Jump to content

Աշոտը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՇՈՏԸ

Աշոտը մեր վաշտի զինվորներից էր։

Բարձրահասակ, գունատ մի պատանի էր նա, Շիրակի դաշտից։ Նոր էր եկել զինվորական ծառայության և անվարժ էր դեռ զորանոցի անհետաքրքիր, միապաղաղ ու դաժան կյանքին։ Երբեմն, ծանր աշխատանքից հոգնած, Աշոտը նստում էր քարի վրա, և ունկնդիր խաղաղ գիշերվա հեքիաթին, երգում էր հայրենի մելամաղձոտ երգերից։ Անուշ են Շիրակի երգերը, երկար ու ծործորուն,-Շիրակի արգավանդ դաշտերի նման, և խորհրդավոր, ինչպես գիշերն այդ երկրի… Լավ էր երգում Աշոտը. Նրա հոգու մեջ թախիծ կար, վշտի շեշտ կար երգերի մեջ։ Իսկ ո՞վ չէր թախծոտ այն ժամանակ, երբ հայրենի երկրի վրա չարագուշակ ամպեր էին կուտակված։

Օրեցօր հալվում էր Աշոտը, դեմքը գունատվել էր, համարյա դեղնել. այտերը փոս էին ընկել, քունքերի երակները կապտին էին տալիս թույլ-թույլ բաբախում։ Աչքերը երազկոտ, մարվող ճրագի պես մեկ բոցավառում էին, մեկ նսեմանում։ Բոլորն էլ ափսոսում էին նրան, ցավն էին ուզում իմանալ, բայց ոչ ոք չէր կարողանում, շատ քչերն էին իմանում, թե ինչո՞ւ երբեմն աչքերը կարոտով հառում էր դեպի հայրենի դաշտերը։

- Էն սարերից դենը մեր դաշտերն են, ծաղկունքով, կանաչով հարուստ մեր դաշտերը։ Էնքան նախշուն է մեր երկիրը։

Աշոտը հայրենի գյուղն էր ուզում գնալ։ Մի քանի անգամ խնդրեց վաշտապետին, բայց նա մերժեց։ Հայրենի երկրի կարոտը մաշում էր նրան, և օրեցօր նիհարում էր։

- Մեկ տեսնեմ մեր դուրանը, էլ մեռնեմ, հեչ դարդս չի… Հայրենի երկրում Լուսնթագը կար, Աշոտի սիրած աղջիկը։ Շատ էր սիրում Աշոտը իր Լուսնթագին, ու ամեն անգամ, երբ իր հայրենիքի մելամաղձոտ երգերն էր երգում, իր երգերով սիրածի հետ էր խոսում, սիրածի գովքն էր անում և կարոտում, կարոտում։

— Ղուշ էղնեի թռչեի, կարոտս առնեի, էլ հետ գայի,— այսպես էր երգում Աշոտը։ Երբեմն էլ ակնապիշ նայում էր բարձր սարերին, որոնց ետևը հայրենի դուրանն էր, ուր ապրում էր Շիրակի աղջիկը՝ Լուսնթագը, խաժ աչքերով, հյուսերը` երկար, չինարու պես բոյով ու բարակ, և սիրող, գուրգուրող։

Աշոտը ինձ շատ էր սիրում, շատ բան էր պատմում, և ոչինչ չէր ծածկում… «Լուսնթագը հեռանալիս, ճամփի եզրին կանգնեց և թաշկինակը ճոճելով օդում մնաս բարև էր ասում ինձ…»,—այսպես էր վերջացնում Աշոտը իր պատմությունը նրա մասին։ Հիշում էր, թե ինչպես միասին արտը քաղհանի էին գնում, ինչպես աղբյուրի մոտ նստած իրար ջրով էին տալիս և խնդրում, ծիծաղում։ Հիշում էր, էն որ գարնանը, ծառի տակ առաջին անգամ համբուրեց Լուսնթագի նռան պես կարմիր շուրթերը։

Եվ ժամերով փորփորում էր Աշոտը իր հիշողությունները, հաճույք զգում, երբ անցյալն էր հիշում։ Աշոտը միայն մտածում էր, թե ինչպես անի, որ սիրածին մեկ էլ տեսնի։ Սպասում էր, որ մի քանի շաբթից հետո, վաշտապետից իրավունք խնդրի՝ տուն դառնալու։


Ու մի գիշեր մեր վաշտը հրաման ստացավ դուրս ելնել կռվի դաշտ։ Կես գիշերին, կազմ ու պատրաստ վաշտը ճամփա ընկավ քաղաքի լո՜ւռ, կիսամութ փողոցներով։

Լուսաբացին՝ առաջին համազարկի ձայներն եկան։ Ու կռիվը սկսվեց։

Մեզ հրամայված էր գրավել դիմացի լեռները, որոնք իշխում էին ամբողջ դաշտի վրա։

Թշնամին գիտեր մեր նպատակը, համառում էր և չէր ուզում թողնել այդ լեռները։

Գայլերի պես թնդանոթներն էին ոռնում և քերում հսկա լեռների կուրծքը: Գնդացիրների միալար կտկտոցը կարծես լրացնում էր այդ դժոխքի պատկերը, որին կռիվ են ասում։ Կեսօրից անց, մեր ձախ թևը անցավ թշնամու թիկունքը, և թշնամին գերի չընկնելու համար սկսեց նահանջել։ Արևը մայր մտնելիս մենք լեռների գագաթին էինք և հաղթողի հայացքով դիտում էինք, թե ինչպես հեռվում ցան ու ցրիվ նահանջամ էր հակառակորդը։


Սկսեցինք դիակները ժողովել, թաղելու համար։ Մի քանիսն էլ գերեզման էին փորում։ Ու հանկարծ…

Առվի եզրին, որտեղ մեր շղթան քիչ հետ նահանջեց, Աշոտի դեռ տաք դիակն էր ընկած, արյունաթաթախ, հայացքը դեպի հայրենի դուրանը, ուր Շիրակի աղջիկը, Լուսնթագն է սպասում Աշոտին…

Աշոտին թաղեցինք մյուսների հետ ու փայտե մի պարզ խաչ ցցինք հողաթմբի մեջ, գլխիկոր ու տրտում հեռացանք դեպի նոր դիրքերը։

Բոլորն էլ ափսոսում էին Աշոտին։

— Ափսոս Աշոտ, բեմուրազ մեռավ,—ասաց մեկը։