Jump to content

Աննա Սարոյան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աննա Սարոյան
ԱՆՆԱ ՍԱՐՈՅԱՆ
Ա
Թիֆլիս, 6 սեպտեմբերի, 1880

Իմ սիրելի՛ Հռիփսիմե, իմ անգին քույրիկ,

Անսպասելի նամակդ ինձ շատ տխրեցրեց և միևնույն ժամանակ շատ բարկացրեց։ Մի՞թե կարծում ես, որ ես երբևիցե կարող կլինեմ— մինչև անգամ եթե այդ կամենամ էլ — մոռանալ նրան, որ մանկությանս ժամանակից ի վեր իմ ամենասիրելի, իմ ամենասրտակից ընկերուհին է եղել, որին ամեն ժամանակ և ամեն դեպքում համարձակ հայտնել եմ սրտիս բոլոր գաղտնիքները և որ կիսել է տխրությունս, կրկնապատկել է ուրախությունս։ «Դու ինձ մոռացար, Աննա, դու ինձ մոռացար», դառնությամբ բացականչում ես նամակիդ մեջ։ Չեմ հասկանում, թե այդ ինչ կասկած է (թեև հավատ կարող էի անվանել այն զգացմունքը, որով գրել ես այդ բառերը), որ ծնել է քո մեջ անջատումն ու երկարատև լռությունը։ Գուցե այդ ընկերական անհուն, կույր սիրո հանկարծ բռնկվող անմեղ բարկության արգասիք է։ Եթե այդպես է (որ ամենահավանականն եմ գտնում), ապա ես կրկնապատիկ ուժով սիրում եմ այն մաքուր սիրտը, որ տրամադիր է այդպիսի արդար բարկությունների։ Իհարկե, անպատճառ չպիտի երդվեմ, սիրելի՛ քույրիկս, հավատացնելու համար, որ չնայելով այսքան ժամանակ քեզ նամակ չէի գրում, բայց ամեն օր և միշտ հիշում էի քեզ. իսկ երբեմն— և այն շատ հաճախ — մի այնպիսի անհուն կարոտություն էի զգում դեպի քեզ, այնպես ցանկանում էի քո ներկայությունը, որ... մի՞թե բառեր կան այդ զգացումներն արտահայտելու։ «Բայց ինչո՞ւ նամակ չէի գրում», անպատճառ կհարցնես ինձ։

— Ինչո՞ւ նամակ չէի գրում քեզ,— հարցնում եմ և՛ ինքս քնձ։ Պատասխանի համար պետք է դիմել այն անհասկանալի զորությանը, որ՝ մարդկային կամքին հակառակ՝ միայն ինքն է զգացմունքների ղեկավարը։ Մարդկային սիրտն երբեմն այնպես լցվում է (սակայն այդ շատ քչերին է պատահում, իսկ ինձ՝ շատ հաճախ, մանավանդ վերջին ժամանակներս), նորանոր զանազան զգացմունքները՝ միմյանց խառնվելով՝ այնպիսի ուժով գործում են նրա մեջ, որ նրանց կարելի չէ լինում արտահայտել ոչ բառերով և ոչ, մինչև անգամ, գրչով։ Զորեղ զգացմունքներից ալեկոծվող սիրտն էլ ունի իր կապրիզները, ինչպես օվկիանոսն ահեղ փոթորկի ժամանակ։ Առանց դուրս գալու սրտի պատերից, այդ զգացմունքները, ինչպես լավան երկրի ներսը, բորբոքվում են, եռում այնքան, մինչև որ իրենք իրենց դարձյալ հանգստանում են, խաղաղվում։ Սակայն որքա՜ն քաղցր ու թեթև, բայց և, միևնույն ժամանակ, որքա՜ն դառն ու ծանր է զգացմունքների այդ ալեկոծությունը սրտի մեջ։ Ուզում ես աղոթել և անիծել, ուզում ես ապրել և մեռնել։ Երանի՜, բայց վա՜յ նրան, ում սրտին հատուկ են այդպիսի ալեկոծություններ... Եվ ո՞վ գիտե, մինչև ե՜րբ ես այսպես շարունակեի պահպանել դեպի քեզ ունեցած լռությունս, սիրելի քույրիկ, եթե նամակդ հանկարծ չբանար սրտիս դռները քո առաջ... Բայց այստեղ գրիչս այլևս առաջ չի գնում... Տարակուսում եմ... Ի՞նչպես արտահայտնեմ այն, ինչ որ այժմ զգում եմ... Ամբողջ քառորդ ժամ անցավ. գրիչը ձեռքիս կանգ է առնում. գլուխս խոնարհվել է թղթի վրա. սիրտս սաստիկ բաբախում է... Հազարավոր զգացումներ ու մտքեր ալեկոծում են ինձ. ուզում եմ, ամեն ջանք գործ եմ դնում՝ արտահայտելու այդ զգացումներն ու մտքերը նամակիս մեջ, բայց... Կես ժամ էլ անցավ... Ո՜չ, չեմ կարողանում։ Մնաս բարյավ, անգին քույրիկ։ Մյուս անգամ։

Բուռն կարոտով սեղմում եմ քեզ կրծքիս ու համբուրում։

Քո Աննա Սարոյան
Բ
Թիֆլիս, 20 սեպտեմբերի 1880

Սիրելի՛ Հռիփսիմե,

Դու զարմանում ես, թե ինչպիսի եղանակով էի գրել նամակս. «կարծես մելամաղձություն է եկել վրադ», գրում ես դու։ Իրավունք ունիս զարմանալու և այդպես կարծելու, քանի որ այդ եղանակով գրած նամակ ինձնից դեռ երբեք չես ստացել։ «Ի՞նչ է պատահել քեզ», հարցնում ես։ Ոչինչ, բոլորովին ոչինչ չի պատահել ինձ. ես նույնն եմ, ինչպես վերջին անգամ տեսել ես ինձ. ապրում եմ նույն լիության մեջ, ծնողներս, եղբայրներս բոլորը ողջ և առողջ են, և մենք առաջվա նման հաշտ ու սիրով ենք ապրում։ Ըստ երևույթին, պետք է որ երջանիկ լինեմ, տրտնջալու ոչինչ տեղիք չպիտի ունենամ, այնպես չէ՞, սիրելի քույրիկ։ Բայց արի տես, որ այդ այդպես չէ.— ընդհակառակն, այս վերջին ժամանակներս ես ինձ թշվառ եմ զգում՝ առանց մի որևիցե ակնհայտ պատճառի։ Էլ չես տեսնի ինձ առաջվա նման ամեն մի չնչին բանի վրա ուրախ քրքջալիս կամ չարաճճիություններ անելիս, որոնց համար դու ինձ միշտ նախատում էիր և խրատում, որ ես գոնե փոքր֊ինչ լրջմիտ կենամ։ Էլ չես տեսնի ինձ առաջվա նման ցանցառամիտ երիտասարդների հետ ընկած, որի համար քո նախատինքն ավելի սաստիկ էր լինում, և երբ չէի լսում քեզ, ուղղակի խռովում էիր ինձնից, մինչև անգամ երկար ժամանակով։ (Բայց եթե այժմ տեսնես, թե որքա՜ն ես ատում եմ այդպիսի երիտասարդներին և որքա՜ն զզվում եմ նրանցից... Գուցե այժմ ե՛ս նախատեմ քեզ և խռովեմ քեզնից, եթե ինձ չլսես)։ Առաջվա անմիտ երեխայական արարքներիցս էլ ոչ մի նշույլ չես տեսնի իմ մեջ. կարծես երիտասարդությանս վաղուց արդեն հրաժեշտ եմ տվել, սիրտս կարծես մի անգամից ծածկվել է և էլ հնար չկա բանալու։ Այն, ինչ որ առաջ հոգով չափ սիրում էի, այժմ սաստիկ ատում եմ. կլուբ բոլորովին չեմ գնում, պարահանդեսներ— համարյա երբեք, իսկ թատրոն— շատ քիչ անգամ։ Ամեն տեղ և ամեն բանից շատ շուտ եմ ձանձրանում։ Ես այժմ սիրում եմ միայն առանձնություն և շատ եմ ջղայնանում, երբ ինձ անհանգստացնում են։ Առանձնության ժամանակ մտածմունքներն ակամա պաշարում են ինձ։ Շատ անգամ այնպես խորասուզվում եմ մտածմունքների մեջ, որ ամեն բան կատարելապես մոռանում եմ։ Բայց թե ինչ եմ մտածում— այդ ես ինքս էլ չգիտեմ. միայն այս գիտեմ, որ, ինչ որ մտածում եմ, բոլորը դառն է լինում։ Երբեմն՝ մտածմունքներիս անձնատուր լինելուց հետո երբ սթափվում եմ, զգում եմ, որ աչքերս լցվել են արտասուքով և քիչ է մնում հեկեկամ։ Լինում է և ժամանակ, որ սաստիկ ծուլանում եմ— թեև, ինչպես գիտես, բացի կարդալուց և դաշնամուր նվագելուց, ես ուրիշ ոչ մի զբաղմունք չունիմ, և այնքան ծուլանում եմ, որ առավոտները ոչ ուզում եմ անկողնիցս վեր կենալ և ոչ տնից դուրս գալ. ուզում եմ միշտ մնալ այնպես, ինչպես կամ։ Բայց երբեմն էլ այնպիսի մի անզուսպ շարժունության պետք եմ զգում, որ մի անգամից ուզում եմ և ա՛յս անել, և՛ այն, և՛ վազել, վազվզել և՛ պարել, անդադար պարել, դաշնամուր ածել, կոտրել, վիթել, ծեծել, մի խոսքով՝ անել այն ամենը, ինչ որ կամենում եմ, և ինչ որ ձեռքիցս կգա։ Հենց երեկ ճիշտ այդ դրության մեջ էի. երեկոյան թեյը խմելուց հետո՝ բաժակն այնպես շպրտեցի սեղանի վրա, որ գլորվեց, ընկավ հատակի վրա և փշրվեց։ Վերցրի գիրքը կարդալու, բայց մի քանի տող հազիվ կարդացած՝ իսկույն ծածկեցի և շպրտեցի հատակի վրա։ Նստեցի դաշնամուրիս առաջ և այնպես կատաղի կերպով խփեցի մի քանի ակորդներ, որ ստեղունքներից մեկի զսպանակը կոտրվեց։ Էլ չեմ հիշում, թե ինչեր արեցի։ Մեր տանը բոլորը զարմացած են մնացել։ Ես էլ պակաս չեմ զարմացել, հավատացիր։ Ինչռ՞ւ եմ այսպես անում, ինչո՞ւ, խելագարվում եմ, ի՞նչ է, թե այս էլ մի տեսակ հիվանդություն է, որ ակամա գալիս է մարդու վրա.— ոչինչ չեմ հասկանում։ Բայց մի բան ես շատ լավ հասկանում եմ ու զգում.— սիրտս ձգտում է, ուժգին թափով ձգտում ինչ-որ մի անհայտ, կարծես երբեք գոյություն չունեցող բանի, ձգտում է և, կարծես, հույս չունի, թե երբևիցե կհասնի։ Ես այժմ ամեն կերպ աշխատում եմ այդ հիմար դրությունից դուրս գալու և հույս ունիմ, որ զանազան զգացմունքներով ինձ այդ կհաջողվի։ Սկսել եմ շատ կարդալ և համարյա ամբողջ օրն ընթերցանությամբ եմ անցկացնում։

Սիրելիս, նամակ շուտ-շուտ գրիր, ես էլ շուտ-շուտ կգրեմ. ի նկատի ունեցիր, որ սիրտս արդեն բաց է եղել քո առջև և ես այլևս չեմ կարող ծածկել քեզնից իմ զգացումները: Ուզում եմ նամակներով քեզ հետ ամեն ինչ բաժանել. զգում եմ, որ այդ ինձ թեթևություն կպատճառի: Առայժմ, սիրելիս, ցնոր գրություն:

Քո Աննա Սարոյան
Գ
Թիֆլիս, 4 հոկտեմբերի 1880

Սիրելի Հռիփսիմե,

Դու աշխատում ես բացատրել հոգեկան օտարոտի դրությունս և գտնում ես, որ այդ պարապությունից, անգործ լինելուցս է։ Գուցե մասամբ ճիշտ է այդ, բայց այս էլ կա, որ ես դեպի ոչ մի գործ ձգտում չեմ զգում։ Եվ ի՞նչ գործ կհրամայեիր, որ կատարեի, ի՞նչ անեի, ինչո՞վ զբաղվեի, քանի որ մի հասարակ գործվածք անգամ մինչև վերջը համբերություն չունիմ տանելու և ամեն բան, ինչ ձեռքս եմ առնում, ձգում եմ կիսատ... Ոչ, ես կարծում եմ, որ գլխավոր պատճառը մենակությունս է։ Գուցե զարմանաս, բայց այդ այդպես է. ես մենակ եմ այժմ, և այդ ոչ թե այն պատճառով, որ առաջվա նման այլևս ընկերուհիներ չունիմ, որոնց հետ կարողանամ անցընել ժամանակս՝ տաղտկությունից խուսափելու համար— ոչ, այլ այն պատճառով, որ ես ինքս եմ հեռացել նրանցից, որովհետև նրանք բոլորն ինձ այժմ շատ հիմար և դատարկ արարածներ են երևում... Այ, ուրիշ բան կլիներ, եթե դու լինեիր մոտս, այն ժամանակ երբեք չէի ձանձրանալ. երբեք տաղտկություն չէի զգա, ինչպես առաջ, երբ դու այստեղ էիր, թեև այն ժամանակ քո չափից դուրս լուրջ դատողություններն ու խրատներն երբեմն շարժում էին ծիծաղս... Ա՜խ, որքա՜ն թեթևամիտ էի այն ժամանակ... Եվ այժմ զարմանում եմ, ճշմարիտ, թե ի՞նչպես քո առողջ խելքով, քո լրջությամբ կարողանում էիր ինձ, թեթևսոլիկիս հետ որևէ հարաբերություն ունենալ, թեև չքավորությանդ հետ ունեիր և սաստիկ ինքնասիրություն, որպեսզի իսկույն ևեթ հեռանայիր ինձնից, երբ տեսնեիր, որ քո դեպի ինձ ունեցած սերտ բարեկամության մեջ զանազան նախանձախնդիրներ լոկ ստոր հաշիվներ են տեսնում քո կողմից։ Ինչպես չէիր ձանձրանում իմ ամենահիմար խոսակցությունից, որ միշտ այն մասին էր լինում, թե գիշերը պարահանդեսում ո՛ւմ հետ պարեցի, ո՛ւմ հետ ծանոթացա, ո՛վ ինչպիսի նոր հագուստ ուներ, թե թատրոնում ի՛նչ օպերա էին ներկայացնում, ո՛վ ինչպես էր երգում, ո՛վ կար այնտեղ աչքի ընկնող, թե ի՛նչ նոր մոդա է եկել, ի՛նչ նոր հագուստ պիտի կարել տայի ինձ համար, թե այսինչ օրը որտեղ եմ հրավիրված...— Անշուշտ դրա համար ես պարտական եմ քո զիջող, սիրող բնավորությանը և խղճահարությանը, որով կամենում էիր ինձ գոնե փոքր֊ինչ խելքի բերել...

Ախ, անգին քույրիկս, որքա՜ն սիրում եմ քեզ։ Որքան շատ եմ մտածում մեր բարեկամության մասին, այնքան սիրտս ավելի ու ավելի է կապվում քեզ հետ, որովհետև գնահատությունդ նոր եմ հասկանում։ Ուզում եմ, որ այդ անցյալը գոնե մի րոպե վերադառնա, և ես առատաբուխ ջերմ զգացմունքներով հատուցանեմ քեզ քո դեպի ինձ տածած անկեղծ բարեկամության փոխարենը։ Չես կարող երևակայել, թե որքա՜ն կարոտում եմ քեզ այժմ։ Եվ ի՞նչպես չկարոտեմ, քանի որ ամբողջ երկու տարի է անցել այն օրից, երբ դու վերջին անգամ եկար մեր տուն հրաժեշտիդ ողջույնը տալու մեզ։ Այդ օրը հիշում եմ, ինչպես երեկը։ Ի՜նչ սքանչելի օր էր այդ։— Շաբաթ երեկո էր։ Տան բոլոր դռներն ու լուսամուտները բաց էին դեպի պատշգամբը։ Մայիսյան թարմ, զովարար օդը, որ ես միշտ համեմատել եմ քնած քնքշիկ մանկան անլսելի շնչառության հետ, ամենայն առատությամբ ներս էր մտնում սենյակները։ Արևի ճառագայթները՝ բեկվելով լուսամուտների ապակիների մեջ՝ անդրադառնում էին հանդեպի պատերի վրա աղոտ և անջերմ լուսով։ Պատշգամբում չարաճճի ծտերն իրենց ուրախ ծլվլոցով ահագին աղմուկ էին հանում. նրանց ծլվլոցի ձայնը պարզ օդում արձագանք էր տալիս։ Որքա՜ն սիրելի է գարունը, երբ երգում են թռչունները։ Ի՞նչ կլիներ գարունը, եթե թռչուններ չլինեին.— նա անշուշտ կկորցներ իր հրապույրի կեսը, ինչպես ուրախ, հանդիսավոր տոնախմբությունն՝ առանց երգի ու նվագի։ Ես նստած էի դահլիճում դաշնամուրիս առաջ և նվագում էի Շումանի սերենադը (շատ լավ հիշում եմ, որ հենց այդ էի նվագում). հարևան սենյակում պարապում էին եղբայրներս. մեծը— Արշակը նստած էր սեղանի վերջին լուսամուտի մոտ՝ իր գրասեղանի առաջ և կանցելյարիայից բերած մի ահագին կույտ ինչ-որ թղթեր էր քրքրում, սենյակի մյուս վերջին լուսամուտի մոտ՝ իր գրասեղանի առաջ նստած էր մյուս եղբայրս— Գրիգորը և կարդում էր «Դոն Կարլոսը» (այդ հիշում եմ նրանից, որ նա ներս մտավ և, խնդրելով որ լսեմ, կարդաց ինձ մոտ մի գեղեցիկ կտոր Մարկիզ Պոզայի մի մենախոսությունից, որից հիացել էր։ Նա առհասարակ չափից դուրս սիրում է Շիլլերը. խո գիտես, որ նա թունդ ռոմանտիկ է)։ Իսկ փոքր եղբայրս— Գարեգինը նստած էր մեջտեղի լուսամուտներից մեկի առաջ և սովորում էր դասը։ Հարևան սենյակում հայրս և մայրս «նարդի» էին խաղում. այդ նրանց սիրելի զբաղմունքն էր, և է, երեկոներին։ Ա՜խ, ինչքան ուրախ, ինչքա՜ն երջանիկ էի ես այդ ժամանակ։ Ինչպիսի անհուն սեր էի զգում ես դեպի մեր այդ խաղաղ սիրող, հաշտ ընտանիքը։ Սրտիս մեջ դրախտ էր բացված և այդ դրախտն ես ուզում էի արտահայտել Շումանի սքանչելի սերենադի մեջ...

Հանկարծ հարևան սենյակում լսեցի քո ձայնը։

— եկել եմ ձեզ մնաք բարև ասելու. վաղն առավոտյան գնում եմ,— ասում էիր ծնողներիս։

Թողի դաշնամուրը, վեր թռա և վազեցի քեզ մոտ։

— Սիրելիս, մի՞թե իրավ, վաղն առավոտյան,— բացականչեցի՝ բռնելով ձեռքերիցդ։

— Այո։

«Այո»... Անգո՜ւթ, ի՞նչ էի արել քեզ, որ երջանկությանս բարձրությունից ինձ այնպես հանկարծ ցած գլորեցիր։

— Սիրելիս, Հռիփսիկս, հետաձգի՜ր— փարեցի վզովդ։

— Ո՜չ,— կարծես երդվել ես դու։

— Սիրելիս, մնա մի քանի օր էլ։

— Անկարող եմ։

Մի՞թե սիրտն այնքան կարող է քարանալ։ Դու մնաք բարև ես ասում ծնողներիս, մնաք բարև ես ասում եղբայրներիս, սեղմում ես ամենքի ձեռքն էլ։ Ես շտապով ծածկում եմ փեղույրս, դուրս եմ գալիս քեզ հետ։ Գնում ենք։ Ո՞ւր։ Ո՛վ գիտե։ Երկուսս էլ խոսում ենք, սակայն ավելի լռում ենք, քան թե խոսում։ Ինչո՞ւ։ Չգիտեմ։ Թեև զգում էինք, որ շատ բան ունինք ասելու, բայց շատ քիչ բան էինք կարողանում ասել։ Ի՜նչ հիմար դրություն էր։

Հետևյալ օրն ես քեզ հրաժեշտ տվի երկաթուղու կայանում։ Վերջին ջերմ համբույրները դրոշմեցինք միմյանց շրթունքներին։ Ինչպե՜ս էինք լալիս... Սքանչելի արցունք... Շոգեկառքը սուլեց և սկսեց դեռ կամաց, հետո քիչ֊քիչ արագ փախցնել քեզ։ Վերջին անգամ լուսամուտից շարժեցիր թաշկինակդ, ես իմը, և այլևս չտեսա քեզ։

«Բայց ինչո՞ւ ես գրում ինձ արդեն հայտնի այդ եղելությունը, ինչո՞ւ այդ բոլորը հիշեցնում ես ինձ»— գուցե հարցնես դու, եթե միայն այլևս նույնը չես, ինչպես ես քեզ ճանաչում էի այն ժամանակ, որովհետև եթե դու նույնը լինես, ապա այդ հիշողությունը քեզ համար նույնքան սիրելի պիտի լինի, որքան և ինձ համար այժմ, չնայելով, որ այն ժամանակից անցել է ամբողջ երկու տարի։ Կարծեմ Գյոթեն է ասում— պետք չէ քրքրել անցյալը, նա միշտ դառն է լինում ներկայի համար։— Ճի՞շտ է արդյոք այդ։ Զգում եմ, որ այո և զգում եմ, որ ոչ։ Ինչո՞ւ։ Բացատրել չեմ կարող, բայց ես այդպես եմ զգում։ Անցյալի հիշողությունը որքան դառն, նույնքան և քաղցր է, և այդ պատճառով սիրելի է, որպես անունը սրտիդ մոտ այն էակի, որին տարիներ առաջ հողին ես հանձնել։ Այդ հիշողության մեջ կա մի տեսակ ուրույն, եթե կարելի է այդպես ասել, հոգեկան պոեզիա, ինչպես երկու հակադիր զգացումների զուգորդության մեջ։ Մի՛ ծիծաղիր փիլիսոփայությանս վրա։

Կարծեմ այս անգամ այսքանը բավական է. մյուս անգամ մեր ընտանիքից տեղեկություն կտամ քեզ, որ խնդրում ես ինձնից։ Իսկ այժմ ընդունիր համբույրս և մնաս բարև։

Քո Աննա Սարոյան
Դ
Թիֆլիս, 11 հոկտեմբերի 1880

Սիրելի՛ Հռիփսիմե,

Նախորդ նամակովս խոստացել էի քեզ տեղեկություն տալ մեր ընտանիքից և ահա կատարում եմ խոստումս։

Նախ պիտի ասեմ, որ Գրիգորը հիվանդ է. հազում է։ Այս հինգերորդ օրն է, որ գիմնազիոն չի գնում. բժիշկները խորհուրդ են տալիս առժամանակ ձեռք վերցնելու պարապմունքներից։ Ես սաստիկ երկյուղ եմ կրում, որ նրա հիվանդությունը թոքախտ լինի, մանավանդ որ նա կազմվածքով շատ թույլ է և նիհար։ Դու գիտես, թե որքան եմ սիրում եղբայրներիս, առավելապես Գրիգորին, որը այս վերջին ժամանակներս մանավանդ ինձ համար թե՝ եղբայր է բառիս բուն նշանակությամբ, և թե ամենամտերիմ խորհրդակից։ Ես սարսափում եմ, որ լսում եմ նրա խուլ հազի ձայնը, մանավանդ գիշերները, երբ քնած է լինում։ Նա շատ է պարապում, չափից դուրս պարապում է. այդ վատ է ազդում նրա հիվանդությանը։

Բայց Գրիգորի հիվանդությունից զատ մի ուրիշ հանգամանք էլ կա, որ պակաս մտահոգություն չի պատճառում մեզ։ Դու դիտես, թե հայրս ինչպիսի զվարճասեր և կատակասեր մարդ է, բայց վերջին ժամանակներս մեծ փոփոխություն է նկատվում նրա մեջ. օրինակ՝ երեկոները վերադառնում է տուն միշա մի տեսակ տխուր ու մտախոհ և գլխարկն աչքերի վրա վայր թողած, այնինչ առաջ նա գլխարկը միշտ ետ գցած էր ունենում ճակատի վրա և միշտ մրմնջում էր մի որևիցե ուրախ երգ։ Խոսելիս էլ ամենքի հետ բարկացած է խոսում, կարծես ամենքն էլ նրան որևիցե անախորժություն են պատճառել, կարծես ամենքն էլ նրա առաջ մեղավոր են։ Մի անգամ հարցրի պատճառը։ Խոժոռած դեմքով նախ լուռ նայեց ուղղակի աչքերիս, հետո հանկարծ մի վայրկյան միայն ժպտաց, աչքերը վայր թողեց, ներքին շրթունքը կախեց և դեմքին տվեց մի այնպիսի ճիշտ և միևնույն ժամանակ ծիծաղելի արտահայտություն, որպիսին ունենում է երեխան այն ժամանակ, երբ նրան բոլորովին իզուր մեղադրում են չարություն անելու համար։

— Ես ի՞նչ մեղավոր եմ, օրիորդ,— արտասանեց նա բարակ, իբրև թե երեխայական ձայնով.— Կիրակոսյանը չարություն է անում, դուք ի՞նձ եք մեղադրում։ Ուզում եք Մարտիրոսյանին հարցրեք։

Չկարողացա ծիծաղս զսպել և գրկեցի նրան։

— Հայրի՛կ, մի՞թե տխուր ժամանակդ էլ կարողանում ես կատակներ անել,— բացականչեցի ուրախացած։

— Ուզում եք Մարտիրոսյանին հարցրեք,— կրկնեց նույն բարակ ձայնով։

Դարձյալ ծիծաղեցի և ավելի ամուր գրկեցի նրան։

Նա կմկմաց, ազատվեց գրկիցս, ժպտաց՝ նայելով աչքերիս և քնքշորեն համբուրելով ճակատս, դուրս գնաց իր առանձնասենյակը։

Մտախոհությամբ նայեցի նրա ետևից։ Ինչպես շուտ և հեշտությամբ կարողացավ ազատվել բացատրությունից։ Այնուհետ ամեն անգամ նկատում եմ, որ նա ամեն կերպ աշխատում է խույս տալ ինձնից, իսկ երբ այդ չի հաջողվում, դարձյալ սկսում է կատակ անել և, զարմանալի է, չնայելով, որ այդ կատակներն ակամա է անում (ես այդ շատ լավ եմ նկատում), բայց նրանք երբեք անհամ չեն դուրս գալիս և միշտ ունենում են իրենց ազդեցությունը, գոնե ով այդ ժամանակ նայում է նրան (մինչև անգամ ես), չի կարողանում զսպել ծիծաղը։ Սակայն իզուր է աշխատում ծածկել ինձնից իր վիշտը. և որ մի վիշտ— և այն էլ ծանր վիշտ— կրծում է նրա սիրտը և մեծ մտատանջություն է պատճառում նրան— այդ ես գիտեմ, այդ ես պարզ տեսնում եմ։ Չեմ կարծում, թե նրա վիշտը Գրիգորի համար լինի, որովհետև Գրիգորն այնքան էլ հիվանդ չէ, որի համար կարող լիներ այնքան մտատանջվել։ Ուրիշ բան կա անշուշտ, որ մենք չգիտենք։ Մայրս խիստ անհանգիստ է. ասում է, որ գիշերները նա հանգստություն չունի, իսկ երբեմն՝ քնած ժամանակ, ասում է, կարծես վախեցած, հանկարծ բղավում է և վեր թռչում, երբեմն Էլ երազում, ասում է, ուղղակի լաց է լինում...

Մնացել եմ տարակուսած։ Ի՞նչ է նշանակում այս։

Քո Աննա Սարոյան
Ե
Թիֆլիս, 11 հոկտեմբերի 1880

Սիրելի Հռիփսիմե,

Այս անգամ դարձյալ հորս մասին պետք է գրեմ, որովհետև բոլոր մտածությանս առարկան նրա տարօրինակ դրությունն է, որից մինչև այժմ ոչինչ չեմ հասկանում։

Անցյալ կիրակի մեր տուն եկավ Թոմաս Գասպարիչը։ Դու ճանաչում ես նրան— այն անատամ, ժամանակից շատ վաղ ծերացած, անտերությունից սրա-նրա դռանն ապրող, իր ասելով՝ «օտստավնոյ տիտուլյարնի սովետնիկը», որ ոչ մի օր եկեղեցուց ետ չի ընկնում և ինչպես ավետարանն ու սաղմոսը, նույնպես և եկեղեցական բոլոր արարողությունները շատ լսելուց ու կարդալուց անգիր գիտե։ Նա նույնն է մնացել, ինչպես տեսել ես նրան երկու տարի առաջ. ծերության ժամանակ մարդկանց մեջ փոփոխությունը շատ աննկատելի է կատարվում։ Հագուստն էլ նույնն է. նույն խունացած գլխարկը կարմիր կանտերով, նույն խունացած նշանազգեստը՝ հնությունից սևացած երկաթե կոճակներով և նույն ձեռնափայտը, որից նստած ժամանակն անգամ չի բաժանվում։ Եղանակը, չնայելով աշուն էր, շատ տաք էր։ Ես նստած էի սենյակումս՝ բաց լուսամուտի առաջ և կարդում էի Տուրգենևը։ Եղբայրներս տանը չէին, մայրս խոհանոցումն էր, իսկ հայրս դուրսը, պատշգամբում։ Նա նստած էր լուսամուտից հեռու մեջքը դեպի ինձ արած և մտախոհ նայում էր քաղաքին։ Երևի չգիտեր, թե ես տանն եմ և նայում եմ իրեն, ապա թե ոչ աչքերիս առաջ անձնատուր չէր լինի իր տխուր մտածմունքներին։ Բայց նա այն աստիճան խորասուզված էր մտածմունքների մեջ, որ չնկատեց, թե ի՛նչպես Թոմաս Գասպարիչն իր դանդաղ, երերուն քայլերով մոտեցավ նրան։

— Շատ խորն ես մտածում, աղա՛ Գևորգ,— կարճ ժամանակ նրա մոտ լուռ կանգնելուց հետո, ասաց Թոմաս Գասպարիչը, իր բութ հայացքով կողքից շարունակ նայելով նրան։

Հայրս հանկարծ սթափվեց և նայեց նրան։ Առաջին նվագ, կարծես չկարողացավ ճանաչել նրան, որովհետև նախ մի րոպե, ըստ երևույթին զարմացած և լուռ, նայեց նրա դեմքին, հետո հանկարծ բացականչեց.

— Ա՜, Թոմաս Գասպարի՞չ, այդ դո՞ւ ես... Բարև (ու մեկնեց նրան ձեռքը)։ Ի՞նչպես ես։ Քեֆդ լա՞վ է։ Համեցիր, նստիր։ (Նա կանչեց ծառային, որ մի աթոռ բերի)։ Նոր լուր կունենաս, ասա տեսնենք։ Անպատճառ եկեղեցուցն ես գալի։

— Բաս ո՞րտեղից պետք է գամ,— մրթմրթաց Թոմաս Գաապարիչը, կարծես նեղացած, որ այդ բանի համար դարձյալ հարցնում են իրեն։

— Իհարկե, ինձ համար էլ կաղոթեիր։

— Անպատճառ։ Քեզ համար էլ որ չաղոթեմ, աղա Գևորգ, բաս էլ ո՞ւմ համար պետք է աղոթեմ։

— Քեզ համար։

— Է, ամեն մարդ որ մենակ իր գլխի մասին մտածի, այդ ո՞ւր կգնա։

— Իր գրպանն ու փորը... Բայց ասա տեսնենք՝ աղոթքիդ մեջ ի՞նչ էիր խնդրում ինձ համար։

— Ի՞նչ... Ա՜յ ինչ,— ասաց Թոմաս Գասպարիչը, նոտելով ծառայի բերած աթոռի վրա։— Նախ և առաջ խնդրում էի, որ ամենակարողն աստված քեզ և ընտանիքիդ երկար կյանք տա... «Կյանքս խնդրյաց ի քեն և ետուր նմա ընդերկայն ավուրս՝ հավիտյանս հավիտենից»։ Երկար կյանքն, իհարկե, ամեն բանից լավ է, այդպես չէ՞, աղա Գևորգ։

— Իհարկե... շարունակիր։

— Հա, նախ և առաջ խնդրում էի, որ ամենակարողն աստված քեզ...

— Հեր օրհնած, այդ խո ասացիր,— անհամբերությամբ և մի քիչ էլ ջղայնացած ընդհատեց հայրս։— Շարունակի՛ր։

Թոմաս Գասպարիչը տարակուսանքով և զարմացած նայեց նրան. առաջին անգամն էր, որ հայրս նրա հետ այդպես էր խոսում։

— Հետո խնդրում էի,— շարունակեց նա այս անգամ փոքր֊ինչ անվստահ եղանակով,— որ ամենակարողն աստված քեզ և ընտանիքիդ...

— Էլի՞,— նորից ընդհատեց հայրս նրան անհամբերությամբ։

— Չէ, աղա Գևորգ, շարունակում եմ,— շտապեց պատասխանել խեղճ Թոմաս Գասպարիչը,— ...որ ամենակարողն աստված քեզ և ընտանիքիդ երկար կյանքի հետ առողջություն տա... երկար կյանքն առանց առողջության, իհարկե, մի կոպեկ չարժե. այդպես չէ՞, աղա Գևորգ։

— Այդպես է, այդպես... շարունակիր,— մեքենայաբար կրկնեց հայրս, առաջվա նման մտախոհությամբ նայելով քաղաքին։ Նա կարծես այլևս չէր լսում Թոմաս Գասպարիչին։

— Հետո խնդրում էի,— շարունակեց Թոմաս Գասպարիչը,— որ ամենակարողն աստված գործիդ հաջողություն տա, սրտիդ բարի ցանկություններին կատարումն տա, ուրախություն, երջանկություն տա, որդոցդ բարի միտք և սիրտ տա, որ քեզ սիրեն, հարգեն և պատվեն... Խնդրում էի, որ քեզ և բոլոր ընտանիքիդ ամեն չարից հեռու պահի, սատանայի փորձությունից ազատ պահի, թշնամու սրտով չանե. «փրկյա զիս իր ձեռաց թշնամյաց և ի հալածչաց իմոց», խնդրում էի, որ իր սուրբ ողորմությունը միշտ անպակաս անի քեզնից և քո ընտանիքից. «ողորմություն քո, տեր, զհետ իմ եկեսցե զամենայն ավուրս կենաց իմոց»...

Նա լռեց և կարծես նոր տեսավ, որ հայրս ոչ նայում էր և ոչ լսում նրան։ Նա գլուխը փոքր-ինչ թեքելով, առաջ տարավ, որպեսզի լավ նայի հորս դեմքին, որ ամբողջապես դեպի քաղաքն էր դարձած։

— Հը, ի՞նչ է, պրծա՞ր,— մտախոհությունից սթափվելով և դեմքը դեպի նա դարձնելով, հարցրեց հայրս։

— Ես պրծա, աղա Գևորգ, բայց դու ինձ չէիր լսում, կարծես։

— Կարծե՜ս,— հարեց հայրս ծաղրական եղանակով։— Ընդհակառակն, իմ պատվելի տիտուլյարնի սովետնիկ, ես քո պատմածն ավելի լավ էի լսում, քան թե դու ինքդ... Բայց այդ թողնենք, ուրիշ բան խոսենք... Ինչ նոր լուր ունես, ասա տեսնենք։

— Է՛հ, աղա Գևորգ, ես ինչ նոր լուր պետք է գիտենամ. բացի եկեղեցուց, ո՞ւր եմ գնում, որ ինչ լուր լսեմ... Լրագիրը դուք եք ստանում, նոր լուրերը դու կլինես կարդացած։

— Այս քանի ժամանակ է ինչ ձեռքս լրագիր չեմ առել... Ապա գնա տես, սեղանի վրա կլինի լրագիրը, բեր կարդա մոտս... Սպասիր, լա՛վ, դու նեղություն մի կրիր, ծառան կբերի։

Նա դարձյալ կանչեց ծառային և հրամայեց, որ լրագիրը բերի։

Ես լուսամուտից տվեցի ծառային լրագրի համարը։ Ծառան տարավ տվեց Թոմաս Գասպարիչին։

Թոմաս Գասպարիչը նախ հանեց ակնոցը, որ պահում է, ինչպես գիտես, առանձին պատյանի մեջ, դրեց աչքերին և սկսեց կարդալ։ Կարդաց մի քանի լուր, թե ինչպես մի երիտասարդ անհայտ պատճառներից այսինչ տեղն և այսինչ ժամանակ անձնասպանություն է գործել («սիրահարված կլիներ»— այստեղ նկատեց հայրս), թե ինչպես մի կին մի անգամից երեք երեխա է ծնել, երեքն էլ կենդանի, թե ինչպես այսինչ տեղ ավազակները ճանապարհին կողոպտել և սպանել են ճանապարհորդներին, թե ինչպես այսինչ հայտնի վաճառականը սնանկացել է, նրա բոլոր կայքը գրավել, աճուրդով վաճառել են...

Հայրս սկզբում, ըստ երևույթին, հետաքրքրությամբ էր լսում Թոմաս Գասպարիչին, բայց վերջինս այնքան դանդաղ և անվարժ էր կարդում, որ նա շատ շուտով ձանձրացավ և դեմքը դարձյալ շրջեց դեպի քաղաքը։ Սակայն, ինչպես նկատում էի, այնուամենայնիվ, լսում էր և լսում ինքն իրեն ստիպելով. կարծես չէր ուզում անձնատուր լինել մտախոհությանը, որ ինչպես երևում էր, ակամա պաշարում էր նրան։ Վերջ ի վերջո դարձյալ սկսեց հետաքրքրությամբ լսել, և զարմանալի է՝ նրա հետաքրքրությունն այն աստիճանի հասավ, որ մինչև անգամ դարձավ Թոմաս Գասպարիչի կողմը, արմունկով կռթնեց ծնկան վրա և սկսեց շեշտակի նայել նրա շրթունքներին։ Այս անգամ տեսնում էի նրա դեմքը և երբեք չեմ կարող մոռանալ այն հայացքը, որով նայում էր այդ ժամանակ. այդ հայացքի մեջ կար և մեծ հետաքրքրություն, և մեծ երկյուղ, և մի տեսակ բան, որ ոչ կատաղություն էր, ոչ ստրջանք և ոչ հուսահատություն։ Վերջին լուրը լսելով, հանկարծ այնպիսի ուժով դուրս խլեց լրագիրը Թոմաս Գասպարիչի ձեռքից, գոռալով— «Ինչ վա՜տ ես կարդում»— այնպես ճղեց և ձեռքում ճմլելով, շպրտեց պատշգամբից ներքև, որ կարծեցի, թե խելագարվեց։ Ինքս էլ չիմացա, թե ինչպես այդ ժամանակ գլուխս հանեցի լուսամուտից դեպի դուրս և նայեցի նրա կողմը։ Նա հանկարծ տեսավ ինձ, և ես մինչև հիմա էլ զարմացած եմ մնացել, թե ինչպես այնպես արագ կարողացավ փոխել դեմքի արտահայտությունը, ձեռքերը վայր թողած՝ կանգնեց հանդարտ, աչքերը խոնարհեցրեց, ներքին շրթունքը կախեց (ինչպես այդ արավ մի անգամ, երբ հարցրի նրա մտահոգության պատճառը) և ասաց բարակ, իբրև թե մանկական ձայնով.

— Ես ինչ մեղավոր եմ, օրիորդ... բաս ինչո՞ւ Թոմաս Գասպարիչը այնպես վատ է կարդում...

Բայց այս անգամ չծիծաղեցի, ինչպես առաջ. արդյոք նրա՞ համար, որ արդեն հասկանում էի, թե ինչ են նշանակում նրա այդպիսի կատակները, թե՞ նրա համար, որ այս անգամ նրա կատակը բավական անհամ դուրս եկավ— չգիտեմ։ Այդ, կարծես ինքն էլ զգաց և, մի րոպե շփոթվելով իմ անթարթ, լուրջ հայացքից, հանկարծ նայեց Թոմաս Գասպարիչին և բարձրաձայն ծիծաղեց։

— Աննա,— բացականչեց նա, առանց իմ կողմը նայելու,— թե աստվածդ կսիրես, մեկ նայիր մեր տիտուլյարնի սովետնիկին։

Նայեցի Թոմաս Գասպարիչին, բայց դարձյալ չծիծաղեցի, թեև այդ րոպեին նա շատ ծիծաղելի էր։— Նստած էր անշարժ՝ ակնոցն աչքերին և կատարյալ ապուշի նման բերանը բաց՝ նայում էր հորս։ Նրա ձեռքերը մնացել էին այնպես, ինչպես որ բռնած ուներ լրագիրը կարդալիս։ Կարծես նրան դիտմամբ նստեցրել էին այդ դրության մեջ, որպեսզի հանեն նրանից մի ծաղրական պատկեր։ Հորս բարձրաձայն ծիծաղից նա հանկարծ սթափվեց և ժպտալով դարձավ ինձ.

— Տեսնո՞ւմ ես, Աննա, ինչ չարաճճի մարդ է եղել հայրդ,— ասաց գլուխը շարժելով։— Լրագիրը ձեռքիցս խլեց, ճղեց, ճխլեց, պատշգամբից ներքև գցեց, ասա ինչո՞ւ...

— Նրա համար, իմ պատվելի տիտուլյարնի սովետնիկ, որ... ճաշին մեզ մոտ կլինես,— ասաց հայրս և գնաց դեպի իր առանձնասենյակը։

Դիտմամբ այս անցքն այսպես մանրամասն նկարագրեցի նամակիս մեջ, սիրելի Հռիփսիմե, որպեսզի ցույց տամ, թե որքան մեծ է այն գաղտնի վիշտը, որ այնքան մտատանջություն պատճառելով, այսպիսի դրության մեջ է ձգել հորս։

Ինչպե՜ս վախենում եմ, թե մի՛ գուցե խելագարվի... Սարսափը, անասելի վիշտն ու հուսահատությունը պաշարում են ինձ, որ մտածում եմ, թե կարող է այդպիսի դժբախտություն պատահել... Բայց ի՞նչ անեմ, ի՞նչ... ինչո՞վ կարելի է այդ դժբախտության առաջն առնել...

Սրտիս վատ նախազգացումներից ես ավելի եմ սարսափում...

Ընդունի՛ր ջերմ համբույրներս։

Քո Աննա Սարոյան
Զ
Թիֆլիս, 20 նոյեմբերի 1880

Անգին քույրիկ,

Գուշակությունս ճիշտ դուրս եկավ.— դժբախտությունը— և այն էլ ի՜նչպիսի դժբախտություն— առաջին անգամ բաց արավ մեր տան դուռն և ներս մտավ՝ այնտեղից այլևս երբեք չհեռանալու համար։ Մենք համարյա մի անգամից զրկվեցինք մեր բոլոր կարողությունից, մեր բոլոր հարստությունից. հայրս աջ ձեռքով անդամալույծ եղավ և խելագարվեց։ Ահա թե ինչ եղավ նրա բոլոր մտատանջությունների, նրա գաղտնի վշտի, նրա օտարոտի դրության հետևանքը։ Իսկ պատճառը հորս պարտքերն են եղել, որոնց գոյության մասին մենք նույնքան տեղեկություն ունեինք, որքան տեղեկություն ունեինք, թե մեր գլխին մի այսպիսի սարսափելի փորձանք պետք է գար... Բայց մինչև հիմա էլ զարմանքից չեմ կարողանում ուշքի գալ, թե հայրս այնքան պարտք ե՞րբ է արել, և ի՞նչ բանի համար... Մայրս ասում է, որ նա մոլի խաղացող էր. այդ ես ինքս էլ գիտեի, բայց մի՞թե խաղալով այդքան պարտքեր են անում, այդքան տանուլ են տալիս... Ո՛չ, ո՛չ, ես այդ բանին ոչ մի կերպ չեմ ուզում հավատալ և երբեք էլ չեմ հավատալ... Գուցե, այո, ուրիշ մարդիկ այդպես անեն, բայց իմ հայրը... դու խո քիչ թե շատ ճանաչում ես հորս, դու խո գիտես, թե որքան ազնիվ, պատվասեր և հեռատես մարդ էր նա. մի՞թե այդպիսի գեղեցիկ հատկություններ ունենալով նա կարող էր չհասկանալ, թե ապագայում ինչ սարսափելի հետևանքներ կարող էր ունենալ խաղալու սերը։ Ի՞նչ, մեծ է այդ սիրո, այդ մոլության զորությունը, մարդկային բոլոր գեղեցիկ հատկությունները կորցնո՞ւմ են իրենց ուժը դրա առաջ. այո՞, ճի՞շտ է այդ, հավատալո՞ւ է այդ... Ով ուզում է թող այդ ճիշտ համարի, ով ուզում է թող հավատա դրան, բայց ես չեմ հավատում. չեմ հավատում՝ որովհետև այդ անկարելի եմ համարում գոնե հորս վերաբերմամբ... Ա՜խ, մի՛ կարծիր, թե որդիական անհուն սիրուց կուրացած միայն՝ ես այսպես պաշտպանում եմ հորս. ո՛չ, ամենքն էլ, ով ճանաչում է նրան, կասեն, որ հայրս այդպես թեթևամտությամբ չէր կարող վերաբերվել դեպի իր և իր ընտանիքի երջանկությունն ու պատիվը, որքան էլ նրա մեջ բուռն ցանկությամբ գործեր խաղալու սերը, մոլությունը։

Ես ճանաչում եմ հորս, ինչպես ինքս ինձ. նրա բնավորության բոլոր կողմերը, նրա հոգին բաց էր իմ առաջ, որպես մի պատկեր իր պարզ ու որոշ գծերով, և ես համարձակ, առանց կույր կողմնապահության պետք է ասեմ, որ նրա պես ընտանիքը պաշտող և նրա պատվի համար գլուխը ետ դրած մարդ ճրագով պիտի որոնել։ Ամենավաղ մանկությունիցս, գիտակցությանս բացվելու օրից սկսած մինչև այժմ դեռ չեմ հիշում գեթ մի օր, որ նա մի վատ խոսք ասած լիներ մորս, կամ մեզ— իր գավակների վրա ձեռք լիներ բարձրացրած, նա մեզ պահել է միշտ սիրո և խաղաղության մեջ, ազատ ընտանեկան ամեն տեսակ տարաձայնություններից և երկպառակություններից, նա մեր ամենաչնչին կապրիզներն անգամ անտրտունջ բավարարել է և ընտանիքի երջանկության ու պատվի նախանձախնդիր նրա սրտի մեջ մենք միշտ հովանի կյանք ենք գտել։ Եվ այդ բոլորից հետո, ասա՛, սիրելիս, մի՞թե ես իրավունք ունեմ թեկուզ ենթադրելու, որ այդ միևնույն հայրս, որ միշտ անփոփոխ է մնացել իմ աչքում (և ես կերդվեմ, որ չեմ խաբվել), իր ընտանիքի երջանկությունը, պատիվը, ապագան, ամեն իևչ, որոնց համար կյանքը ետ ուներ դրած, այդպես թեթևամտորեն տանուլ տար կանաչ սեղանի վրա...

Ա՜խ, ո՛րքան ծանր է, ո՛րքան ծանր է, սիրելի քույրիկ... Այսքան ժամանակ ոչ մի ծանր վիշտ տեսած չլինելով մեր ընտանիքի մեջ, այժմ այս սոսկալի դժբախտության առաջ զգում եմ, որ հոգիս շատ հեշտությամբ է ընկճվում... Եվ կարե՞լի է միթե անվեհերությամբ դեմ գնալ ճակատագրի մի այսպիսի հարվածի։ Ո՞վ է ուշադրություն դարձնում, թե զրկվեցինք մեր բոլոր կարողությունից. դրա մասին չեմ էլ մտածում կամ գեթ ափսոսում, այլ հա՜յրս, հա՜յրս, ես տանջվում եմ հորս համար։ Ես և մեր բոլոր ընտանիքը կորցրինք մի այնպիսի հայր, որպիսին կարող չէ տալ աշխարհն իր բոլոր գանձերով։ Եվ դեռ փառք աստուծո — այո, փառք աստուծո,— որ կաթվածն այնքան էլ սաստիկ չէր, ապա թե ոչ, նա կարող էր բոլորովին անդամալույծ դառնալ կամ իսկույն մեռնել։

Բայց ամենից ավելի ինձ տանջում, հուսահատեցնում է այն հանգամանքը, որ նրա խելքն այլևս գլխին չէ։ Արդյոք հասկանո՞ւմ ես, երևակայո՞ւմ ես, սիրելի քույրիկ, թե ինչ է նշանակում խելագարված լինել։— Այդ նշանակում է լինել մեծ մարդ և միևնույն ժամանակ— երեխա, այդ նշանակում է անել այն, ինչ որ շուրջդ ոչ ոք չի անում, և չի անի այն, ինչ որ շուրջդ ամենքն են անում, այդ նշանակում է հիմարների ծաղրի և խելոքների խղճահարության թշվառագույն առարկա լինել, այդ նշանակում է բնությունից անարգված լինել, մարդկային իրավունքներից զրկված լինել, ապրողների ցանկից դեռ կենդանության ժամանակ ջնջված լինել, այդ նշանակում է հազարավոր ապրողների մեջ ապրել իբրև առանձին մարդ, ինչպիսին մի ամայի անապատի մեջ, որտեղ շրջապատդ դեպի քեզ լուռ է և խուլ և որտեղ դու ինքդ շրջապատիդ համար լուռ ես և խուլ, այդ նշանակում է տեսնել և չճանաչել, լսել և չիմանալ, ապրել և չզգալ, այդ նշանակում է կրքեր չունենալ — կյանքի խորհրդի այդ բանալիները։ Սոսկալի՜ է, սոսկալի՜...

Ների՜ր, սիրելի Հռիփսիմե, նամակս երկար չեմ կարող շարունակել.— ամբողջ հոգեկան աշխարհս փշրված է։

Քո Աննա Սարոյան
Է
Թիֆլիս, 7 դեկտեմբերի 1880

Իմ քաղցրիկ ընկերուհի,

Շնորհակալ եմ ցավակցությանդ համար։ Այո՛, լավ կլիներ, շատ լավ, եթե մոտս լինեիր, զգում եմ, թե ո՛րքան կթեթևանար սիրտս այդ ժամանակ. բայց այդտեղից հեռանալդ անկարելի ես համարում։ Ինքս էլ գիտեմ, որ այդ անկարելի է, որ այդ քեզնից չի կախված, և այդ պատճառով երբեք չէի կամենալ, որ մի այդպիսի մեծ զոհաբերություն անեիր ինձ համար։ Վնաս չունի։ Այն էլ բավական է, որ մեր սրտերը կապում ենք իրար հետ նամակագրությամբ։

Մեր նախկին բնակարանից տեղափոխվեցինք. նա այլևս մեզ չի պատկանում։ Այնտեղից մեզ վռնդեցին— գուցե այդ վերջին բառը քեզ շատ կոպիտ երևա, բայց այդ այդպես է — մեզ վռնդեցին քաղաքավարի կերպով, և մեզ համար այդ առավել ևս զգալի էր... Երանի նրան, ով չի զգացել, թե ինչ է նշանակում իր նախկին մշտական բնակարանից վերջնականապես տեղափոխվել և այն էլ ինչպես— ստիպված, ակամա։ Իսկույն զգում ես, որ սրտիցդ մի բան կտրվում է, ինչպես այն ժամանակ, երբ սրտակից բարեկամիդ հավիտյան մնաս բարև ես անում։ Տան պատուհանները, դռները, պատերը, յուրաքանչյուր աղյուսը, այնտեղ ընկած յուրաքանչյուր մի ծեղ զգում ես, որ անգին է քեզ համար, և դու ոչ մի կերպ չես ուզում բաժանվել, անջատվել նրանցից ընդմիշտ։ Այո՛, շատ դժվար է, ծանր է, դառն է հավիտյան թողնել և առավել ևս վռնդված լինել այնտեղից, որտեղ ծնվել և անց ես կացրել մանկությանդ ոսկի ժամերը և որտեղի հետ կապված են կյանքիդ ամենաքաղցր հիշողությունները։

Այժմ մենք բնակվում ենք մեր հին տանը, որ մի կերպ կարողացանք ազատել պարտապանների ճանկերից։ Դու տեսել ես այդ տունը՝ ետ ընկած փողոցում, խոնավ, մռայլ պատերով, որոնք կարծես միշտ լաց են լինում։ Ամեն անգամ, որ մտնում եմ այս տան սենյակները, մի տեսակ անբացատրելի, ծանր, սաստիկ ծանր թախիծ պատում է սիրտս, հուսահատությունն ու կատաղությունը միաժամանակ պաշարում են ինձ, և դառն արտասուքը ակամա խեղդում է կոկորդս...

Ա՜խ, Հռիփսիմե, անգին քույրիկս, որքան դառն, որքան անտանելի է կյանքը... Գոնե նա այնքան չնչին չլիներ, գոնե նա ունենար մի մեծ նշանակություն, մի մեծ նպատակ, որի համար արժենար կրել նրա տված այսքան դառնությունները... Ոչնչի համար չարաչար տանջվել— մի՞թե մարդս դրա համար է միայն ծնված... Մի՞թե մարդուս կյանքը, որ վերջանում է ոչնչով, նրա խորհուրդը պետք է լինի նույնպես ոչինչ... մի՞թե... Ինչպիսի մռայլ մտքեր են պաշարում ինձ... Մտածությանս թելը խճճվում է և հանկարծ կտրվում... Ոչնչությո՜ւն, ոչնչությո՜ւն... Ես սարսափում եմ...

8 դեկտեմբերի

Երեկ ամբողջ մտավոր և հոգեկան աշխարհս այնպիսի մի հուզմունքի մեջ ընկավ, սիրելի Հռիփսիմե, որ նամակս չկարողացա շարունակել, գրիչս վայր ձգեցի, դուրս գնացի և, ինքս էլ չգիտեմ որտեղ և որքան ժամանակ, սկսեցի թափառել։ Վերջին ժամանակներս այդպիսի օտարոտի հուզմունքներ ինձ շատ հաճախ են պատահում։ Չնայելով, որ ես ոչ մի կերպ չեմ ուզում նրանց անձնատուր լինել, բայց նրանք ակամա հափշտակում են ինձ։ Եվ, զարմանալի է, չնայելով, որ այդ հուզմունքները ծանր, շատ ծանր են լինում, բայց, այնուամենայնիվ, մի տեսակ անբացատրելի թեթևություն են տալիս.— ուրիշ կերպ ինչպես բացատրեմ հոգեկան այն դրությունը, որ ստանում եմ այդպիսի հուզմունքների ժամանակ.— մտքերի մեջ խորասուզված՝ նայում եմ շուրջս,— երկնքին, երկրին, ամբողջ բնությանը, նայում եմ մարդկանց, կենդանիներին, թռչուններին, միջատներին, նայում եմ, նայում և հանկարծ զգում եմ, որ մի տեսակ հեգնական ժպիտ ակամա ծամածռում է դեմքս։ Ոչնչությո՜ւն, ոչնչությո՜ւն, ոչնչությո՜ւն,— արտասանում եմ ինքս ինձ և զգում եմ, որ սրտիս մեջ այլևս ոչ մի վիշտ, ոչ մի դառնություն չկա. մարդկային զգացողական բոլոր կարողություններս, կարծես, միանգամից դադարում են գործելուց կամ ոչ մի կարիք չեն ունենում գործելու։ Հավատը, հույսը և սերը, որոնք մարդկային կյանքի հիմունքն են համարվում, կարծես փշրվում, չքանում են իմ մեջ և այնուհետև ամեն բանի, մինչև անգամ մեր թշվառության վրա սկսում եմ նայել խորին սառնասրտությամբ, նույնիսկ արհամարհանքով... Սակայն բարեբախտաբար թե դժբախտաբար, այդ երկար չի տևում, սակավ առ սակավ այդ տարօրինակ դրությունից դուրս եմ գալիս, որի միջոցին երբեմնակի սարսափի նման մի տեսակ անբացատրելի սարսուռ ցնցում է ողջ մարմինս, կարծես մի ինչ-որ ոճրագործություն լինեմ կատարած... Ի վերջո, առաջվա վիշտն ու դառնությունը նորից պաշարում են ինձ, հոգիս նորից ընկճվում է, նորից սկսում եմ տանջվել... Որքա՜ն զարմանալի է մարդկային հոգեկան աշխարհը, որքա՜ն մութ, որքա՜ն անբացատրելի և անիմանալի խորշեր ունի նա։

Հորս դրությունը նույնն է, ինչ որ առաջ։ Նա բոլորովին խելագարված է, բայց նրա խելագարությունը շատ հանդարտ է, որի պատճառը, կարծում եմ, անդամալուծությունը պիտի լինի, չի կարողանում ազատ շարժումներ գործել կամ ազատ խոսել։ Սակայն վերջին օրերս ձեռնափայտի կամ իմ և մորս օգնությամբ կարողանում է կամաց ման գալ տանը, հազիվ շարժելով ոտները։ Նա ոչ ոքի չի կարողանում ճանաչել, պատահում է երբեմն, որ մայրս կամ եղբայրս մտնում են նրա մոտ, սկսում են խոսել նրա հետ, հարցնում են ճանաչում է իրենց. նա անթարթ, կարծես ամենայն մտառությամբ նայում է նրանց դեմքին, առողջ ձեռքում միշտ խաղացնելով թաշկինակը, դեմքը շրջում է նրանցից և չի պատասխանում։ Ինձ էլ չի ճանաչում, բայց ինձ հետ սիրով և քնքշությամբ է խոսում։ Երբ մտնում եմ նրա մոտ, ինչպես նկատում եմ, ուրախանում է, բայց եթե ամբողջ օրերով չերևամ էլ աչքին, չի հիշի։ Խոսակցությունը անմիտ է և անկապ, հարցերին պատասխանում է, բայց ոչ այն, ինչ որ ուղղակի այդ հարցերին է վերաբերում, այլ բոլորովին ուրիշ բան։ Ինձ միշտ սիրուն աղջիկ է անվանում, անունս մոռացել է և, չնայելով, որ ամեն անգամ հիշեցնում եմ անունս, ասում է և իսկույն էլ մոռանում։ Մի անգամ միայն— այն էլ հազիվ երկու րոպե— ճանաչեց ինձ և լաց եղավ։ Սակայն վերջին օրերումս, ինչպես նկատում եմ, ուշքը քիչ֊քիչ սկսում է գլխին գալ, անցյալից մի֊մի բան հիշում է և նույն րոպեին էլ մոռանում, իսկ առաջ բոլորովին ոչինչ չէր հիշում։ Այդ ինձ հույս է տալիս, որ վերջ ի վերջո գուցե առողջանա։ Բժիշկն էլ հույս է տալիս, բայց ասում է, որ կառողջանա ոչ բոլորովին։ Թո՛ղ, թո՛ղ ինչպես կուզե՝ առողջանա, միայն թե ներկա դրության մեջ մինչև վերջը չտեսնեմ նրան։ Դու չես կարող երևակայել, անգին քույրիկ, թե ի՜նչ սոսկալի, ի՜նչ անտանելի տանջանք եմ կրում ես, երբ ամեն անգամ, մտնելով նրա մոտ, հանդիպում եմ նրա միշտ անմտորեն ժպտող հայացքին և լսում եմ նրա նույնքան անմիտ թոթովանքը...

Անցյալ օրն էր։ Ինչպես միշտ, նույնպես և այդ առավոտ, մտա նրա սենյակը։ Մորս և ծառայի օգնությամբ արդեն հագնվել և լվացվել էր (առավոտները նա միշտ վաղ է զարթնում. առհասարակ շատ քիչ է քնում)։ Երբ ներս մտա, նստած էր մահճակալի վրա և թաշկինակն՝ իր սովորության համեմատ՝ խաղացնում էր ձեռքին։ Ինձ տեսնելուն պես դեմքը խոժոռեց (այդ առաջին անգամն էր, որ ինձ այդպես էր հանդիպում) և հետո, երևի ճանաչելով, ժպտաց և, բարևելու փոխարեն, թաշկինակը քնքշորեն իմ կողմը գցեց։ Իսկույն բռնեցի թաշկինակը, նախքան գետին կընկներ, և նստեցի նրա մահճակալի վրա։

— Հայրիկ, ի՞նչպես ես այսօր, հարցրի թաշկինակը տալով նրան։

— Լավ եմ,— պատասխանեց իր մշտական, բայց այս անգամ, կարծես ամոթխած ժպիտով և թաշկինակը նորից սկսեց խաղացնել ձեռքին։

Հարցիս տված ուղղակի պատասխանը ինձ շատ ուրախացրեց։

— Բայց ի՞նչդ է ցավում, հայրիկ,— հարցրի, այս անգամ կամաց գրկելով նրա մեջքը։

Նայեց դեմքիս։ Այլևս չէր ժպտում։

— Ի՞նչ,— հարցրեց, կարծես, խորին մտառությամբ։

— Ասում եմ՝ ի՞նչդ է ցավում, ո՞րտեղդ է ցավում։

Խոր հառաչեց և հայացքը դարձրեց դեպի լուսամուտը։

— Շա՜տ վատ, շա՜տ վատ,— արտասանեց կամաց, բայց այնքան սրտառուչ ձայնով, որ աչքերս լցվեցին արտասուքով։ Ես ավելի ամուր գրկեցի նրա մեջքը և երկար ժամանակ ոչինչ չկարողացա արտասանել։ Նա թաշկինակն այլևս չէր խաղացնում ձեռքին և՝ կարծես տխուր մտածմունքների մեջ ընկղմված՝ շարունակ նայում էր դեպի լուսամուտը։

— Հայրիկ, ինձ չե՞ս ճանաչում,— հարցրի վերջապես։

Նորից նայեց ինձ, կարծես, աշխատելով մտաբերելու, թե ո՛վ եմ։

— Ոչ,— պատասխանեց միայն։

— Ես Աննան եմ, հայրիկ, ես քո աղջիկն եմ,— բացականչեցի։

— Ես աղջիկ չունեմ,— անտարբերությամբ արտասանեց և դեմքը նորից դեպի լուսամուտը դարձրեց։

— Ունես, ունես, ունես, հայրիկ, ի՞նչպես չէ, ունես աղջիկ, այդ ես եմ, ես քո Աննան եմ, մի՞թե ինձ չես հիշում։

Նա նույն անտանբերությամբ գլուխը շարժեց միայն և ոչինչ չպատասխանեց։ Հուսահատությունից, վշտից և անզորությունից պատրաստ էի աղիողորմ լաց լինելու, բայց կարողացա զսպել ինձ։

Երկար ժամանակ մենք լուռ էինք։ Առաջվա անորոշ մտախոհությամբ շարունակ նայում էր դեպի լուսամուտը, իսկ ես անթարթ՝ նրա դեմքին։ Որքա՜ն քաղցր բան էր հիշեցնում ինձ այդ դեմքը, այդ գրավիչ, այդ սիրուն, այդ փափուկ, քաղցր, միշտ ժպտող դեմքը, որ առողջ ժամանակ (հիմա էլ) նայողին, կարծես, գգվում, փայփայում էր և ակամա քաշում դեպի ինքը, սիրեցնել տալիս իրեն։ Երևակայությանս մեջ կենդանի կերպով և գիծ առ գիծ ներկայանում էին նրա այնքան ծիծաղելի ծամածռությունները, որ նա տալիս էր իր դեմքին կատակ անելիս։ Որքա՜ն սազում էին նրան այդ ծամածռությունները, որքա՜ն շնորհքով էր անում նա իր կատակները և որքա՜ն սիրում էի այդ... Հենց որ սկսում էր իր կատակները, ես սկսում էի ծիծաղել, ծիծաղում էի անդադար, մինչև որ մարմինս թուլանում էր, սիրտս ցավում և աչքերս ջրակալում էին։ Մի անգամ նստած էի դաշնամուրիս առաջ և նվագում էի, երբ հանկարծ, կիտած հոնքերով շտապով ներս մտավ և մոտեցավ ինձ։

— Աննա, քեֆս խարաբ է,— ասաց, իբրև թե մի անախորժ բանից նեղացած.— թե արևդ կսիրես, վեր կաց, ուզում եմ «Բեթխեհեմի սենատն» ածել։

«Բեթհովենի սոնատը» բառերի գիտությամբ այդ աղավաղված արտասանությունը լսելով, թողի դաշնամուրի ստեղունքները և ծիծաղից թուլացա։ Նա սկսեց ծաղրել ինձ՝ իմ ծիծաղիս նմանեցնելով։ Դրանից ծիծաղս ավելի սաստկացավ. նա նույնպես սաստկացրեց իր նմանողական ծիծաղը։ Ես չկարողացա դիմանալ, վեր թռա և՝ կուրծքս բռնած՝ դուրս փախա սենյակից։

Ա՜խ, ինչքա՜ն լավ ժամանակ էր այդ. ինչքա՜ն երջանիկ էր նա, ինչքա՜ն երջանիկ էի ես, ինչքա՜ն երջանիկ էինք մենք ամենքս... Իսկ ա՞յժմ... ա՞յժմ... Երջանիկ, բայց անդառնալի անցյալի և թշվառ ներկայի դառն գիտակցությունը հանկարծ այնպիսի սաստկությամբ ճմլեց սիրտս, այնպես ճմլեց, որ չեմ հասկանում, թե ինչպես կարողացա դիմանալ այդ անասելի տանջանքին։ Երկար չկարողացա մնալ նրա մոտ. արտասուքն արդեն խեղդում էր ինձ. դուրս եկա և ինչպիսի դառնությամբ ողբացի մեր երջանիկ, անդառնալի անցյալը...

Ընդունիր ողջույնս, իմ անգին քույրիկ։

Քո Աննա Սարոյան
Ը
Թիֆլիս, 14 դեկտեմբերի 1880

Սիրելի Հռհփսիմե, Հորս ցավալի դրությունն այն աստիճան զբաղեցնում էր ինձ, որ մեր ընտանիքի մյուս անդամների մասին վերջին անգամներս ոչինչ չէի գրում քեզ։ Բայց նախ պետք է ասեմ, որ հորս դրության մեջ ոչ մի փոփոխություն չի կատարվել դեպի լավը։ Նա դարձյալ ոչ ոքի չի ճանաչում։ Մայրս, որ սկզբներում սաստիկ վշտանում էր և համարյա թե միշտ լաց էր լինում, այժմ, կարծես, հաշտվել է իր դրության հետ, և այլևս ոչ մի տրտունջ չեմ լսում նրա բերանից.— նա, կարծես, տեղն ու տեղը սառել է։ Ամեն օր վաղ առավոտյան մտնում է հորս մոտ, հագցնում է, լվացվել է տալիս նրան, թեյ է խմեցնում, ձեռքից բռնած՝ սենյակում մի քանի անգամ անցուդարձ անել է տալիս, կեսօրին իր ձեռքով ճաշ է ուտեցնում և երեկոյան դարձյալ թեյ, գիշերը հանում պառկեցնում է քնելու, և այդ բոլորը կատարում է լուռ, երբեմն միայն խոր հառաչում է։ Շատ անգամ գիշերները լուսացնում է հիվանդի մոտ՝ աթոռի վրա, չնայելով թախանձանքիս, որ այդ պաշտոնի կատարումը ինձ թողնի։ Ամեն անգամ, քանի նայում եմ նրա գունատ, նիհարած դեմքին և անկենդան աչքերին, վշտից և կարեկցությունից սիրտս ճմլվում է։ Երևակայում եմ, թե ո՛րքան մեծ պիտի լինի այն լուռ վիշտը, որ բույն է դրել նրա սրտում։

Սակայն միայն հորս դրությունը չէ, որ նրան այդպես տանջում է. Գրիգորի դրությունն էլ պակաս մտատանջության առարկա չէ նրա համար։ Նամակներիցս մեկի մեջ, կարծես, գրել էի քեզ, որ Գրիգորը հազում է և բժիշկների խորհրդով առժամանակ դադարել է գիմնազիոն հաճախելուց։ Իսկ այժմ պիտի ասեմ, որ նրա դրությունն էլ վատացել է։ Սկզբներում նրա հազը թեև բոլորովին կտրվեց, բայց երկու շաբաթից հետո նորից լույս ընկավ և մինչև այժմ էլ շարունակվում է, օր-օրի վրա սաստկանալով, այնպես որ, ոչ գիշերը քուն ունի, ոչ ցերեկը հանգիստ։ Ուսումը շարունակելու մասին առայժմ կարելի չէ մտածել անգամ։ Հորս դրության հետ ես համարյա հաշտվել եմ, բայց այժմ սկսել է մտատանջել ինձ Գրիգորի դրությունը, և այդ տանջանքը պակաս տանջանք չէ։ Եթե տեսնես, թե որքան նա փոխվել է, և լսես նրա հազը...

Երեկ առավոտյան ժամը տասնևմեկն էր, բայց նա դեռ չէր վեր կացել անկողնից։ Չնայելով, որ ցուրտն ու խոնավությունը ստիպում են նրան տանից դուրս չգնալ, բայց առավոտները նա միշտ իր ժամանակին էր վեր կենում և օրվա ընթացքում համարյա երբեք չէր պառկում անկողնում, որքան էլ իրեն թույլ զգար, բայց այդ օրը, ինչպես ասացի, մինչև այդ ժամանակ դեռ չէր վեր կացել անկողնից։ Փոքր-ինչ վախեցած ներս մտա նրա սենյակը։ Նա պառկած էր հանգիստ՝ երեսը դեպի պատն արած։ Կարծեցի թե քնած է, այդ պատճառով, որպեսզի չանհանգստացնեմ նրան, զգուշությամբ մոտեցա նրա մահճակալին։ Բայց նա քնած չէր, նրա աչքերը բաց էին և, ինչպես երևում էր, անձնատուր էր եղել մտածության։ Կամաց խոնարհվեցի նրա դեմքի վրա, նա տեսավ ինձ, բայց մնաց նույն դրության մեջ։

— Գրիգո՞ր, ինչպես ես,— հարցրի կամաց։

— Լավ եմ, քույրիկ,— պատասխանեց շատ հանդարտ ձայնով։

— Բայց ինչո՞ւ մինչև հիմա պառկած ես։

— Վեր կացա, բայց շատ ցուրտ է, նորից պառկեցի։

Ես մնացի խոնարհված նրա դեմքի վրա։ Նա այնքան հանգիստ էր, որ կարծես չէր շնչում։

— Գրիգոր, ի՞նչ ես մտածում,— հարցրի երկար լռությունից հետո։

Իր հայացքն ինձ դարձրեց։

— Ե՞ս։

— Այո։

— Ես ոչինչ չեմ մտածում։

Շուռ եկավ մեջքի վրա և ուղղակի նայեց աչքերիս։

— Ինչո՞ւ աչքերդ միշտ այդպես կարմիր են,— հարցրեց։

— Աչքերս կարմիր չեն,— փոքր֊ինչ շփոթված, բայց որքան կարելի էր հանգիստ ձայնով պատասխանեցի ես և վերմակով ծածկեցի նրա բաց կուրծքը։

Նրա դեմքը դժգոհության արտահայտություն ստացավ։

— Է՜֊է՜հ, Աննա, դու քեզ ամենևին չես խղճում,— արտասանեց տխուր ու մեղմ հանդիմանությամբ, և նույն րոպեին սաստիկ չոր հազը կարծես պատռեց նրա կուրծքը։ Շուռ եկավ պատի կողմը, գլուխը քիչ բարձրացրեց բարձի վրայից, հազաց, հազաց և անկողնի տակից հանելով թաշկինակը, թքեց վրան։ Սարսափեցի. թաշկինակի վրա արյուն տեսա, որ առաջ երբեք չէի տեսել։

— Գրիգո՜ր, այդ ի՞նչ է,— բացականչեցի ակամա։

— Ի՞նչ է,— հարցրեց հազիվ հանգստացած, բայց սաստիկ թուլացած ընկավ բարձի վրա։

— Արյո՞ւն ես թքում։

— Է՜հ, հիմար բան է,— պատասխանեց, իբրև թե, արհամարհանքով,— արժե՞ ուշադրություն դարձնել։

— Վաղո՞ւց է, որ արյուն ես թքում։

— Վաղուց է։

Անհուն սիրով և միևնույն ժամանակ սարսափած՝ մի ձեռքով կամաց գրկեցի նրան. զգում էի, թե ինչպես սիրտս մարում է։ Ոչինչ չկարողացա արտասանել։ Նա կարծես հասկացավ, թե այդ րոպեին ինչ անցավ մտքովս և ինչ էր կատարվում իմ մեջ։ Նա շատ տխուր ու մեղմորեն ժպտաց, և ես կյանքումս չեմ մոռանալ այն հայացքը, որ նա այդ ժպտի հետ ձգեց իմ դեմքին. բայց նա ոչինչ չարտասանեց, միայն ձեռքը հանեց վերմակի տակից և կամաց, քնքշորեն ուղղեց ճակատիս վրա թափված մազերը։

— Այսօր հայրիկի մոտ եղե՞լ ես,— հարցրեց երկար լռությունից հետո։

— Եղել եմ։

— Ի՞նչպես է։

— Ինչպես առաջ։

— Քեզ դարձյալ չճանաչեց։

— Ոչ։

— Մեզանից ոչ ոքի անունը գոնե չի՞ տալիս։

— Ոչ։

— Մայրիկին է՞լ չի ճանաչում։

— Ոչ ոքի։

— Ի՞նչ է խոսում։

— Համարյա ոչինչ, միշտ լռում է։

— Երևի չի կարողանում խոսել։

— Երևի։

Երկուսս էլ լռեցինք։

— Ինչո՞ւ ես ինձ այդպես նայում, քույրիկ,— հարցրեց նա, լռությունը խզելով։

Հանկարծ զգացի, որ արտասուքը խեղդում է ինձ։ Արագությամբ համբուրեցի նրա ճակատը, թողի և ուղղվեցի դեպի դուռը։

— Ա՛ննա,— կանչեց ետևիցս։ Կանգ առա, առանց նրա կողմը նայելու։— Մայրիկին ոչինչ չասես։

Հասկացա, որ խոսքն արյան մասին էր։

— Չեմ ասի,— պատասխանեցի որքան կարող էի հանգիստ ձայնով, որ, սակայն, չհաջողվեց ինձ, և շտապով դուրս գնացի։ Եվ այդ ժամանակ թե ո՛րքան և ինչպես լաց եղա, սիրելի քույրիկ, դրա մասին լռում եմ։ Միանգամից սրտիս մեջ փշրվեց բոլո՜ր, բոլո՜ր հույսս...

Քո Աննա Սարոյան
Թ
Թիֆլիս, 21 դեկտեմբերի 1880

Իմ սիրելի Հռիփսիմե,

Չեմ հիշում ո՞ր բանաստեղծն է ասում.— «թշվառությունը մենակ չէ գալիս», և այդ ճիշտ է։ Մեր անկումը որքան թշվառություններ բերեց իր ետևից և, ո՞վ գիտե, դեռ էլի որքա՜ն է բերելու։— Հայրս անդամալույծ եղավ և խելագարվեց, Գրիգորի դրությունն օր֊օրի վրա սկսեց վատթարանալ, մայրս ոտի վրա հալվում է, իսկ այժմ հերթը հասել է մյուս երկու եղբայրներիս.— մեծին, Արշակին, ահա երրորդ շաբաթն է գնում, ինչ հեռացրել են պաշտոնից արբեցողության համար, իսկ փոքրիկին— Գարեգինին, վռնդել են ուսումնարանից ծուլության համար։ Դրանք էլ պակաս թշվառություններ չեն մեր ներկա դրության մեջ, մանավանդ առաջինը՝ մեծ եղբորս անպաշտոն մնալը, որովհետև մեր ամբողջ ընտանիքի միակ հույսը նա էր։ Մեր նախկին հարստությունից դեռ էլի մի բան մնացել է մեզ և մենք դեռ բոլորովին նեղը չենք ընկել, բայց երբ այդ «մի բանն» էլ կհատնի և չքավորությունը (ո՞վ գիտե, գուցե և ծայրահեղ աղքատությունը) ներս մտնի մեր տուն, այն ժամանակ ի՞նչ պիտի անենք, ինչո՞վ պիտի ապրենք, ինչո՞վ պիտի կերակրվենք... Այժմից արյունս պաղում է, դառն, անտանելի դառն մտածմունքներ ճնշում են հոգիս, երևակայում եմ, թե մոտիկ ժամանակներում ի՜նչ սոսկալի վիճակ է սպասում մեզ։— Աղքատությո՜ւն... Անգի՛ն քույրիկ, արդյոք հասկանո՜ւմ ես, թե ինչ է նշանակում այդ բանը մեզ համար։— Աղքատությունը միշտ երևակայում եմ որպես հազար գլխանի մի հրեշ, որ մեզ իր սառը գրկի մեջ առած՝ իր սարսափելի ժանիքներով դժոխային անհագ բավականությամբ կամաց-կամաց պիտի քաղի մեր հոգին։ Ո՜հ, հազար անգամ ավելի լավ է, որ մարդ առաջուց մեռնի, քան մի օր անգամ զգա իրեն այդ սոսկալի հրեշի գրկի մեջ, ապա թե ոչ մարդս ամբողջապես երկաթից պիտի լինի կազմված, որպեսզի կարողանա տանել դրա բարոյական և ֆիզիկական բոլոր հալածանքները։ Գուցե խոսքերս քեզ չափազանցություն թվան, սիրելի քույրիկ, գուցե աղքատությունն իսկապես այնքան էլ սարսափելի չէ, ինչպես ես եմ նկարագրում, բայց ես ուրիշ կերպ չեմ կարող երևակայել։ Ի նկատի ունեցիր, թե մինչև այժմ ի՛նչպես եմ մեծացել, կենսական ի՜նչպիսի պայմաններում և այսուհետև ինձ ի՛նչ է սպասում, ի՛նչպիսի կյանք։ Մանկական հասակիցս ես շրջապատված եմ եղել դայակներով և աղախիններով. ես երբեք չեմ իմացել, թե ինչ է նշանակում չոր կամ սև հաց, կերակուրս միշտ թարմ է եղել և ամենահամեղ խորտիկները։ Երբ հագուստիս վրա մի աննշան յուղ է կաթել կամ ծայրը փոքր-ինչ պատռվել, այլևս չեմ հագել այն։ Երբ մագազինների առաջով անցնելիս նրանց ցուցանակների վրա դարսոտած իրեղեններից մի որևիցե բան հավանել եմ, նույն օրը դա իմս է եղել։ Երբ մի որևէ ինձ պես հարուստ օրիորդի հագին տեսել եմ մի որևէ նորաձև շրջազգեստ, գլխարկ կամ մի ուրիշ բան և հավանել, մի քանի օրից հետո ես էլ ունեցել եմ այնպիսին։ Մի խոսքով՝ ես միշտ ապրել եմ լիության և փափկակեցության մեջ։ Բայց հանկարծ այդ բոլորից հետո— ծայրահեղ թշվառությո՜ւն, ծայրահեղ աղքատությո՜ւն, սև, չոր հաց— և այն ոչ միշտ— մութ սենյակ, անվերջ աշխատանք, մերկություն, ցուրտ, հիվանդություն, անվերջ զրկանքներ, վիշտ, տառապանք, լաց, ողբ, հալածանք, արհամարհանք, սառը կարեկցություն, վիրավորանք, ամոթ, անպատվություն, անզոր բարկություն, անպաշտպանություն, տանջա՜նք, անվերջ տանջա՜նք... Ո՜հ, բավական է. երևակայելով անգամ կարելի է խելագարվել...

Ա. Ս.
Ժ
Թիֆլիս, 2 հունվարի 1881

Սիրելի Հռիփսիմե,

Ահա և նոր տարին։ Եկավ և յուրաքանչյուրի համար նվեր բերեց այն, ինչ որ նա առաջ էլ ուներ.— երջանիկներին՝ նոր երջանկություն, ուրախացողներին՝ նոր ուրախություն, ժպտողներին՝ նոր ժպիտներ, իսկ թշվառներին՝ նոր թշվառություն, տանջվողներին՝ նոր տանջանքներ, արտասվողներին՝ նոր արտասուք... Յուրաքանչյուրին յո՜ւրը։— Աշխարհի սկզբից մինչև այժմ բոլոր նոր տարիներն այդպես եկել են, այդպես էլ կգնան։ Անխոնջ ժամանակն յուր հավիտենական ընթացքի այդ որոշ շրջանառությունների սկզբնավորության մեջ միայն հաստատում է այն, ինչ որ ցանել են այն անշեղ, անիմանալի օրենքները, որոնք ընդհանուր անունով կոչվում են բախտ։ Եվ դեռ մարդիկ նախապաշարմունքներով են նայում Նոր տարու վրա. ագահ երջանիկները նոր ոսկի ժամեր են երազում, կարոտ թշվառները— մի քիչ պայծառ րոպեներ։ Երջանիկներ, դուք ստանում եք ձերը, բայց, թշվառնե՜ր, ինչո՞ւ դուք ստանում եք դարձյալ ա՜յն, ինչ որ արդեն ունեք։— Յուրաքանչյուրին յո՜ւրը,— հանդիսավոր կերպով աղաղակում է անտարբեր ճակատագիրը՝ անհոգ Նոր տարու հետ զուգընթաց սլանալով աշխարհի մի ծայրից մյուսը։

Մենք էլ ստացանք մերը, այսինքն՝ նոր թշվառություն, նոր արտասուք, նոր տանջանքներ... Ո՜հ, եթե կարողանայի գոռալ սրտով և խորին արհամարհանքով նայել անամոթ Նոր տարու զզվելի ժպիտներին, եթե՜ կարողանայի արգելել նրա մուտքը գիտակցությանս մեջ,— ես վիրավորված հպարտությամբ կնայեի նրա լիրբ երեսին, անտարբերությամբ կշրջեի նրանից դեմքս և սիրելով տանջանքներս՝ կփայփայեի նրանց սրտիս մեջ և հերոսաբար կտանեի նրանց։ Բայց մարդկային հոգեկան կազմը կամքին երբեք չի հպատակում. նա գործում է այնպես, ինչպես թելադրում են նրան բնության անկախ օրենքները։

Ո՜հ, թշվա՜ռ մարդ, ի՞նչ մեղք ես գործել...

Երեկ, Նոր տարու առաջին օրը, առավոտվանից փակվեցի սենյակումս և ողջ օրը մտադիր չէի դուրս գալու այնտեղից։ Նոր տարին կատաղության և ատելության մի այնպիսի զգացմունք էր ներշնչել ինձ, որ ես այդ օրը կատարելապես ոչ ոքի չէի ուզում տեսնել— ո՛չ հորս, ո՛չ մորս, ո՛չ եղբայրներիս, ո՛չ ոքի. ես ուզում էի կենտրոնանալ միայն իմ մեջ, ես ուզում էի մոռանալ ամենքին և ամեն ինչ... Ի՞նչ է ուզում ինձանից Նոր տարին,— ասում էի ինքս ինձ,— երբ ես նրանից ոչինչ չեմ ուզում։— Եվ, իրավ, եթե հաստատապես գիտենայի— և այդ հնարավոր լիներ — որ Նոր տարին այդ օրի պիտի վերադարձներ ինձ վաղաթռիչ ոսկի անցյալս, ես կմերժեի և ներկա թշվառությանս մեջ ինձ երջանիկ կհամարեի, եթե այսօր նա անցներ մոտովս և ուշք չդարձներ վրաս, իբր թե աշխարհիս երեսին այդ օրվա հազարավոր մեռածներից մեկն էլ ես եմ։ Եվ կհավատա՞ս արդյո՞ք, քույրիկ, այդ ժամանակ ես ինձ բնավ թշվառ չէի զգում։ Արդյոք այդ նրանի՞ց է, որ ես չափից դուրս արդեն թշվառ էի, թե՞ նրանից՝ որ Նոր տարու դեմ սաստիկ կատաղության զգացմունք էի զարթել իմ մեջ— չգիտեմ, միայն այս ճշմարիտ է, որ ես այդ ժամանակ առաջվա պես չէի տանջվում։ Մի տեսակ կաշկանդումն էր տիրել ինձ, ես ինձ վեհանձն, սառնասիրտ էի զգում, կարծես մեկն ինձ սաստիկ վիրավորել էր, և ես երբեք չէի կարող նրան ներել։ Ես հպարտանում էի դրությունովս, և այժմ էլ զգում եմ, թե ինչպիսի արհամարհանքով էի նայում անգամ ինձ շրջապատող առարկաներին։

Օրը շատ տխուր էր, երկինքը պատած էր այն ծանր, միակերպ մոխրագույն մառախուղով, որ նայողի վրա ծուլություն և քուն է բերում։ Ձյունը գալիս էր սաստկությամբ, նրա փաթիլներն անթիվ համատարած ճանճերի նման օդի մեջ միմյանց խառնվելով և կարծես գոհ իրենց վիճակից՝ թեթև կերպով թափվում էին գետին։ Քամու թեթև շունչն ընդհանուր հոսանքից երբեմն շեղում էր մի քանի փաթիլներ և հազիվ լսելի ձայնով խփում էր լուսամուտիս ապակիներին։ Սենյակումս ցուրտ էր. վառարան վառում ենք միայն հորս և Գրիգորի սենյակում։ Շալի մեջ փաթաթվելով, վերցրի Դոստոևսկին և սկսեցի կարդալ, թեև կարդալու ամենևին ցանկություն չունեի։ Ես ուզում էի մի կերպ սպանել այդ անտանելի օրը և դրա համար պատրաստ էի ամեն բան անել։ Դոստոևսկին ես երբեք չեմ սիրել, առաջ մի քանի անգամ փորձել էի կարդալ և ամեն անգամ էլ հենց առաջին երեսների վրա ձանձրացել ու շպրտել էի մի կողմ, բայց այս անգամ— չգիտեմ ինչո՞ւ նա գրավեց ինձ։ Թեև սկզբում կարդում էի մեքենայաբար և կարդացածիցս համարյա ոչինչ չէի հասկանում, բայց հետզհետե մտառությունս լարելով՝ այնպիսի հետաքրքրությամբ սկսեցի կարդալ, որ ի վերջո բոլորովին անձնատուր եղա ընթերցանությանս։ Չգիտեմ որքան ժամանակ էր, որ կարդում էի, երբ սենյակիս դռան բացվելն ուշադրությունս իր կողմը գրավեց։ Ներս մտավ մայրս։ Նա նույնն էր, ինչպես տեսնում էի նրան ամեն օր,— նույն անզգա քայլվածքը, նույն մեքենայական շարժումները, դեմքի նույն մեռած արտահայտությունը, միայն այս անգամ նրա աչքերն ավելի մեծացած էին, դեմքն ավելի գունատ էր։ Ամեն տարի կաղանդի օրը միշտ, ինչպես հարկն է, առաջին անգամ ես եմ մտել մորս մոտ՝ շնորհավորելու նրա Նոր տարին, բայց այս անգամ, երևի հասկանալով դրությունս և տեսնելով, որ ես երկար ժամանակ սովորությանս համեմատ չեմ մտնում իր մոտ, նա առաջինն ինքն էր գալիս ինձ մոտ։ Նրա դեմքին նայելով, իսկույն հասկացա, որ այդ այդպես է։ Նա մոտեցավ ինձ։

— Շնորհավոր Նոր տարի, աղջիկս,— արտասանեց դողդոջուն ձայնով, գրկեց ինձ և համբուրեց ճակատս։

Այդ րոպեին հանկարծ չգիտեմ ինձ ինչ պատահեց, միայն քիչ հետո զգացի, որ ամո՜ւր, ամո՜ւր սեղմում եմ նրա մեջքը ձեռքովս, դեմքս ծածկել եմ նրա կրծքի մեջ և դառն, անտանելի դառն արտասուքները խեղդում են ինձ։ Ո՞ւր չքացավ արդյոք առաջվա սառնասրտությունս, անտարբերությունս, կատաղության և ատելության զգացմունքներս— այդպիսի բան այլևս չէի զգում, զգում էի միայն առաջվա ինձ ծանոթ վիշտը, որ այս անգամ կրկնապատիկ սաստկությամբ էր ճմլում սիրտս։

Մայրս իմ գլուխն առել էր իր ձեռքերի մեջ, և ես զգում էի, որ նա նույնպես արտասվում է և քնքշորեն համբուրում մազերս։ Վերջապես զսպեցի ինձ, թողի նրա մեջքը և նայեցի դեմքին։ Նա նույնպես թողեց ինձ։

— Ինչո՞ւ հանգստացած սիրտս նորից վրդովեցիր,— ասացի ակամա դժկամությամբ և զգացի, որ ձայնս այնպես չի հնչում, ինչպես ամեն օր խոսում էի նրա հետ։

Նա, ըստ երևույթին, հասկացավ, թե դրանով ինչ էի ուզում ասել, կամաց, շատ կամաց հառաչեց և, երևի ծանր րոպեն ավելի չծանրացնելու համար ոչինչ չպատասխանեց, այլ միայն հարցրեց.

— Ինչո՞ւ ես այս ցուրտ սենյակում նստել, խո կմրսես։

— Ես վճռել եմ այսօր այս սենյակից բոլորովին դուրս չգալ,— ինքս էլ չիմանալով, թե ինչ բանի համար՝ բարկացած պատասխանեցի և Դոստոևսկին նորից ձեռքս առա։

— Ես քեզ ի՞նչ եմ արել, որ ինձ վրա բարկանում ես, Աննա,— կարճ լռությունից հետո ասաց մի այնպիսի անմեղ և տխուր եղանակով, որ կարծեցի, թե սիրտս հազար կտոր արին։

— Իսկ ե՞ս քեզ ինչ եմ արել, որ ինձ այդպես տանջում ես,— աղաղակեցի, գիրքը շպրտելով հատակի վրա և, դեմքս ծածկելով ձեռքերիս մեջ, սաստիկ ցնցողաբար լաց եղա։

— Երբ որ այդպես է, դուրս կգնամ,— կարծես ներողություն խնդրելով, ասաց և ուղղվեց դեպի դուռը։

— Դու ինձ չես հասկանում, մա՛յրիկ,— բացականչեցի ես խղճահարված և անտանելի տանջանքով։— Ես բարկանում եմ ոչ թե քեզ վրա— դու ինձ ի՞նչ ես արել, իմ խե՛ղճ, իմ քաղցրիկ մա՛յրիկ— այլ բարկանում եմ... ինձ վրա... միայն ի՜նձ վրա... հիմարությանս վրա, բնավորությանս վրա, մտածմունքներիս վրա, տանջանքներիս վրա...

— Ա՜ննա, սի՛րելիս,— իր մեղմ, տխուր, փաղաքշող ձայնով արտասանեց նա,— եթե քեզ չես խղճում, գոնե ինձ խղճա։ Ներկա դրությունս մի՞թե բավական չէ, որ ուզում ես նոր հոգսեր և տանջանքներ էլ պատճառել ինձ։ Տեսնո՞ւմ ես ինչ եմ դառել այս մի քանի ամսվա մեջ...

— Այլևս չեմ անի, անգի՛ն մայրիկ, ների՛ր ինձ,— բացականչեցի և անհուն սիրով փաթաթվեցի նրա վզովը։

Այդ րոպեին ի՜նչ չէի անի, ի՜նչ զոհաբերություններ, միայն թե նրան հավատացրած լինեի, որ նրա յուրաքանչյուր տանջանքն ինձ համար հազարավոր տանջանքներ արժե։

Նա ձեռքով կամաց փաղաքշեց գլուխս և ասաց.

— Աննա ջան, մտածմունքների անձնատուր մի՛ լինիր և խուսափիր մենակությունից։ Ինչո՞ւ այսօր փակվել ես այստեղ և չես ուզում դուրս գալ... Ավելի լավ չի՞ լինի, որ գնաս Գրիգորի մոտ և խոսես նրա հետ կամ թե՝ եթե ուզում ես կարդալ, կարդաս նրա մոտ, որպեսզի նա էլ զբաղվի, խեղճը պառկած է մենակ։

— Դու գնա, մայրիկ, ես էլ իսկույն գալիս եմ,— շտապով ասացի՝ թողնելով նրան։— Իսկույն գալիս եմ, գնա։

Նա գուրս գնաց։

Անմիջապես լվացի աչքերս և նստեցի, որպեսզի սիրտս խաղաղի։ Չէի ուզում, որ Գրիգորն իմանար, թե հուզվել և լաց եմ եղել. այդպիսի դեպքում նա ինձ միշտ հանդիմանում էր։ Երբ բավական հանգստացա, գնացի նրա մոտ։ Բոլորովին հագնված՝ նա նստած էր անկողնի վրա՝ և գլուխը ձեռքին հենած՝ թիկն էր տվել բարձին. բայց իմ մտնելուն պես՝ նստեց ուղիղ և խոր նայեց աչքերիս։ Ինձ թվաց, որ իսկույն հասկացավ, թե ինչ էր կատարվում իմ մեջ, և չնայելով, որ այս անգամ ոչինչ չասաց ինձ, բայց նրա հայացքն էլ բավական էր, որ ես շփոթվեի, ինչպես նրա հանդիմանությունների ժամանակ։ Բարևեցի և նստեցի նրա մոտ՝ աթոռի վրա։

— Շնորհավոր Նո՜ր տարի, քույրիկ,— առանց բարևիս պատասխանելու, ասաց նա մի այնպիսի եղանակով, որից իսկույն իմացա, որ դրանով ուզում էր ինձ հասկացնել, թե բարևից առաջ ա՛յդ պետք էր ասել, և թե այդ ասելն առաջ ինձ էր պատկանում։

— Ա՜խ, դու է՞լ,— բացականչեցի դառնությամբ,— ի՞նչ եք տեսել այդ անիծյալ Նոր տարու մեջ, որ ամենքդ էլ շնորհավորում եք ինձ։

— Շնորհավոր Նո՜ր տարի, քույրիկ,— կրկնեց նա առաջվանից ավելի հաստատ ձայնով և ժպտալով մեկնեց ինձ իր ձեռքը։ Ես լուռ տվի նրան իմը։ Սեղմեց, հետո համբուրեց և նորից թիկն տվեց բարձին։

— Նոր տարին քեզ ի՜նչ է արել, Աննա, որ նրան այդպես ատում ես,— կարճ լռությունից հետո հարցրեց նա, անթարթ նայելով աչքերիս։

Շփոթվեցի, չիմացա ինչ պատասխանեմ։ Իրավ, ինչո՞ւ Նոր տարին ատում էի, ինքս էլ չգիտեի։

— Որովհետև նախապաշարմունք է,— հանկարծ և մեքենայաբար պատասխանեցի բերանիս եկածը։

— Ի՞նչը, Նոր տարի՞ն, թե շնորհավորելը։

— Շնորհավորելը։

Նա ժպտաց, և նրա ժպիտը, կարծես, ասում էր— ինչո՞ւ ես ասում այն, ինչ որ չես ուզում ասել։

— Մի՞թե նախապաշարմունք չէ այն,— նկատեց նա,— որ այժմ բարևեցիր ինձ։ Ի՞նչ զանազանություն կա առօրյա բարևի և Նոր տարին շնորհավորելու մեջ։

Ես ոչինչ չպատասխանեցի և աչքերս վայր թողի։ Զգում էի, որ այդ միջոցին մի առանձին հայացքով նա անթարթ նայում է դեմքիս։

— Գիտե՞ս ինչ կա, Աննա,— վերջապես խոսեց Գրիգորը շատ խորհրդավոր ձայնով, որ ես առաջին անգամն էի լսում նրանից ինձ հետ ունեցած խոսակցության ժամանակ։— Այս վերջին ժամանակներս նկատում եմ, որ դու այլևս այն չես, ինչ որ առաջ։

Հետաքրքրությամբ և միևնույն ժամանակ մի տեսակ անբացատրելի երկյուղով նայեցի նրան։ «Ի՞նչ է ուզում ասել»— ակամա հարցրի ինքս ինձ։ Նա ուղղակի և շատ լրջորեն, մինչև անգամ խստորեն նայում էր աչքերիս։

— Այո, նկատում եմ, որ դու այլևս այն չես, ինչ որ առաջ,— կրկնեց առաջվա նման,— և այդ պատճառով ուզում եմ քեզ հետ այդ բանի մասին խոսել լրջորեն։ Առաջ դու միշտ ուրախ էիր, միշտ անհոգ, միշտ ժպտում կամ ծիծաղում էիր, ոչ մի ժամանակ չէի տեսել, որ տխուր լինեիր կամ որևիցե բանի մասին լուրջ մտածեիր, թեև մեր շուրջը, առօրյա կյանքի մեջ միշտ եղել են թեկուզ մեր անձնականությանն ուղղակի չվերաբերող այնպիսի երևույթներ, որոնց մասին արժեր և արժե, որ ամեն մեկը տխրեր և լուրջ մտածեր։ Մի խոսքով՝ դու առաջ քեզ կատարելապես երջանիկ էիր զգում... իսկ այժմ միշտ տխուր ես, միշտ լաց ես լինում, միշտ մտածում ես. մի թեթև ժպիտ անգամ այլևս չեմ նկատում դեմքիդ... Այդ բոլորն, իհարկե, այդպես էլ պիտի լինի և ուրիշ կերպ չի կարող լինել, որովհետև դրա համար ունես առիթներ, որոնք բնականաբար քեզ պետք է այդպես փոխեին։ Եվ ես չեմ ուզում ասել,— և հիմարություն կլիներ, եթե ասելիքս այդ լիներ միայն,— թե ինչո՞ւ առաջ այնպես էիր, իսկ այժմ — այսպես, ոչ, այլ ուզում եմ ասել և շեշտել, Աննա, որ այս վերջին ժամանակներս, ինչպես այդ պարզ նկատում եմ, դու շատ ես մտածում։

— Ի՞նչ,— մի տեսակ անորոշ երկյուղով մեքենայաբար հարցրի ես և աչքերս նորից վայր թողի։

— Այն,— պատասխանեց նա յուրաքանչյուր բառն աոանձին շեշտելով,— որին մարդուս խելքը ոչ հասել է և ոչ կհասնի երբեք։

Ամբողջ մարմնովս ցնցվեցի. կարծես մի սարսափելի ոճիր լինեի կատարած և այդ ոճիրը հայտնի եղավ։ Նա, ինչպես ինձ թվաց, նկատեց այդ, նստեց ուղիղ, թեքվեց դեպի ինձ և կամաց, կարծես զգուշությամբ, առավ ձեռքս։

— Անգին քույրիկս,— արտասանեց նա հանդիսավոր շշնջյունով, որի մեջ լսվում էր և մի տեսակ պաղատանք,— թող կասկածը բնության արարչության, և մարդկային կյանքը ղեկավարող օրենքների մասին երբեք չմոտենա մանուկ ուղեղիդ։ Ոչ մի, կատարելապես ոչ մի բավարար եզրակացության չհասնելով, նա ծնում է լոկ հանցանք։ Թող անմեղ սրտիդ մեջ հավատը միշտ մաքուր, միշտ հաստատ մնա, որպես ջինջ լույսը։ Հավատը հույս է, իսկ հույսը— կյանք։ Եվ գիտե՞ս արդյոք, թե ո՛րքան ջահել ես դու և այդ հասակում որքան անմեղ պետք է լինի հոգիդ... Աղոթք անո՞ւմ ես,— հանկարծ հարցրեց, գլուխն ավելի մոտեցնելով դեմքիս և ձայնը բոլորովին ցածրացնելով։

— Ոչ,— ակամա դուրս թռավ բերանիցս։

Նա գլուխը տխուր և հանդիմանորեն շարժեց և կարճ լռությունից հետո սկսեց բացատրել ինձ, թե ինչ է աղոթքը և ինչպիսի փրկարար զենք է նա հոգեկան և բարոյական խաղաղության համար։ Եվ այնպիսի համոզիչ եղանակով, այնպիսի հանգիստ պերճախոսությամբ էր նա բացատրում, որ ես՝ ագահությամբ լսելով հանդերձ՝ մնացել էի բոլորովին զարմացած, թե ինչպես նրա տակավին երիտասարդ ուղեղին մատչելի էին այդպիսի վերացական գաղափարները։ Բայց նա կարողացավ ինձ համոզել, և երեկվանից դես զգում եմ, թե մի ծանր բեռ ընկել է վրայիցս։

Քո Աննա Սարոյան
ԺԱ
Թիֆլիս, 10 փետրվարի 1881

Սիրելի Հռիփսիմե,

Դու էլ ես մեղադրում ու հանդիմանում ինձ այն բանի համար, ինչ բանի համար որ մեղադրում և հանդիմանում էր Գրիգորը, նրա ասելով, ես «շատ եմ մտածում»։ Սակայն դու նրանից ավելի խիստ ես դատաքննում իմ այդ վարմունքը, ասելով, թե ես ուղղակի «աթեիստություն» եմ անում, ոտնակոխ եմ անում ամբողջ մարդկության ամենասրբազան, անմերձենալի հավատալիքն և այդտեղ բերում ես Գյոթեի նշանավոր խոսքերը, թե՝ «մտածող մարդու ամենամեծ երջանկությունն այն է, որ քննելին քննած ունենա, իսկ անքննելին խաղաղ հոգով պաշտե»։ Երևակայում եմ, թե ինչ կլիներ դրությունս, եթե ապրելիս լինեի միջին դարերում. անշուշտ Հուսի նման ինձ էլ խարույկ կբարձրացնեին։ Քա՛վ լիցի, սիրելի քույրիկ։ Լուն ուղտ մի՛ շինեք։ Մի՞թե գլխումս խելք է մնացել, որ արարքներիս համար ինքս ինձ հաշիվ տամ։ Ինչո՞ւ չես մտնում դրությունս և ապա թե դատաքննում արարքներս։ Ամբողջ բարոյական աշխարհս ճակատագրից ծանր հարված է ստացել. նա վիրավորված և կատաղած է, որպես մի անզոր գազան, որին խաղաղ դրության ժամանակ սաստիկ անհանգստացրել են։ Հիասթափությունս մեծ է. ես դեմ առ դեմ կանգնած եմ դառն իրականության առաջ, որի մասին կյանքիս մեջ երբեք գաղափար անգամ չեմ ունեցել։ Շա՜տ վատ խաղ է խաղացել ինձ հետ ճակատագիրը. հանկարծակի և անպատրաստ, նա շպրտել է ինձ այդ դառն, այդ սոսկալի իրականության առաջ և ասում է՝ հաստատուն մնա։— Ա՜խ, թշվառականս ի՜նչ եմ ստացել, որ ինչ տամ...

Մեր վիճակն օր-օրի վրա վատթարանում է։ Մի երկու խոսքով նկարագրեմ քեզ մեր կենցաղավարությունը, մեր ապրուստը, և դու ամեն բան կհասկանաս։ Եթե այժմ մտնես մեր տունը, շրջես մեր սենյակները և քեզ ասեն, թե՝ այստեղ Սարոյաններն են ապրում, ոչ աչքերիդ կուզես հավատալ, ոչ ականջներիդ. այն ինչ որ կտեսնես, շատ ծիծաղելի— չեմ ասում դառն— կատակ կթվա քեզ։— Տան մռայլ շինությունն և անհամբերությունները մի կողմ թողնելով (այդ մասին կարծեմ գրել եմ քեզ), մեր սենյակների նախկին շռայլ, փառավոր զարդարանքների և կահավորման հետքն անգամ չես կարող գտնել այժմ, դաշնամուրիցս, իմ սիրելի դաշնամուրիցս սկսած մինչև վերջին բազկաթոռը, մինչև լուսամուտի վերջին վարագույրը— բոլորը վաճառեցին աճուրդով։ Խոհարարի, աղախնի և ծառաների մասին, իհարկե, ավելորդ է անգամ խոսել. չունենք գոնե մի հատիկ ծառա, որին փողոց ուղարկենք։ Ամեն բանի մեջ— ուտելում, խմելում, հագնելում— սաստիկ խնայողություն ենք անում, անում ենք ճարահատյալ։ Էլ չեմ գրում, թե այդ բոլորը ո՜րքան զգալի է մեզ համար, այդ ինքդ էլ կարող ես երևակայել... Տանը գտնված ավելորդ ոսկեղենը և արծաթեղենն արդեն սկսել ենք վաճառել։ Առավելապես մեզ քանդում են բժիշկների վարձն ու դեղորայքը. գոնե դրանից մի զգալի օգուտ լիներ հորս կամ եղբորս։ Ահա ամբողջ չորս ամիս է, որ այդ բժիշկները ջանասիրությամբ հաճախում են մեր տուն և չնայելով դրան, հորս դրությունն այժմ էլ համարյա նույնն է, ինչ որ առաջ, իսկ Գրիգորի առողջությունն, ընդհակառակն, օր֊օրի վրա ետ ու ետ է գնում...

Հա, բժիշկներ ասացի, միտս եկավ։ Անցյալ անգամները (այդ մասին կարծեմ, քեզ չեմ գրել) հորս բժիշկը— (դու պետք է որ ճանաչում լինես այդ պարոնին) դառնում է մեզ և ասում է ծածուկ, թե հորս այլևս ոչինչ չի օգնիլ և իզուր համ նա է չարչարվում (ասա խեղճն ի՞նչ է չարչարվում), համ մենք. «Եթե ուզում եք, ասում է, այնպիսի դեղ կտամ, որ վերջնականապես կորոշի նրա վիճակը»։ Հասկանո՞ւմ ես, սիրելի քույրիկ, թե դրանով ինչ էր ուզում ասել. ուզում էր ասել՝ ձեր հոր կյանքն իմ ձեռքին է. ուզո՞ւմ եք, ես նրան կսպանեմ... Զարմանքից, սարսափից և կատաղությունից չգիտեի ինչ պատասխանեմ։ Սառնասրտությունս կատարելապես կորցնելով, պատրաստ էի մի ապտակ տալ նրա գեր երեսին և կտայի, եթե նա, նայելով, թե բանն ինչումն է, իսկույն չհեռանար։ Ես աղաղակեցի նրա ետևից, որ նրա ոտն այլևս չլինի մեր տանը։ Երբ նա գնաց, ես լաց եղա, որովհետև որդիական ամենասուրբ, ամենաքնքուշ զգացմունքներս անասելի կերպով վիրավորված էին։ Հարազատ հոր աննպատակ սպանման գործի մեջ ուզում էին, որ հարազատ աղջի՜կը խորհրդակից և մասնակից լիներ... Այս մասին մտածելիս անգամ մազերս փշաքաղվում են և ամեն անգամ սոսկում եմ, որպես մի զարհուրելի ոճրագործ... Տեր ասtված, մի՞թե բժիշկներն այդպես հեշտ կարող են խաղալ իրենց հիվանդների կյանքի հետ. մի՞թե առանց զարհուրանքի նրանք կարող են նույնիսկ մտածել այդպիսի բաներ... Նրանք, որոնց ուղղակի կոչումն և հոժարակամ պարտականությունն է հիվանդներին կյանք տալ, ընդհակառակն առաջարկում են ունեցպծ կյանքն էլ խլել, և այդ ինչո՞ւ— որովհետև իրեց գործից ոչինչ չեն հասկանում և, խոստովանելով այդ բանը, չեն ուզում հրաժարվել բժշկելուց, որպեսզի չխայտառակվեն իրենք... Ավազակ մարդասպաններն ավելի խիղճ ունեն թերևս։

Մյուս երկու եղբայրներս— Արշակն ու Գարեգինը— բավական չէ, որ անգործ են, այլև մի ծանր բեռ են դարձել մեր վզին։ Երկուսն էլ ամբողջ օրն ընկած են տանը և ձրի ուտում են, խմում։ Արշակին այլևս ոչ մի տեղ չեն պահում իր արբեցողության համար, իսկ Գարեգինն ինքը չի ուզում ոչ մի տեղ կանգնել։ Չնայելով մեր հորդորանքներին, թախանձանքներին և հանդիմանություններին, ոչ Արշակն է ուզում ձեռք վերցնել իր արբեցողություններից, ոչ Գարեգինն — իր ծուլությունից։ Ա՜խ, հա՜յր, հա՜յր, որքա՜ն տառապանքներ բերիր մեր գլխին... Նրա առողջության ժամանակ ամենքս սիրում էինք նրան և վախենում նրանից։ Թողնելով իր զվարճություններն ու կատակները, հարկավոր դեպքում գիտեր լուրջ խոսել, լուրջ խրատել։ Մենք աշխատում էինք այնպիսի անդուրեկան բան չանել, որի համար նա հանդիմաներ մեզ. իսկ այդպիսի դեպքերում նրա հանդիմանությունները շատ խիստ էին լինում։ Կարո՞ղ էինք Գրիգորը, ես կամ Գարեգինը գեթ մի օր առանց մի որևիցե հարգելի պատճառի ուսումնարանից ետ ընկնել, կարո՞ղ էր Արշակը՝ նրա հետ միասին ճաշի նստած ժամանակ՝ մի բաժակ ավելի խմել։ Իսկ ա՞յժմ։ Այլևս չկա հայր, հավիտյան լռեցին նրա հանդիմանություեները, նրա խրատները, այո, հավիտյա՛ն, որովհետև այն, ինչ որ կար, էլ չի լինելու, անցյալն է՛լ չի դառնալու։ Վա՜յ նրան, ով տեր չունի։

Երկու եղբայրներիս անգործ մնալը՝ մեր այս թշվառության ժամանակ՝ սաստիկ մտատանջություն է պատճառում մանավանդ Գրիգորին։ Էլ ոչ մի հանդիմանություն, ոչ մի նախատինք չի մնում, որ չթափի նրանց գլխին, բայց նրանք ուշադրություն չեն դարձնում ոչ նրա և ոչ ինձ ու մորս վրա, երբ մենք նույնպես սկսում ենք հանդիմանել, հորդորել, խնդրել, որ նրանք թողնեն իրենք պակասությունները և մի գործի կանգնեն։

Երեկ մտա Գրիգորի սենյակը։ Նա այնտեղ չէր, բայց հարևան սենյակից լսեցի նրա ձայնը. խոսում էր Արշակի և Գարեգինի հետ.

— ...մի՞թե գոնե ամոթ, պատկառանք չունեք,— ասում էր նա։— Ախր մինչև ե՞րբ պիտի այդպես ման գաք... Տեսնում եք, էլի, թե հետզհետե մեր վիճակն ի՛նչ է դառնում. օր կգա, որ դուք այստեղ հացի կտոր անգամ չեք գտնիլ, որ ուտեք։ Գոնե ձեզ համար, ձեր փորի համար աշխատեցեք... Եվ ի՞նչ հուսով եք այդպես անում։

— Մի վախի, աշխարհիս երեսին ոչ ոք քաղցած չի մեռնի,— լսեցի մեծ եղբորս ձայնը, որին հետևեց երկար հորանջում։

— Եվ առանց ամոթի՞,— նկատեց Գրիգորը։— Եվ դու ընդունակ կլինես ծանոթներիդ, բարեկամներիդ, թեկուզ հենց բոլորովին անծանոթ մարդկանց պարզել ձեռքդ ողորմություն խնդրելո՞ւ... Հա՞։

— Դեհ, շատ պետք է զահլա տանե՞ս,— բարկացած գոռաց Արշակը։— Եթե սիրտդ շատ է այրվում ծնողներիդ և քրոջդ համար, կարող ես ինքդ աշխատել։

Դեռ կարճ ժամանակ լռություն տիրեց, հետո լսվեց Գրիգորի չոր հազը։

— Դու այնքան չես մտածում, որ եթե ես,— չեմ ասում քեզ պես, փոքր-ինչ առողջ լինեի, բանն երբեք այնտեղ չէի հասցնի, որ իմ այդ պարտականությունը դու ինքդ հիշեցնեիր,— հանդարտ ձայնով պատասխանեց նա, երբ հազը կտրեց։— Բայց, դժբախտաբար, այո՛, դժբախտաբար, ես ստիպված եմ լսելու քեզնից այդպիսի խոսքեր, որքան էլ այդ ծանր լինի ինձ համար։

— Թող քույրդ աշխատի...

— Եվ դու ուտե՞ս,— աղաղակեց Գրիգորը մի այնպիսի եղանակով, որից երևում էր, որ նա երբեք չէր սպասում, թե Արշակից մի այդպիսի բան կարող է լսել։

Կարճ լռությունից հետո լսեցի, թե ինչպես նա սաստիկ զայրացած մոտեցավ դռան շեմքին։ Նա ներս մտավ և դուռը ամուր շրխկացնելով փակեց ետևից։ Ես արձանացած կանգնած էի սենյակի մեջտեղ և չգիտեի ինչ էր կատարվում իմ մեջ. այսքանը միայն գիտեի, որ մեծ եղբորս արտասանած վերջին խոսքերը, «թող քույրդ աշխատի»— ինձ սաստիկ ազդել էին...

— Աննա՞,— զարմացած և փոքր-ինչ վախեցած արտասանեց նա հանկարծ տեսնելով ինձ։

Երևում էր, որ չէր սպասում, թե ես այնտեղ կլինեի։ Ես չկարողացա ձայն հանել և ոչ էլ շարժվել տեղիցս։

Նա, կամաց մոտեցավ ինձ, կամաց առավ ձեռքերս և, սաստիկ կարեկցությամբ, նայելով աչքերիս, արտասանեց դողդոջուն ձայնով։

— Սիրելի՛ քույրիկս, տեսնո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես, որքան անգութ են նրանք...

— Ի՜նչ, ես կաշխատեմ,— սառնությամբ պատասխանեցի ես։

Նրա դեմքի վրա երևաց սաստիկ տանջանք։

— Աննա, սիրելիս,— շշնջաց նա, և նրա ձայնը, կարծես, հանգավ։ Նրա աչքերը լցվեցին արտասուքի փայլուն կաթիլներով. նա խոնարհվեց և սկսեց համբուրել ձեռքերս։ Ես համարյա ոչինչ չէի զգում և շարունակ կանգնած էի նույն դրության մեջ։ Հանկարծ թողեց ձեռքս և գնաց դեպի իր մահճակալ։

— Ա՛խ, ինչո՞ւ ես հիվանդ եմ,— աղաղակեց և ընկնելով անկողնի վրա, դեմքը թաքցրեց բարձի մեջ։

Այն աստիճան աղեկտուր էր նրա ձայնը, որ ցնցվեցի, և սիրտս կարծես սաստի՜կ, սաստի՜կ ճմլեցին։ Շտապեցի դեպի նա։ Նա ցնցողաբար հեկեկում էր և ցնցվելուց նրա ամբողջ մարմինը վեր ու վեր էր թռչում։ Առաջին անգամն Էր, որ տեսնում էի նրան այդպես հուսահատված և լաց լինելիս։ Իսկ առաջ նրա դեմքի վրա երբեք չէի տեսել հուսահատության ոչ մի գիծ, աչքերի մեջ արտասուքի ոչ մի կաթիլ. նա միշտ խրախուսում էր մեզ, հանդիմանում, երբ տեսնում էր, որ մենք այնպես շուտ ընկնում ենք հոգով, և ամեն անգամ կարողանում էր մեզ վրա ներգործություն ունենալ։ Իսկ ա՞յժմ, ա՞յժմ։

Նրա աղաղակն ու հեկեկանքն ամեն բանից էլ լավ էր բացատրում, թե որքան փշրված էր նրա ուժեղ կամքն արտաքին ծանր հանգամանքներից... «Ախ, ինչո՞ւ ես հիվանդ եմ»,— աղաղակում էր նա այն ժամանակ, երբ ես նրան ասում եմ, թե պատրաստ եմ աշխատելու։ Այդ խոսքերն երբեք չեմ մոռանալ, դրանք արտասանված էին այնպիսի տանջանքով և այնպիսի անկեղծ սրտով, որից երևում էր, թե որքան անկեղծ և անհուն էր նրա եղբայրական սերը դեպի ինձ...

Ամեն կերպ աշխատեցի հանգստացնել նրան, բայց նա այն աստիճան հուզվել էր, որ այլևս չկարողացավ խոսել ինձ հետ։ Ավելի լավ համարեցի նրան մենակ թողնել և դուրս եկա շատ ծանր տրամադրությամբ, «Թող քույրդ աշխատի» խոսքերը բնավ մտքիցս չէին հեռանում... Բայց ամենից ավելի ինձ մտատանջում էր այն հանգամանքը, որ Գրիգորի հուզմունքը անվնաս չէր կարող անցնել նրա առողջության համար։ Եվ, դժբախտաբար, այդպես էլ եղավ,— այսօր նրա դրությունը շատ վատ է։

Դեպի քեզ ունեցած սաստիկ կարոտս է, սիրելի Հռիփսիմե, որ այսքան երկար նամակներ եմ գրում քեզ,— այդ միևնույն է, թե խոսում եմ քեզ հետ։ Սիրտս սաստիկ լցված է։ Վշտերս ուզում եմ բաժանել մեկի հետ և բացի քեզնից էլ ո՞վ ունեմ... Ախ, եթե այժմ մոտս լինեիր, միակ կարեկիցս, ինչպե՜ս ջերմագին կսեղմեի քեզ վշտահար կրծքիս...

Քո Աննա Սարոյան
ԺԲ

Անգին քույրիկ,

— Եղբայրս,— Գրիգորը մեռավ... Արտասուքը խեղդում է ինձ. էլ ուժ չունեմ գրելու...

ԺԳ
Թիֆլիս, 30 ապրիլի 1881

Ստացա անկեղծ ցավակցությանդ նամակը։ Անչափ շնորհակալ եմ և խրախուսանքիդ համար։ Առավել քան այժմ ես կարոտ եմ այդպիսի խրախուսանքների, որովհետև զգում եմ, թե ինչպես վերջին հարվածը հիմն ի վեր տապալել է ամբողջ բարոյական աշխարհս։ Ես ընկած եմ, որպես մի մարդ, որ անթիվ ծանր վերքեր ստանալուց հետո՝ ստանում է և վերջին ամենասարսափելի վերքն ուղիղ կրծքին։ Սակայն ես չեմ տրտնջում։ Փա՜ռք և գոհություն նրան, ով տնօրինում է մարդկային բախտը։ Երբ տեսնում ես, երբ զգում ես, որ տկար են ուժերդ, պետք է հպատակվես տիրապետող բարձր, անիմանալի օրենքներին, որոնց սահմանել է ինքը նախախնամողը։ Եվ ես հպատակվում եմ։ Մինչև այժմ հուսահատ պատերազմ էի մղում։ Մոլորության անդունդն արդեն բաց էր արել իմ առաջ իր ահարկու բերանը, և քիչ էր մնում, որ կուրորեն ընկնեի նրա մեջ։ Բայց ի՞նչ շահեցի դրանից.— ա՛յն, որ տանջանքներս կրկնապատկվեցին, ա՛յն, որ մեղք գործեցի և ի վերջո ընկա հաղթված։ Այո՜, ես այժմ ընկած եմ. հպարտ գլուխս այլևս չի հանդգնում վերև նայել. նա խոնարհված է և միշտ խոնարհ կմնա։ Թող այսուհետև ինչ կուզե լինի— ես հաշտվել եմ ամեն բանի հետ։ Եվ դու չես կարող երևակայել, սիրելի Հռիփսիմե, թե որքան հանգիստ եմ այժմ։ Եթե կուրծքս ճղեն և հանեն սիրտս, նրան սառած կգտնեն։ Կարծես ես այլևս չեմ ապրում։ Եվ այդ պատճառով, առանց գեթ մի փոքր հուզվելու, այժմ համարձակ կարող եմ նկարագրել քեզ եղբորս վերջին ժամերն ու մահն իրենց բոլոր մանրամասնություններով։ Եվ պետք է նկարագրեմ։ Թող քո աչքերից էլ փոքր-ինչ արտասուք թափվի.— նա արժանի է դրան։

Նա մեռավ սրանից ուղիղ երկու շաբաթ առաջ, նույն ամսի 16-ին, երեկոյան մոտ 5 ժամին։ Այդ նշանավոր օրը շատ լավ հիշում եմ։ Գարունն այստեղ շատ վաղ եկած լինելով, եղանակը հիանալի էր և այնքան տաք, որ մինչև անգամ լուսամուտները բաց էինք արել։ Մեր տեղափոխվելուց հետո, առաջին անգամն էր, որ մենք այս տանը պարզ օդ էինք ծծում։ Գրիգորը պառկած էր լուսամուտի առաջ. երկու օր առաջ նա խնդրել էր, որ մահճակալն այնտեղ տեղափոխենք։ Վերջին անգամ ուզում էր տեսնել գարնան պայծառ արևը, նայել կապույտ երկնքին և տեսնել, թե ինչպես ուրախ ծիծեռնակները գալիս նստում են բակում կապած թոկի վրա, օրորվելով ճլվլում են և նորից թռչում գնում։ Այդ հինգերորդ օրն էր, որ այլևս չէր կարողանում վեր կենալ անկողնից։ Մենք բոլորովին չէինք կարծում, թե այդ օրը կմեռներ, որովհետև մեռնելուց մի քանի ժամ առաջ նրա դրությունը նույնն էր, ինչ որ մի քանի օր առաջ, մինչև անգամ լավ էր։ Բայց երևի ինքն այդ իմանում էր, որովհետև նույն օրն առավոտյան հատուկ խնդրեց ինձ, որ չհեռանամ մոտից։ Այդ օրը սովորականից ավելի քնքուշ էր թե՛ դեպի ինձ, և թե՛ դեպի մայրս, որի մի ոտը հորս սենյակումն էր, մյուսը նրա մոտ։ Այդ օրը սովորականից շատ էլ էր խոսում ինձ հետ։ Իսկ երբեմն մերթ ուրախ էր լինում, մերթ հանկարծ տխրում և մտածության մեջ ընկնում։ Մի անգամ էլ ուրախ խոսելուց հետո, հանկարծ լռեց, գլուխը դարձրեց դեպի լուսամուտը և դուրս նայելով, ընկղմվեց մտածմունքների մեջ։ Չուզեցի խանգարել նրան, և փոքր-ինչ կռանալով դեպի նա, սկսեցի նայել դեմքին։ Աստվա՜ծ իմ, որքա՜ն փոխված էր այդ դեմքը, իմ ճանաչած սիրուն, կանացի դեմքը.— նիհար, չոր, գունատ. կարծես մի կաթիլ արյուն անգամ չկար նրա երակների մեջ։ Փոքրիկ, կանոնավոր քիթը, որ միշտ ներդաշնակ գեղեցկություն էր տվել նրա դեմքին, կարծես սաստիկ մեծացած, դուրս էր ցցվել սեղմված պնչերով։ Աչքերը խոր էին ընկել և մեծացել, իսկ պարզ, լայն ճակատը կարծես ավելի լայնացել էր։ Չգիտեմ ինչ էր պատճառը, բայց ինձ թվում էր, թե առաջին անգամն եմ տեսնում նրան այդքան փոխված։ Երկար ժամանակ նա անշարժ կար նույն դրության մեջ։ Մի ինչ-որ անորոշ զգացմունք, կարծես, չէր թողնում ինձ, որ խանգարեմ նրա մտածմունքները, իսկ ինձ թվում էր, թե այդ մտածմունքները թանկ արժեն նրա համար։ Լուռ և խորին վշտով նայում էի նրա դեմքին, երբ հանկարծ նրա շրթունքները բացվեցին, և նա կամաց, շատ կամաց, կարծես ինքնիրեն շշնջաց.

— Ի՜նչ սիրուն բան է գարունը... Ակամա սիրում ես կյանքը, ինչքան էլ որ լի լիներ ձախորդություններով... ակամա ուզում ես ապրել, սիրել և...

Լռեց և դեմքը կամաց դեպի ինձ դարձրեց.

— Ուղիղ ասա, քույրիկ, առաջվա նման դարձյա՞լ մտածում ես...

— Ոչ, Գրիգո՛ր, ես աղոթում եմ,— պատասխանեցի ջերմեռանդ զգացմունքով։

Տեսա, թե ինչպես նրա դեմքը պայծառացավ։ Նա առավ ձեռքս և սեղմեց։

— Աղոթի՛ր, սիրելի՛ քույրիկ,— պատասխանեց, կարծես, ուժ ստացած։— Աղոթի՛ր, միայն աղոթքը կարող է փրկել քեզ կյանքիդ ծանր րոպեներում... Հավատա ինձ, որ երբեք չես զղջա, եթե չմոռանաս իմ այս անկեղծ խորհուրդը։ Ճշմարիտ է, թեև կյանքի ձախորդություններն երբեմն շատ մոլորությունների պատճառ են դառնում, բայց մարդս այդպիսի դեպքերում միշտ աչքի առաջ պիտի ունենա, թե ո՛վ և ի՛նչ է ինքը, երբեք չպիտի մեռցնե իր մեջ հավատը, հույսը, երբեք չպիտի մոռանա աղոթել, կարծելով թե այդպիսով ինքը վրեժխնդիր է լինում.— այդ չափից դուրս անմտություն կլիներ մարդու կողմից... Հավատա ինձ, որ ձախորդություններն ու թշվառությունն էլ ունեն հոգեկան իրենց վսեմ քաղցրությունը, ինչպես առողջությունն ու երջանկությունը, միայն թե մարդ բնավ չկորցներ հավատը, հույսը, բնավ չմոռանար աղոթել... Այդ սովորեցրել է ինձ ինքը կյանքը, և դու առանց կասկածելու հավատա ինձ։

Ես լսում էի նրան խորի՛ն երկյուղածությամբ, լսում էի ո՛չ թե իբրև մի քսան տարեկան անփորձ երիտասարդի, այլ որպես մի պատկառելի, փորձության բովից անցած ծերունու, մի երկնառաք մարգարեի, որ տարածում է աստծո խոսքը... Բայց հանկարծ նրան լսելիս՝ մի ինչ֊որ անորոշ երկյուղ պաշարեց ինձ։ «Այս ի՞նչպես է խոսում սա այսօր»— այդ հարցն ակամա ծագեց գլխումս։ Իսկ նա խոսում էր մի ուրիշ տեսակ, ոչ այնպես, ինչպես ամեն անգամ խոսում էր այդպիսի բաների մասին, նրա ձայնը հնչում էր տխուր, բայց մի ինչ֊որ վեհ, սրբազան ոգևորությամբ։ Նա նայում էլ էր ուրիշ տեսակ։ Նրա հայացքը վառվում էր, դրանով կարծես ուզում էր ուժ տալ իր խոսքերի ազդեցությանը...

— Գրիգո՛ր, ինչո՞ւ այսօր այսպես ես խոսում,— չկարողանալով դիմանալ, հարցրի կարճ լռությունից հետո։

— Ինչո՞ւ,— արտասանեց քնքշորեն, նայեց աչքերիս և մի տեսակ օտարոտի կերպով ժպտաց։— Որովհետև պետք է... մեռնեմ,— ավելացրեց հանդարտ ձայնով, բայց վերջին բառն արտասանեց այնքան կամաց, որ հազիվ լսեցի։

Չգիտեմ այդ րոպեին ինչ պատահեց ինձ, միայն ամուր գրկեցի նրան. կարծեցի, թե նույն րոպեին հավիտյան պիտի անհետանար աչքիս առաջից։

— Գրիգո՛ր, իհարկե, կատակ ես անում,— շշնջացի, ինքս իմ ձայնից վախենալով։

Դարձյալ նայեց աչքերիս, և տեսա, թե ինչպես ժպիտը հանկարծ անհետացավ նրա դեմքից և այդ դեմքն ընդունեց տխուր, վշտալից արտահայտություն։ Նա ոչինչ չպատասխանեց, միայն երկար նայեց աչքերիս և դեմքը շրջեց դեպի լուսամուտը։ Այժմ նայում էի նրան համարյա սարսափով, հա՛մ ուզում էի փախչել նրանից, հա՛մ գրկիցս բաց չթողնել...

Չգիտեմ որքան ժամանակ այդպես անցավ, երբ նա, շարունակ դուրս նայելով, առաջվա նման, բայց այս անգամ շատ տխուր ձայնով շշնջաց.

— Հիշո՞ւմ ես, քույրիկ— այն ժամանակ մենք դեռ շատ փոքր էինք, ես տասը տարեկան էի, դու՝ յոթ— գնացել էինք տետրակներ առնելու և ետ էինք գալիս։ Ճանապարհին մեզ մի կատաղած եզ պատահեց։ Ամենքն երկյուղից մի կողմն էին փախչում և թաքնվում առաջին պատահած տեղը։ Մենք շատ վատ տեղովն էինք անցնում, այնտեղ ոչ խանութ կար, ոչ բակ, որտեղ մենք էլ կարող լինեինք թաքնվել։ Ճարահատյալ կանգնեցինք այնտեղ գտնված մի տան պատի տակ։ Եզը մոտենում էր: Գունաթափ և սաստիկ երկյուղով դու սեղմվեցիր ինձ: Ես կանգնեցի առաջդ, որպեսզի եզանը դիմադրեմ և պաշտպանեմ քեզ նրա հարվածից: Արյուն կտրած աչքերով՝ եզն ուղղակի ինձ վրա եկավ և կանգնեց մեր առաջ: Ես սարսափից ոչ կարողացա աղաղակել, ոչ շարժվել, միայն բնազդմամբ մի կողմ սեղմվեցի և ետևիցս երկու ձեռքով ամուր բռնեցի քեզ: Եզը կանգնեց, կանգնեց, նայեց, նայեց մեզ, հանկարծ փռնչացրեց, շուռ եկավ և, պոչը տատանելով, վազեց միևնույն ուղղությամբ: Մենք ազատվեցինք: Ես նայեցի դեմքիդ՝ և կարծես, այժմ էլ տեսնում եմ այդ դեմքը. սաստիկ գունաթափ, սարսափից չռած, անմիտ աչքերով, դու ամբողջ մարմնով դողում էիր, առանց թողնելու ինձ՝ շարունակ նայում էիր եզան ետևից, կարծես նա դարձյալ շուռ պիտի գար մեր կողմը և առաջվա նման պիտի մոտենար մեզ այս անգամ հարու տալու դիտավորությամբ: Բայց եզը շուռ եկավ մի ուրիշ փողոց և չքացավ մեր աչքերից: Տեսա, թե ինչպես դու ազատ շունչ քաշեցիր, լուռ նայեցիր ինձ, մի տեսակ օտարոտի, բայց շատ անշնորք կերպով ժպտացիր, կամ ավելի ճիշտ է ասել՝ ծամածռեցիր դեմքդ և հանկարծ լաց եղար: Թեև, իկարկե, ես չփրկեցի քեզ եզան հարվածից, բայց այդ րոպեին պատրաստ էի զոհ գնալու եզանը, միայն թե քեզ ազատած լինեի, չնայելով, որ սարսափն ինձ էլ էր կաշկանդել: Այնուհետև ինչպիսի՜ հպարտությամբ և հրճվանքով հիշում էի այդ անցքը. մտքումս մի անգամից տպավորվել էր, որ քեզ ազատողն ես էի...

Նա լռեց և մնաց անշարժ, անթարթ դեպի դուրս նայելով: Երևում էր, որ մանկական այդ հիշողությունն այդ րոպեին էլ քաղցր էր նրա համար, և նա չէր ուզում հեռացնել այդ հիշողությունն իր գլխից: Ես էլ չէի համարձակվում խանգարել նրա այդ քաղցր հիշողությունը: Իրավ, ի՜նչ սքանչելի ժամանակներ էին այդ...

Մանկության օրեր, երազի նման
Անցաք, գնացիք, այլ չեք դառնալու...

շշնջաց նա, կամաց հոգոց հանեց և նայեց ինձ:

— Գրիգո՛ր, ինչո՞ւ հիշեցրիր ինձ այդ անցքը,— հարցրի:

— Ինչո՞ւ,— արտասանեց նա հուսահատ ձայնով,— նրա՞ համար, որ ես այժմ այլևս ոչ մի բանից, չեմ կարող քեզ ազատել...

Զգացի, թե ինչպես սիրտս, սաստիկ ցավ տալով, թրթռաց, գլուխս ակամա խոնարհվեց նրա կրծքի վրա, և հուսահատության հեկեկանքը սկսեց խեղդել ինձ։ Այդ րոպեին արդեն աներկբա զգում էի, թե ինչպես մի աներևույթ զորություն սկսում էր կամաց-կամաց բաժանել նրան ինձնից հավիտյան...

Ճաշին, բացի կես բաժակ կաթից, ոչինչ չառավ բերանը։ Նկատում էի, թե ինչպես կամաց-կամաց թուլանում էր նա, բայց ուշքը մինչև վերջին շունչը վրան էր։ Մեռնելուց մի ժամ առաջ ուզեց տեսնել հորը։ Մայրս, որ, ըստ երևույթին, արդեն սկսել էր հասկանալ, թե բանն ինչումն է, կատարեց նրա խնդիրքը։ Շուտով հորս՝ թևից բռնած՝ զգուշությամբ ներս բերեց և զգուշությամբ նստեցրեց հիվանդի մահճակալի առաջ՝ աթոռի վրա։ Հայր և որդի նայեցին միմյանց. հորս հայացքը նույն անմիտ, նույն անզգա հայացքն էր, սակայն այս անգամ այդ հայացքի մեջ նկատվում էր փոքր-ինչ հետաքրքրություն, իսկ եղբորս հայացքը... Ինչքա՜ն սեր, կարեկցություն, վիշտ և հուսահատություն կար այդ հայացքի մեջ, հորը հավիտյան մնաս բարյավ ասող այդ լուռ վերջին հայացքի մեջ... Առավ հոր ձեռքը, ուզեց բան ասել, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ բերանից։ Միայն խոնարհվեց և շրթունքը կպցրեց նրա ձեռքին։

— Այս ո՞վ է,— կամաց հարցրեց հայրս, նայելով մորս։

— Գրիգորն է... Չե՞ս ճանաչում,— հազիվ կարողացավ արտասանել խեղճ մայրս, որովհետև արտասուքը խեղդում էր նրան։

— Ոչ, չեմ ճանաչում,— պատասխանեց հայրս և, փոքր- ինչ լռելուց հետո, հարցրեց.— հիվա՞նդ է։

— Այո։

— Ես էլ եմ հիվանդ, խեղճ տղա, ես էլ եմ հիվանդ,— արտասանեց հայրս, կարծես, սաստիկ կարեկցությամբ և, ձեռքը հեռացնելով Գրիգորի շրթունքից, սկսեց շոյել նրա գլուխը։

Այլևս չկարողացա դիմանալ— սիրտս պատռվում էր— և շտապով դուրս գնացի, որպեսզի այլևս ոչինչ չտեսնեմ, ոչինչ չլսեմ...

Երբ քառորդ ժամից հետո դարձյալ ներս մտա, մայրս հորս արդեն դուրս էր տարել։ Գրիգորը պառկած էր երեսն ի վեր և ձեռքով ծածկել էր դեմքը։ Երբ մոտեցա նրան, ձեռքը հեռացրեց դեմքից։ Ինչքա՜ն վիշտ տեսա այդ դեմքի վրա... Աղերսող հայացքով նայեց ինձ և առավ ձեռքս։

— Աննա՛,— արտասանեց դողդոջուն ձայնով,— դու գիտես, թե ինչպես կնայես հայրիկին ու մայրիկին։ Բացի քեզնից, նրանք ո՛չ ոք չունեն, օգնիր նրանց, ինչպես կարող ես։

Ապա սեղմեց ձեռքս, թողեց և պատասխան չպահանջեց, չպահանջեց արդյոք նրա՞ համար, որ հասկանում էր, թե որպիսի ծանր պարտականություն էր դնում ինձ վրա, թե՞ նրա համար, որ հույս ուներ ինձնից— չգիտեմ, միայն այդ մասին այլևս ոչինչ չխոսեց։

Նրա մահվան ներկա էինք միայն ես, մայրս և Թոմաս Գասպարիչր, որ հենց նոր էր եկել և, իմանալով, թե բանն ինչումն է, սաստիկ տխուր նստած էր մի կողմը։ (Եղբայներս՝ եղանակը լավ լինելու պատճառով՝ այդ օրը դուրս էին գնացել և դեռ տուն չէին եկել, ո՛վ գիտե որտեղ էին թափառում)։ Նա խնդրեց, որ քահանա կանչենք։ Թոմաս Գասպարիչը գնաց քահանայի ետևից։ Քահանան եկավ։ Ինչպիսի սրբազան ջերմեռանդությամբ ընդունեց հաղորդությունը... Մեռնելուց առաջ համբուրեց մորս ձեռքը, հետո— իմը, իսկ ամենից վերջը Թոմաս Գասպարիչինը, որն, այլևս չկարողանալով դիմանալ, սկսեց երեխայի նման լաց լիներ Այնուհետև վերջին հայացքը— վշտալից, աղերսող հայացքը — ձգեց ինձ վրա և համարյա նույն րոպեին էլ հոգին ավանդեց... Ոչ, հոգին չավանդեց— հոգին ավանդելիս, ասում են, մարդ սարսափելի է լինում, բայց այդպիսի բան ես բոլորովին չնկատեցի նրա մեջ— այլ աչքերը փակեց և քնեց, քնեց, որպեսզի այլևս երբեք չարթնանա... Երբ աչքերը փակեց, ես բոլորովին չէի կարծում, թե մեռավ, բայց մայրս այդ իսկույն հասկացավ։ Նա նախ մի տեսակ բութ, անմիտ հայացքով մեքենայաբար նայեց ինձ, հետո թույլ, շատ թույլ ձայնով, կարծես ուժասպառ ճչաց և, գլուխը դնելով մեռած որդու գլխի մոտ՝ բարձի վրա, մի ձեռքով գրկեց նրա կուրծքը։ Սաստիկ մի դող ցնցեց ողջ մարմինս. ես հասկացա, որ եղբայրս մեռավ։ Աչքերս մթնեցին, ծնկներս թուլացան և այնուհետև այլևս ոչինչ չզգացի։ Երբ ուշքի եկա, տեսա, որ պառկած եմ սենյակումս՝ մահճակալիս վրա, մայրս նստած է կողքիս՝ սառը, գունատ, չոր դեմքով, իսկ Թոմաս Գասպարիչը— դիմացը՝ աթոռի վրա, վշտից սառած ու կուչ եկած։ Սկզբում կարծեցի, թե առավոտ է և նոր եմ զարթնում, բայց երբ նայեցի մորս, նայեցի Թոմաս Գասպարիչին, նայեցի շուրջս, դարձյալ մորս, դարձյալ Թոմաս Գասպարիչին— արդեն եղելությունը պարզվեց ինձ համար։ Եվ մինչև հիմա էլ զարմանում եմ, թե այդ ժամանակ ի՛նչպես կարողացա այնքան հանգիստ լինել,— ո՛չ մի հառաչանք, ո՛չ մի արտասուքի կաթիլ, ո՛չ մի դառնություն, ո՛չ մի վիշտ. կարծես մեռած էի և զգում էի, որ մեռած եմ։ Ասում էին կեր՝ ուտում էի, խմիր՝ խմում էի, հագիր՝ հագնում էի, բեր այսինչը՝ բերում էի, տար այսինչը՝ տանում էի, արի՝ գալիս էի, գնա՝ գնում էի, մի խոսքով՝ անում էի, ինչ որ ասում էին, և արածս ոչ հասկանում էի, ոչ զգում։ Եվ եթե այժմ հարցնես ինձ, թե ինչպես թաղեցինք եղբորս, ով կար հուղարկավորությանը և այլն — ոչինչ չեմ կարող ասել։ Այսքանը միայն մութ կերպով երազի նման հիշում եմ, որ ինձ սևեր հագցրին, ձեռքս մի թաշկինակ դրին, թեև թաշկինակի կարիք չունեի, ձեռքիցս բռնեցին, տարան եկեղեցի, և դարձյալ ետ բերին։ Այս էլ հիշում եմ, որ եկեղեցում համբուրեցի նրա ճակատը, դարձյալ համբուրեցի, դարձյալ... էլ ոչինչ չեմ հիշում։ Իսկ այժմ, երբ այդ ժամանակից անցել է ամբողջ երկու շաբաթ, երբ ամեն օր մտնում եմ նրա սենյակը և ամբողջ ժամերով ձեռքերս խաչած՝ նստում եմ նրա դատարկ մահճակալի վրա— ի՞նչ եմ զգում ես... Փառք և գոհություն նրան, ով տնօրինում է մարդկային բախտը։ «Աղոթքը, միայն աղոթքը կարող է փրկել քեզ կյանքիդ ծանր րոպեներում»— ասաց նա։ Օրհնյա՜լ լինի քո հիշատակը իմ սիրելի, իմ անգի՛ն եղբայր։

Քո Աննա Սարոյան
ԺԴ
Թիֆլիս, 25 հունիսի 1881

Սիրելի Հռիփսիմե,

Նամակ ես պահանջում.— ի՞նչ գրեմ, ի՞նչ ունեմ գրելու, ի՞նչ կարող եմ գրել, երբ շուրջս և ներսս կատարյալ դատարկություն է տիրում։ Ոչինչ չկա, ոչ մի հիմնավոր բան, որից կարողանայի ամուր կպչել՝ չանհետանալու համար, որի վրա կարողանայի վերջնականապես կենտրոնացնել թափառող մտքիս ընթացքը՝ չմոլորվելու համար։ Երևակայիր մի անհուն անտակ խորխորատ անվերջ տարածության մեջ, որտեղ ընկել է մարդ. նա տարածում է ձեռքերն այս ու այն կողմը, որպեսզի մի բան գտնի, որից կարողանա բռնել՝ ավելի խորը չընկնելու համար, բայց միշտ հանդիպում է դատարկ տարածության, և նա շարունակ ընկնում է ցած, ընկնում է անվերջ, մինչև անգամ ոտների տակ հատակ չգտնելով.— ես այդ դրության մեջ եմ։ Ճշմարիտ է, կա իմ մեջ մի զգացմունք, որի համար պարտական եմ մեռած եղբորս, և թեև այդ զգացմունքը շատ անգամ բարերար ներգործություն է ունեցել տանջված հոգուս վրա, բայց... անգին քույրիկ, հասկանո՞ւմ ես, թե որքա՜ն երիտասարդ եմ ես դեռ և թե սիրտս, հոգիս բնականաբար դեպի ինչը պիտի ձգտեն։ Ես... Ա՜խ, բավակա՜ն է. թողնենք այն, այլևս սիրտ չկա.

Եղբորս մահն, իհարկե, անհետևանք չէր կարող անցնել ոչ ինձ և ոչ մորս համար՝ մանավանդ մեր այս թշվառության ժամանակ։ Մայրս անմիջապես ընկավ անկողին և մոտ մի ամիս շարունակ պառկած էր։ Նրա և հորս միակ խնամատարն ես էի, թեև ես էլ պակաս հիվանդ չէի զգում ինձ։ Նրա անկողնից վեր կենալն ու իմ պառկելը մեկ եղավ, կարծես դիտմամբ իրար խոսք էինք տվել այդպես անելու։ Ես նրանից ավելի կարճ ժամանակ էի պառկած և ահա մի շաբաթ է ինչ վեր եմ կացել։ Այժմ ինձ սաստիկ թույլ եմ զգում, երկար չեմ կարողանում ման գալ կամ որևիցե բան շինել, շուտով հոգնում եմ, ուզում եմ նստել կամ թիկն տալ։ Գրիչն էլ այժմ դժվարությամբ եմ շարժում ձեռքիս։ Անցյալ օրը նայեցի հայելում, և ինքս ինձնից սարսափեցի։ Ակամա վերցրի անցյալ տարվա լուսանկարս և համեմատեցի.— ինչքա՜ն փոփոխություն... չէի ուզում հավատալ, թե այդքան փոխվել եմ։ «Կամ այս իմ լուսանկարս չէ, կամ թե հայելին է ինձ խաբում»— ասում էի ինքս ինձ։ Լուսանկարը ներկայացնում է մի գեղեցիկ, մի կայտառ օրիորդ, որի աչքերն երջանկությամբ և չարաճճի կերպով ժպտում են, իսկ հայելու մեջ տեսնում էի սաստիկ նիհար, սաստիկ գունատ, կարծես ծերացած մի աղջիկ, որի անկենդան, մեքենայական հայացքը, կարծես, ասում է... ի՞նչ է ասում.— որոշ ոչինչ, բայց մի բան ասում է, որ ոչ ինքն է հասկանում, և ոչ ուրիշը կարող է հասկանալ... Դառնացած դեն շպրտեցի լուսանկարս և հեռացա հայեյուց...

Այստեղ սաստիկ շոգեր են։ Ամառանոցի սովոր լինելով, շատ դժվարությամբ եմ կարողանում դիմանալ։ Համարյա ողջ օրը սենյակիցս դուրս չեմ գալիս։ Միայն գիշերներն և առավոտյան կարողանում եմ ազատ օդ շնչել։ Ների՛ր, սիրելիս, սաստիկ հոգնեցի. էլ ոչինչ չեմ կարող գրել։

Ընդունիր կարոտալից համբույրներս։

Քո Աննա Սարոյան
ԺԵ
Թիֆլիս, 27 հուլիսի 1881

Սիրելի Հռիփսիմե,

Այժմ փառք աստծո, բավական լավ եմ զգում ինձ, միայն շոգերն են սաստիկ նեղացնում։ Երբեմն երեկոները, լավ եղանակներին, դուրս եմ գնում փոքր-ինչ զբոսնելու և շուտով էլ վերադառնում եմ։ Հարցնում ես՝ մի՞թե եղբայրներս դարձյալ պարապ են։ Ոչ. մեր նախկին հարուստ «բարեկամներից» մեկը վերջապես «խղճաց» մեզ և երկուսին էլ ընդունեց իր մագազինը, բայց այն պայմանով, որ նրանք իրենց լավ պահեն։ Եվ այժմ, փառք աստուծո, նրանք տակավին իրենց լավ են պահում, և եթե բանը միշտ այդպես գնա, մենք գոհ կլինենք։ Այդ շատ լավ եղավ, եթե եղբայրներս դարձյալ պարապ մնային, հավատա, որ քաղցած կմեռնեինք։ Մորս հիվանդության միջոցին մեր վերջին կոպեկները ձեռքներիցս գնացին, և մենք մնացել էինք տարակուսած՝ թե ինչ պիտի անենք։ Այժմ եղբայրներիս գործի կանգնելով, կարող ենք փոքրիշատե տանելի կյանք ունենալ։

Ես արդեն վերջնականապես հաշտվել եմ դրությանս հետ, ներկան ինձ այնպես սարսափելի չի թվում, ինչպես երևակայում էի առաջ։ Միայն եղբորս վաղահաս մահը սրտիս մեջ թողել է մի այնպիսի խոց, որ երբեք և ոչ մի բանով չի կարող բուժվել։ Ամեն օր, ամեն ժամ նա կարծես կենդանի կանգնած է աչքիս առաջ, իսկ երազումս համարյա ամեն գիշեր տեսնում եմ նրան։ Նրա մեռնելուց հետո առանց տանջվելու չէի կարողանում մոտենալ նրա գրքերին և տետրակներին։ Ամեն անգամ, որ տեսնում էի այդ գրքերն ու տետրակները պահարանում դարսած, իսկույն մի տեսակ սաստիկ-սաստիկ ճմլվում էր սիրտս, և անցյալի հիշողությունները մեկը մյուսի ետևից ակամա զարթնում էին իմ մեջ։ Բայց երեկ — չգիտեմ ինչո՞ւ— սիրտս ձգտում էր դեպի այդ գրքերն ու տետրակները— ուզում էի քրքրել նրանց, ուզում էի թերթել, ուզում էի ծայրեծայր կարդալ տետրակները, և ինձ թվում է, թե այդպիսով— նա ինքը՝ կենդանի կանգնած իմ առաջ՝ խոսելիս կլինի ինձ հետ։ Այդ պատճառով մոտեցա պահարանին և բաց արի դուռը։ Գրքերն ու տետրակները դարսված էին իրենց կարգով, այնպես, ինչպես նա վերջին անգամ ինքն իր ձեռքով դարսել էր։ Կարգապահությունն ու մաքրությունն առհասարակ նա սաստիկ սիրում էր, և ես երբեք չէի տեսել, որ նրա գրքերը կամ տետրակները խառնիխուռն թափված լինեին— ամեն ինչ իր տեղը, ամեն ինչ մաքուր։ Բայց այդ անգամ գրքերի և տետրակների վրա բավական փոշի էր նստել։ «Իսկ նրա վրա ահագին շերտ հող էր նստած»— մտածեցի ես, դողդոջուն ձեռքով մի առ մի վերցրի գրքերն և սկսեցի փոշին սրբել։ Այդ վերջացնելուց հետո, վերցրի բոլոր տետրակները, ցած բերի և, նախապես նրանց վրայից էլ փոշին սրբելով, սկսեցի մի առ մի թերթել։ Այդ բոլորն ուսանողական տետրակներ էին, որոնց մեջ իրեն հատուկ մաքուր և գեղեցիկ գրերով գրել էր դասերը։ Այդ տետրակների մեջ գտա և նրա հիշատակարանը։ Ինչպես մի անգին գյուտի վրա, վրա ընկա այդ տետրակին և ահագին հետաքրքրությամբ սկսեցի թերթել։ Ա՜խ, ինչպե՜ս տրոփում էր սիրտս, ինչպիսի տանջանքով և սիրով սեղմում էի այդ տետրակը սրտիս, ինչպես ջերմագին համբուրում էի այն և թրջում արտասուքով... Մի անգամ, երբ կգաս այստեղ, սիրելի Հռիփսիմե, այդ տետրակը կկարդամ քեզ մոտ, և կտեսնես, թե ինչպիսի տղա էր նա, այդ տետրակի մեջ նա թափել էր իր բոլոր միտքն ու հոգին։ Բայց այժմ ես այնտեղից կարտագրեմ նրա բանաստեղծություններից մեկը (հիշատակարանի մեջ բավական թվով բանաստեղծություններ էլ ունի գրած), որ, ինչպես ամսաթիվը ցույց է տալիս, նրա վերջին գրածն է և գրել է մահից մի շաբաթ առաջ։ Այդ բանաստեղծությունը մի ամփոփ գաղափար կտա քեզ նրա հոգեկան աշխարհից։

Հասել է ժամը։ Շուտով նորաբաց,
Մանուկ արևս պիտի խավարի.
Դեռ կյանք չտեսած, դեռ չվաստակած՝
Մարմինս հողը պիտի ավերի։

Ա՜խ, ինչպե՜ս, ինչպե՜ս ուզում եմ ապրել,
Ապրել և գործել, գործել և տոկալ,
Ինչպես ջերմագին ուզում եմ սիրել,
Ամենքի համար աղոթել և լալ...

Խե՜ղճ, անբա՜խտ եղբայր... Ի՜նչպիսի կյանքի ծարավ, ի՜նչքան անկեղծ, խոր զգացմունք, ի՜նչքան տանջանք... Մի՞թե այդպիսի եղբորը երբևէ կարելի է մոռանալ, իմ անգի՛ն քույրիկ։ Երեկվանից դես անընդհատ մտածում եմ նրա մասին և որքան շատ եմ մտածում, այնքան ավելի եմ զգում, թե որքան մեծ և անփոխարինելի է իմ կորուստը։ Գիշերս բոլորովին չկարողացա քնել, ակամա արտասուքը հանդարտ հոսում էր աչքերիցս և թրջում էր դեմքս, անկողինս— և ես դողդոջուն ձեռքերս սաստիկ հուսահատությամբ ու տանջանքով տարածում էի օդի մեջ՝ գոնե նրա ուրվականը գրկելու համար... Ա՜խ, նրա հիշատակարանն ամեն ինչ տակնուվրա արեց իմ մեջ... Դարձյալ սկսում եմ առաջվա նման... Ո՛չ, այլևս ոչինչ չեմ գրի այս մասին, միշտ միևնույն երգը... Գուցե արդեն ձանձրացրել եմ քեզ։

Մնաս բարյավ, իմ սիրելի քույրիկ, ցնոր գրություն։

Քո Աննա Սարոյան
ԺԶ
Թիֆլիս, 16 օգոսստոսի 1881

Սիրելի Հռիփսիմե,

Խորհուրդ ես տալիս, որ շատ չհուզվեմ և խնդրում ես, որ եղբորս հիշատակարանն ուղարկեմ քեզ, որպեսզի այլևս տեղիք չունենամ հուզվելու։ Ես էլ եմ հասկանում, որ շատ հուզվելը ներկա դրությանս մեջ ինձ վնասակար է, բայց մի՛ վախենա. հիշատակարանը գտնելուս առաջին օրն էր, որ այնպես հուզվում էի, այժմ ինձ զսպում եմ։ Ուրեմն, սիրելիս, հիշատակարանը կմնա ինձ մոտ. ողջ կյանքումս չեմ բաժանվի նրանից, չեմ բաժանվի այն պատճառով միայն, որ նա ինձ համար անգին է և միշտ էլ անգին կմնա։

Դարձյալ բանը թարսվեց և մեծ եղբայրս իր հին աստվածը միտը բերեց։ Մեր «բարեկամն» էլ վռնդեց նրան, և իրավունք ուներ, որովհետև եղբայրս դարձյալ սկսել էր խմել, ստացած ռոճիկից էլ ոչ մի կոպեկ տուն չէր բերում։ Է՜հ, այդպես էլ կարծում էի. արբեցողությունն այնպես չէ բույն դրել նրա մեջ, որ նա երբևէ կարողանար դրանից ձեռք վերցնել։ Դրա համար կամք է հարկավոր և փոքր-ինչ ժուժկալություն, իսկ եղբայրս զուրկ է թե՛ մեկից, թե՛ մյուսից. անգործ մնալն ու խմելը նրա համար ամեն բանից քաղցր է։ Իսկ փոքր եղբայրս դարձյալ այնտեղ է և, պիտի ասած, կարողացել է ծուլությանը հաղթել և աշխատում է։ Բայց նրա ստացած ռոճիկն ի՞նչ պիտի անի մեր այնքան, թեկուզ սաստիկ չափավորած, կարիքներին։ Ծայրահեղ աղքատությունը սպառնում է թակելու մեր դուռը... Մայրս ուզում է տունը ծախել, բայց ես չեմ թողնում, դրանից ստացած փողն էլ շուտով կհատնի (մանավանդ, որ տունն անհամեմատ պակաս են գնահատում), այնուհետև ի՞նչ պիտի անենք, ինչո՞վ պիտի վճարենք բնակարանի վարձը... Ոչ, անմտություն կլիներ հոգսերի վրա նոր հոգսեր ավելացնել։ Երևակայում եմ, թե որքան դժվար է մի տնից մյուսը տեղափոխվել, թե որքան անտանելի է տանտիրոջից միշտ անարգված լինել տան վարձը ժամանակին չվճարելու համար... Ոչ, հազարապատիկ ավելի լավ է մեռնել թեկուզ քաղցած, բայց ականջը հանգիստ՝ սեփական տան հարկի տակ։ Սեփակա՜ն տանը, սեփակա՜ն տանը... ուրիշ տեղ կյանքը կրկնապատիկ, քառապատիկ դառը կլինի։ Ես այդ զգում եմ։ Մայրս ուզում է մի որևէ գործ վերցնել։ Տեսնենք ինչ կլինի։

Քո Աննա Սարոյան
ԺԵ
Թիֆլիս, 24 օգոսստոսի 1881

Սաստիկ հուզված եմ գրում քեզ այս տողերը, սիրելի Հռիփսիմե։ Ես այժմ կատարելապես ոչնչացած եմ։ Մայրս կար էր վերցրել կարելու, ես էլ օգնում էի նրան, բայց... ոչինչ չկարողացա կարել, այսինքն ոչ թե ոչինչ չկարողացա կարել, այլ կարել չգիտեի, կարը փչացրի։ Կար բաժանող կինը տեսավ կարս և հանդիմանեց նախ մորս, որ ինձ թողել էր կարելու, հետո ինձ, որ կարը փչացրել էի։ «Ահագին աղջիկ ես և ամենահասարակ կար անգամ չգիտես, ամոթ չէ՞» — ասաց։ Ամոթ չէ՜... Այնքան ամոթ էր, որ հազար երանի կլիներ, եթե նույն րոպեին գետինը պատռվեր և կլաներ ինձ հավիտյան... Մինչև անգամ մտադրվեցի ինքնասպանություն գործել և կգործեի, աստված է վկա, կգործեի, եթե... Ամեն տեսակ դժբախտություն, ամեն տեսակ բախտի հալածանք կտանեի— և տանում եմ— բայց հասարակ կնոջ այդ հասարակ բանի համար տված հանդիմանությունը ո՛չ մի կերպ չէի տանի և չե՛մ կարող տանել։ Այդ հանդիմանությունը մտքիցս մի վայրկյան անգամ չի հեռանում, և որքան շատ եմ մտածում այդ մասին, այնքան... սիրտս անտանելի ծանրանում է... Կարծում եմ, թե ամբողջ մարդկությունն աշխարհիս ամեն ծայրերից, մինչև անգամ տան չորս պատերը, որոնցից այլևս դուրս չեմ գալիս, ծաղրելով մատնացույց են անում ինձ և ասում— տեսե՜ք, այս ահագին աղջիկը հասարակ կար անել անգամ չգիտե... Ի՜նչ մեծ համարում ունեի ինձ վրա. կարծում էի, թե բավական է, որ մի բան անել կամենամ— և վերջացած է, ամեն բան կանեմ. բայց իրողությունը, փորձը ցույց տվեց, որ ոչ թե ոչինչ չեմ կարող անել, այլև... որ ես ինքս ոչի՜նչ եմ, ոչի՜նչ, ոչի՜նչ... Եվ դեռ մի անգամ մեռած եղբորս հպարտությամբ պատասխանեցի. «Ի՜նչ, ես կաշխատեմ»... խե՜ղճ, խեղճ Աննա... Եվ եղբայրս էլ հույս ուներ ինձնից, թե կարող եմ աշխատել... Ո՜հ, որքա՜ն անտանելի է դրությունս։ Ինքս ինձնից սարսափում եմ։ Գոնե չունենայի սրտիս մեջ՝ դեռ մանկությանս հասակից սերմանված՝ հպարտությունը, այս գոռոզությունը, գոնե կարողանայի՝ տանել ինձ տված արդարացի հանդիմանությունները, գոնե սիրտս կարողանար հաշտվել ուղեղիս հետ— այն ժամանակ... Իսկ այժմ... կատարելապես իրավունք ունեմ ասելու, որ ես իսկապես թշվառ եմ... Ա՜խ, ա՜խ, անգի՛ն քույրիկ... սրտիս և ուղեղիս մեջ դժոխք կա...

Քո Ա. Ս.
ԺԸ
Թիֆլիս,10 սեպտեմբերի 1881

Սիրելի Հռիփսիմե,

Աղքատ տեղովդ ինձ քսան ռուբլի ես ուղարկել։ Ինչո՞ւ... ինչո՞ւ ես ուղարկել... և դեռ ներողություն էլ ես խնդրում, որ ուշ ես ուղարկում, որովհետև ռոճիկդ նոր ես ստացել... Բայց քեզ ո՞վ ասաց, որ ուղարկես... նպատակդ ի՞նչ էր, որ ուղարկել ես,,. Ինձ ծաղրե՞լ, ինձ հանդիմանե՞լ... Այո՞... Կարծես թե ինքս ինձ քիչ եմ ծաղրում, կարծես թե ինքս ինձ քիչ եմ հանդիմանում... Եվ գրում ես, որ շնորհակալություն չգրեմ քեզ։ Մի՞թե կարծում էիր, որ շնորհակալություն կգրեմ։ Ի՞նչ բանի համար.— որ տանջանքս կրկնապտտկեցի՞ր... որ ինքս ինձ ավելի ատել տվեցի՞ր... որ մի անգամից ցույց տվիր, թե որքան չնչին և անպե՞տք եմ ես՝ քեզ հետ համեմատած... Երբ բաց արի ծրարը, հանեցի միջից ուղարկածդ թղթադրամները և կարդացի նամակդ— արյունս գլխիս խփեց։ Կատաղությունից, ամոթից ու անզորությունից լաց եղա... Աստվա՛ծ իմ, այն ինչ արտասուք էր... Կյանքիս մեջ դեռ այնպես լաց չէի եղել, արտասուքիս յուրաքանչյուր կաթիլը, կարծես, թույն էր, որ քաղվում էր ուղղակի սրտիցս... Անգի՛ն քույրիկ, այս ի՞նչ է պատահում ինձ...

Քո Աննա Սարոյան

Հ. Գ. Նամակիս հետ ետ եմ ուղարկում ուղարկածդ քսան ռուբլին։ Անշուշտ հասկանում ես ինձ և չես նեղանալ, որ այդ փողերը չեմ ընդունում։

Ա. Ս.
ԺԹ
Թիֆլիս, 15 սեպտեմբերի 1881

Դարձյալ, դարձյալ ուղարկել ես և հետն էլ մի երկար հանդիմանություն։ Այո՛, այո՛, սիրելի Հռիփսիմե, համաձայն եմ քեզ հետ, որ ես շատ հպարտ եմ, շատ փոքրոգի և շատ հիմար, բայց... հավատա, որ ավելի մեծ բարերարություն արած կլինեիր ինձ, եթե այդ փողերը սկզբից չուղարկեիր։ Չես կարող երևակայել, թե ինչպես տանջվում եմ ես, երբ նայում եմ այդ փողերին... Այնուամենայնիվ, ընդունում եմ, բայց այն պայմանով— ուշադրություն դարձրու— այն պայմանով, որ այդ իմ պարտքս լինի և ես՝ այսօր թե էգուց, բայց մի ժամանակ՝ անպատճառ վերադարձնեմ քեզ։ Գրիր, որ այդ պայմանին համաձայն ես, ապա թե ոչ, դարձյալ ետ կուղարկեմ։ Մինչև գրելդ այդ փողերից մի կոպեկ անգամ չեմ ծախսի։

Քո Աննա Սարոյան
Ի
Թիֆլիս, 19 սեպտեմբերի 1881

Սիրելի Հռիփսիմե,

Շնորհակալ եմ։

Քո Աննա Սարոյան
ԻԱ
Թիֆլիս, 4 հոկտեմբերի 1881

Սիրելի Հռիփսիմե,

Ի՞նչ ես ուզում, որ գրեմ։ Թե ի՞նչպես եմ անցկացնում օրս։ Կզակս ափիս հենած՝ առավոտից մինչև երեկո նստած եմ լուսամուտի առաջ և եթե երբեմն պատահում է, որ մի որևէ ճանճ՝ ցրտից անզորացած՝ ման է գալիս ապակիների վրա, բռնում կամ գլուխն եմ կտրում, դեն գցում, կամ թևերն ու ոտները կտրատում ու թողնում, որ թավալգլոր գա այդպես անդամահատված, մինչև որ սատկի... Սրանից էլ լա՞վ զբաղմունք։ Ժամանակ չէ՞... թող անցնի, ուրիշ կերպ չանցնի, թող այսպես անցնի, ի՞նչ վնաս։ Վերջը խո մահ է...

Քո Ա. Ս.
ԻԲ
Թիֆլիս, 18 հոկտեմբերի 1881

Սիրելիս,

Իզուր ես ինձ երկար ու բարակ խրատներ կարդում. իզուր ես աշխատում ապացուցել ինձ, որ իմ այս խելքով, հասկացողությամբ ես չեմ կարող և չպետք է այսպես լինեմ, որ ես զոռով եմ այսպես անում և անարդարացի կերպով չարախոսում ինքս ինձ վրա։ Ես ինքս էլ այդպես եմ կարծում, բայց արի տես, որ անիծյալ իրականութլունը խելք և հասկացողություն չի պահանջում, այլ կյանքի համար պատրաստություն, իսկ հենց այդ բանն է, որ ես չունեմ, բայց թե ինչո՞ւ չունեմ— այդ ինքդ էլ շատ լավ կարող ես հասկանալ, եթե քրքրես անցյալս և դաստիարակությունս... Միանգամից համոզվիր, որ ես կյանքի համար մի կոպեկ, մի գրոշ չարժեմ։ Կրկնում եմ՝ ես անպատրաստ եմ, անպատրաստ— այս երբեք մի մոռանար։ Իսկ նոր պատրաստվել այժմ անհնարին է, ուշ է։ Ինչպես սկզբից հիմքը գցվել է, այնպես էլ պետք է գնա մինչև վերջը։ Եվ թող գնա։ Ես հրաշքներ չեմ սպասում և ոչ էլ ինքս կարող եմ հրաշքներ գործել։ Ես մի այլանդակ արարած եմ, որի բերանը հացը ծամած պիտի դնել... Որքա՜ն ատում եմ ինքս ինձ, որքա՜ն զզվում եմ ինքս ինձնից... Եթե հնար լիներ սոսկալի մեղապարտությունից խուսափելու...

Քո Աննա Սարոյան
ԻԴ
Թիֆլիս, 31 հոկտեմբերի 1881

Իմ անգին Հռիփսիմե,

Այս տողերը գրելիս արդեն թույն եմ խմել, իսկ երբ կարդալիս կլինես, անշուշտ այլևս կենդանի չեմ լինի։ Մնաս բարյավ... հավիտյան... էլ ինձ չես տեսնի։ Անիծի՛ր ինձ, բայց լաց եղիր. արտասուքդ գուցե թեթևացնի մեղապարտ հոգիս... Ի՜նչ սոսկալի բան է թույնը... Բայց կյանքն ավելի սոսկալի է, իհարկե, ինձ համար, իսկ քեզ և ուրիշների համար— ոչ։ Հա, կարծեմ արդեն ստացած պետք է լինես մի քանի օր առաջ իմ քեզ ուղարկած քսան ռուբլին, որ պարտք էի քեզ։ Ների՛ր, հպարտությունս հաղթեց։ Այս նույն հպարտությունն է, որ ինձ գերեզման է տանում։ Արդյոք կների՞ ինձ աստված, կների՞ Գրիգորի հոգին... Բայց ապրելն ինձ համար անհնարին էր։ Դարձյալ մնաս բարյավ, աննման քույրիկ. աղոթք արա մեղապարտ հոգուս համար։

Քո թշվառ Աննա