Jump to content

Անվերջ մաքառումն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անվերջ մաքառումն
ԱՆՎԵՐՋ ՄԱՔԱՌՈԻՄՆ

Հո՛գ չէ. թե նորից կյանքդ չարաչար
Մեզ խաբեց, եղբա՜յր... Եվ այսօր մեր շուրջ
Նորից տիրել է սըրտամաշ խավար,
Չե՜ն շողում էլ մեզ ո՛չ հույս, ո՛չ անուրջ...

Եվ խավար հեռուն աչքներըս հառած,
Անսեղան հյուր ենք կյանքի խընջույքում.
Մեր գարունն — անվա՜րդ, մեր լույսը — մարա՜ծ,
Թույն է ծովացել մեր տանջված կըրծքում…

Մենք օրորոցից ուսանք մաքառել,
Կըռվի մեջ անցավ բովանդակ մեր կյանք,
Կըռվե՛նք աննահանջ, քանի չենք մեռել —
Կըռվում է և՛ մահ, կըռվում — և՛ փրկանք…