Jump to content

Անտեր շիրիմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Անտեր շիրիմ


Այն օրից ահա՛ ըստ իրենց կարգին
Տարիք անընդհատ անում են շրջան,
Սակայն մինչ այժմ ոչոք բնավին
Գեթ միայն մի անգամ այց չեկավ նորան:

Ոչ ոք մի կաթիլ, մի կաթիլ արցունք
Չըթափեց նորա սառը հողի վրա,
Եվ ո՞ւմ ի՜նչ հոգն է, թե որքան անձուկ
Օրեր նա քաշեց բախտիցը դժնյա։

Մի բլուր միայն այն շիրմի վերա
Երբեմն անցորդի ուշքն է գրավում,
Բայց նորա վերա ոչինչ խաչ չըկա
Եվ անցորդ նորից առաջ է քայլում։

Դարձյալ շատ տարիք կընթանան, կանցնին,
Սիրուն գարուններ կըծաղկեն նորից,
Եվ անձրևները անգութ, բքային
Այդ բլուրն էլ կըխլեն նրանից։

Եվ հավասարված գետնի հետ իսպառ
Նա կըկորուսվի, նա կանհետանա,
Եվ ոչ ոք կասե.— այստեղ մի բլուր կար,
Ո՞ւր է նա այժմ, ինչո՞ւ նա չըկա...

[1886]