Անձրևն է փողոցում վհատված հեծեծում
* * *
Անձրևն է փողոցում վհատված հեծեծում,
Անձրևը փողոցում մի հեգ սիրտ կարևեր—
Վա՜յ նրան, ով հիմա հիշում է, մտածում,
Վա՜յ նրան, ով հիմա մենակ է, անընկեր...
Լքումով թույլ, հոգնած, ամենուր, ամենուր
Պաղ մեգն է տարածվել անժպիտ, տարտամող–
Այս անպետք աշխարհը անիմաստ ու տխուր
Ցավի դեմ մի հիվանդ մանուկ է անկարող...
Լեռներից իջել են քամիները մոլոր
Եվ ով որ հեռավոր՝ մոտենում է դաժան...
Լից խմենք օղին բորբոքող, թունավոր,
Փաթաթվիր ինձ ամուր այս պահին չար, անժամ...
Մոտենում է ով որ՝ տիրորեն, դաժան.
Այս մութը ինչ պաղ է, մահադող ու դժգույն,—
Օ՜, գրկիր, փաթաթվիր տենդորեն, պիրկ, դաժան.
Թող ցավից, խենթ ցավից ծիծաղեմ քո գրկում...
Անձրևն է փողոցում հեծեծում, հեծեծում.
Անձրևը փողոցում մի հեգ սիրտ կարևեր,—
Վա՜յ նրան, ով հիմա չի խմում, մոռացվում,
Վւս՜յ նրան, ով հիմա տաք մարմին չի գրկել..