Անհասկանալի օրերի միջից ես ինձ գտնում եմ
հոգսով ծանրաբեռ, հոգով վիրավոր, խաբված ամենքից
ու կարոտում եմ
հեռու եզերքի, հեռու օրերի, մանկությանս, ինձ։
Ներել չեմ ուզում, ներվել չեմ ուզում, ուզում եմ հալվել,
անձանձիր հողի լռության մեջ խոր մերվել եմ ուզում,
ուզում եմ ձուլվել
հոգնած գետերի հանդարտությանը խորունկ, անհուզում։
Եվ աղջիկներին, որ ցույց են տալիս իբրեւ սիրում են,
ցավալի խոսքեր ասելու համար ես էլ ուժ չունեմ,
ես ինձ ցրում եմ
գիշերների մեջ, լույսի շուրթերին դանդաղ հալչում եմ։
Իսկ օրն իր համար ոչ թե՝ իմ ու քեզ, եկել գնում է,
ոչինչ չի բերել, սակայն տանում է իր հետ ամեն ինչ,
կյանքս դառնում է
կորած նժույգին որոնող-կանչող մանկան շաղոտ ճիչ։
Անհասկանալի օրերի միջից ես ինձ գտնում եմ
հոգսով ծանրաբեռ, հոգով վիրավոր, խաբված ամենքից
ու կարոտում եմ
հեռու եզերքի, հեռու օրերի, մանկությանս, ինձ։