Jump to content

Անվերնագիր (Իմ մահվան օրը կիջնի լռություն)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անվերնագիր

Անվերնագիր


Կնոջս և բարեկամիս՝ Իզաբելլային

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,

Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ,
Բարեկամուհու նման տխրատեսք։
Լուրը կշրջի փողոցները նախ,
Ապա կմտնի դուռ-դարպասից ներս...

Ստվերի նման, տնից-տուն,
Կկանգնի հյուրի պես մռայլ,
Կկանգնի, ինչպես լռություն՝
Տարածված ամբողջ քաղաքի վրա։
Եվ համր մի պահ՝ գիշերվա կեսին,
Բոլորի սրտում կկանգնի հանկարծ
Անհաղորդ, ինչպես հեռավոր լուսին,
Իմ դեմքը՝ արդեն հավիտյան հանգած։
Եվ մարդիկ՝ երեկ կյանքիս անծանոթ,
Եվ երբեք, երբեք դեմքս չտեսած,
Եվ մարդիկ՝ միայն երբեմն ինձնով
Իրենց ֆանտաստիկ առասպելն հյուսած,
Եվ մարդիկ՝ անգամ երգերիս անգետ,
Մարդիկ, որ թեև կյանքիս արձագանք՝
Մնացել են լոկ վկա անտարբեր
Եվ կարծել են, թե ես վաղո՜ւց չկամ,—
Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,
Որպես ընդհանուր աղետից սարսած՝
Զարմացած կզգան ինձ այնքա՜ն մոտիկ
Եվ հանկարծ այնքա՜ն թանկ ու հարազատ...
Եվ երկրում, ինչպես բարձրանա փոշի,
Եվ հոգիներում, ինչպես հուշ հառնի,—
Ելնելով անցած օրերիս նաշից,
Իմ ուրվականը պիտի սավառնի։
Եվ քաղաքներում, և գյուղերում խուլ,
Անցորդներն՝ իրար անծանոթ անգամ,
Աչքերում իրար և հայացքներում
Պիտի միևնույն թախիծը կարդան...
Եվ դեմքով տխուր և լուռ աչքերով
Պիտի միևնույն սուգը հաղորդեն,
Երգերիս հանդեպ անսահմա՜ն ներող,
Մոռացած բոլոր հանցանքներս արդեն...
Կբանան ոմանք իմ գիրքը գուցե,
Կթերթեն դանդաղ, կկարդան տողեր,
Տարտամ շարժումով գիրքը կգոցեն,
Եվ թախիծը խոր հուշս կողողե։
Եվ գուցե միայն սենյակում մի խուլ,
Գլուխը թեքած պատկերիս վրա՝
Կնայի մի կին աչքերիս տխուր,
Եվ կարցունքոտվեն աչքերը նրա։ —
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Եվ ինչպես կյանքում՝ տարինե՜ր առաջ,
Հուշերում հանկարծ անցյալը բուրի,
Երազանքներում գուցե իմ անցած
Եվ արդ իմ հառնած գրքում հուշերի...
Այն, որ ե՛ս էի, որ ի՛մն էր առաջ,
Արդեն չի հառնի և ոչ մի գրքում
Եվ ո՛չ մի գրքում՝ աշխարհում գրած,
Եվ ո՛չ մի գրքում, և ո՛չ մի գրքում...