Jump to content

Անմոռաց երգ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՆՄՈՌԱՑ ԵՐԳ

(Գամառ-Քաթիպայի հիշատակին)
I

Մեզ համար կյանքն էր խորին սուգ ու լաց,
Երբ հանկարծ մի ձայն մեր հոգին ցնցեց.
Այդ ձայնը երգ էր — մի երգ անմոռաց,
Որի երգիչը հավիտյան լըռեց…
Նորան մորմոքիչ, դառն երկունքով
Երգիչը ծնեց բոցավառ կրծքից.
Նորան շա՜տ տարիք արյուն-արցունքով
Երգիչը հյուսեց սըրտի թելերից…
Եվ թռա՜վ երգը, սլացա՜վ արագ
Դեպի տառապյալ հայրենի աշխարհ,
Ուր որպես անզոր, անպարտ նահատակ,
Տանջվում էր մի ազգ տարաբախտ, թշվառ.
Ուր չըկար կյանքի ո՛չ ուրախ գարուն,
Ո՛չ անամպ երկինք, պայծառ արշալույս,
Ուր կյանքն էր — շղթա, բանտ, աքսոր, արյուն,
Ուր մարդն ապրում էր վշտաբեկ, անհույս…

II

Եվ ներս սլացավ երգն այն անմոռաց
Աղքատ գյուղացու անշուք օթևան.
Այնտեղ նա ազատ ավետիք կարդաց,
Ավետիք հուսո, կյանքի նորոգման…
Որպես մայրական քաղցրալուր օրոր,
Նա դիպավ մանկան քնքուշ ականջին.
Նա փայլեց, որպես ճըրագ լուսավոր,
Գյուղական մռայլ խրճիթի միջին…
Արձակ դաշտերում հայրենի երկրի
Նա զիլ ղողանջեց զանգակի նըման.
Նա օրհնեց վաստակն անխոնջ ձեռքերի,
Օրհնեց մըշակի արորն ու գութան։
Եվ մերթ ջերմ աղոթք — ծերի շրթունքին,
Մերթ ոգի, եռանդ — պատանու կրծքում,
Ապրեց ու հուզվեց երգը սրտագին
Դարերով ստրուկ գեղջուկի կյանքում…


III

Թռավ նա գյուղից մարդաշատ քաղաք,
Եռուն կենտրոններ՝ լեցուն աղմուկով,
Ուր շատին բախտը ծաղրում էր վայրագ,
Շատերին ժըպտում կուրացած աչքով,
Ուր մեկը մատնված լացի, զրկանքի,
Մաշում էր կյանքը հազար հոգսերով.
Իսկ մյուսը — զավակ լիախինդ կյանքի,
Անվիշտ ապրում էր՝ վիշտը ծաղրելով։
Եվ մտավ երգը շըքեղ պալատներ,
Կշտամբեց ոսկու գոռոզ ստրուկներին,
Այցելեց անզարդ, աղքատիկ տըներ,
Ողջունեց համեստ գործավորներին։
Մի տեղ նա լացեց աղեխարշ, տրտում,
Մի տեղ կուշտ խնդաց, ասես, բախտավոր.
Բայց ամենուրեք սրտաշարժ երգում
Լսվում էր հայի վիշտը դարևոր…


IV

Օ՜, երգ վառվռո՛ւն, դու երգ ոգեշո՛ւնչ,
Բազմատանջ երգչի անկեղծ հառաչանք.
Դու հայի աղերս, դու հայի մրմունջ,
Դու մեր վշտերի խորի՜ն արձագանք.


Թո՛ղ այսօր մահվամբ անողոք խոցված,
Քո ազատ երգիչն անկյանք, անբարբառ,
Լըռե հավիտյան, աչերը փակած,
Որպես տարաբախտ բըլբուլ նետահար.
Թո՛ղ մահու կապանք, խավար գերեզման
Խլացնեն երգչիդ ձայնը կորովի,—
Դու կայուն, որպես ժայռը անսասան,
Դու հզոր, որպես ալիքը ծովի,
Չես մեռնիլ երբե՛ք, օ՜ երգ անմոռաց.
Եվ քանի հայ ազգն ապրում է, տանջվում
Դու լքյալ հայի հոգին կախարդած՝
Հավերժ կըթնդաս հայրենի երկրում…