Անվան կախարդանքը
Լինում է, չի լինում, մի մարդ է լինում, բայց մարդ չի լինում։ Տխուր բան ասացի, չէ՞։ Ինչ որ է։ Նրա գործերը ծուռ էին գնում էն գլխից, երբ դեռ նոր էր ծնվել։ Բա՞, վատ մարդկանց էլ է մայր լինում։ Նորածնին ուզում էին անուն տալ։ Հայրը, բեղերը սղալելով, արու զավակի հեր է դառել վերջապես, ասաց.
-Իմ տոհմի ապուպապերի մեջ մի ազրահիլ մարդ ա իլալ, անումը՝ Գեւո, մեր երեխի անումը եկեք Գեւո դնենք։
Մերն ասաց.
-Եթե ինձ էլ ա խոսք հասնում՝ Գրիգոր անունը շատ եմ սիրում։
Գյուղի տիրացուն տեսավ, որ վեճ պիտի լինի, կարճ կապեց.
-Ես թղթերում Գիքոր կգրեմ, ով կուզի Գեւո կասի, ով կուզի՝ Գրիգոր...
Քանի մեծացավ երեխան, էնքան իր անուններից հեռացավ, ոչ Գեւոն, ոչ Գիքորը, ոչ Գրիգորը վրան չեկան, չսազեցին, ոնց որ՝ թքած-կպցրած լինեին։ Տարիքի հետ ծուլությունը, փնթիությունը մի կողմից, շատակերությունն ու բերանբացությունն էլ մի թեւից վրա կոխեցին։ Հենց ընկերների մոտ էր ընկնում, թե չէ, սկսում էր փչել.
-Էս իրիկուն հորս մեքենայով բարձրացել էինք լուսին, էնտեղ մեքենան վարելն էնքան հեշտ էր։ Իսկ որ հեքիաթներում ասում են՝ երկնքից երեք խնձոր է ընկնում, սուտ է, իմ աչքով տեսել եմ, որ ոչ մի խնձորենի էլ երկնքում չկա։
Այսպես, ամեն օր՝ մի դատարկ պատմություն, մի հնարած խոսք։ Վերջապես, ընկերները հոգնելով ու ձանձրանալով նրա փչոցներից, սկսեցին հանդիմանել.
-Դեհ, սուս արա, էլի՜, բոլ եղավ, հերիք եղավ, որքան կյավ-կյավ արեցիր...
Կյավ-կյավ անել, արցախյան բարբառով, նշանակում է՝ բերանբաց լինել, հեռու ձեզանից-մեզանից, դա շան պես հաչելու նման մի բան է։ Եվ ոչ ոք էլ չիմացավ, թե ինչպես Գիքոր-Գրիգոր-Գեւոյի անունը մնաց Կյավ-կյավ Կեւի։ Ու էնպես բռնեց նրան այդ անունը, որ հազար ակցանով էլ պոկ չի գա։ Դա անուն լինելուց առաջ, պարզ է, հեգնազգեստ է, որ շատ է սազում սակայն։ Ինչ անել, ինչ չանել, Կյավ-կյավ Կեւին որոշեց թողնել հայրենի շենը, ուսումը, տեղափոխվել ուրիշ երկիր, նոր կյանք սկսել։ Դպրոցում էլ կարգին սովորող չէր, ամեն դասարանում երկու տարի մնացել էր, մեծացել-հասակով տղա էր դարձել, բայց դեռ՝ իններորդ դասարանում։ Մտադրության մասին հորն ու մորը, քույրերին ասաց, որսորդ հորից մի քիչ գումարներ պոկեց՝ նեղ օրվա համար, բռնեց օտարության ճամփան։ Բոյ էր տվել կարգին, հերը ետեւից նայեց ու արցունքներն աչքերը փակեցին.
-Ինձ է քաշել...
Տղան գնաց օխտը օր, օխտը գիշեր, էնքան գնաց, էնքան, աչքով չի տեսնվի, ոտքով չի հասնվի, լեզվով չի ասվի, մեքենայից՝ նավ, նավից՝ ինքնաթիռ, ինքնաթիռից՝ գնացք, գնացքից՝ ուղղաթիռ, մի խոսքով, հասավ մի ցուրտ, ձյունոտ երկիր։
-Էս է, որ կա,- մտածեց նա,- կդիմեմ՝ ուր պետք է, կասեմ, որ անձնագիրս կորցրել եմ, նորը կստանամ, անունս էլ կփոխեմ, հլա թե կուզեմ՝ հայրանունս էլ, ազգանունս էլ...
Մի ներքին ձայն, չգիտես որտեղից, մտածելու ժամանակ հուշեց. «Գուցե ազգությո՞ւնդ էլ փոխես»։ Կյավ-կյավ Կեւին դեմ չէր ոչ մի բանի, մենակ թե շրջապատի մեջ ծաղր ու ծանակ չլինի, այդպես կարող է ամուսնանալ էլ՝ եթե հալալ կաթնակեր գտնվի աշխարհի երեսին, մանավանդ՝ մայրը բաժանվելիս այդպես էր պատվիրել, որ խեղճ տղայի առաջ գոնե մի տաք կերակուր դնող լինի։
-Ծանոթանանք,- ասաց ձյան երկրում պատահած առաջին մարդը,- իմ անունը Կոշ է։
-Կո՞շ,- մի տեսակ այդ անունը դուր եկավ Կյավ-կյավ Կեւուն։
-Հա՛, կոշկակար Իվանն եմ, բայց կրճատ էդպես է ստացվում։
Կյավ-կյավ Կեւին չի շտապում իր անունն ասել, մանավանդ՝ մտածում է, թե ինչ անուն գտնի, որ էդ երկրի համար ընդունելի լինի։ Եվ միտք է անում, եւ շարունակում հարցեր տալ.
-Իսկ էս շենի անունն ի՞նչ է։
-Ասպ...
-Ա՞սպ...
-Ասպտուկ է, որ նշանակում է՝ ձյունի մեջ բուսած ծաղիկ, բայց Ասպ ենք ասում, որովհետեւ մեր գյուղում երկար խոսել չեն սիրում, գործի մարդիկ են բոլորը, խոսքը կարճ են կապում եւ ավելի շատ աշխատում։
Ներքին հրճվանք է ապրում Կյավ-կյավ Կեւին։ Իսկ եւ իսկ՝ իր սրտովն է, երեւում է, որ իր տիպի մարդիկ էլ կլինեն Ասպում, թեպետ ուրիշ բանի համար էր ինքը սիրում կրճատ անունը, նեղություն չի քաշի բերանը երկար բացել։ Ու միանգամից իր համար, էդ երկրի սովորույթով չափած-ձեւած, նոր անուն է հայտնաբերում։
-Սո,- հպարտ մեկնում է ձեռքը,- անունս Սողոմոն է, բայց կարճ Սո են ասում։
-Էդ հո Սողոմոն իմաստունի անունն է,- ուրախանում է Կոշը։
Սոն երկար ժամանակ սրա-նրա հետ օրերն անցկացրեց, բայց զգացնել տվին, որ պիտի ինքն էլ ուտելիքի մասին հոգա։ Հյուրը մեկ օրով կլինի, քսան օրով կլինի, ամբողջ կյանքում հո ղոնախ չի՞ լինում։
-Ուրեմն՝ էսպիսի բաներ,- մի կերպ փորձեց գլխի ընկնել Սոն։
Ինչ անի, ինչ չանի, դեհ, որսորդի տղա է, որոշեց հոր ճանապարհով գնալ։ Մի խունացած, ծխաթակ սենյակ էր «ստացել» Ասպում, տերը գել ու գազանի բաժին էր դառել իր խելքից, կրակել էր պառկած արջի վրա ու տեսել, որ չի շարժվում տեղից, սատկած էր կարծել, ուրախացած մոտ վազել... Արջն էլ բավականին ծեր էր, արդեն ծանրականջ դարձած, ձեն չէր լսել... Հենց որ որսկանը մոտեցել էր, ոտքով կպել կենդանու փորին, վերջինս վեր է ցատկել ու անկոչ հյուրին բզիկ-բզիկ արել։ Էդպես է, էդ երկրում տարին տասներկու ամիս է, թե քսաներկու, ոչ ոք չի էլ իմանում, որովհետեւ միշտ ձյուն է ու ձմեռ։ Իսկ թուլամորթների եւ գազանների հիմնական զբաղմունքներից մեկը քնելն է։ Վայն եկել է, տարել մեկին, թե հանկարծ մյուսի քունը խանգարի։ Քունը խանգարելը դեռ մի կողմ, արջին կատաղեցրել է այն հանգամանքը, որ իր մոտ հայտնված անկոչի ձեռքին զենք է տեսել։ Այս պատմության մասին Սոն իմացել է Կոշից։ Վերջինս իր պարտքն է համարել, որ դա հայտնի, որպես դաս, նոր ընկերոջը։ Ինչեւէ։ Գլուխներդ չցավացնեմ։ Մեր Սոն այդ անտեր տան մեջ, աչքից հեռու պուճախում, մի զույգ երկարաճիտ կոշիկ էր գտել, երեւի տանտիրոջ փոխնորդն է եղել՝ որսի գնալու համար, մեջտեղ հանեց, մի հրացանով փոխանակեց։ Զենքը կա, տունը կա։ Ասպում սիրուն աղջիկներ ու մարդաթող, մարդամեռ կանայք էլ կային. որի վրա աչք դրեց Սոն, համաձայնություն չստացավ։
Մեկն ասում էր.
-Չէ, քեզ կին չեմ դառնա, դու փնթի ես, չեմ հասցնի օր ու գիշեր շորերդ լվալ-արդուկել։
Մեկն ասում էր.
-Չէ, քեզ կին չեմ դառնա, դու շատակեր ես, չեմ հասցնի օր ու գիշեր կերակուրներ պատրաստել։
Մյուսն ասում էր.
-Չէ, քեզ կին չեմ դառնա, դու ծույլ ես, չեմ կարող ծույլի հետ ճամփա գնալ։
Մեկն ասում էր...
Եվ Սոն նեղվում էր։ Մի օր նույնիսկ այս ամենի մասին բողոքեց իր սրտակից Կոշին.
-Այ մարդ, էս շենացիք էլ անարդար են։ Ասում են՝ ծույլ եմ։ Բա որ ծույլ եմ, էսքան եղնիկների, թռչունների, նապաստակների որսն ո՞վ է անում։ Ասում են՝ փնթի ես։ Բա որ փնթի եմ, իմ երեսն ո՞վ է լվանում համարյա ամեն օր։ Ասում են՝ շատակեր ես... Ո՞ւմ ինչ գործն է, թե շատ եմ ուտում։ Վայրի որսի միսն է իմ կերը։ Որսն ինձնից հաց է ուզո՞ւմ, չէ, ջուր է ուզո՞ւմ, չէ՛... Ինքն իր համար ապրում է, մեծանում է, գնում, մի գնդակով գցում, բերում եմ... Էդ էլ իմ արած լավության պատասխանը. շենի բոլոր տները զարդարված են իմ սպանած կենդանիների մորթիներով...
Կոշը խղճաց, փորձեց սիրտ տալ.
-Մեզ մոտ կարգ կա, մի նեղացիր, նախ մեզ մոտ կենդանիների որսը խիստ արգելվում է, արջին ու գայլին էլ սպանում ենք էն ժամանակ, որ գալիս, գյուղին վնասում են, ապա՝ ասպտուկցիներն աշխատասեր մարդիկ են. մինչեւ որ տղամարդը սիրածին իր ձեռքով սպանած արջի մսով չի հյուրասիրում, մերժվում է։
-Լավ, թող այդպես լինի,- հույսը չկորցրեց Սոն...
Սոն, ընդհանրապես, սպանելուց հաճույք էր զգում։ Եվ՝ սուտ ասելուց։ Ասպ քաղաքի մարդիկ նույնպես նրա փչոցներին չդիմացան, տարան-բերին, կտրեցին-չափեցին, ձեւեցին-կարեցին ու... նոր անուն հայտնաբերեցին՝ Սոն դարձավ Խաբ... Լրիվ բառը՝ Խաբեբա։
Իր նոր անունը լսելուն պես Սոն սփրթնեց, դողաց։ Գոնե առաջինն այդ անունը նրան չասեր մարդամեռ Լյուբան, որին աչք էր դրել Սոն՝ որպես իր համար կնացու։ Ախր, շատ էր կարոտել մորը, ուզում էր նրա «հալալ ծծկեր» գտնելու պատվերը կատարած լինել...
Թեպետ կարճ անունները սրտովն էին, բայց Սոն իրեն տրված փափախ անունը՝ Խաբ, ընդունեց որպես իր վրա արձակված գնդակ... Էն էլ՝ մեծ գնդակ, որով միայն արջ են որսում, ոչ թե նապաստակ։ Դեհ, նապաստակի համար իսկի գնդակ էլ չեն փչացնում... Բայց կնացուն քանի որ շատ էր մնացել անմարդ եւ շեն օջախի տաք էր ուզում սիրտը, չորս պատերի մեջ մենակ ապրելուց հոգնել էր, որոշեց Ասպի ամուսնական կարգի մեջ «նորություններ» մտցնել, մանավանդ սկսել էր Խաբի հանդեպ անկեղծորեն սեր տածել։
-Քանի որ դու մեր գեղացի չես, քեզ համար զիջում կանեմ, գնա, հեռու, շատ հեռու մի անտառում անմահական խնձորենի կա, նրա պտուղներից մեկը բեր ինձ համար եւ ես քո կինը կդառնամ։
Խաբն ուրախացավ։ Այնքան որ՝ էլ չծուլացավ, տեղից վեր կացավ, փորձեց կնացուի աջը համբուրել (եթե տեսնի՝ թողնում է, թուշն էլ կհամբուրի), բայց ճամփան փակվեց։
-Չէ,- նրան տեղում գամեց Լյուբան (չի սիրում, որ իր անունը կարճ են ասում),- նման բաներ մեզ մոտ ընդունված չեն։
Լյուբայի մասին Կոշն էլ էր պատմել Խաբին, ասել էր.
-Եթե համաձայնի ու քեզ հետ ամուսնանա, լավ կլինի, բախտդ էլ կբացվի, շատ բարի ու աշխատասեր կին է, բայց, ի՞նչ արած, հին ադաթի զոհ է դառնում... Ամուսնու մահից հետո նրան ճանաչողներից ոչ մեկը գյուղում այրի մնացած կնոջ հետ ամուսնանալու իրավունք չունի...
Հաջորդ օրը, ադամամութին Խաբը վեր կացավ, ամբողջ կյանքում նա դեռ այդքան շուտ քնից չէր զարթնել, կիսատ-պռատ ձորձերը հագավ, հիշեց Լյուբայի դեմքը, ժպիտը, մի անծանոթ զգացում կրծքի տակ (սիրո՞ւմ է), ափալ-թափալ ճանապարհ ընկավ, գնաց անմահական խնձորը բերելու։ Որոշեց հեռու վայրեր մեկնել, որովհետեւ գյուղի հանդերում շատ որս է արել ու ոչ մի անգամ անմահական խնձորենու չի հանդիպել։
Խաբը գնաց օխտը օր, օխտը գիշեր, էնքան գնաց, էնքան, աչքով չի տեսնվի, ոտքով չի հասնվի, լեզվով չի ասվի, մի ճամփից՝ մի կածան, մի կածանից՝ մի բացատ, մի բացատից՝ մի ձորակ, մի ձորակից՝ մի սար, մի խոսքով՝ հասավ մի վայր, ուր ոչ ձյուն կա, ոչ ձմեռ, կանաչ հանդեր են, ծաղիկ, ծառեր, երգող ծիտիկներ, կենդանիներն էլ էնքան շատ, որ չուզես էլ՝ ոտքովդ են ընկնում։ Հրացանը թաքուն վերցրել էր, դե որսորդը կարո՞ղ է առանց զենքի քայլ անել։ Ուրախությունից սկսեց դեսուդեն, առանց նշան բռնելու կրակել։ Ամեն կրակոցից հետո ճամփան փակվում էր ընկած հավքերով, կենդանիներով, ծառերի ջարդված ճյուղերով։ Տեսավ, որ քիչ է մնացել նպատակին հասնելու համար, ասաց.
-Երկար ճամփա եմ եկել, մի քիչ քնեմ, աչքիս որդը կոտրեմ, նոր վեր կկենամ, անմահական խնձորն էլ կգտնեմ ու կգնամ, էն հուրի-փերուն կառնեմ...
Այս մտքերի վրա էլ քնեց Խաբը։ Մի կապիկ, ծառեծառ ու ճյուղեճյուղ վազելով, հասել էր այդտեղ, թառել հենց այն ծառի ջարդված ճյուղին, որի տակ քնել ու խռմփացնում էր Խաբը։ Նրա զենքը, ապա շրջապատի կոտորածները ու ավերները տեսնելով, կապիկը խիստ վախեցավ։ Այնքան, որ սարսափելուց իրեն չկարողացավ պահել, մեզը ծառից ծորաց Խաբի ուղիղ գլխին։ Իսկ վերջինս երազի մեջ էր, թվաց, թե հայրական տանն է դեռ, երեխա, մայրը ծեծելով, զոռով իրեն լողատաշտակի մեջ է դրել ու տաք ջրով լողացնում է, որ, ով գիտե, քանի շաբաթվա, ամսվա, գուցե թե՝ տարվա կեղտը լվա, մաքրի։ Քանի որ ծարավ էլ էր Խաբը, երազի մեջ թույլ էր տալիս լեզվով որսալու, իբրեւ իրենց աղբյուրաջրից, վրան լցվող տաք-տաք կաթիլները։ Բայց կապիկն ամեն ինչ հասկանալով, իրեն հավաքում է ու, առանց ձեն ու ծպտուն հանելու, վազում դեպի Առյուծ արքայի ապարանքը՝ տեսածի մասին հայտնելու։ Իսկ մինչեւ այդ ապարանքն օխտը օրվա ճանապարհ կա, կապիկը ինչքան էլ վռազի, թող հասնի չորս-հինգ օրում։ Այդ ընթացքում Խաբը կուշտ քնեց ու հեռվից եկող ինչ-որ երգից զարթնեց։ Օրը խոնավացել էր, իսկ արեւի շողերն ասես խուսափում էին Խաբից, ճամփան փակող մի տերեւ, մի ճյուղ, մի ամպի կտոր պատճառ էին գտնում ու վետվետում հեռուներում, ծաղիկներին ու սպանված հավքերի փետուրներին։ Արեւն ասես սգում էր։
Խաբն իր գլուխը դեռ չբարձրացրած՝ տեսավ կողքով անցնում են նապաստակի երկու ձագեր՝ իրար հետ անհոգ խաղալով ու, շրջապատում կատարվածից անտեղյակ, երգելով։ Սրանք ինչ իրավունք ունեն, որ քունս խանգարեցին, մտածեց նա ու մտքի մեջ հայհոյեց նապաստակներին։ Չնայած հորից եկող սովորույթ ուներ՝ մինչեւ նշան բռնելը որսը շատ դեպքերում անհետանում էր, բայց այս անգամ չծուլացավ, տեղն ու տեղը հրացանի փողն ուղղեց նապաստակների վրա։ Այդ պահին չնայած նապաստակները դեռ փոքր էին եւ խոսելը նոր էին սովորել, տեսնելով Խաբին, նրան խնդրում են.
-Մեզ մի սպանիր, էլի, քեռի... Մենք ոչ մի վատ բան չենք արել, մեզ համար խաղում ենք միայն ու երգում...
-Չէ, պիտի սպանեմ, քունս խանգարել եք, - ասում է Խաբը եւ հենց ուզում էր ձգանը քաշել...
Օրհնվի էն վախեցած կապիկը, ուրեմն՝ ժամանակին Առյուծ արքայի ականջին է հասցրել տեսածի մասին բոթը... Մի ուրիշ նապաստակ, ետեւի ոտքերի վրա կանգնած, ատրճանակը ետեւից դեմ է տալիս Խաբի ծոծրակին.
-Ձեռքերդ վե՛ր...
Խաբը ծոծրակի վրա զգալով ատրճանակի բութ ու ցավեցնող սառնությունը, երկու ձեռքերը վեր է բարձրացնում։
-Տուր ինձ հրացանը...
Խաբը հրացանը խոնարհաբար հանձնում է։
-Դեհ, բարձրացիր ու քայլիր իմ առջեից... Հենց որ փորձեցիր մի քիչ ծռվել, գանգդ ցրիվ կտամ...
Կողքից, այստեղից-այնտեղից հավաքվում են մի քանի ուրիշ նապաստակներ, աղվեսներ, արջեր, թռչուններ, գայլեր, էշեր, այլ կենդանիներ եւ ուղեկցում նրանց, հավքերը՝ թռչելով, մյուսները՝ ետեւից քայլելով, ուրախ-ուրախ, ինչպես դա լինում է մեծ կռիվների ժամանակ, երբ իրենց վրա ռումբ նետող օդաչուին վար են բերում մարդիկ...
-Ախր, ես ինչ եմ արել որ,- մի անգամ նույնիսկ փորձեց արդարանալ Խաբը,- ես ընդամենը կատակում էի։
-Բերանդ էլի բացես՝ գանգդ ցրիվ կտամ,- կարճ կապեց նապաստակը, որի անունը Բեբա է եւ, չնայած ջահել տարիքին, թոռնիկներ ունի։ «Բեբա» կենդանիների լեզվով նշանակում է՝ բարի եւ ուժեղ։
Ծույլ ու անբան Խաբին օղակի մեջ առած անտառցիները՝ Բեբայի գլխավորությամբ, գնում են, գնում՝ օխտը օր, օխտը գիշեր, էնքան են գնում, էնքան, աչքով չի տեսնվի, ոտքով չի հասնվի, լեզվով չի ասվի, մի խոսքով հասնում են Առյուծ արքայի ապարանքը։
Բոլորը զարմանում են, երբ տեսնում են, թե նապաստակ Բեբան ոնց է մենակ գերի վերցրել Խաբին։ Ասենք, ի՞նչ նապաստակ, կրծքի տակ վագրի սիրտ է։ Լինում է, չէ՞, որ դու այստեղ, սիրտդ գնում-հասնում է աստղերին, երկրե-երկիր ման է գալիս, «թափառում» այնտեղ, ուր ինքն է ուզում։ Օրինակ, աշխարհի մեծագույն մարդկանցից մեկը՝ Սարոյան պապիկը, թեկուզ ամբողջ կյանքում ապրել է օտար երկրներում, բայց նրա սիրտը մինչեւ հիմա էլ հայրենի լեռներում է... Սրտի ճամփան ո՞վ է փակում աշխարհում։ Բեբայի կրծքի տակ բուն դրած սիրտը, որ սկզբում բաբախում էր ծուլությունից թուլացած-նիհարած մի վագրի կրծքի տակ, տեսավ, որ վագր տերը անբան է, դուրս էր թռել, եկել ու տեղը փոխել շատ գործունյա, բայց վախկոտ նապաստակի սրտի հետ։ Դրանից հետո Բեբան դարձավ անվախ եւ ուժեղ, իսկ այն ծույլ վագրը՝ վախկոտ ու թույլ։ Բա՞։ Աշխարհում ամեն ինչ էլ լինում է։ Թե չէ նապաստակ Բեբայի հետ ինչու պիտի ամուսնանար վագր Դեդան, որին, բարության եւ հզորության համար, բոլորը սիրում են անտառում։ Բեբան՝ բոլորից շատ։
Առյուծ արքայի ապարանքի նման շինության կարելի է հանդիպել միայն ու միայն Հովհաննես Թումանյանի նկարագրած Ոսկե քաղաքում, ուրիշ ոչ մի տեղ, իզուր ման չգաք։ Թվում է, թե պատերը, դռները, ծածկն ու պարիսպները ադամանդակուռ են, բայց այդպես չէ, լույսից են ամբողջովին, լուսակերտ են։ Ապարանքում եւ նրա շուրջ ապրողները բոլորն էլ աշխատասեր են, բարի ու ժպտերես։ Սակայն բավականին տհաճությամբ ու անթաքույց ատելությամբ դիմավորեցին Խաբին՝ իմանալով նրա արարքների մասին։ Ապարանքի նախասրահում Խաբին օղակեցին անտառցիները։
-Ասում են՝ նշան բռնելու ժամանակ սողեսող գնում, իմ հանգն էիր անում, հա՞, ինձ ծաղրելով, - պոչով նրա երեսին այնպես խփեց Օձը, որ հետքը մնաց Խաբի թշերի վրա։
-Սպասեք,- տնտղելով նորեկին, մոտ եկավ ու մի աքացի տվեց Էշը,- ոնց որ մեր գեղացի Կյավ-կյավ Կեւին է,- հերն էլ մի մարդ չէ, էլի որսորդ է։ Ինձ էնքան էին բեռնում, իրենք էլ նստում բեռան վրա։
Վագր Դեդան քաշում է Խաբի ականջներից, ինչքան քաշում է, Խաբի ականջներն էնքան երկարում են.
-Ազգակիցներդ փոխանակ սրանցից տրեխներ գործեն իրենց համար, անտառցիների կաշին են քերթում։
Որտեղից որտեղ Չարդը թռավ, թառեց Խաբի գլխին, բոլորից աննկատ ծրտեց ու կտուցով մի երկու մազ պոկեց Խաբի ունքերից ու ծոծրակից։ Իսկ Խաբը ցավից մրթմրթում ու վերուվեր էր ցատկոտում։
-Հանդերում թռչնի բույն չէր թողնում երեխա ժամանակ, քանդում էր, ձագերն ու ձվերը ցիր ու ցան անում,- ասում է Չարդը։
Խաբն ուզում էր արդարանալ էլի, բայց լեզուն պապանձվել էր վախից, բառերի փոխարեն բերանից ինչ-որ փնթփնթոցներ էին դուրս գալիս։
Արջը մոտենում է ու թաթով մի տաք ապտակ թողնում Խաբի փափուկ ետնամասում՝ նրա հետույքի չափով շալվարալաթի մի կտոր վերցնելով սուր ճանկերի մեջ։ Սակայն Աղվեսի խոսքը բոլոր հարվածներից սուր էր.
-Ինչ Կյավ-կյավ Կյեւի, ինչ բան, դրան ես եմ ճանաչում, Ասպ քաղաքից է, անունն էլ՝ Խաբ։ Ում տունը մտնես այդ շենում, չորս կողմի վրա անտառցիներիս մորթիներն են։ Մի օր ես տեսել եմ ու մորթիներից ճանաչել մեր Զուռնաչի Այծին, Գրիչ Աղվեսին, կոշկակար Գայլին, հացթուխ Պախրային, հերոսուհի մայր Վագրուհուն... Աղվեսներիս մորթիները թանկարժեք զարդեր են դարձել կանանց ու աղջիկների պարանոցներին։ Փոստատար Կրիայի զրահն էլ հանել, թարս դրել, մեջը արաղ էին լցրել։ Մահ Խաբին...
Չորս կողմից բոլորը ճչում էին.
-Մա՛հ Խաբին, մա՛հ Խաբին, մա՛հ, մա՛հ...
Եվ ոչ ոք չգիտե, թե բանն ինչով կավարտվեր, թե այդ պահին երկրորդ հարկի շքամուտքից չհնչեր խորհրդականներով շրջապատված Առյուծ արքայի ձենը.
-Սպասեցեք...
-Զգաստ, դատարանն է գալիս,- ճչում է Աղվեսը։
Տեսնելով Խաբի ծեծկռտված տեսքը, Առյուծ արքան խոսքն ուղղում է յուրայիններին.
-Այդպես էլ պետք է, լավ եք անում, որ մարդավարի եք վարվում այդ մարդու հետ։ Արժանի է։ Բայց ամեն ինչ՝ օրենքով։ Մարդաորսության արգելման միամսյակը դեռ չի ավարտվել։
Արքան նախ բոլորի ներկայությամբ շնորհավորագիր ու շքանշան հանձնեց Բեբային՝ ցուցաբերած խիզախության համար, ապա գործի անցավ։
Լսելով Առյուծ արքայի ձենը, մարդաորսության մասին խոսքը, Խաբը վախից թուլացավ, ծնկները ծալվեցին, բայց մի կերպ հավաքեց ուժերը, որ հայացքը վեր բարձրացնի ու տեսնի խոսողին։ Հազիվ էր դեմքը բարձրացրել, որ աչքովն ընկավ սրահի կենտրոնական մասում տեղադրված մի մեծադիր նկար։ Այն իրեն ծանոթ թվաց, փորձեց հիշել. դպրոցական դասագրքում, որի էջերը պատռում էր ու, որսի գնալիս, դրանց մեջ պանիր, հաց ու հավի միս էր փաթաթում, տեսել էր այդ ժպտուն ու բարի դեմքը։ Որսալով Խաբի աչքերը, Առյուծ արքան հարցրեց.
-Ճանաչո՞ւմ ես նրան։
-Ծանոթ է,- կմկմաց։
-Բա դու դաս ես սովորե՞լ, որ հիշես։ Նա մեծ, շատ մեծ գրող է, կարդա, դեհ, տես նկարի տակ ինչ է գրված։
Խաբը փորձեց կիսատ-պռատ սովորած տառերը ի մի բերել, բայց չստացվեց։ Գրված էր անտառցիների լեզվով։ Առյուծը հրամայեց, որ Աղվեսը կարդա։ Վերջինս ոգեւորությամբ կատարեց հրամանը.
-Նա էլ մեզ նման շունչ-կենդանի ա...
-Տեսնո՞ւմ ես,- շարունակեց Առյուծ արքան,- մենակ էդ մեծ մարդն է հասկացել, որ բոլորս էլ Աստծո ստեղծած շունչ-կենդանիներն ենք։ Նա մեր բարեկամն է։ Արգելում էր, որ մարդիկ կենդանիներին կոտորեն։
-Մի նապաստակ տեղից խոսք է խնդրում.
-Կարելի՞ է, Առյուծ արքա։
-Կարելի է։
Նապաստակը, իրավունք ստանալով, ի ականջ բոլորի, դիմում է Խաբին.
-Մենք՝ անտառցիներս, մարդկանց չենք սպանում, նրանց միսը չենք ուտում... Բայց դուք մեզ կոտորում եք, մեր միսը ուտում եք, հետո էլ մեզ գազան անվանում... Հիմա ասա՝ տեսնեմ, գազանը դուք եք, թե՞... անտառցիներս։
Այդ պահին սանիտար Չախկալը քիթը վեր քաշեց, թե կաշվի հոտ է գալիս։ Բոլորը սկսեցին հոտոտել օդը։ Չախկալը մոտեցավ Խաբին, հոտոտեց նրա երկարաճիտ կոշիկները։
-Որ ասո՞ւմ եմ... Եկեք, դուք էլ մոտիկից հոտ քաշեք, Հեքիմ Գայլի հոտն է գալիս կոշիկների կաշվից,- խոսքն ավարտեց Չախկալն ու մագիլներով ճանկռեց Խաբի ոտքը։
Ծերացած Խոյը եկավ ուշացած, Առյուծ արքայից թողություն խնդրեց (Առյուծը ասաց՝ Խոյին անհերթ կարելի է, նա մեր մեջ ամենաավագն է) ու գլխով մի լավ զարկեց Խաբի ճակատին.
-Շորերիդ մեջ իմ ցեղի գզված բուրդն է բուրում...
Խաբն ընկավ։ Ջուր ցանեցին, ուշքը տեղը բերին իբրեւ։ «Դատը» շարունակվեց երկար, վերջապես հնչեց Առյուծ արքայի վերջնավճիռը.
-Նետել մահապարտների խուցը, մինչեւ մարդաորսարգելության ժամկետի վերջը։ Հետո մի բան կանենք, ըստ Անտառստանի սահմանադրության։
Բանտապետ փղիկը եւ Անհայտ կորածների կենդանիների միության նախագահ Ձիուկը եկան, մեկը կնճիթով, մյուսն ատամներով բռնեցին Խաբի ոտքերից ու գլխիվայր քարշ տալով, տարան։ Խաբին լավ «դաս» տալուց հետո մենախուց էին տանում, համարյա հանգած էր՝ այնքան էին ծեծել, բայց եւ այնպես, փախչելու թաքուն հույս էր պահում ու չորս կողմը լավ տնտղում էր, թեկուզ իրեն քարշ տալով էին տանում։ Տեսավ, որ ամբողջ ապարանքի լույսերը սեւ պաստառների մեջ էին առնվել։ Աչքի առաջ բերեց իր կատարած սպանդը, ապա մտքում կրկնեց վայրի աղավնիներից մեկի խոսքը, երբ իրեն «դատում» էին.
-Դրան մի սպանեք, թողեք ապրի, որ խիղճն իրեն տանջի...
Խաբի ուղեղում ասես մի պահ շողաց ուսուցիչներից մեկի խոսքը.
-Կենդանիների մեջ էլ, անշուշտ, լավ մարդիկ են լինում, մարդկանց մեջ՝ վատ կենդանիներ... Բոլորս շունչ-կենդանի ենք...
Բայց իր շունչն արդեն կտրվում էր։ Հենց որ մենախցի դուռը իր վրա կողպեցին, ընկավ գետնին ու մրափ մտավ։ Դա, իհարկե, մեռնել չէր, այլ դրա նման մի բան։ Խաբը յոթանասունից ավելի շունչ-կենդանի էր ոչնչացրել։ Նրան հասնում էր մահապատիժ, որը անտառցիների օրենքով չի արգելվում։
Խաբին թողնենք իր մրափի մեջ, դառնանք նրա կնացուին։ Վերջինս, ամենքից թաքուն, շատ ոսկի էր պահում։ Վաղամեռ ամուսինը մի պախրա էր ժամանակին որսացել, որի եղջյուրները ոսկուց էին, կախարդական։ Իր մեղքի համար որսորդը շունչը փչեց, մեռավ։ Այդ ոսկին մեջտեղ հանեց Լյուբան, ինքն իրեն ասաց.
-Ոսկին ինձ համար հո տան տղամարդ չի՞ դառնալու, ծախեմ, աշխարհով մեկ հայտարարեմ՝ ով գտնի Խաբին, բերի, կենդանի-կենդանի հասցնի ինձ, նրան էլ կտամ Ոսկե եղջյուրը։
-Բայց Խաբից ի՞նչ տան տղամարդ,- Լյուբայի մեջ խոսեց մի ներքին ձայն։
-Ոչինչ, բոյով-բուսաթով տղա է։ Տան հոգսի տակ կմտնի, կդաստիարակեմ, մարդ կդարձնեմ, աշխարհում անկարելի ոչինչ չկա։ Երկաթից էլ են մարդ սարքում,- ինքն իրեն հուսադրեց Լյուբան։
Լուրը հասավ Առյուծ արքայի ապարանքը. «Բա չե՞ս ասի՝ Խաբին ով կենդանի-կենդանի հասցնի Ասպ քաղաք, Ոսկե եղջյուրը կստանա»։
Առյուծը լսելուն պես մռնչաց։ Ոսկե եղջյուրը անտառցիների թագ ու պսակը հանդիսացող Պախրայի գլխին էր։ Վերջինս անհետացել էր մի քանի տարի առաջ։ Առյուծ արքան որոշեց՝ Խաբին տեղ հասցնել։ Բայց ինչպե՞ս։ Կենդանիները սակայն դեմ կանգնեցին.
-Չէ, Խաբին գնդակահարել է պետք...
-Նա ապրելու իրավունք չունի...
-Նա իր շնչով կեղտոտում է Անտառստանի օդը...
-Նա բոլոր շունչ-կենդանիների թշնամին է։
-Փնթի է...
-Խաբեբա է...
-Ոչնչացնում է կենդանիների սուրբ ցեղը։
-Իսկ ինչո՞ւ չեք ասում, որ դավաճան էլ է,- բողոքում է խոնարհ Էշը, որին որպես լրտես՝ իբրեւ բանտարկյալի, պահում էին Խաբի խցում,- ամեն օր ընկերներից բողոքում է, անամոթ բաներ ասում, սրան-նրան ծախում...
Բայց ինչ էլ լինի՝ վերջին խոսքը Առյուծ արքայինն է, իսկ նա շատ էր ուզում, որ Անտառստանի գեղեցկությունը՝ Ոսկե եղջյուրը, ետ ստանա։ Միայն Առյուծ արքան եւ խորհրդական Աղավնին գիտեին, որ այդ Ոսկե Եղջյուրը կախարդական է։ Ուստի, Առյուծ արքան մի նամակ գրեց Խաբի կնացուին, ուղարկեց աղավնափոստով. «Ձեր մարդացուն կենդանի է, սպասեք մեր խոսքին»։ Այսքանը։ Լուր տալուց հետո Առյուծ արքան հանձնարարում է Ձենով Արջին ու Ականջ Նապաստակին, որ զրույց ունենան Ասպ շենում ապրող Խաբի կնացուի հետ։ Ձենով Արջը կանգնում է բարձր լեռան վրա ու կանչում.
-Խաբի կնացուն ո՞վ ա՜... Ժողովուրդ, Խաբի կնացուն ո՞վ ա՜... Թող ձեն հանի։
Ասպ շենը Ձենով Արջի օխտը սար ու ձորով անցնող ձայնից դղրդում էր։ Կնացուն կանգնում է կտուրի վրա, կանչում.
-Ես եմ, ես եմ Խաբի կնացուն...
Ականջ Նապաստակը օխտը սարի, օխտը ձորի հեռվից էլ ամենափոքրիկ շշուկն անգամ լսում է։ Ականջը շենի կողմն է պահում ու թե.
-Արջ ախպեր, ասա՛ խոսքդ, Խաբի կնացուն լսում է։
Մի խոսքով, չերկարացնեմ, Ձենով Արջը պայմանավորվում է Խաբի կնացուի հետ, որ օխտը օր հետո շենի սահմանի վրա Առյուծ արքայի խորհրդական Աղավնին ու Խաբի կնացուն հանդիպեն, Ոսկե եղջյուրի ու Խաբի փոխանակման մասին համաձայնության գան։ Մի պայմանով, որ Խաբի կնացուն իր հետ վերցնի Ոսկե եղջյուրը, ցույց տալու-համոզելու համար, որ դա հենց այն Ոսկե եղջյուրն է, որ փնտրում են անտառցիները։ Համաձայնություն են կնքում, գալիս, այդ ամենի մասին պատմում Առյուծ արքային։
Պայմանը չեն խախտում ոչ Առյուծ արքան, ոչ էլ Խաբի կնացուն, որ սիրուն, սիրուն, աշխատասեր ու տանջված մի հոգի էր, անսահման բարի։ Հանդիպման վայր է մեկնում Աղավնին։ Նստում է մի ծառի վրա, սպասում։ Շատ է սպասում, քիչ է սպասում, մեկ էլ է տեսնում երկինքը ոսկու շողերով պատել է, թվում է՝ մի արեւ էլ է ծագում արեւի կողքից, բայց չէ, դա այդպես չէ, պարզապես Խաբի կնացուն էր մոտենում՝ Ոսկե եղջյուրը ձեռքին։ Աղավնին հենց տեսնում է Խաբի կնացուին, թե չէ, մտածում է.
-Սա այսքան սիրուն, բարի, խոսքի տեր, ոնց է պատահել, որ ուզում է Խաբի պես փնթի-մնթի, ծույլ ու թույլ, ափալ-թափալ մարդու հետ ամուսնանա...
-Բարի աջողում,- Աղավնուն տեսնելով, ասում է Լյուբան։
-Աստծու բարին։
-Ահա եւ ես, սա էլ,- ցույց է տալիս,- Ոսկե եղջյուրը...
Աղավնին իսկույն ճանաչում է Ոսկե եղջյուրը։ Դեհ, ի՞նչ, Պախրան վաղուց չկա, գոնե Ոսկե եղջյուրը կմնա Անտառստանին։ Աղավնին իր փետուրներից մեկը պոկում է ու ցած նետում։ Փետուրը ադամանդափայլ է, լույս է արձակում։
-Սա ի՞նչ է,- վախեցած վրա է բերում Լյուբան։
Հենց որ փետուրը դիպչում է Ոսկե եղջյուրին, վերջինս թեւ է առնում, թռչում Աղավնու մոտ։
-Այս ի՞նչ արեցիր,- ճչում է Լյուբան,- ինձ խաբեցիք։
-Չէ՛, չենք խաբել,- հավատացնում է նրան Աղավնին,- փետուրս, որ վերցրել ես, կախարդական է, եթե սեղմես այն ձեռքիդ մեջ, ես իսկույն կհայտնվեմ քո կողքին, իսկ եթե չուզենամ գալ, կվառես փետուրը եւ ես կկորցնեմ իմ թռչելու կարողությունը։
-Աղավնին ճիշտ է ասում,- լեզու առավ Փետուրը,- հավատա եւ սպասիր մի օր եւս...
Լյուբան Փետուրը ծոցում պահած, տուն է գալիս, Աղավնին էլ Ոսկե եղջյուրը տանում է Առյուծ արքային։ Առյուծ արքան համբուրում է Ոսկե եղջյուրը եւ կախարդանքը, որ քանի տարի կապանքի տակ էր, իսկույն բացվում է։ Ապարանքի սեւ սուգը անհետանում է, Անտառստանի բոլոր սպանված կենդանիները շունչ են առնում նորից, կյանքով լցվում է Անտառստանը։ Իսկ թռչող Ձիուկին հանձնարարում է Առյուծ արքան, որ թեւերի վրա Խաբին մի ժամում տանի-հասցնի Լյուբային։ Աղավնին էլ կուղեկցի։
Աղավնին եւ Ձիուկը թռչում են բարձր, շատ բարձր։ Երկինքը կապույտ-կապույտ էր։ Անսահման մաքրության մեջ միայն մի օդապարիկ երեւաց, որի մեջ նամակ կար։ Նամակը հասցեագրված էր Աստծուն. «Սիրելի Աստված, բարեւ։ Ես այս տարի դպրոց կգնամ, արդեն գրել-կարդալը մի քիչ սովորել եմ, ուզում եմ, որ գերազանցիկ դառնամ։ Քո մասին լսել եմ իմ տատիկից, միշտ, երբ օգնում եմ իրեն եւ խնամում տիկնիկիս ու կենդանիներին, տատիկս ասում է՝ Աստված պահի քեզ։ Ես արդեն գիտեմ, դու ապրում ես շատ բարձրում, որ աշխարհքիս երեսին ինչքան շունչ-կենդանի կա, բոլորին տեսնես ու տիրություն անես։ Ինձ եւ իմ եղբայրներին՝ Նարեկին, Տիգրանին ու Սարգիսին, նույնպես լավ կպահես։ Մենք աշխատասեր ենք եւ հավատում ենք Քեզ։ Մենք փնթիություն, ծուլություն չենք անում, սուտ չենք խոսում, մեծերին հարգում ենք։ Մայրիկիս, հայրիկիս, տատիկիս, պապիկիս, տիկնիկիս, փոքրիկ թռչնիկներիս ու այծիկիս քաղցր աչքով նայիր։ Մենք միշտ աղոթում ենք եւ մոմ վառում։ Քեզ շատ, շատ սիրող՝ միշտ քո Հարութիկ։»
Խաբը տեսնելով օդապարիկը, կարդաց նամակը եւ փորձեց օդապարիկը պայթեցնել, նրան դուր չէր եկել երեխաների խնդրանքը, մանավանդ՝ կենդանիների մասին։ Աղավնին ու Ձիուկը նկատելով դա, օդապարիկից հեռացան եւ, ճիշտն ասած, մտքում էլ զայրացան այն բանի համար, որ Խաբը քիթը խոթում է ամեն տեղ, ուրիշին հասցեագրված նամակը կարդում է։ Այս ամենը հոգնեցրին թռչող Ձիուկին ու Աղավնուն։
-Ի՞նչ կլինի, մի բլրի իջնենք, մի քիչ հանգստանանք, շատ ենք հոգնել,-խնդրեցին Ձիուկը եւ Աղավնին։
-Ձեզ չեն ասե՞լ, որ ինձ մի ժամում տեղ հասցնեք...
Եթե Խաբը կարգին մարդ լիներ, ծանր բեռ չէր լինի Ձիուկի համար, Աղավնու թեւերն էլ չէին հոգնի։
Ձիուկն ու Աղավնին տեսնելով, որ չի ուղղվում Խաբը, մտածեցին՝ ինչ անեն, ինչ չանեն եւ որոշեցին հանկարծ դիմել կախարդանքի։ Այդպես էլ անում են։ Երկնքի ամենաբարձր կետից նետում են Խաբին այնպես, որ նրա մարմնից՝ քանի դեռ չի հասել գետնին ու չի ջախջախվել, դուրս է գալիս Հոգին։ Աղավնին եւ Ձիուկը այդ Հոգու հետ թռչում են դեպի Մաքրության ավազանը։ Այստեղ Խաբի Հոգին ջուրն է մտնում, լողանում սուրբ ջրում, իր բոլոր վատ գծերից ու սովորույթներից մաքրվում, դառնում Սպիտակ աղավնի։ Եվ թռչող Ձիուկն ու երկու աղավնիները թռչում են միասին դեպի Ասպ շենի սահմանը։ Էն էլ ասեմ, որ բարձրով թռչելիս Սպիտակ աղավնին երկնքում աճող հեքիաթի խնձորներից մեկը պոկում է ծառից.
-Կտանեմ կնվիրեմ Լյուբային։
Հենց որ երկու աղավնիները եւ թռչող Ձիուկը երեւում են հեռվից, Լյուբան ուրախացած կանչում է.
-Ժողովուրդ, ավետիք... Ավետիք, բարի լուր... Եկան...
Որպես պատասխան Լյուբայի ուրախությանը, թռչող Ձիուկը այնպես է խրխնջում, որ նրա ձայնին արձագանքում են երկինք ու երկիր։
Սահմանին են հասնում թե չէ, Սպիտակ աղավնին իսկույն դառնում է մի սիրուն ու քաջ տղա, կանգնում Լյուբայի մոտ.
-Լյուբա, սիրելիս։
-Բա ո՞ւր է իմ սիրածը,- հառաչում է Լյուբան։
-Ես եմ, չե՞ս ճանաչում... Ուղղակի փոխվել եմ։
-Այդ դո՞ւ ես,- աչքերն ուրախության արցունքներով լցված նրան է նայում Լյուբան,- այնքան ես փոխվել...
-Երբ երեւացի ես, Լյուբա, դու կանչում էիր՝ ժողովուրդ, ավետիք... Անունս թող լինի Ավետիք... Այս կախարդական խնձորն էլ վերցրու, քեզ համար եմ բերել...
-Հրաշալի է, Ավետիք...,- ու գրկախառնվում են։
-Բա Փետուրն ո՞ւր է,- հիշեցնում է Աղավնին։
-Վա՜հ, ուրախությունից տես ոնց եմ մոռացել, բերել եմ, ահա, վերցրու,- ու ծոցից խնամքով հանում է Փետուրը, որն էլ, Աղավնու հայացքի տակ, իսկույն լույս է դառնում ու թռչում, բարձրանում երկինք, որ իրենով էլ ավելացնի Ասպտուկի վրա շողշողացող աստղերի թիվը։
Ավետիքը եւ Լյուբան նայում են երկնքի կողմը այնքան, մինչեւ Աղավնին ու թեւավոր Ձիուկը կորչում են տիեզերքի հեռու-հեռու կապույտներում։
Ավետիքը շինարար է դառնում։ Վարպետ Ավետիքը (բոլորն այսպես են անվանում նրան) եւ բուժքույր Լյուբան ապրում են սիրով, աշխատում։ Այդպես է, սերն ու սիրտը, աշխատասիրությունը որտեղ լինեն, այնտեղ էլ կլինեն եւ կյանք, եւ բարություն, եւ առատություն, եւ ամեն ինչ... Անտառստանում էլ քեֆի գինին հորդում է առատ սեղանների վրա։ Անտառստանն ու Ասպտուկը բարեկամանում են։ Իսկ ինչ մնում է երկնքից դեպի սանդարամետի խորքերը գլորված Խաբի մարմնին, նա դեռ օդում է։ Գնում է, գնում, օխտը օր, օխտը գիշեր, էնքան է գնում, էնքան, որ աչքով չի տեսնվի, ոտքով չի հասնվի, լեզվով չի ասվի, մի խոսքով՝ դեռ մինչեւ օրս գնում է։
Երկնքից երեք խնձոր է ընկնում, մեկը՝ կարդացողին, մեկը լսողին, մեկն էլ... Չէ, երեխաներ, հեքիաթ պատմողն իր բաժին խնձորը տալիս է նրան, ով երկնքում աճող խնձորենու արմատին սիրո եւ բարության թեկուզ մի կաթիլ կցողի։