որը կայանում էր ո՜չ թե զենքի, այլ լեզվի մեջ: Նա կարճ միջոցում Գագիկին յուր ձեռքն առավ, ցույց տվեց, որ ինքը թագավորի բարեկամն է, և Գագիկի խորհրդականը դարձավ:
Գագիկը յուր անփորձությամբ ընկավ նրա ճիրանների մեջ և անզգալի կերպով բռնվեց նրա պատրաստած ցանցի մեջ:
Գառը գազանի ճիրանների մեջ ընկավ, և այդ գազանը կամաց-կամաց ծծում էր յուր զոհի արյունը:
Ի՞նչ պիտի լիներ վերջը…
ԺԶ
[խմբագրել]ԴԱՎԱՃԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Պատանի Գագիկը մտահույզ էր. բուռն մտքերը սև օձի նման կրծում էին նրա սիրտը և պղտորում նրա անարատ արյունը: Նա դեռ չէր ճանաչում կյանքը, չգիտեր, որ կյանքը լի է դառնություններով, որ մարդիկ շաղախվում են քսությամբ և խաբեությամբ: Նա տեղեկություն չուներ, որ կան մարդիկ, որոնց շրթունքները օրհնում են, իսկ սրտերը` անիծում. Արտաքուստ` ժպտում, ներքուստ` տխրում, երեսանց` համակրում, իսկ տակից` դարաններ լարում… ի՞նչ կկարծեր, թե նրանք, որոնք յուր ոտքերի տակ ընկած փառաբանում են իրեն և երկար կյանք մաղթում, տակից դարաններ կլարեն յուր դեմ… Չէ՜, Գագիկ Բագրատունին այդ համոզմունքը չուներ յուր իշխանների վրա. նա հասկանում էր, որ ամենքը սխալմունքներ ունեն, բայց զուրկ չեն խղճից, որն ի վերուստ տված է ամեն մի մարդու:
Բայց Գագիկը այս անգամ մտահույզ էր, խիստ մտահույզ. որքան նա կամենում էր ետ մղել իրանից դառն մտքերը, այնքան նրանք ավելի ու ավելի էին պաշարում նրան և մռայլեցնում նրա հոգին: Բայց ինչո՞ւ, ի՞նչու մռայլվում է նրա հոգին, ի՞նչու նրա սիրտը ուզում է լալ, արտասվել, քանի որ պետք է նա ժպտա, ուրախանա: Մի՞թե Հայաստանի գահ բարձրացավ նրա համար, որ մատաղ կյանքը խավարեցնի և տանջանքով վերջ դնի յուր դեռափթիթ կյանքին… Հա, վերջ դնի. նա պատրաստ է վերջ դնել յուր կյանքին, պատրաստ է զոհել այդ կյանքը հայրենիքի սիրույն, եթե միայն իմանա, որ յուր այդ զոհողությամբ կփրկվի հայրենիքը, սակայն յուր սիրտը, հոգին այդ վայրկյանին այդ չէր գուշակում:
Նրա սիրտը այդ վայրկյանին զգում էր մի ինչ-որ չարագուշակ, մի ինչ-որ սոսկալի բան: Նա կարծես զգում էր, որ յուր նախնյաց գահը, որի վրա բազմել է ինքը, պիտի ոչնչանա, պիտի անհետ կորչի, ջնջվի աշխարհի երեսից և ինքը չպիտի կարողանա դրա առաջն առնել… վա՛յ իրենց, վա՛յ Գագիկին… Եվ Գագիկը սոսկում էր, զարհուրում և չգիտեր ինչպես դուրս գար այդ ծանր դրությունից:
Այդ մտատանջության մեջն էր, երբ հայտնեցին Վեստ Սարգսի գալը: Գագիկը հրամայեց ընդունել: Երբ Վեստ Սարգիսը ներս մտավ, ուղղակի Գագիկի աչքերին նայեց և երբ նրա դժգույն, մեռելային դեմքը տեսավ. յուր աչքերում մի ինչ-որ դիվական հուր փայլեց: Բայց Գագիկը չնկատեց այդ հուրը և նրան հրամայեց նստել:
— Դու մռայլ ես, թագավո՜ր, թող աստված պահպանե քեզ, ի՞նչ է պատահել արդյոք:
— Այո, իշխա՜ն, հունաց կայսրը ինձ հրավիրում է Կ. Պոլիս և այդ հրավերը ինձ շատ հուզում է և ես չգիտեմ ընդունե՞մ, թե ոչ:
Վեստ Սարգիսը մի փոքր լուռ կացավ, ոչինչ չպատասխանեց, նա արդեն վաղուց գիտեր, թե ինչն է նրա հոգին վրդովում, ինչն է շփոթում նրան, ուստի և չուզեց իսկույն պատասխանել:
— Դու լուռ ես, իշխա՜ն, և ոչինչ չե՞ս ուզում պատասխանել, մի՞թե հնարավորություն չկա այդ հրավերը մերժելու, — դարձյալ հարցրեց Գագիկը:
— Ինչո՞ւ մերժել այդ հրավերը, տե՜ր, — վերջապես պատասխանեց Վեստ Սարգիսը:
— Ինչո՞ւ… ինչո՞ւ, ես էլ չգիտեմ ինչո՞ւ մերժեմ, քանի որ Հոռոմա կայսեր հրավերը խիստ սիրալիր հրավեր է, որից ես երկյուղ չունեմ: Բայց, իշխա՜ն, խոստովանում եմ քեզ, այստեղ, սրտիս մեջ, մի ինչ-որ որդ է մտել և ինձ հակառակն է պնդում, և ես վախենում եմ, վախենում, որ…
— Որ ի՞նչ,— ընդհատեց Վեստ Սարգիսը` մի տեսակ հայացք գցելով Գագիկի վրա: Գագիկը սարսռաց, բայց թե պատասխանեց.
— Որ ես ծուղակի մեջ ընկնեմ, իշխա՜ն, — ասաց նա հուսահատ:
Վեստ Սարգսի դեմքով մի դառն, հեգնական ժպիտ անցավ:
Նա ծիծաղում էր յուր թագավորի զգացմունքի վրա:
— Ի՞նչ, դու ծիծաղում ես իմ զգացման վրա, դու հեգնո՞ւմ ես ինձ, — ասաց Գագիկը հուսակտուր:
— Քա՛վ լիցի, թագավո՜ր, որ ես հեգնեմ քո զգացմունքը, բայց իմացիր, որ այդ զգացմունքները սնոտի, դատարկ բաներ են և դու չպիտի ուշադրություն դարձնես դրանց:
— Բայց ի՞նչպես, ի՞նչպես վարվեմ:
— Ինչպե՞ս վարվես… Բայց դու սիրո՞ւմ ես հայրենիքդ,— հանկարծ հարցրեց Վեստ Սարգիսը և շեշտակի նայեց Գագիկին: Գագիկը դողաց. նա չէր դիմանում Վեստ Սարգսի հայացքին, որ մինչև ոսկորներն էր ցնցում:
— Այդ ի՞նչ հարց է, իշխա՜ն, մի՞թե չգիտես, որ կյանքս անգամ չեմ խնայի հայրենիքիս սիրույն:
— Ես էլ եմ այդպես կարծում, որ սիրում ես քո հայրենիքը: Եվ ահա այդ հայրենիքի սիրո համար դու պիտի ընդունես հրավերը և գնաս Կ. Պոլիս: Մի՞թե չգիտես, տե՜ր, որ եթե չընդունես կայսեր հրավերը, հույները իրենց արհամարհված կզգան և այն ժամանակ ոչինչ չեն խնայի կործանելու մեր հայրենիքը, իսկ մենք ի՞նչ ուժ ունենք նրանց ահեղ զորությանը դիմադրելու… Չէ, թագավո՜ր, քո Կ. Պոլիս գնալով ոչինչ վտանգ չի առաջանա ո՜չ քեզ և ո՜չ քո գահին, իսկ չգնալով մեծամեծ փոթորիկների տեղիք կտաս:
— Բայց, իշխա՜ն, ծերունի Վահրամը դեմ է դրան:
— Ծերունի Վահրամը… հը՛մ, բայց նա ծերության հետ խելքն էլ է կորցրել, տե՜ր, նա հեռուն չի կարողանում նայել: Դու, տե՜ր, չպիտի լսես դրանց, հակառակ դեպքում թող մեղքն ընկնի իմ վզին:
— Բայց, իշխա ն, ո՞ւմ հանձնեմ գահս, Անիի բանալիները…
— Մի՞թե ինձ չես հավատում, թագավո՜ր, մի՞թե չգիտես, որ Վեստ Սարգիսը յուր վերջին կաթիլը կզոհի յուր թագավորի համար: Դու հանգիստ գնա և վերադարձին քո գահը կստանաս անխափան, իսկ բանալիները հանձնիր մեր վեհափառին` Պետրոս կաթողիկոսին:
— Բայց սի՛րտս, հոգի՛ս, իշխա՜ն…
— Դատարկ բան, սնոտի զգացմունք, թագավո՜ր:
— Ուրեմն խորհուրդ ես տալիս գնա՞լ, — հարցրեց Գագիկը:
— Այո՜, անպատճա՜ռ պիտի գնաս:
— Երդվո՞ւմ ես, որ մինչև իմ վերադարձը անխախտ պահես իմ գահը:
— Երդվում եմ, տե՜ր թագավոր, սրովս, երդվում եմ աստուծով, որ այդ գահին ոչ ոք չի համարձակվի մերձենալ:
— Ես համաձայն եմ, — ասաց խուլ ձայնով Գագիկը, և նրա սիրտը կարծես փուլ եկավ. այնինչ Վեստ Սարգսի աչքերից ուրախության կայծակներ թռան:
— Ես համաձայն եմ,— կրկնեց Գագիկը,— միայն հայտնիր կաթողիկոսին և իշխաններին, որ երդվեն ինձ ս. տաճարում և Քրիստոսի արյունով կնքեն այդ երդումը, որ դուք ինձ հավատարիմ կմնաք և մինչև ձեր արյան վերջին կաթիլը կթափեք ու ինձ չեք դավաճանի: Այնուհետև ես միայն կհանձնեմ ձեզ Անիի բանալիները և իմ գահը: Այժմ գնա հայտնիր իշխաններին իմ վճիռը և թող հանդիսավոր երդումի պատրաստվեն, — ասաց Գագիկը և երեսը շուռ տվեց: Նրա աչքերը արդեն լցված էին արտասուքով:
— Ամեն բան կպատրաստվի հրամանիդ համաձայն, — ասաց Վեստ Սարգիսը և դուրս գնաց:
Վեստ Սարգսի սիրտը ցնծում էր և հոգին հրճվում: Նա տարավ հաղթանակը:
ԺԷ
[խմբագրել]ԵՐԴՈՒՄ
— Թագավորը գալի՛ս է, թագավո՛րը, — շշնջաց ամբոխը և աչքը դեպի պալատը դարձրեց:
Զորքը, որ շարված էր պալատից դեպի մայր եկեղեցին տանող ճանապարհի երկու կողմում, նույնպես ցնցվեց և հայացքը դեպի պալատը դարձրեց:
Արդարև պալատի դռներում երևաց Գագիկ Բ. հայոց թագավորը` ծիրանի քողը ձգված ուսերին, շրջապատված մեծ ու փոքր իշխաններով:
Գագիկի երևալուն պես թմբուկը զարկեցին և զորքը պատվի նշան արավ իջեցնելով նիզակները, իսկ ամբոխը, որ լցված էր ճանապարհի երկու կողմում, կանչեց.
— Կեցցե՛ Գագիկը, ապրի՛ մեր թագավորը…
Գագիկը առաջ անցավ` յուր աջ ու ձախ կողմն ունենալով Վահրամ և Վեստ Սարգիս իշխաններին:
Նա տխուր էր ու մռայլ: Նրա դժգույն, բայց արքայական վեհ դեմքը կրում էր հուսահատության սոսկալի դրոշմ, որ նայողի վրա թողնում էր խորին կսկիծ: Ի՞նչ էր պատահել, ինչո՞ւ Գագիկը այդպես տխուր, այդպես վհատ էր: Այդ ամենքը գիտեին, այդ ամեն մարդ զգում էր:
Գագիկը մայր եկեղեցի էր իջնում աղոթելու վերջին անգամ, ուր յուր իշխանները հավատարմության երդում պիտի տային և մյուս օրը ինքը պիտի մեկներ Կ. Պոլիս:
— Ողջո՛ւյն հայոց թագավորին, ապրի՛ Գագիկը, — նորից գոռաց ամբոխը և խոր գլուխ իջեցրեց:
Գագիկը մտազբաղ ժողովրդին նայեց, ու նրա սիրտը հուզվեց, կսկծաց: Ինչե՞ր արդյոք չանցան նրա մտքով այդ իսկ րոպեին:
Մայր եկեղեցում սկսված էր պատարագը և Պետրոս Գետադարձ կաթողիկոսը զգեստավորված: Երբ թագավորը ներս մտավ, կաթողիկոսը առաջ եկավ նրան ընդունելու: Գագիկը խաչը համբուրեց և կանգնեց արքայական գահույքի տակ և ամբողջ պատարագի ընթացքում լուռ աղոթում էր:
Ամբողջ եկեղեցին լի էր մեծ ու փոքր իշխաններով և իշխանազնուհիներով, իսկ դուրսը խռնվում էր ժողովուրդն ու զորքը:
Խորհրդավոր լռություն էր տիրում եկեղեցում և բացի երգեցողության մեղմ ու քաղցր ձայնից, ոչ մի շշուկ չէր խանգարում լռությունը: Քաղցրանվագ ալելուն էր հնչում Անվո մայր եկեղեցում և խնկի ու կնդրուկի անուշաբույր հոտը տարածվում:
Ամենքը, ինչպես մի մարմնացած արձան, լուռ էին և անշարժ:
Մեկ կողմը կանգնած էին կաթողիկոսը, Վեստ Սարգիսը և յուր համախոհ իշխանները, իսկ ձախակողմը, արքայական գահի առաջ գլխիկոր նստած էր ծերունի Վահրամ իշխանը` նույնպես յուր կուսակից իշխաններով: Կարծես եկեղեցում իսկ, սուրբ պատարագի ժամանակ, երբ աշխարհային ամեն գծուծ գործ պիտի մոռացվի, հայ իշխանները երկու բանակի էին բաժանվել և իրար վրա լռելյայն մոլի հայացքներ էին ուղղում:
Բայց ահա պատարագը ավարտվում է: Պատարագիչ Խաչիկ եպիսկոպոսը բարձրաձայն կանչում է «կեցո՜, տէ՜ր, զժողովուրդս քո և օրհնեա…», և վարագույրը ծածկում է սրբության սեղանը, որ անխիղճ տիրանենգներն ու անօրեն դավաճանները չտեսնեն ճշմարտության համար զոհված աստուծո գառին: Նոցա զոհը այլ գառն է, որ անմռունչ կանգնած է յուր պարանոցը մերկացնելով կտրողի առաջ:
Բայց ահա վեհափառը բարձրանում է բեմ և վարագույրի առաջ դրած գահի մոտ կանգնելով` սկսում է յուր պերճաբան քարոզը: Նա նզովք, անեծք է թափում հայրենիքի դավաճանի գլխին և պատմում թուլասիրտ Հովհաննես-Սմբատ արքայի տված թղթի մասին, հունաց արշավանքները Անիի վրա և ապա գովաբանում է ներկա հոռոմոց կայսեր բարեպաշտությունը, որ չցանկանալով օգտվել այդ կտակից, վեհանձնաբար Գագիկ թագավորին յուր մոտ է հրավիրում մեծամեծ պատիվներ տալու նրան և խաղաղության դաշն կռելու, սակայն մեր թագավորը երկմտում է այդ հրավերն ընդունելու, որ կազմում է մեր աշխարհի միակ փրկությունը, — ավելացրեց կաթողիկոսը մի ինչ-որ պայմանական հայացք գցելով դեպի Վեստ Սարգիս իշխանը:
— Մեր թագավորը այն է մտածում, որ յուր գնալով կկորցնե ամենը, ինչ որ թանկ է հայրենիքի համար: Այն ձեռքը, որ կտակ գրեց և տվեց հույներին, այն հոգևորականը, չիք Կիրակոսը, որ կաթողիկոսի տան հյուրընկալն էր, վաճառեց Անին յուր շրջակայքով և տվեց հույներին, նրա տեսակները շատ ավելի վատ գործերի են ընդունակ, — ավելացրեց ծերունի Վահրամը` հնչեցնելով յուր ուժեղ ձայնը:
— Լսո՞ւմ եք, իշխաննե՜ր, որ մեր քահանայապետին դավաճան է հայտարարում այդ զառամյալ ծերուկը, — շշնջաց Վեստ Սարգիսը:
— Դավաճանը նա է, ով որ մեր սրբազնասուրբ հոգևոր տիրոջը անբաստանում է, — լսվեցան ձայներ այն դասից, ուր կանգնած էր Վեստ Սարգիսը:
Գագիկի գեղեցիկ դեմքը շառագունեց: Նա զգաց, որ ահա ուր որ է իշխանների մեջ պիտի մի ներքին պառակտում ընկնի, ուստի, ձեռքի շարժումով լռեցնելով իշխաններին, ասաց.
— Թող իմանան իմ իշխանները, որ նոցա երջանկությունն է միայն իմ բաղձանքը: Ամենքին հայտնի է, որ ես ոչինչից վախեցողը չեմ: Հունաց լեգիոնները ջարդվեցան ինձանից և խայտառակությամբ ետ փախան: Ես միայն կասկածում եմ, որ եթե գնամ Կ. Պոլիս, կայսեր մոտ, մայրաքաղաքս պահպանող չի լինի: Կաթողիկոսը կրկին խոսեց.
— Մի՜ կասկածիր, տե՜ր արքա, երկնքում թող հայր աստվածը վկա լինի, իսկ երկրիս վրա ահա կենդանարար Քրիստոսը, որ այժմ պատարագում է այդ սուրբ սեղանի վրա, որ քեզ ոչ ոք դավաճանող չկա: Ես կհրամայեմ պատարագիչ եպիսկոպոսին թող յուր գրիչը թաթախե զինվող գառի անապական արյան սուրբ բաժակի մեջ և գրե սաստիկ երդման գիր, որ ես իբրև գլուխ հոգևորականության և Վեստ Սարգիսն ու մյուս նախարարները իբրև ներկայացուցիչ քաղաքի բոլոր դասակարգի, երդվում ենք այդ սուրբ անմահ պատարագով, մեր փրկչի խաչով, նորա ավետարանով, որ ինչպես նա, մեր տեր Հիսուս Քրիստոսը բարձրացավ խաչափայտի վրա և անարգ մահով մեռավ և թաղվեցավ մեզ փրկելու համար, այնպես էլ մենք քրիստոսանման պետք է նահատակվենք Անի քաղաքը պահպանելու ու փրկելու թշնամիների ձեռքից և մեր արյունը թափելով` հանձնել այն յուր օրինավոր տիրոջը: Եվ այդ թուղթը ես կպահեմ ինձ մոտ:
— Տե՜ր արքա, աղաչում ենք, հաճեցեք ընդունել մեր սրբազնագույն հոգևոր տիրոջ խորհուրդը, որ պատրաստ է Քրիստոսի պես բարձրանալ Գողգոթա` հայ մայրաքաղաքի փրկության համար, — աղաղակեցին Վեստ Սարգսյանք:
— Կեղծ են այդ բոլորը, տե՜ր արքա, և մի որոգայթ, աղաչում եմ չլսել դրանց, — կանչեց դարձյալ Պահլավունին:
— Թող լռե անաստված խռովարարը,— գոռացին մի քանի ձայներ:
Բայց այդ ժամանակ առաջ է գալիս թագավորը, լռեցնում ամենքին և հուսահատ ձայնով ասում.
— Բավական է: Առաջ եկ, Լուսավորչի աթոռին նստող աստվածապաշտ Հայրապետ: Ահա, միայն քո երդումին հավատալով, քեզ եմ տալիս քաղաքի բանալիները և քեզ հանձնում իմ գահի պաշտպանությունը… Գրեցեք երդման թուղթը, — ասաց Գագիկը և արտասուքով լի աչքերով չոքեց փրկիչի խաչելության առաջ և բազկատարած ձեռքերով օգնություն հայցեց բարձրյալից:
Իջավ պատարագիչ եպիսկոպոսը ս. բաժակը ձեռքին: Գրվեցավ երդման թուղթը Քրիստոսի արյունով, և ամեն մի իշխան խաչի ու ավետարանի վրա, երդվելով հավատարիմ մնալու, ստորագրեց յուր անունը երդման թղթի վրա` գրիչը թաթախելով ս. Բաժակի` Հիսուսի արյան մեջ:
Գագիկը դուրս գնաց եկեղեցուց: Ժողովուրդը կրկին ցնծագին գոռում էր.
— Ապրի՛ թագավորը, կեցցե՛ Գագիկ արքան:
Սակայն Գագիկը հուզված էր ու մռայլ: Նա էլ ժողովրդին չէր նայում, կարծես վախենում էր նրանից…
ԺԸ
[խմբագրել]ԳԱԳԻԿ ԹԱԳԱՎՈՐԸ ԱՔՍՈՐԱՆՔՈՒՄ
Միամիտ որսն ընկավ թակարդի մեջ:
Գագիկը Կ. Պոլիս հասավ և միայն մի քանի օր շքեղ ընդունելություն գտավ կայսեր կողմից, և ապա, երբ առաջարկվեց հանձնել Անին, իսկ ինքը մերժեց, նա աքսորվեց Մարմարյա ծովի կղզիներից մեկը:
Գագիկը աքսորանքումն է, հեռու հայրենիքից, հեռու յուր սիրելի նախարարներից: Նրա գլխին օտար երկինք է փայլում, իսկ շուրջը ծովի ահեղ ալիքներն են վխտում, որոնք կատաղաբար մռնչալով ծիծաղում են Գագիկի հուսահատության վրա և հեգնում նրան…
Գագիկը մտամոլոր շրջում է ավազոտ ափերին ու հուզված հեռուն դիտում: Նա նայում է հեռուն, դեպի մթին հորիզոնը, ուր սևին են տալիս Ասիայի ժայռոտ ափերը, ու նրա սիրտը քաղվում է, հոգին խռովվում և ամբողջ մարմինը` ցնցվում: Հուսահատության սոսկալի բոցերով լցվում են նրա աչքերը և նա կարծես թե ուզում է թռչել, անցնել իրեն արգելք եղող ալիքների միջով և մի վայրկյանում սլանալ այնտեղ, ուր յուր սիրտն է ձգտում, բայց զգալով յուր թուլությունը բնության դեմ, հուսահատությամբ կոտրատում է յուր մատները և հառաչելով կանչում.
— Ո՛հ, հայրենյաց սուրբ շիրիմներ, մանկությանս օրրան հայրենիք, իմ սիրուն Անի, ո՞ւր եք դուք, ձեր թագավորը տանջվում է այստեղ, ձեր կարոտը քաշում, ձեր ջրին, ձեր հողին կարոտում: Ա՛խ, ինչո՞ւ ես թևեր չունեմ ձեզ մոտ թռչելու, իմ կարոտն առնելու և ապա շունչս փչելու…
Բայց չէ, սպասեցեք, Գագիկը չպետք է մեռնի, չպետք է շունչը փչե ձեր թագավորը մինչև որ յուր վրեժը չառնի դավաճաններից: Ձեր թագավորը ընկավ ծուղակի մեջ, խաբվեցավ ինչպես միամիտ գառը, բայց էլ չի խաբվի:
Օ՛, ստո՜ր իշխաններ, ատելի Հայրապետ և դու, Մեհրուժանի և Վասակի օրինավոր ժառանգ Վեստ Սարգիս, քո թունալից լեզվով դավաճանեցիր թագավորիդ, դավաճանեցիր հայրենիքիդ և թող անիծյալ լինես հավիտյան: Թող քո ոսկորները հանգիստ չմնան գերեզմանիդ մեջ, և այն սուրբ հողը, որին դու դավաճանեցիր, թող դուրս շպրտի քո ոսկորները, յուր գիրկը չընդունի անարժան որդու ժահրալից ոսկորները… Ո՛հ, աստված, կատարիր իմ այդ խնդիրը, — ասաց Գագիկը և չոքեց: Նրա երեսը վառվում էր, աչքերը փայլատակում, հոգին հուզվում… հանկարծ նա վեր թռավ տեղից մի քանի քայլ առաջ գնաց և կանչեց.
— Ժողովվեցե՛ք, իմ նախարարնե՜ր, հավատարիմ իշխաններ և քաջ զինվորներ, հայրենիքը վտանգի մեջ է և ձեզ է սպասում: Հասեք, օգնեցեք, թե չէ ստրկության շղթաները ամուր կկապեն նրան և դուք կտնքաք դարերով նրա ծանր լծի տակ: Է՛յ, ո՞վ կա այդտեղ, տվեք սուրս, հնչեցրեք պատերազմական փողերը և շարժվեցեք առաջ, ձեր թագավորն է ձեզ առաջնորդում, թող կորչե՛ն թշնամիները, — ասաց Գագիկը և ինքն իրեն պատերազմի դաշտում կարծելով` ուզում էր առաջ գնալ, բայց տեսնելով, որ յուր սուրը մեջքից չէ կախված, հուսահատական մի ճիչ արձակեց և կանչեց.
— Լևոնի՛կ, Լևոնի՛կ:
Լևոնիկը, որ միշտ անբաժան էր Գագիկից, հետևել էր յուր թագավորին աքսորանքումն էլ և այն ժամանակ, երբ Գագիկը «Լևոնիկ» էր կանչում, նա խրճիթի առաջ նստած, գլուխը ձեռքերի մեջ դրած, խոր մտածմունքի մեջ էր ընկղմված: Նա շատ անգամ էր տեսել թագավորին մտքերի մեջ ընկղմված և չէր ուզեցել խանգարել նրա մտքերը, այս անգամ էլ նա թողել էր թագավորին մտքերի ծովն ընկղմվել առանց աչքից թողնելու նրան, բայց երբ լսեց յուր անունը, երբ իմացավ, որ թագավորը իրեն է կանչում, մի ակնթարթում վեր թռավ և մի քանի քայլ անելով հասավ թագավորին:
— Ի՞նչ է, տե՜ր արքա, — ասաց Լևոնիկը:
— Լևոնի՛կ, Լևոնի՛կ, — ասում էր Գագիկը` բարկությունից դողալով:
— Ի՞նչ է, տե՜ր, ես այստեղ եմ:
— Ո՞ւր է իմ սուրը, սո՜ւրը…
Լևոնիկը պահ մի ոչինչ չպատասխանեց, բայց նրա սիրտը այնպես կսկծաց, որ նրա աչքերում երկու զույգ արցունքներ երևացին և ընկան ավազին:
— Սուրս, Լևոնի՛կ, — կանչեց Գագիկը կրկին մի այնպիսի հառաչանքով, որ կարծես սրտի խորքերից էր դուրս գալիս:
— Չկա, թագավո՜ր…
— Ի՞նչպես… թագավորը առանց սրի՞: Բայց ո՞ւր են նախարարներս, իշխաններս, իմ քաջ զինվորները…
— Չկան, տե՜ր…
— Իսկ որտե՞ղ ենք մենք: Այս ի՞նչ ջրեր են, որ մեզ շրջապատել են, այս ի՞նչ երկինք է, որ մեզ ծածկում է, օդը, ջուրը, հողը, որտե՞ղ ենք, Լևոնի՜կ, ասա, ո՞ւր ենք…
— Աքսորանքում, տե՜ր իմ, աքսորանքում:
— Հայոց թագավորը աքսորանքո՞ւմ… հա՛, հա՛, հա՜, — մի տեսակ քրքիջ արձակեց Գագիկը, որը նման էր այն տեսակ հուսահատական քրքիջի, երբ մարդը, գիտակցական աշխարհը թողնելով, մի քայլ է անում դեպի զառանցական աշխարհը: Վիշտը սոսկալի կերպով ճնշում էր Գագիկի սիրտը և դրանք` վշտի այդ անողորմ հառաչանքներն էին, որ դուրս էին թռչում Գագիկի սրտից: Լևոնիկը վրա վազեց և գրկեց յուր թագավորին: Նա այս անգամ վախեցավ Գագիկի դեմքի արտահայտությունից: Գագիկը կարող էր խելքը թռցնել, բայց զուր էր Լևոնիկի երկյուղը: Գագիկը Լևոնիկի գրկին միայն խուլ հառաչանքներ էր արձակում, և այդ հառաչանքները կամաց-կամաց թեթևացնում էին նրա սրտի կսկիծը, հոգվո խորին վրդովմունքը…
ԺԹ
[խմբագրել]ԱՆԻԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՍԿԻԶԲԸ
Մինչդեռ Գագիկը Բոսֆորի ամայի կղզում, հայրենիքը հիշելով, սրտից թառանչներ էր արձակում, այդ միջոցին հայոց կաթողիկոսը և Վեստ Սարգիսը պարապ նստած չէին:
Գիշեր էր: Կաթողիկոսի մոտ ժողովված էին Վեստ Սարգիսը յուր համախոհ իշխաններով և մի քանի չիք Կիրակոսի նման հոգևորականներով: Ժողովին նախագահում էր ինքը սրբազնասուրբ Հայրապետը, որը նստած էր գահին և խորասուզվել էր մտքերի մեջ: Հանկարծ նա սթափվում է, բարձրանում նստած տեղից և հանում ծոցից Քրիստոսի արյունով գրված երդման գիրը և հանդիսավոր կերպով ասում.
— Վսեմաշո՜ւք տյարք, ահա մեր երդման թուղթը: Բայց հարկավոր չէ, որ մենք մեր երդումը դրժենք: Այդ մահացու մեղք է, հոգույն սրբո հայհոյություն: Մենք ուխտել ենք, պետք է մեր ուխտը սրբությամբ կատարենք, պետք է մեռնենք եկեղեցվո և ազգի շահերի համար, պետք է նահատակվենք և քաղաքը հանձնենք յուր օրինավոր տիրոջը: Ամենքդ գիտեք, որ Գագիկը թագավոր չէ և ոչ էլ ամբողջ ազգի հաճությամբ է գահ բարձրացել, այլ ծածուկ, միայն Պահլավունիների ընտրությամբ, ուստի և նա չէ թագավորանիստ Անի քաղաքի օրինավոր տերը:
— Այո՛, շատ ճիշտ է, վեհափառ տեր, — ասաց Վեստ Սարգիսը: — Այդ հո բերան չէ, այլ ճշմարիտ աստծո տաճար, որից միայն արդարություն է բխում:
— Արդեն ամբողջ ազգը միաձայն հավանությամբ քեզ էր հավատացել արքունի գանձը, տե՜ր իշխան, որ քեզ թագավորեցնեին, եթե Պահլավունիները խորամանկությամբ մեջ չբերեին այդ կաթնակերին, — մի տեսակ հաճոյական ձևերով ասացին մի քանիսը նրա համախոհներից:
— Այսպես թե այնպես` վերջապես մենք մեր երդումը պիտի կատարենք: Կտակը մահից հետո հաստատուն է: Լուսահոգի Հովհաննես թագավորը Անին յուր շրջակայքով կտակել է ժառանգություն կայսեր, որ այժմ հանդիսանում է օրինավոր տերը: Բացի այդ, մեր ընդհանուր ազգի շահն էլ պահանջում է, որ Անին հանձնենք օրհնաբանյալ կայսրին, որով թե մենք պարտական չենք մնա աստծո ահեղ ատյանի առաջ մեր երդումը կատարելով և թե կապրենք խաղաղությամբ արքայից արքայի հզոր հովանավորության ներքո:
Հետևաբար մեզ հարկավոր է այժմ այդ բանի համար մտածել, մի նոր երդման թուղթ գրել և Անվո բանալիների հետ միասին ուղարկել կայսեր:
Առաջարկությունն ընդունվեց: Գրվեցավ նոր երդման թուղթը և Անվո բանալիների հետ միասին ուղարկվեց հոռոմոց կայսեր: Անգութ և անիրավ մարդիկ, նրանք չմտածեցին, որ դրանով հիմնովին քայքայեցին Հայաստանի պետության հիմքերը և խլեցին այն անկախությունը, որ դարերից ի վեր պահպանում էին: Ի՛նչ փույթ նրանց, թե Հայաստանի ինքնուրույնությունը պիտի խախտվեր, թե դարերից ի վեր սուրբ ավանդը պիտի խորտակվեր կամ մեր նախնյաց արյունով պահպանած երկիրը պիտի ուրիշները վայելեին: Բավական էր, որ տիրանենգ իշխանները մեծ պատիվների էին սպասում: Հայոց կաթողիկոսը, կուրացած փայլուն ոսկիներից, արժանավոր վարձատրություն էր ակնկալում, իսկ դավաճան Վեստ Սարգիսը Հայաստանի գահն էր երազում:
Հունաց կայսրը, երբ իշխանների երդման թուղթը և Անիի բանալիները տեսավ, ուրախացավ, հրճվեց ու կանչելով իրեն մոտ թշվառ Գագիկին, ցույց տվեց նրան Անիի քառասուն բանալիները ու հեգնորեն ասաց.
— Տես, Գագի՜կ, հայոց թագավոր, ահա քո իշխանները Անին ինձ են տալիս, իսկ դու ի՞նչ ես ասում:
Գագիկը մեկ գունատվեց, մեկ վառվեցավ կրակի պես. կայծակներ թռան նրա աչքերից, նրա սիրտը հուզվեց, խորին ցավից կսկծաց ու նա դառնացած կանչեց.
— Դատ արասցե աստված ընդ իս և ընդ դավաճանողքն իմ:
— Վերջացած է, Գագի՜կ, Անին այլևս քեզ չէ պատկանում, զուր մի մտածիր այդ քաղաքի վրա, որ արդեն հունաց մեծազոր կայսերն է պատկանում: Եվ ես, իբրև ողորմած կայսր տալիս եմ քեզ Կապադովկիայի Պիզու քաղաքը: Ապրիր նրա մեջ հանգիստ և այլևս մի մտածիր Անիի վրա:
— Բայց մի՞թե դու իրավամբ կառնես այդ քաղաքը, մի՞թե դա արդարություն է, կա՜յսր:
— Վերջացած է, համաձայնիր և՜ դու, քանի որ քո իշխանները և կաթողիկոսը համաձայն են:
— Ո՜չ և ո՜չ: Բագրատունի Գագիկը երբեք չի տա յուր համաձայնությունը, իսկ եթե իմ իշխանները ինձ դավաճանեցին, թող իմ և հետնորդներիս արյունը լինի նրանց վրա, — ասաց Գագիկը և հուսահատ դուրս եկավ հունաց կայսեր պալատից: Դուրս եկավ և այնուհետև էլ չտեսավ յուր սիրած հայրենիքը: Յուր իշխաններից դավաճանած, հունաց զորությունից ընկճված նա ստիպվեցավ գնալ (1045 թ.) Պիզու քաղաք, իսկ Պարակաման ներքինին և հունաց զորավարը Հայաստան ուղարկվեցան մի բանակով Անիին տիրանալու:
Պարակաման ներքինու դեպի Անի արշավելու լուրը Անի հասնելով արդեն դղրդացրել էր անեցիների սիրտը: Նրանք զգում էին, որ Անիի գլխին այժմ կուտակվում են խիստ սպառնալից ամպեր, որոնց հետևանքը շատ ծանր պիտի լիներ իրենց համար: Թագավորը չկար, նա տնքում էր հեռու աքսորանքի մեջ, իսկ իրենք մնացել են մոլորված: Բայց մեռած չէր ծերունի Վահրամը: Նրա սիրտն էլ թունդ առավ, երբ լսեց հունաց բանակի մոտենալը և աչքերը վրեժխնդրության բոցով լցված պատրաստվեց դիմադրել նրանց և յուր կյանքը դնել Անիի պարիսպների տակ:
Խո՛ր, շատ խոր կսկծաց ծերունի Վահրամի սիրտը, երբ իմացավ Գագիկի աքսորվելը: Նա վաղուց գիտեր այդ, վաղուց նա զգուշացնում էր Գագիկին պատրաստված դարաններից, բայց նա չլսեց իրեն, այլ տիրանենգ վեստ Սարգսի խոսքով վեր կացավ գնաց Կ. Պոլիս այլևս չվերադառնալու պայմանով:
Եվ նա էլ չի վերադառնա, այդ զգում էր Վահրամը, իսկ նրա չվերադառնալով կործանվում էր Հայաստանը, կործանվում սիրուն ու շեն Անին…
— Ո՛հ, տե՜ր, մի՜ թողնիր Հայաստանը կործանվելու, մի դառնացնի ծերությանս վերջին օրերը, որպեսզի ես գոնե չտեսնեմ Անիի կործանումը… Հայաստանը օրհասի մեջ է, տե՜ր փրկիր նրան, խորտակիր թշնամիներին և դավաճաններին, — ասաց Վահրամը և նրա աչքերում արտասուքներ երևացին, նա դառնապես լաց եղավ: Լաց եղավ խորին կսկիծով, հիշելով, որ Հայաստանը կործանվում է յուր իսկ զավակների ձեռքով, որ Անին ոչնչանում է, նույն իսկ հայ իշխանների ձեռքով:
Օ՛հ… եթե դավաճան հայ իշխանները չլինեին, եթե մատնիչները մեզանից չլինեին, Անին չէր կործանվի… մեր թշնամիները հենց մեր միջից են, ահա սոսկալի բանը… — Վահրամի խոսքը կիսատ մնաց: Դրսից լսվեցան խառնիճաղանճ ձայներ: Վահրամը ետ քաշեց վարագույրը և դուրս նայեց: Դուրսը` մայր եկեղեցու շուրջը խռնված էր ամբոխը, որը քանի գնում այնքան ավելի ու ավելի էր ստվարանում: Վահրամը հասկացավ քաղաքացվոց այդ խռնումը: Նա զգաց, որ քաղաքացիք էլ զգում են իրենց անել դրությունը և Անիին մոտեցող վտանգը: Հենց այդ միջոցին էր, որ յուր սենյակի վարագույրները ետ քաշվեցան և այնտեղ երևաց Խենթը: Վահրամը ետ նայեց:
— Իշխա՜ն, — ասաց Խենթը, — հունաց բանակը երևաց:
— Այդ սպասում էինք, Խենթ, և նրանք շուտով չեն տիրի Անիին: Դռները փակ են, իսկ զորքերը` կազմ ու պատրաստ: Բայց դու ինձ այն ասա, այս ի՞նչ իրարանցում է քաղաքացվոց մեջ, մի՞թե նրանք արդեն հուսահատվել են:
— Ո՜չ, իշխան, քաղաքացիք էլ զգալով մոտեցող վտանգը զենք են առել ու պատրաստվում են մեռնելու Անիի պարիսպների տակ: Նրանք խնդրում են առաջնորդել իրենց դեպի կռիվ:
— Ապրին քաղաքացիք, այդպես էլ պետք է: Ես կկարգադրեմ ինչ որ պետք է. մեր զորքերը քաղաքացոց հետ միասին լավ դաս կտան հույներին:
«Կեցցե՛ Գագիկը, կեցցե՛ Վահրամը», — լսվեցավ հանկարծ քաղաքացվոց գոռ ձայնը և դղրդացրեց Վահրամ իշխանի պալատի կամարները:
— Լսո՞ւմ ես, իշխա՜ն, քաղաքացիք կեցցե են կանչում և քեզ հրավիրում առաջնորդելու:
— Լավ, Խե՜նթ, միայն դու ինձ այն ասա, թե ի՞նչ են անում Վեստ Սարգսյանք, արդյոք ուրա՞խ են հունաց բանակի մոտենալովը:
— Խիստ ուրախ, տե՜ր, արտաքուստ ոչինչ չեն ասում, իսկ ներքուստ ուրախ են և կարծես հող են պատրաստում նրանց համար:
— Ինչպե՜ս… նրանք համարձակվո՞ւմ են:
— Այո, իշխա՜ն, ես նկատեցի, որ ինչ-որ մի խումբ պղտորում է քաղաքացվոց միտքը և տրամադրում Անին առանց կռվի հույներին հանձնելու:
— Այդ չի հաջողվի նրանց: Ես վաղն ևեթ ջարդ կտամ հույներին և կփախցնեմ Անիի պարիսպներից շատ հեռու:
— Պետք է շտապել, տե՜ր, թե չէ Վեստ Սարգսյանք խիստ զորացել են: Հունական ոսկիները շլացրել են շատ իշխանների աչքերը:
Վահրամը լռեց: Դառն կսկիծը կրկին կրծեց նրա սիրտը: Նա հասկանում էր, որ Խենթը ճիշտ է ասում, որ Հայաստանը զոհվում է հենց այդ դավաճան իշխաններից:
— Կանչիր այս երեկո բոլոր մեր իշխաններին, — ասաց Վահրամը մի փոքր լռելուց հետո, — այս երեկո մենք խորհուրդ կունենանք, իսկ դու կրկին մտիր քաղաքացիների մեջ և պատրաստիր նրանց իրենց հայրենիքը պաշտպանելու: Դու ժողովրդի մարդ ես, ժողովրդի ցավին բալասան կարող է դնել միայն ժողովրդի մարդը, և այդ քո գործն է, գնա, տերը թող քեզ հետ լինի:
— Խենթը յուր գործը գիտի, տե՜ր, — ասաց Խենթը և գլուխ տալով Վահրամին` հեռացավ:
— Ապրես դու, Ներսե՜ս, — ասաց Վահրամը նրա ետևից:
Մինչ Վահրամը յուր զորքերն էր պատրաստում և քաղաքացիներից գնդեր կազմում, հունաց բանակը արդեն պաշարել էր Անին և սպառնում էր քարուքանդ անել քաղաքը, եթե հոժարակամ չեն հանձնի իրեն: Բայց նրանց սպառնալիքը ոչինչ ներգործություն չէր ունենում: Քաղաքացիք և Վահրամյանք իրենց հայրենիքը պաշտպանելու սիրով վառված հանկարծակի բանալով Անիի դռները մի զորեղ հարձակում արին հունաց բանակի վրա և նրան ջարդ ու փշուր անելով, նորից փախցրին Անիի պարիսպներից: Հաղթությունը կատարյալ էր, և Պարակաման հույն զորավարը գլխիկոր ուզում էր ետ դառնալ դեպի Հունաստան, երբ հանկարծ նկատեց, որ քաղաքացիք ինչ-որ իրարանցման մեջ են ընկել: Պարակամանը ետ նայեց և մատը կծեց: Նա վաղուց սպասում էր այդ նշանին:
Մինչդեռ քաղաքացիք և Վահրամյանք անձնազոհությամբ կռվում էին հունաց բանակի դեմ, այդ միջոցին Վեստ Սարգսյանք քնած չէին: Կռվի ամենատաք ժամանակ մի խումբ քաղաքացիք սկսեցին գոռալ, թե կռիվը պետք է դադարեցնել, որովհետև Գագիկը հրաժարվել է թագավորությունից և թե նա այլևս չի վերադառնալու:
Քաղաքացիք շփոթված կանգ առան: Կռիվը դադարեց, իսկ Պարակամանը ետ կանչվեց Անիին տեր լինելու:
Այսպիսով մատնությունը յուր դերը կատարեց և հաղթեց, իսկ տարաբախտ Հայաստանը այդ ժամանակից հետո հունաց մի գավառ դարձավ:
Անին լցվեց հունական զորքերով, իսկ անեցիների և Վահրամյանների սրտերը լցվեցան խորին թախիծով: Նրանք զգացին, որ Անիի հետ միասին մեռավ ամբողջ Հայաստանը և մեռավ մատնությամբ, դավաճանությամբ և այն էլ ում ձեռքով` յուր որդոց ձեռքով:
Սոսկալի՛ հիշատակ…
Ի
[խմբագրել]ԹՈՒՅՆ ԵՎ ՍՈՒՐ
Ամեն բան վերջացած էր:
Անին այլևս հայերին չէր պատկանում, այլ հույներին:
Հովհաննես-Սմբատ թագավորի կտակը կատարված էր: Թուլացած էին Վահրամյանք, և հրճվում էր Վեստ Սարգիսը յուր այդ հաղթության վրա: Վերջապես նա կարող է ժառանգել այդ գահը: Հոգ չէ, թե միևնույն ժամանակ հունաց ստրուկը կլինի:
Անին գրավելուց հետո Վեստ Սարգիսը և Պարակաման զորավարը մի գիշեր խիստ մտերմական խոսակցության մեջ էին:
— Իշխա՛ն, — ասում էր Պարակաման զորավարը, — քո իղձերն արդեն կատարվում են և դու կստանաս կայսրից քեզ խոստացած Հայաստանի գահը, միայն թե դեռ թշնամիներ շատ ունիս, պետք է ոչնչացնել նրանց:
— Այո՛, տե՜ր, թշնամիներ շատ ունեմ, խիստ շատ, — պատասխանեց Վեստ Սարգիսը:
— Եվ այդ թշնամիներդ հայ իշխաններն են, — ասաց Պարակամանը և մի խորամանկ հայացք գցեց Վեստ Սարգսի դեմքին, կարծես թե ուզում էր իմանալ նրա հոգու գաղտնիքը:
— Այո, հայ իշխանները, — կրկնեց Վեստ Սարգիսը մտամոլոր:
— Իսկ շա՞տ են այդ քո հակառակորդ իշխանները:
— Խիստ շատ, միայն Վահրամյանք` երեսունի չափ:
— Հը՛մ. դրանց վրա պիտի ավելացնել մի ուրիշ երեսուն, — կրկնեց խորամանկ ժպիտով Պարակամանը:
— Ինչո՞ւ:
— Որպեսզի գահդ ապահով լինի և հաղթությունդ` կատարյալ, — ասաց հեգնորեն Պարակամանը:
— Այդ կայսեր ողորմած կամքն է, — պատասխանեց Վեստ Սարգիսը առանց հասկանալու Պարակամանի հեգնական ձևը:
— Ուրեմն ինչպե՞ս վերացնենք այդ արգելքները, — ասաց Պարակամանը փոքր լռությունից հետո:
— Վերացնելը շատ հեշտ է, տե՜ր, միայն թե քո աջակցությունը լինի:
— Ինչպե՞ս:
— Երկու ճանապարհ կա դրանց ոչնչացնելու:
— Որո՞նք են այդ ճանապարհները:
— Թույնը և սուրը: Մի քանիսին` թույնը, իսկ մյուսներին սուրը պիտի ոչնչացնի, այդ է իմ կարծիքը, դրանով միայն կհանգստանա իմ սիրտը, — ասաց Վեստ Սարգիսը սառնորեն:
«Զզվելի մարդ», — ասաց իր մտքում Պարակաման հույն զորավարը` զարմանալով, որ յուր առաջ կանգնած է մի հայ իշխան, որ աշխատում է ոչնչացնել յուրայիններին:
Նա այդ տեսակ դավաճանի դեռ չէր պատահել, թեև յուր մտքում ուրախանում էր, որ գտել է մի մարդ, որը յուր մտքերի իրագործմանն է նպաստում: Չէ՞ որ հունաց գլխավոր նպատակը հայերին լոկ հպատակության մեջ պահելը չէր, այլ ավելի նրանց ազգությունը ջնջելն ու հունաց մեջ ձուլելն էր: Իսկ Վեստ Սարգիսը հենց այդ նպատակի իրագործմանն էր նպաստում, առանց հասկանալու, որ յուր երազած գահը չի ստանա հույներից:
— Լավ, համաձայն եմ, մի քանիսին` թույն, մյուսներին` սուր: Թույնով դո՜ւ պիտի ոչնչացնես, իսկ սրով` ես, — ասաց Պարակամանը:
Փոքր լռությունից հետո Պարակամանը նորից հարցրեց.
— Իսկ ունի՞ս դու մի մարդ, որ կարողանա այդ բանը գլուխ բերել առանց աղմուկի:
— Ունեմ, տե՜ր, ես ունեմ մի հավատարիմ մարդ, որ կարող է հարյուր իշխան թունավորել:
— Լավ, այդ քեզ եմ թողնում: Իսկ դու ինձ այն ասա, Վահրամ իշխանին և յուր որդի Գրիգոր Մագիստրոսին ո՞ր մահով պիտի սպանես, — հարցրեց Պարակամանը:
— Սրով, իշխա՜ն, դրանց անհարմար է թույնով սպանել: Բացի դրանից, ծեր աղվեսը շատ զգույշ է պահում իրեն:
— Լավ, դրանց ինձ թող: Ես դրանց կուղարկեմ կռվի դաշտ, և հենց այնտեղ կստանան իրենց մահը:
Պարակամանը հեռացավ: Վեստ Սարգիսը, միայնակ մնալով գլուխը ձեռքերի մեջ բռնեց և սկսեց անց ու դարձ անել յուր շքեղ պալատում, ապա հանկարծ կանգ առավ և ծափ տվեց: Ծափի վրա երկու սպասավորներ վազեցին և լուռ կանգնեցին դռների մոտ:
— Կանչեցեք այստեղ Եղոյին, — ասաց Վեստ Սարգիսը առանց ծառաներին նայելու:
Ծառաները դուրս գնացին և կարճ ժամանակից հետո ներս մտավ Եղոն:
Վեստ Սարգիսը բռնեց նրա ձեռքերից և նստեցնելով գահավորակի վրա, նորից ետ դարձավ, զգուշությամբ փակեց դռները և իջեցնելով վարագույրները` կրկին մոտեցավ Եղոյին:
Եղոն մտազբաղ իշխանին էր նայում:
— Եղո՜, ես քեզ ծանր գործ պիտի հանձնեմ և հույս ունեմ գլուխ կբերես:
— Պատրաստ եմ, տե՜ր, — ասաց մռայլված Եղոն:
— Լավ, լսիր, Եղո՜, մեր գործերը հաջող են գնում, խիստ հաջող, շուտով Վահրամ իշխանն էլ չի լինի և դու էլ կստանաս քո Լուսիկին:
— Ինչպե՞ս, իշխա՜ն, մի՞թե այդ ճշմարիտ է:
— Ճշմարիտ է լույսի պես, բայց դու անգործ չպիտի նստես:
— Ես ի՞նչ պիտի անեմ:
— Դու պետք է մահ ցանես, հասկանո՞ւմ ես:
— Ինչպե՞ս…
— Շատ պարզ: Ինչ որ մենք սրով չկարողացանք, դու պիտի թույնով կատարես, իսկ մնացածներին մենք սրով կվերջացնենք:
— Ինչպե՞ս… ես պիտի թունավորեմ և ո՞ւմ:
— Մեր հակառակորդներին, հայ իշխաններին:
Եղոն մի քանի վայրկյան լուռ կացավ: Այդ վայրկյանին նրա դեմքը երբեմն գունատվում էր, երբեմն շառագունվում: Երևում էր, որ մի միտք տանջում էր, որ նա ինչ-որ բան էր ուզում ասել Վեստ Սարգսին, սակայն չէր վստահում:
Վեստ Սարգիսը նկատեց նրա այլայլմունքը: Նա զգաց, որ Եղոն երերվում է, տատանվում: Նա հասկացավ, որ պետք է խրախուսել Եղոյին, ուստի, դառնալով նրան, ասաց.
— Անպիտան Վահրամյանք մեզ շատ տանջեցին, բայց վերջը ընկճվեցին: Չկա այլևս Գագիկը, իսկ Վահրամյանք, ինչպես դու տեսնում ես, այնքան թուլացել են, որ հազիվ նկատելի է նրանց գոյությունը: Բայց որպեսզի դրանց գոյությունը իսպառ կտրվի, որպեսզի դրանց ծուխը իսպառ մարի աշխարհի երեսից, մի վերջին հարված էլ պիտի հասցնել, իսկ այդ վերջին հարվածը լինելու է սուրը և թույնը: Մի տեղ սուր, մյուս տեղ` թույն: Հունաց Պարակաման զորավարը սրով պիտի կտրի դրանց հետքը, իսկ ես թույնով պիտի կարճացնեմ դրանց կյանքը: Թույնը և սուրը զորավոր միջոցներ են Վահրամյանների ծուխը մարելու համար: Վերջացնելով նրանց` վերացած կլինի վերջին արգելքը, և այն ժամանակ Վեստ Սարգիսը կդնի յուր գլխին Հայաստանի թագը… իսկ դու, Եղո՜, կստանաս Հայաստանի թագավորից առատ վարձատրություն…
— Բայց, տե՜ր, մի՞թե բավական չեն այնքան զոհերը, որոնք մեր ձեռքով մահ ստացան: Նրանց հոգիները կհալածեն մեզ…
Վեստ Սարգիսը, Եղոյի խոսքերը լսելով, ցնցվեցավ: Մի վայրկյան նրա դեմքի վրա անցավ մահվան գունատությունը և վայրկյանաբար նրա մտքով անցան այն զոհերը, այն վատությունները, որոնք նա գործել էր: Քիչ մնաց նրա աչքերը մթնեին և գլուխը պտտվեր, բայց զսպեց իրեն, հավաքեց իր սառնասրտությունը ու դառնալով Եղոյին` ասաց.
— Խենթ ես, Եղո՜, խենթ, մի՞թե կարծում ես, թե մեռելները հարություն կառնեն և կհալածեն մեզ: Մի՞թե դու հավատում ես, թե բացի այս աշխարհից գոյություն ունի նաև մի ուրիշ աշխարհ… Չէ, սուտ է բոլորը, մարդիկ մեռնելուց հետո ոչնչանում են թե՜ մարմնով և թե՜ հոգով: Սուտ է, որ ասում են, թե մեռնելուց հետո մարդկանց հոգին գնում է ուրիշ աշխարհ, թե նրանք ներկայանում են աստծո ահեղ դատաստանին…
— Բայց իշխա՜ն, ես լսել եմ, որ մեռելները մինչև անգամ հարություն են առնում գիշերները և…
— Սուտ է, Եղո՜, բոլորը սուտ է, — ընդհատեց նրան իշխանը, գցելով Եղոյի վրա մի այնպիսի հայացք, որից նա սարսռեց ու իսկույն լռեց:
— Լսիր, շարունակեց Վեստ Սարգիսը,— ինչ որ քեզ պատվիրում եմ` ճշտությամբ պիտի կատարես: Վահրամ իշխանի ամենամտերիմ իշխաններից հինգին դու պիտի թունավորես և ուղարկես մյուս աշխարհ: Դրանով դու կհարթես թե՜ քո և թե՜ իմ ճանապարհը:
— Լսում եմ, իշխա՜ն,— պատասխանեց Եղոն սառն կերպով:
— Ամենից առաջ դու կթունավորես Մոկաց իշխան Ատոմին, հետո` Մանաճիհր իշխանին, ապա` Գնունուն և Մանազին, իսկ վերջը Թլպաղտո բերդի իշխան Թորոսի որդուն` Ստեփանիկին…
— Ստեփանիկի՞ն… Լուսիկի նշանածին ասաց Եղոն և ուրախությունից վեր թռավ:
— Այո, Ստեփանիկին, տեսնո՞ւմ ես, ես քեզ համար էլ եմ մտածում: Սպանելով Ստեփանիկին` քո ճանապարհը կհարթվի:
— Այո, իշխա՜ն, իմ ճանապարհը կհարթվի, բայց Վահրամ իշխանը կրկին արգելք կլինի:
— Դրա մասին մի՜ մտածի:
— Ինչպե՞ս:
— Դրա և Հարպիկի հոգսը Պարակաման իշխանն է հանձն առել:
— Ինչպե՞ս, իշխա՜ն:
— Նա դրանց այնպիսի կողմեր կուղարկի, որտեղից այլևս չեն վերադառնա: Սուրը դրանց կյանքը այնպես կկարճացնե, որ իրենք հայերն էլ չեն իմանա, թե ինչպես և որտեղ ընկան դոքա: Շուտով մեր հակառակորդ իշխանները իրենց զորքերով կցրվեն երկրի զանազան կողմերը և կամ կոչնչանան պատերազմներում, կամ անհետ կկորչեն: Իրանց մասին հոգս կքաշի ինքը` Պարակաման իշխանը:
— Ես պատրաստ եմ, իշխա՜ն, կատարելու քո հրամանը, միայն հայտնիր ինձ, թե ե՞րբ և որտե՞ղ պիտի կատարել, — ասաց Եղոն:
— Իմ ձեռքով պատրաստած թույնը կստանաս ինձնից: Այդ թույնը ներգործում է դանդաղ, բայց անվրեպ մահ է պատճառում ճաշակողին: Ասեմ քեզ: Մի քանի օրից հետո Մանաճիհր իշխանի տանը հրավերք կկատարվի: Այդտեղ կլինեն Վահրամյան իշխաններից շատերը, ի միջի այլոց և այդ իշխանները: Դու պիտի թույնը թափես հենց այդ իշխանների կերակրների մեջ առանց վրիպելու, առանց մեկի կերակուրը մյուսի հետ խառնելու: Հասկանո՞ւմ ես:
— Այո, իշխա՜ն, հասկանում եմ:
— Դե գնա, նշանակած օրը արի թույնը ստանալու, իսկ մնացածը քո գործն է:
Եղոն վեր կացավ և դուրս գնաց` մի քսակ ոսկի պարգև ստանալով:
Արյան փրկանքը առաջուց ստացավ, այնպես, ինչպես Հուդան երեսուն դահեկան ստացավ յուր տիրոջը Հիսուսին մատնելու…
ԻԱ
[խմբագրել]ՍՐՏԻ ԿՍԿԻԾՆԵՐ
Լուսիկը Խենթի ձեռքով ազատվելուց հետո գտնվում էր Վահրամի պալատում, նրա դուստր Գոհարիկի հետ միասին: Երկուսը միասին ապրելով` երջանիկ էին համարում իրենց, իրար հետ խոսում, ծիծաղում էին, բայց այդ ծիծաղը, այդ ժպիտը դառն էր և կեղծ: Ինչ-որ անհայտ վիշտ, ինչ-որ անտեսանելի որդ կրծում էր երկուսի սիրտն էլ և թույլ չէր տալիս նրանցից ոչ մեկին լիասիրտ ժպտալ, ազատ ծիծաղել և ուրախանալ: Կարծես ինչ-որ ծանր, սև ճիվաղ նստել էր երկուսի սրտումն էլ և յուր անգութ ճնշումով ուզում էր թառամեցնել մատաղ կյանքերը: Եվ վարդի նորաբողբոջ կոկոնները կարծես թառամում էին, չորանում, ճլորում… Արդյոք ի՞նչն էր ճնշում մատաղ սրտերին… ի՞նչ պիտի պատահեր նրանց հետ, քանի որ նրանք ծլել էին ապրելու և աշխարհը վայելելու համար:
Ո՛հ, դառն է, խիստ դառն, երբ մատաղ սրտերից կսկիծներ են դուրս թռչում, երբ անուշահոտ վարդը դեռ չբացված սկսում է թառամել…
Բայց ի՞նչ վիշտ ունեին Գոհարիկն ու Լուսիկը: Մի՞թե նրանք վախենում էին, որ չեն արժանանա իրենց մուրազին: Ոչ. քանի որ Վահրամ իշխանը խոստանում էր նրանց շատ շուտով միացնելու իրենց սրտի սիրածների հետ: Հարպիկն ու Ստեփանիկը դեռ կենդանի էին և սրտատրոփ սպասում էին, որ ս. պսակի խորհուրդն ընդմիշտ կապեր այդ սրտերին, բայց չարաբաստիկ հանգամանքները` Անիի գրավումը, Գագիկի հեռանալը Անիից և հույների մուտք գործելը արգելք էին լինում: Սակայն սպասելը վերջ ունի, Վահրամ իշխանը վճռել էր կարճ ժամանակում պսակել դրանց և ահա այդ առթիվ էլ այսօր Մանաճիհր իշխանի մոտ հացկերույթ էր պատրաստած, ուր ներկա էին նաև Հարպիկն ու Ստեփանիկը:
Եվ ահա մինչդեռ Հարպիկն ու Ստեփանիկը Մանաճիհրի մոտ ուրախանում էին, երկու օրիորդ էլ Վահրամի պալատից դուրս էին նայում ու դիտում էին հեռուն, Անիի կանաչապատ բլուրները, ուր բնությունը ուրախ ժպտում էր և ուր թռչունները ճռվողում էին իրենց քաղցրաձայն դայլայլիկները…
Սակայն երկու օրիորդներն էլ մռայլ էին ու գունատ, երկուսն էլ` լուռ և մտահույզ:
Հեռվում բնությունը սիրուն էր և սքանչելի:
— Լուսի՜կ, ի՛նչ հրաշալի է Անին, ի՛նչ սքանչելի է բնությունը, — լռությունն ընդհատեց Գոհարիկը: Բայց Լուսիկը կարծես չլսեց: Նա դեռ գտնվում էր մի տեսակ ապշության մեջ, երբ մարդու հոգին, թողնելով իրական աշխարհը, ցնորքների մեջ է ընկնում:
— Լուսի՜կ, մի՞թե չես լսում ինձ, — կրկնեց Գոհարիկը:
— Ի՞նչ է, քույրի՜կ, — պատասխանեց Լուսիկը` դեռ ապուշ կտրած աչքերով նայելով Գոհարիկին:
— Ես ասում եմ` հրաշալի է բնությունը, սքանչելի է Անին:
— Հա, Անին սքանչելի է, ի՛նչ հոգ, էլ մերը չէ, էլ մեզ համար չէ ժպտում բնությունը, էլ մեզ համար ապաստարան չէ սիրուն Անին, ա՛խ, սիրուն Անին… ամեն բան կորավ մեզ համար:
— Ինչպե՞ս, Լուսի՜կ, ինչպե՞ս ամեն բան կորավ, դու շատ շուտ ես հուսահատվում:
— Հուսահատվո՞ւմ… բայց, քույրի՜կ, մի՞թե պետք չէ հուսահատվել, երբ մարդուն յուր ծննդավայրից են քշում:
— Մեզ ոչ ոք չի կարող քշել, զուր մի՜ հուսահատվիր, — ասաց Գոհարիկը` ինքը յուր խոսքերին չհավատալով:
— Մի՜ աշխատիր ինձ խրախուսել, Գոհարի՜կ, քանի որ քո սրտի մեջ ավելի դառն վշտեր կան, քան իմ… մի՞թե մոռանում ես հորդ, ծերունի Վահրամին, թե ինչպես նա անքուն գիշերներ է անցնում և միշտ լալիս է, լալիս է և հառաչանքներ է արձակում… Ինչի՞ համար, եթե ոչ մեր սիրուն Անիի համար, որ նենգությամբ հափշտակեցին մեզանից հույները և այդ բավական չէ, այժմ Պարակաման զորավարը ինչեր չէ անում:
— Ի՞նչ է անում:
— Նա հայ իշխաններին ցրում է զանազան կողմեր և մեր քաղաքները հույն զորքերով լցնում:
— Ճիշտ է, Լուսի՜կ, ճիշտ է, ա՛խ, արդյոք ի՞նչ պիտի լինի սրա վերջը, — ասաց Գոհարիկը` հոգոց հանելով:
— Ի՞նչ պիտի լինի… Մի՞թե պարզ չէ: Անիի մահը Հայաստանի մահն է նշանակում, կմեռնի Անին` կմեռնի և Հայաստանը:
— Բայց մի՞թե այդ չեն տեսնում մեր իշխանները:
— Ո՞վ, Վեստ Սարգի՞սը… Անիծյա՜լ լինի նա, ինքն է, որ Հայաստանի կործանման ճանապարհն է հարթում:
— Տե՛ս, տե՛ս, Լուսի՜կ, ահա կարծես Վեստ Սարգիսն է անցնում, — ասաց Գոհարիկը ցույց տալով դեպի դուրս, ուր հիրավի անցնում էր Վեստ Սարգիսը մի քանի իշխանների հետ:
— Այո, նա ինքն է, բայց ինչպե՛ս մռայլ է նրա դեմքը, սարսափելի է դեմքի արտահայտությունը… ինքը դժոխքը կսարսափի դրա դեմքից և ես դողում եմ, — ասաց Լուսիկը և հիրավի ցնցվեց:
Գոհարիկը բռնեց նրա ձեռքը և նստեցրեց գահավորակին: Հենց այդ միջոցին էր, որ նաժիշտը ներս մտավ ու հայտնեց, որ Ստեփանիկը ցանկանում է տեսնել օրիորդներին: Լուսիկի սիրտը տրոփեց: Նա ոտքի կանգնեց և ուղղվեցավ, իսկ Գոհարիկը, դիմելով նաժիշտին, հրամայեց ընդունել Ստեփանիկին:
Ստեփանիկը ներս մտավ, ողջունեց օրիորդներին ու համբուրեց նրանց ձեռքերը, ապա կանգ առավ առանց մի բառ արտասանելու: Նրա դեմքը այլայլված էր, աչքերը մի անսովոր կրակով լցված, արդյոք ի՞նչ էր նշանակում այդ: Օրիորդները երբեք նրան այդ դրության մեջ չէին տեսել:
Նրանք զարմացած իրար նայեցին:
— Նստեցեք, իշխա՜ն, — ասաց Գոհարիկը:
— Այո, պետք է նստել, հանգստանալ, ծնկներս դողում են և սիրտս… — ասաց Ստեփանիկը և նստելով գահավորակին լուռ կացավ, առանց խոսքը շարունակելու:
— Ի՞նչ է սիրտդ, իշխա՜ն, դու խրախճանքից ես գալիս, ինչպե՞ս անցրիր Մանաճիհր իշխանի մոտ, — ասաց Լուսիկը` դիմելով Ստեփանիկին և աչքը չհեռացնելով նրանից:
Նա զգում էր, որ Ստեփանիկի հետ ինչ-որ օտարոտի բան է կատարվում, բայց ի՞նչ — չէր կարողանում հասկանալ: Նրա դեմքի այլայլմունքը գինու շոգիներին էր վերագրում:
— Օ՛, օրիորդ, ուրախացանք, ուրախացանք, բայց սիրտս լաց է լինում: Մի՞թե կարող ենք մենք ուրախանալ ներկա հանգամանքներում: Մի՞թե Ստեփանիկի սիրտը կարող է ուրախանալ: Չէ՞ որ նա այժմ լալիս է, լալիս է` ո՞վ գիտե ինչի համար… ինձ անհասկանալի է, օրիո՜րդ, խրախճանքի հենց կեսից սիրտս հանկարծ տխրեց, արտասուքներն իրենք դուրս բխեցին աչքերիցս, և դառն կսկիծները անողորմ կերպով քաղեցին սիրտս, հոգիս կարծես ասելիս լիներ, թե ես պիտի մեռնեմ, թե ես այլևս չպիտի տեսնեմ իմ Լուսիկին ու շտապեցի վերջին անգամ նրան տեսնելու… ների՜ր ինձ, — ասաց Ստեփանիկը և ծունկ չոքելով օրիորդի առաջ, համբույրներով սկսեց թրջել նրա մեկնած ձեռքը:
— Ի՞նչ ես անում, իշխա՜ն, զգաստացիր, ամոթ է քեզ նման կորովի երիտասարդին մահվան վրա խոսելը:
Ստեփանիկը շառագունեց: Նա վեր թռավ տեղից և կրկին նստեց գահավորակին: Ապա լուռ գլուխը ձեռքերի մեջ առավ:
Օրիորդները շփոթված իրար էին նայում, երբ Ստեփանիկը բարձրացրեց գլուխը և ինքն էլ նայեց օրիորդներին:
Գոհարիկն ու Լուսիկը զարհուրելով նայեցին նրա երեսին:
Ստեփանիկի դեմքը մեռելի գույն էր ստացել, շրթունքները կապտել էին, իսկ աչքերը ակնակապիճներից դուրս թռել:
— Սիրտս կսկծում է, օրիո՜րդ, ես մեռնում եմ, մնա՛ս բարև, մի՞թե չես հասկանում` ի՞նչ է նշանակում սրտի կսկիծներ ունենալ… օ՛, նա սարսափելի է, զարհուրելի է… բայց Ստեփանիկը չի վախենում մահից… Լուսի՜կ, ո՞ւր ես…
Վերջին անգամ համբուրեմ… մնա՛ս բարև… ինձ մի՜ մոռանա, գերեզմանիս վրա վարդեր փռիր, խունկ ու մոմ վառի… որ անուշահոտ բուրմունք տարածվի շուրջս… ա՛ խ…
Ստեփանիկը լռեց, նա վայր պիտի ընկներ, երբ վրա հասան օրիորդները և բռնեցին նրան: Այդ ժամանակ սենյակի մեջ լցվեցան ծառաներ, Գոհարիկի մայր Շուշանը և վերջը ներս եկավ ծերունի Վահրամ իշխանը:
— Հա՜յր, օգնիր Ստեփանիկին,— ասաց Գոհարիկը դողդոջուն ձայնով:
Վահրամ իշխանը մոտեցավ Ստեփանիկին և սառած մնաց:
Նա ամեն բան հասկացավ: Ստեփանիկի բերանից փրփուր էր դուրս գալիս և աչքերը կատաղի էին:
— Հեռացեք այստեղից, — դարձավ նա օրիորդներին, իսկ ինքը ծառաների օգնությամբ պառկեցրեց Ստեփանիկին գահավորակի վրա:
— Ի՞նչ է, հա՜յր, մի՞թե նա մեռնում է, — ասաց Լուսիկը և ծունկ չոքեց Ստեփանիկի առաջ:
— Լուսի՜կ, Լուսի՜կ, հյուսիր ծաղկի պսակը, սիրուն պսակ անթառամ ծաղիկներից… օ՛, սրտիս կսկիծներ… ո՞ւր է սուրս… տվեք իմ սուրը ես մխեմ սիրտս… սարսափելի է, — կանչեց Ստեփանիկը և ուզեց ձեռքերով պատառ-պատառ անել սիրտը, ուր հրդեհը անողորմաբար լափում էր ու սոսկալի տանջանքներ պատճառում:
— Հա՜յր, աղաչում եմ, հայտնիր ինձ, ի՞նչ է պատահել նրան, մի՞թե նա պիտի մեռնի, — ասաց Լուսիկը նորից, և արտասուքները հեղեղեցին նրա աչքերից:
— Արիացիր, աղջի՜կս, տար ճակատագրի և այս դառն հարվածը, Ստեփանիկ իշխանին այլևս ոչ մի ուժ չի կարող ետ դարձնեի նա թունավորված է ամենասոսկալի թույնով:
— Թո՛ւյն, թո՛ւյն, և նա պիտի մեռնի… Ահա և իմ թույնը, որ ես պահում էի դառն օրերի համար… Ես քեզ հետ եմ, իշխա՜ն, և քեզ հետ էլ պիտի գնամ մյուս աշխարհը, ուր վշտերը չեն կրծի սիրտս, — ասաց Լուսիկը և զգեստի քղանցքներից հանելով մի սրվակ` մի վայրկյանում դատարկեց նրա միջի հեղանյութը:
Վահրամը և ներկա եղողները վրա ընկան խլելու, բայց ուշ էր: Լուսիկը դատարկ սրվակը դեն շպրտեց ու գրկեց Ստեփանիկի արդեն սառչող դիակը:
— Թաղեցեք միասին, — հանկարծ լսվեց Լուսիկի սրտակտոր ձայնը և ամենքին հեծեծացրեց: Մի քանի վայրկյան էլ և թշվառ Վահրամ իշխանի առաջ երկու անշունչ դիակներ էին տարածված…
Խեղճ ծերուկի աչքերում ցամաքել էին արտասուքները, և նա քար կտրած նայում էր դավաճանության անմեղ զոհերին…
ԻԲ
[խմբագրել]ԱՎԵՐՈՒՄ ԵՆ
Դավաճանի սիրտը դեռ չէր հագեցել: Նա դեռ ծարավի էր արյան: Հունաց աջ ձեռքը դառնալով` նա շատ հայ իշխանների մահվան պատճառ դարձավ: Շատերին թույնով սպանեց, շատերին` սրով: Նա յուր խոսքի տերն եղավ:
Սուրը և թույնը իրենց հունձն էին անում: Վեստ Սարգիսը իրենց դաշնակից Պետրոս Գետադարձ կաթողիկոսի հետ հրճվում էր և դափնիների սպասում, երբ Հայաստանի սահմաններում երևացին սելջուկյան թուրքերը: Ներքին թշնամին` յուր որդին արդեն քանդել էր և շարունակում էր քանդել Հայաստանը, հարկավոր էր նաև մի ուրիշ արտաքին թշնամի, որ Հայաստանի ավերմունքը կատարյալ լիներ, և դա էլ երևաց:
Տուղրիլը վաղուց սպասում էր հարմար րոպեի և գտավ այդ րոպեն: Նա տեսավ, որ Հայաստանը անտեր է մնացել, որ հույները միայն ճնշում են հայերին, հարստահարում խեղճ ժողովրդին առանց նրանց պաշտպանության հոգսը քաշելու, ուստի ինքն էլ ուզեց այդ համեղ պատառին մասնակից լինել:
Եվ նա յուր հրոսակները շարժեց դեպի անտեր Հայաստանը: Ավերվեց Արծն բազմամարդ ու ճոխ քաղաքը: Նրա բնակիչները, որոնք մոտ 150 000 էին, սրով կոտորվեցան և գերի տարվեցան, իսկ քաղաքի տեղը մոխրի կույտ միայն թողին: Ավերվեցին Արծկե, Սմբատաբերդ քաղաքները: Եվ հետևից միայն մոխրի կույտեր թողնելով սելջուկյան հրոսակները մոտեցան Բաբերդին…
Հեծծում էր ժողովուրդը, տանջվում, կոտորվում, բայց դավաճանի սիրտը դեռ չէր հագեցել, նա յուրայինների արյանն էր կարոտ:
Վեստ Սարգիսը մտածեց հանգամանքից օգտվել: Նա իբր հայրենիքը պաշտպանելու համար յուր զորքերով միացավ Վահրամի, նրա որդի Գրիգոր Մագիստրոսի, Լիպարիտ վրաց թագավորի, Ահարոն Վանա վերակացուի և հունաց զորքերի հետ և ճակատեցավ Բաբերդի մոտ թշնամիներին դեմ առ դեմ:
Բայց Վեստ Սարգսի միտքը ուրիշ էր: Նա չէր եկել յուր հայրենիքը պաշտպանելու, նա չէր եկել Տուղրիլի դեմ կռվելու, այլ եկել էր Վահրամի, նրա որդու` Գրիգոր Մագիստրոսի կյանքի թելը կտրելու:
Եվ դավաճանի իղձը կատարվեցավ:
Կռվի ամենատաք ժամանակ, երբ որդին ու հայրը առյուծաբար կռվում էին սելջուկյան թուրքերի դեմ, դավաճանի սուրը մխվեց Գրիգոր Մագիստրոսի կուրծքը և տեղն ու տեղը սպանեց նրան, իսկ ծերունի Վահրամը գերի ընկավ թուրքերի ձեռքը, որոնք անգթաբար տանջեցին նրան և նահատակելով դեն շպրտեցին նրա դիակը:
Սակայն ծերունու դիակը անթաղ չմնաց: Կես գիշերին մի մարդ պտրտում էր նրա դիակը և արտասուքն աչքերին մի դիակից մյուսն անցնում: Դա Խենթն էր, ծերունի հայրենասերի սիրելի Ներսեսը:
Երկար, շատ երկար Խենթը պտրտում էր իր տիրոջ դիակը և արդեն հուսահատված արցունքներ էր թափում, երբ երկնքից մի լույս շողաց ու լուսավորեց ծերունու դիակը: Խենթը դեպի լույսը դիմեց: Աստված ինքը ցույց էր տալիս դիակի տեղը: Նա առաջ գնաց և տեսավ նրան` Վահրամ իշխանին երկնքի անսպառ լույսով շրջապատված:
Խենթը ծունկ չոքեց և համբուրեց ծերունի Վահրամի սպիտակ ճակատը: Ա՛խ, կարծես նա քնած լիներ, կարծես նա դեռ կենդանի լիներ, սակայն մահաբեր սուրը մխված էր նրա կրծքի մեջ, և նա լուռ էր, նրա սիրտը էլ չէր բաբախում:
— Իշխա՜ն, քո Խենթն է, լսիր ինձ, — ասաց Խենթը և կրկին համբուրեց նրա ալեզարդ դեմքը:
Բայց իշխանը լուռ էր, նա չէր պատասխանում, իսկ երկնքի լույսը ավելի ու ավելի էր պայծառանում:
Խենթը շալակեց դիակը և տարավ հեռո՛ւ, հեռու:
Մի քանի օր էլ և ծերունի Վահրամի դիակը հողին հանձնվեցավ Մարմաշենում, ուր յոթ գիշեր շարունակ նրա գերեզմանի վրա իջնում էր երկնքի լույսը:
Այդպես են բացատրում պատմիչները, այդպես են նկարագրում հին-հին դարերի գրողները, նրանք, որոնք տեսել են Վահրամին, որոնք արժանացել են նրա սուրբ դեմքը դիտելու…
Այժմ էլ կա այդ սուրբ գերեզմանը, դա մի կարմիր, սիրուն քար է, տապան է Մարմաշեն եկեղեցու մոտ, որի հյուսիսային երեսին մի համեստ խաչ է նկարած, իսկ վրան արձանագրած. «Աստ ամփոփին նշխարք Վահրամայ իշխանաց իշխանի Հայոց Մեծաց ի ցեղէ Պահլավունի, որ նահատակեցաւ ի թուրքաց պատերազմի ի Մարմաշեն հայոց թվի ՆՇԴ» (1047 թ.):
ԻԳ
[խմբագրել]ՑԱՆԱԾԸ ՀՆՁՈՒՄ է
Ահռելի էր բնությունը…
Երկինք ու երկիր խառնվել էին իրար, իսկ գեհենը կարծես բացել էր յուր մահաշունչ բերանը և կրակե շանթեր էր արձակում չորս կողմ: Ախուրյան գետը զգույշ վշվշում էր, Ծաղկոցաձորը ծանր հեծեծում, այնինչ Անին յուր բրջերով և աշտարակներով, յուր պալատներով ու մոզաիկներով ծանր կերպով հեծեծում…
Մութը պատել էր չորս կողմը, և ոչ մի բան չէր երևում: Ամեն ինչ պատած էր անթափանցելի խավարով, միայն երբեմն փայլակների լույսից վայրկենաբար լուսավորվում էին Անիի աշտարակներն ու շրջակայքը և ապա կրկին ընկղմվում խորին խավարի մեջ, լսվում էր որոտման ահռելի դղրդյունը: Կարծես գեհենի դևերը միասին գոռալիս լինեին և կամ սանդարամետը կործանվելիս լիներ դեպի անհատակ անդունդը:
Կես գիշեր էր արդեն, երբ ահռելի որոտմունքից վեր թռավ իշխան Վեստ Սարգիսը յուր փափուկ անկողնից և վայրենաբար չորս կողմը նայեց:
Նա ոչինչ չէր հասկանում, թե ինչ է կատարվում յուր շուրջը, գիտակցությունը կարծես թե թռել էր նրանից ու տեղի տվել մի տեսակ անմիտ տենդային դրության:
Ահա մի քանի օր էր, որ նա կորցրել էր քունը և հանգստությունը: Նոր էր միայն նա աչքը խփել, երբ զարհուրելի որոտմունքը վեր թռցրեց նրան քնից:
Նա վեր թռավ և ապուշի նման կանթեղի աղոտ լույսով լուսավորված պատերին էր նայում, երբ դղրդաց երկրորդ որոտմունքը:
Վեստ Սարգիսը մեքենաբար երեսը խաչ քաշեց:
Եվ այդ առաջին անգամն էր, որ քսան տարվա ընթացքում նա երեսը խաչ էր քաշում: Արդյոք ի՞նչ էր պատահել նրա հետ: Հանկարծ նա անկողնից դուրս թռավ, գլուխը ձեռքերով ամուր բռնեց և սկսեց արագ-արագ շրջել ննջարանում: Նա այնպես ամուր էր բռնել գլուխը, կարծես այն կտրվելիս լիներ մարմնից և թռչելիս լիներ հեռո՛ւ, հեռու…
Ճիշտ որ այդպես էր: Այդ վայրկյանին նրա ուղեղը բորբոքվում էր, մազերը` փշաքաղվում, իսկ աչքերը ակնակապիճներից դուրս թռչում, և նա զգում էր, թե յուր գլուխը հիրավի ուզում է անջատվել մարմնից և փախչել հեռո՛ւ, հեռու, ո՞վ գիտե, դեպի գեհենի բոցը կամ դեպի անհատակ անդունդը, իսկ ինքը ուժ էր գործ դնում այդ գլուխը յուր մարմնի վրա պահելու:
Վեստ Սարգիսը մեռնել չէր ուզում, ուզում էր դեռ ապրել:
— Օ՛, ո ւր է գահս… արքայական գահս, ինձ խաբեցին հույները, երեխայի նման խաղացրին և այժմ ծիծաղում են վրաս, ծաղրում ինձ… և ո՞ւմ — իշխան Վեստ Սարգսին, որից դողում էր ամբողջ Հայաստանը… Օ՛, սարսափելի է, զարհուրելի է խաբված լինել, ամեն հույս կորավ, ամեն նպատակ փշրվեց, խորտակվեց ինչպես սնոտի երազ… Ի՞նչ շահեցի ես — Անիի կործանումը, Հայաստանի ավերմունքը և անթիվ զոհերի տանջանքը: Օ՛, ապերա՜խտ հույներ, տվեք ինձ իմ գահը, խոստացած գահը, թե չէ` երկինքը վկա եմ կանչում, կթափվի ձեր գլխին բարկությանս բոցը: Ինչո՞ւ սելջուկյան թուրքերի երեսից, ինչպես վախկոտ շներ, փախուստ տվիք և թողիք ինձ միայնակ: Ինձ ի՞նչ եք պատասխանում… Տվեք ինձ խոստացած գահը, որ ես հարազատներիս արյունով գնեցի… Արյո՛ւն… արյո՛ւն… Ո՛հ, սոսկալի է…
Որոտը մեկ էլ որոտաց ու դղրդյունով անցավ սենյակների միջից:
Վեստ Սարգիսը լարվեց: Մեխվածի նման կանգ առավ և դեպի յուր քնարանի մի անկյունը նայեց: Այնտեղ կարծես կանգ առավ որոտը և ինչ-որ քրթմնջյուններ հանեց: Վեստ Սարգիսը ուշադրությամբ այնտեղ նայեց և սարսափով ինչ-որ շարժուն առարկաներ նկատեց, որոնք ոչ կմախքներ էին և ոչ իսկական մարդիկ: Վեստ Սարգիսը շփեց ճակատը, աչքերն ավելի լայն բացեց, որ որոշի դրանց ինչ լինելը, և հանկարծ մազերը սկսեցին դիք-դիք կանգնել, ու մի քանի քայլ ետ-ետ գնալով զարհուրելի ձայնով կանչեց.
— Է՛յ, հեռացեք ինձանից, զուր եք գերեզմանից դուրս եկել և ձեր լալկան աչքերը բարձրացրել ինձ վրա… — Բայց Վեստ Սարգիսը զարհուրանքով նկատում էր, որ այդ շարժուն առարկաները հետզհետե ստվարանում են ու մոտենում իրեն: Ո՛ւֆ, ինչքա՛ն շատ են դրանք, և ինչքա՛ն զարհուրելի: Նրանք բոլորն էլ կրճտացնում են ատամները և մոլի հայացքներ գցում Վեստ Սարգսի վրա: Ո՛հ, սարսափելի է, սարսափելի: Եվ Վեստ Սարգիսը նկատում և ճանաչում է դրանց` այդ ուրվականներին… Այդտեղ են Մանաճիհր իշխանը, դարբին Ղևոնդը, որ յուր վայրենի աչքերով վրեժխնդրության բոցեր էր արձակում, ինչպես նաև Վահրամը, Գուրգեն իշխանը, կանայք, երեխաներ, ծերեր ու երիտասարդներ… Ա՛խ, նրանք մի ամբողջ լեգիոն են և ի՞նչ են ուզում Վեստ Սարգսից:
— Ո՜չ, Հայաստանի գահը ինձ է պատկանում: Ես ձեր ոսկորների վրա եմ շինել այդ գահը և ոչ ոք չի կարող խլել ինձանից: — Գոռում է Վեստ Սարգիսը և ետ-ետ գնում: Նա կամաց-կամաց մոտենում է պատին և կպչում նրան: Նրա շնչառությունը ծանր է, աչքերը` կատաղի, իսկ դեմքը` զարհուրելի: Հենց այդ ժամանակ թվում է նրան, որպես թե ինքը Հովհաննես-Սմբատ թագավորը, որ միաժամանակ յուր ձեռքին խաղալիք էր դարձրել, արքայական զգեստներ հագած, ձեռքը մեկնում է յուր գլխից երևակայական թագը խլելու:
Վեստ Սարգիսը ձեռքը դեպի գլուխն է տանում և ամուր բռնելով երևակայական թագը, հեգնորեն կանչում.
— Թուլասի՛րտ թագավոր, հեռո՛ւ ինձանից, հեռո՛ւ: Ինչո՞ւ դու նորից ես ձգտում այն բանին, որին արժանի չէիր: — Խոսքը կիսատ է մնում Վեստ Սարգսի բերանում:
Նա տեսնում է, թե ինչպես ամեն կողմից հարձակվում են յուր զոհերը և ուզում են խեղդել իրեն: Զարհուրած, նա աջ ու ձախ է նայում և պատից կախ սուրը տեսնելով թռչում այն կողմ, վերցնում և մերկացնելով` հարձակվում յուր զոհերի վրա: Այդ աղմուկից բացվում է Վեստ Սարգսի ննջարանի դուռը և ներս է մտնում մի մարդ ու զարհուրած կանգնում դռանը:
Վեստ Սարգիսը կայծակի արագությամբ հարձակվում է նրա վրա և սուրը մխելով նրա կուրծքը` կանչում:
— Երկրորդ անգամ մեռիր, անիծյա՜լ Հովհաննես-Սմբատ…
— Դու սպանեցիր ինձ, իշխա՜ն, անիծյալ լինիս հավիտյան, — կանչում է ընկած մարդը և վերջին շունչը փչում:
Վեստ Սարգիսը վայրկենաբար ցնցվում է, ճանաչում է այդ ձայնը: Ո՞ւմ սպանեց, Հովհաննես-Սմբատ թագավորի՞ն, թե մի ուրիշի:
Վեստ Սարգիսը նայում է յուր զոհին և սարսափում:
Նրա առաջ տարածված է յուր հավատարիմ ծառա Եղոյի արյունաթաթախ դիակը…
Երկինքը կրկին գոռաց և յուր որոտով կրկին դղրդացրեց Անիի շրջակայքը, իսկ Վեստ Սարգիսը դեռ խելագարի նման կանգնած էր Եղոյի դիակի մոտ:
ԻԴ
[խմբագրել]ԱՆԻԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ
Ծանր, արհավրալից տարիներ էին անցել:
1064 թվականն էր:
Մինչդեռ Հայաստանի բնությունը ուրախ ժպտում էր, մինչդեռ առուները ձմռան կապանքներից նոր ազատված ուրախ-ուրախ խոխոջում էին և կչկչալով երգում հին-հին դարերի վիշտն ու խինդը, ժպիտն ու արցունքը, այդ միջոցին Անին սև սուգ էր մտել և ողբում էր յուր դառն օրերը… Անին պաշարված էր:
Պաշարված էր նա Ալփասլանի վայրենի, գազանաբարո հրոսակներից, որոնց աչքերը արյունով լցված րոպե առ րոպե սպասում էին, որ ներս թափվեն քաղաք և մեծից մինչև փոքրը սրի անց կացնեն: Նրանք ծարավի էին արյան և փափագում էին տեսնել իրենց առաջ մոխիր ու հուր, այնինչ իրենց առաջ կանգուն էր դեռ Անին յուր 1001 եկեղեցիներով, բրջերով ու աշտարակներով, պալատներով ու հրաշակերտ շինվածքներով:
Դարերից ի վեր մարդկությունը արյուն քրտինք էր մտեք այդ ճոխ, հրաշակերտ շինությունները կանգնեցրել, և այժմ Ալփասլանը յուր վայրենի գնդերով կանգնած էր այդ հրաշալի քաղաքի առաջ և ցանկանում էր միայն մի քանի ժամում հայության այդ կենդանի վկաներին խորտակել, փշրել, ավերել և ջնջել աշխարհի երեսից… Ի՞նչ էր ուզում նա…
Ավերել, քանդել և կոտորել… Եվ Ալփասլանը հասկանում էր, որ գտել է ժամանակը, երբ մի հարվածով պիտի ոչնչացնի Հայաստանի երերուն ինքնուրույնությունը:
Նա գիտեր, որ Անիի վերջնական կործանմամբ պիտի կործանվի Հայաստանի հոգևարք անկախությունը, և այդ պատճառով հարվածն ուզում էր ուղղակի Հայաստանի սրտին հասցնել:
Անեցիք տխուր էին ու տրտում: Սև սուգ էին մտել նրանք, բայց և ամեն մի քաղաքացի վճռել էր մեռնել զենքը ձեռքին, յուր սիրուն Անիի հետ և նրա փլատակների տակ գտնել յուր գերեզմանը:
Եվ նրանք իրենց խոսքը կատարեցին:
Անտեր էր այդ միջոցին Անին: Չկար առաջնորդ, չկար ղեկավար: Զառամյալ, քայքայված Վեստ Սարգիս իշխանն էր, որ յուր զորքերը բախտի կամքին թողնելով ինքը ապաստանել էր միջնաբերդում: Քաղաքացիք էին, որ դեռ կռվում էին, դեռ դիմանում էին պաշարմանը:
Ալփասլանը, բավական երկար պաշարելով Անին, արդեն կամաց-կամաց յուր հույսը կտրում էր Անին վերցնելուց:
Ամեն անգամ, երբ Ալփասլանի հրոսակները գրոհ էին տալիս դեպի պարիսպները, քաղաքացիք մեծ արիությամբ ետ էին մղում նրանց և Ալփասլանի հրոսակների մեջ մեծ կոտորած անում:
Հուսահատվում էր Ալփասլանը, հուսահատվում և կատաղությունից շրթունքները կրծոտում: Բայց նախանձելի չէր և անեցվոց վիճակը:
Դեռ Ալփասլանի պաշարումից առաջ հույները Անիից փախուստ էին տվել և քաղաքը թողել բախտի կամքին:
Իսկ քաղաքացիք մինչև ե՞րբ պիտի կարողանային պաշտպանվել, քանի որ չկային իրենց սիրելի թագավորը` Գագիկը, հայրենասեր Վահրամյանները, սիրելի և նվիրված ազնիվ նախարարներն ու իշխանները… Մինչդեռ պարիսպներին արդեն վաղուց զարկվում էին թշնամիներից արձակված բաբանների ահագին քարերը, զարկվում էին պատերին և տեղ-տեղ ճաքեցնում հսկա պարիսպները…
Հանկարծ սարսափելի լուրը ցնցեց անեցիներին:
Նրանք իմացան, որ Անիի պարիսպներից մեկը կործանվել է և այնտեղից ուզում է ներս խուժել թշնամին:
«Տե՛ր, փրկիր մեզ, մի՜ թողնի մեզ կորչելու», — կանչեցին քաղաքացիք և գրոհ տվին դեպի կործանված պարիսպը: Թշնամին չդիմացավ այդ բուռն հոսանքին, ուր հուսահատությունը և վրեժխնդրությունը իրար խառնված` հրաշքներ էր գործում:
Եվ Ալփասլանը ետ նահանջեց կործանված պարիսպի տակից: Նա հասկացավ, որ յուր բանը չէ Անին առնելը:
Փոքրիկ բերդապահ գունդը և քաղաքացիք փլված պարիսպի մոտի կռվից նոր էին վերադառնում, երբ քաղաքի փողոցներից մինում երևաց մեզ ծանոթ Խենթը:
Նրա աչքերը կատաղի էին, մազերը` ցրված, դեմքը` այլայլված և շորերը` պատառոտված: Նա ձեռքին մի մերկ սուր ուներ, որից կաթում էր արյունը:
Քաղաքացիներից մեկը, նկատելով նրան, հարցրեց.
— Հը՛, Խե՜նթ, ի՞նչ բանի ես:
— Ինչ բանի որ դուք եք, — պատասխանեց Խենթը լրջմտությամբ և սրի վրայից արյունը սրբելով, սուրը պատյանը դրեց:
— Շատ մարդ կոտորեցի՞ր, — հարցրեց նույնը:
— Շա՛տ, բայց մեկը պակաս:
— Ինչպե՞ս թե մեկը պակաս: Խե՜նթ, դու կրկին սկսեցիր քո խենթությունները:
— Խենթը յուր խենթությունը կանե, բայց ես մեկով պակաս սպանեցի: Շուտով ամեն բանի վերջ կլինի, բաժակը լցված է, համբերությունը` հատած:
— Ինչպե՞ս, Խե՜նթ, ես ոչինչ չեմ հասկանում, — ասաց խոսակիցը և Խենթին առանձնացնելով` հարցական կերպով նրա երեսին նայեց:
— Լույսի նման պարզ է, որ շուտով Անին կկործանվի, բայց Անիի կործանումով նա էլ կկործանվի, նա չի մնա:
— Ո՞վ, Խե՜նթ, ո՞վ չի մնա:
— Իշխանը, մատնիչ իշխանը:
— Վեստ Սարգի՞սը… բայց նա ինչո՞վ է մեղավոր:
— Հը՛մ… ինչո՞վ է մեղավոր… մի՞թե ձեզ հայտնի չէ, որ նա եղավ Անիի կործանման պատճառը: Մի՞թե չգիտեք, որ նա հանձնեց Անին հույներին, իսկ այժմ էլ բանակցում է Ալփասլանի հետ, որ քաղաքը մատնությամբ նրան հանձնի, եթե թույլ տա իրեն Անիից կենդանի հեռանալ:
— Մի՞թե այդ ճշմարիտ է, Խե՜նթ, բայց դա սարսափելի է, մենք կկործանվենք:
— Ինքն էլ մեզ հետ,— պատասխանեց Խենթը և նրա աչքերից կայծակներ թռան:
— Ինչպե՞ս, դու մտադիր ես նրան սպանե՞լ:
— Անպատճառ: Նա այս բազկից կստանա յուր մահը, — ասաց Խենթը և մտամոլոր առաջ անցավ:
Խոսակիցը երկար նայեց նրա ետևից և ապա, գլուխն օրորելով, մրմնջաց.
— Արժանի է… Շան պես պիտի սատակի դավաճանը:
Այս խոսակցությունից անցել էր մի քանի օր: Մութ գիշեր էր, ոչինչ չէր երևում: Անիի շուրջը միայն առկայծում էին մի քանի լույսեր: Նիրհում էր Ալփասլանի բանակը և այնտեղ ո՜չ մի շարժում, ո՜չ մի շշունջ չկար: Միայն պահապանները լուռ հսկում էին բանակը, երբ մի տեսակ աղիողորմ ձայն հասավ նրանց ականջին:
Նրանք դեպի Անին նայեցին, ուր խավար էր տիրում և որտեղից լսվում էին հուսահատության աղաղակ, լացի ու կոծի ձայներ: Արդյոք ի՞նչ էր պատահել անեցիների հետ: Ինչո՞ւ նրանք ողբում են ու լալիս, քանի որ իրենք, հուսահատված անեցիների համառ դիմադրությունից, վճռել էին թողնել Անին և հեռանալ այդտեղից:
Լուրը հասցրին Ալփասլանին: Նա լրտեսներ ուղարկեց եղելությունն իմանալու, որոնք լուր բերին, թե Անիի աշտարակների վրա այլևս պահապաններ չեն երևում և թե պահապան զորքը քաշվել է միջնաբերդը թողնելով քաղաքացվոց անպաշտպան դրության մեջ:
Ալփասլանը հենց այդ բանին էր սպասում: Շուտով նա հրաման տվեց յուր գնդերին պատրաստվելու և հարձակվելու անպաշտպան քաղաքի վրա:
Մի րոպեում փողերի ձայնը, զորականների գոռում-գոչյունը դղրդացրեց Անիի շրջակայքի լռությունը և անեցիների մարմնով սարսուռ տարածեց: Անեցիները լսեցին այդ գոռ ձայնը և լացի ու հեծկլտանքի ձայները ավելի ուժեղացրին: Լալիս էին երեխաներ, ծերեր ու պատանիներ և իրենց աղաչավոր ձեռքերը երկինք բարձրացնում:
Դժոխային, սիրտ կտրատող ձայներ էին տարածվում Անիի միջից, երբ Ալփասլանի հրոսակները ներս խուժեցին քաղաք և սկսեցին կոտորածը, արյունալի, զարհուրելի կոտորածը…
Կոտորում էին երեխաներին, ծերերին ու պատանիներին, իսկ շատերին ձգում էին ահռելի բարձրություններից դեպի Ախուրյանի սուր-սուր ժայռերը, ուր նրանց գլուխները դիպչելով քարերին` ցրվում էր ուղեղը և շուրջը արյունով ներկում: Հանկարծ Անիի զանազան անկյուններից սկսեցին կրակե լեզուներ երևալ, որոնք հետզհետե սաստկանալով սկսեցին լափել հրաշակերտ շինությունները և լուսավորել արյունալի տեսարանը: Գեհենի դևերի նման մերկ սրերը ձեռքներին, աչքները արյունով լի, Ալփասլանի հրոսակներն անխնա ջարդում ու կոտորում էին անեցիներին, իսկ կրակը լափում էր շինությունները:
Չկար փրկություն, չկար ազատվելու հնար:
Խելագարների նման կանայք, երեխաներ, մեծ թե փոքր վազում էին Անիի փողոցներով, բայց ամեն տեղ իրենց մահն էին գտնում: Փողոցներում առվի պես վազում էր արյունը և ցած վազելով ներկում էր Ախուրյանի ջրերը: Արյուն էր կտրել Անին, դիակներով լցվել Ծաղկոցաձորը, իսկ գետը կարմրատակել: Ամեն կողմը դիակներ, ամեն կողմ սուր ու կրակ: Հանկարծ Անիի միջնաբերդի դռները ջարդ ու փշուր եղան և այնտեղ սկսվեցավ սոսկալի կռիվը:
— Խնայեցե՛ք, — կանչում էին շատերը ծունկ չոքած իրենց դահիճների առաջ և գրկած անմեղ մանուկներին, սակայն դահիճները դուրս էին կորզում մայրերի ձեռքից երեխաներին, պատերին էին զարկում նրանց և իրենց սրերն ու տեգերը կոխում մայրերի սիրտը…
Սոսկալի և զարհուրելի էր տեսարանը:
Բոցերը ճարճատում էին, աշտարակներն ու բրջերը կործանվում և իրենց փլատակների տակ թաղում հարյուրավոր մարդկանց:
Այդ կոտորածի ժամանակ էր, որ մի մարդ մերկ սուրը ձեռքին առաջ էր վազում: Նա չէր նայում ոչ յուր ոտքերի տակ հառաչող դիակներին, ոչ աշտարակների փլվելուն և ոչ վայրենի աղաղակներին, այլ դիակից դիակ թռչելով անցնում էր դեպի միջնաբերդը, ուր կռիվը շատ տաք կերպարանք էր առել:
Այդ մարդը զարհուրելի էր: Մի քանի թուրքեր առաջ ընկան սպանելու դրան, սակայն իրենք արյունաթաթախ վայր գլորվեցան: Այդ մարդը առաջ անցավ և տեսավ մի խումբ հայ զինվորներ, որոնք շրջապատել էին ինչ-որ իշխանի և ամեն կերպ աշխատում էին խույս տալ կռվի դաշտից:
Նա մոտեցավ այդ փոքրիկ խմբին և զարհուրելի կերպով գոռաց.
— Իշխա՜ն Վեստ Սարգիս, նայի՜ր ինձ…
Իշխանը նայեց նրան և սարսափեց: Նրա առաջ կանգնած էր Խենթը, որ յուր մոլի հայացքը ուղղելով` արագությամբ մոտենում էր իրեն:
— Վատ և անարգ մարդ, ո՞ւր ես փախչում… սրանք բոլորը քո զոհերն են, տես և կշտացիր, — ասաց Խենթը և մի թռիչք գործեց դեպի Վեստ Սարգիսը, որը քարացածի նման դեռ կանգնած էր միևնույն տեղում:
Խենթի շարժումը նկատելով` երկու զինվոր առաջը կտրեցին, սակայն Խենթը այնպես օրորեց սուրը նրանց վրա, որ նրանք ետ-ետ գնացին, իսկ ինքը առաջ ցատկեց և յուր սուրը այնպիսի ուժգնությամբ մխեց Վեստ Սարգսի սիրտը, որ սրի ծայրը մեջքից երևեցավ: Վեստ Սարգիսն ընկավ և մահու տագնապի մեջ էր, երբ ամեն կողմից երևեցան Ալփասլանի հրոսակները և շրջապատեցին Խենթին: Խենթը վայրենի կերպով մռնչաց, վեր թռավ Վեստ Սարգսի դիակից և կուրծքը բանալով կանչեց.
— Շունը սատկեց, այժմ կարող եք…
Խոսքը կիսատ մնաց Խենթի բերանում, երբ մի քանի տեգեր մխվեցան նրա կուրծքը, և նա վայր գլորվեց:
Այդ ժամանակ մոտակա աշտարակը փլվեց ահագին դղրդյունով և ամեն ինչ ծածկեց փոշու ու քարերի կույտի տակ:
Երկար ժամանակ էլ ոչինչ չէր երևում…
ԻԵ
[խմբագրել]ԴԱՐԵՐԻՑ ՀԵՏՈ
Ապառաժ և քարքարոտ տեղ…
Երկու կողմից ձոր, մինը ծաղիկներով զարդարված, բայց քարերի կույտերով լի, իսկ մյուսը` խոր, ահռելի, ուր հանդարտիկ սողում է գետը և քերում ժայռերի ստորոտները: Ձորերի գլխին, վերևում, մի տափարակ հարթ տարածություն` ուր տեղ-տեղ հին-հին դամբարանների նման, սփռված են ավերակ պարիսպների ու վիթխարի շինությունների բեկորներ, որոնք սարսուռ են ազդում մարդու սրտին: Այդ ավերակ պարիսպների, բրջերի և աշտարակների մեջ տեղ-տեղ թափված են ավերակների կույտեր, իսկ տեղ-տեղ բուսել են կանաչ խոտ և տատասկ:
Լուսին է: Նա առատապես սփռում է յուր դժգույն ու սառը ճառագայթները և երևացնում կիսակործան ավերակները: Հանդարտիկ քամին հեռվից ղողանջում է, գալիս է համբուրվում ավերակների հետ, քնքշաբար օրորում ավերակների մոտի խոտերն ու փշերը և ապա, հանկարծ, խելագարի նման ուժգին շառաչելով, մի զարհուրելի հառաչանք է հանում և կորչում հեռո՛ւ-հեռու…
Ինչի՞ց վախեցավ նա, ինչի՞ց սարսափեց — հայտնի չէ, միայն թե քամին ավերակների հետ գրկվելուց հետո հառաչեց ու փախավ: Նա դրանց այդպես չէր տեսել. նա դրանց հետ այդպես չէր գրկվել: Նա տեսել էր դրանց շեն ու պայծառ, սիրուն ու կոկիկ, իսկ այժմ ինչի՞ն էր հանդիպում… Քամին գալիս է, քամին լալիս է ու գնում, ոչ ոք նրա հետ խոսող չկա, ոչ ոք պատասխան տվող չկա:
Այդտեղ խորին, սարսափեցնող լռություն է տիրում: Գերեզմանական անդորր լռության է նման դա, ուր վիթխարի բրջերի մեջ ոչ մի շշունջ չի լսվում, ոչ մի ձայն չէ հնչում: Ամեն ինչ մեռած է ու անշարժ, լուռ ու անխոս: Խոսում է միայն քամին և այն էլ հառաչում, իսկ ձորերի մեջ հոսող գետը լուռ հեծկլտում: Եվ քամու այդ հառաչանքի ու գետի հեծկլտանքի հետ միասին երբեմն-երբեմն լսվում է բուի չարագուշակ ձայնը, որ յուր վույվույոցով սարսռեցնում է ավերակներն անգամ…
Անցել են դարեր, և այդ պատկերը կա ու մնում է: Բայց առաջ այդպես չէր: Առաջ այդտեղ եռում էր կյանքը, բաբախում էին սրտեր, իսկ այժմ լուռ է և անշարժ:
Հանկարծ այդ ամայի և վայրենի տեղում, ավերակների վրա երևաց մարդկային մի արարած: Նա գլխին սաղավարտ ուներ, մեջքից` սուրը կախ: Գլխիկոր առաջ էր գալիս նա` կոխկրտելով ավերակների բեկորները և շտապ-շտապ ոտքը փոխում մի ավերակից մյուսը: Կարծես նրա ոտքերի տակ սառը ավերակների կույտեր չլինեին, այլ շիկացած կրակներ կամ ահագին անդունդներ, որ նա այդպես աշխատում էր ոտքը շուտ հեռացնելու գետնից:
Ո՞վ էր այդ մարդը, ի՞նչ էր շինում մեջ գիշերին այդ ամայի ավերակների մեջ, ուր մարդկային արարածը ցերեկն անգամ չի համարձակվում ոտք դնելու. հայտնի չէր:
Միայն գիշերային այցելուի դեմքը դժգույն էր, խիստ դժգույն և նրա նիհար, թուխ դեմքին արտացոլվում էր տանջանքի ու հուսահատության խոր դրոշմներ…
Այդ մարդը, ինչպես երևում էր, տանջվում էր բուռն, ահավոր տանջանքով, և ծանր վիշտը կրծում էր նրա սիրտը:
Եվ դարերից ի վեր կարծես նա դատապարտված էր տանջվելու, չարչարվելու, մի րոպե, մի վայրկյան անգամ միջոց չունենալով հանգստացնելու յուր խոնջացած անդամները…
Զարհուրելի էր այդ մարդու տանջանքը: Ամեն տեղ, ուր ոտք էր կոխում, օձերը բարձրացնում էին գլուխները և հառելով իրենց ցուրտ, մագնիսական հայացքները, սարսափեցնում էին այդ մարդուն: Նա վազում էր առաջ, շտապում, բայց ամեն տեղ, ամեն անկյունում օձերը հալածում էին ու սարսռեցնում նրան: Հուսահատությունից նա ատամները կրճտացնում էր, կանգնում մի բեկորի վրա մի րոպե, մի վայրկյան միայն և սիրտ կտրատող ձայնով կանչում.
— Օ՛հ, սարսափելի՛ է… սարսափելի՛…
Բայց հենց որ նա այդ խոսքերն էր ասում, ավերակները կարծես տեղահան էին լինում, շարժվում, լեզու առնում և ամեն մի քարի, ամեն մի ավերակի տակից կանչում.
— Տանջվիր հավիտյան, ստո՜ր դավաճան, որ մեր կործանման պատճառ եղար:
Գիշերային այցելուն լսում է այդ խոսքերը և նրա մազերը փշաքաղվում են ու նա խելագարի նման առաջ է վազում…
Դեպի ո՞ւր, ինքն էլ չգիտե, սակայն որքան նա վազում է, այդ ավերակներից դուրս գալ չի կարողանում…
Այդ տենդային փախուստի ժամանակ հանկարծ նա կանգ է առնում և հեռուն դիտում:
Այնտեղ` կիսակործան տաճարի առաջ, այնտեղ, ուր օծվել էր պատանի Գագիկ հայոց թագավորը, երևում է մի ուրիշ մարդ, ծունկ չոքած մի կույտ մոխրի առաջ ետ է քանդում մոխիրը և մոխրի տակ մնացած վերջին կայծը շիկացնում: Ի՞նչ է անում նա և ինչո՞ւ կրակը ավելի է բորբոքեցնում, չէ որ առանց այն էլ ավերակների քարերը տաք են և գիշերային այցելուի ոտքերն են այրում:
— Է՛յ, հեռացիր այստեղից, հեռացիր, — կանչում է գիշերային այցելուն և սուրը պատյանից հանում:
Նրա ձայնը դղրդում է ավերակների մեջ և թնդյուններ հանում:
Լսում է նրա ձայնը եկեղեցու մոտ ծունկ չոքած մարդը և ցնցվում: Նա նայում է դեպի ձայնը, և երկուսի հայացքները հանդիպում են իրար:
Զարհուրանքի, վրեժխնդրության մոլի կրակներ են ցայտում երկուսի աչքերից էլ:
— Խենթն է, — զարհուրելով կանչում է գիշերային այցելուն և նրա մարմինը ցնցվում է:
Հանկարծ ծունկ չոքած մարդը վեր է թռչում տեղից, ինքն էլ սուրը մերկացնում ու գոռում.
— Ա՛… Վե՜ստ Սարգիս, արյա՜ն թագավոր, ողջո՛ւյն քեզ, — ասում է Խենթը և վազում դեպի նա:
Երկուսի սրերն էլ մխվում են իրար, կոփվում, զարկվում և լուսնի թույլ ճառագայթների տակ կայծակներ հանում:
Նրանք կռվում են անվերջ և ոչ մեկը չի կարողանում հաղթել մյուսին: Երբեմն-երբեմն նրանք կանգ են առնում շունչները ետ բերելու, ապա գոռում զարհուրելի ձայնով և կրկին իրար վրա վազում…
Ի՞նչ կլինի վերջը, ո՞վ պիտի հաղթական դուրս գա — հայտնի չէ, միայն թե նրանք կռվում են, կռվում են անվերջ, մինչև որ առավոտվա կենարար անդրանիկ լույսի հետ չքանում են երկուսն էլ: Բայց հենց որ գիշեր է լինում, հենց որ մութը պատում է գետինը, նրանք դարձյալ հանդիպում են իրար և շարունակում իրենց անվերջ կռիվը… Դարեր են անցել, նրանք դեռ կռվում են անվերջ և ոչ մեկը նրանցից հաղթական չի դուրս եկել…
Ի՞նչ կլինի վերջը, այդ աստված միայն գիտե…
ԻԶ
[խմբագրել]ՎԵՐՋԱԲԱՆ
Ալփասլանի ձեռքով Անիի կործանումից հետո Հայաստանը կորցրեց յուր անկախությունը և ընկավ սելջուկյան թուրքերի տիրապետության ներքո: Հույները, որ կարճ միջոցում հայոց թագավորությանը կործանել էին և գրավել այն, շատ կարճ ժամանակ վայելեցին իրենց հաջողության պտուղը և տեղի տալով սելջուկյան թուրքերին, իրենք ևս տուժեցին, կորցնելով նախ արևմտյան նահանգները, իսկ վերջը և իրենց անկախությունը: Տարաբախտ Գագիկը, որ դավաճանության պատճառով կորցրել էր յուր թագավորությունը, երկար ժամանակ Կապադովկիայում թափառեց, որպեսզի մի հնար գտնի նորից ձեռք ձգել յուր թագավորությունը, սակայն ոչ մի բան չկարողանալով, հուսահատությունից տանջվում էր և ականատես լինում այն նախատինքներին, որ հույները թափում էին յուր հայրենակիցների գլխին: Բայց Գագիկի համբերության բաժակը լցվեց և նա յուր վրեժը Կեսարիայի Մարկոս մետրոպոլիտից հանեց: Այս հայատյաց եկեղեցականը Գագիկին ավելի նախատելու համար յուր շան անունը «Արմեն» էր դրել:
Գագիկը, երբ իմացավ այդ, գնաց այդ մետրոպոլիտի մոտ, կանչեց շանը և երկուսին էլ մի պարկի մեջ կապելով այնքան ծեծել տվեց շանը պարկի մեջ, մինչև որ անասունը կատաղեցավ ու կծելով սպանեց տիրոջը:
Այդ լուրը հույների ականջն ընկավ և նրանցից երեք եղբայրներ` Մանտալյանք, դավաճանությամբ բռնելով Գագիկին, Կիզիստրիայի բերդի վրա կախեցին (1079):
Այդպիսի եղերական վախճան ունեցավ Բագրատունյաց վերջին թագավորը, որ զոհ էր գնացել խորամանկության:
Գագիկը ամուսնացած էր Սեբաստիայի Դավիթ թագավորի դստեր հետ և ուներ երկու որդի` Հովհաննես և Դավիթ անուններով: Սրանք էլ մեկը մյուսից հետո թունավորվելով մեռան և իրենց հետ թաղեցին Բագրատունյաց տոհմը:
Իսկ Անի քաղաքը, Ալփասլանի ձեռքով կործանվելուց հետո, դատարկվելով` մոտ 300 տարի խաղալիք դարձավ այլևայլ կուսակցությանց, որոնք հետզհետե առնում էին ու տալիս իրարու, մինչև որ ԺԴ դարում մի զորեղ երկրաշարժ վերջ դրեց նրա տանջալից կյանքին:
Այդ միջոցին, էլ կենդանի չէին նրանք, որոնք Հայաստանի կործանմանը նպաստեցին:
Նրանցից մեկը` Վեստ Սարգիսը, ինչպես հայտնի է, ստացավ յուր արժանավոր հատուցումը` գահի փոխարեն հոգեկան տանջանք, իսկ Կիրակոս քահանան, որ ոսկիները ստանալուց հետո անհետ կորավ, նրա անարժան մարմինը դեն շպրտեց հայրենի հողը յուր գրկից և գազանների կերակուր արավ:
Հարպիկն էլ, Հաբելի որդին, որ մինչև խոր ծերության հասնելը, ապրում էր մթին լեռներում, հայրենի Արղնո բերդում` յուր գրկին ունենալով Վահրամի դուստր Գոհարիկին:
Լեռների ավազակը արդեն որդիք ուներ, որոնք մեծանալով մթին լեռների վայրենի ծերպերում, կամաց-կամաց ուշքի էին գալիս, իրենց չարն ու բարին իմանում և իրենց ծնողաց շնչով սնվում…
Այդ շնչի մեջ կար հայրենիքի սեր և վրեժխնդրության սոսկալի բոց. իսկ այդ բոցին ավելի փչում և սաստկացնում էր Հարպիկի եղբայրը` չարաբաստիկ անցքերի ականատես վշտաբեկ Լևոնիկը…