Jump to content

Աշըրի տան անկումը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աշըրի տան անկումը
ԱՇԸՐԻ ՏԱՆ ԱՆԿՈՒՄԸ

Son cœur est un luth suspendu;
Sitôt qu'on le touche il résonne[1].

— De Béranger

Աշնանային գորշ, տաղտուկ ու անհրապույր մի օր էր։ Առավոտից ձին հեծած, գլխավերևումս կիտված ծանր ամպերի ներքո, ես միայնակ ընթանում էի բոլորովին ամայի մի արահետով։ Արդեն մթնում էր, և վերջալույսի ցոլքերը դանդաղ նահանջում էին թանձրացող խավարի առջև, երբ ես վերջապես հայտնվեցի մռայլ մի շինության՝ Աշըրի տան առաջ։ Չգիտեմ ինչու, բայց առաջին իսկ հայացքից այդ տունն անդարմանելի մի թախիծ ներարկեց հոգուս մեջ։ Անդարմանելի, որովհետև մեղմացված չէր ծանոթ ու դուրեկան այն քնարական երանգներով, որոնք սովորաբար գերում են մեզ բնության նույնիսկ ամենից սոսկալի պատկերներում։ Կանգնել ու անթարթ նայում էի առջևիս մենավոր ապարանքին, դժգույն պատերին, տեղահան արված պատուհանների խոռոչներին, ցաք ու ցրիվ թփուտներին ու հինավուրց ծառերի փտող բներին։ Ընկճված հոգուս վիճակը թերևս համեմատվեր միայն թմրամոլի սթափվելու տանջալից պահին, երբ անուրջների երկրից նա վերադառնում է դառը իրականության գիրկը, հանկարծ կորցնելով անճոռնի և աշխարհը քողարկող թափանցիկ շղարշը։ Կուրծքս սառել էր սրտամաշ, մղկտացող մորմոքից, մտքերս գորշ էին ու անխինդ, երևակայությունս անկարող էր նրանց ավելի վսեմ ընթացք տալ։ «Բայց ի՞նչը»,— մտածում էի ես,– «ի՞նչն է ինձ այդքան է ընկճել Աշըրի տան մեջ»։ Այդ առեղծվածը լուծում չուներ։ Ես այլևս անկարող էի կողմնորոշվել ուղեղս ողողած աղոտ պատկերների մշուշում։ Որևէ գոհացուցիչ պատասխան չգտնելով, ստիպված եղա բավարարվել այն ենթադրությամբ, որ չնայած բնության սովորական տարրերի որոշ զուգադրություններ անվիճելիորեն օժտված են ներգործման նման զորությամբ, այդ զորության ըմբռնումը դուրս է մնում մեր հայեցողության սահմաններից։ «Գուցե»,— մտածեցի ես,— պարզապես վերադասավորելով տեսարանի մանրամասները, փոխելով առանձին տարրերի դիրքը, հնարավոր լիներ մեղմացնե՞լ կամ բոլորովի՞ն վերացնել չարագուշակ այդ տպավորությունը։ Միտքս ստուգելու համար ձին քշեցի շինության առջև ընկած մռայլատես լճակի զառիթափ ափի մոտ։ Բայց ցած նայելով, իսկույն երկյուղած ետ քաշվեցի, սև ջրերի անվրդով հայելում տեսնելով քստմնելի թփուտների, կնճռոտ արմատների ու պատուհանների խոռոչների շրջված ու վերաձևված, սակայն նախկինից սոսկալի պատկերը։

Բայց և այնպես ես մտադիր էի մի երկու շաբաթով իջևանել այդ մռայլ տանը։ Կալվածքի տերը՝ Ռոդրիք Աշըրը, մանկության մոտիկ ընկերներիցս մեկն էր, բայց մեր վերջին հանդիպումից արդեն երկար տարիներ էին անցել։ Եվ ահա վերջապես ես նրանից թախանձագին մի նամակ էի ստացել, որից անձնական տեսակցության անհրաժեշտությունն էր բխում։ Ձեռագիրը վկայում էր ընկերոջս խռովահույզ վիճակը։ Նա գրում էր դաժան մարմնական ախտի, հոգեկան խանգարման մասին և հույս ուներ, որ իր լավագույն և հիրավի միակ ընկերոջ ներկայությունը որոշ չափով կթեթևացնի իր տանջանքները։ Նամակի ոճն ու ակներև սրտագին երանգները ստիպեցին ինձ անհապաղ ճամփա ընկնել, հետևելով դեռևս բավական տարօրինակ այդ հրավերին։ Չնայած մանկության մեր սերտ ընկերությանը, ես քիչ բան գիտեի Աշըրի մասին։ Նա իրեն սովորաբար չափազանց զուսպ էր պահում։ Այնուհանդերձ ես գիտեի, որ նա շատ հին մի տոհմից էր սերում։ Այդ տոհմի անդամներն անհիշելի ժամանակներից ճանաչված էին իրենց խառնվածքի հատուկ զգայունությամբ։ Դարերի ընթացքում դա դրսևորվել էր արվեստի բազում նրբաճաշակ գործերում, իսկ ավելի ուշ երևան եկել նրանց շռայլ, բայց ոչ պարտավորիչ մեկենասության և երաժշտության՝ ավելի շուտ նրա բարդությունների, քան մատչելի հաճույքների հանդեպ ունեցած սիրո մեջ։ Ինձ հայտնի էր նաև, որ բավական հին լինելով հանդերձ, Աշըրների ցեղը որևէ քիչ թե շատ կենսունակ ճյուղավորում չէր տվել, և որ հազվադեպ ու կարճատև բացառությունները չհաշված, նրա բոլոր անդամները ուղիղ գծով էին սերում։ Խորհելով շինության և նրա բնակիչների զարմանալի նմանության, և մեկի դարերի ընթացքում մյուսի վրա թողած հնարավոր ազդեցության մասին, ես եզրակացրի, որ կողմնակի ճյուղի պակասը, այսինքն հորից որդուն տոհմանվան ու ապարանքի մշտական անցումը բերել էր թերևս դրանց նույնացմանը։ Ապարանքի նախկին անունը իր տեղը զիջել էր «Աշըրի տուն» տարօրինակ ու երկիմաստ անվանմանը, որը տեղի բնակիչների մոտ արդեն նշանակում էր և տոհմը, և տունը։

Արդեն ասել եմ, որ լճակի մեջ նայելու բավական միամիտ իմ փորձը միայն սաստկացրեց նախնական սարսափելի տպավորությանը։ Այն գիտակցությունը, որ սնահավատությունս (ինչո՞ւ չօգտագործեմ այս բառը) արագ աճում է, անկասկած ավելի զարկ տվեց այդ աճին։ Այսպիսին է, ես վաղուց էի համոզվել դրանում, սարսափը որպես հիմք ունեցող բոլոր զգացմունքների անբացատրելի օրենքը։ Եվ դրանով միայն կարելի էր բացատրել այն պատրանքը, որը ստեղծվեց ինձ մոտ, երբ ես նորից նայեցի տանը։ Պատրանքը պարզապես ծիծաղելի էր և արժանի չէր հիշատակման, եթե չվկայեր վրաս ծանրացած տպավորությունների ուժգնության մասին։ Ես պատկերացրի, որ ամբողջ ապարանքն իր շրջակայքով պարուրված է ուրույն մի մթնոլորտով, որը կապ չունի մնացած օդի հետ, այլ ծագում է քայքայվող ծառերից, գորշ պատերից ու անխռով լճակից՝ հազիվ նշմարելի խորհրդավոր մի մթնոլորտ — ծանր, մածուցիկ ու վարակիչ։

Թոթափելով հոգուցս այն, ինչ անկասկած մղձավանջ պիտի լիներ, ես սկսեցի մոտիկից զննել տունը։ Նրա հիմնական հատկանիշը արտակարգ հնությունն էր՝ դարերի ընթացքում խունացած պատերն ամբողջովին ծածկված էին քարաքոսերով, որոնք խճճված ոստայններով կախված էին նաև տանիքի քիվերից: Չնայած դրան, տունն առանձնապես խարխլված չէր, և շինության ամբողջական տեսքը զարմանալիորեն չէր համապատասխանում առանձին քարերի մաշվածությանը: Այդպիսի տեսք է երբեմն ունենում փայտյա հին մի իր, որն առանց թարմ օդի երկար տարիներ փտել է մոռացված մի նկուղում։ Ինչևէ, հնամաշ իր տեսքին հակառակ, կառույցը փլվածության հատուկ նշաններ չուներ։ Միայն մանրազնին քննության դեպքում թերևս երևան գար հազիվ նշմարելի մի ճեղք, որը, կտուրի տակ սկսվելով, ոլորագծով իջնում էր պատովն ի վար և կորչում լճակի խոժոռ ջրերում:

Նշմարելով այս ամենը, ես սալապատ մի կածանով մոտեցա տանը, ու ձին դռնապանին հանձնելով, ոտք դրի կամարակապ գոթական մի դահլիճ: Այստեղից սպասավորը բազմաթիվ գալարուն ու մութ միջանցքների միջով գողունի քայլերով ուղեկցեց ինձ իր տիրոջ առանձնասենյակը: Չգիտեմ ինչու, բայց արդեն նկարագրածս աղոտ զգացումներն ավելի սաստկացան ճանապարհին իմ նկատած իրերից` առաստաղի խորաքանդակներից, մռայլ պաստառներից, սևաթույր հատակից ու պատերին գամված ֆանտաստիկ ասպազենից, որն արձագանքում էր իմ ամեն քայլին: Ես մանկությունից սովոր էի նման բաներին, և այդ շրջապատն ինձ համար բավական մտերիմ էր, բայց սովորական այդ առարկաները չգիտես ինչու բոլորովին անսովոր զգացմունքներ էին առաջացրել իմ հոգում: Աստիճաններից մեկի վրա ես հանդիպեցի Աշըրի բժշկին: Ինձ թվաց, թե նրա դեմքը միաժամանակ խարդախության ու շփոթմունքի արտահայտություն ուներ: Նա վախվորած բարևեց ինձ ու հապճեպ հեռացավ:՝ Քիչ հետո սպասավորը, դուռը լայն բացելով, ներկայացրեց ինձ իր տիրոջը:

Ես հայտնվեցի բարձր ու ընդարձակ մի սենյակում: Սև կաղնեփայտ հատակից անհասանելի բարձրության վրա փորված էին երկար ու նեղ գոթական լուսամուտներ: Վանդակապատ փեղկերից թափանցող աղոտ կարմրավուն լույսը ուրվագծում էր քիչ թե շատ խոշոր առարկաները, սակայն աչքն իզուր էր փորձում հասնել սենյակի անկյուններն ու կամարակապ առաստաղի քանդակների խորքը։ Պատերը վարագուրված էին մռայլ պաստառներով։ Հինավուրց բազմազարդ կահույքը անհարմար էր ու քնձռոտած։ Սենյակով մեկ ցրված բազմաթիվ գրքերն ու երաժշտական գործիքները աշխուժություն չէին մտցնում տեսածիս մեջ։ Իմ ներշնչած օդը թախծոտ էր ու մռայլ։ Ամեն ինչ տոգորված էր խոժոռ, անամոք վշտի մթնոլորտով։

Մտնելուս պես Աշըրը ելավ բազմոցից, որին մինչ այդ փռված էր, և սրտանց ողջունեց ինձ։ Նման ջերմ ընդունելությունն ինձ մի պահ չափազանցված թվաց, սակայն նրա դեմքը կատարյալ անկեղծություն էր վկայում։ Մենք նստեցինք, և նախքան ընկերս կխոսեր, ես խղճահարության ու վախի խառը զգացմունքով դիտում էի նրան։ Հիրավի, մարդ դեռ երբեք այդպիսի կարճ միջոցում և այդքան սարսափելի չէր փոխվել, որքան Ռոդրիք Աշըրը։ Ես հազիվ ինձ համոզեցի, որ առջևս նստածն ու իմ վաղեմի խաղընկերը իսկապես նույն մարդն են։ Այսուհանդերձ, նա միշտ էլ աչքի ընկնող դիմագծեր էր ունեցել։ Մեռելագույն մաշկը, խոշոր, խոնավ փայլով աչքերը, գեղեցիկ ուրվագծով բարակ և գունատ բերանը, հեբրայական նուրբ քիթը անսովոր մեծ ռունգներով, հոգեկան տկարություն ենթադրող ներս ընկած կզակը, սարդոստայնի պես նուրբ մազերը և քունքերի մոտ լայնացող ճակատը մի դեմք էին կազմում, որը դժվար թե կարելի լիներ մոռանալ։ Բայց այժմ այդ դիմագծերն այնքան էին սրվել, և դրանց հատուկ արտահայտությունն այնքան շեշտված էր, որ ես դեռևս կասկածում էի զրուցակցիս ինքնությունը։ Սփրթնած դեմքը, աչքերի անիրական փայլը ցնցել և նույնիսկ վախեցրել էին ինձ։ Թավշյա անխնամ մազերը խճճված ոստայններով ծածանվում էին դեմքի շուրջը, անմարդկային տեսք տալով նրան։

Ընկերոջս անհեթեթ շարժումներն ինձ ցնցեցին իրենց անկապությամբ։ Շուտով ես համոզվեցի, որ դա ուժգին նյարդային տենդը հաղթահարելու մշտական, բայց անզոր ու չնչին ճիգերի հետևանք էր։ Ես հենց նման մի բան էի սպասում, հիշելով ոչ միայն նրա նամակը, այլև մանկական սովորություններն ու այն ամենը, ինչ գիտեի նրա խառնվածքի և ֆիզիկական կերպարի մասին։ Նա մեկ աշխույժ էր, մեկ ընկճված։ Նրա դյուրափոփոխ ձայնը դողդոջունից (երբ թվում էր, թե կենսուժը լիովին լքել էր իրեն) հանկարծ վճռական էր դառնում, շեշտակի ծանրակշիռ երանգներով ու կոկորդային անշտապ արտասանությամբ, որը ծայրագույն հափշտակության պահերին հատուկ է միայն հարբեցողներին ու անուղղելի թմրամոլներին:

Այդպես էր նա խոսում իմ այցելության, ինձ տեսնելու անկեղծ ցանկության և այն սփոփանքի մասին, որը հույս ուներ ստանալ իմ ներկայությունից։ Հետո նա անցավ իր հիվանդությանը, որը, իր կարծիքով, ժառանգական չարիք էր և որի դեմ հավանաբար միջոց չկար. սոսկ նյարդային խանգարում, հապճեպ ավելացրեց նա, որն, անկասկած, շուտով պիտի անցներ։ Հիվանդությունը դրսևորվում էր բազում տարօրինակ զգայություններում, որոնք շփոթեցրին և չափազանց հետաքրքրեցին ինձ, չնայած դրանում երևի պակաս դեր չխաղաց նաև շարադրանքի ընդհանուր ոճը։ Նա շատ էր տառապում զգայարանների դյուրաբորբոքությունից՝ ուտում էր միայն անհամ կերակուրներ, չէր դիմանում ծաղիկների բույրին, ամենաթույլ լույսն իսկ նրա աչքն էր ծակում, և միայն լարային գործիքների ձայնն էր, որ նրան սարսափ չէր ներշնչում։

Պարզվեց նաև, որ նա անհիմն ու անբացատրելի վախի գերի է:

− Ես կկործանվեմ,− ասում էր նա,— Ես պիտի կործանվեմ թշվառ խենթությանս մեջ։ Այդպես և այլ ոչ մի կերպ պիտի կորչեմ ես։ Ես սոսկում եմ ապագայի եղելություններից, ոչ թե ինքնին, այլ դրանց հետևանքներից։ Ես փշաքաղվում եմ չնչին պատահարի մասին իսկ մտածելուց, որը կարող է խթանել հոգուս խռովությունը։ Ինձ ահաբեկում է ոչ թե վտանգը, այլ նրա հետևանքը՝ սարսափը: Ես կանխազգում եմ՝ այս ողորմելի, խարխլված վիճակում տանուլ կտամ և՛ գիտակցությունս, և՛ կյանքս, պայքարելով մռայլ ուրվականի՝ ՎԱԽԻ դեմ։

Որոշ ժամանակ անց Աշըրի կցկտուր և երկիմաստ ակնարկներից երևան եկավ նրա հիվանդագին վիճակի մի այլ յուրահատկություն։ Նա սնահավատությամբ էր վերաբերվում իր տանը, որտեղ այդքան տարի ապրել էր և որը երբեք չէր լքել։ Նրան կաշկանդում էր խորհրդավոր մի ուժ, որի էությունն անկարելի էր ըմբռնել իր տված աղոտ բացատրությունների միջոցով։ Ապարանքի որոշ յուրահատկություններ ժամանակի ընթացքում տիրացել էին իր հոգուն, և զուտ նյութական պարագաները՝ գորշ պատերն ու աշտարակները և դրանք արտացոլող մռայլ լճակն ազդում էին արդեն նրա հոգեկանի վրա։

Այսուհանդերձ նա, վարանելով, բայց ընդունեց, որ իր վիշտը կարելի էր ավելի բնական և շոշափելի հիմքի վերագրել՝ ծանր ու երկարատև մի հիվանդության, որը մահվան դուռն էր հասցրել իր պաշտելի քրոջը՝ աշխարհում մնացած միակ հարազատ էակին։

— Քրոջս վախճանով,– ասաց նա դառնությամբ, որը երբեք չեմ մոռանա,— ես, տկար ու անհույս, կմնամ Աշըրների հինավուրց տոհմի վերջին շունչը։

Այդ պահին լեյդի Մեդըլայնը (այդպես էր նրա քրոջ անունը) դանդաղ անցավ սենյակի խորքով և հեռացավ, առանց նկատելու իմ ներկայությունը։ Չեմ կարող բացատրել, թե ինչու էի ես վախեցած ու ապշահար նայում նրան։ Ինչ-որ բան ճնշում էր ինձ, երբ ես փայտացած հետևում էի նրա քայլերին։ Երբ դուռը վերջապես փակվեց նրա ետևից, հայացքս ակամա դարձավ եղբորը, բայց նա դեմքը թաղել էր ձեռքերի մեջ, և ես տեսա միայն հյուծված մատների արանքից կաթող դառը արցունքները։

Լեյդի Մեդըլայնի հիվանդությունը վաղուց արդեն տարակուսանքի մեջ էր գցել նրա բժիշկներին։ Անտարբերություն ամեն ինչի հանդեպ, աստիճանական հյուծվածություն, կամքի և զգայությունների կարճատև, բայց հաճախակի կորուստ՝ ահա հիվանդության անսովոր ախտորոշումը։ Առայժմ լեյդի Մեդըլայնը համառորեն դիմադրել էր հիվանդությանը և հրաժարվել էր անկողին մտնել, բայց ժամանելուս օրը (ինչպես երեկոյան ինձ հայտնեց հուզախռով եղբայրը) տեղի էր տվել, այնպես որ, ինձ, հավանաբար, էլ բախտ չէր վիճակվի նրան տեսնել։

Հաջորդ մի քանի օրվա ընթացքում ոչ ես, ոչ Աշըրը չխոսեցինք նրա մասին. ես ամեն կերպ փորձում էի ցրել ընկերոջս թախիծը։ Մենք միասին կարդում էինք ու նկարում, կամ էլ ես, ասես քնիս մեջ, ունկնդրում էի նրա կիթառի վայրի հանպատրաստից նվագները։ Մեր հետզհետե մտերմացումն ինձ աստիճանաբար թույլ էր տալիս թափանցել նրա հոգու խորքը, և ես դառնությամբ համոզվում էի, որ այդ վշտահար, չորս կողմը մռայլ ստվեր նետող հոգին աշխուժացնելու բոլոր փորձերն ապարդյուն են։

Ես միշտ պիտի հիշեմ այն վեհ պահերը, որ ապրեցի Աշըրի տան տիրոջ հետ, սակայն հազիվ թե կարողանամ պատկերացում, տալ, թե ինչով էինք մենք զբաղված այդ օրերին։ Նրա անսանձ իդեալիզմն ամեն ինչին ֆոսֆորային փայլ էր տալիս։ Նրա երկար, մռայլ նվագները անվերջ պիտի զնգան իմ ականջներում։ Իմ հիշողության մեջ դրոշմվել է մանավանդ ֆոն Վեբերի վերջին վալսի մոլեգին մթնոլորտի հիվանդոտ, վերասերված մեկնաբանությունը։ Նրա անխոնջ երևակայությամբ ստեղծվածի մշուշոտ կտավներն ինձ մոտ անբացատրելի սարսուռ էին առաջացնում, և չնայած հիմա ասես աչքիս առաջ են, դրանց գեթ մի դրվագը խոսքերով նկարագրելու իմ բոլոր փորձերը ապարդյուն պիտի լինեն: Զգայացունց այդ նկարներն ուշագրավ էին իրենց կատարյալ պարզությամբ և ուրվագծի հստակությամբ։ Եթե մարդ երբևէ պատկերել էր միտքը, այդ մարդը Ռոդրիք Աշըրն էր։ Համենայն դեպս, այն բացարձակ վերացարկումները, որոնք այդ մելամաղձիկը հաղորդում էր կտավին, ինձ անտանելի սարսափ էին ներշնչում, որպիսին ես երբեք չէի զգացել, օրինակ, Ֆիեզելիի պայծառ, բայց չափազանց մասնավոր ցնորքները դիտելիս։

Ընկերոջս զառանցագին հղացումներից մեկը, որը նվազ ենթակա էր վերացարկման ոգուն, կարելի է, չնայած թերի, բայց նկարագրել բառերով։ Դա մի փոքրիկ նկար էր, որը պատկերում էր չափազանց երկար ուղղանկյուն մի գետնախորշ կամ անցում՝ ցածր, սպիտակ ու հարթ, առանց որևէ ելուստի կամ խորանի պատերով։ Նկարի որոշ մանրամասեր վկայում էին, որ այդ ընդուղին փորված է երկրի մակերևույթից շատ մեծ խորության վրա։ Պատերի մեջ ոչ մի բացվածք չկար, չկար ոչ ջահ, ոչ էլ լույսի ուրիշ արհեստական աղբյուր, բայց և այնպես ամբողջ ընդուղին հեղեղված էր պայծառ, անբնական ու սարսռազդեցիկ լույսի խուրձերով։

Ես արդեն պատմել եմ, թե որքան հիվանդ էր Աշըրի լսողական նյարդը, որն անտանելի էր դարձնում ցանկացած մեղեդի, բացի լարային գործիքների նվագից։ Թերևս զուտ կիթառով սահմանափակվելու իրողությունն էր հենց պայմանավորել նրա մեղեդիների ֆանտաստիկ բնույթը։ Բայց դա դեռևս չէր բացատրում նրա թեթև ու հուզիչ կատարումները։ Նրա մեղեդիներն ու խոսքերը (նա հաճախ էր իր նվագը ուղեկցում հանգավորված տողերով) արդյունք էին այն գերագույն նյարդային կենտրոնացման ու խորասուզման, որը, ինչպես ասել եմ, հատուկ էր նրան արհեստական ինքնագրգռման բարձրագույն պահերին։ Ես հեշտությամբ մտապահել եմ նրա երգերից մեկի բառերը։ Ինձ ցնցել էր այն մեկնաբանությունը, որը ես տվել էի նրա ներքին, միստիկ իմաստին։ Կարծում եմ, որ Աշըրը պարզորոշ կերպով գիտակցում էր, թե ինչպես է նրա վսեմ բանականությունը երերում իր գահին։ Երգը կոչվում էր «Ուրվականների դղյակը» և մոտավորապես, եթե ոչ ստույգ, հետևյալն էր՝

Մի հին հովտում կանաչ, անծայր
Հրեշտակների օրրանում,
Ժամանակին լուսապայծառ
Մի պալատ էր խոյանում։
Տիրակալ միտքն էր ստեղծել
Այդ պալատը հաստատուն,
Դեռ սերովբեն չէր թևածել
Այդպիսի պերճ դրախտում։

Սեգ դրոշներն էին փարվել
Այդ պալատի քիվերին
(Վաղուց, վաղուց է սա եղել,—
Խորքում անհուշ դարերի)։
Երբ պալատի պարիսպներին
Մեղմ զեփյուռն էր թևածում,
Հեռանալիս իր թևերին
Անմահ բույր էր տարածում։

Երևում էր այնտեղ հստակ
Լույս փեղկերի ետևում
Ինչպես վինի նվագի տակ
Հեզ ոգիներն են թևում,
Շուրջպար բռնած շուրջը գահի,
Ուր, արժանի իր փառքին,—
Ծիրանածինը աշխարհի
Նայում էր այդ խնջույքին։

Եվ պալատի շքեղ դռնով,–
Մարգարիտից, սուտակից,—
Թևածելով, թևածելով,
Եվ լույս տալով կրկնակի,
Արձագանքներ էին գալիս,-
Սրանց պաշտոնն էր վերին,
Փառաբանել տիրակալի
Իմաստությունն անթերի։

Բայց պալատը պաշարեցին
Սև ոգիները չարի...
(Ողբանք, քանզի էլ չի օծի

Նրան արևը բարի...)։
Եվ այն փառքը լուսապայծառ,
Որ հասնում էր աստղերին,
Պատմություն է արդեն անցած,
Թաղված խորքում դարերի։

Այժմ էլ, մեկ֊մեկ, թվում է, թե
Այնտեղ լույսեր են վառվում,
Եվ մեղեդու տակ անհեթեթ
Ծամածռվում է, պարում
Ուրուների ոհմակն անձև,
Որ գետի պես դուրս հորդում,
Հռհռում է, խնդում կարծես,
Բայց էլ երբեք չի ժպտում։

Լավ հիշում եմ, որ այս երգի ծնած զուգորդությունների շղթայով գնալով, Աշըրը մի կարծիք հայտնեց, որը ես այստեղ բերում եմ ոչ թե դրա նորության (շատերն են առաջարկել այդ միտքը[2]), այլ այն համառության համար, որով նա պաշտպանում էր իր տեսակետը։ Դրա էությունն այն էր, որ բուսական աշխարհն օժտված է զգայնությամբ։ Բայց նրա անկանոն երևակայությունն ավելի համարձակ բնույթ էր տվել այդ մտքին, և որոշ իմաստով այն ծավալել էր օրգանական աշխարհից դուրս։ Ես դժվարանում եմ նկարագրել նրա եռանդուն համոզվածության ծավալը կամ թափը։ Այն կապված էր (ինչպես ես արդեն ակնարկել եմ) իր պապենական տան գորշ քարերի հետ։ Ըստ Աշըրի, այդ զգայնության պայմանները երևում էին քարերի շարվածքում, նրանց փոխադարձ դիրքում, առատ մամուռներում ու շրջապատի հինավուրց ծառերում, և, որ ամենակարևորն է, այդ ամենի դարավոր անխախտ դասավորության մեջ, որը պատճենված էր լճակի ջրերում։ Այդ զգայնության ապացույց, ասաց նա, կարող է ծառայել այն հատուկ մթնոլորտը (այստեղ ես ցնցվեցի), որն աստիճանաբար կուտակվել է պատերի ու լճակի շուրջը։ Այդ ամենի արդյունքը, ավելացրեց նա, ապարանքի թողած դաժան ու անտանելի ներգործությունն է, որին մշտապես ենթարկվել են իր նախնիները և որը Աշըրին հասցրել է ներկայիս վիճակին։ Այստեղ ես կխուսափեմ մեկնաբանությունից, քանի որ նման մտքերը լուսաբանման կարիք չունեն։

Դժվար չէ կռահել, որ երկար տարիներ հիվանդի հոգևոր գոյությունը լրացրած գրքերը պիտի հիշեցնեին նրա երազները։ Մենք կլանված կարդում էինք Գրեսսեի «Վերվեր»-ը և «Վանատուն»-ը, Մաքիավելիի «Բելֆեգոր»-ը, Սվենդենբորգի «Դրախտն ու դժոխքը», Հոլբերգի «Նիլս Քլիմի ստորգետնյա ճամփորդությունը», Ռոբըրթ Ֆլադի, Ժան Դ’Էնդաժինեի և Դելաշամբրի «Ձեռնահմայություն»-ները, Թիքի «Ուղևորություն դեպի կապույտ հեռաստան»-ը և Կամպանելայի «Արևի քաղաքը»։ Աշըրի նախասիրությունը դոմինիկացի Էյմերիկ Դը Ժիրոնի «Directorium Inquisitorium»[3]-ի փոքր, octavo[4] հրատարակությունն էր, ինչպես նաև Պոմպոնիուս Մելայից աֆրիկյան այծամարդերին ու էգիպաններին նկարագրող հատվածները, որոնցով Աշըրը հափշտակվում էր ժամերով։ Սակայն մեծագույն բավականությունը նա ստանում էր հազվագյուտ, և չափազանց հետաքրքիր գոթական մի in quatro[4] ընթերցելով՝ մոռացված, մի եկեղեցու ծիսարան− «Vigilae Mortuorum secundum Chorum Ecclesiae Mangutinae[5]:

Ես ակամա հիշեցի այնտեղ նկարագրած տարօրինակ ծեսերը, և Աշըրի վըա դրանց թողած հնարավոր ազդեցությունը, երբ մի օր նա հանկարծ ինձ հայտնեց, որ լեյդի Մեդըլայնն այլևս չկա, և որ ինքը մտադիր է մարմինը թաղելուց առաջ կես ամիս պահել տանը, դղյակի բազմաթիվ գետնախորշերից մեկում։ Ես չհամարձակվեցի առարկել, նկատի ունենալով եղբոր տված բացատրությունը։ Ըստ Աշըրի, այդ որոշումը պայմանավորված էր հանգուցյալի հիվանդության արտասովոր բնույթով, բժիշկների աննախադեպ հարցասիրությամբ, ինչպես նաև Աշըրների տոհմական շիրմատան հեռավորությամբ։ Չեմ կարող ժխտել, որ երբ ես հիշեցի իմ առաջին գիշերվա միջադեպն աստիճանների վրա և այն անձնավորության չարագուշակ դեմքը, ես այլևս չուզեցի հակառակվել այդ արդեն բնական և վերջին հաշվով անմեղ կանխազգուշության իրականացմանը։

Աշըրի խնդրանքով ես ինքս օգնեցի նրան այդ ժամանակավոր թաղումը կատարելու։ Մարմինն արդեն դագաղում էր, և մենք երկուսով այն իջեցրինք ներքնահարկ։ Նկուղը, ուր ամփոփեցինք դագաղը, այնքան վաղուց չէր բացվել, որ նրա հեղձուցիչ օդը հազիվ էր սնում ջահերի բոցը, այնպես որ, համարյա ոչինչ չէր երևում։ Նկուղը նեղ էր ու խոնավ, լույսի համար որևէ բացվածք չուներ և գտնվում էր մեծ խորության վրա շենքի հենց այն մասի տակ, որտեղ իմ ննջարանն էր։ Միջնադարում այն, անկասկած, զնդան էր եղել, իսկ հետագայում երևի վառոդի կամ մի այլ դյուրավառ նյութի պահեստ, քանի որ հատակի մի մասը և ամբողջ միջանցքը պատած էին պղնձե հաստ սալերով։ Նույն բանն էր վկայում ծանր երկաթե դուռը, որը սռնիների վրա շարժվելիս արտակարգ սուր և տհաճ ճռնչյուն էր արձակում։

Ամփոփելով մեր տխուր բեռն այդ զարհուրելի հանգրվանում, մենք բարձրացրինք դագաղի դեռ չամրացրած խուփը և նայեցինք հանգուցյալի դեմքին։ Եղբոր և քրոջ զարմանալի նմանությունն առաջին անգամն էր, որ գրավեց իմ ուշադրությունը։ Թերևս գուշակելով իմ միտքը, Աշըրը քթի տակ ինչ-որ բան ասաց, որից ես հասկացա, որ նրանք երկվորյակներ են եղել, և որ նրանց միջև միշտ էլ համարյա անհասկանալի բնույթի մի համակրանք կար։ Ես այլևս անկարող էի առանց սարսուռի դիտել աճյունը և փակեցի դագաղի կափարիչը։ Երիտասարդ կյանքը կործանած հիվանդությունը, ինչպես բոլոր ընկնավորության ախտերը, նրա կրծքին և այտերին թույլ կարմրություն էր թողել և պահպանել այն հատուկ ժպիտը, որն այնքան ահազդու է դիակի դեմքին։ Մենք ամրացրինք կափարիչը և փակելով դուռը, սրտնեղած վերադարձանք ոչ պակաս մռայլ վերնահարկը։ Անցան մի քանի տխուր օր, որոնց ընթացքում ընկերոջս հոգեվիճակը նկատելիորեն փոխվեց։ Նրա նախկին տրամադրությունն անհետացավ։ Նրա սովորական զբաղմունքները մոռացվել կամ անտեսվում էին։ Նա աննպատակ թափառում էր տանը, երերուն ու հապճեպ քայլերով չափելով սենյակները։ Նրա դժգույն դեմքը, եթե դա, իհարկե, հնարավոր էր, ավելի դժոխային երանգ ստացավ, բայց աչքերի փայլը չքացել էր։ Նրա ձայնը վերջնականապես կորցրեց իր հաստատուն երանգները և այժմ դողդոջուն էր ու սարսափահար։ Երբեմն ինձ թվում էր, թե նրա խռովված ուղեղը մաքառում է ճնշող մի գաղտնիք հաղորդելուն պակասող քաջությունը լրացնելու համար։ Երբեմն էլ ես պարզապես գտնում էի, որ դա խելագարի անբացատրելի մի քմահաճույք է, երբ նա, օրինակ, ժամերով հայացքը դատարկությանը հառած, ասես ունկնդրում էր ինչ-որ երևակայական ձայների։ Զարմանալի չէ, որ նրա այդ վիճակը սարսափեցնում, վարակում էր ինձ։ Նրա ֆանտաստիկ սնահավատությունը դանդաղ ու անդառնալի կերպով տարածվում էր նաև ինձ վրա։

Լեյդի Մեդըլայնի թաղման վեցերորդ թե յոթերորդ օրն էր, և ես բավական ուշ պատրաստվում էի անկողին մտնել, երբ այդ զգացմունքներն առավել սաստիկ ծանրացան վրաս։ Քունը փախչում էր ինձնից, մինչ ժամերն անցնում էին ժամերի ետևից։ Ես փորձում էի ընդդիմանալ ինձ տիրացած անհանգիստ տրամադրությանը։ Ես ձգտում էի համոզել ինձ, որ իմ նեղության հիմնական, եթե ոչ միակ, պատճառը սենյակի մռայլ կահավորումը և պատերը ծածկող քրջոտ ու մուգ վարագույրների շրշյունն էր, որոնք ծածանվում էին փոթորիկ գուշակող քամու շնչից։ Սակայն բոլոր ջանքերս իզուր էին։ Անզսպելի երկյուղը հետզհետե ծավալվում էր հոգուս մեջ, և քիչ հետո բոլորովին անհիմն տագնապի դևը արդեն հեծել էր սիրտս։ Ուժերի գերագույն լարումով ինձ հաջողվեց թոթափել վախը։ Ես հենվեցի բարձին և աչքերս մթությանը հառած ականջ դրի, երևի բնազդի դրդմամբ, չգիտես որտեղից եկող թույլ, անորոշ ձայներին, որոնք լսվում էին դրսում մոլեգնող փոթորկի դադարներին։ Անբացատրելի, բայց և անտանելի սարսափով մղված, ես հապճեպ հագնվեցի (զգալով, որ այդ գիշեր ինձ էլ չի վիճակվի քնել) և փորձեցի հաղթահարել ողորմելի վիճակս սենյակով մեկ քայլելով։

Հազիվ մի երկու պտույտ էի այդպես գործել, երբ հարևան սանդուղքի վրա լսվող թեթև քայլերը գրավեցին իմ ուշադրությունը։ Հաջորդ պահին Աշըրը, դուռը կամացուկ թակելով, լապտերը ձեռքին մտավ սենյակս։ Նրա դեմքը, ինչպես միշտ, դիակ էր հիշեցնում, բայց աչքերն այս անգամ խենթ ուրախությամբ էին լեցուն, որն, անկասկած, հիստերիկ վիճակի նշան էր։ Նրա տեսքն ահաբեկիչ էր, բայց այժմյան իմ դանդաղ տանջանքին նախընտրելի էր ցանկացած ընկերակից, և ես նույնիսկ ուրախացա նրան տեսնելով։

— Իսկ դուք չե՞ք տեսել,— հանկարծ ասաց նա, լռությունը խախտելով,— չե՞ք տեսել... Ուրեմն նայե՛ք:— Նա նետվեց դեպի պատուհանը և, լապտերը ծածկելով, կտրուկ բացեց փեղկերը:

Սենյակը խուժած վայրի քամին քիչ էր մնում մեզ պոկեր հատակից: Հիրավի, այդ փոթորկոտ գիշերը եզակի էր իր սարսափելի գեղեցկությամբ։ Մեր գլխավերևում անկասկած հողմապտույտ էր ծնվում. քամին անընդհատ փոխում էր ուղղությունը, տան վրա կախված թանձր ամպերն ամեն կողմից կատաղի արագությամբ սլանում էին, իրար բախվում, բայց այլևս չէին հեռանում։ Ամպերի սաստիկ խտությանը հակառակ, մենք տարբերում էինք այդ սոսկալի շարժումը, չնայած ոչ լուսինը, ոչ էլ աստղերը չէին երևում և կայծակ չկար։ Մրրկահույզ գոլորշիների կուտակումներն ու մեզ շրջապատող առարկաներն անիրական մի փայլ էին արձակում ամբողջ ապարանքը պատած, բայց պարզ տեսանելի մշուշի ճառագայթած արտասովոր լույսի տակ։

— Դուք չե՛ք կարող, դուք չպե՛տք է տեսնեք դա։— Սարսափած գոչեցի ես, և Աշըրին պատուհանից ետ քաշելով, նստեցրի բազմոցին։— Այս զարհուրելի տեսարանը սովորական էլեկտրական երևույթների հետևանք է, կամ էլ նեխած լճակի ժանտահոտ շնչի արդյունքը։ Ավելի լավ է փակե՛նք փեղկը, սառը օդը կարող է վնասել ձեզ։ Ահա ձեր սիրելի վեպերից մեկը։ Հիմա ես կկարդամ, և մենք միասին կլուսացնենք գիշերը։

Ձեռքիս հնատիպ հատորը սըր Լանսըլըթ Քանինգի «Խելահեղ վիշտ»-ն էր։ Այն Աշըրի սիրելի գիրքը կոչելով, ես բավական անհաջող մի կատակ արի, քանի որ դրա անշնորհք ու ճոռոմ ոճը հազիվ թե վայելեր նրա վսեմ պոետիկ ճաշակին։ Ինչևէ, դա ձեռքիս տակ եղած միակ գիրքն էր, և ես հույս ունեի, որ ընկերոջս խռովահույզ վիճակը (հոգեկան խանգարումների պատմության մեջ քիչ չեն նման օրինակները) կարող էր անցնել մոլեգին խելագարության այն պատմությունից, որը ես պիտի կարդայի: Իսկապես, որքանով կարելի էր դատել այն լարված աշխուժությունից, որով նա լսում էր, կամ թվում է, թե լսում էր այդ պատմությունը, ես առիթ ունեի ինձ շնորհավորելու հաջող նախաձեռնության համար։

Ես հասել էի այն տեղին, ուր գրքի հերոս Էթըլրեդը, տեսնելով, որ ճգնավորը բարի կամքով իրեն ներս չի թողնի, որոշում է ուժով մտնել նրա օթևանը։ Եթե հիշում եք, այդ տեսարանը նկարագրվում է հետևյալ կերպ.

Եվ ահա քաջն այր Էթըլրեդը, որի բնածին ուժն աճել էր առավել ի հաշիվ խմած գինու զորության, այլևս ժամանակ չվատնեց ճգնավորի հետ վիճաբանելու, այլ անձրևի կաթիլները զգալով և հողմից խորշելով, բարձրացրեց յուր գուրզը, դռան մեջ մի անցք ջարդեց և երկաթե ձեռնոցով սկսեց քաշել, պոկել, քանդել ու կոտրտել տախտակները, այնպես որ, փշրվող փայտի ճարճատյունն ու որոտը լցրին ամբողջ անտառը:

Այստեղ ես ցնցվեցի ու կանգ առա, որովհետև ինձ թվաց (չնայած ես իսկույն դա վերագրեցի խռովված երևակայությանս), ինձ թվաց, ուրեմն, թե տան հեռավոր մի մասից լսվեց հենց սըր Լանսըլըթի նկարագրած յուրօրինակ աղմուկի խուլ, անորոշ արձագանքը։ Անկասկած, հենց այդ նմանությունն էր, որ գրավեց ուշադրությունս, այլապես ձայնն այդ չափազանց թույլ էր դեռևս սաստկացող փոթորկի և փեղկերի աղմուկի մեջ լսվելու համար։ Ես շարունակեցի կարդալ.

Այնժամ հաղթանակած դյուցազնը ներս մտավ, և սաստիկ ապշեց ու կատաղեց, քանզի չարանենգ ճգնավորի հետքն անգամ չկար, որի փոխարեն Էթըլրեդը տեսավ հուր արձակող վիթխարի մի վիշապի, որը պահպանում էր արծաթյա հատակով ոսկե պալատը: Իսկ պալատի պատին պղնձե մի վահան կար, հետևյալ գրերով՝
Ով անցել է դռան սեմից, պալատին այս կտիրանա,
Իսկ ով հաղթի սույն վիշապին, փառքի վահանը կստանա։
Էթըլրեդը բարձրացրեց գուրզն ու գամեց հրեշի ճակատին, և վիշապը փչեց յուր գարշահոտ շունչը այնպիսի սուր ու սոսկալի ճիչով, որ խրոխտ դյուցազնը փակեց ականջները, քանզի մարդ դեռ երբեք չէր լսել այդքան նողկալի մի ձայն:

Այստեղ ես շանթահարված ընդհատեցի, որովհետև կասկած չկար, որ նույն այդ վայրկյանին իսկապես լսեցի (սակայն չգիտեմ որ կողմից) թույլ և հեռավոր, բայց երկար ու սուր արտասովոր մի ճռինչ թե ճիչ, հենց այն գերբնական ձայնը, որը պատկերացրել էի վիշապի մահվան տեսարանը կարդալիս:

Այս երկրորդ ապշեցուցիչ զուգադիպությունից ճնշված, էությունս բազում հակամարտ զգացմունքների զոհ դարձավ, որոնց իշխում էին զարմանքն ու ծայրագույն սարսափը։ Այսուհանդերձ, ես ինձ չկորցրի այնքան, որ անզգույշ դիտողությամբ չխթանեցի ընկերոջս դյուրագրգիռ զգայնությունը: Ես համոզված չէի, որ նա նկատել էր այդ ձայնը, չնայած վերջին րոպեների ընթացքում նրա վարքն, անկասկած, փոխվել էր։ Մինչ այդ մենք նստած էինք դեմդիմաց, բայց նա հետզհետե փոխել էր իր դիրքը և այժմ նստած էր դեմքով դեպի դուռը։ Ես նրան լրիվ չէի տեսնում, բայց նկատեցի, որ շուրթերը դողում էին, ասես ինչ-որ բան արտասանելով։ Գլուխն ընկած էր կրծքին, բայց նա քնած չէր, որովհետև կողքից երևում էր նրա լայն բացված, կարծես քարացած աչքը: Բացի այդ, նա անշարժ չէր, այլ դանդաղ ու միալար ճոճվում էր տեղում։ Մի հպանցիկ հայացքով ամփոփելով այս ամենը, ես վերադարձա սըր Լանսըլըթի պատմությանը.

Խուսափելով այսպիսով վայրենի վիշապից և կոտրելով այն դյութանքը, որով հմայված էր պալատը, քաջ դյուցազնը մի կողմ նետեց հրեշի սարսափելի լեշը և դարձավ դեպի պղնձե վահանը, որը նույն իսկ վայրկյանին պոկվեց պատից և արծաթե սալերով գլորվեց նրա ոտքերի տակ, ահարկու ու խլացուցիչ զրնգոց արձակելով։

Հազիվ էի արտասանել վերջին բառը, երբ, ասես մի տեղ իսկապես արծաթին զարկվեց պղնձե վահանը, ես հստակ լսեցի խլացված, բայց զիլ ու զրնգուն մետաղական մի ձայն։ Տիրապետումս կորցրած, ես վեր ցատկեցի, բայց Աշըրն առաջվա պես հանդարտ, միալար օորորվում էր տեղում։ Նրա անթարթ, ապակե աչքերը հառած էին առջևի դատարկությանը։ Ես ձեռքս դրի Աշըրի ուսին— նա մարմնով մեկ ուժգին ցնցվեց, ողորմելի մի ժպիտ ծամածռեց շուրթերը, և նա սկսեց կամացուկ, դողդոջուն ձայնով հապճեպ ու անհասկանալի բաներ մրթմրթալ, ասես չնկատելով իմ ներկայությունը։ Կռանալով նրա մոտ, ես վերջապես ընկալեցի այդ բառերի սոսկալի իմաստը։

− Չե՞մ լսում, ոչ, լսո՛ւմ եմ, և վաղու՜ց էի լսում... Երկա՜ր, երկա՛ր-երկար րոպենե՜ր, ժամե՜ր, ես օրերով լսում էի այդ... բայց չէ՛ի համարձակվում, օ՜, խղճուկ թշվառակա՜նս, չէի համարձակվում ասել։ Մենք նրան կենդանի ենք թաղել... Չէ՞ի ասել արդյոք, որ զգայություններս սրված են, հիմա ասում եմ, որ լսել եմ նրա առաջին թույլ շարժումները դագաղում, ես լսել եմ, շատ օրեր առա՜ջ և չեմ համարձակվել ասել... Բայց այսօ՛ր, այս գիշե՜ր... Էթըլրեդ... Հա՛, հա՛... Ճգնավորի փշրվող դո՜ւռ, մահամերձ հրեշի ճի՜չ, սալերով գլորվող վահա՜ն... Լավ է ասենք կոտրվող դագա՛ղը, սռնիների ճռի՛նչը, հուսահատ պայքարը պղնձե միջանցքում... Ես ո՞ւր փախչեմ, չէ՞ որ նա շուտով այստեղ կլինի, չէ՞ որ նա շտապում է կշտամբելու ինձ անփութությանս համար... Չէ՞ որ ես լսում եմ նրա քայլե՛րը, զգում եմ նրա սրտի ծա՜նր, սոսկալի՛ բաբախոցը... ԽԵ՞ՆԹ,— նա մոլեգնած վեր ցատկեց և գոռաց, ասես վերջին շունչը տալով,— ԽԵ՛ՆԹ, ՀԱՎԱՏԱՑԵՔ ԻՆՁ, ՆԱ ԴՌԱՆ ԵՏԵՎՈ՛ՒՄ Է...

Գերբնական ուժով արտասանված այդ բառերն ասես, մոգական զորություն ունենային՝ ծանր, հինավուրց դռները, որոնց նա մատնանշել էր, դանդաղ բացեցին իրենց սև երախը։ Դա կարող էր քամու գործը լինել, բայց այնտեղ կանգնած էր լեյդի Մեդըլայն Աշըրը։ Նրա սպիտակ պատանքն արնոտված էր, հյուծված մարմինը հուսահատ պայքարի հետքեր էր կրում։ Նա մի պահ, դողալով ու երերալով, կանգնած էր շեմքին, հետո երկա՜ր, ծանր հառաչանքով ընկավ եղբոր գիրկը և վերջին ջղաձիգ հոգեվարքի մեջ գետնին տապալեց նրա արդեն անշունչ մարմինը՝ իր իսկ գուշակած սարսափի զոհը։

Ես խելապատառ փախա այդ սենյակից, այդ տնից։ Մրրիկն առաջվա պես մոլեգնում էր, երբ ես վազում էի սալապատ հին կածանով։ Հանկարծ արտասովոր մի լույս փայլեց ոտքիս տակ և ես շրջվեցի, որպեսզի տեսնեմ աղբյուրը, քանի որ ետևում մռայլ ու ստվերոտ շինությունն էր միայն։ Դա մայր մտնող լիալուսնի բոսորագույն լույսն էր, որ փայլում էր ժամանակին աննշմարելի, իսկ այժմ ծածկից մինչև հիմքը տունը կիսող և աչքիս առաջ լայնացող ճեղքից։ Մինչ ես նայում էի, փոթորկի վայրի մի պոռթկում ճայթեց վերևում, լուսնի բոլորակն ամբողջովին բացվեց աչքերիս և... ուղեղս մթագնեց փլուզվող պատերի տեսարանից... Լսվեց մի ահեղ ձայն, ասես հազար ջրվեժ միանգամից սուրային ցած, և մռայլ ու մութ լճակի ջրերն անձայն ձուլվեցին Աշըրի տան փլատակների վրա։


  1. Նրա սիրտն ասես կախ տված վին լինի,
    Հերիք է հպվես՝ կարձագանքի։ — Բերանժե (ֆր.)։

  2. Ուոթսըն դ-ը Փըրսիվալ, Սպալանցինի և մանավանդ Լանդաֆի եպիսկոպոսը։ Տե՛ս, Chemical Essays, vol V. (հեղ.):
  3. Ձեռնարկ հավատաքննության (լատ.):
  4. 4,0 4,1 Ութնյակ, քառորդ (լատ.): Հրատարակչական չափեր։
  5. Հսկումն ննջեցելոց ըստ մանգուտինյան եկեղեցու օրհներգության կանոնի (լատ.)։