Jump to content

Անկեղծ խոստովանություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անկեղծ խոստովանություն
Անկեղծ խոստովանություն

Սրբարանի անկյունում
Նստած էր քավողը մեղքի,
Եվ միջնորդը մարդկության
Հետ աթոռույն երկնքի:
Նա էր արդեն ալևոր
Վարդապետ մի վանական,
Որ զոհել էր չար աշխարհ
Երկնքի արքայության:
Նորա առջև չոքած էր
Մանկահասակ մի տիկին
Եվ տալիս էր համարը
Դեռ նոր գործած յուր մեղքին.
— Մի քանի օրով առաջ`
Մեր դրացի Բարբարան
Բերավ իմ բարկությունը,
Հայհոյեցի ես նորան:
Երբ որ անցավ բարկությունս
Ես շատ ու շատ զղջացի,
Եվ գնացի նորա մոտ,
Ներողություն խնդրեցի:
―Օրհնյալ լինես, իմ դուստր,
Րաբբին տվեց պատասխան,
Այդպես պետք էր կատարել
Քեզ աստուծո հրաման:
―Միայն ասա ՜, թե էլ ի նչ
Մեղքեր գործել ես, տիկին,
Որ քեզ ես տամ թողություն,
Աղտից սրբվի քո հոգին:
Քաջալերված այդ հուսով,
Սրբախնդիր մեր տիկին,
Հառաջ տարավ խոստովանք,
Ունկն դնե րաբբին՝ —
―Հախճապակյա մի գավաթ
Գնել էր իմ ամուսին,
Չինեական գեղեցիկ
Գործ էր այն թանկ կարասին:
Մի օր անզգույշ կերպով
Նորան դիպա, կոտրեցի,
Երբ այրիկս հարց արավ,
Կատուն կոտրեց, ասացի:
Նա բարկացավ խիստ սաստիկ
Եվ պատժեց խղճիկ կատուն,
Զի նորա մեջ յուր սուրճը
Խմում էր ամեն առավտուն:
Բայց ինձ խիղճս տանջում է,
Որ կատուն իմ պատճառավ,
Թեև ոչինչ մեղ չուներ,
Այնպես սաստիկ ծեծ կերավ:
Տիկինը շատ այդպիսի
Մեղքեր ծանր և թեթև,
Անկեղծորեն, պարզաբար
Թափում էր սուրբ հոր առջև:
Բայց գործել էր մի այլ մեղք,
Խոստովանելն էր դժվարին,
Զի պատկառանք և ամոթ
Կապ էին դրած լեզվին:
— Ասա՜, դուստր, թե այլևս
Փորձել է քեզ սատանան,
Զի ձեր բոլոր գաղտնիքը
Պետք է գիտենա քահանան:
Իսկ մեր տիկնոջ ամոթխած
Դեմքը փոխվեցավ իսկույն,
Նորա ճերմակ թըշերը
Կարմիր ներկեց վարդի գույն:
Բայց ուժգին էր նորա մեջ
Կրոնքի եռանդը մոլի.
Քան թե ամոթխածության
Պատկառանքը գովելի:
Այդ պատճառավ նա թափեց
Գաղտնիքն յուր հոգուն,
Որո հետ խիստ կապակից էր
Հիշատակն անցելույն:
Երբ որ սիրո կախարդը
Դեռ նոր թովել էր նորան,
Վրդովելով կուսական
Անմեղ սրտիկն աղջկան...
— Դեռ ես ազապ, նորահաս,
Աղջիկ էի իմ հոր տընում,
Մեր դրացի Իվանեն
Խելքս, միտքս կր իմ տանում:
Նա սիրում էր ինձ, հայր սուրբ,
Ախտաբորբոք, ջերմ սիրով,
Մեր երկուսիս սրտերը
Կապված էր պինդ կապերով:
Ուղիղն ասեմ ձեզ, հայր սուրբ,
(Զի աստուծից չէ թաքուն)
Մինչև այսօր նորա սեր
Միշտ վառվում է իմ հոգում:
Նա է մի սիրուն տղա,
Սիրո՛ւն, որպես հրեշտակ,
Թեև աղքատ ծնողաց
Է չքավոր, խեղճ զավակ:
Եվ մենք աստուծո առջև
Ուխտ էինք դրած երկուքով,
Մեր սերն ամուսնության
Կապել ոսկի պսակով:
Բայց իմ լացն ու արտասուք
Անցան իզուր, անօգուտ,
Չըկարացին մեղմացնել
Ծնողացա սիրտն անգութ:
Նոքա սրտիս սիրական
Իվանեից զրկեցին
Եվ ինձ հարուստ, ծերունի,
Քոռ-Գևոյին տվեցին:
Մինչև այսօր Քոռ-Գևոն
Ինձ թվում է որպես դև,
Իվանեի սերը քաղցր,
Պաշտելի է իմ առջև:
Քանի այդ բռնակալն
Եղավ խեղճիս ամուսին,
Էլ չըտեսա ես նորան —
Իմ ցանկալի հին փեսին:
Այդ նախանձոտ ծերուկն
Ինձ պահում է վանդակում,
Նա դահի՛ճ է, գութ չունի,
Ինձ այրում է և մրկում:
Ես էլ նորան գինու մեջ
Թմրեցուցիչ տըվի դեղ,
Նա թուլացավ և մնաց,
Որպես մեռյալ տեղն ու տեղ:
Գիշերային խոր պահուն
Ես դուրս եկա մեր այգին,
Այնտեղ ինձ սպասում էր
Իմ սիրելին թանկագին:
Ավելորդ է մանրամասն
Պատմել ձեղ, հայր պատվական,
Դուք ինքներդ լավ գիտեք,
Թուլությունքն ամեն կնկան...
Ես ձեզ բոլորը ճիշտ, անկեղծ
Խոստովան եղա պարզաբար,
Ինչ ապաշխարանք ինձ վերա
Կըդնեք, դուք եք խաբար:
Միայն խնդրում եմ, հայր սուրբ,
Այդ ինձ համար չէ թեթև...
Մի՜ պատվիրեք Իվանեին
Չսրել այսուհետև: