Անտառում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Պապիս հետ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ՝ Անտառում

Վարդան Հակոբյան

Շանթահար կաղնին
ԱՆՏԱՌՈՒՄ


(Լեգենդ)

Առյուծն ամեն օր
Անտառ էր մտնում,
Կորյունի համար
Միշտ մի որս գտնում։
Իսկ այդ անտառում,
Գետակի մոտ խենթ,
Եղնիկն էր ապրում
Փոքրիկ ձագի հետ։
Եվ բույնը նրա
Թփերը ծածկում
ՈՒ պահում էին
Առյուծից թաքուն։
Բայց երբ որսի էր
Առյուծը գնում,
ՈՒ մայր եղնիկը
Բնում չէր լինում,
Կորյունը գալիս՝
Թաքուն, վախեվախ,
Փոքրիկ ձագի հետ
Խաղում էր ուրախ։
Բայց մի օր, ավաղ,
Երբ կյանքը խաղաղ,
Պարզ ու մեղմօրոր
Հեքիաթ էր պատմում
Ձայնով առվակի՝
Առյուծը գտնում
Բույնը եղնիկի,
Որսում է անմեղ
Ձագուկին նրա
Եվ որջը բերում
Կորյունի համար։
Կորյունը տեսնում
Ու ճանաչում է,
Կորյունը լալիս
ՈՒ մռնչում է.
Զայրացած իր մոր,
Աշխարհի վրա՝
Լիզում է արնոտ
Վերքերը նրա...
Կորյունի վառվող
Աչքերից հոսում,
Զայրույթն առյուծի
Սիրտն էր ակոսում։
. . . . . . . . . . . . . . . .
Ասում են, իբր,
Շատերն են ասում,
Առյուծն այն օրից
Եղնիկ չի որսում։