Jump to content

Աշնան տըժգույն գիշեր մըն էր ձմրահուպ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աշնան տըժգույն գիշեր մըն էր ձմրահուպ

* * *


Աշնան տըժգույն գիշեր մըն էր ձմրահուպ,
Կը ցոլային երկինքն աստղեր բյուր՝ ասուպ,
Չոր թերթերուն խորերն լուսինն իր բեկբեկ
Շաղն կը ցողեր՝ ամրան վարսիցն աղեբեկ.
Շամբին մեջ թարմ կը թավալեր վըտակը,
Փաղփուն աստղեր կը շողային հատակը,
’Ի անոր ալյացն հեշտիկ մրմունջը միայն
Սիրո քնարին վերջին լարին էր ողբ՝ ձայն...
Սյուքը կ՝սուլեր տերևներուն մեջ թեթև,
Դեմքիս վըրա կը սահեցներ շղարշե թև.
Նա իր շնչովն զիս գոհ ընել կը կարծեր,
Բայց կարծարծեր սրտիս սիրույն վառ կայծեր:
Ոգի մ’անցավ սըրտես, չթողուց հոն ըստվերն՝
Հիշատակ մը... միայն գիտեն այս աստղերն...
Համբուրից տխուր հիշատակ մ’էր սյուքին շունչն,
Իր դողդոջ ձայն տերևներուն այս շըշունջն.
Անույշ ժըպիտն ու վեհ նայվածքն այս ալին,
Մետաքս վարսերն սև հողին տակ կը հալին...
Տըժգույն ճակտին տըխուր պատկերն այս լուսին..․
Ո՜հ; կյանք պետք է տալ՝ սիրտ տրվի թե կուսին.․․
Կը սիրե նա, նայվածքիդ մեջ կը թոշնի.․․
Ոխի մեջ՝ քար, սիրո մեջ՝ վարդ, սիրտ մ՚ունի...
Անույշ աչեր, ժըպիտ, արցունք տեսա լոկ,
Կուրծքս վարսեր լանջ մ՚ըզգաց սիրատրոփ.
Սիրո մրմունջ՝ հառաչ լսեցի բեկբեկ խոսք,
Դողդոջ ու գիրգ պաղ ձեռք մ՚ըզգաց ձեռքըս սոսկ
Թևերուս մեջ լույս մը՝ հով մը մարեցավ...
էակ չէր նա, այլ սեր, հուր, շունչ, ժըպիտ, ցավ,
Ըստվեր մ՚էր նա, որ սահեցավ զերթ թախիծ,
Բայց կանգ առավ՝ փոս մը, քար մը ցրցուց ինձ՝
Հիշատակ մը՝ գերեզման մը՝ սուրբ սափոր...
Ուր կը հածի հեկեկով սիրտս ցողաթոր...
Երանի թե ըլլամ ես շիթ մ՚արտասուք
Ի անհետանամ դամբանիդ քով սիրասուգ,
Եվ կամ թե խոտ մ՚ըլլամ ու հոն ես ցամքիմ...
Ո՜հ, կյանք պետք է տալ սիրտ տրվի թե կուսին.
Դարեր անցնին շուքըդ պիտի չը մեռնի,
Արցունքներով կյանքըս պիտի ուշ թոռմի,
Շիրմիդ վարդերն դեռ չը թոշնած գըրկեմ քեզ,
«Կյանք կուտաս սիրտ թե տաս» ըսին ետևես...

1809, Օգոստոս 10