Jump to content

Անջիգյար մեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

21. ԱՆՋԻԳՅԱՐ ՄԵՐ

Կըլնի չիլնի մի մարդ, մի կնիկ: Սրանք ունենում են մի տղա, մի աղջիկ. համա մերը խորթ ա ըլնում, հերը հալալ։ Խորթ մերը էս էրկու էրեխեքանցը ըսկի օր չէր տալի։

Մի հետ էլ մարդի յախեն ա կպնում.— Ա՛յ մարդ,— ասում ա,— թե ուզում ես, որ ես քու կնիկն ըլնեմ ու քեզ աչքիս լսի պես սիրեմ՝ էս քու էրեխեքանցդ ոնց ըլնի յա պտի մորթես, յա թե չէ տանես մի դհով կորցնես, որ աչքս չտենա դրանց։ Թե չէ իմաց կա՛ց, ես գլուխ վեր կունեմ, կէթամ։

Խեղճ հերը չէր իմանում ի՞նչ անի, որ ջուրն ընկնի, որ կնկա ձեռիցը պրծնի։ Ճար չկար. եդի վերջը էլի պտի նրա ասածն աներ։

Մի օր, աղին կանչում ա, ասում ա.— Արի՛ գլուխդ վեր անեմ,— ու բիրդան արծլով տալի՝ շլինքը թռցնում։ Մերը տղի միսը էփում ա ու ինքը մեն-մենակ ուտում՝ անուշ անում, մնացածն էլ քվոր հմար պահում։

Քիրը իրիկունը տուն ա գալի, մորից հաց ուզում.— Ա՛ղի, սո՛ված եմ. ըսկի ի՞նչ կա ուտելու։

Մերը թոնթորալեն ասում ա․— Մա՛հեն դուռում ուտես դու. գնա՛ հրեն սալի միջին մի քանի թիքա միս կա՝ վե կալ, կե՛։

Խեղճ քիրը գնաց, ի՜նչ տենա՝ իրա աղպոր ձեռները։ Նստեց ընդե մի կուշտ լաց էլավ. համա լաց ըլնելոն ի՛նչ պտի աներ, բանը բանից անց էր կացե։ Աղպոր ձեռները վե կալավ ու դը՜ռնե դուս։ Գժվածի նման քուչա-քուչա ընկած ման էր գալի:

Վերջը սրան մի մոլլա ռաստ էկավ. հարցրեր.— Խի՞ ես լաց ըլնում։

Քիրը նաղլ արեց, ինչ որ գլխովը անց էր կացե:

— Բա՛ն չկա, ո՛րդի,— ասեց մոլլեն,— մի լաց ըլնի. էդ ձեռները տար դի մի պատի ճղակ՝ վրեն ջուր ածա, աղպերդ էլ եդ կսաղանա։

Քիրը ըսենց էլ անում ա. վեր ա ունում տանում մի պատի ճղակում ֆորում, վրեն ջուր ածում թե չէ՝ էն սհաթը աղպերը սաղանում ա, ծիտ ըլնում՝ թռնում: Էս ծիտն ա՝ թռնում ա էթում, դուքանե դուքան ման դալի, հետը ասում.

«Ծիտիկ եմ, ծիտմիտիկ եմ,
Հոր մորթած եմ,
Մոր կերած եմ,
Աղիղ[1] քվոր լացած եմ»:

Ո՛րը մի թոփ ասեղ ա տալի, ո՛րը մի թոփ քորոց, ո՛րը մի բաղդադի աղլուխ, մախլաս, ո՛վ ինչ ուզում ա։ Ըսենց հավաքելոն թռնում ա էթում իրանց երդկի գլխին նստում, ասում ա.— Հե՛րիկ, մե՛րիկ. մի վեր մտիկ ա՞նեք:

Հենց որ հերն ու մերը դպա երդիկն են մտիկ անում թե չէ՝ տղեն ամեն մեկի աչքը մի-մի թոփ ասեղ ա ցցում, աչքները քոռացնում։

Եննա քվորն ա ձեն տալի.— Քո՛ւրիկ, քո՛ւրիկ. մի վեր մտիկ ա՞նես։

Քիրը գլուխը բանձրացնում ա թե չէ՝ մի բաղդադի աղլուխ էլ նրա գլխին ա քցում։

  1. Տպագիր տեքստում՝ անուշ, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։