Աշնան ցանքի կամպանիան, պարարտացումն ու ցանովի խոտերը
ԱՇՆԱՆ ՑԱՆՔԻ ԿԱՄՊԱՆԻԱՆ, ՊԱՐԱՐՏԱՑՈԻՄՆ ՈԻ ՑԱՆՈՎԻ ԽՈՏԵՐԸ
Աշնանացանի նախապատրաստական աշխատանքները շատ վայրերում արդեն վերջանալու վրա են։ Մեր թերթը, ի նկատի ունենալով կամպանիայի կարևոր նշանակությունը, մի քանի անգամ է գրել այդ մասին[1]։
Ո՞րն է աշնան ցանքի առավելությունը։ Բացի այն, որ աշնան ցանած ցորենն ու գարին ավելի լավ են թփակալում, ուրեմն և ավելի շատ բերք տալիս, աշնան ցանածը մեր պայմաններում մի ուրիշ առավելություն էլ ունի։
Հողի մեջ եղած խոնավությունից աշնանացանը ավելի շատ է օգտվում: Մանավանդ չորային տարիներում, երբ գարնան ցանածը չի կարողանում լավ աճել, աշնանացանը, նրա հետ համեմատած, ավելի է բերք տալիս, քանի որ աշնան և գարնան խոնավությունից նա բավական օգտվել է։
Բոլորին էլ հայտնի է, թե ինչպես են աշխատանքները եռում գյուղերում գարնան սկզբին։ Ձյունը վեր կենալուց հետո, քանի դեռ հողը թաց է, սկսում են վարել, ցանել գարի ու ցորեն, կարտոֆիլ, խոտաբույսեր և, վերջապես, հերթը հասնում է բանջարանոցին։ Աշխատանքն իրար է խառնվում, ժամանակ չի լինում, որ ամեն ինչ կանոնավոր և խնամքով կատարվի։
Այդ եռուն աշխատանքի թերի կողմերից մեկն էլ այն է, որ գյուղերում եղած մեքենաները լրիվ չեն օգտագործվում։ Միայն տնտեսությունների մի մասն է կարողանում սերմը զտել, ախտահանել, վարձակայանների գութանն ու փոցխը ձեռքեձեռք են խլում, շարքացանը լրիվ չի աշխատում, որովհետև գարնան սեզոնը կարճ է։ Բոլոր վարձակայանների տված տեղեկություններից երևում է, որ մեքենաները սկսում են բանել ավելի շատ գարնանը, որից հետո պահեստ են ուղարկվում։
Աշնանացանի առավելություններից մեկն էլ այն է, որ նա աշխատանքը հավասար է դասավորում։ Եթե տվյալ գյուղում հնարավորություն կա ցորենն աշնանը ցանելու, ուրեմն՝ գյուղացին թեթևացնում է գարնան աշխատանքը և կարող է բանեցնել վարձակետի գութանն ու շարքացանը։ Աշնան ժամանակ միշտ էլ հնարավոր է աշխատել առանց շտապելու, վարել խնամքով, սերմը զտել և ցանել շարքացանով։ Այսպիսով՝ թե՛ մեքենաները շատ աշխատած կլինեն, ուրեմն և բերքն ավելի շատ կլինի, և թե՛ գարնան աշխատանքը քիչ կլինի։
Պարարտացումը աշնանացանի համար
Հարվածային կարգով՝ մեր գյուղերում սկսել են աղբը դաշտ տանել։ Գյուղի փողոցներն ու բակերը կարգի բերելուց և մաքրելուց բացի, մենք աղբը դաշտ կրելով, տասնյակ հազար փթերով ենք մեր բերքը բարձրացնում։ Համարյա ամեն համարում «Մաճկալը» թղթակցություն է տպում այդ աշխատանքի մասին[2]։
Բայց արածը դեռ քիչ է։ Պետք է բոլոր միջոցները գործադրել աղբը դաշտ տանելու և աշնանացանին դաշտերը պարարտացնելու համար։ Մի քանի գյուղերում արդեն այնքան պարզ են հասկացել գոմաղբի օգուտը, որ, նույնիսկ, սայլերով գնում են և հարևան գյուղերից աղբ առնում, բերում իրենց դաշտերի համար։
Պետք է իստակ և իսպառ մաքրել գյուղի փողոցները աղբից, մոխրակույտերից և կեղտոտություններից։ Հարյուր հագար ռուբլիներ արժեցող հողի հարստությունը հանցանք է թողնել, որ փչանա արևի ու անձրևի տակ։
Այս կամպանիայի ընթացքում գյուղխորհուրդն ու գյուղի ՓՕԿ-ը պիտի հատուկ ուշադրություն դարձնեն չքավոր տնտեսություններին ցույց տալու աջակցություն։ Համապատասխան միջոցներով պիտի նրանց դաշտերն էլ պարարտացնել։ Այս մասին շատ որոշ ասված է պարարտացման կամպանիայի հրահանգների[3] մեջ։
Ահա գոմաղբով պարարտացնելուց բացի, աշնանացանի կամպանիային զուգընթաց տարվում է և արհեստական, հանքային նյութերով պարարտացումը։ Մենք արդեն մի տարվա փորձ ունենք։
Մոտ հարյուր ցուցադրական դաշտեր են կազմակերպված հանքային պարարտանյութերի համար։ Եվ համարյա բոլոր վայրերից էլ ստացված տեղեկությունները հաստատում են, որ հանքային պարարտացումը հաջող է անցել, պահանջը քանի գնում, այնքան ավելանում է։
Արդեն միջոցներ են ձեռք առնված աշնանացանի համար ձեռք բերելու հանքային պարարտանյութեր և ավելին, քան անցյալ տարի էր ստացված։ Հանքային պարարտացումն առաջին հերթին պիտի հատկացնել չքավոր տնտեսություններին և կոլեկտիվներին։
Աշնանացանը և խոտաբույսերը
Ավելորդ է գրել այն մասին, թե մեր անասնապահությունն ինչքան է տուժում կերի պակասից։ Մեր հիշողության մեջ դեռ թարմ է այն ավերածությունը, որ այս ձմեռ եղավ։ Ցանքի տարածությունը լայնացնելուց հատուկ ուշադրություն պիտի դարձնել ցանովի խոտերի մշակման վրա:
Մեզանում շատ քիչ ուշադրություն են դարձնում աշնան յոնջայի վրա։ Միամյա խոտաբույսերից՝ մեր լեռնային գավառներում շատ է տարածված վիկան: Սակայն, համարյա բոլոր վայրերում էլ տարածված տեսակը գարնան վիկն է։
Դրա համար էլ նա դանդաղ է տարածվում։ Գարնան եռուն աշխատանքների ժամանակ, երբ հարկավոր է վարել ցորենի և գարու համար, գյուղացին հնարավորություն չունի վիկայի համար դաշտը վարելու։ Թեկուզ մինչև հիմա, տարեցտարի, վիկայի տարածությունը ավելանում է, բայց ժամանակն է որ մենք ձեռք բերենք աշնան վիկայի սերմ և մեր գյուղացուն սովորեցնենք վիկան աշնանը սերմելու։ Ի՞նչ օգուտ է տալիս աշնան սերմած վիկը։
Ամենից առաջ աշնանը շատ ավելի հեշտ է վարել վիկայի տեղը, քան գարնանը։ Աշնան վիկը ցրտից չի վախենում, նա դիմանում է ձյունի հաստ շերտերի տակ և ձյունի հալոցքի ետ միասին, երբ ծլում են մյուս խոտերը, սկսում է աճել, փարթամանալ։
Մեր գյուղերում կերի պակասն ամենից շատ է զգացվում ապրիլին և մայիսի սկզբին. վերջանում է ձմռան պաշարը, կանաչը դեռ բոյ չի քաշել, որ տավարը կուշտ փորով ուտի, իսկ աշնան ցանած վիկան այդ ժամանակ ո՛չ միայն բոյով է լինում, այլև սկսում է ծաղկել։
Կերի կարիք զգալու դեպքում կարելի է վիկայի արտի մի մասն սկսել հնձել և տավարին կերցնել։ Եվ մինչև ամբողջ վիկան կերցնելը, սարերն արդեն խոտակալած կլինեն, ուրեմն և՝ կարելի է սար բարձրանալ։
Աշնան վիկան շատ ձեռնտու է մեր լեռնային շրջաններիհամար, որտեղ սար են բարձրանում մայիսի վերջերին, իսկ մինչ այդ անասուններն այնքան են նիհարում, որ արոտներում մի ամիս արածելուց հետո հազիվ են կարողանում միս կապել։
Առաջին փորձը այս տարի կատարել է Երևանի հողբաժինը։ Նրանց տնտեսությունում կարողացել են սերմացուի Համար աշնան վիկա ցանել։
Պետք է հետևել Երևանի օրինակին և առաջին տարին ձեռք բերել թեկուզ մի քանի փութ աշնան վիկա, ցանել սերմացուի համար և բազմացնել, աշխատելով սերմը տեղերում պատրաստել: Այդպիսով մենք կունենանք և՛ աժան, և՛ հարկավոր չափով մեր պայմաններին վարժված սերմացու:
Սերմի պատրաստման այս եղանակը պետք է տարածել մյուս տեսակ խոտաբույսերի վրա։ Կորնգանն ու յոնջան շատ լավ սերմակալում են, և տեղում պատրաստած սերմացուն շատ լավ բերք է տալիս։
Վարկային ընկերությունները պիտի աչքաթող չանեն այս և հույսները միայն դրսի վրա դնեն այն ժամանակ, երբ գյուղերում կարելի է պատրաստել խոտաբույսերի սերմացուի մի մասը։ Հենց այժմվանից պիտի ցուցակագրել այն տնտեսություններին, որոնք կարող են սերմացու տալ վարկի դիմաց։ Ամեն տարի այդ տնտեսությունների հետ պայման պիտի կապել և նրանց սերմացուն գնել։ Ավելի լավ ՝ յոնջատիրոջը փող տալ և նրա սերմացուն գնել, քան թանկ գնով ուրիշ տեղից սերմացու ճարել, որ շատ անգամ չի հաջողվում, և եթե ստացվում էլ է, կա՛մ սերմացուն է մնացած լինում, կա՛մ տեղ է հասնում այն ժամանակ, երբ վարուցանքը վերջացած է լինում[4]։
Պիտի այժմվանից գործի անցնել։ Չպիտի մոռանալ, որ խոտաբույսերի տարածության լայնացումը մեր անասնապահության համար միակ ելքն է։ Աշնանացանի կամպանիայի ընթացքում, այս տարի, պիտի առաջին փորձն անել՝ հետագա տարիների համար այդ աշխատանքն էլ ավելի լայնացնելու։