Jump to content

Անմահական խնձոր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՆՄԱՀԱԿԱՆ ԽՆՁՈՐ

Ըլնում ա չիլնում ավալ ժամանակին մի թագավոր, ունենում ա իրեք տղա։

Էս թագավորը իրա պալատի աղաքին մի լավ գյուլլի բաղ ա ունենում՝ մեջը Անմահական խնձորի ծառ։ Համա ի՛նչ անում ա չի անում, չի կարում էդ Անմահական խնձորի ծառի բարը ուտի։ Նրա կատեպանները էդ ծառը պահում ին, բեջարում, հենց գալիս էր հասնելու վախտը՝ տենում ին ծառի վրեն էլ ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։

Մի տարի էլ թագավորի մենծ տղեն գալիս ա հորն ասում.― Ա՛յ հեր, էս տարի էլ թո՛ղ ես մուղաթ կենամ․ բալի կարենամ էդ խնձորի գողին կալնի։

— Դո՛ւ գիտաս, ա՛յ որդի,— ասում ա հերը,— թե կարաս՝ գնա մուղաթ կա՛ց։

Հենց որ գալիս ա խնձորի հասնելու վախտերքը, էս մենծ աղպերը վեր ա կենում, էթում Անմահական խնձորի ծառի տակին գշեր-ցերեկ ղարավուլ քաշում, ընչանք հասնիլը։ Գալիս ա խնձորը հասնում. հենց էն էր՝ առավոտը որ լիսանար, պտի քաղեր տաներ տար հորը։ Սաղ գշերը չի քնում. գալիս ա լիսադեմին քունը տանում ա։ Ընդիան մի դև գալիս ա, շուլալվում ծառը, խնձորներն ուտում՝ էթում։ Տղեն աչքը բաց ա անում, թամաշ անում ծառին. տենում ա ծառը լափ դարտակ՝ ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։ Շատ գլխին, ոտին ա անում, համա էլ որդե՜։ Գալիս ա հորը նաղլ անում։

― Ա՛յ հեր,— ասում ա,— ես էսքան վախտ խնձորի ծառը պահեցի, որ զադ չմոտանա. հենց էկավ քաղելու վախտը՝ էդ գշեր սատանական մի սհաթ աչքս կպցրի. մին էլ վե կացա՝ տեհա ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։

Էն մի տարին էլ գալիս ա միջնեկ տղեն։

— Ա՛յ հեր,— ասում ա,— թո՛ղ էս տարի էլ ե՛ս էթամ մուղաթ կենամ․ մարդ ա, բալի ես կարում եմ խնձորի գողին սըպանի։

— Ա՛յ որդի, դու գիտաս,— ասում ա հերը,— գնա՛ մուղաթ կա՛ց։

Միջնեկ աղպերն ա՝ նետուանեղը վեր ա ունում, գալի էդ խնձորի ծառի տակին ղարավուլ քաշում։ Գալիս ա հասնելու վախտերքը, որ էն գշեր պտի մնար, առավոտը քաղեր, տաներ թագավորին՝ մի ղաֆիլ լիսադեմին քունը տանում ա։ Էն դհիցը էլ եդ դևը գալիս ա շուլալվում ծառը, խնձորներն ուտում՝ էթում։ Տղեն բիրդան վեր ա թռնում, ծառին մտիկ տալի՝ տենում ա լափ դարտակ. ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։ Փոր-փոշման գալիս ա տուն, հորը նաղլ անում, որ խնձորի գողին չկարաց բռնի։

Էն մի տարին էլ, կգա պուճուր տղեն։

— Ա՛յ հեր,— կասի,— էս տարի էլ թո՛ղ ես էթամ խնձորին մուղաթ կենամ։

Հերը կասի.— Ա՛յ որդի, մենծ աղպերդ, միջնեկ աղպերդ գնացին՝ ի՞նչ չաթեցին, որ դու էթաս՝ ի՞նչ չաթես։

Պուճուր տղեն որ շատ կզոռի հորը, հերը կասի.— Լա՛վ, թե որ էդքամ սրտով ուզում ես՝ գնա՛, էս տարի էլ դո՛ւ մուղաթ կաց։

Պուճուր աղպերն ա՝ նետուանեղը վե կունի, կէթա խնձորի ծառի տակին ղարավուլ կքաշի։ Կկենա մի շաբաթ, էրկու շաբաթ, խնձորները կհասնեն։ Կասի․ «Թո՛ղ էս մի գշերն էլ մնա, լավ հասնի՝ առավոտը քաղեմ, տանեմ հորս»։ Էդ սաղ գշերն էլ, որ ասես, աչքը չի կպցնի։ Կգա լիսադեմին տղի քունը կզոռի։ Կհանի էն սհաթը դանակը, մատը կկտրի՝ վրեն աղ կանի, որ մատը մռմռա, բալի քունը չտանի։

Հենց էն ա լիսվե-լիս էր՝ տղեն կտենա էն դհիցը մի եքա դև էկավ, շուլալվեց ծառը, որ խնձորներն ուտի։ Ջա՜նըմսան տղեն, նետուանեղը կքաշի, տալու բաշտան դևը ծառիցը դըրըմփալեն վե կընկնի։ Վրա կհասնի, որ մըն էլ տա՝ դևը վե կկենա ընենց յարալու կփախնի։ Տղեն էլ կընկնի եննուցը։

Դևը կէթա, կէթա՝ դըրըմփալեն կընկնի մի խոր ֆորի մեջ։ Տղեն կկռանա՝ կտենա որ էդ ֆորը ո՛նչ տուտ ունի, ո՛նչ տակ։ Ֆորը ըտե նշան կանի, ինքը կգա էդ բաղը, Անմահական խնձորները կքաղի, կտանի հորը։

Հերը խնձորները որ կտենա թե չէ՝ էն սհաթը թախտիցը վե կգա, տղի ճակատը կպաչի։

Տղեն կասի.— Ա՛յ հեր, խոսքն էս չի, որ էս տարի խնձորները բերեցի, խոսքն է՛ն ա, որ էն դևին սըպանենք, որ ամեն տարի գալիս ա խնձորներն ուտում։ Ես որ նրան յարալու արի, թողաց փախավ, եննոցն ընկա, տեհա գնա՜ց, գնա՜ց՝ ընկավ մի խոր ֆորի մեջ։ Էդ ֆորն էլ նշան եմ արե. թող մեկել աղպրտինքս էլ հեննես գան՝ էթանք էդ դևին սպանենք։

Թագավորը կասի.— Գնացե՛ք, ա՛յ որդիք. լա՛վ կանեք, որ կարենաք էդ դևի հախիցը գաք, թե չէ գյալաջաղը էլի կգա մեր խնձորները կտանի։

Իրեք աղպերով խոսքները մին են անում՝ վե կենում, էթում։ Էթում են, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում են էն ֆորի ղրաղը։ Աղաք մենծ աղպորն են կախ տալի։

Մի քիչ որ ներքև ա էթում, ձեն ա տալի.— Ա՛յ հարա՜յ, ես էրվե՜ցի, քաշե՛ք։

Աղպրտինքն էլ եդ քաշում են, հանում։

Եննա միջնեկ աղպորն են կախ տալի։ Սա էլ որ մի քիչ էթում ա, էթում, ձեն ա տալի.— Ա՛յ հարա՜յ, էրվե՜ցի, խաշվե՜ցի, քաշե՛ք։

Աղպրտինքը քաշում են, հանում: Եննա պուճուր աղպերն ա կախ ըլնում։ Ասում ա.— Որ կասեմ՝ էրվե՜ցի, խորովվե՜ցի, դուք անկաջ չեք անի, հա՛ կախ կտաք, ընչանք հասնեմ։

Պուճուր աղպորը կախ են անում։ Ինչքամ ձեն ա տալի. «Ա՛յ հարա՜յ, էրվե՜ցի, փոթոթվե՜ցի», աղպրտինքը անկաջ չեն անում. հա՛ կախ են տալի, ընչանք որ անտակն ա հասնում։

— Աղպրտի՛նք,— կասի,— դե պարանը քաշե՛ք, հասա. ես հմի էթամ դևի հավարին։

Տղեն մի քիչ երըմիշ էլավ, տեհավ աղաքը մի դուռը. բաց արեց, անսաս նի մտավ։ Տեհավ մի հուրի-մալաք աղջիկ ընդե նստել ա, քարգա ա անում. աղաքին էլ դրած ա մի Ոսկե սինի՝ միջին Ոսկե աղվես, Ոսկե թազի, որ աղվեսի եննուցն ա ընկե, ուզում ա կալնի: Օխտը գլխանի դևն էլ գլուխը դրել ա աղջկա ծնկանը, քնե։

Աղջիկը կասի․- Հը՛, ա՛յ տղա, օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը չի կարացե ըստերանք գա, դու ո՞նց ես սիրտ արե էկե։

— Քու սե՛րն ա բերե,— կասի։

— Սերո՛ւմ կենաս,— կասի աղջիկը։— Բա՛ չե՞ս վախում, որ Օխտը գլխանի դևը վե կենա՝ քեզ թիքա-թիքա անի՞։

— Խի՞ պտի վախենամ, ես հենց դրա հավարին եմ էկե։

Տղեն կասի ու թուրը կքաշի, տալու բաշտան՝ օխտը գլուխն էլ մի հետ կթռցնի։

Դևը կասի. — Տղա՛, մըկ էլ տո՛ւ։

— Մորիցս մի հետ եմ էլե,– կասի,- մի հետից ավել չեմ տա։

Դևը տեղն ու տեղը կսատկի։

— Ա՛յ տղա,— կասի աղջիկը,— դու որ էդքամ ղոչաղ ես էլե, բա՛ս գնա էս դևի աղպոր կուշտը, հրե՛նիկ կողքի օթախումն ա։ Միջնեկ քիրս էլ նրա ձեռին ա։

Տղեն վե կկենա կէթա էն մի օթախը։ Դուռը բաց կանի՝ կտենա մի հուրի-մալաք աղջիկ. մենծ քվորից դհա սիրուն, նստել ա քարգա ա անում։ Աղաքին Ոսկե սինի՝ միջին Ոսկե հավը, Ոսկե աքլորը ֆըրֆըրահար են գալի։ Տասնէրկու գլխանի դևն էլ՝ գլուխը դրել ա աղջկա ծնկանը, քնե։

Աղջիկը կասի.— Ա՛յ տղա, դո՜ւ ըստերանք։ Օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ընչանք հմի սիրտ չի արե ըստերանք ոտ դնի, դու ո՞նց էս սիրտ արե էկե։

— Քու սե՛րն ա բերե։— կասի։

— Սե՛րում կենաս։ Բա՛ էս Տասնէրկու գլխանի դևիցը չե՞ս վախենում, որ էս ա որդե որ ա վե կկենա՝ քու մենծ թիքեն անկաջդ կթողա։ Գնա՛, մեղք ես, քանի թեզ ա փախի՛. թե չէ որ վե կացավ՝ էլ նրա ձեռիցը չես պրծնի։

— Ես էլ հենց դրա հավարին եմ էկե. խի՞ պտի վախենամ, մին նա՛ ա՝ մին ե՛ս։

Կասի թե չէ, տղեն[1] թուրը կքաշի, որ չի տա՝ տասնէրկու գլուխն էլ մի հետ էն դիհը կընկնի։ Դևը կասի.— Տղա՛, մըկ էլ տո՛ւ։

— Չէ՛– կասի– մի հետ կտամ. ես մի հետ եմ էլե մորս փորիցը։

Էս դևն էլ ըստե ա սատկում, մնում:

Աղջիկն ասում ա.— Ա՛յ տղա, դու որ էդքամ զոռով ես էլե, բա՛ս գնա էս դևի աղպոր կուշտը. հրե՛նիկ կողքի օթախումն ա։ Իմ պուճուր քիրն էլ նրա՛ ձեռին ա։

Տղեն կէթա մենծ դևի օթախը։ Դուռը բաց կանի, կտենա մի սիրուն, նաշխուն աղջիկ, որ օխտն օր, օխտը գշեր չուտես, չխմես՝ հենց նրա գյուլ-ջամալին թամաշ անես, նստել ա, քարգա ա անում։ Աղաքին էլ Ոսկե սինին դրած՝ միջին Ոսկե կաքավն ու մադեն, ընենց իրար հեննա հաղ են անում, ֆըրֆըրահար գալի, որ դռնիցը մննողի խելք ու քյամալ են տանում։ Քսանչորս գլխանի դևն էլ գլուխը դրել ա աղջկա ծնկանը՝ քնե։

Աղջիկը կասի.— Ա՛յ հողածին, դո՜ւ ըստերանք։ Օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ընչանք օրս չի կարացե ըստերանք ոտ դնի, դու ո՞նց ես սիրտ արե, էկե։

— Քու սե՛րն ա բերե, — կասի։

— Սե՛րում կենաս։ Բա՛ չե՞ս տենում, որ Քսանըչորս գլխանի դևը քնել ա. որ վե կենա, էլ նրա ձեռիցը կպրծնե՞ս: Մե՛ղք ես, ջահել-ջիվան ես. քանի վախտով ա՝ փախի՛, գլուխդ պրծացրա՛։

— Խի՞ փախնեմ. ես հենց դրա հավարին եմ էկե, որ սըպանեմ։ Մի ջան նա՛ ա, մի ջան՝ ե՛ս, էլ խի՞ պտի վախենամ։

Էս ասում ա թե չէ, գիդիջը՜ղ տղեն, թուրը հանում ա, որ չի՜ ջեպում դևի քյալլի մեջտեղիցը՝ քսանըչորս գլուխն էլ մի հանքի ա ֆը՜ռռում, ընդե վեր ընկնում։

Դևն ասում ա.— Տղա՛, մըկ էլ տո՛ւ։

— Չէ՛, — ասում ա,— էլ չեմ տա, մորիցս ես մի հետ եմ էլե, էրկու հետ չեմ էլե։

Էս դևն էլ ըստե ա չորանում, մնում։

Աղջիկը որ տենում ա տղի ղոչաղությունը, վազում ա փաթըթվում տղի ճտովը։ Ասում ա. «Ես քունն եմ, դու՝ իմը»։ Նո՛ր սրանք նստում են ըստե, իրար հեննա զրից անում։

Աղջիկն ասում ա.— Մենք իրեք քիր ենք՝ ֆլան թագավորի աղջկեքը։ Էս դևերն էկան մեզ փախցրին, բերին շինեցին իրանց կնիկ։ Էս քանի տարի ա մենք մեռանք էդ ջանավարների ձեռին։ Աստոծ քու կռանն ըլնի, տղա՛. դու էլ որ չգայիր մեզ չազատեիր, հո մենք պտի ֆողեց-ֆոգի կորչեինք։

Տղեն կասի.— Էս լա՛վ էլավ. հազիր մընք էլ իրեք աղպեր ենք, իրեքս էլ ազապ, մենծ քվորդ մենծ աղպերս կառնի, միջնեկ քվորդ միջնեկ աղպերս. դու էլ զաթի ի՛մն ես ու իմն ես։

Աղջիկը եննա հանում ա տղին մի թլիսիմը տալի։

— Ա՛ռ,— ասում ա,— ինչ վախտ պետքը գա՝ չախմախին տաս, էն մեր իրեք քվոր Ոսկե սինիքն էլ, իրանց ամեն սարք ու կարգովը կգան աղաքիդ կկաննեն։

Եննա վեր ա ունում, տանում գոմը։— Հրես տե՞նում ես էս իրեք ձին՝ մինը Սև ա, մինը՝ Սիպտակ, մինը՝ Կարմիր. սրանց ամեն մեկիցը մի-մի մազ պոկա՛, պահա՛ մոտիդ. մարդ ա, բալի պետք ա գալի: Ո՛ր մազը կրակին տաս՝ էն ձին էն սհաթը, իրա ամեն սարք ու կարգովը, կգա աղաքիդ կկաննի. եր ուզենաս էլի կթողաս՝ կէթա։— Էլ եդ գոմի դուռը շինում ա, բալանիքը տալի տղին։

Նո՛ր ընդիան էրկսով վեր են կենում գալի էն մեկել քվորտանց կուշտը, նրանց էլ վեր են ունում, եննա գալի, դևերը ինչքամ խազինա ունեին՝ կրում են ֆորի բերանը։

Տղեն ձեն ա տալի.— Դե՛, աղպրտի՛նք, պարանը կախ արե՛ք. իրեք դևին էլ սըպանել եմ, նրանց ունեցած–չունեցածն էլ քոմմա հավաքե, բերե: Սավայի էս՝ իրեք հատ էլ սիրուն, ձեր հավան կացած աղջիկ եմ գտե. մարդիս՝ մինը։

Աղպրտինքը ուրախ-ուրախ պարանը կախ են տալի, խազինեն դուս քաշում։ Վերջը մնում են աղջկերքը։

Տղեն ամենքից աղաք մենծ քվորն ա պարանիցը կապում.- Էս քե՛զ,— ասում ա,— մե՛նծ աղպեր, քաշե՛ք։— Աղպրտինքը քաշում են։

Եննա միջնեկ քվորը.— Էս էլ քե՛զ, մի՛ջնեկ աղպեր։— Սրան էլ են քաշում։

Հմի մնում են պուճուր քիրն ու տղեն։ Աղջիկն ասում ա. «Աղաք, դո՛ւ դուս արի»։ Տղեն ասում ա, «Չէ՛, դո՛ւ աղաք դուս արի»։ Վերջը որ տղեն շատ ա զոռում, աղջիկն ասում ա․- Ինձ անկաջ չե՛ս անում, համա տե՛ս, քու աղպրտինքը քեզ պտի մուխաննաթություն անեն։ Մարդ ա, թե որ ըտենց մի բան ըլնի, չե՛ս վախենա․ կէթաս ուրբաթ օրը, ըստե մի աղբուր կա, էդ աղբրի վրեն կնստես։ Մըկ էլ կտենաս իրեք ոչխար էկան՝ մինը Սև, մինը Սիպտակ, մինը Կարմիր, որ էդ աղբրիցը ջուր խմեն։ Դու քեզ կքցես աղաք Սևի վրեն, Սևը կքցի Կարմրի վրեն, Կարմիրն էլ Սիպտակի վրեն՝ Սիպտակն էլ քեզ Լիս աշխարհ կհանի։ Համա չըլնեմ-չիմանամ աղաք Սիպտակի վրեն ընկնես․ թե չէ Սիպտակը քեզ կքցի Կարմրի վրեն, Կարմիրն էլ Սևի վրեն՝ Սևն էլ քեզ Մութն աշխարք կհանի։

Աղպրտինքը պարանը կախ են տալի։ Տղեն պուճուր քվորը կապում ա պարանիցը։

― Էս էլ ի՛նձ,― ասում ա,― աղպրտինք, քաշե՛ք։

Աղպրտինքը քաշում են, տենում, որ էս պուճուր քիրը քոմմքին էլ գլխեց իրա սիրունությունովը։ Իրար մեջ միտք են անում, թե՝ մեր պուճուր աղպերը էսքան ղոչաղություն արեց, էս թավուր էլ սիրուն աղջիկ ա տանում․ բա՛ մենք ի՞նչ էրեսով էթանք մեր հոր կուշտը․ բա՛ մեզ հմար ամոթ չի՞։ Էկե՛ք պարանը կտրենք, նրան ֆորումը թողանք․ էթանք մեր հորն ասենք, թե․ «Իրեք դևին էլ մենք ենք սպանե, էսքամ խազինեն էլ բերե։ Մեր պուճուր աղպորն էլ,― կասենք,― դևերը կերել են»։

Իրար մեջ խոսք են կապում, պարանը կախ տալի։ Պուճուր աղպերը պարանը կապում ա մեջքիցը։

― Աղպրտի՛նք,- ձեն ա տալի,- դե հմի ի՛նձ քաշեք։

Աղպրտինքը մի պուճուր տեղ քաշում են, քաշում՝ մի ղաֆիլ պարանը կտրում։ Պուճուր աղպերը դըրըմփալեն էլ եդ ընկնում ա ֆորը։ Էրկու աղպերով իրանց զադը-մադը հավաքում են, գալի իրանց քաղաքը։

― Ա՛յ որդիք, բա ձեր պուճուր ա՞ղպերն ուր ա,― հարցնում ա թագավորը։

― Բա չե՛ս ասի, ա՛յ հեր․ նրան դևերը կերան։ Էսքամ խազինեն, մալ ու դովլաթն էլ էն դևերինն ա․ մենք էրկսով նրանց սպանեցինք, ունեցած-չունեցածներն էլ վե կալանք բերինք։

Խեղճ հերն էլ, բեխաբար, աղպորտանց խոսքին հավատում ա։

Սրանց թողանք ըստե, գանք խաբար տանք պուճուր աղպորիցը։

Պուճուր աղպերը մնաց ֆորումը մենակ․ դե՛ս ընկավ, դե՛ն ընկավ՝ դուս գալու իլլաջ չգտավ։ Վերջը պուճուր աղջկա ասածը միտն ընկավ, որ կենա ընչանք ուրբաթ օրը, էթա աղբրի կշտին նստի, նրա ասած ոչխարների ճամփեն պահի. բալի նրանցով իրան քցի Լիս աշխարք։

Ուրբաթ օրը որ էկավ, տղեն վե կացավ գնաց աղբուրը։ Մի քիչ կացավ, տեհավ իրեք ոչխար էկան՝ մինը Սև, մինը Սիպտակ, մինը Կարմիր. էնքամ էլ սի՜րուն, էնքամ էլ նա՜խշուն, որ տենողի խելքն էր էթում։ Ջուր խմեցին պրծան, ուզում ին էթա՝ տղեն իրան քցեց, ուզեցավ Սևի վրեն ընկնի, շշկլվեց Սիպտակի վրեն ընկավ։ Սիպտակը քցեց Կարմրի վրեն, Կարմիրը՝ Սևի, Սևն էլ քցեց Մութն աշխարք։

Խեղճ տղեն էդ Մութն աշխարքումը դե՛ս ման էկավ, դե՛ն ման էկավ՝ տեղ չգտավ, որ սթար անի։ Վերջը մի պառավի ռաստ էկավ։

― Ա՛յ մերա,― ասեց,― ղոնաղ չե՞ս ուզի։

― Խի՞ չեմ ուզի, ա՛յ որդի, ղոնաղն ա՛սսունն ա։

Պառավը տղին կանչեց, տարավ տուն։ Խեղճ տղեն, էս թամամ իրեք օր, ծարավ էր։

― Ա՛յ մերա,― ասեց,― մի քիչ ջուր տա՞ս խմեմ, էս իրեք օր ա ծարավ թուք ու մուքս կպել ա։

Պառավը գնաց մի փարչ պղտոր ջուր բերեց, էնքամ պղտոր որ կասես ցեխ ըլներ։

Տղեն հարցրեց.― Մե՛րա, ձեր ջուրը խի՞ ա ըսենց պղտոր։

― Ա՛յ որդի,― ասեց,― մեր ջուրը տարեն-տասնէրկու ամիս ըսենց պղտոր ա ըլնում, մենք ըսկի պարզ ջրի էրես տե՞նում ենք որ․․․ Մեր աղբրի ակումը մի Օխտը գլխանի վիշապ ա էկե նստե, չի թողում որ ջուր գա։ Շաբաթը մի էրեխա ենք տանում տալիս Վիշապին, ուտում ա, նոր մի պուճուր ջուր ա թողում, որ ինչ ա՝ խալխը ծարավ չկոտորվեն։ Էգուց էլ թագավորի աղջկա նոբաթն ա, պտի տանեն Վիշապին տան ուտի, որ ջուրը բաց թողա։

― Ա՛յ մերա, բա չե՞ք կարում էդ Վիշապին սըպանի։

― Ա՛յ որդի, նրան ըսկի սըպանելու ճար կըլնի, սաղ երկիրը զվիր ա բերե։ Քանի հետ թագավորը սաղ իրա ղոշնովը գնացել ա վրեն կռիվ՝ բան չի կարացե անի։

Առավոտը որ լիսանում ա, տղեն տենում ա, որ հրեն թագավորի աղջկանը սև շորեր հագցրած տանում են Վիշապին տան։ Ինքն էլ թաքուն աղջկա եննուցն էթում ա։ Վիշապը հեռվան տենում ա, որ ըսօր մի ֆոգու տեղակ էրկուսն են գալի իրան կիրակուր ըլնեն, ուրախանում ա. ատամները սրում ա՝ հազրում, որ գալու բաշտան էրկսին էլ մի դըրբի կուլ տա։ Համա տղեն Վիշապին մոտանում ա թե չէ, թուրը հանում ա՝ ո՛ր չի տալի՜, օխտը գլուխն էլ մի հանքի ա թռնում, էն դիհն ընկնում։

— Տղա՛, մըկ էլ տո՛ւ,— ձեն ա տալի Վիշապը։

— Չէ՛,— ասում ա տղեն,— ես մորիցս մի հետ եմ էլե, էրկու հետ չեմ էլե։

Վիշապը արենկոլոլ աղբրի ակումը վեր ա ընկնում, սատկում։ Էն սհաթը աղբրի ջուրը վարարում ա, խալխը լիանում են, բոլ-բոլ խմում՝ ասսուն փառք տալի։ Թագավորի աղջիկն էլ ուրախ-ուրախ գալիս ա տուն, հորն ու մորը նաղլ անում, որ մի անճանանչ տղա էկավ Վիշապին սըպանեց, իրան էլ նրա ձեռիցը ազատեց։

— Բա՛ էն տղին որ տենաս՝ չե՞ս ճանանչի,— հարցնում ա թագավորը։

— Որ տենամ, խի՞ չեմ ճանանչի,— ասում ա աղջիկը։

Թագավորը սաղ իրա երկրումը շառ ա գոռալ տալի, որ իրա ձեռի տակը ինչքամ մարդ կա՝ քոմմա հավաքվեն իրա պալատի աղաքը։ Նրա երկրումն է՛լ մարդ չի մնում՝ քոմմա էլ գալիս են կիտվում նրա պալատի աղաքին։

— Դե լա՛վ թամաշ արա,— ասում ա թագավորը իրա աղջկանը,— տես էն տղին կճանա՞նչես։

Ավջիկը աչքը դե՛ս, դե՛ն ա ման ածում, ալբիալը էն տղին գտնում ա։

— Հրե՛ն, հրե՛ն, էն տղեն էր,— ձեն ա տալի հորը։

Թագավորը հրամայում ա իրա նազիր-վեզրին, որ էն տղին բերեն իրա կուշտը։ Նազիր-վեզիրը էթում են, տղին բերում։

— Տղա՛, ուզա՝ տամ,— ասում ա թագավորը։

— Թագավորն ապրած կենա, ես զադ չեմ ուզում, թաքիլան ինձ մի Լիս աշխար քցես,— ասում ա տղեն։

— Լիս աշխար ղրկիլը դժար ա, ա՛յ որդի. էդ իմ բանը չի։ Համա ֆլան մեշումը, ֆլան ծառի վրեն մի Զմռուտ ղուշ կա. թե կարենա, նա կտանի, էլ մարդ՝ չէ՛։ Էս քանի տարի ա, էդ ղուշը գալիս ա ինձ գանգատ, թե. «Ես ամեն տարի խեղճ ու կրակ ճուտ եմ հանում, մեծացնում, մի Վիշապ կա, գալիս ա, ճուտերս ուտում, էթում»։ Դու կէթաս էն ծառի տակին ղարավուլ կքաշես, կտենաս որ էն Վիշապն էլի էկավ, շուլալվեց ծառը, որ ճուտերն ուտի՝ կտաս Վիշապին կսըպանես։ Զմռուտ ղուշը որ գա, տենա քու արած լավությունը՝ կհարցնի, թե. «Ի՞նչ ես ուզում»։ Դու կասես, թե. «Ես զադ չեմ ուզում, մենակ ինձ Լիս աշխար տա՛ր»։ Նա էն սհաթը կդնի քեզ թևերի վրեն՝ կտանի։

Թագավորի ասածը տղի բեյինը մննում ա. վեր ա կենում էթում էն մեշեն։ Դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի՝ էն ծառը գտնում ա։ Նստում ա էդ ծառի տակին, Վիշապի ճամփեն պահում։

Մի քիչ կենում ա, տենում ա՝ մի եքա Վիշապ հրեն էկավ, շուլալվեց ծառը, որ Զմռուտ ղշի ճուտերն ուտի. էն սհաթին հանում ա թուրը, տալի սըպանում, ղիմա-ղիմա անում, տանում քցում ճուտերի աղաքը, որ ուտեն։ Ինքն էլ չունքի բեզարել էր՝ պառկում ա էդ ծառի տակին, քնում։

Էն դհից, Զմռուտ ղուշը գալիս ա, տենում՝ մի մարդ հրեն ծառի տակին քնած։

«Ա՛յ հարա՜յ,― ասում ա,― կա-չկա՝ սա ա իմ ճուտերի յուխում տվողը»։

Վրա ա պրծնում, որ ձվիկ-ձվիկ անի՝ ճուտերը չեն թողնում. ասում են, որ սա ա իրանց պրծացրե Վիշապի ձեռիցը։ Նո՛ր Զմռուտ ղուշը էլ ձեռ չի տալի, դեռ հլա թևերը փռում ա վրեն՝ շվաք անում, որ դինջ քնի։

Մի քիչ կենում ա, տղեն զարթնում ա, տենում՝ Զմռուտ ղուշը թևերը վրեն շվաք ա արե։

― Ա՛յ հողածին,― ասում ա Զմռուտ ղուշը,― ուզա՝ տա՛մ։ Դու որ ինձ էս թավուր լավություն արիր՝ ես էլ պտի քեզ մի լավություն անեմ։

― Զադ չեմ ուզում քեզանից,― ասում ա տղեն,― Զմռո՛ւտ ղուշ, թաքիլան ինձ մի քցես Լիս աշխարք։

― Ափսո՜ս, ծեր վախտս ես ռաստ էկե. թե չէ լիս աշխարք տանիլը ինձ հմար հաղ ու պար ա։ Համա ինչ արած. ինչքամ էլ ծերացած ըլեմ, ճա՞րն ինչ, պտի տանեմ. բալի սրանով էլ ա քու լավությունի տակիցը դուս գամ։ Կէթաս թագավորիցը կուզես քառասուն տիկ[2] ջուր, քառասուն հատ էլ գառան դմակ. ո՛նց ըլնի՝ ես քեզ Լիս աշխարք կքցեմ։ Տղեն կէթա թագավորիցը քառասուն տիկ ջուր կուզի, քառասուն հատ էլ գառան դմակ, կբերի Զմռուտ ղշի կուշտը։

— Դե՛, հմի նստի մեջքիս վրեն,— կասի Զմռուտ դուշը,— էդ քառասուն տիկ ջուրը, քառասուն հատ գառան դմակն էլ դի վրես։ Որ «բո՛ւ» կանեմ՝ ջուրը կքցես, «ղի՛» կանեմ՝ դմակը կքցես. կքցես՝ ընչանք հասնենք Լիս աշխարք։

Տղեն նստում ա Զմռուտ ղշի մեջքին, քառասուն տիկ ջուրը, քառասուն հատ դմակն էլ դնում ա վրեն։ «Բու» ա անում՝ ջուրն ա քցում, «ղի» ա անում՝ դմակը: Ըսենց գալիս են, գալի՝ հասնում Լիս աշխարք։ Զմռուտ ղուշը ըստե տղին վեր ա դնում, ինքն էլ եդ թռնում, գալի Մութն աշխարքը։

Էս տղեն ա, մի ճամփա ա բռնում՝ դպա իրա հոր քաղաքը: Գալիս ա, գալիս, շատն ու քիչն աստոծ գիտա, ճամփին մի չոբանի ա ռաստ գալի։

— Բա՛րով,— ասում ա,— չո՛բան աղպեր։

— Ա՛սսու բարին, թագավորի ցեղ։

— Ի՞նչ տամ, որ քու ոչխարներիցը մի հատ մորթես։

— Ինչ որ քեֆդ ա, թագավորի ցեղ, ես ի՛նչ ասեմ։

Չոբանը բերում ա իրա ոչխարներիցը մի հատ վե քցում՝ մորթում։ Տղեն մենակ ոչխարի ղառինն ա վեր ունում, միսը թողում ա չոբանին։

— Չո՛բան աղպեր,— ասում ա,— բե մեր շորերն էլ փոխենք. քու շորերն ինձ տու, իմը տամ քեզ։

Չոբանը ուրախ-ուրախ իրա քրչոտ-մրչոտ շորերը հանում ա տալի նրան, նրա լավ-լավ շորերն առնում։ Տղեն չոբանի շորերը հագնում ա, չոբանին էլ բոլ փող բաշխում, էլ եդ էթում իրա ճամփեն։

Գ՛ալիս ա, գալիս, շատն ու քիչն աստոծ գիտա, որ հասվե-հաս ա ըլնում հոր քաղաքին, էն ոչխարի ղառինը հանում ա, ճխտում գլուխը՝ ըլնում ա լա՛փ զըռ-քաչալ. ըսենց մննում ա հոր քաղաքը։ Բազարի մեջ դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի. էթում ա է՛ս դուքանի աղաքին կաննում, էն դուքանի աղաքին կաննում՝ թամաշ անում։

Վերջը գալիս ա թագավորի զարգյարի դուքանի աղաքին որ երկար կաննում ա, մտիկ անում, զարգյարը հարցնում ա.— Ա՛յ քաչալ, ի՞նչ ես ուզում, ի՞նչ մարդ ես, ըստերանք ի՞նչ ես շինում։ ― Ըսկի՛, ո՛ւստա, ղարիբ տղա եմ, էկել եմ ըստե մի փեշակի, մի բանի կպնեմ, բալի վերջը մի կտոր հացի տեր դառնամ։

― Կգա՞ս, քեզ վեր ունեմ ինձ աշկերտ։

― Խի՞ չեմ գա, ո՛ւստա ջան, դեռ ձեռդ էլ չեմ պաչի՜։

Թագավորի զարգյարը էս քաչալին վեր ա ունում իրան աշակերտ։


Գանք հմի խաբար տա՛նք սրա աղպորտանցիցը։

Նրանք որ էկան թագավորին ասեցին, թե իրանց պուճուր աղպորը դևերը կերել են, թագավորը աղաք ավատաց․ համա եննա ինքն իրան միտք արեց, թե չըլնի՞ սրանք նրա գլուխը մի օղիա են էկե, սուտ ասում են` դևերը կերել են։ Սրա հմար էլ մարդ ղրկեց, որ աշխարե աշխար, երկրե երկիր ման գան, հարց ու փորձ անեն` բալի գտնվում ա․ նրանց էլ չթողաց, որ պսակվեն, ընչանք պուճուր աղպոր գտնիլը։

Համա անցկացավ մի տարի, էրկու տարի, իրեք տարի, ո՛րդե հարցրին, ո՛րդե ման էկան պուճուր տղին չգտան ու չգտան։

Վերջը թագավորի նազիր-վեզիրը էկան թագավորի կուշտը, ասացին․― Թագավո՛րն ապրած կենա, ախա՛ր ընչանք ե՞բ պտի տղեքանցդ չպսակես, չէ՞ որ նրանք էլ մեղք են։ Էս իրեք տարին անց ա կենում․ խալխը ի՞նչ կասեն, չէ՞ որ քու անըմին էլ ա ամոթ։

― Լա՛վ,― ասում ա թագավորը,― էկեք պսակենք։

Բերում ա պսակում․ մենծ տղեն մենծ քվորն ա առնում, միջնեկ տղեն` միջնեկ քվորը․ պուճուր քիրը մնում ա։

Հարսանքից եդը, թագավորը պուճուր քվորը կանչում ա իրա կուշտը, հարցնում․― Ա՛յ որդի,― ասում ա,― ասա՛ տենանք, դո՞ւ ումն ես ուզում առնի։ Տենում ես նշանածդ քու բախտիցը էսքամ տարի կորել ա․ ով գիտա հմի ինչ փորձանքի ա ռաստ էկե․ էլ նոր աստոծ գիտա` գա՞, չգա՞։ Դու էլ մեղք ես, էս իրեք տարի ա նրա խաթեր ազապ ես կացե։ Հմի ասա՛, ո՞ւմ սիրտդ ուզում ա, բերեմ պսակեմ։

― Թագավորն ապրած կենա,― ասում ա աղջիկը,― ում տալիս ես՝ տո՛ւ․ ես ղ՛աբուլ եմ։

― Իմ նազրի տղին կո՞ւզես։

― Դու գիտաս, թագավորն ապրած կենա․ հենց ո՛վ ըլնի` ես ռազի եմ։ — Որ ռազի ես, բա՛ս ես քեզ իմ նազրի տղին եմ տալի։

— Լա՛ վ, թող նազրի տղեն ըլնի, թագավորն ապրած կենա․ համա ես քեզանից իրեք բան կուզեմ․ ընչանք չբերիլ տաս՝ չեմ պսակվի։

— Ա՛չքիս վրա, ո՛րդի, ասա՛. ասա՛ տենանք՝ ի՞նչ ես ուզում:

— Թագավո՛րն ապրած կենա, քեզանից կուզեմ իրեք հատ ընենց Ոսկե սինիք, որ մի սինու միջին Ոսկե կաքավը, Ոսկե մադեն ֆըրֆըրահար գան. մեկի միջին Ոսկե հավը ու Ոսկե աքլորը կաննած ըլնեն. էն մեկելի միջին էլ՝ Ոսկե թազի, Ոսկե աղվես. որ թազին աղվեսի եննուցը վազելիս ըլնի։ Թագավորն ապրած կենա, հրե՛ս իմ ուզած իրեք բանը սրանք են։

— Լա՛վ, ա՛յ որդի․ դրանից հեշտ բա՞ն: Հրե՛ս իմ զարգյարին կանչիլ կտամ, թամբահ կանեմ՝ շինի։

Թագավորը էն սհաթը կանչիլ ա տալի իրա զարգյարին, թամբահ անում, որ աղջկա ուզած իրեք սինիքը շինի։

— Թե չշինեցիր,— ասում ա,— իմաց կաց գլուխդ թռցնիլ կտամ:

— Թագավո՛րն ապրած կենա,— ասում ա զարգյարը.— ինձ մի ամիս մհուլ տո՛ւ, միտք անեմ, չկարացի շինի՝ արինս քեզ հալալ ա։

— Լա՛վ, քեզ մի ամիս վադա եմ տալի. գնա՛ շինա,— ասում ա թագավորը։

Զարգյարը քիթ ու պռունգը վե թողած՝ դառը, տխուր գալիս ա տուն։

— Հը՛, ո՛ւստա, ի՞նչ կա. խի՞ ես ըտենց նոթերդ կիտե,— հարցնում ա քաչալը։

— Կո՛րի, քա՛չալ,— բարկանում ա ուստեն,— դո՛ւ էլ իմ դարդիցը խաբար չես[3]:

Քաչալը ինչ անում ա, չի անում, ուստեն չի ասում իրա դարդը։ Վեր ա կենում էթում դուքան։ Միտք ա անում, միտք անում, շինում՝ քանդում, շինում՝ քանդում, բան չի դուս գալի։ Ամիսն էլ մնացել էր մի հինգ օր, որ թամմի՝ դեռ նա ըսկի զադ չէր շինե։

Մի օր էլ, որ ըսենց իրա մտքի հեննա էր ընկե՝ քաչալը էլի մոտանում ա, հարցնում.— Ո՛ւստա ջան, ո՛ւստա, մի ասա տենանք․ ախար խի՞ ես էդքամ միտք անում, հալբաթ մի բան կա։

Վերջը որ քաչալը շատ ա զոռում, ուստեն մին-մին նաղլ ա անում թագավորի ուզածը։

— Լա՛վ, դրանում ի՞նչ կա, ո՛ւստա, որ դու էսքամ միտք ես անում,– ասում ա քաչալը,– ուզում ես՝ էս սհաթը շինեմ։ Ինձ մի ջվալ պոպոք տու, մի ջվալ էլ պնդուկ, էլ զադ չէ, որ հետը ջարդեմ ուտեմ, հետը շինեմ․ էս քշեր էլ թո՛ղ դուքանումը քնեմ. առավոտը արի տես հա՞զիր ա, թե չէ՛։

Ուստեն, ասենք չէր ավատում, որ քաչալի ձեռիցը էս թավուր հունար դուս գա. համա ասեց. «Մարդ ա, մի փորձեմ տենամ. բալի շինում ա՞»։ Մի ջվալ պոպոք ա տալի, մի ջվալ էլ պնդուկ։ Քաչալը առնում ա մննում դուքանը. ուստեն դուքանի դուռը վրեն շինում ա, էթում։

Էդ սաղ գշեր քաչալը պնդուկն ու պոպոքը ջարդում ա ուտում, ջարդում ա ուտում ընչանք լիս։ Որ լիսանում ա, քաչալը հանում ա էն թլիսմը, չախմախին տալի թե չէ՝ էն սհաթը իրեք սինիքն էլ, իրանց սարք ու կարգովը գալիս են աղաքին կաննում։

Խեղճ ուստեն վաղուց էր դուքանի դռանը ղուլ էլե, կաննե՝ տենա քաչալը ե՞բ պտի ձեն տա, որ դուռը բաց անի։

— Ո՛ւստա,— ձեն տվեց քաչալը,— դուռը բաց արա, թագավորի ուզած սինիքը՝ իրեքն էլ հազիր ա։

Ուստեն ուրախ-ուրախ դուքանի դուռը բաց ա անում։ Որ աչքը չի ընկնում ոսկե սինիքանցը՝ խելքը գլխիցը թռնում ա. էն սհաթը վազում ա քաչալի ճակատը պաչում։

— Զորա՛նաս դու,— ասում ա,— քա՛չալ, զորանաս. ո՛ր էս թավուր հունար ունեիր, բա խի՞ չիր թեզ ասում։ Ես էսքամ վախտ մեռա չարչարվելոն՝ ըսկի խելքս բան չկտրեց․ ասում ի՝ պտի թագավորը ինձ քյալլա անի. հմի ո՛վ գիտա դեռ բոլ էլ փող բաշխի ու ընենց ճամփու դնի։

Զաթի վադեն էլ թամմել էր. ուստեն ոսկե սինիքը վե կալավ, տարավ դուզ թագավորի պալատը։ Թագավորը որ չտեհավ՝ մնաց մաթ էլած վրեն մտիկ անելոն։ Հրամայեց, որ իրա խազինիցը ուստին բոլ փող բաշխեն, ընենց ճամփու դնեն։

Եննա կանչեց աղջկանը․— Ա՛յ որդի,— ասեց,— է՞ս ա քու ուզած սինիքը։

— Էդ ա, թագավորն ապրած կենա. հմի ի՜նչ կասեմ։ Աղջիկը սինիքը որ տեհավ՝ մատը կծեց. «Բալի՜,— ասեց,— էրևում ա նշանածս էկել ա, թե չէ էս սինիքը նրանից սավայի մարդ չէր կարա շինի»։ Աղջկա սիրտը անջախ որ մի քիչ հանդարտեց։

Սրանից եդը թագավորը բերեց աղջկանը նշան դրեց, որ էրկու օրեն եդը հարսանիք անի։ Նշանդրեքից եդը, նորափեսեն իրա թայդաշ տղերանցով դուս էկավ թագավորի պալատի աղաքը՝ ջդիր հաղալու։

Սրանց թողանք ըստե ջդիր հաղան, գանք խաբար տանք մեր քաչալից։

Էդ նշանդրեքի օրը քաչալը ուստից իզին ուզեց, ասեց. «Էթամ հանդը մի շալակ ցախ բերեմ»։ Որ դուս էկավ հանդը, կարմիր մազը կրակ տվեց թե չէ՝ Կարմիր ձին, իրա ամեն սարք ու կարգովը էկավ աղաքին կաննեց։ Քաչալը զառինը գլխիցը հանեց, շորերը փոխեց, նի էլավ ձին, էկավ ջդիր հաղալու։

Քաչալի ձիուն էլ ձի՜ կարար հասնի. ընենց էր թռնում, ծուլ–ծուլ ըլնում, հենց գիտենաս երկնքի աստղերի հեննա էր հաղում։ Մի քանի գլուխ որ մեյդանի միջին դե՛ս քշեց, դե՛ն քշեց՝ ջդրավորները քոմմա էլ մեյդանը թողին, փախան։ Չունքի հենց ում հասնում էր ո՛ր ջդրով չէր տալի՝ տեղն ու տեղը էրեսհարքի վրեն փռկվում էր, վեր ընկնում։

Խաբարը տարան թագավորին, թե ըսենց մի Կարմիր ձիավոր ա էկե, ջդրավորների մեջը խառնըվե. հենց ո՛ւմ ետևիցը որ ընկնում ա, ջդրով տալի՝ ալբիալը ձիուցը կունտկի ա անում՝ յա՛լլա գետինը։ Թագավորը դուս ա գալի, ասում ա՝ տենամ էդ ի՛նչ ձիավոր ա, որ էդքամ ղոչաղություններ ա անում։

Քաչալը թագավորին տենում ա թե չէ՝ էն սհաթը ձիուցը վեր ա գալի էթում ձեռը պաչում։

— Ի՞նչ մարդ ես,— հարցնում ա թագավորը։

Նո՛ր տղեն նստում ա ըստե մին-մին, ինչ որ գլխովը անց էր կացե, թագավորին նաղլ ա անում։

— Ջա՜նլաթ,— ձեն ա տալի թագավորը։ Ջանլաթները գալիս են։

— Ի՞նչ ես հրամայում, թագավորն ապրած կենա։

— Էս սհաթին կէթաք իմ էրկու տղին էլ կբերեք ըստե, հենց իմ աչքի աղաքին քյալլա կանեք։

Նոր ըստե պուճուր տղեն ընկնում ա թագավորի ոնները, աղաչանք-պաղատանք անում.— Բա՛ն չկա, ա՛յ հեր,— ասում ա,— իմ խաթեր պտի աղպորտանցս բաշխես։ Նրանք ինձ մուխաննաթություն արին, ես չեմ անի։ Աստոծ նրանց թո՛ղ բարի տա։

— Լա՛վ,— ասում ա թագավորը,— չունքի դու ասում ես՝ քու խաթեր հմար նրանց բաշխում եմ։

Թագավորը իրա թախտիցը վեր ա գալի, պուճուր տղին նստացնում։ Էն խեղճ աղջիկը զաթի էսքամ տարի սրա ճամփեն էր պահում։ Թագավորը իրա վեզրի տղի նշանը քանդում ա, բերում է՛ն սհաթը թազադան նշան դնում տղի վրեն՝ օխտն օր, օխտը գշեր հարսանիք անում։ Ի՜նչ դափ ու զուռնա, ի՜նչ քեֆ, ի՜նչ ուրախություն, որ էլ հալ ու հեսաբ չկար։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:


  1. Տպագիր տեքստում այս բառը ջնջված է բանահավաքի ձեռքով։ Բանահավաք-հրատարակիչ Տ. Նավասարդյանցը իր հրապարակած «Հայ ժողովրդական հեքիաթների» գրքերի սեփական օրինակում, տպագիր տեքստերի վրա ուղղումներ է կատարել: Տողատակի հետագա ծանոթությունների մեջ «տպագիր տեքստ» արտահայտությունը վերաբերում է Տ. Նավասարդյանցի կողմից ստուգված հիշյալ տեքստերին, որոնք հիմք են ծառայել ներկա հրատարակության համար (Ծ. Կ.):
  2. Տպագիր տեքստում թուլուխ, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։
  3. Տպագիր տեքստում՝ «վազը չես գալի», ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):