Jump to content

Անտառի արքա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Թարգմանությունը՝ Նար-Դոսի

Անտառի արքա


ԱՆՏԱՌԻ ԱՐՔԱ

(Գյոթե)

Ո՞վ է արշավում, ընթանում ցրտաշունչ մառախուղի տակ.
Այդ ձիավորն է հապաղած և յուր զավակը պատանյակ.
Ամբողջ մարմնովը դողալով կպել է հորը պատանին,
Գրկած ունենալով պահում է և տաքացնում նրան ծերունին։
«Զավա՛կս, ինչո՞ւ դու այդպես խիստ կպել ես ինձ երկյուղած»։
— Հա՛յր իմ ծնող, անտառի Արքան աչքերիս առաջ շողշողաց,

Նա մթնագույն, սև թագ ունի և շատ խիտ է մորուքը նրա։
— Օ՜ ոչ, այդ միայն մեկն է սպիտակին տալիս ջրի վրա։
«Մանուկ դու, մանո՛ւկ, ետ նայիր. ե՛կ, շտապի՛ր դեպ ինձ, պատանի՛,
Այստեղ — իմ սիրուն կողմերում շատ բան կա ուրախ, ցնծալի
Ջրի հոսանքներ մարգարտյա և փիրուզային ծաղիկներ,
Եվ զուտ ոսկիից են ձուլված իմ շքեղաշուք պալատներ»։
— Հա՛յր իմ ծնող, անտառի Արքան, չե՞ս լսում, ինձ հետ է խոսում.
Նա ուրախություն, մարգարիտ և ոսկիներ է խոստանում։
— Օ՜ ոչ, սիրուն իմ պատանյակ, այդպես է միայն քեզ թվացել,
Այդ քամին փչել սկսեց և խշխշացրեց տերևներ։
«Ե՛կ, ե՛կ ինձ մոտ, ի՛մ պատանյակ. իմ թավ անտառում հիասքանչ
Կըտեսնես ու կըճանաչես գեղեցկահրաշ իմ աղջկանց.
Պայծառ լուսնի շողերի տակ նրանք կըխաղան, կթռչեն
Եվ խաղալով ու թռչելով քեզ քաղցրիկ նինջ կըպատճառեն»։
— Հա՛յր իմ ծնող, անտառի Արքան կանչեց այժմ յուր աղջկան․
Ահա՛, մութ ճյուղերից նրանք գլուխ են տալիս ինձ սրտանց։
— Օ՜ ո՛չ, ամեն ինչ խաղաղ է.— և լուռ գիշերային խորքում,
Այդ միայն ալևոր ծառերն են, որ ցից կանգնած են մի կողմում։
«Մանո՛ւկ, ո՜հ, քո գեղեցկությամբ դու գրավեցիր իմ հոգիս,
Եվ ակամայից, թե կամավ, բայց դու արդ իմ կըլինիս»։
— Հա՜յր իմ ծնող, անտառի Արքան, տե՛ս, մեզ հասնել է աշխատում.
Ո՜հ, ահա նա. ես խեղդվում եմ, հա՜յր, հա՜յր, ես հազիվ եմ շնչում։
— Ծեր ձիավորը վախեցած՝ չէ արշավում, այլ թռչում է.
Պատանյակը վշտագնում է, պատանյակը խիստ կանչում է.
Ծեր ձիավորը քշում է, ծեր ձիավորը տեղ հասավ —
Բայց յուր ձեռքերում պատանու միայն պաղ դիակը նա տեսավ։

29 դեկտեմբ. 1885.