Աշնան առավոտ (Մատթեոս Զարիֆյան)
Արտաքին տեսք
Աշնան առավոտ
Տակավ մռայլ ույժ մը կուտա հովն իր թափին.
Երկինքըն արդեն մոռցավ ժպտիլ, քանի օր է.
Ատելության շունչ մը հիմա զայն կը վարե,
Հեք տերևներն արտասուքի պես կը թափին...
Հաստ բունի մը գլուխըս հեց, ականջ կուտամ,
Նոր ծայր տվող եղերական այս նվագին՝
Ուր հոգիներ կարծես, հույլ-հույլ լուռ կը կքին
Ցավի մը տակ հանկարծահաս ու դեռ տարտամ...
Վաղը, սակայն, երր փոթորիկն անցնի ծովեն,
Ու գա թոթվել երազն հպարտ մայրիներուն՝
Այս հառաչը պիտի ըլլա բողո՛ք մ’անհուն,
Խուլ ընդվզումը իրերուն անապավեն...
Եվ այն ատե՛ն մանավանդ պետք է որ ես գամ
Այս բունին տակ, իբրև եղբայր մ’այս ծառերուն,
Ու պահանջեմ, ու պաղատի՛մ քիչ մ’ալ գարուն՝
Տակավ շիջող սըրտիս համար արյունաքամ...