Jump to content

Անհետ կորածը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անհետ կորածը

Նորատի կինը երեխայի և դայակի հետ նոր էր վերադարձել զբոսանքից և հագուստը փոխելու վրա էր, որպեսզի որդու և ամուսնու գալուց առաջ ճաշի սեղանը պատրաստի, երբ աղախինը մտավ և հայտնեց, որ մի պարոն ուզում է տեսնել նրան:

— Ինչ պարոն, — հարցրեց տիկինը հետաքրքրված:

— Չգիտեմ:

— Ինձ է ուզում:

— Այո:

— Թե պարոնին:

— Ոչ, ձեզ,

— Եվ ի՞նչ:

— Ասացի ճաշի ժամանակ է, չեն ընդունում, չհեռացավ. ասաց՝ շատ կարևոր գործ ունի:

Նորատի կինը մոտեցավ դեպի փողոց նայող բարձր պատուհաններից մեկին, բարձրացավ ոտների ծայրերի վրա, աշխատեց ներքև նայել ապակու միջից, բայց ոչինչ չտեսավ դռան մոտ, բացի մի մոխրագույն փափախի ծայրից:

— Լավ, գնա ներս հրավիրիր հյուրասենյակ, մինչև որ ես գամ, — դարձավ նա աղախնուն:

Աղախինը դուրս գնաց:

Նորատի կինը նորից կոճկեց շագանակագույն մետաքսյա բլուզը մեջքի վրա, մոտեցավ հայելուն. փոշի ցանեց փոքր-ինչ քրտնած երեսի ու պարոնոցի վրա, մազերը շտկեց և դիմեց դեպի հյուրասենյակ:

Հյուրասենյակ մտնելուն պես նա կանգ առավ հանկարծ, մեկ ուզեց ճչալ և ետ փախչել մի խելագար սոսկումով բռնված, բայց մեկ էլ` զարմանքն ու հետաքրքրությունն այնքան մեծ էին, որ տեղնուտեղը գամվեց և արձանացավ՝ աչքերը չորս շինած:

Նրա հանդեպ մուտքի դռան մոտ, բարձր պատահաններից ներս թափանցող միչօրեի արևի ճառագայթների տակ կանգնած էր այցելուն սպասողական դրության մեջ: Նա 30 — 35 տարեկան բարձրահասակ երիտասարդ էր, մաշված, արևավառ դեմքով, զորականի մոխրագույն հնամաշ շինելով, առանց ուսադիրների և ջարդված մորթե փափախով, որի ճակատին պորտի պես խրված էր սպայական կոկարդ՝ ներկը կիսով չափ թափված: Ոտքի մեկը չուներ, երկար շինելի փեշի տակից երևում էր մի ոտը միայն՝ հնամաշ և երկար ժամանակից ի վեր չմաքրված երկարաճիտ կոշիկի մեջ, իսկ մյուս ոտի տեղ նեցուկ էր կրում թևի տակ:

Որովհետև աջ ձեռքը զբաղված էր նեցուկով, այցելուն փափախը վերցրեց ձախ ձեռքով, լուռ բարևի նշան արավ գլխի շարժումով և տեղից չշարժվեց, ըստ երևույթին վախենալով, որ նորատի կինը արտաքո կարգի մի բան կանի — կճչա, կփախչի սարսափահար, օգնություն կկանչի, որովհետև այդ էր ցույց տալիս նրա դեմքը, և ուրիշ բան չէր կարող թելադրել նրան այդ անակնկալ տարապայման հանդիպումը:

Սակայն նորատի կինը կանգնած էը ծայր աստիճան զարմանքից ու հետաքրքրությունից քարացած, չկարողանալով չռած աչքերը հեռացնել նրա խոշոր, խոհուն սև աչքերից, որոնք այնքա՜ն ծանոթ էին, այնքա՜ն մերձ ու սիրելի՝ մոտիկ անցյալում և որոնցով միայն կարողացավ իսկույն ճանաչել:

— Արա՜մ… — շշնջաց նա կես-սարսափով և կես-թերահավատությամբ:

— Այո, ես եմ, Ֆլորա, — կամաց արտասանեց այցելուն, գլուխը մի քիչ առաջ երկարացրած և սիրով ու կարոտով, նայելով նրա աչքերին:

Այդ ձայնը... Այլևս ո՛չ մի տարակույս: Եվ նnրատի կնոջ զարմանքն ու հետաքրքրությունը հանկարծ տեղի տվին մի մահասարսուռ վախի, որպիսին պատում է մարդու մի ահավոր անակնկալի հանդեպ, երբ փրկության ոչ մի ելք չի լինում: Ահռելի իրականության գիտակցությունը եկավ շանթելու նրա առժամապես ընդարմացած ուղեղը և հիմն ի վեր ցնցելու նրա ամբողջ էությունն այնքան ուժգնորեն, որ մի րոպե նրա աչքերը մթնեցին, սիրտն սկսեց բաբախել վայրկենական արագությամբ, գլուխը պտտվեց, և նա վար կընկներ անպատճառ, եթե չնստեր մոտիկ գտնված աթոռի վրա:

Այցելուն, իր մի հատիկ ոտով ցատկոտելով և փայտե նեցուկը թրխկթրխկացնելով հատակի վրա, արագորեն մոտեցավ նրան և կանչեց վախեցած.

— Ֆլո՛րա...

Նորատի կինը, գույնը նետած, աչքերը փակեց, գլուխն իջեցրեց ծնկների վրա և ձեռքերը բարձրացրեց գլխի վրա, որպես թե պաշտպանվելով սպասած հարվածից:

Բայց այցելուն քնքշորեն առավ խնամքով պահված այդ սպիտակ, այդ ողորկ, գոհարազարդ մատանիներով օղակված այդ գեղեցիկ ձեռքերից մեկը իր ձախ ձեռքով, մոտեցրեց շրթունքներին և ասաց գորովալից, հանգստացուցիչ ձայնով.

— Մի՛ վախենար, Ֆլորա: Վրեժը չէ, որ ինձ բերել է քեզ մոտ, այլ կարոտը, անձկությունը, որից այսքան ժամանակ տառապել եմ հեռավոր մենությանս մեջ: Ես հասկանում եմ քեզ և լիովին մտնում եմ քո դրությունը: Մեռելները հարություն չեն առնում, բայց եթե պատահի, որ մի հրաշքով հարություն առնեն, անշուշտ այդպիսի ահ ու սարսափ կազդեն, ինչքան որ ծով արցունք լինի թափված նրանց համար: Բարձրացրու գլուխդ, մեկ լավ նայեմ աչքերիդ. չէ՞ որ եկել եմ քեզ տեսնելու քեզ... քեզ և զավակիս և կարոտս առնելու:

Նրա ձայնը երերաց և աչքերը լցվեցին արտասուքով: Նորատի կինը գլուխը բարձրացրեց, նայեց նրա գորովալից, արտասվալից աչքերին և փղձուկը հանկարծ բռնեց նրա կոկորդը: Նա աչքերը ծածկեց ափերի մեջ և հեծկլտաց մի անծայր խղճահարությունից, որ ֆիզիկական ցավ պատճառելու չափ ուժգին՝ հանկարծ համակեց նրան դեպի այդ թշվառ մարդը:

— Մի՞թե այս երազ է, — արտասանեց նա հեկեկանքի միջից:

— Երա՞զ, — վրա բերեց այցելուն: — Ո՞ր երազը կարող է այնքան հնարամիտ լինել, որքան իրականությունը, մանավանդ այս իրականությունը: Ո՞վ կարող էր երևակայել, թե ես քեզ պիտի հանդիպեի ա՛յսպես և ա՛յստեղ, այս օտար տան մեջ, ուր մտա ես սիրտս սեղմելով...

— Ես մեղավոր չեմ, Արամ: Հարցրու մորդ, հարցրու քրոջդ, նրանք էլ կվկայեն, որ ես միշտ հուսացել եմ, համբերել և սպասել...

— Հանգստացիր, սիրելիս, հանգստացիր, ես արդեն հարցրել եմ և ամեն բան գիտեմ. հանգստացիր:

— Քո անունը մեզ ցույց տվին անհետ կորածների պաշտոնական ցուցակում, — շարունակեց Ֆլորան, աչքերը սրբելով, — և բացատրեցին, թե դու կամ սպանված ես և դիակդ մնացել է կռվի դաշտում, կամ թե, լավագույն դեպքում, գերի ես ընկել: Եվ որովհետև դրանից հետո համարյա ամբողջ չորս տարի ոչ մի տեղեկություն չունեինք քեզնից, մեզ ուրիշ բան չէր մնում եզրակացնելու, եթե ոչ ա՛յն, որ պատահել է ամենավատ դեպքը, այսինքն, որ դու սպանվել ես, այլապես, եթե գերի լինեիր ընկած, մի՞թե ամբողջ չորս տարվա ընթացքում գեթ մի անգամ, տեղեկություն չէինք ստանա քեզնից նամակի կամ այլ միչոցով:

— Ինչ խոսք կարող է լինել նամակների փոխանակության մասին պատերազմի ժամանակ թշնամի երկրների միջև: Մանավանդ որ մեզ փակել էին կոնցենտրացիոն լագերում, որտեղից ոչ մենք կարող էինք մի լուր դուրս տալ և լուր ստանալ դրսից:

— Ուրեմն դու գերի՞ էիր ընկել:

— Այո, մերոնք փախան և ինձ թողին փշրված ոտով: Ինչո՞ւ ոտիս տեղ գանգս չփշրվեց, այս սոսկալի անոթը, որի մեջ ամբարված են բոլոր տանջանքների սաղմերը: Այն ինչ տառապանքներ էին, որ ես կրում էի նախ հիվանդանոցում և ապա՝ կոնցենտրացիոն լագերում… Ֆիզիկականը ինքնըստինքյան, խոսքս հոգեկան տառապանքներիս մասին է քեզ համար, զավակիս համար, մորս համար, քրոջս համար, հազար ու մի կասկածներ էի տանում, մեկը մյուսից մռայլ, մեկը մյուսից հուսահատական: Մտածում էի — արդյոք ի՞նչ են անում, ինչպե՞ս են ապրում. թշնամին խո ներս չի՞ խուժել, խո սրի չի՞ անցրել, կամ փախստական չեն դարձել, զոհ չե՞ն գնացել որևէ համաճարակ հիվանդության…

Արամը նստեց մոտիկ աթոռի վրա, նեցուկը հենեց պատին և ավելացրեց մռայլ մտախոհության մեջ.

— Եվ որ մտածում եմ, թե թերևս ոչինչ չլիներ, և ես այսքան չդժբախտանայի, եթե հնար լիներ, որ մի լուր տայի քեզ ինձնից և մի լուր ստանայի քեզնից...

Նա գլուխը դառնորեն շարժեց և լռեց:

— Դու քոնն ես ասում, հապա ի՞մ հոգեկան տանջանքները, — ասաց Ֆլորան: — Սկզբում շարունակ դողալ թանկագին մարդու կյանքի համար և ապա համարյա չորս տարի ապրել անստուգության, սպասումի և հուսալքումի մեջ... Հապա նյութական զրկանքները, առօրյա ապրուստի հոգսը: Ի՞նչ պիտի աներ մեզ այն չնչին նպաստը, որ ստանում էինք մենք: Մայրդ պառավ և շարունակ հիվանդ, քույրդ` դասերի հետևից և վերցրածն իր անձնական պետքերին հազիվ էր բավականանում, ես` փոքրիկ երեխան ձեռքիս: Սկզբում, քանի, մայրդ շատ չէր հիվանդ և կարողանում էր նայել երեխային, ինձ համար մի փոքրիկ պաշտոն գտա Քաղաբների Միության մեջ, բայց հետո ստիպված էի թողնել, որովհետև մայրդ ինքն արդեն խնամքի կարոտ դարձավ, և երեխան մնացել էր բոլորովին անտեր: Վերջը քույրդ ամուսնացավ, մորը տարավ իր մոտ: Մնացել էի մեն-մենակ, ապրուստի միջոցներից միանգամայն զուրկ, տանը բան չմնաց, որ չծախեցի:

Արամը նստած էր լուռ, փափախը դրած մի հատիկ ծնկան վրա և լսում էր իր նախկին կնոջ արդարացումները, ըստ երևույթին, հանգիստ ու անտարբեր: Նա մերթ դիտում էր ընդարձակ սենյակի փարթամ կահավորանքն ու ոսկեհուռ զարդարանքները, մերթ նայում նորատի կնոջ շքեղ հագուստին, մատների մատանիներին, ականջներին հուրհրատին տվող ադամանդյա օղերին, մազերի մեջ փայլող թանկագին ծամկալներին, և մի մռայլ կասկած ու թերահավատություն, որ դեռ գալուց առաջ թունավոր օձի պես սողոսկել էր նրա հոգին և տեսակցության առաջին րոպեների ազդեցության տակ առժամանակ հանգիստ պառկած էր այնտեղ, այժմ սկսել էր կամաց — կամաց բարձրացնել գլուխը:

Եվ երբ կինը վեջացրեց, նա դեոևս նստած էր լուռ և արտաքուստ հանգիստ, միայն մի հատիկ ծունկը հազիվ նկատելի կերպով դողում էր ջղայնորեն:

— Այդպես ուրեմն, — վերջապես խոսեց նա մի քանի րոպեի ծանր լռությունից հետո, առանց նայելու կնոջը, — մնացել էիր մեն-մենակ, ապրուստի միջոցներից զուրկ... Բայց ինչո՞ւ, — հարցրեց նա հազիվ լսելի ձայնով, — մի՞թե ոչ ոք չէր օգնում...

— Ո՞վ պիտի օգներ, — միամիտ զարմանքով հարցրեց կինը:

Արամը դանդաղորեն նայեց նրան ծուռ:

— Այն պարոնը, որ պատերազմի ժամանակ իր համար տաքուկ տեղ է գտել Քաղաքների Միության մեջ:

Ֆլորան ցնցվեց, որպես թե մի օձ խայթեր նրան, և ամբողջ իրանով առաջ նետվեց:

— Ի՞նչ ևս ուզում ասել դրանով: Որ ամուսնացե՞լ եմ նրա հետ:

— Ոչ, այդ չեմ ուզում ասել:

— Հապա ի՞նչ:

— Հապա այն, որ ինձ... ուրիշ բան ասացին, — հապաղելով և հանգիստ պատասխանեց Արամը, առանց նայելու նրան:

— Ուրի՞շ բան: Ի՞նչ: Ո՞վ:

— Ով-որ...

— Կիսաբերան մի՛ խոսիր, Արամ, — համարյա ճչաց կինը զպած վրդովմունքով: — Ասա՛ ուղղակի, որ քո՛ւյրդ է ասել:

Արամը չպատասխանեց, նստած էր մռայլ և հանգիստ և շարունակում էր չնայել նրան:

— Ինչու ես լռում և ինչո՞ւ չես նայում ինձ, — ասաց կինը մարտահրավեր համարձակ ձայնով: — Տեսնում ես — ես չեմ վախենում, որովհետև զզվելի բամբասանքի և զրպարտության դեմ ես ուրիշ զգացում չեմ կարող ունենալ, բացի նողկանքից: Իսկ գիտե՞ս ինչու է նա բամբասել և զրպարտել ինձ, որովհետև ես այլևս չկամեցա, որ նա իմ աղջիկպարոնը լիներ, իսկ ես՝ նրա աղախինը:

Արամը զարմացած նայեց կնոջը:

— Այդ նորություն է ինձ համար:

— Օ՛, իհարկե, այս բանը խո չէր ասի քեզ: Եվ լավ իմացիր, Արամ, այս նորությունը ես այնուամենայնիվ չէի հայտնի քեզ, եթե դու հավատացած չլինեիր նրա զզվելի բամբասանքներին:

— Նախ՝ ես չասացի, թե ինչ է ասել նա, և երկրորդ...

— Ինչի՞ս է պետք, որ ասես: Քո խոսակցության եղանակը և քո ակնարկներն արդեն իրենք աղաղակում են, թե չարամտությունը, չկամությունն ու նախանձը ինչեր են փսփսացել ականջիդ: Իմ ամենամեծ դժբախտությունն այն էր, որ ես հնարավորություն չունեի իմ ձեռքի աշխատանքով ապրելու և ուզեի-չուզեի՝ պետք է նրա ձեռքին նայեի: Եվ որովհետև նա մի կտոր հաց էր շպրտում ինձ և երեխայիս, իր իրավունքն էր համարում ամեն կերպ ստորացնելու ինձ, վիրավորելու ինքնասիրությունս: Շարունակ գանգատ ու քրթմնջոց, շարունակ երեսովս էր տալիս իմ ու երեխայիս կերած մի կտոր հացր, ում մոտ ասես գանգատվում էր, թե մենք մի-մի ծանր բեռ ենք դարձել իր վրա: Իսկ այն, որ տան ամբողջ հոգսն ինձ վրա էր, որ եփող-թափողն ես էի, որ լվացող-կարկատողն ես էի, որ նրա հիվանդ մոր խնամողն ես էի — այդ բոլորը ոչինչ, այդ բոլորը չէր երևում նրա աչքին: Իմ տեղ մի վարձկան աղախին լիներ, ավելի հարգանք ու պատիվ կվայելեր, քան թե ես, որ իր ընտանիքի անդամն էի, իր դժբախտ եղբոր դժբախտ կինը, նրա զավակի թշվառ մայրը: Իմ վիշտը, իմ տառապանքները հերիք չէին, և նա էլ մյուս կողմից էր թունավորում իմ կյանքը: Մի անգամ նույնիսկ այնպիսի դրության հասցրեց ինձ, որ քիչ մնաց առնեի երեխաս ու գնայի գետը նետեի ինձ, որպեսզի մի անգամից ազատվեի այդ դժոխքից: Ասե՞լ է նա քեզ այս: Իհարկե՝ ոչ: Նա կարող էր միայն ուրիշ բան ասել, որպեսզի ամբողջ մեղքն ինձ վրա ձգի: Ամո՜թ նրան:

— Ես նրա ասածներին ոչ մի կարևորություն չեմ տվել, և քո գանգատներն էլ միանգամայն ավելորդ են, — ասաց Արամը սառն կերպով:

— Ինչպե՞ս թե ավելորդ: Ուրեմն դու չես ուզում իմանալ, թե ինչից ստիպված ես այս քայլն արեցի:

— Չեմ ուզում, որովհետև դրանով ոչինչ չի ուղղվի: Դու ես մեղավոր, թե քույրս, չարաբաստիկ անհետ կորածների ցուցակն է եղել պատճառը, թե այն, որ ոչ մի հնարավորություն չի եղել ինձնից որևէ տեղեկություն հասցնելու քեզ — այդ բոլորն այժմ մեկ չէ՞ ինձ համար: Եթե ես մանրակրկիտ կերպով պրպտեմ և գտնեմ դժբախտությանս իսկական պատճառը, դրանով գեթ մի մազաչափ կփոխվի՞ իմ վիճակը: Առանց քո ասելու էլ ես շատ լավ գիտեմ, որ իմ գնալուց հետո քո դրությունը նախանձելի չպիտի՝ լիներ: Մի կողմից այդ, մյուս կողմից էլ այն, որ քեզ ու քեզ վճռել ես, թե ես այլևս չկամ, բավական է եղել, որ միանգամայն ազատ համարես քեզ և...

— Ինչպե՞ս թե ինձ ու ինձ, — արտասանեց կինը շանթահար:

Բայց Արամը շարունակեց անողոք հանգստությամբ.

— Դու տառապել, համբերել և սպասել ես այնքան, որքան պատշաճ է եղել, որքան հնարավոր է եղել, որքան կարող է տառապել, համբերել և սպասել մի ջահել, գեղեցիկ այրի կին, մինչև որ...

— Արա՜մ, — ճչաց Ֆլորան, վեր թռչելով տեղից:

— ...մինչև որ բախտի անիվը հանկարծ դարձել է և առջևդ բաց արել մի նոր կյանքի դուռ, — ըստ ամենայնի բախտավոր, բարեկեցիկ ու երջանիկ կյանքի, ինչպես տեսնում եմ այստեղ, քո շուրջը և քեզ վրա: Խոստովանում եմ, ես երբեք չէի կարող այդպես զարդարել և շրջապատել քեզ այսպիսի շքեղությամբ, և դու...

— Լռի՜ր Արամ, լռի՜ր, բավական է, — կանչեց կինը ծայրահեղ վրդովմունքի հանկարծական բռնկումով: — Ո՞վ է քեզ իրավունք տվել ինձ վիրավորելու: Ի՞նչ է նշանակում՝ ինձ ու ինձ վճռել եմ: Ի՞նչ է նշանակում ջահել, գեղեցիկ այրի կին: Ի՞նչ ես ուզում ասել դրանով:

— Ոչինչ ավելի, քան ինչ որ ասացի:

— Ես քո լեզուն չեմ հասկանում: Նայիր ուղիղ աչքերիս և պարզ ասա, ի՞նչ ես ուզում հասկացնել այդ ակնարկներով:

Արամը հանկարծ շեշտակի նայեց նրա աչքերին, և նրա մինչ այդ հանգիստ դեմքը դաժան արտահայտություն ստացավ, ըստ երևույթին, այլևս չկարողացավ զսպել իր ամբողջ ներքինը տակնուվրա անող խանդի այն զգացումը, որ մինչև այժմ ամեն կերպ աշխատում էր ծածկել արտաքին հանգստության քողի տակ:

— Ահա նայում եմ ուղիղ աչքերիդ և պարզ ի պարզո ասում, — ասաց նա յուրաքանչյուր բառը շեշտելով, — դու շատ ես շտապել քեզ ազատ համարելու:

— Ինչպե՞ս:

— Որովհետև ես դեռ կայի, դեռ գոյություն ունեի, դեռ գետինը չէի անցել:

— Ես գիտեի՞ այդ:

— Իսկ դու գիտեի՞ր, որ չկամ: Համոզվա՞ծ էիր: Հաստատ ապացո՞ւյց ունեիր:

— Ցուցակը...

— Այո՜, անհետ կորածների, բայց ո՜չ սպանվածների: Այդպես չէ՞:

Ֆլորան, հանկարծակիի եկած, առժամանակ մնաց կարկամած և ամենամեծ տարակուսանքով նայում էր նախկին ամուսնու սպանիչ աչքերին, որոնց մեջ կայծկլտում էր խանդի զգացումը: Հետո նստեց, աչքերը ծածկեց և սկսեց լալ:

— Անխի՜ղճ, անաստվա՜ծ, — արտասանեց հեծկլտանքի միջից: — Նրա համար էին իմ այնքան տարիների զրկանքներն ու տառապանքները քո պատճառով և քեզ համար, որ դու վերջը գաս և վիրավորե՞ս իմ զգացումները: Ամբողջ օրեր եմ մթնացրել քո մասին մտածելով, ամբողջ գիշերներ եմ լուսացրել անքուն քեզ համար լալով, ամբողջ տարիներ ականջս ձենի է եղել, որ մի լուր առնեմ քո մասին, քրոջդ թուք ու մուրը կրել եմ անտրտունջ՝ քո խաթեր, և դու ասում ես՝ շատ եմ շտապել: Ամբողջ չորս տարի վշտի և հուսահատության մեջ սպասելը շատ շտապե՞լ է նշանակում: Որտե՞ղ փնտրեի ես քո պահանջած ապացույցը, որ ինձ ազատ համարեի: Եվ, վերջապես, չէ՞ որ այս բանը ես արեցի ճարահատյալ, արեցի գլխավորապես քո զավակի համար, նա սոված էր, նա տկլոր էր, իսկ ես՝ մենակ, անօգնական: Իսկ դու բանն այնպես ես դուրս բերում, որպես թե ես օգտվել եմ առիթից և աշխատել կարելույն չափ շուտ ազատվել քեզնից: Այդպե՞ս ես ճանաչել ինձ մեր չորս տարվա կենակցության ժամանակ: Եվ դեռ ասում ես, թե վրեժը չէ, որ քեզ բերել է ինձ մոտ: Ահա թե ո՜րտեղ երևաց այն ուրիշ բանը, որ ասել է քեզ քույրդ իմ մասին, ահա թե ո՜ր աստիճան դու կարևորություն չես տվել նրա ասածներին:

Արամն այս անգամ խոնարհվել էր իր մի հատիկ ծնկան վրա, նայում էր հատակին մտառու, կենտրոնացած հայացքով և այլևս ոչ մի խոսք չէր արտասանում: Եվ երբ կինը լացի հետ վերջացրեց իր արդարացումներն ու հանդիմանությունները, սենյակում տիրեց մի երկարատև ծանր լռություն:

— Գիտե՞ս ինչ, Ֆլորա, — վերջապես խոսեց Արամր ուղիղ նստելով և նայելով կնոջն այնքան հանգիստ հայացքով, որ կարծես ոչինչ չէր պատահել: — Քեզ մոտ որ գալիս էի, չեմ ասում, թե հաշտված էի դրությանս հետ: Այդ անկարելի է: Սա այնպիսի դրություն է, որի հետ ո՜չ մի մարդ չի կարող հաշտվել: Բայց ինքս ինձ վճռել էի զսպել ինձ և ոչ մի հանդիմանություն չանել քեզ հենց թեկուզ միայն այն պատճառով, որ այդ ավելորդ և անօգուտ կլիներ, և դրանով անցածը չէր դառնա: Բայց եթե, այնուամենայնիվ, մի քանի անախորժ խոսքեր թռցրի բերնիցս, որոնց համար ես այժմ շատ եմ զղջում և քեզ էլ խնդրում եմ, որ ներես ինձ, այդ պետք է վերագրես այն բանին, որ... (նրա ձայնը դողաց): Ֆլորա, հասկանո՞ւմ ես արդյոք ինչ է կատարվում այս րոպեին իմ հոգու մեջ: Չէ որ դու ի՜մն էիր, ի՜մ հարազատը, ի՜մ սիրելին և, թվում էր, թե՝ ի՜մ անբաժանելին: Մինչդեռ ահա դու նստած ես այդտեղ, իմ հանդեպ, այդքան գեղեցիկ և այդքան ցանկալի և ըղձալի ինձ համար, և ես իրավունք չունիմ նույնիսկ մատով շոշափելու քեզ ու չգիտեմ ինչ անվանեմ քեզ: Եվ իմ դժբախտության ամբողջ ահռելիությունը երբե՜ք չեմ զգացել այնպես ուժգին, այնպես ցավագին, ինչպես զգում եմ այժմ, այստեղ, քեզ մոտ, քեզ տեսնելով: Ու մինույն ժամանակ երբե՜ք այնպես ողորմելի, այնպես անզոր ու անկար չեմ զգացել ինձ, որպես դարձյալ այստեղ, այս օտար տան մեջ, ուր մտել եմ ես՝ չգիտեմ իբրև ի՜նչ — իբրև օտարակա՞ն, իբրև անկոչ հյո՞ւր, թե իբրև մուրացկան: Չէ՞ որ իմ այսքան տարվա տաժանակիր խաչակրությունից վերադառնում էի այն հավատով, թե քո գրկի մեջ պիտի թաղեմ ու մոռանամ իմ տեսած ու կրած բոլոր զարհուրանքները և պիտի ապրեմ նոր կյանքի երազներով, մինչդեռ այդ գիրկը ես փակ եմ գտնում ինձ համար: Իմ միակ հույսը, իմ միակ ապավենը, իմ փրկության խարիսխը դու էիր, մինչդեռ քո մեջ ես գտնում եմ միայն իմ վերջնական կործանումը, իմ գերեզմանը...

Նա լռեց լացակումած և որպեսզի արտասվալից աչքերը ծածկի կնոջից, նորից խոնարհվեց ծնկան վրա:

— Ա՛խ, այս ինչ դրություն է, տե՜ր իմ աստված, — հառաչեց կինը ծայր աստիճան հուսահատությամբ և խղճահարությամբ:

— Այո, հասկանում եմ, քեզ համար էլ ծանր է, — մի քիչ հանգստանալուց հետո նորից խոսեց Արամը շտկվելով: — Բայց վնաս չունի, ես շուտով կգնամ, և դու... Բայց ներիր, ես պարտավոր եմ կծել շրթունքներս, որպեսզի նորից մի ավելորդ խոսք չթռցնեմ բերնիցս: Դու մեղավոր չես: Ես գիտեմ ո՜վ է մեղավոր կամ մեղավորները: նրանք նստած են այնտեղ, վերևը, գահերի և ոսկու տոպրակների վրա: Նրանք են, որ աշխարհը խառնել են այսպես իրարից մի բան թռցնելու համար: Նրանք են, որ ինձ պես միլիոնավորների դժբախտության և արյան գնով ուզում են լցնել իրենց անկշտում որկորը: Ահա թե ո՜ւմ օձիքից պետք է բռնել և հաշիվ պահանջել: Հոգուս մեջ կրակ է բորբոքվում, և իմ ամենամեծ դժբախտությունն այն է, որ ես, իբրև մի սոսկ անհատ, մի մոծակի չափ անգամ կարողություն չունեմ խայթելու նրանց: Բայց այսպես երկար չի կարող շարունակվել, կգա մի ժամանակ, երբ...

Նա հանկարծ լռեց և ականջները սրեց դեպի հարևան սենյակը: Այնտեղից լսվեց երեխայական մի ձայն, հետո մանրիկ ոտների մի վազք: Նույն րոպեին դուռը բացվեց աղմուկով, և ներս վազեց մոտ 7 — 8 տարեկան մի տղա ինչ-որ արտասովոր ուրախությունից վառված աչքերով, մի թուղթ ձեռքին:

— Մամա՜, — կանչեց նա, մոտ վազելով նորատի կնոջը, — այսօր վկայականները բաժանեցին, ոչ մի 2 չունեմ, տե՜ս:

Ֆլորան շփոթված վեր կացավ, մեքենայաբար թուղթն առավ որդու ձեռքից և նայեց նախկին ամուսնուն մի վարանոտ ժպիտով:

— Սա... մեր Սուրիկն է, — ասաց:

Արամը արձանացել էր նստած տեղը և նայում էր որդուն լայն բացած աչքերով, գլուխն առաջ երկարած: Ըստ երեվույթին, չէր ուզում հավատալ, թե երեք տարեկան այն փոքրիկ, վտիտ մանուկը, որին պատերազմ գնալուց առաջ թողել էր մոր խնամքին, կարող էր այդ մի քանի տարվա ընթացքում այդքան հասակ առնել, հասունանալ և փարթամանալ:

Հոր պես բարձրահասակ, հոր պես թուխ, հոր պես սև ու խոշոր աչքերով, բայց, հակառակ հոր, ջլապինդ ու լեցուն մարմնով: Սուրիկը կանգնած էր շինել հագած մի անծանոթ պարոնի առջև, նայում էր նրան մանկական անտարբերումթյամբ իբրև մի օտարականի, որի հետ ոչ մի գործ չունի:

Մայրը բռնեց երեխայի ձեռքից և մոտեցրեց Արամին.

— Սուրիկ ջան, սա այն հայրիկն է, որ պատերազմ էր . գնացել, հիշո՞ւմ ես, քեզ որ պատմում էի:

— Այն հայրի՞կը, — հարցրեց երեխան առանց որևէ առանձին հետաքրքրություն ցույց տալու:

— Այո, այն հայրիկը, բալաս, և ոչ նոր հայրիկը, — ասաց Արամը մի տեսակ կծու շեշտով, և մի տարօրինակ ժպիտ ծամածռեց նրա դեմքը:

Նորատի կինը կծեց շրթունքը և մինչև ականջները կարմրեց:

— Բայց դուք սպանված չէի՞ք, — հարցրեց երեխան, այս անգամ մանկական հետաքրքրությամբ նայելով անծանոթ հոր աչքերին:

— Ո՞վ ասաց, բալիկս, թե սպանված եմ:

— Մաման էր ասում:

— Մաման սխալվել է, ջանիկս, ես միայն վիրավորված եմ եղել ոտից: Այ, տես:

Արամր շինելի մի փեշը ետ ծալեց և ցույց տվեց կտրած ոտը: Ոտը կտրած էր ծնկից վերև, նույնչափ էլ կտրված էր զինվորական դեղին անդրավարտիքը և բերանը կարած տոպրակի պես:

Սուրիկը հետաքրքրությամբ նայեց, հետո ինքն իր ձեռքով զգուշորեն բարձրացրեց հոր շինելի մյուս փեշը, որի տակ գտնվում էր նրա առողջ ոտը:

— Հիմա այս մի ոտո՞վ եք ման գալիս, — հարցրեց:

— Չէ, էլի երկու ոտով:

— Ինչպե՞ս թե, — զարմացավ երեխան:

— Այ, տես, — հայրը ցույց տվեց պատին հենած նեցուկը, — թևիս տակն եմ առնում և ման գալիս ինչպես երկու ոտով:

— Գիտե՞ք ինչ, պարոն, — հանկարծ ասաց երեխան մանկական հետաքրքրությամբ, — փողոցում ես ուրիշ մարդիկ էլ եմ տեսնում այդպիսի փայտերով ման գալիս: Նրանք է լ են եղել պատերազմում:

— Բոլորը: Բայց լսիր, ջանիկս, ինչ եմ ասում, ինձ այլևս պարոն չանվանես, խո գիտես, որ ես քո հայրիկն եմ:

— Հա, Սուրիկ ջան, — նկատեց իր կողմից մայրը, — այսուհետև միշտ հայրիկ կանվանես: Լսո՞ւմ ես:

Սակայն Սուրիկը կանգնած էր լուռ և մանկական լուրջ տարակուսանքով նայում էր մերթ մոր աչքերին, մերթ շինել հագած այն հատոտանի մարդուն, որին ստիպում էին հայրիկ անվանել:

Հայրը բռնեց նրա ձեռքերից և մոտ քաշեց:

— Մի՞թե դու ինձ երբեք չես տեսել, բալիկս: Սուրիկը մտառու հայացքով նայեց նրա աչքերին և գլխով բացասական շարժում արավ:

Հայրը ավելի մոտեցրեց երեխային և կպցրեց իր ծնկանը:

— Լա՜վ նայիր ինձ, ջանիկս, գուցե հիշես, դու այն ժամանակ ախր շատ փոքր չէիր, խոսում էիր, վազվզում, պարում, նույնիսկ պստիկ-պստիկ ոտանավոր էիր ասում, երգում: Ես քեզ համար խաղալիքներ էի բերում — երկաթուղի, պվտոմոբիլ, ձի, ուրիշ շատ, շատ բաներ: Ձի էի դառնում, նստեցնում էի քեզ ուսերիս վրա և վազվզում սենյակներում, դու էլ ծիծաղում էիր, կչկչում: Հետո... Ես քեզ տանում էի՝ ինձ հետ ման ածելու, կարմիր, կապույտ օդապարիկներ էի առնում քեզ համար, միրգ էի առնում, կոնֆետ, շոկոլադ: Մի՞թե ոչինչ չես հիշում:

— Ոչ, չեմ հիշում, — պատասխանեց երեխան, նորից բացասաբար շարժելով գլուխը:

— Հիմա՜ր, ինչպե՞ս չես հիշում, — նկատեց մայրը, — քանի անգամ եմ պատմել:

— Վա, զոռով է՞, որ չեմ հիշում, — բացականչեց երեխան դեմքի այնպիսի մի կոմիկական ծամածռությամբ, որ հայրն էլ, մայրն էլ ակամա ծիծաղեցին:

Մինչև այժմ հայրը ամեն կերպ զսպում էր իրեն, աշխատում էր այնպիսի բան չանել, որ երեխան խրտնթ իրենից: Բայց է՜լ չդիմացավ, հանկարծ երկու ձեռքով բարձրացրեց նրան, նստեցրեց ծնկան վրա, պինդ կպցրեց իրեն և սկսեց մի խենթ ողջագուրանքով համբույրներ դրոշմել նրա գլխին, այտերին, շրթունքներին, աչքերին, ո՜ւր պատահեր: Եվ մեկ անգամ չէ, երկու անգամ չէ, թվում էր, թե վերջ չէին ունենալու հայրական սիրո և կարոտի այդ բուռն զեղումները, որոնք այնքան տարիների ընթացքում կուտակվել էին նրա սրտում:

Երեխան վախեցած խլպլտում էր հոր ջլապինդ ձեռքերի մեջ սեղմված, երեսը այս ու այն կողմն էր դարձնում, գլուխը ետ էր գցում, որ խուսափի նրա անախորժ համբույրներից և աղաղակում.

— Վա՜յ, ի՞նչ եք անում, թողեք, չեմ ուզում... Մամա...Իսկ հայրը կարծես միտք չուներ թողնելու, ավելի ու ավելի էր սեղմում երեխային իր գրկում և շարունակում էր խելագար համբույրները: Վերջապես Սուրիկը իր ճկուն մարմնի ճարպիկ գալարումներով դուրս պրծավ նրա անհաճո գրկից, հեռու փախավ և ճակնդեղի պես կարմրատակած սկսեց ուղղել շորերը, — միևնույն ժամանակ լուռ ու զայրագին հայացքներ ձգելով հոր կողմը:

Մայրը տեսավ այդ անհաշտ հայացքները և վախեցավ, որ նա կարող էր կոպիտ խոսքեր արտասանել հոր հասցեին, ինչպես անում էր երբեմն, երբ նրան չարացնում էին, ուստի արագ մոտեցավ նրան և ինչ-որ փսփսում էր նրա ականջին, երբ մի կարճ ու հատու հեծկլտոց լսեց: Փշաքաղվեց և ետ նայեց նախկին ամուսնու կողմը:

Արամը նստած էր ծնկան վրա խոնարհված, թաշկինակը աչքերին սեղմած, և նրա ուսերն ու մեջքը ցնցվում էին զսպած հեկեկանքի ջղաձգումներով:

Նույն րոպեին հարևան սենյակից լսվեց ծծկեր երեխայի լացի և ապա տղամարդու ինքնավստահ և ինքնագոհ մի ձայն: Տղամարդը, ինչպես երևում էր, խոսում էր դայակի հետ:

— Վա՜յ, հայրի՜կն է, — բացականչեց Սուրիկը, և նրա դեմքը մի վայրկյանում պայծառացավ: — Տո՜ւր, մամա, վկայականս տանեմ ցույց տամ հայրիկին:

Մայրը վախեցած՝ աչք-ունքով արավ նրան, որ լռի, բայց երեխան ոչ հասկացավ մորը, ոչ էլ ուշադրություն դարձրեց, թե ինչ է ուզում հասկացնել նա, խլեց նրա ձեռքից վկայականը և դուրս վազեց:

Որդու ուրախական բացականչության վրա Արամը արագորեն շտկվեց, կարծես ծնկան վրա խոնարհված նրա իրանը մեկեն վեր նետեցին և նրա մի ակնթարթում ցամաքած աչքերը տարօրինակ փայլով հառած մնացին այն դռան վրա, որի հետևը ծածկվեց երեխան: Այնուհետև նա հայացքը, նիզակի պես սուր ու ծանր, դանդաղորեն դարձրեց նորատի կնոջ վրա, մեքենայաբար որոնեց շինելի գրպանը, թաշկինակը պահեց, վերցրեց հատակի վրա ընկած փափախը, նեցուկն առավ թևի տակ և, մի հատիկ ոտի վրա ցատկռտելով, դիմեց դեպի այն դուռը, որտեղից աղախինը ներս էր հրավիրել նրան:

— Դու գնո՞ւմ ես, — կամաց և անհամարձակ հարցրեց նորատի կինը:

Ինվալիդը չպատասխանեց և դուրս գնաց:

Հետևյալ օրը կամրջի վրա, որի տակ հորդացած գետը կատաղի հորձանքով առաջ էր քշում իր գիրկն առած գարնանային ջրերը, մարդիկ գտան մի շինել և մի նեցուկ:

1920