Jump to content

Անհուշ երկիր` Արցախ (անտիպ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անհուշ երկիր` Արցախ

Անտիպ բանաստեղծություններ 2023-2024

Անհուշ երկիր` Արցախ

[խմբագրել]

Մէր յէրքը

[խմբագրել]

(Արցախի բարբառով)

«ՀըռնԷ ապան մէնակ ա իլալ»,-
Մէր յէրգն ա սա մէզ հուշում,
Մհէնգյ Արցախն ա մէր մէնակ,
Պա հինչ անի՞նք, գյուդումչում։

Բայց ուժէղ ա Արցախը մէր,
Ամէն ցավու տէմ կէնօղ,
Ուրան հույսը ուժն ա ուրան,
Ու հավատն ա հաղթէլու...

Թուրքիյավնըն թէվ-թէվ անում,
Թօրքը հինչ ա՞, չընկըճվինք,
Թուրքիյան չինար` սահանց մըհէ
Մինչէվ Քյուռը քիշալինք։

«ՀըռնԷ ապան մէնակ ա իլալ»,-
Արցախն ա մէնակ մհէնգյ,
Մէր յէրգը մէզ հինչ ա՞ հուշում,
Հինչընք իլալ` հինչ տէռէնք։

27.01.2023 թ., Երևան, Շենգավիթ


Մեր երգը

[խմբագրել]

«Պապս մենակ էր անցյալ տարի»,-
Մեր երգն է սա հուշում մեզ,
Հիմա Արցախն է մեր մենակ,
Չգիտեմ, թե ինչ անեմ։

Բայց ուժեղ է Արցախը մեր,
Ամեն ցավի դիմացող,
Իր հույսն է իր ուժը մեծ,
Ու հավատը՝ հաղթելու...

Թուրքիայով են թևավորվում,
Թուրքը ի՞նչ է, չընկըճվենք,
Թուրքիան չլիներ` սրանց վաղուց
Մինչև Քուռ կքշեինք։

«Պապս մենակ էր անցյալ տարի»,-
Հիմա Արցախն է մենակ,
Մեր երգը մեզ ի՞նչ է հուշում,
Ի՜նչ էինք ու... ի´նչ դառանք։

27.01.2023 թ., Երևան, Շենգավիթ


«Ակնհայտը` անհավատալի՞»

[խմբագրել]

Ամեն ինչ ակնհայտ է հիմա,
չկա ոչինչ անհավատալի այլևս։

Իսկ բոլորովին վերջերս
Կարմիր բլուրի
վերսկսված պեղումների
առաջին օրվա
գտածոն գլխավոր`
անձնագիրն էր Նոյի։
Անմիջապես էլ
վերծանված
անձնագրային գրառումներից
պարզվեց հետևյալը`
ազգության դիմաց,
անձնագրում Նոյի,
գրված էր... ադրբեջանցի։

...Հիմա ենք հասկանում
ուժն ու հզորությունը
նավթի ու խավիարի,
հրաշքներ գործելու
ջանքն ու եռանդը դրանց։

...Օտար եմ այստեղ ես երևի։
Երևանի փողոցներում
թափառում եմ
մենակ ու անհույս։

11.03.2023 թ., Երևան, Աջափնյակ

(Ծիծեռնակաբերդի բարձունք)

11.05.2023 թ., Երևան, Շենգավիթ


Հղես կապ ա...

[խմբագրել]

(Արցախի բարբառով)

Քյունջ ու պուճախ սաղ կապալըն,
Ամէն տէղա մէզ խափալըն,
Լօխ կօծկալըն սօտ խօսքէրավ,
Իսկ տօն կյալի հղէս կապ ա։

Հղէս կապ ա,
Հղէս կապ ա,
Իմ տօն կյալի
Հղէս կապ ա։

Մնացալըմ հէռէ, քարէն,
Աշկըս` տանըս ճանապարէն,
Էս հիբանց ա՞ թօրքն ազրայէլ,
Վէր ինձ թողէց ճանապարէն։

Քանի՜ ամէս յէկու հընցավ,
Աշկըս կարօտ վէղէս` հընցավ,
Իմ տօն, իմ թաղ, իմ բաղ-բախչա,
Հալբաթ մին օր ծէզ կըտէսնամ։

Աշխարքն հալա քօնիլած ա,
Ու տիժէր թա էլ զուրթնանա,
Մէր մէ՛ջ պիտի օժ քըթէնանք,
Օ՜ժժավ պիտի հղէս պէնանք։

Հղէս պէնանք,
Հղէս պէնանք,
Իմ տօն կյալի
Հղէս պէնանք։

18.03.2023 թ., Երևան, Շենգավիթ
21.05.2023 թ., Երևան, Շենգավիթ

Ճամփաս փակ է...

[խմբագրել]

Ծակուծուկերը փակել են,
Ամեն տեղից մեզ խափել են,
Ու կոծկել են սուտ խոսքերով,
Իսկ տուն գալու ճամփաս փակ է։

Ճամփաս փակ է,
Ճամփաս փակ է,
Իմ տուն գալու
Ճամփաս փակ է։

Մնացել եմ հեռու, քարին,
Աչքս` տանս ճանապարհին,
Այդ ե՞րբ թուրքը կտրիճացավ,
Որ ինձ թողեց ճանապարհին։

Քանի՜ ամիս եկավ-անցավ,
Աչքս կարոտ հողիս` անցավ,
Իմ տուն, իմ թաղ, այգի-պարտեզ,
Գուցե մի օր կտեսնեմ ձեզ։

Իսկ աշխարհը դեռ քնած է,
Ու դժվար թե արթնանա էլ,
Մեր մե՛ջ պիտի ուժ գտնենք մենք,
Ուժո՜վ պիտի ճամփաս բացենք։

Ճամփաս բացենք,
Ճամփաս բացենք,
Իմ տուն գալու
Ճամփաս բացենք։

18.03.2023 թ., Երևան, Շենգավիթ
21.05.2023 թ., Երևան, Շենգավիթ


Չասված բառերս

[խմբագրել]
15 տարի առանց քեզ, մայրիկ...


Բառերը, որոնք մնացին չասված`
Պատռում են հիմա կոկորդս, մայրիկ։

Բառերը, որոնք էլ չեն ասվելու`
Խեղդում են պատռած կոկորդս, մայրիկ։

...Չասված բառերի իմ «հավաքածուն»
Ո՞ւմ տանեմ, ինչո՞ւ ու ինչպե՞ս, մայրիկ։

21.05.2023 թ., Երևան, Շենգավիթ


Իրեն նոր սուլթան կարծող...

[խմբագրել]

Իրեն նոր սուլթան կարծող
Ազերի մի լածիրակ
Պարզել է դաշույնն իր կեռ,
Ուզում է ստիպել, որ
Մի երկիր, մի ժողովուրդ`
Անցնի իր թրի տակով,
Որ հետո, ինչ էլ լինի,
Արցախցի ոչ մի սերունդ
Զենք չառնի ազերու դեմ:

...Չի՞ կարծում, կամ չգիտե՞`
Ամեն մի արցախցու մեջ
Դավիթն է փոքրիկ քնած,-
Գործելու իր ժամին է
Սպասում, որ արթնանա։

05.06.2023 թ., Երևան, Շենգավիթ


Իսկ ինչու են օրերս...

[խմբագրել]

Իսկ ինչո՞ւ են օրերս
Ինձնից այսպես հեռանում
Լքված հո՞ւն են ձորերս,
Թե՞ անկամ են նեղանում։

Հայրենիքում իմ ավեր
Ստրուկներն են ղեկավար,
Ո՞ւր մնացիք, արքաներ,
Երա՞զ էիք` «կար-չկա՞ր...»։

...Անցան նախկին փառքերը,
Արքաները էլ չկան,
Ավեր երկրիս տերերը
Մի օր գուցեև ետ գան։

10.06.2023 թ., Երևան, Շենգավիթ


«Մենք ենք, մեր սարերը»
կոթողի նկարի առաջ

[խմբագրել]

(Արցախի բարբառով)

Հինչքան հէռու`
Քըզնըհէտըմ
Կյանքում միշտ։
Թող տէսնավէչ`
Աշկըտ` ըրտասունք,
Սէրտըտ` վիշտ։

Հինչ տեղ քինամ
Ու հինչքան էլ
Հըռանամ`
Տիժեր` թա քու
Խըտտումըտ
Ապրած կյանքըս
Մուռռանամ։

13.06.2023 թ., Երևան, Կենտրոն (Ազատության հրապարակ)


Մաքառող տեսակ

[խմբագրել]
44-օրյայի հերոսներից`
Վահագն Սարդարյանի հիշատակին

Պատկերացնե՞լ, ինչպե՞ս, և` ինչո՞ւ,
Մարտի պատկերի հետ «նայվո՞ւմ» էիր,
Ոսոխի շունչն էր քեզ վրա թռչում,
Անսարսուռ կանգնել` «հմայվո՞ւմ» էիր։

Կռվեցիր անդուլ, միշտ մաքառեցիր`
Մարտում ամենատաքարյունն էիր,
Քեզ մորդ համար չխնայեցիր`
Նրա բաց սրտի տաք արյունն էիր։

28.07.2023 թ., Երևան, Շենգավիթ

Գույժը նորից...

[խմբագրել]

Գույժը նորից
Դուռն է բախում
Ամեն տան,
Բայց ասում են`
Լավ կլինի
Ամեն բան։

Արյան հոտ է
Կրկին առել
Թշնամին,
Հայոց ցավն է
Տարտարոսվել
Անմեկին...

8.08.2023 թ., Երևան, Շենգավիթ


Գլուխդ կդնե՞ս...

[խմբագրել]

Գլուխդ կդնե՞ս ծնկներիս,
Մատներս թող ծոցդ մտցնեմ`
Մտքերս ծոցիդ մեջ թաքցնեմ,
Գիրգ հպվեն նռներդ ձեռքերիս։

Խառնեմ քո երազին մտքերս`
Անհաղորդ ձեռքերիս արածին,
Ձեռքերս` անհաղորդ երազին,
Փրկեն իմ մտքերը ձեռքերս։

Գլուխդ կդնե՞ս ծնկներիս...

11.08.2023 թ., Երևան, Շենգավիթ


Չգիտեմ` ե՞րբ...

[խմբագրել]

Չգիտեմ` ե՞րբ, ինչպե՞ս, ինչո՞ւ,
Ո՞նց փակվեցին աչքերս բաց,
Ես քո երազն էի տեսնում`
Աչքերս բաց ու սիրտս բաց։

Կեսգիշերն էր վաղուց անցել,
Չգիտեմ` ո՞նց, քնո՞վ անցա,
Ես քո երազն եմ «գրանցել»
Աչքերիս մեջ` անքուն, անցավ։

Քնած ես դու գիշերվա մեջ,
Ձայնդ հասնում է կոպերիս.
«Արթուն է դեռ ու չի քնում,
Ի՞նչ է գրում, ի՜նչ է գրում»։

...Լույսը բացվեց, չհասկացա`
Քնե՞լ էի, անքո՞ւն էի,
Սիրտս լիքն էր երազներով,
Իսկ երազիս մեջ դո´ւ էիր...

11.08.2023 թ., Երևան, Շենգավիթ


Ես ուզում եմ...

[խմբագրել]

Ես ուզում եմ, որ դու լինես
Ինչպես միշտ ես` ջերմ ու գորով։

Եղիր` ինչպես կայիր ու կաս,
Ես սիրում եմ շշունջը քո։

Եղիր` ինչպես միշտ ես ինձ հետ`
Իմ սրտի մեջ ու իմ կողքին։

Երբեմն` թեև անմատչելի`
Սրտիս համար միշտ հաճելի։

Միշտ սիրելի ու սպասված,
Միշտ` փակ թեև, սակայն... բացված։

12.08.2023 թ., Երևան, Շենգավիթ


Իմ քաղաքը

[խմբագրել]

Իմ քաղաքը
վաղուց ապրում է առանց ինձ,
չհասցրի նույնիսկ
հիշողությանս մեջ գրանցել
հրաժեշտի պահը վերջին։
Չէի պատկերացնում
որ վերադարձս
կարող էր այսքան երկարել։

Իմ քաղաքը
երևի նեղացած է ինձնից,
որ հեռացա երկու-երեք օրով,
ու արդեն քանի՜ ամիս է`
վերադառնալ չեմ կարողանում,
ճանապարհ չկա։

Ճանապարհ չկա,
թեև ամենուր ճանապարհներ են,
ուր ուզես` կարող ես գնալ,
տուն վերադառնալ` երբեք,
դուրս ես եկել տնից,
ու այլևս ներս մտնել չեն թողնում,
թույլտվություն չկա։

Միջազգային համրությունը
(սխալ է` ասել հանրություն)
հետևում է, ուշի-ուշով,
թե տուն վերադառնալու
ինչ նոր հնար կարող եմ գտնել,
որ, երևի, խանգարի։

Օրենսդիրներ-օրենսգիրնե'ր աշխարհի
ու անդրաշխարհի,
ցույց տվեք մի օրենք,
ուր սևով սպիտակի վրա
գրված լինի այդ մասին,
հաստատի դրա օրինական լինելը,
թե՞ այլևս դադարել ենք
ապրել օրենքներով։

Իմ քաղաքում ձմեռ էր,
երբ հեռացա,
գարունը եկավ ու գնաց`
ես էլի հեռվում էի,
ամառը եկավ ու կգնա`
ես էլի հեռվում եմ,
աշունը կգա ու կգնա`
ես էլի...

...Ո՞վ է վերադարձնելու ինձ ու քաղաքիս`
բացակա կյանքս իմ քաղաքից...

16.08.2023 թ., Երևան, Շենգավիթ


Արարատ-Արագած

[խմբագրել]
«Նա, ով խոսում է Արարատից`
Հայաստանից չի խոսում»։
Մի իմաստակի նորագույն «իմաստախոսություններից»


Նա ուզում է
Արարատը ջնջել
Երևանի երկնքից
ու Արագած նկարել նույն տեղում։

Նա ուզում է
պետական զինանշանն ու օրհներգը
հարմարեցնել իրեն,
որ կարողանա բերանացի անել հեշտ,
և այստեղ-այնտեղ,
տեղի-անտեղի,
արտասանի ոգևորված,
թե իբր` տեսեք,
ես ամեն ինչ գիտեմ,
մեր երկրի ո՞ր ղեկավարը
կարող էր
ինձ պես արտասանել։

Նա ուզում է,
որ բոլորիս բնակարաններում
ոչ թե Արարատի,
այլ Արագածի' նկարը լինի,
մոռանալով,
որ Աստված է նկարել
Արարատը բոլորիս սրտերում։

17.08.2023 թ., Երևան, Շենգավիթ

Բարի լույս...

[խմբագրել]

Բարի լույս,
Չես արթնացել,
Քնած ես դեռ երևի,
Բայց վաղո՜ւց
Պատուհանից
Ներս ընկած շողն արևի
Այրո՜ւմ է ամռան տոթով
Ու հանգիստ քնել չկա՜։

Սպասենք հույսով,
Սիրով,
Մինչև զով աշուն կգա։

20.08.2023 թ., Երևան, Շենգավիթ

Ժամանակը...

[խմբագրել]

Ժամանակը
Քանի՜երորդ անգամ նորից
Ձգեց պրկված զսպանակը
Ու մեզ հանեց սահմանից դուրս։
Մնացինք մենք անօթևան`
Անտուն-անտեղ,
Բայց ո'չ երբեք` անհայրենիք:
Մենք հեռացանք,
Բայց մեր հոգում,
Մեր սրտի մեջ
Հայրենիքը ապրում է դեռ
Ու կապրի հար։
Մեր մտքի մեջ,
Մեր երազում`
Միշտ կունենա'նք ծննդավայր։

Պիտի ապրենք,
Պիտի տքնենք
Ու մաքառենք,
Միշտ մեր մտքում պիտի պահենք
Շրշյունն անգամ`
Քնքուշ հովի հայրենական,
Որ միշտ լինենք մենք միակամ`
Հանուն այն վեհ, արդար մտքի,
Սկզբունքի,
Որ ինչ անես` ո'չ մի դեպքում
Չի իջնելու երբեք ծունկի։
Չի վերածվի
Լպիրշ,
Ճղճիմ,
Ու անիմաստ ինչ որ խոսքի,
Անկապ բառի,
Այլ կլինի միշտ կենսունակ
Ու միշտ արի,
Միշտ աշխատող մեխանիզմը
Պահի,
Ժամվա,
Օրվա...
Դարի։
Միշտ կլինի վկան` խիղճը
Մեր անցյալի ու ներկայի։
Միշտ կլինի ուղեկիցը,
Ինչքան էլ` այն լինի դժվար,
Մեր անցնելիք ճանապարհի։

22.08.2023 թ., Երևան, Շենգավիթ 29.11.2023 թ., Երևան, Շենգավիթ


Չե՜ն հասկանա...

[խմբագրել]

Ես դժգոհ եմ այդ մարդկանցից,
Ում հանդիպում եմ ամեն օր,
Ում հետ շփվում եմ ամեն օր`
Ես խռով եմ այղ մարդկանցից։

Թեև գալիս են դեռ նորից,
Հանդիպում են` ասում-խոսում,
Նրանք ցավս են զազրախոսում`
Թեև լսում են նաև ինձ։

Դեռ բանում են իրենց այգում,
Եվ ապրում են դեռ տանն իրենց,
Ինձ` տուն-այգի կորցրածիս
Չե՜ն հասկանա... Չե՜ն հասկանում։

27.08.2023 թ., Երևան, Շենգավիթ


Ապրի´ր, երկի´ր...

[խմբագրել]

Աշուն, եկար նորից, աշուն,
Կրկին մտար իմ տուն, իմ բակ,
Բայց ես ինչպե՞ս մտնեմ իմ տուն`
Գոցված` ճամփաս, ու դուռս` փակ...

Ու դեռ ապրում եմ ես միգում,
Ու համոզված, որ... դեռ... կգամ,
Քեզնից, Խաչունց աղբյուր, մի կում`
Ու ես անվերջ ողջ եմ, ու` կամ։

Ու ողջ մնալ եմ թե ուզում`
Արևգալդ տեսնեմ, երկիր,
Ինձ ոչ մի բան էլ չի հուզում`
Միայն` շնչի´ր, հրճվի´ր, երգի´ր...

01.09.2023 թ., Երևան, Շենգավիթ


Վտարված եմ...

[խմբագրել]

Վտարված եմ
Ես իմ երկրից,
Հեռացված եմ
Ու մոռացված...

...Ինչպե՞ս պիտի
Վերադարձնեմ
Իմ չապրված
Օրե´րն անցած։

01.09.2023 թ., Երևան, Շենգավիթ


Իսկ Արցախիս...

[խմբագրել]

Իսկ Արցախիս սովյալների
Տառապանքի,
Ցավի հանդեպ
Աշխարհը դեռ աչք է փակում։

Ու թող այնքան փակված մնա,
Որ կուրանա աչքն աշխարհի...

(Բարձր է գոռում գողն ավելի`
Գողը փախավ,
Բռնեք գողին)։

...Մա´յր-Հայաստան,
Հայո´ց ոստան,
Քո արածից չե՞ս ամաչի,
Ինչքան էլ որ հողմեր ոռնան`
Արցախը կա,
Մի´շտ կլինի։

Ես հավատում եմ Արցախիս
Արշալույսի´ն վերընձյուղման։

03.09.2023 թ., Երևան, Շենգավիթ
08.09.2023 թ., Երևան, Շենգավիթ


Ահա կանգնած ենք...

[խմբագրել]

Ահա կանգնած ենք կողք-կողքի
Ու մեր միջև սահման չկա,
Մի մարմին ենք ու մի հոգի,
Սեր ու գորով, ամեն ինչ կա։

Բայց երբ հեռու ենք իրարից`
Մեկ է` ինձնից չես հեռանում,
Թեև մենակ ես թողնում ինձ`
Քեզ մտքիս մեջ ես մոռանում։

04.09.2023 թ., Երևան, Շենգավիթ


Մի´ եղիր այդչափ ագահ...

[խմբագրել]
...Բայց հաճախ,
Կյանքդ հերիք չի՜ անում...
Գևորգ Էմին

Մի՛ եղիր այդչափ ագահ, ընչաքաղց...
Նավթադոլարներ շատ մի՛ հավաքիր։
Ո՞վ է ինչ տարել իր հետ, որ տանես։
Դու էլ չես տանի։
«Այո» ասա մեր
Ազատ ու անկախ ապրելու կամքին։

Ուշքի´ եկ, աշխա´րհ,
Ու հիշի´ր, աշխա´րհ,
Կյանքն այնքա´ն է կարճ,
Որ չի´ հերիքի
Նույնիսկ ա´յդ «այո»-ն ասելու համար։

04.09.2023 թ., Երևան, Շենգավիթ


«ՔՊ-ա-թուրքա-դմփ-դմփ-հու»

[խմբագրել]
Գույժեր են գալիս Ղարաբաղից,
Սարեր են փշրվում սրտիս վրա...
Համո Սահյան

Ականջդ կանչի, Սահյա´ն Համո,
Երեսուն տարին անցավ հազիվ,
Ո՜նց կռահեցիր, որ Արցախով
Գալո՜ւ է վերջը Հայաստանի...

Եվ Հայաստանի անկման համար
Թմբուկ են նրանք դեռ խփելու,
Արցախի անկման ուրախությամբ`
Սմբուկ են նրանք դեռ լափելու։

Եվ ո՜վ պիտի դեռ հարցնի նրանց`
Ում կամ ինչու են քարկոծելու,
Եվ այսպես մի-մի «չաքուճ» առած`
Մասիսին է՛լ են դեռ հասնելու։

07.09.2023 թ., Երևան, Շենգավիթ

Անհեթեթություն

[խմբագրել]

Եվ կար ժամանակ`
Անուս ազերին
Չէր էլ հասկանում,
Թե ոնց բաժանի
Երկու էշերի միջև գարին...

...Իսկ հիմա տեսեք`
Իր տհասությամբ
Ո՜նց է աշխարհին
Ծաղրում է ալին։

16.09.2023 թ., Երևան, Շենգավիթ


Ներիր, մայրիկ...

[խմբագրել]

Ներիր, մայրիկ, ներիր դու ինձ,
Հաշտ եմ արդեն իմ Աստծո հետ,
Դաժան էր, բիրտ` գուցե մի քիչ,
Ներիր, մայրիկ, ներիր, ներիր։

Ներիր, հիմա հեռու եմ շատ,
Հեռու եմ ես քեզնից, ինձնից,
Այնպես հանգիստ եմ, անշտապ,
Ներիր, մայրիկ, ներիր, ներիր։

Էլ ոչինչ չի մտատանջում
Ինձ` որդուն քո` այն զգայուն,
Էլ ոչնչով չեմ հմայվում,
Ներիր, մայրիկ, ներիր, ներիր։

Ներիր որդուն քո դրուժան,
Հայրիկի, քո գերեզմանին
Չայցելի էլ ո՛չ մի անգամ`
Ներիր, մայրիկ, ներիր, ներիր...

...Բայց թե մի օր ներես դու ինձ`
Քո ներելու համար երբեք
Չեմ ներելու ես ինձ, երբեք,
Ներիր, մայրիկ, ներիր, ներիր։

17.09.2023 թ., ՌԴ, Վլադիկավկազ (մեքենայում)
24.10.2023 թ., Երևան, Կենտրոն (Հյուսիսային պողոտա)


Սև մղձավանջ է իջել...

[խմբագրել]

Սև մղձավանջ է իջել
Արցախիս վրա,
Եկել` ո՜նց է շնթռնել,
Թշնամին նրա։

...Հարյուր տարի էլ անցնի`
Չի մոռացվելու,
Մեր կորստի, մեր ցավի
Ոխն ենք հանելու...

28.09.2023 թ., Պյատիգորսկ (ՌԴ)


Իսկ իմ հրաշք...

[խմբագրել]

Իսկ իմ հրաշք
Արցախից
Ինձ մի բուռ
Հող չմնաց,
Միայն`
Մի լուռ
Ափսոսանք,
Որ ողջ արածս
Գնաց։

...Բայցև`
Որպես սփոփանք,
Արցա՜խ,
Անո´ւնդ մնաց։

7.10.2023 թ., Երևան, Շենգավիթ


Ասացին...

[խմբագրել]

Ասացին`
կվերադառնա՞նք։

Ասացի` այո,
երբ վերադառնան
տաք երկրներ չված
թռչունները։

Ասացին`
կատակո՞ւմ ես։

Ասացի` այո։
Մեզ
միայն
կատակելն է
մնացել,- ավելացրի։
Մեր
մյուս
բոլոր
առաքինություններն
ու արժանիքները
զրոյացվելու են
կառավարության
հաջորդ
հերթական
նիստում։
Թողնվելու են
միայն
մեր արատներն ու
թերությունները։

14.10.2023 թ., Երևան, Շենգավիթ


Հարցեր, հարցեր...

[խմբագրել]

Երևանը դարձել է, տե'ս,
Մի փոքրիկ Ստեփանակերտ,
Ծանոթ շունչ է` ուր շրջվում ես,
Ծանոթ խոսք է, ծանոթ դեմք։

Չես հասկանում` ինչպես վարվել,
Լա՞վ է արդյոք դա, թե՞ վատ,
Ո՞նց ենք ուզում մենք ավարտվել
Մեր ընթացքով անավարտ։

Ո՞ւր ենք այսպես փութով փախչում,
Դեպի երկի՞ր, թե՞ երկրից,
Ի՞նչ դռներ են, ո՞վ է բացում,
Ո՞ւր ճողոպրենք մենք մեզնից։

Ինքներս մեզ դավաճանե՞նք,
Զուր ենք այսպես մեզ խաբում,
«Ամենայն տեղ մահը» մի՞ է,
Ինչո՞ւ էլ չենք հավատում։

14.10.2023 թ., Երևան, Շենգավիթ


Արև-լուսին

[խմբագրել]

Ինձ մոտ ցերեկ է,
Քեզ մոտ գիշեր է,
Դու դեռ քնած ես,
Ես` արթնացել եմ։

Էլ չենք հանդիպում
Կարծես թե, իրավ,
Մեր երազներն են
Խանգարում իրար։

Հիմա գիշեր է,
Քնել չեմ ուզում,
Դու արթնացել ես`
Ես ինչպե՞ս քնեմ։

Իրար ես ու դու
Անհաս ենք, հեռու,
Կարծես արև ու
Լուսին ենք խաղում։

19.10.2023 թ., Երևան, Շենգավիթ


Ես ու դու

[խմբագրել]

Օվկիանոսի
Այս ու այն
Կողմերում ենք
Ես ու դու։

Երկու ափերն
Իրար գան`
Կհանդիպենք
Իրարու։

19.10.2023 թ., Երևան, Շենգավիթ


Ծննդյան շատ...

[խմբագրել]
Անգելինա Ազարյանին

Ծննդյան շա՜տ
Օրեր տոնես,
Լինես ազնի՛վ,
Մաքո՛ւր,
Հպա՛րտ:

Դու`
«Աշխարհի գեղեցկուհի»,
Քեզ`
Ավելի՛
Բերկրալից կյանք։

20.10.2020 թ., Երևան, Մալաթիա-Սեբաստիա


Չորս տող

[խմբագրել]

(ԱԿՐՈՍՏԻՔՈՍ)

Նոնային

Նույն աչքերը, նույն ժպիտը`
Ոնց բացվող առավոտյան,
Նշան լինեն թող հրճվանքի,
Անհուն սեր-երջանկության։

20.10.2023 թ., Երևան, Շենգավիթ

Երկի՛ր իմ վես...

[խմբագրել]

Երկի՛ր իմ վես,
երկի՛ր հպարտ,
ամրապինդ ու հրաշապարտ,
այս ինչպե՞ս մեր միտքը խամրեց,
ոգին նվաց ու կարկամեց`
եռագույնիդ գույներն ամեն
խառնվեցին-գունատվեցին,
դարձան անգույն,
գորշ ու դժգույն,
գորշ ու տգույն,
գորշ ու ...նկուն:

Ո՜ւր մնաց մեր միտքը ճկուն։

Ի՞նչ անենք մենք երկրում ավեր,
ինչպե՞ս դարձանք մենք տնավեր...

Հարցե՜ր,
հարցե՜ր,
որ էլ չունեն պատասխաններ...

Խլեց մեր տունն ու ապագան...
(շուն՝ շան որդի,
եթե ոչ մենք`
որդը մի օր քեզ կփրթի)...

Ո՜վ պիտի մեզ պատասխանի,
թե՞ սպասենք,
ատամները սեղմած իրար,
էլի՛ մի նոր... հարյուր տարի՞։

29.10.2023 թ., Երևան Շենգավիթ


Ոչ կատակ - ոչ լո՞ւրջ

[խմբագրել]

Ի՞նչ եմ թողնում
Ես աշխարհին,
Ի՞նչ է մնում
Ինձ աշխարհից։

Հարցնում եմ
Ինքս ինձ անվերջ
Ու... սպասում...
Պատասխանի։

...Ձեն-ձուն չկա
Էլ աշխարհից,-
Ինձ ո՞վ պիտի
Պատասխանի։

31.10.2023 թ., Երևան, Շենգավիթ


Կինս գնա՝ մնա Լոսում...

[խմբագրել]

Կինս գնա`
Մնա Լոսում,
Իսկ ես, գիտե՞ք,
Չեմ ափսոսում։

Նա, որ արդեն
Լոս է տեսել,
Հեշտ չի լինի
Հետը խոսել։

Բա էլ կգա՞...
Ի՞նչ է անում
Նա այս դժգույն
Երևանում։

4.11.2023 թ., Երևան, Շենգավիթ


Անհայրենիք է Բաղրամյանն ինքը...

[խմբագրել]

(Տրիոլետ)

Անհայրենիք է Բաղրամյանն ինքը`
Քանի՜ հայրենիք ազատագրած,
Քանի՜ ազգ` ոստան իրենով գտած`
Անհայրենիք է Բաղրամյանն ինքը։

Իր հողն ու ջուրը քոչվորին թողած`
Անդաստական է իր ընտանիքը,
Անհայրենիք է Բաղրամյանն ինքը`
Քանի՜ հայրենիք ազատագրած։

19.11.2023 թ., Երևան, Շենգավիթ


Հանդիպելու ակնկալիք

[խմբագրել]

Ձախողվա՞ծ է, ինչո՞ւ,
Մեր հանդիպելն արդեն,
Սարդոստա՞յն է հինում
Արդեն բախտը մեր դեմ։

Չենք հանդիպում իրար
Անգամ երազներում,
Չեմ հասկանում, իրավ,
Ինչպե՜ս եմ քեզ ներում։

Ինչո՜ւ եմ քեզ ներում,
Երբ վաղուց է` չկամ
Ես էլ քո աչքերում,
Բայց մի օր դեռ կգամ։

Կգամ, այո, մի օր,
Սպասիր դու համառ,
Խինդը մեր ձախողված
Ապրեցնելու համար։

30.11.23 թ., Երևան, Շենգավիթ


Սեպտեմբերից այս կողմ

[խմբագրել]

Սեպտեմբերից այս կողմ`
Անծանոթ ենք իրար,
Հանդուրժող ենք այնպես`
Մա՜հ եմ, գո´ւյժ ես, աշխա´րհ...

Սեպտեմբերից այս կողմ`
Մենք ո՜չ միայն երկիր,
Կորցրել ենք և մե´զ`
Անդառնալի այնպես,
Անհետևանք ասես,
Որ ուզում ես ճչա՜լ,
Բայց անիմա´ստ արդեն,
Իզուր ու անտեղի´,
Եվ` ուշացա´ծ նաև։

Դեռ համարձակվում ենք
Հայելու մեջ նայե՞լ։

Զղջո՞ւմ` ինչի՞ համար։
Խժռել մի ողջ երկի՞ր
Ու մսխո՞ւմ ենք հիմա։

...Իսկ կշտանա՞լ` չկա՜։

Չկա՜...
Չկա՜...
Չկա՜...

1.12.23 թ., Երևան, Շենգավիթ


Արցունքն` աչքին

[խմբագրել]

Երազի պես եկավ գնաց,
Քույրս` հեռու Սամարայից,
Թախիծը լուռ կախված մնաց,
Տխուր-ուրախ այդ յոթ օրից։

- Հայրենիք եմ կարծես եկել,-
Թախծում էր նա` արցունքն աչքին,-
Բա իմ անուշ գյուղն ո՞ւմ մնաց,
Գերեզմաններն իմ այն անգին։

Արցունքն` աչքին գնաց նորից,
Գնաց կրկին` լի կարոտով,
Ասաց` կգամ մեկ էլ, նորից,
Թե երթս անցնի Կոճողոտով։

18.12.2023 թ., Երևան, Շենգավիթ


Ճանաչում ենք իրար...

[խմբագրել]

Ճանաչում ենք իրար հեռվից հեռու,
Հասկանում ենք իրար բառից երկու,
Մենք նման ենք այնպես` մեկս մեկու։

Իրար վանող, սիրող, իրար ներող,
Իրար համար շնչող, իրար գերող,
Բայց` սպասման մեջ միշտ, միշտ` համբերող։

Մեր ձեռքերը` պատրաստ միշտ գրկվելու,
Մեր մտքերը` մեկտեղ, բայց և` հեռու,
Տեսնես` ինչ է վերջը մեր լինելու։

19.12.2023 թ., Երևան, Շենգավիթ


Հուսահատ ճիգեր

[խմբագրել]

Մենք մեր մատը տանում
Ու մեր աչքն ենք հանում։

Մենք այս ո՜ւր ենք ընկել,
Ու նեղվում էլ ենք դեռ,
Որ մնացել մենակ`
Փնտրում ենք հույս-հենակ,
Բայց չենք գտնում, չկա։

Գուցե, Աստված վկա,
Հայտնվի մի տեղից`
Մոտիկ, կամ թե` հեռվից,
Տարբերություն չկա,
Միայն թե մեկը գա
Ու մեր կողքին կանգնի...

...Մենք հինգ հազար տարի
Հոգեվարք ենք էրնում,
Սակայն դեռ չենք... մեռնում:

...Իսկ այդ մեկը կգա՞,
Իսկ այդ մեկը... չկա՜...

21.12.23 թ., Երևան, Շենգավիթ


Անուշ շէնըս, Կճօղօտըս...

[խմբագրել]

(Արցախի բարբառով)

Մէր Արցախն ա մհէնգյ հէռվում,
Ըտրա հէտէ շատըմ էրվում,
Բայց վէր թօռնըս ա «ապա»* կանչում`
Սէրտըս տէղան յէր ա թըռչում։

Մըտքավ նօրից շէնումնըմ ես,
Էս հինչ քյալյագ յէկու կըլխէս,
Մինչէվ Շօրէն թաղնըմ հըսնում`
Վէշմինին էլ պըտահումչում։

Էս շտէղը՞ն մարթիքյ քեցալ,
Էս կյաղլուվը՞ն նահանք կացալ,
Կյուղլուկանի խաղըրածըմ,
Լուխճու շատ հիշտ միշտ քիթածըմ։

Բայց սա հանցա օրիշ խաղ ա,
(Սա խաղ չի, սա սըրտու դաղ ա),
Էս հինչուվը՞ն շէնը թողալ,
Շտէղը՞ն մարթիքյ տէղափօխվալ։

...Զուրթնանումըմ, լյուսացալ ա,
Մըտքումըս` մէր շէնն ա հյալա,
Ծըմըկնէրումնըմ մեր` մինակ,
Քէրծէն կըլխէն Ճինջըքարա։

11.01.2024 թ., Երևան, Շենգավիթ

___________

  • ) «Ապա» - Պապի


Անուշ գյուղս, Կոճողոտս...

[խմբագրել]

Մեր Արցախն է հիմա հեռվում,
Դրա համար շատ եմ այրվում,
Բայց երբ թոռս է «ապա»* կանչում`
Սիրտս տեղից վեր է թռչում։

Մտքով նորից գյուղում եմ ես,
Այս ի՞նչ փորձանք եկավ գլխիս,
Մինչև Շորեն թաղն եմ հասնում`
Ոչ մեկին էլ չեմ հանդիպում։

Մարդիկ այս ո՞ւր են գնացել,
Թաքնվե՞լ են` թա՞ք են կացել,
Պահմտոցի խաղացել եմ,
Բոլորին միշտ հեշտ գտել եմ։

Բայց սա ոնց որ ուրիշ խաղ է,
(Սա խաղ չէ, սա սրտի դաղ է),
Այս ինչո՞ւ են գյուղը թողել,
Ո՞ւր են մարդիկ տեղափոխվել։

... Արթնանում եմ, լուսացել է,
Բայց մտքիս մեջ` դեռ մեր գյուղն է,
Մենակ` անտառներում գյուղի,
Ճանճաքարի քերծի գլխին։

11.01.2024 թ., Երևան, Շենգավիթ

___________

  • ) «Ապա» - Պապի


Նույն թեմայով

[խմբագրել]
Եթե չասեմ`
Խոց կլինի...
Պարույր Սևակ

1
Եթե չասեմ`
Չես իմանա,
Եթե ասեմ`
Չես դիմանա։

Մտածում եմ
Այսպես անվերջ,
Ասե՞մ, չասե՞մ`
Ո՞վ կիմանա...

14.01.2024 թ., Երևան Շենգավիթ

2
Թե չասեմ՝ չես իմանա,

չեմ ուզում գաղտիքներ բացել,

Թե ասեմ՝ չես դիմանա,

չեմ ների ինքս ինձ արդեն,

Մտքիս մեջ դա է անվերջ,

ի՞նչ անել՝ ասե՞լ, թե՞ չասել,

Չգիտեմ, ո՞վ կիմանա,

ո՞ւմ է պետք... և... ինչո՞ւ լսել...

21.01.2024 թ., Երևան, Շենգավիթ

Աշխարհին ի՞նչ է եղել...

[խմբագրել]

Աշխարհին ի՞նչ է եղել,

ամենուր` ավեր ու ավար,

Գայլացած մարդիկ խռնվել`

ամեն ինչ խառնել են իրար,

Կերել են իրար պրծել`

մարդ մնա՞ց, որ կանչի հավար,

Կբացվի՞ լույսն աշխարհում,

աշխարհում ցուրտ է ու խավար։

21.01.2024 թ., Երևան, Շենգավիթ


Տխուր է սիրտս, լցված..

[խմբագրել]

Տխուր է սիրտս, լցված,

չգիտեմ` ում մոտ եմ բացվում,

Երբ ինձնից անկախ ամեն

շարժումից այնպե՜ս եմ ցնցվում։

...Հայրենի բակս, այգիս`

հետքերով իմ էլ չեն լցվում,

Այլախոհ - այլադավան

ոտքերն են բակս խցկվում։

21.01.2024 թ., Երևան, Շենգավիթ


Կյանքուկռիվ

[խմբագրել]

Գունավոր - անգույն ձևեր են փոխվում,
պիտակավորման տարբեր երանգներ,
հեղափոխության ոգին
սակայն` միշտ նույնն է մնում
հարափոփոխ այս ժամանակներում
խելահեղության։
Հեղափոխության,
որ ժողովրդին փողոցներ հանեց,
որ ժողովրդին ամբոխ դարձրեց։
Եվ ամբոխ դարձած այդ ժողովուրդը
ամբոխ էլ մնաց։
Իսկ ժամանակը քայլ արեց` գնաց,
իսկ պատմությո՞ւնը,
քայլ արեց` գնաց։

Պատմությո՞ւն,
Այո՞։
Իսկ մեր ինչի՞ն է պետք
այդ պատմություն կոչվածը,
կասե՞ք։

Նրա՛նք,
թող նրա՛նք
եղծեն ու կեղծեն, վերստին ստեղծեն`
ովքեր դա չունեն։
Ովքեր ո՛չ ունեն,
ո՛չ էլ կունենան`
խիղճ,
պատիվ։
Այստեղ
կանգ առնենք մի պահ,
մեր շուրջը նայենք`
հնություններ են հինգ հազարամյա
և պատճեներն են դրանց՝ կողք-կողքի,
որ իսկականից չեն էլ տարբերվում։

Հիմա` ի՞նչ,
Լռե՞նք,
Թողնենք, որ ով ինչ ուզում է` անի՞,
մեր հիշողությունն առնի ու տանի՞,
սպանի՞ գուցե,
կամ էլ ողջ թողնի՞, իսկ մե՞նք` փակբերա՞ն,
առանց շնչելու իրավունքի՞,
և՝
դա ապրե՞լ կոչենք,
իսկ գուցե դրան
ա՞յլ անուն տայինք,
անվանեինք` ի՞նչ, լուսավոր գալի՞ք,
թե՞ խաղաղության նոր դարաշրջան,
ուր չես տարբերում` ինչ է` պետություն,
ինչ է` հայրենի՞ք։

Ասում են մի բան,
անում` մի այլ բան,
իսկ մե՞նք,
կարկամե՞նք,
դիտորդի դերո՞ւմ։

Մեր տուն ու տեղը աճուրդի հանեն,
իսկ մենք գո՞հ մնանք,
կամ` ուրախանա՞նք, որ... ո՞ղջ ենք,
որ դեռ...
մեզ չե՞ն մորթելու։

Մենք ժողովո՞ւրդ ենք,
մենք ժողովուրդ չե՞նք։
Իսկ գուցե գնանք,
դեմ առ դեմ կանգնենք,
կռվենք ու մնանք հենց այնտեղ,
մահվան դաշտում այդ մարտի,
հաղթենք, կամ հաղթվենք։

Կհաղթենք`
կապրենք հողում հայրենյաց
հետայսու նաև։
Իսկ թե կմեռնենք`
մեռնենք պատվավոր մահով`
նախորդաց փառքին արժանի,
ու խառնվենք հողին մեր հայրենական`
Արցախական
հի՜ն հայոց աշխարհի։

Ուրեմն`
գնանք...

24.01.2024 թ., Երևան, Շենգավիթ


Նոր «լեզվաբանություն»

[խմբագրել]

Ես հիմա հարկավ ոչինչ էլ չունեմ։
Շարժական։
Անշարժ։
Անցյալ ու ներկա։
Ապագա՞` մի´ քիչ,
մշուշոտ, մռայլ...

Բարեկամներս էլ`
ցրված են տարբեր ուղղություններում`
մեր անծայրածի՜ր-անտարա´ծք երկրի,
Ով` որտեղ ու ոնց։

Ես հարևան էլ թերևս չունեմ։
Հարևան բառից
միշտ ջերմություն էր շնչում,
ծիլ տալիս,
իսկ հիմա՞... մի սառն
անտարբերություն
միջնորմի նման ցնցվել մեր միջև`
շփվել չի թողնում։
Մեզ ի՞նչ է մնում`
միջնորմի
սառը շղարշի
երկու կողմերից իրար
խեթ ծիկրակումներ,
և` ուրիշ ոչինչ։

Եվ` ուրիշ ոչի՞նչ։
Ինչո՞ւ են հաճախ
բառերը փոխում տեղե՜րը իրենց։
Չգիտե՜ք, գիտե´մ։
Ես է´լ չգիտեմ։

Ինչո՞ւ են հաճախ
մարդիկ փոփոխում դերե՜րը իրենց։
Անշուշտ` չգիտե´ք։

Չգիտեմ, ե´ս էլ,
սակայն կուզեի՞ իմանա´լ,
տեսնե´լ,
շոշափե´լ,
զգա´լ։
Գո´ւցե, թերևս։
Իսկ գուցեև` ո՞չ։

Լեզվաբանական
նոր ճյուղ եմ ուզում բացենք,
ազգովի,
թեկուզ` վաղվանից։
Վաղուց ենք սերտել`
ուղղագրություն, ուղղախոսություն,
բառակազմություն, բառագիտություն...
(Չշարունակեմ)...
Ճշմարտագրության, ճշմարտախոսության
կանոններն եմ ուզում
այսուհետ սերտե՜նք ու սերտե´նք։

Ուսումնասիրող
և ուսուցանվող ցանկացողներ կա՞ն,
կգտնե՞նք։
Հարկա՜վ։

27.01.2024 թ., Երևան, Շենգավիթ


Չտեսություն

[խմբագրել]

Կասեք` բաց ոտք տեսած չկա՞մ,
Չի կշտանում աչքս չկամ։

Ուր շորի մի ճեղք երևաց`
Աչքս ճեղքի վրա գնա՜ց։

Գնաց` մնաց, դուրս չի գալիս,
Ծիծա՞ղս, թե՞ լացս է գալիս։

1.02.2024 թ., Երևան, Շենգավիթ


Ես չեմ չարանում մարդկանց վրա...

[խմբագրել]

Ես չեմ չարանում մարդկանց վրա,
Դե, չեն հասկանում` ինչ են անում,
Եվ` իրար համար ինչ են մանում,
Ես չեմ չարանում մարդկանց վրա։

Իրար տանել չեն կարողանում,
Ուտում են իրար հա´ անխնա,
Ես չեմ չարանում մարդկանց վրա,
Դե, չեն հասկանում` ինչ են անում։

6.02.2024 թ., Երևան, Շենգավիթ


Դատարկաձեռն ենք աշխարհ գալիս...

[խմբագրել]

Դատարկաձեռն ենք աշխարհ գալիս,
Դատարկ էլ պիտի կյանքից գնանք,
Գոնե մի քիչ էլ թող մարդ մնանք,
Դատարկաձեռն ենք աշխարհ գալիս։

Երբ կարող էինք օգնել իրար`
Ինչի՞ ենք իրար էլ ցավ տալիս,
Դատարկաձեռն ենք աշխարհ գալիս,
Դատարկ էլ պիտի կյանքից գնանք։

6.02.2024 թ., Երևան, Շենգավիթ


Հերթով գալիս ենք...

[խմբագրել]

Հերթով գալիս ենք` անհերթ գնում,
Դե` մարդ մնայինք գոնե մի քիչ,
(Հոգու պահանջ է ու հոգու ճիչ),
Հերթով գալիս ենք` անհերթ գնում։

Թե չենք տանելու մեզ հետ ոչինչ`
Ինչո՞ւ ենք այսպես իրար ուտում,
Հերթով գալիս ենք` անհերթ գնում,
Դե` մարդ մնայինք գոնե մի քիչ։

6.02.2024 թ., Երևան, Շենգավիթ


Հայաստա՜նս` Հայ-աստ-ա՞նդ...

[խմբագրել]
Մի անուն էի սերտել
դեռ վաղ մանկությունից...
Արիս Արսենի

Մի անուն եմ սերտել
դեռ վաղ մանկությունից
իսկ այդ անունն, ավաղ,
այսօր խեղդում է ինձ...

Այսօր անտուն եմ ես`
անտե՞ղ, անհայրենի՞ք,
էլ ինչո՞ւ եմ այսպես
փնտրում տուն ու տանիք...

Երբ կորել է անդարձ
սրտիս երազն անել`
էլ ինչո՞ւ եմ հիմա
լինելո´ւ փորձ անում,
էլ ինչո՞ւ եմ այսպես
ճգնում ապրե´լ...

12.02.2024 թ., Երևան, Շենգավիթ

Թվում էր

[խմբագրել]
Լավագույն սերը`
Կիսա´տ թողածը։
Պարույր Սևակ

...Իսկ թվում էր, թե
Մեր «կես»-երի հետ
Հաշտ ենք ապրում մենք,
Ապրում ենք սիրով։

Պարզվում է,
Սակայն,
Լավագույն սիրո
Առեղծվածները
Բացահայտվում են
Բոլորովին ա´յլ...
Բանաձևումով...

12.02.2024 թ., Երևան, Շենգավիթ

Գնա´...

[խմբագրել]
Ծնկաչոք խնդրե՞նք մեղավոր նեռին,
Արդյո՞ք կթողնի ու կհեռանա՞...

Աստծո այս ազգը մեղք է, արդարև,
Անաստված,
Անխիղճ,
Թող
Ու
Հեռացիր։

Գիտենք,
Որ արյան ծարավ ունես դեռ,
Դու հագենալու
Այլ միջոց փնտրիր։

Խիղճ ունես եթե`
Նրա´ն հարցրու,
Կհուշի,
Հաստատ,
Ինչպես վարվել ճիշտ։

Տնից ու տեղից զրկե´լ ես մեզ դու,
Զրկել ես
Անգամ գերեզմանների՜ց։
Է՞լ ինչ ես
Խլել մեզանից ուզում,
Ուզո՞ւմ ես,
Է՞լ` ինչ...

Անկո´ւշտ,
Արյունռո´ւշտ,
Հեռացի´ր,
Գնա՜...

Էլ մի´ հապաղիր,
Ու`
Էլ... մի´ մնա...

1.03.2024 թ., Երևան, Շենգավիթ


Արցախցի հայը

[խմբագրել]

Ժայռի պես` ամուր,
Ժայռից էլ պինդ է,
Մի աչքին` արցունք,
Մի աչքին` խինդ է։

Այսպես ապրում է`
Գո՞հ է, դժգո՞հ է,
Կյանքը անցնում է,
Ու կյանքը... զոհ է...

10.03.2024 թ., Երևան, Շենգավիթ

Ձյունե՜լ է այնպես...

[խմբագրել]

Ձյունե՜լ է այնպես,
իսկ դրսում` արև,
դրսում` գարուն է։

Ներսս` աշուն է,
ներսս` անձրև է։

Ա՜խ, այս գարունը,
այնպե՜ս անձև է։

13.04.2024 թ., Երևան, Շենգավիթ


Սև՜, սև´...

[խմբագրել]

Սև՜,
սև´ սիրտ ու սեր,
աչքերում` արև,
սրտի մեջ` գիշեր...

Սրտի մեջ մութ է,
երբ այն չի բացվում,
ամեն ինչ սուտ է,
երբ սեր չի հայցվում...

Գուցե կփոխվի,
կդառնա լավը,
շտա´պ դատարկիր
այդ դառը գավը...

Անհանգիստ սրտով
ո՞նց հանգստանամ,
գարո՞ւն է,
աշո՞ւն,
ինչպե՞ս հասկանամ...

28.04.2024 թ., Երևան, Շենգավիթ


Եռատոն է...

[խմբագրել]

Եռատոն է այսօր,
Մարդիկ,
Եռատոն է։
Ո՞վ գողացավ
Մեր ծով խինդը,
Մեր քրքիջը,
Մեր ծիծաղը,
Մեր տոնական ծափ-հրճվանքը...
Մեր առօրյան
Ու մեր կյանքը...

Իսկ Արցախն իմ`
Անտեր-անմեզ,
Իսկ արցախցին`
Արդեն անտուն-անօթևան։

Եռատոն է...

Էրատոն է ողջ գողոնը հափշտակել,
Էրատոն է։
Հրճվում նա
Հարճի ծախու
Նենգ քրքիջ ու գզվռտոցով:
Տոն է նրա
Ամե՜ն-ամեն առավո՛տը,
Ամե՜ն կեսօրն ու երեկո՛ն:

9.05.2024 թ., Երևան, Շենգավիթ


Անքեզ

[խմբագրել]

Տասնվեց տարի է,
Տես,
Առանց քեզ ենք,
Մայրիկ։
Երկու ու կես տարի`
Կարոտ գերեզմանիդ...

Գերեզմանիդ անգամ
Չենք էլ բերում ծաղիկ...
Անքեզ ենք,
Մամ,
Անկյանք,
Անտուն,
Անհայրենիք...

21.05.2024 թ., Երևան, Շենգավիթ


Հերթագրված են...

[խմբագրել]
Հավերժ աստղերն էլ հավերժական չեն,
Հները կերթան, նորերը կգան:
Հովհաննես Շիրազ

Հերթագրված են ցավերն էլ այդպես,
Հին ցավը գնում` նոր ցավն է գալիս։

Քանի դեռ դու քո նախկինն ես լալիս`
Նորերն են գալիս
Ու նորավարի
Լցվում են տունդ,
Ասես եկել են մի նոր ավարի։

Գուցեթե`
Սի´րտդ կավարեն-տանեն
Ու մի խուլ ձորում
Խեղդեն-կսպանե՞ն...

Հերթագրվա´ծ է
Կյանքում
Ամեն ինչ...

Իսկ հատուցումից,
(Արդար ու անդավ),
Չի´ փրկվի ոչ ոք,
Չի´ փրկվի ոչինչ։

28.05.2024 թ., Երևան, Շենգավիթ


Ասում են թե...

[խմբագրել]

Ասում են թե`
Անհամտեսել
Դու չես կարող ինչ որ բանի
Ո'չ համն զգալ,
Ո'չ էլ տեսնել։
(Համը` տեսնե՞լ)։
Դե`
Տեսնելու բան էլ լինե՜ր...

Իսկ քեզ, ասա, ո՞վ է տեսել,
Որ խմել ես իբր... կվաս,
Կամ էլ` կիսել։
Դե խմել ես գուցեև,
Ի՞նչ,
Հանցանք հո չի՞,
Դե, կիսել է,
Եղածը` ի՞նչ,
Թթու-թերխաշձվի համով
Եսիմ մի... ինչ...
Ոչի՜նչ...
Ոչի´նչ...

...Բայց կարո՞ղ են
Անուշությունն զգալ այդպե´ս,
Նույնի´սկ այդպես`
Անհամտեսե´լ...

Դե, ասում են թե`
Կարող են,
Հնարավոր
Տարբերակ
Կա։

Ես չեմ փորձել։
Ես չեմ փորձի։

3.06.2024 թ., Երևան, Շենգավիթ

Ի՞նչ է մտածում...

[խմբագրել]

Ի՞նչ է մտածում
Տեսնես իմ մասին`
Այդ կոճղը`
Ընկած
Գյուղի մեր բակում։

Երբ որ գլուխս
Դնում եմ բարձին`
Ինչպե՞ս եմ արդյոք
Աչքերս փակում։

...Փակո՞ւմ եմ արդյոք,
Եվ` ինչպե՞ս,
Ինչո՞ւ։

Այս կյանքից արդյո՞ք
Բան ենք հասկանում։

5.06.2024 թ., Երևան, Շենգավիթ


Անպատասխան հարց

[խմբագրել]

«Ո՞րն է, բաբո´, մըր հայրենիք»,-
Հարցն այդ հիմա ինձ են տալիս։

Երբ որ գլխիս չունեմ տանիք,
Երբ չեմ կարող գնալ էլ տուն`
Պատախանելս չի էլ գալիս։

Ի՞նչ հայրենիք, ի՞նչ ես խոսում,
Երբ չեն թողնում հանես ծպտուն,
Էլ չեմ ասում` խոսել, ճառել։

Արցախս տես ի՜նչ է դառել,
Էլ հայրենիք մնա՞ց, լաո...

6.06.2024 թ., Երևան, Շենգավիթ


Գեղեցիկ ժպիտ,
Գեղեցիկ տող էր,
Ծառս եղար դու, սիրտ,
Սիրո ջերմ դող էր...

Երա՞զ էր...
Տե՞նդ էր...
Արցո՞ւնք էր՝
Ցո՛ղ էր...

Հույս էր անրջող,
Հավատի շող էր։
...Սիրտս մի կտոր
Հայրենի հող էր։

18.06.2024 թ., Երևան, Շենգավիթ


Տխուր երգ

[խմբագրել]

Ես տեղ չունեմ,
Ես տուն չունեմ,
Ես մի անտուն
Խեղճ թռչուն եմ։

Ես թռչում եմ,
Ես փնտրում եմ
Իմ ցավին դեղ`
Այստեղ-այնտեղ։

Ես թռչում եմ...
Ես փնտրում եմ`
Գտնում նոր ցավ,
Գտնում նոր դավ...

30.06.2024 թ., Երևան, Շենգավիթ


Մեր կորսված հանճար

[խմբագրել]
Հեռակա զրույց`
Ստեփան Շահումյանի արձանի հետ

Խաչված ձեռքերով կանգնել ես, արձան,
«Մուսավաթները», տե՛ս, վերադարձա՛ն։

Մեր երկիրն էլի ավեր է, նայիր,
Բայց մենք ուժ էինք, քանի դեռ կայիր։

Բաքուն հայոց էր` հայոց էլ մնար,
Օսմանցի´ն փնտրեր նոր փորձ ու հնար...

Բայց կալանեցին չար ուժերը քեզ,
Որ մեր ինքնության հարցը չլուծես։

Եվ միտքն ու ոգին քո խոնարհվեցին,
Մեր մտքի կաճառ, «Կովկասի Լենի´ն»...

...Քեզ հետ խոսում եմ հիմա հեռակա,
Բայց մեր հանդիպման օրը դեռ կգա։

4.07.2024 թ., Երևան, Շենգավիթ
6.07.2024 թ., Երևան, Արաբկիր


Չի փրկի այլևս...

[խմբագրել]

Չի փրկի այլևս
բանաստեղծությունը
ոչ ոքի
ու ոչինչ։
(Եվ, ամեն դեպքում,
այս հորինվածքին
դեռ հավատացող կա՜,
թե իբր
բանաստեղծությունը
կփրկի... աշխարհը,
բոլորիս)։

Իզուր ենք
հուսառատ սպասումով
գամվել այսպես ապագային։
Արցախյան վերջին
(վերջի՞ն)
պատերազմից հետո
չենք ապրում այլևս։
Սպասում ենք
ապրելու մեր հերթի՞ն,
թե՞, մոլեգին-անհույս,
ամենավերջի´ն
պատերազմին
Արցախական։
Եվ` նրա հաղթական երթին։

20.07.2024 թ., Երևան, Շենգավիթ


Արփիիս` առաջին տարեդարձի առթիվ

[խմբագրել]
Ես ծերանում եմ,
Դու մեծանում ես։


Ես վաթսունհինգ եմ
Իսկ դու դեռ մեկ ես։
Ես արդեն հին եմ,
Իսկ դու նոր երգ ես։
Բռնում ես, դու նոր
Օգնության ձեռք ես։

Վազիր մանկության
Քո երազներով։
Մեծացիր անհոգ
Ու ապրիր սիրով։

01.09.2024 թ., Երևան, Շենգավիթ


Արփիի պատմածից

[խմբագրել]

(«Ի՞նչ են պատմում փոքրիկները» շարքից)


Գիտե՞ք, ես արդեն
Մեկ տարեկան եմ,
Ոտքերիս վրա
Լավ էլ վստահ եմ։

Մի քանի բառ էլ
Արդեն սերտել եմ,
Ես իմ ապագան
Արդեն կերտել եմ։

01.09.2024 թ., Երևան, Շենգավիթ


Խոսք հրաժեշտի

[խմբագրել]

Չհոգնած տարիքից,
Այլ դավից ցավատանջ,
Այս անկյալ աշխարհի
Մեղքերը շալակած`
Դու գնում ես հեռու`
Այդ անհայտ ուղղությամբ։

Ու երբ որ հանդիպես
Դու այնտեղ Բարձրյալին,
Այստեղ են,- ասա,- քո
Պատկերով, քեզ նման,
Բայց դավեր են նյութում,
Տիպար են չարության։

...Դու գնա անխռով
Ու ապրիր նոր կյանքում,
Խոնարհում արդարիդ`
Խնկարկում, օրհնություն։

16.09.2024 թ., Երևան, Շենգավիթ


Մեր ցերեկը անցավ...

[խմբագրել]
Ու երբ ցերեկն անցնի,
Ընկնի գիշերը մութ...
Համո Սահյան

Մեր ցերեկը անցավ,
Հիմա գիշեր է մութ,
Ես հայացքով անցավ
Ու աչքերով իմ լուրթ
Փնտրում եմ քեզ անվերջ,
Փնտրում ու չեմ գտնում,
Դեռ չգրված իմ էջ,
Իմ հող, երկիր, իմ տուն։

21.09.2024 թ., Երևան, Շենգավիթ