Անհարկի պարտավորություններ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անհարկի պարտավորություններ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում

Արա Պապյան

Իշխանությունն ու իշխանամերձ շրջանակներն անընդհատ պնդում են, որ չարաբաստիկ զույգ արձանագրությունների մեջ ոչինչ չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Իրականության մեջ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շահերն են այնտեղ շոշափվում, այլև Հայաստանի Հանրապետությունը ԼՂՀ առնչությամբ ստանձնում է ուղղակի պարտավորություն:

Եկեք մասնագիտական հայացքով վերլուծության ենթարկենք Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության ընդամենը մեկ պարբերություն և բացահայտենք ճշմարտությունը: Նշյալ արձանագրության երրորդ կետը, ըստ ՀՀ ԱԳՆ թարգմանության՝ ամրագրում է հետևյալը.

Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ և բազմակողմ պարտավորությունները:

Անգլերեն բնագիրը հետևյալն է.

Reconfirming their commitment, in their bilateral and international relations, to respect and ensure respect for the principles equality, sovereignty, non intervention in internal affairs of other states, territorial integrity and inviolability of frontiers.

ՀՀ արտգործնախարարության ներկայացրած թարգմանության և անգլերեն բնագրի մեջ կա 4 էական տարբերություն, որոնք ոչ միայն աղճատել են բուն միտքը, այլև էականորեն թյուր կերպով են ներկայացրել ՀՀ ստանձնելիք պարտավորությունը: Նախ ճիշտ թարգմանությունը, ապաև մեկնաբանությունը.

Վերահաստատելով իրենց երկկողմ և միջազգային հարաբերություններում իրավահավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու և հարգանքն ապահովելու պարտավորությունը:

Նախ՝ ոչ էական սխալի մասին: Բնագրում եղած equality բառը, քանի որ խոսքը միջազգային իրավունքի սկզբունքների մասին է, պետք է թարգմանել իրավահավասարություն, ոչ թե՝ հավասարություն:

Բնագրում թվարկված սկզբունքները «հարգելու» (to respect) պարտավորությունից բացի կա նաև «հարգանքն ապահովելու» (to ensure respect) պարտավորություն, որը չկա հայերեն թարգմանության մեջ: Սա հավելյալ պարտավորություն է: Այն դյուրությամբ կարող է մեկնաբանվել որպես ԼՂՀ-ին՝ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունն և սահմանների անխախտելիությունն» հարգել տալու Հայաստանի Հանրապետության պարտավորություն:

Բնագրում խոսքը ոչ թե «իրենց երկկողմ և բազմակողմ պարտավորությունների» մասին է, ինչպես ներկայացված է թարգմանության մեջ, այլ «երկկողմ և միջազգային հարաբերություններում իրենց ունեցած» պարտավորության: Այսինքն՝ խոսքը ոչ միայն հայ-թուրքական երկկողմ հարաբերություններում ստանձնվող պարտավորության, այլև ցանկացած այլ երկկողմ հարաբերություններում «տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու» և, առանձնահատուկ ուզում եմ շեշտել, «հարգանքն ապահովելու» ՀՀ պարտավորության մասին է: Սա խոսում է նախորդ կետում արտահայտած ցավալի եզրակացության օգտին:

Բնագրում «հարգելու և հարգանքն ապահովելու պարտավորությունը» ընկալվում է որպես մեկ միասնական պարտավորություն, ուստի պարտավորություն (commitment) բառը եզակի թվով է, այլ ոչ թե պարտավորություններ, ինչպես ներկայացված հայերեն թարգմանության մեջ է:

Այսինքն՝ վերոհիշյալ արձանագրության երրորդ կետով Հայաստանի Հանրապետությունը անվերապահորեն պարտավորվում է.

ա) Հարգել Թուրքիայի տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները;
բ) Երկկողմ, օրինակ Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններում, հարգել տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները;
գ) Երկկողմ, օրինակ ԼՂՀ հետ ունեցած հարաբերություններում «ապահովել հարգանքը» տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքների նկատմամբ:

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության երրորդ կետը ուղղակիորեն վերաբերում է ԼՂՀ հակամարտությանը (տե՛ս եզրակացության (բ) և (գ) կետերը) և այդ հիմնախնդրում ՀՀ քաղաքականության համար ուղենշում է ոչ նպաստավոր վարքագիծ:



15 սեպտեմբերի, 2009թ.