Jump to content

Անջատման ժամ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անջատման ժամ
ԱՆՋԱՏՄԱՆ ԺԱՄ

Տո՛ւր ինձ քո ձեռքը, ո՛վ կույս նազելի,
Թող վերջին անգամ սեղմեմ ես նորան
Իմ մատաղ կըրծքին, ուր անջնջելի
Դրոշմված է պատկերդ չքնաղ, կուսական։

Թող վերջին անգամ քեզ հետ միասին
Վայելեմ սիրո անհուն քաղցրություն,
Եվ ջերմ արցունքով քեզ, ընկե՛ր անգին,
Վկայեմ սըրտիս վառ մտերմություն։

Եվ սիրանվեր համբույրն անուշիկ
Թո՛ղ վերջին անգամ անջատման ժամում
Սրբազան ուխտի դըրոշմե կընիք
Մեր սիրաբորբոք մատաղ սրտերում։
1888, 15 դեկտեմբերի